Տարոն Աղաքարյան | Դեպի Մհերի դուռ

Հարյուր տարի առաջ էլ մենք ազգովի տոնածառեր ունեինք, մեր փոքրիկները տարրական մասնիկների նման վազվզում էին այս ու այն կողմ, բայց ոչ ոք չէր մտածում, որ դա կարող է մեր մանուկների վերջին վազելը լինել։ Փոքրիկները հիմա էլ են վազվզում ու էլի տոնածառի շուրջը, բայց ո՞վ գիտի, գուցե նրա՞նք պիտի բացեն Մհերի դուռը Արևմտյան Հայաստանում։ Ո՞վ գիտի, գուցե նրա սրահն էլ այնքան խորհրդավոր է, որքան Թութանհամոնի դամբարանը, բայց ի տարբերություն փարավոնի, նա դռների հետևում տարածվող իր մեծ սենյակում ելումուտ է անում, քայլում է մտազբաղ, գիշերները շուռումուռ գալիս իր քարե անկողնում ու խորհում հային իր մեծ հայրենիք վերադարձնելու մասին․ «Ի՞նչպես խեղդենք խև խռովքը Սասնա տան, ինչպե՞ս մարենք այսքան կարոտ վառք ու կիրք, այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ, իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»։ Վստահաբար նա ծանոթ է բանաստեղծական այս մտորումին, մեր ներսից գոլորշացող ու ամպ դարձող կարոտներին հարյուրամյա, որոնք երամ-երամ չվում են ու հասնելով Վանա ծովին՝ գնում անձրևում են իր դռան արձանագրություններին։ Իր դռնից ներքև մի խեղճուկրակ թաղամաս կա՝ ցածրահարկ տներով, տների դիմաց իրեն զայրացնող ծուռտիկ լվացքի պարաններով ու դրանց վրա քամուց փռփռացող շորերով։ Բա հայ կինը այդպե՞ս լվացք կաներ, ինքը դեռ չի մոռացել շորերից բուրող արտիմետյան խնձորի բույրը, որը ազնվաբույր խնձոր է՝ ազնվականների երկիր Վասպուրականից։ Մհերը շտապում է հայկական երկհարկանի տներ տեսնել իր տնից ցած և սպասում է մեզ, որ մեր փոքրիկները անուշ անեն հայկական խնձորը, ոչ թե օտարները, էլ չեմ ասում որ, մի օր բարբարոսները որոշեն այդ խնձորի բույրով հեղուկաօճառ պատրաստել, չհասկանալով դրա նշանակությունը։ Մհերը չի մոռացել նաև Վանա տառեղի խորովածի հոտը, որը գնում միախառնվում էր Թոնդրակ լեռան ծխին, երբ մենք էինք երկրի տերը ու մենք էինք ձուկը որսում։ Սպասում է, որ մի օր իրար ձեռք բռնած ու արդեն տասնհինգ միլիոնով կտրենք Կարսը, Անին ու Մշո դաշտի վրայով մի մեծ բանակ կազմած հասնենք իր դարպասներին։ Դյուցազունը ուղիղ եթերի հնարավորություն էլ ունի և հետևում է երկրում կատարվող ներքաղաքական զարգացումներին ու խորհուրդ է տալիս չպառակտվել, իրար վերև հրել ու ոչ մի դեպքում ներքև քաշել։ Երբ մենք ազգովի իրար սիրում ենք , հերոսի դեմքի մռայլն անցնում է, նա գոհ ժպտում է, և արև է դիպչում Ագռավաքարի ողորկ դռանը։ Նրա դռան վրա անեծք չկա, նա եգիպտացի փարավոն չէ, նրա դռան վրա հույս է գրված։ Այդ հույսը մեր վերադարձի հույսն է։
Հարյուր տարի անց էլ հայերը գյուղի համեստ կենտրոնում, հուսո աստղը գագաթին փոքրիկ տոնածառ են դրել ու հավաքվել են նրան մոտիկ։ Նրանց աչքերը ուրախությունից չեն առկայծում այնպես, ինչպես առհասարակ տոնածառին փաթաթված լույսերը ։ Բայց ապրում են ու քիչ թե շատ ուրախ են։ Մտքումս փառք եմ տալիս Տիրոջը ուրախության համար։ Ձմեռային թափանցիկ ու սուր օդի մաքրության մեջ ինչ-որ կիսատ բան կա, չկատարված երազներ, ինչ-որ պահի ընդհատված հրճվանք, թափառող հույսեր՝ մի խոսքով ոչ լիարժեք ուրախություն։ Իսկ դա գուցե նրանից է, որ պատմության վերջին հարվածներից ուշքի չենք եկել։ Գուցե Մհերը որոշի ժամանակից շուտ դուրս գալ իր դռնից, երբ ասենք Գյումրիում այլևս տառապանքի վագոն-տնակներ չլինեն, իսկ Անիպեմզայում ֆուտբոլ խաղացող երեխաների գնդակն այլևս չընկնի ռուս և թուրք սահմանապահների ոտքերի մոտ։
Եվ ինձ վստահաբար թվում է, որ հողը նրանն է, ով ապրում է այդ հողին։ Այդ հողի տերը հիմա իմ առջևով անցնող այն երեխաներն են, առասպելական եղեգան փողից ծնված այն մանուկները, որոնք դեռևս ամանորյա սեղանի շուրջ վազվզող ու նարինջ, մանդարին ուտող փոքրիկ երեխաներ են, մեր հեռահար զենիթային հրթիռները՝ ուղղված գալիքին։ Գալիքը պինդ սեղմել է պետք այնպես, ինչպես Փոքր Մհերը իր փոքրիկ բռան մեջ արյուն էր սեղմել։ Արյունից կուշտ ենք, ամենաշատը դա ենք տեսել, ես նրանց համար մտքում երազում եմ անդերսենյան եղևնիներ, արևոտ լողափեր, հարմարավետ ավտոմեքենաներ, սիրո գունագեղ աշուն, մաքուր ասֆալտ և սեր ամեն ինչում։
Նրանց վառվռուն աչքերը մի օր տեսնելու են հայի՝ ուսերից վար թափվող տառապանքը։ Չէ՞ որ հայը շատ է տանջվել։ Նրան ուրախության երկարատև արձակուրդ է պետք՝ շունչ քաշելու և կրած ողջ դառնությունները արտաշնչելու համար։ Ասում են՝ հայի աչքերը տխուր են ու գեղեցիկ, տխուր են անանց թախծի ու գենային չմարող հիշողության համար, որ զրկանքներ ունի իր մեջ։ Մի օր կզարթնի երկիր Նաիրին, կզարթնի, ու Չարենցը դանթեական եթերային իր բաժնից կժպտա լուսավոր քաղաքների ու նստարանի շուրջը պտտվող այս ժիր տղաների ու աղջիկների համար։
Միգապատ մտքերս վերադառնում են սովետական դեղին ավտոբուսի ժամանմանը, որը խորհրդային ժամանակների դեռևս կենդանի մնացած հետքերից է, անկախության թոքերում շրջանառվող արյուն։ Իսկ եվրոպական ավտոբուսներից հրաժարվեցին,-ասաց Նարեկը,-որովհետև ծախսը շատ էր: Մի քանի օր ուրախացած դրանցով երթևեկեցինք։ Կգա ժամանակ, երբ այս խառնաշփոթը կվերանա, ու մարդիկ էլ կռացած ողնաշարով չեն երթևեկի,-շարունակում է վարորդը,-նորն ու փոփոխվածները կտան։ Մտքերս դուրս են հոսում երթուղայինի պատուհանից ու փաթաթվում են մերկ դաշտերին։ «Դանդաղ ես շնչում երկիր իմ հնամենի, հարազա՛տս, իսկ ինչ ասենք օրինակ այն աֆրիկյան երկրներին, որտեղ խմելու ջուր անգամ չկա, նորմալ դպրոցներ չկան, խանութներ չկան, թող չլինի այդպես։ Բայց դու գոհ եղիր գոնե, որ ամեն ինչից գոնե քիչ-քիչ ունես, դու Հոբի պես եղիր, ու Աստված քեզ վեր կբարձրացնի»։
Շինաշխատանք է։ Իսկ ես բարձրության վրա զգում եմ՝ ոտքերիցս դեպի մարմին է բարձրանում ադրենալինը ճիշտ այնպես, ինչպես վեր բարձրացող ջուրը մետրաչափ հատուկ խողովակի միջով․ ներքևում անդունդ է, ու ես կարող եմ ամեն վայրկյան գահավիժել, կյանքս տալիս եմ Աստծուն ու բռնում մետաղյա հենարանից, վախը մեկ գալիս է, մեկ չքվում, բայց ինչ արած, տղամարդ եմ, պիտի դիմանամ ու մտքում համոզվում եմ, որ ընկնելուս դեպքում Տիրոջն ուղղված աղոթքը կգրկի ինձ ու կպաշտպանի վտանգից։ Այստեղ են ասել` կյանքդ մազից է կախված։ Վարպետն օդում էլ իրեն զգում է, ինչպես գետնին, (հերոս օդաչու Նելսոնին հիշեցի), վաղուց է փոշիացրել իր վախը և ինձ գոտեպնդեց երկու խոսքով: Դիմացա մինչև վերջ ու հասկացա, որ աշխարհի բոլոր հայերս , եթե ուզում ենք Փոքր Մհերին տեսնել, միմյանց սիրտ ու հոգի պիտի նվիրենք, դառնանք մի հավիտենական ընկերություն և «դուխ» տանք իրար այսպես։
Զորավար Անդրանիկի լուսանկարը կախված է լուսավոր սենյակում, իսկ նա քուն թե արթմնի՝ իր մշեցի պապի պես Էրգրի կարոտին փաթաթված այս ֆիդայի կինը, կաթիլ – կաթիլ հալվում է էության խորքում ծփացող Մուշի դաշտավայրի համար ու բոլոր այն հիշատակների, որոնք ավանդվել են պապերից։ Նա իր սուրճը կամ հյութը ամեն օրվա սկզբին խմում է Անդրանիկի խստասիրտ գեներալական հայացքի ներքո և հույսը չի կտրել , որ թշնամու ահուսարսափ Անդրանիկներ դեռ կծնվեն ու ծնվածներ կան արդեն։ Երբ նայեցի իր հոր ձեռամբ կառուցված մեկ այլ վիթխարի տուֆակերտ տան, որը ցավոք կիսակառույց էր, հիշեցի Մահարուն․ «Մարդն ավելի պինդ է, քան քարը»։ Մեզ տեղահան արեցին բարբարոսները, բայց քարե տուն-ամրոցներ կառուցելու մեր ձիրքը չկարողացան զավթել, Աստվածայինները տրվում են ու չեն հափշտակվում կամ ։ Կնոջ աչքերը կապույտ են, այդ կապույտն էլ պատահական չէ, Վանա ծովի փիրուզագույնով հագեցած աչքեր են՝ երկնքի բիլ կապույտը իջել հավասարվել է լճի մակերևույթին։ Ոգին կարծր է․ Մհերի ժայռակոփ պատերը ձեզ օրինակ ։
Հայրենասիրական երգի վարպետի համերգին հպարտություն էր դրոշ ծածանել օթյակից, և ընդհանրապես անասելի հուզմունք ու զգացում է , երբ դու հաղթած երկրի զավակ ես ու ապրում ես հերոսներից հետո, քո ձեռքում է պատերազմի դաշտով անցած կարմրածուփ դրոշը, որի համար սերունդները ընկան, որ մենք նաև անկախության երկնքի տակ հայրենասիրական համերգ վայելենք ու զգանք երգերի թնդյունի ու լեռնապարերի խոյահարվածների միջից առարկայացող, նկարվող հայրենիքը։ Ասում են՝ յուրաքանչյուր հայ երեք հիմնական բան պիտի անի, որոնք արդեն բոլորիս հայտնի են, բայց ինձ թվում է՝ հայի հիմնական անելիքները կամ հասկանալու ու զգալու հարցերը շատ են, ասենք՝ յուրաքանչյուր հայ պիտի նաև զգա մեր ազգային պարերի թռիչքները, ծնկածալերը, առավել ևս պոզահարումը։ Մեր պղնձակոփ գայլերը 2016-ի ապրիլին զինավառվեցին ու լեռներից հարվածեցին հարձակվող նեռին։ Դեպքերի ընթացքին հետևող Փոքր Մհերը իր սենյակը դարձրել էր հրմանատարական դիտակետ և ղեկավարում էր մարտերը, երբ գոռում էր՝ տղե՛րք, ձեր հարվածող բազուկներին մեռնեմ, քիչ էլ դիմացեք, երկրորդ էշելոնից հասնում են օգնության։ Այդ օրերին հերոս տղաներ նահատակվեցին։ Մհերի արցունքները մինչ այսօր հոսում են գլոր-գլոր՝ զավակ կորցրած ծնողների համար, որոնց լուսապսակ տղաները կարծես հատուկ առաքելությամբ էին լույս աշխարհ եկել, որ մեր պատմության քառուղիներում ևս մեկ անգամ անարգ թշնամուց փրկեն հողի մարդկանց ու հողը։ Նրանք շրջեցին պատմության ընթացքը։
Վանքի զանգերի ձայնային ալիքները ոչնչացնում են օդում վխտացող վիրուսները, իսկ պատարագի ամեն մի դետալ ու բաղադրիչ ազդեցություն է թողնում մարդու հոգևոր ներաշխարհի վրա՝ բուրվառի ձայնը, խնկի հոտը, երգչախմբի մեղեդիները, որովհետև ամեն տեղ Աստծո ներկայությունն է, ահա թե ինչու վանքի շուրջ հավաքված մարդիկ, որ հավատքից ու եկեղեցուց են խոսում, մինչ պատարագի կոչնակն հնչելը, առհասարակ չեն վախենում մոլեգնող վիրուսից, և նրանց համար մայիսյան այս օրը նույնքան վարակազերծ է, որքան և այն ժամանակ, երբ համավարակի սկիզբը չէր ազդարարվել։ Եվ ոչ ոք այստեղ չի վախենում այս անիծյալ վիրուսից, որովհետև հոգևորից դուրս ամեն ինչ պառակտում է մարդկանց, մանավանդ փոքր երկրի մթնած ամպերով քաղաքականությունը, իսկ այստեղ քաղաքագիտությունը մեկ տրամաբանություն պիտի ունենա ՝ սիրել զմիմյանս հավիտենաբար։ Իսկ փոքր երկրի մեծ ու քողարկվող քաղաքականությունը մարդկանց լափում է վիշապի երախով, դրա պտտահողմային ալիքի ուժը կլանում է մարդկանց, մարդիկ տրոհվում են, տարրալուծվում, դառնում թշնամացած հյուլեներ, որովհետև բոլորն ուզում են ապրել, իսկ ապրելու փիլիսոփայությունը բոլորի համար տարբեր է․ հարաբերական մեղավորները չեն ուզում պատժվել, գողացողները չեն ուզում վերադարձնել, անհոգները չեն ուզում հոգնել, իսկ մոռացողները չեն ուզում հիշել։ Իսկ այստեղ՝ վանքի կիսամութի մեջ ներթափանցած շողերում միայն մի հավիտենական դատավոր կա՝ բոլորի համար հավիտենապես անկաշառ ու անաչառ, որ միշտ վառ կպահի մեր մեր բացվող-փակվող վարագույրներով հավատի բեմի լույսերը։
Փոքր Մհերն էլ զայրանում է, երբ մենք մեր անզիջող կրքերով բաժանվում ենք իրարից, հետո հազար անգամ կիսում ինքներս մեզ, նա բռունցքվող երկիր է ուզում տեսնել, սիրո ու համերաշխության երկիր, Հայաստան՝ Ավստրիայի ու Գերմանիայի մաքրությամբ, կանաչազարդությամբ, կղմինդրե տանիքներով տներով, երկաթուղային հզոր ցանցերով, վերանորոգված ենթակառուցվածքներով և ոչ մի դեպքում ազգացեց մեծահարուստներով, այլ մեծահարուստ գիտակցությամբ։
Բարձունքից երևացող ամենամեծ կետը քաղաքի սիրտը մտնող մայրուղին է, իսկ քաղաքը նիրհում է միջօրեի տաք շնչի օրորի ներքո, տեղ-տեղ թռվռացող կանաչապատ զանգվածները, թիթիզ ծառերը, արևից թալկացած ծարավ թփերը, երբեմնի փառահեղ, ոտքի վրա հազիվ կանգնող շենքերը նրա օրորոցն են, իսկ միգո՞ւցե քաղաքն է արևի օրորոցը։ Լեռնալանջին արածում են գորշ կովերը , լեռնալանջը քաղաքի սահմանին է , իսկ իրենց համար մեկ է սահման ու հորիզոն , քաղաք ու կյանք, սեր ու կռիվ․ ծամում են ու ծամում` գաղափար չունենալով ոչնչի մասին՝ ոչ ցավի ու տառապանքի և ոչ էլ արտաքին ու ներքին երջանկության: Սարյանական մի նոր կենսագրություն՝ բլրաթումբը այնքան դիք է, թվում է՝ անասունները մեկը մյուսի վրա են կանգնած։ Եվ գուցե ամենաճիշտը այդ պահին կովերի մոտ կանգնած հովիվն է, որ գաղափար չունի Կոելյոյի երազող հովիվ Սանտյագոյի ու Աստվածաշնչյան տավղահար Դավթի մասին։ Մհերի երկրին պետք են այսպիսի հովիվներ, իրենց բան ու գործին։ Մհերն էլ է այսպես մտածում․ երևի տրորված ու ցեխի մեջ ընկած Գերմանիան փլատակներից Գերմանիա է դարձել հենց նրա համար, որ հովիվը հովիվ է եղել՝ գաղափար չունենալով Բունդեսթագի մասին, իսկ Մերսեդես սարքողը` Մերսեդես սարքող՝ նորից գաղափար չունենալով պետական մանր-մունր, մեծ կամ թզաչափ հարցերի մասին ՝ուղնուծուծով մխրճվելով իր դետալների ու հեղույս-մանեկների մեջ։ Բայց նրանք բոլորն էլ կուշտ են եղել ու տարին մի քանի անգամ ծով են գնացել հանգստանալու, չեն ապրել հարևանի կյանքով, աղբը փողոցի կենտրոնում չեն թափել, սաղարթախիտ անտառի օդ են շնչել և այնքան ծառ են տնկել, որ անտառ ու լեռ բառերը իրար հոմանիշ են դարձել, որովհետև Բունդեսթագի առաստաղի տակ խելամիտ որոշումներ են կայացվել նրանց լավ ապագայի ու բարեկեցիկ տեսլականի մասին, նրանց նման տարբեր տրամաչափի գայլերի ու գառների կուշտ ապրելու խոհն է հնչել։ Իսկ ես ու Մհերը ինքներս մեզ հարց ենք տալիս ու կատարում աշխարհագրական պարզ հաշվարկ․ նրանց տարածքը երեքհարյուր հիսունյոթ հազար է, մերը երեսուն հազար, բայց նրանք ութսուն միլիոն են, մենք՝ երեք, եթե մեր երկրից Գերմանիան մեծ է տասներկու անգամ, մենք գոնե բնակչության թվով քիչ ենք նրանցից քսանվեց անգամ, անարդար կլինի, եթե չասենք, որ ունեն դեպի ծով ելք, հարուստ գետեր, հանքային ռեսուրսներ, ու այս պայմաններով եթե չապրենք նրանց պես գերազանց, գոնե պիտի ապրենք մարդավարի ու լավ, որովհետև մեր ողջ եկամուտը բաշխվում է երեք միլիոնի վրա, նրանցը՝ ութսուն միլիոնի։ Առայժմ չենք ապրում, բայց կապրենք։ Եթե գերմանացիները գան այստեղ, շատ կզարմանան՝ մենք դեռ չենք հասկացել, որ ասֆալտը հայտնի պատմվածքի դժբախտ հերոսի պատռված բլուզը չէ, որ կարես-կարկատես, ավելի լավ է մի անգամ վերջնականպես նորը առնես ու պրծնես։ Նույն հոգոցն է, նույն արևը, բայց փոխվող երկիրը ու սպասող Փոքր Մհերը․ «Դանդաղ ես շնչում, երկի՛ր իմ հազարամյա, բայց հանգիստ եղիր, կբուժենք քո վերքերը ու կկանգնեցնենք ոտքի ու «կդառնանք էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին»»։Մենք գալիս ենք Մհեր․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *