– Ո՞ւր կորավ Խաչիկը,- բղավում Էր մեկը:
– Գնում եմ կղզի,- բղավում էր ուրիշը,- ասում եմ գնում եմ կղզի:
– Ո՞ւր կորավ Խաչիկը…
– Հարկավոր է գնալ: Շուտով անձրեւ կգա: Անձրեւ…
– Գնում եմ կղզի՝ վանքը դիտելու:
– Ո՞ւր կորավ Խաչիկը:
– Այդ տղան էլ փորձանք դառավ:
– Ո՞ւր կորավ Խաչիկը,- ձայնը հուզված ու բարկացած էր:
Երբ աչքերս բացեցի, լողափում մարդ չկար: Քամին դեղին ավազիովրա այստեղ-այնտեղ ընկած պահածոյի տուփերը, դատարկ շշերը, թղթի կտորները, թերթերը իրար էր խառնում եւ անմարդ լողափում տհաճ երաժշտություն էր տարածվել: Ես մտածեցի, որ հարկավոր է գնալ, շուտով անձրեւ կգա եւ որ անմարդ լողափում պառկելը տհաճ է, շատ տհաճ: Ես մտածեցի այդամենը, բայց շարունակում էի պառկած մնալ: Տաք ավազը գրկել էր մարմինս, եւ ես ծուլանում էի բարձրանալ, մտնել ջուրը, որը երեւի արդեն պաղած կլիներ: Եվ բացի դրանից, շատ փափուկ էր այդ դեղին ավազը: Ես պառկած լսում էի անմարդ լողափում տարածված տհաճ երաժշտությունը: Հետո դանդաղ բարձրացա, շպրտեցի սիգարեթի մնացորդը եւ բարձր, շատ բարձր բղավելով ջուրը նետվեցի: Հետո լողացի մինչեւ կարմիր նշաձողը ու ետ: Հետո մի քիչ հանգստացա ու նորից՝ մինչեւ կարմիր նշաձողը ու ետ: Հետո դուրս եկա ջրից, արագ վրաս գցեցի շորերս ու բարձրացա կղջու վանքը դիտելու: Ցուրտ էր:
– Դուք չե՞ք մրսում,- հարցրեց աղջիկը:
Վանքից ներքեւ, կանաչ խոտերին նա բացել էր մոլբերտը ու նկարում էր:
– Ես ձեզ էի նկարում,- ասաց նա սիրալիր ժպտալով,- անմարդ լողափը, պահածոյի դատարկ տուփերը, շշերը, թերթերի կտորները եւ ձեզ:
Նա ցույց տվեց նկարածը:
– Ձեզ դուր գալի՞ս է:
– Ոչ,– ասացի ես:
– Ես այն դեռ չեմ ավարտել,- ժպտաց նա:
– Շուտով անձրեւ կգա,- ասացի ես:
Օգնեցի նրան հավաքելու իրերը եւ ներքն իջանք: Անձրեւն սկսվեց, երբ մենք վանքից լողափ
իջնող աստիճանների կեսն էլ չէինք անցել: Անձրեւից պաշտպանվելու ոչ մի հնար չկար, եւ ես աղջկա ուսերին գցեցի բաճկոնս, ու մենք շարունակեցինք արագ ներքն իջնել: Հետո մենք վազեցինք անմարդ լողափով, բայց էլի անձրեւից պաշտպանվելու ոչ մի հնար չկար: Հագուստներս լրիվ թրջվել էին, եւ ես ափսոսացի, որ բաճկոնս աղջկան եմ տվել:
– Վերցրեք բաճկոնը,- ասաց աղջիկը, դուք ամբողջովին թրջվել եք:
– Չվախենա՜ս,- ասացի ես:
Աղջիկը ծիծաղեց:
– Լսեք,- բղավեց մեկը,- ո՞ւր եք վազում: Մի քիչ հեռու, բուֆետի դռան մոտ կանգնած էր սպիտակ խալաթով մի մարդ:
– Չգիտեմ,- բղավեցի ես,- իսկ ի՞նչ կա:
– Եկեք այստեղ,- բղավեց նա,- եկեք այստեղ, թե չէ լրիվ կթրջվեք:
Մենք արագ շուռ եկանք ու վազեցինք դեպի բուֆետ:
– Լավ թրջվել եք,- ասաց սպիտակ խալաթովը,- համա լավ թրջվել եք:
Նա ինձ սպիտակ խալաթ տվեց: Ես հանեցի վերնաշապիկս:
– Տվեք ինձ,- ասաց աղջիկը,- ես կքամեմ ու կփռեմ:
– Ինքս կանեմ,- ասացի ես:
