* * *
Գերեզմանները սարի լանջին էին,
երկար բարձրացանք, թույլ անձրև սկսվեց,
ներքևում փռված էր քաղաքը ու հոշոտված հսկա գործարանը,
որին շիրմաքարերի վրայից նայում էին նախկին աշխատողները:
* * *
«Ցարսկի պրոդուկտ, Ցարսկի պրոդուկտ»,
երանությամբ կրկնում էր հաղորդավարի ձայնը
«57» համարի լցված ավտոբուսում,
այնուհետև մեկ այլ ձայն ասեց
«Ազատություն ռադիոկայանի եթերում այս ժամի նորություններն են»:
Մարդիկ իրար էին կպել խուրմաների նման,
բռունցքները, որոնք ժամանակին օդում էին,
հիմա նորից կառչել էին բռնակներից,
գնում էինք՝ օրվա լուրերի մեջ թաթախվելով:
Մի մասը խորացել էր հեռախոսների մեջ,
մյուս մասը նայում էր անորոշ կետի:
Հերթական 100 դրամանոցը անտարբեր վերցրեց վարորդը,
որը հասցրել էր ծերանալ
նորոգված դողերի պատռման ու
պատռված դողերի նորոգման արանքում:
* * *
«Դու մի քիչ առաջ գնա, դու արի տեղս նստի քույրիկ ջան,
դու էս կնոջ տեղը կանգնի, ես մյուսին իջնում եմ»,-
ասեց մի կոլոտ տղամարդ՝ լիքը գազելում:
Հետո իջանք, որ իջնեն,
բայց էլ չկարողացանք նստել.
սպասեցինք հաջորդին՝
չեկավ:
* * *
Երեկո էր, շատ վատ հագնված տարեց մի մարդ
շարժական դանակով կլպեց կաստյումի գրպանից հանած սոխը,
նստեց կանգառի մոտի «Ավելի լավ Երևան» նստարանին,
ու նայելով լիքը մարշուտնիների մեջ խցկվել փորձող մարդկանց՝
հաճույքով կերավ:
* * *
«Մտի մեր սայթ, մտի ըբաութ աս, ընդե իմ նվաճումների մասին գրած ա»,-
բարձր ասեց երթուղային նոր բարձրացած խոշոր ուղևորը հեռախոսով:
«Կոխեմ քո նվաճումները»-, ասեց վարորդը քթի տակ,
միացրեց կեղտոտված ֆլեշկայով մագնիտաֆոնը,
ու մեքենան սլացավ դեպի հաջորդ կանգառը:
Այնտեղ մեքենա բարձրացան
երկու կին, տղամարդ մի քանի,
մի թավամազ, որը դուռը փակեց ու հանդիսավոր հարցրեց՝
«Հայրենակիցներ, ինչ է պետք երջանիկ լինելու համար»,- այդ ընթացքում միացնելով ձայնագրիչը:
«Դժվար հարց է»,-ասաց կանանցից խնամվածը,- «բայց գիտեք, ես հոգնել եմ խավարասերներից, որոնց տեսնում եմ ամեն առավոտ լվացարանի մեջ, նրանք ինձնից փախչում են արագ, կինոյի կեսից դուրս եկողների նման»:
«Ըբաութ աս, Ըբաութ ասը չգտար»,- կրկնեց գեր տղամարդը փոքրիկ հեռախոսով:
«Երջանիկ լինելու համար պետք է տրուսիկը շուտ-շուտ փոխել, լողանալ շաբաթը մեկ»,-
ուշացած պատասխանեց մինչ դա լուռ նստած ճաղատ մարդը:
«Գարշելի անձնական մանրամասները ձեզ պահեք»,- վրա բերեց խնամված կինը:
«Անձնականը հանրային դարձնելը
հիշողություններից ազատվելու ձև է, այլ ոչ հայտնի դառնալու»,- պատասխանեց տղամարդը:
«Շինեմ շինողիդ», «ք»-ով ասաց վարորդը՝ կոպիտ խախտում արածին,
«Քյաչալ, անունդ ինչ ա»,- հետաքրքրվեց գլխարկովը,
«Շանթո, Շանթո է անունս, բայց Շանթոմաս են ասում»,- ժպտաց ճաղատը:
«Վարորդ, անտառում կպահեք»,- գոռաց մի կին ու սկսեց հռհռալ,
«Ապեր ըբաութ աս, ըբաութ աս մտի»,- արդեն գոռաց խոշոր տղամարդը:
«Օրբելիի վրա էն օրը մեկը երկրորդ հարկից ձուկ էր բռնում»,- ասաց գլխարկովը:
«Ափսոս Օրբելիով չենք գնում»,- պատասխանեց վարորդը,
«Բա ո՞նց ենք գնում»,- հարցրեց թավամազը:
«Այ էդ շուշի վրա նայի, ընդեղ մեր մասին ամեն ինչ գրած ա»,- ասաց վարորդը
ու կանգնեց հերթական կանգառում:
***
Ինձ մի ֆիլմ ուղարկեցին,
չնայեցի էդ պահին,
ամիսներ հետո, երբ բացեցի հղումը,
էկրանին գրվեց
՛՛Unfortunately owner deleted this video”,
և այդպես էլ չիմացա այն՝ ինչ չգիտեի:
***
Մոռացել էի հերթական անգամ՝
տան դուռը փակել եմ, թե՝ ոչ,
«Իսկ ինչ կարող են գողանալ, որ տխրես»:
Հասկացա, որ միայն հիշողությունը՝
պահված հարդերում, դիսկերում,
կասետներում, թղթապանակներում,
այն, ինչը չի թողնում,
չի թողնում մեզ, որ հանգիստ ապրենք:
Վերադարձա, մի քանի անգամ բռնակը շարժեցի,
մի քանի անգամ շարժեցի բռնակը:
***
Երկուշաբթի
Պապիցս առաջ մենք գերեզմաններ չունեինք.
նրա հայրը մահացել էր 37-ին, եղբայրը՝ 44-ին,
իսկ նախորդները մնացել էին Արծվաշենում:
Հարևան գերեզմանի մոտ հիսունն անց կանայք էին հավաքվել.
«Տատին ընձի չեր սիրում»,- ասեց նրանցից մեկը:
Քայլելով ետ գալու ճանապարհին
գեղեցկության սրահի վրայից մեզ նայեց
մի կիսամերկ կնոջ նկարը՝ քաշած ինտերնետից,
մի գառ՝ մսի վաճառման կետի վրայից,
ու մի քանի պատռված դեմքեր՝
տարբեր ընտրություններից ժառանգություն մնացած:
Երեքշաբթի
Եկեղեցիներից մեկի կողքով անցանք.
այն նավաստրոյկի ատրիբուտ էին դարձրել,
որ ցանկացողները բացառիկ իրավունքով
տարբեր հարկերից, հենց պատշգամբից
ապաշխարհեն՝ թաքցրած հարկերի համար:
Գրողների միության մոտի հյուրանոցից հարս էին տանում,
մասնակիցները ձեռքով էին անում Դռոնին,
որը հերթական անգամ արժեզրկում էր վեռխնի ռակուրսը:
Ճնճղուկ էր ընկել ասֆալտին, մահացած:
«Պետքական լինել քչերին, պետքական լինել քչերին,
այս ռանդոմ աշխարհում
որտեղ տասը տարի քեզ խմում են,
հետո շիշը ուղակի շպրտում են»,-
երեկոյան տխուր ասաց Դի Կապրիոն Բրեդ Փիթին,
չինական սուբտիտրերով անգլերեն քամրիփում,
որը քաշել էի ռուսական տոռենտից:
Չորեքշաբթի
Խմեցինք նրանց կենացը,
որոնք հանրայինը գերադասեցին
անձնականից ու համայնքայինից:
Հիշեցինք, որ արճիճ էինք հալում մարտկոցներից հանած ցանցերից:
Հիշեցինք, որ որոշներս դեռ շատ ենք շարժվում ֆեյսբուքում՝
դատարկությունը մի կերպ լցնելու համար՝
ինչպես Յանկովսկու հերոսը՝ Բալայանի ֆիլմում:
Հիշեցինք նախկին քաղաքապետին, նրան,
որ վախեցավ քաղաքապետարան բերված կոյուղաջրից,
որը պարբերաբար Մյասնիկյանի դիմացը փակում էր
ու մինչև գոտկատեղը թաղում նրան ավելի լավ Երևանի մեջ:
Հիշեցինք, որ պղծում էինք մեր շուրթերը միտինգներին,
իսկ հետո ստամոքսներս՝ Թումանյանի շաուրմայում:
Հիշեցինք, թե ոնց են մեզ հոգնեցրել քաղաքին արվող տարատեսակ նվերները:
Եվ թե ոնց էր կամերան սահում արևածաղիկների վրայով՝ Դե Սիկայի ֆիլմում:
Հինգշաբթի
«Երեխեն Բեգենոտին Բեգեմոնդ ա ասում»,-
լսեցի ձկան խանութի մոտ,
որի վրա ձեռագրով գրված էր՝
«Ստերլեց. Տաստալոպ. Բելամոր»:
Ուրբաթ
«Սիրում եմ լսել սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը»՝
տպված էր Ոսկեհատի գազելի վերջին պատուհանին,
տակը Չելենտանոյի նկարն էր՝ ամառային պլեչիկով մայկով:
Կոնյակի գործարանի նեղ արահետ վրա
մի շուն էր պառկել,
հոգնել էր երևի,
ինչպես մենք ենք հոգնել վաթսունն անց ոռ մտնողներից:
Գետնանցումում գրքերի կողքին
ֆոտոալբոմ էր դրված,
մի կնոջ պորտրետ էր մնացել մեջը՝
միայնակ ու լքված մեր հոգու հանրային տարածքների նման:
Դիմացի խանութի ցուցափեղկում
կանացի զուգագուլպաների վրայից
զուգարանի թղթերին էին նայում աղջիկները:
Երեկոյան մեյլ էկավ, հերթական անգամ, նույն գրությամբ.
՛՛Unfortunately we will not be able to
include your film in this years programme՛՛.
Ինձ հերթական անգամ զգացի
Բյուրականի եկեղեցու գավիթից ընկած մողեսի պես,
որը մի քիչ սպասեց,
հետո մի քիչ էլ սպասեց ու արագ հեռացավ:
Շաբաթ
Մի ողորկ քար դուրս եկավ ձկան փորից:
Պահեցի:
Կիրակի
Տատս մի սիրած ափսե ուներ մետաղյա,
դրա մեջ մի օր խունկը ծուխ դարձավ
ու քշվեց վերջին քամիների կողմից հեռու՝
հեռու անարմատ ծաղիկներից,
հեռու ծաղիկների մեջ թաղված
ժպտացող Շուշիկի դեղնակարմիր նկարից,
որի շուրջը բզզում էին ապրիլյան մեղուները:
Appendix. Վեց դոկումենտալ ֆիլմ՝ ինքնակենսագրության փոխարեն
Թե ազատ ժամանակ ունենաք և ցանկանաք ֆիլմ դիտել նկարված ելակի դաշտերում՝ սեղմեք այստեղ,
Թե ազատ ժամանակ ունենաք և ցանկանաք ֆիլմ դիտել ծիրանի ու ջազի մասին՝ սեղմեք այստեղ,
Թե ազատ ժամանակ ունենաք և ցանկանաք ֆիլմ դիտել անվադողերի ճամփորդության մասին՝ սեղմեք այստեղ,
Թե ազատ ժամանակ ունենաք և ցանկանաք ֆիլմ դիտել 2013-ի Րաֆֆիի միտինգների մասին՝ սեղմեք այստեղ,
Թե ազատ ժամանակ ունենաք և ցանկանաք կարճ ֆիլմ դիտել 2015-ի «Այո/Ոչ»-ի մասին՝ սեղմեք այստեղ,
Թե ազատ ժամանակ ունենաք և ցանկանաք լքված գործարանի մասին ֆիլմ դիտել՝ սեղմեք այստեղ,
Այս գրառումը լրիվ անիմաստ կլիներ առանց յութուբի ու վիմեոյի,
Ու նաև՝ թղթի վրա: