Թեև մեզանում այսօր շատ գրադարաններ դեռ շարունակում են խորհրդային ավանդույթներով աշխատել` մաշված գրացուցակներ, նույնքան մաշված, խորհրդային տարիներից մնացած ֆոնդային ժառանգությամբ` տարիներով նոր գրականությունից զրկված, այնուամենայնիվ, պետք է նկատել, որ դեռ 1990-ականների սկզբներին` անկախությունից հետո, սկսեցին մտածել գրադարանային գործընթացների ավտոմատացման ծրագրերի իրականացման շուրջ:
Աշխատանքներ, անշուշտ, տարվել են, տարվում են նաև այսօր, բայց այսօր էլ, ինչպես մյուս ոլորտներում, այս մեկում էլ անելիքներ շատ ունենք: Այսօր դեռ շատ գրադարաններ չունեն էլեկտրոնային քարտարաններ, հատուկենտ գրադարաններ են թվայնացման (ԳԱԱ գրադարան, ի դեպ` նաև Մատենադարան, 2010-ի դեկտեմբերից թվայնացման կենտրոն է բացվել նաև Հայաստանի ազգային գրադարանում) գործընթացում:
Եվ որքան էլ աշխարհում խոսվի այն մասին, որ գիրքն իր ֆիզիկական ձևը գուցե կսպառի մինչև 2020 թվականը, պարզ է, որ համենայնդեպս ոչ մեր իրականության համար: Մյուս կողմից` զարմանալիորեն մի շարք գրադարաններ իրենց կայքէջերն են ստեղծում, հայտնվում Facebook սոցիալական ցանցում (Լոռու, Արմավիրի, Սյունիքի մարզային գրադարան, Հանրապետական գիտաբժշկական գրադարան, Արագածոտնի մարզային գրադարան, Չարենցավանի քաղաքային գրադարան, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան):
Այս ամենի կողքին հունվարի 26-ին պաշտոնապես բացվեց և ոլորտում հեղափոխություն իրականացրեց թվանշային գրադարանի կայքը` www.digilib.am-ը (հայ մատենագրության թվանշային գրադարանը ստեղծվել է 1999թ.-ին), որտեղ այս պահի դրությամբ արդեն կարելի է ընթերցել 625 հեղինակի մոտ 2000 անուն գրավոր աշխատանք, սփյուռքի գրականություն, ինչպես նաև հայ միջնադարյան գրականություն և այլն:
Այն իրականացրել են Թվանշային գրադարանի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանը և տեխնիկական ղեկավար Հովհաննես Կիզողյանը:
Գրող Կարեն Անտաշյանը մեզ հետ զրույցում, կարևորելով այս աննախադեպ ձեռքբերումը, նշեց, որ ինքն ուղղակի ցնցված է կատարված աշխատանքի ծավալից, որակից ու կարևորության գիտակցումից:
«Խոնարհվում եմ ձեռնարկը կյանքի կոչած ողջ թիմի առջև ու շնորհավորում բոլորիս այլևս այդ գանձն ունենալու համար»,- ասաց Կարեն Անտաշյանը: Կիրառական իմաստով գրողը կարծում է, որ տվյալ փուլում նախագիծը հետաքրքրություն կունենա առավել մասնագիտական շրջանակներում, այնպես որ` իրապես իր նպատակին ծառայեցնելու համար ու նախագծի բարիքի օգտվողների մեծ քանակ ապահովելու համար պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն նրա PR-ի վրա:
Բացի այդ, հայոց լեզվի ու հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիության ապահովման տեսակետից գրողը կարծում է, որ հսկայական քայլառաջ է այդ ժառանգության թվայնացումն ու արդյունավետ ներդրումը ինտերնետային հայալեզու բովանդակության մեջ.
«Ես միշտ նշել եմ ներկա շրջափուլում հայոց լեզվի ու գրականութան պահպանության ու զարգացման երեք ուղղություն` 1. ժառանգության թվայնացում և վերբեռնում ինտերնետ, 2. ակտիվ թարգմանություն օտար լեզուներով, 3. օտարալեզու ժառանգության թարգմանություն հայերեն»:
«Արմակադ» ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանն էլ առհասարակ թվային գրադարանի գոյությունը հիմնականում երեք տեսանկյունից է կարևորում. առաջին հերթին ինտերնետային հասարակության դարաշրջանում անհրաժեշտ է, որ ինտերնետում լինի այնպիսի բովանդակություն, որն օգտակար է, և որն իսկապես ազգային արժեքների պահպանման առումով խիստ կարևոր է:
Ըստ նրա` մինչ այս Հայաստանում ամբողջ հայ գրականությունը, 5-18-րդ դարերի գրականությունը, ինչպես նաև դրանից հետո, գոյություն չուներ, իսկ digilib.am կայքի շրջանակներում հնարավոր է ձեռք բերել մեր պատմական, հոգևոր, գրական, գրականագիտական ժառանգությունը:
Երկրորդ` ինտերնետը հեղեղված է բազմաթիվ կայքերով, բայց նոր կայքէջը կարևոր է այն տեսանկյունից, որ նոր պահանջարկ է ստեղծում հատկապես երիտասարդների մոտ: «Հեռուստատեսությամբ, թերթերով, ինտերնետով որպեսզի նորմալ պահանջարկ ստեղծվի, առաջին հերթին նախ նորմալ առաջարկ պետք է լինի: Կայքի շնորհիվ ստեղծվում է շատ ճիշտ պահանջարկ»,- նկատեց Խաչիկ Գևորգյանը:
Երրորդ տեսանկյունից, ըստ նրա, միանշանակ սա հեշտացնում է նաև գիտնականների գործը, քանի որ եթե նախկինում պետք էր 30 ձեռագիր համեմատել, որպեսզի գտնել մի բառը տարբեր ձեռագրերում ինչպես է տարընթերցվել, հիմա մկնիկի մի շարժումով հնարավոր է փնտրել և գտնել, բացի այդ` այն մի քանի անգամ հեշտացնում է գիտնականների գործը, և դրա շնորհիվ բազմաթիվ նոր գիտական աշխատությունների ճանապարհը շատ հեշտությամբ կհարթվի, ինչն էլ իր հերթին կնպաստի գիտության զարգացմանը:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նախ կայքը կյանքի կոչողներին ասում է բռավո, հետո ավելացնում, որ այլևս չսովորելու, չհետազոտելու «մահանա», ըստ որի` փնտրած գիրքը չկա, անհրաժեշտ գրականությունը չկա, ժամանակ չկա, չի լինի, քանի որ կատարված հսկայական աշխատանքի շնորհիվ ոչ միայն դրա գտնելն են մոտեցրել, այլև հեշտացրել են, գործիք են տվել հետազոտողի ձեռքը իր աշխատանքը արագ և արդյունավետ իրականացնելու համար:
«Մենք անընդհատ ասում ենք` Մաշտոցի շրջանում ունեցել ենք նվիրյալներ, բայց դա, համաձայնեք, մի տեսակ պատմություն է: Մեր մշակույթի, կրթության տպագիր շրջանը, որի հինգհարյուրամյակն ենք նշելու 2012 թվականին, նույնպես ունեցել է իր նվիրյալները, իսկ մեր մշակույթի արդեն մեդիագրի շրջանը (արդեն 25 տարի) կարոտ էր նման նվիրյալների:
Թվում էր` այս աղմուկի, քաոսի, փախեփախի, արտագաղթի մեջ չկան նրանք, թվում էր` չկա ճգնավոր կյանքին նվիրաբերություն, և մեկ էլ մեր աչքի առաջ Հովհաննեսին և Մերուժանին հանկարծ հաջողվում է այս քաղաքի կենտրոնում, այս աղմուկի մեջ կտրվել այս ժխորից, շփոթից, մեկուսանալ, ճգնավոր կյանքի հանձնվել և նման բան ստեղծել, այսպես քսան տարի քեզ զրկես աշխարհիկ կյանքից և տաս հոգևոր մտավոր գործունեությանը և արդյունքում ստեղծես ամենաժամանակակից գործիք թվային գրադարանը, այն էլ` այդքան ամբողջական արված:
Մերուժանը, Հովիկը մեր ժամանակի հերոսներն են, նրանք կարող են և պիտի օրինակելի լինեն»,- ասում է Աշոտ Բլեյանը` ավելացնելով, որ մենք շնորհակալություն պետք է հայտնենք ոչ թե արված գործին, այլ գործիչներին:
Սիրանուշ Պապյան
Արտատպված է 1in.am կայքից