– Ինձ համար դժվար չէ,- ժպտաց աղջիկը,- բոլորովին դժվար չէ:
– Ա՛յ քեզ բան,- ասացի ես,- հիանալի ժպիտ ունեք:
Սպիտակ խալաթովը մեզ հարյուրական գրամ օղի բերեց:
– Խմեք,- ասաց նա:
– Ձեր կենացը,- ասացի ես,- ողջ լինեք:
– Շնորհակալ ենք,- ասաց աղջիկը,- առանց ձեզ լավ կթրջվեինք:
– Բա Անդոն կթողնե՞ր, որ թրջվեիք,- հարցրեց սպիտակ խալաթովը,- Անդոն չէր
թողնի:
– Անդոյի կենացը,- ասացի ես:
– Ողջ լինես,- ասաց նա,- սրանց էլ ես այստեղ կանչեցի:
Բուֆետում մեջանից բացի երեք վիետնամցի կային:
– Ողջ լինես,- ասացի ես:
– Խմենք:
Երբ մենք խմեցինք եւ ես մի աթոռ ետ քաշեցի, որ աղջիկը հարմար տեղավորվի՝ բուֆետի դուռը բացվեց եւ մեկը ներս մտավ:
– Տեղ տվեք թրջված մարդուն,- ասաց նա,-պաշտպանեք ինձ այս անգութ անձրեւից:
Ես ծիծաղեցի եւ աչքով արեցի:
– Ինչո՞վ եք զբաղված,- հարցրեց թրջված մարդը:
– Սպասում ենք,- ասացի ես:
– Հիանալի բան է սպասելը,- ասաց թրջված մարդը,– հիանալի բան է մի որեւէ բանի
սպասելը:
– Դուք ուշադրություն դարձրե՞լ եք դրա վրա, օրիորդ,- հարցրեց թրջված մարդը աղջկան,- ուշադրություն դարձրե՞լ եք՝ ինչ հիանալի է սպասելը: Որեւէ բանի սպասելը:
– Այո,- ասաց աղջիկը:
– Դա նույնիսկ ավելի լավ է, քան երբ վերջապես կատարվում է այն, ինչին սպասում ես:
– Այո,- ասաց աղջիկը,- մինչեւ կատարվելն ավելի ազատ ես:
– Ես զգում էի, որ դուք ինձ կհասկանաք,- ասաց թրջված մարդը:
Ես երեք վիետնամցիներին մեզ մոտ հրավիրեցի: Անդոն կոնյակ բերեց: Մենք վիետնամցիներին հաջողություն մաղթեցինք: Ասացինք, որ համոզված էինք նրանց հաղթանակին, որ նրանք լավ էին կռվում, պարզապես հիանալի էին կռվում:
– Մենք ասում էինք հայրենիք կամ մահ,- ասաց վիետնամցիներից մեկը,- եւ մենք հաղթեցինք:
– Ամենակարեւորը «ոչ» ասելու կարողությունն է,- ասաց թրջված մարդը,- դուք «ոչ» ասելու ուժ գտաք ձեր մեջ: Դուք հաղթեցիք:
– Այո,- ասաց նույն վիետնամցին,- մենք ասում էինք՝ հայրենիք կամ մահ: Մենք հաղթեցինք…
Հաստատ զգում էի, որ նա թրջված մարդուն մի քիչ հարբածի տեղ է դնում, ինձ էլ, բայց միեւնույն է, լավ է, երբ մարդը իր համար ամենակարեւոր հարցի շուրջը կարող է խոսել անգամ մի քիչ հարբածի հետ:
Հետո Անդոն ընդունիչով ինչ-որ երաժտություն գտավ եւ վիետնամցիներից մեկը աղջկան
պարի հրավիրեց:
– Դուք թույլատրո՞ւմ եք ձեր աղջկան պարի հրավիրել,- հարցրեց նա:
Ես թույլատրեցի: Նրանք պարեցին: Աղջիկը լավն էր: Երկար, ուսերին թափված դեղին մազեր ուներ, հոյակապ աչքեր, եւ ես մտածեցի, որ լավ կլիներ, եթե նա իսկապես իմ աղջիկը լիներ: Մյուս երկու վիետնամցիները եւ թրջված մարդը նույնպես պարել ցանկացան: Նրանք ինձնից թույլտվություն էին խնդրում եւ պարելուց հետո վերադարձնում էին աղջկան ինձ ու ասում՝ շնորհակալ եմ: Հետո մոտեցավ Անդոն եւ ասաց, որ ինքն էլ հաճույքով կպարի» աղջկա հետ՝ եթե ես դեմ, չեմ: Ես հավատացրեցի, որ դեմ չեմ, եւ որ նրանք կարող են պարել թեկուզ մինչն լույս: Հետո ես ինձ մի քիչ կոնյակ լցրեցի եւ մոտեցա պատուհանին:
Անձրեւը կտրվել էր: Արդեն մթնում էր, բայց ամպերը բաց կապույտ գույն ունեին ու դրանից օրն ավելի լուսավոր էր թվում: Լիճը նույնպես բաց կապույտ գույն ուներ:
– Քեզ ի՞նքս պետք է պարի հրավիրեմ, ինչ է,- հարցրեց աղջիկը: Նա վերջացրել էր Անդոյի հետ պարելը:
– Պարտավոր ես,- ասացի ես,- ասեմ՝ ինչո՞ւ:
– Ասա,- ծիծաղեց աղջիկը:
– Որովհետն դու իմ աղջիկն ես,- ասացի ես,- դու իմ աղջիկն ես եւ պետք ինձ պարի հրավիրես։
Աղջիկը ծիծաղեց, բայց նաեւ զգացի, որ ուշադիր ինձ է նայում: Պարզապես հոյակապ աղջիկ է, մտածեցի ես, փաստ է:
Հետո գրկեցի աղջկան, եւ մենք դանդաղ պա րեցինք: Հետո ես շոյեցի նրա մազերը: Հետո համբուրեցի նրա մազերը եւ ասացի, որ նա աշխարհի ամենաքաղցր աղջիկն է: Հետո, երբ նա գլուխը ուսիս դրեց, ես շոյեցի ու կամաց համբուրեցի նրա մազերը:
Երբ պարն ավարտվեց եւ նա բարձրացրեց գլուխը, ես տեսա, որ նա ժպտում է: Բայց մի տեսակ ժպիտով: Ահագին լարվածություն կար այդ ժպիտի մեջ:
Նաեւ անհանգստություն:
Նաեւ վախ:
– Ամեն ինչ լավ կլինի,- ասացի ես:
Աղջիկը ցնցեց գլուխը եւ փորձեց անկաշկանդ ժպտալ: Այնքան էլ լավ չստացվեց եւ նա նորից ցնցեց գլուխն ու ժպտաց:
– Հիանալի աղջիկ ունեք,- ասաց թրջված մարդն ու ինձ մի քիչ կոնյակ լցրեց։
– Թրջված մարդու կենացը,- ասացի ես։
– Բայց ես արդեն չորացել եմ,- ասաց նա,- ես չորացել եմ և դուք ինձ թրջված մարդ անվանելու իրավունք չունեք։
– Ունեմ,- ասացի ես։
– Չունեք,- ասաց թրջված մարդը,- ես չորացել եմ։
– Դա ոչ մի նշանակություն չունի։
– ես չեմ ուզում ձեզանից տարբերվել,- ասաց նա,- ինձ մենակ մի թողեք։
– Ինքներդ ընտրեցիք,- ասացի ես,- ձեզ ոչ ոք չստիպեց։
Մի քիչ հարբել էի։ Բոլորս էլ մի քիչ հարբել էինք։
Ես։
Աղջիկը։
Անդոն, թրջված մարդն ու երեք վիետնամցիները։
Անդոն ասաց, որ քաղաք գնացող վերջին էլեկտրագնացքը քիչ հետո շարժվելու է, և պետք է շտապել։ Մենք արագ հրաժեշտ տվեցինք եւ դուրս եկանք: Երբ կայարան հասանք, էլեկտրագնացքն արդեն դանդաղ շարժվում էր: Վազելով գնացք բարձրացանք եւ հենց այդտեղ, միջանցքում, կանգնած մեկն ասաց, որ անզգուշությունը այժմյան երիտասարդության հիմնական գծերից մեկն է:
– Իսկ ո՞ւմ է պետք այդ զգուշությունը,- ասացի ես եւ աղջկա հետ ներս մտա: Վագոնը դատարկ էր:
– Կիրակին հիանալի անցավ,- ասաց աղջիկը, գլուխը ուսիս հարմար տեղավորելով:
– Այո,- ասացի ես:
***
Ամեն մեկին, երբ նա ծեր ու դժգոհ է դառնում, մեկ-մեկ, առանց զգուշացման ու աղմուկի այցի են գալիս գեղեցիկ ու թանկ հուշեր: Երբ ես ծեր կլինեմ, մի տխուր երեկո ինձ այցի կգա այս պատկերը՝ գնացքի մեջ: Ես պինդ կփակեմ պատուհաններս եւ կաշխատեմ ամեն ինչ հիշել
ճիշտ այսօրվա պես: