«Ավաղ, ժամանակը չի անցնում,
անցնում ենք մենք»:
Ռոնսար
Հիշողության թափահարվող թևերի տակ ծերունին հաճախ այնքան էր հեռանում իրականությունից, որ անցյալի ու ներկայի միջև ընկած անկածան բավիղներով կրկին ետ վերադառնալը թվում էր անհնարին: Հաճախ, մոլորվերով քնի երևակայակության մեջ, նա շփոթում էր արթնանալու ճիշտ տեղն ու երազի շարունակությունը նրան իրականություն էր թվում: Քրտինքի մեջ կորած, երբ անկողնում թավագլոր ետ էր վերադառնում երազներից, այնտեղից բերում էր իր հետ իրեր, որոնք վաղուց արդեն չպետք է լինեին: Երազների աշխարհներից բերված այդ ամենը թաքցնելով մահճակալի տակ պահված ճամպրուկում՝ նա հույս ուներ, որ կգտնի այն ճանապարհը, շնորհիվ որի ետ կվերադարձնի այդ ամենն իրենց տերերին:
Վերջին օրերին ծերունուն սկսել էր վախեցնել ոչ այնքան կատվի նման անշշուկ մոտեցող քունը, որքան անորոշության հասցնող այն ցավը, որ կարող է այլևս չարթնանալ: Չարագուշակ այդ միտքը նրա մեջ ծնունդ առավ այն օրվանից, երբ բալենու ստվերում քնով տարված, առաջին անգամ բաց թողեց ընթրիքը: Նման մի բան էլ կրկնվեց օրեր անց, երբ տարեցների տաղավարում դոմինո խաղալիս աչքերի առաջ ամեն ինչ մշուշվեց, ու բոլորը տեսան մոտեցող արհավիրքի առաջին նշանները: Իսկ երբ արդեն հանկարծահաս քունը սովորության ուժ ստացավ, ծերունու մեջ վերջնականապես արմատավորվեց այն տագնապը, որ արթուն մնալու դեղահաբերն ու ձեռքում միշտ պտտվող տերողորմյան իրեն այլևս չեն օգնի: Ծերունին վախենում էր, որ մի օր կենսաքամված մարմինը կարող է առհավետ մնալ միայնակ տարեցների տխուր կացարանում, իսկ սահմաններ չճանաչող գիտակցությունը՝ մարմին վերադառնալու ճանապարհը կորցրած, մեկ այլ տեղ:
Եղել էին օրեր, երբ արթնացել էր դատարկված սրտով ու բաց անելով սենյակի դուռը՝ միջանցք ելնելու փոխարեն նետվել էր անհուսության ալիքների մեջ: Հուսահատության քացիների տակ գլուխն ափերի մեջ առնելու փոխարեն նա միշտ գտել էր այն ալիքը, որին տրվելով՝ լարել էր վերջին ճիգերն ու փրկության մակույկն էր նետվել: Օր օրի նվազող ուժերի պատճառով նա երբեմն խուճապից մի բուռ էր դառնում, կորցնում ախորժակը, դառնում սակավախոս, անտրամադիր՝ բաց թողնելով անգամ երեկոները խաղասենյակում դոմինո խաղալու հաճույքը:
Այս առավոտ, սակայն, ամեն ինչ այլ էր, անսովոր մի զգացողություն հուշում էր մոտեցող փոփոխության մասին, որի հետ միտքն արդեն վաղուց էր հաշտվել: Լիաքուն գիշերը թարմ մտքերով շրջապատին նայելու լավ նախահիմք թվաց: Անսովոր մի եռանդով կտրելով իրեն անկողնուց՝ ձեռնափայտի օգնությամբ քաշեց դարձավոր զույգ վարագույրները՝ թույլ տալով, որ արևի առաջին շողերն անարգել սենյակ լցվեն:
Մերկ կուրտիզանուհու սև ու սպիտակ լուսանկարը գտավ այն ժամանակ, երբ անկողինն էր հարդարում: Գիշերվա քնից ոչինչ չէր հիշում, բայց լուսանկարն արդեն հուշում էր, որ երազում մանկության այն հեռավոր օրվան էր հասել, երբ պապի փոստալից թռցնելով այդ լուսանկարը՝ համարեց այն իրեն պատկանող անկտակ ժառանգություն:
Տարփանքի հասցնող երբեմնի լուսանկարն այլևս չուներ այն ազդեցությունը, ինչ վաթսունյոթ տարի առաջ, երբ արբունքի հասած պատանի էր, և իր կյանք դեռ կին չէր մտել: Կուրտիզանուհու կիսամերկ մարմինն այսօր գրգռել կարող էր հիշողությունը՝ արթնացնելով այնտեղ ձայներ, որոնց մեջ տեսնելու էր իրենից անջատված այն մասնիկը, որից բաժանող հեռավորությունը այժմ միայն հիշողությունը կարող էր կամրջել:
Երազից բերված այդ մասունքն այս անգամ ճամպրուկը չդրեց, ինչպես անում էր սովորաբար անկողնում նման բաներ գտնելիս: Թաքցնելով այն տաբատի գրպանում՝ ձվաձև հայելու առաջ՝ քթի տակ հարազատ մի մեղեդի սուլելով սանրեց մազերը՝ չմոռանալով անցնել նաև բեղերի ու հոնքերի վրայով:
Միջանցքից լսվեց ճաշարան կանչող զանգի ձայնը՝ հուշելով ծերունուն, որ ճաշարանից վերջինը դուրս չգալու համար հարկավոր է շտապել:
Մարմնի անսովոր թեթևությունն անմիջապես զգացնել տվեց իրեն այն պահից, երբ դուրս գալով սենյակից՝ խառնվեց հորանջկոտ տարեցների խմբին, ու ձեռնափայտն առաջին անգամ ավելորդ բեռ թվաց: Մինչ ճաշարանին հասնելը ծերունին թեքվեց լվացարանի կողմն ու պատին ամրացված շրջանաձև հայելու մեջ զննելով դեմքը՝ նկատեց, որ մի քանի րոպեի ընթացքում հասցրել են սպիտակել հոնքերի մազարմատներն, ու դեմքին անսովոր ճերմակություն է իջել:
Տեղավորվելով սեղնի առաջ՝ նախաճաշը սկսելուց առաջ ձեռքը գրպանը տարավ: Լուսանկարից իրեն նայող կիսամերկը հիշողության ասեղին թելեց հեռավոր այն օրը, երբ լուսանկարը պապից հիշատակ պահելու ցանկության դեմ այնքան անպաշտպան էր ու մեղավոր:
Հաղթանդամ էր պապը, ժայռի պես անկոտրուն կամքի ու համառության նախանձելի օրինակ: Զրնգուն մի ծիծաղ ուներ, որից ցնցվում էին տան ամանեղենն, ու քնից արթնանում հարևանների քնած երեխաները: Ամառ թե ձմեռ գլխին մի փոստալ ուներ, որից անբաժան էր, ինչպես քահանան ձեռքի ավետարանից: Ճանաչված որմնադիր էր, իր շարած պատին հազար հարյուր տարվա երաշխիք էր տալիս ու պատվիրատուին լուրջ-լուրջ ասում, որ եթե աշխարհն էլ անցնի ու փոշի դառնա, իր կանգնեցրած պատն ուղղությունը չի փոխի:
Ամռան անամպ ու տաք մի երեկո, աշխատանքից սովորականի պես տուն գալով՝ իրեն հատուկ ախորժակով ընթրեց չորս քաղցած մարդու չափ ու դուրս գալով բակ՝ թիկն տվեց ընկուզենու ստվերում դրված թախտին: Բակում խաղացող երեխաների աղմուկը նրան երբեք չէր խանգարել, ու չնայած դրան՝ Դերիկո տատը, պարբերաբար հայտնվելով բաց պատշգամբում, կշտամբում էր երեխաներին՝ պահանջելով, որ չաղմկեն: Զուր էին սակայն տատի հորդորները, քանի որ պապի ականջի տակ հրանոթի համազարկն էլ արդեն նրան չէր արթնացնի, որովհետև սովորական քնի անվան տակ, այդ երեկո նրան էր այցելել մի ուրիշ ՔՈՒՆ:
Վեց տղամարդ պահանջվեց պապի մարմինը տուն տանելու և չորս կին՝ նրան լողացնելու ու նոր շորերի մեջ քաշելու համար: Դագաղագործը՝ մետրը ձեռքին չափումներ անելուց հետո անհրաժեշտ գումարի եռակին պահանջեց՝ պատճառաբանելով, որ այդ դագաղում երեք հանգուցյալ կտեղավորվի: Սափրիչը չէր հասցնում մաքրել դեմքը ու դեռ ձեռքերը չլվացած՝ պապի դեմքը նորից էր մազակալվում՝ բերելով նրան իր սովորական տեսքին: Իսկ երբ հաջորդ օրը պապին պետք է դուրս բերեին տանից, բոլորի համար անակնկալ եղավ այն, որ դուռը փեղկերից հանելուց հետո էլ նրա համար այն փոքր եղավ: Ստիպված եղան դեպի բանջարանոց բացվող երկփեղկ պատուհանները մղլակներից հանել և նոր միայն կարտոֆիլի մարգերի միջով պապին դուրս բերել փողոց:
Բակն ու փողոցը լցված մարդկանցից յուրաքանչյուրը վաղը պատմելու էր տեսածի մասին վարսավիրանոցում, գարեջրատանը, տրամվայում, քաղաքային բաղնիքում ու խանութի հերթում, և ամեն լսող մտովի մասնակից էր դառնալու Բաղո պապի թաղմանը: Նրանք էլ իրենց հերթին էին պատմելու լսածը՝ ավելացնելով եղածին այն, թե ինչպես են գերեզմանափորները ընդարձակել արդեն փորված փոսն ու ինչպես է հողը քչություն արել պապին ծածկելու համար, իսկ կանայք՝ իրենց փսփսոցներում իրար էին փոխանցելու պապի լեգենդ դարձած այն մի բանի առասպելը, որ տեսել էին նրան լողացնելու ժամանակ:
Պապի հետ նրա անբաժան փոստալն էլ թաղեցին, և ոչ ոք չիմացավ, որ նրա անբաժան փոստալի աստառի տակ կուրտիզանուհու մերկ լուսանկար էր միշտ պահված եղել: Բաղո պապի այդ գաղտնիքի մասին գիտեր միայն ինքը, ինչպես նաև իրեն էր գաղտնիք մնալու այն, որ պապի հոգեհանգստի գիշերը նրա գլխի տակի փոստալից թռցնելու էր այն:
Երբ հեռավոր մտքերից կտրվելու համար նա լուսանկարը նորից գրպանը դրեց, ճաշարանն արդեն կիասդատարկ էր: Նախաճաշին ձեռք չէր տվել, անգամ թեյը, որ անկախ ախորժակից միշտ խմում էր, հասցրել էր սառել՝ առանց մի կում պակասելու:
Նախաճաշի սեղանի առաջ հիշողությունները թույլ թմրություն բերեցին: Ծերունին ցնցվեց տեղում ու զղջաց ճաշարանում երկար նստելու գայթակղությանը տրվելու համար: Փորձելով ձևացնել թե ոչինչ էլ չի եղել, նա ետ տարավ վերնաշապիկի թեզանիքն ու նայեց ժամացույցին՝ ցրելու համար այն մտավախությունը, որ ուշացել է շանը կերակրելուց:
Ճաշարանից դուրս գալով` սովորականի պես մոտեցավ լվացարանին ու պատրաստվեց լվանալ ձեռքերը, երբ հայելու մեջ երևաց ուսի վրայից իրեն նայող չորուկ, դուրս ընկած այտոսկրերով ու ամբողջովին ճաղատ մի դեմք: Անակնկալ վախից և ակնապիշ իրեն նայող այդ հայացքից շփոթված` նա ափերի մեջ լցվող ջուրը երեսին քսեց՝ ասես փորձելով ջնջել այդ չարատեսք տեսիլքը: Նա շատ լավ էր ճանաչում կացարանի բոլոր հարյուրհինգ բնակիչներին անուն առ անուն և պատրաստ էր երդվել, որ թիկունքին կանգնած անծանոթը շատ հեռու էր այստեղի բնակիչ լինելուց: Մի քանի անգամ տրորելուց հետո թաց դեմքը, ծերունին հավաքեց ներքին համարձակությունից մնացած մանր բեկորներն ու դանդաղ ետ շրջվեց:
Ետևում ոչ ոք չկար:
Ձեռքերի անկառավարելի դողը մի կերպ զսպելով` ծերունին մոլորաքայլ շտապեց դեպի դարպասներ, ու դեռ տեղ չհասած` սովորությանը հակառակ փակվելով այգետնակում՝ առաջին անգամ գլխում ծնվեց փրկաշող այն միտքը, որ երազներից մեկին տրվելով՝ կմնա այնտեղ ու այլևս ետ չի գա: Նա ավելի քան վստահ էր, որ իրեն կհաջողվի վերապրել կյանքը այնպես, ինչպես եղել էր արդեն, ու երբ նորից կհասնի այս օրվան, կկրկնի նույնը ու այդպես այնքան ժամանակ, մինչև այդ սրիկան կձանձրանա ու ձեռք կքաշի իրենից:
Հագուստով պառկելով ցանցաճոճին՝ այգեպանի ծղոտե գլխարկով ծածկեց դեմքն ու սպասեց քնի մոտեցող գնացքին: Գլխարկից տարածվող չոր մամռահոտը ոչ մի կերպ թույլ չէր տալիս կանոնավորել շնչառությունը: Ազատ շնչելու համար գլխարկը քիչ վեր բարձրացրեց: Ազատ շնչառության հետ երևաց մառախուղի պես իջնող քունը: Գլխարկի մամռահոտից տարածվող զգայածին հիշողությունները նրան տարան այնտեղ, որտեղ նույն բանը զգացել էր շատ տարիներ առաջ:
Որսի գնալը հոր ցանկությունն էր: Վայրի բնության մեջ դժվարությունների, խղճի ու համբերության հետ ներքին կռիվ տալով, այսօր պետք է ապացուցեր նրան, թե ինչի է ընդունակ: Քնի մեջ թաղված՝ ծերունին սկսեց վերապրել այդ օրն այնպես, կարծես դրանից հետո ոչինչ էլ չէր փոխվել կյանքում: Ուսին նորից դիպավ հրացանի ծանր ու չոր խզակոթը, մատները որսացին դանդաղ իջնող զույգ շնիկների սառնությունը, դողացող ցուցամատը հպվեց ձգանին, ու խոնավ անտառահողից տարածվեց սուր մամռահոտը: Դարան մտած թփուտներից նայելով անտառի միակ կածանին՝ կրկին զգաց մոտեցող անորոշությունը, որն իր կրակոցից պետք է գույն ու ձև ստանար, և արյան մեջ թպրտոցով մարող այդ կյանքը հոր աչքերում իրեն պետք է տղամարդ դարձներ: Շոգեքարշի պես աշխատող սիրտը զգայուն էր դարձրել նրան ամեն ինչի նկատմամբ: Թվում էր՝ աշխարհում ամեն ինչ կանգ է առել ու ամենքը շունչները պահած սպասում էին իր կրակոցին, որից հետո նորից ամենքն իրենց սովորական գործին պետք է վերադառնաին:
Ծառերի տերևածածկ բների տակ չգորլորշացած խոնավություն կար: Թվում էր իր հետ չի կատարվում այդ ամենը: Հեռվում թփերը շարժվեցին, ձգանին մոտեցող ցուցամատը սկսեց դողալ…
Ականջներում զրնգուն արձագանք առած կրակոցից ծերունին բաց արեց աչքերն ու ցանկանալով ոտքի կանգնել՝ խուճապից կորցնելով ինքնակառավարումը՝ ավելի խճճվեց ցանցաճոճի մեջ: Նույն պահին էլ թվաց, թե այգետնակի պատուհանից ինչ-որ մեկն իրեն է նայում, ինչից ցանկություն առաջացավ բարձր գոռալ՝ ինքն իրեն սթափեցնելու և դրսում գտնվող անծանոթին վախեցնելու համար: Բայց որքան էլ մեծ էր գոռալու պահանջը, արագ ոտքի կանգնելով վերականգնեց ինքնապիրապետումն ու ձեռքն առնելով այգեպանի բահը՝ մոտեցավ պատուհանին: Ծերունին վստահ էր, որ դա նորից նա է, ում տեսավ առավոտյան լվացարանի հայելու մեջ: Պատուհանից երևացող բալենու ծաղկած այգին ամենօրյա կրկնությոնն էր, ու չկար մի բան, որ հուշեր արտասովոր անծանոթի քիչ առաջվա ներկայությունը:
Բահը ձեռքերում ամուր սեղմած՝ ծերունին դուրս եկավ այգետնակից ու կեսօրվա արևից կկոցելով աչքերը՝ ուշադիր զննեց տարածքը: Պատուհանի տակ խոտերը տրորված էին, և ծալված ցողունների աննշան արահետը խորանում էր այգու մեջ: Ծերունին մի պահ երկմտեց՝ որոշելով ետ դառնալ, բայց չկարողանալով իր մեջ խեղդել նահանջի աղերսը՝ շարժվեց անխուսափելիին ընդառաջ:
Ամեն հերթական քայլից հետո թվում էր՝ կհանդիպի նրան ու հենց այստեղ՝ ծաղկած բալենիների այգու ծնկահաս խոտերի մեջ, կնդունի այն, ինչից այդքան վախենում էր: Այգու կեսն էլ դեռ չէր անցել, երբ մոլորվեց անորոշության մեջ ու ետ նայելու վախը սրտում՝ կանգ առավ: Բահն ավելի ամուր սեղմեց քրտնած ափերի մեջ՝ պատրաստվելով հարվածի:
Թեթև քամու հետ խոտերը շարժվեցին, բայց դա չխանգարեց ծերունուն որսալ իրեն մոտեցող անորոշության ձայնը: Ինչ-որ մեկը մոտենում էր ետևից, և ծերունին լավ գիտեր, որ եթե նա է, այս անգամ իրեն ճողոպրել չի հաջողվի:
Մոտեցող ոտնաձայնների խշշոցն ամեն վայրկյանի հետ կրճատում էր այն տարածությունը, որն անծանոթը դեռ երբեք չէր հատել: Որքա՜ն անգամներ էր ծերունին զգացել նրա մոտեցող ոտնաձայներն ու խուսափելով հանդիպումից՝ նորից կյանքին խառնվել, ու հիմա, երբ ամեն ինչ պատրաստ էր վերջնական փախուստի համար, ծերունուն նման վերջաբանը անտրամաբանական թվաց:
Նա արդեն շատ էր մոտ: Խոտերի շրշյունը լսվում էր մի քանի մետրից: Հաշվելով մտքում երեքը՝ ծերունին ամբողջ ուժով ետ պտտվեց՝ հարվածելով թիկունքում կանգնած ենթադրյալ հակառակորդին: Հարված տեղի չունեցավ, քանի որ ետևում ոչ ոք չկար, և բահի ծանրության ուժից կորցնելով հավասարակշռությունը՝ կողաշրջվեց խոտերի մեջ:
Թփերը նորից շարժվեցին, ու մինչ ծերունին անօգուտ փորձում էր ձեռքն առնել մի կողմ ընկած բահը, տեսավ ընդառաջ եկող գամփռին, որին առավոտյան տագնապներից խուճապահար մոռացել էր կերակրել: Գամփռը ավելի մոտեցավ ու առաջին անգամ ծերունին շան ներկայությունից իրեն ապահով զգաց: Այնուամենայնիվ, չթուլացնելով աչալուրջ զգուշավորությունը, արագ ոտքի կանգնեց ու շարժվեց առաջ:
Անցնելով կացարանի պատի տակով՝ բաց պատուհանից քթին առավ ճաշարանից եկող անփոփոխ հոտը: Ծերունին այլայլվեց՝ հիշելով, որ երբ մեկ ժամ հետո հնչի ճաշարան կանչող զանգը, այս անգամ արդեն լվացարանին մոտենալն ու հայլու մեջ նայելը կդառնա փորձություն: Նման փորձություններ շատ էին եղել, ու լավագույն միջոցը դրանց դեմ մեկն էր՝ մեխել այն դուռը, որ տանում էր այդ կողմ: Ծերունին սկսեց հաշվել վերջին երկու տարվա ընթացքում մեխված բոլոր դռները ու նկատեց, որ շատ քիչ բան է մնացել ետևից փակելու համար:
Օրն այսօր չորեքշաբթի էր, և դա առիթ էր լավատեսության փշրանքները հավաքելու համար, քանի որ շաբաթվա այս օրը տարեցների կացարան էր այցելում փոստատար Ռեյը: Սև կաշվե պայուսակը ուսից կախ, ոսկեգույն մենակնոցը ձախ աչքին՝ կանաչ սաժե կոստյումով այդ մարդը իր հին ֆոլքսֆագենը կանգնեցնում էր դարպասներից դուրս ու ներս էր մտնում ոտքով: Այգու կանաչազարդ արահետի վրա նրան էին դիմավորում կացարանի այն բնակիչները, որոնք երեխայի անհամբերությամբ րոպե առաջ ցանկանում էին ստանալ սպասված նամակ կամ բացիկ, ձանձրույթը սպանելու համար բաժանորդագրված թերթ ու ամսագիր: Փոստատարը նաև փոքրիկ փաթեթներ ու մանր իրեր էր բերում, որոնք նախապես պատվիրում էին նրան նախորդ շաբաթ:
Փոստատարի գալուն անհամբերությամբ սպասում էր նաև ծերունին, և արդեն երկու տարի էր, ինչ նրա համար շաբաթը սկսվում էր ոչ թե երկուշաբթի, այլ չորեքշաբթի օրվանից: Ոչ ոք չգիտեր թե ինչ կար այն փոքրիկ ծրարում, որ ամեն անգամ աննկատ նրան էր տալիս Ռեյը:
Աշխույժ շարժումներով մի քանի տարեց կանայք, դուրս գալով մասնաշենքից, շտապեցին այգու կողմը: Քիչ անց նրանց միացան ևս մի քանիսն ու միայն դրանից հետո ծերունին հիշեց ու զարմացավ, որ հասցրել է մոռանալ չորեքշաբթի օրվա այսքան սպասված պահը: Առանց ժամացույցին նայելու էլ պարզ էր, որ փոստատարն արդեն այգու նստարանին նստած առանց շտապելու պայուսակից հանում ու հասցեատերերին է հանձնում նրանց ուղարկված նամակներն ու թերթերը:
Սովորության համաձայն ծերունին մի կողմ քաշվեց, ու միայն այն ժամանակ, երբ փոստատարը մենակ մնաց, սպասեց այնքան, մինչև իրեն կմոտենար: Ծերունուն հանձնելով անհասցե ծալված ծրարը՝ երկու տարվա մեջ առաջին անգամ փոստատարը հարցրեց.
– Ինչի՞դ է պետք այսքան… Դե… Ի՞նչ ես անելու այդքան շատ…
– Պատրաստվում եմ վեր բարձրանալ:
– Կբավականացնի՞,- լուրջ ձև տալով խոսքին՝ հետաքրքրվեց փոստատարը:
– Իմ հաշվարկներով այո՛,- փոխադարձ լրջությամբ պատասխանեց ծերունին:
Փոստատարը ժպտաց նրան ու հրաժեշտ տալով հեռացավ:
– Ռե՛յ,- բարձր ձայնեց ծերունին, ու երբ վերջինս շրջվեց, ցածր, բայց լսելի ասաց,- հաջորդ չորեքշաբթի էլ չբերես:
– Ինչո՞ւ:
– Ես այստեղ չեմ լինի:
– Այդ դեպքում բարի ճանապարհ,- ակնհայտ թերահավատությամբ ասաց փոստատարն ու զգալով, որ դրանով կարող է նեղացնել ծերունուն՝ առանց կանգ առնելու ավելացրեց,- երբ տեղ հասնես, չմոռանաս գրել:
Ճաշարան կանչող առաջին զանգը դեպի կացարանի մուտքի կողմ հավաքեց դրսում գտնվող բոլոր տարեցներին, ու շատ չանցած՝ բակում նա մնաց մենակ: Մենակությունը վախեցրեց նրան, բայց չունենալով այլնտրանք, քաջության կոչ անելով ինքն իրեն շարժվեց դուրս: Ոչ ոք չնկատեց նրա հեռանալը, իսկ եթե նկատեին էլ դրանում արտասովոր ոչինչ չէին տեսնի, քանի որ ծերունին հաճախ էր դռնապանի պատականություններից ելնելով՝ ամենաչսպասված պահերին դարպասների կողմը գնում:
Կացարանի դռնապանի պարտականությունները ծերունին ստանձնել էր կամավոր: Քաղաքից կտրված անտառապատ լեռնալանջերի գրկում տեղակայված այդ վայրում հազվադեպ էր պատահում, որ կողմնակի մարդիկ հայտնվեին, հետևաբար, դռնապանի գործն էլ նրանից մեծ լարվածություն չէր պահանջում:
Ծառայողական մեքենաների համար նա օրվա մեջ մի քանի անգամ բաց էր անում ճռնչացող դարպասները, սիրով զրույցի էր բռնվում սունկ հավաքելու գնացող մոտակա գյուղի բնակիչների հետ, մեծ պատասխանատվությամբ ուղղություն էր տալիս սարալանջի կածանից շեղված ու դեպի անտառաձորի մատուռ գնացող ուխտավորներին, ճգնակյաց գուշակին փնտրող սնահավատ անցորդներին մատնացույց էր անում հեռավոր քարայրի կողմը, ու այսօրինակ գործերով ջանալով լցնել իր առօրյան՝ աշխատում էր չտրվել անպատեհ հայտնվող քնին, ինչը սակայն, ոչ միշտ էր հաջողվում:
Որպես հրաժեշտի առաջին քայլ՝ նա դարպասի բանալին կախելով այգետնակի դռան վրայի մեխից՝ խորը շունչ քաշեց: Ներքին մի ուժ, որ դեռ բնազդաբար կապված էր այստեղից, ստիպեց կկոցել աչքերը արևից փայլող մասնաշենքի ցինկե տանիքի փայլից, հաշվել երկրորդ հարկի ձախից չորրորդ պատուհանը՝ որից այնկողմ իր սենյակն էր ու մտքով ներս մտնել: Երևակայության մեջ իրականից ոչնչով չտարբերվող մանրամասնություններով երևաց սենյակն իր համեստ կահավորանքով: Թվաց, որ եթե մի քայլ էլ անի կարող է բացել ներսից դուռն ու միջանցքում խառնվել ուշացած ճաշարան գնացող տարեցների վերջին խմբին: Հետո արդեն, երբ ճաշարանում կհիշի, որ այնտեղ՝ դարպասների մոտ է մնացել տարակուսանքի մեջ հայտնված իր մյուս կեսը, կշփոթվի որերորդ անգամ այն մտքից, թե որն է իրականը՝ սեղանի առաջ նստա՞ծը, թե՞ նա, ով ետուառաջ է անում դարպասների մոտ՝ ճանապարհ ընկնելուց առաջ քաջության վերջին փշրանքները հավաքելու հույսով:
Ծերունուն տխրեցրեց այն միտքը, որ իր անհետանալուց ավելի ուշ կնկատեն մառանից բացակայող ծղոտե տակառն, ու ոչ ոքի մտքով չի էլ անցնի, որ ինքն այն իր հետ է տարել: Դեռ երկու օր առաջ էր ծղոտե տակառը դուրս նետել ցանկապատի վրայից, իսկ հաջորդ օրը, անտառ տանելով՝ թաքցրել մասրենու թփերի տակ:
Հավանաբար ճաշից հետո կսկսեն իրեն որոնել, քիչ ավելի ուշ կհայտնեն ոստիկանությանն ու փրկարար ծառայություններին: Ծերունին վստահ էր, որ եթե ամեն ինչ իր ուզածով ընթանա, այդ ժամանակ արդեն ինքը հեռվում կլինի: Կլիներ երկու տարի, ինչ օլիմպիական խաղերի պատրաստվող մարզիկի նման ամեն օր նախապատրաստվել էր այս ճամփորդությանը, վայրկյանների ճշգրտությամբ ստուգել էր ամեն մի քայլը, ճակատագրական պահին բացառելու համար ամենաաննշան ձախողումն անգամ: Անտառն անցնելը մեծ խոչնդոտ չէր, ավելի դժվար էր լինելու գետն անցնելը, ու չնայած գտել էր ծանծաղուտ այն հատվածը, որտեղ ջուրը բարակում էր չհասնելով ծնկներին, այնուամենայնիվ իր տարիքի մարդու համար անգամ ծնկահաս ջուրն արդեն լուրջ փորձություն էր: Գետն անցնելուց հետո միայն, մասրենու թփերից պետք է դուրս հաներ ծղոտե տակառն ու հազիվ նշմարելի արահետով շտապեր բացատ: Դեռ օրեր առաջ էր ծառի ճյուղերից կողմնորոշիչ լաթի կտորներ կապել, իսկ ճամփեզրի որոշ քարերի վրա ածուխով խաչանշումներ արել ճակատագրական այդ պահին մոլորվելուց խուսափելու համար,:
Անտառ մտնելուն պես սկսեց ետ-ետ նայել, ինչից անհանգստության քամի անցավ ներսով: Գետի ձայնը լսվեց անտառամիջից ու երբ անցնելով վերջին ծառը նկատեց, որ գիշերվա անձրևից լեռնային գետը վարարել է, երկմտանքի մեջ ընկավ: Անտառից մի կաչաղակ դուրս թռավ և իջնելով գետի միջից դուրս պրծած քարին, սկսեց ջուր խմել: Ծարավը հագեցնելուց հետո կաչաղակը, ցատկոտելով քարից քար, կտուցը գետաքարին քսեց, հետո ինչ-որ բան կտցահարեց գետի փրփուրներից, ու թեթև թռիչքով անհետացավ մասրուտի ետևը:
«Նախանշան է» անցավ ծերունու մտքով. «Եթե կարող է թռչունը, կարող եմ և ե՛ս»: Նա արագ մոտեցավ գետին, դրանով իսկ փորձելով լրացնել կորցրած ժամանակի բացը: Ծանծաղուտը, որ ծրագրել էր անցնել հինգ րոպեում, բավականին ջրառատ էր դարձել ու չնայած դրան՝ այն միակ հնարավոր տեղն էր գետանցման համար: Նստելով քարին՝ ծերունին քանդեց կոշիկների քուղերն ու չթրջվելու համար որոշեց դրանք ձեռը բռնել: Հիշեց թևի ժամացույցի մասին ու ջրից պաշտպանելու համար խնամքով դրեց կոշիկների մեջ: Հագից տաբատը հանելուց ու խնամքով ծալելուց հետո միայն հասկացավ, որ չծրագրավորված գործողությունները խլում են թանկ ժամանակն ու ավելացնում ձախողման հավանականությունը:
Խնամքով ծալված տաբատի գրպանից հանեց փոստատարի ծրարն ու բաց արեց: Դուրս բերելով ծրարից մի կապույտ փուչիկ, ամբողջ ուժով սկսեց փչել այն: Ամեն արտաշնչման հետ փուչիկը մեծանում էր՝ իր գնդաձև տեսքով ոգևորելով ծերունուն: Նախապես միջնամատին փաթաթած թելով կապեց փուչիկն ու մեծ բավականությամբ հետևեց, թե ինչպես է այն ձգվում վեր:
Անտառից ոտնաձայններ լսվեցին: Չոր ճյուղերը փշրվում էին գետափին մոտեցող անծանոթի ոտքերի տակ: Ծերունին անմիջապես հասկացավ, որ դա նա է՝ առավոտյան հայելում մի պահ երևացած անծանոթը, որը դեռ աննահանջ ու առանց դադարի իր ետևից էր գալիս: Խուճապից ձեռքերում դող հայտնվեցին, ոտքերը ծանրացան արճճի պես ու մահվան սուր հոտը, որ հեռացողներին է միայն հատուկ զգալ, սկսեց խեղդել կոկորդը: Կյանքի հետ կապող վերջին ճիգերից կառչաց ծերունին ձեռքը սրտին տարավ և շնչարգելությունը կարգավորող շարժումներով դուրս գալով դարանակալ ցանցից՝ մտավ գետը:
Գետի կեսն անցավ առանց կանգ առնելու: Մի ձեռքում ամուր բռնել էր կոշիկներն ու հագուստը, մյուսում՝ դեպի վեր ձգվող փուչիկը: Երբ ջուրը խորացավ՝ հասնելով գոտկատեղին, սառնությունից սրտում ծակոցներ առաջացան, երեսը քրտինքով պատվեց, ինչից աչքերը մըռմռացին: Նա լավ գիտեր, որ լպրծուն քարերի վրա սայթաքելու դեպքում կկորցնի ջրի հոսանքի դեմ դժվարությամբ պահող հավասարակշռությունը, ինչից հետո անվերադարձ կտրվի փրփրուն ալիքների իշխանությանը: Մի պահ, չնկատելով ձագարաձև ջրապտույտը, հայտնվեց նրա մեջ, ու որպեսզի մինչև քիթը հասնող ջրի հոսանքին չտրվի, թողնելով ձեռքերում եղածը, փորձեց լողալով առաջ շարժվել: Համառությունն էր պատճառը, թե կույր պատահականությունը, բայց շատ չանցած ոտքերի տակ զգաց ավազի բարակ մի շերտ: Զգալով ափին մոտենալու հետ ջրի նվազող խորությունը, որսաց երջանիկ այն պահը, որ ամենաբարդ ու չնախատեսված խոչնդոտն արդեն ետևում մնաց:
Գետն անցնելուց հետո միայն ծերունին նկատեց, որ սողեսող ափին է ձգվում առանց ձեռքի հագուստի իսկ վատթարագույնը այն էր, որ երկինք բարձրացող փուչիկն այլևս ետ վերադարձնել չէր հաջողվի:
Կորցրածի մեջ գտնելով այն մխիթարությունը, որ չի խեղդվել, ծերունին իրավիճակին սթափ նայելու անօգուտ մի փորձ արեց: Հուզմունքն ավելի մեծացավ երբ հակառակ ափին կանգնած տեսավ անծանոթին: Ամբողջությամբ սևահանդենրձ, մինչև կոպերն իջնող գլխաշորով, իր անշարժ կեցվածքով նա ավելի մոլորեցրեց ծերունուն:
Ծերունին շրջվեց ու սկսեց վազել որքան որ թույլ կտար առողջությունն ու անկոշիկ ոտքերը: Մասրուտին հասնելով՝ նա անսխալ մոտեցավ թաքստոցին, որտեղից էլ դուրս հանելով ծղոտե տակառը, առանց ետ նայելու շարժվեց բացատի ուղղությամբ:
Ոտքերն ասես մագնիսի պես հողին էին ձգվում, ամեն մի քայլը տրվում էր մեծ դժվարությամբ ինչպես լինում էր կամազուրկ այն երազներում, երբ փախչում էր մի բանից: Նա մի կերպ անցավ անտառի նեղ արահետն ու մտնելով բացատ՝ լիաթոք գոռաց: Բացատի կենտրոնում, ձվաձև չեչաքարից կապված ութսունինը փուչիկներից կազմված օդապարիկը իրեն էր սպասում: Պակասող ինըսուներորդ փուչիկը, որն արդեն չէր երևում երկնքում, պետք է լրացներ այն ու վեր բարձրացներ ծերունուն: Երկու տարվա համառ ջանքերը մի սխալի պատճառով դատապարտվել էին անհաջողության, որի հետ ոչ մի գնով ծերունին համակերպվել չէր ուզում:
Այնուամենայնիվ նա շատ արագ ծղոտե տակառը չորս կապիչների օգնությամբ ամրացրեց փուչիկների բազմագույն օդապարիկին ու ինքն էլ տեղավորվելով մեջը՝ քանդեց քարերին կապած գլխավոր պարանը: Տակառը ակնթարթորեն կտրվեց գետնից ու անկանոն տարուբերվելով՝ մի քանի մետր վեր բարձրանալով նորից ներքև իջավ: Պակասող վերջին փուչիկը զգացնել էր տալիս իրեն: Ծերունին ավելի ծանր էր, քան դեպի վեր ձգվող փուչիկների փունջը: Բայց նա շատ երկար էր սպասել այս օրվան այդքան հեշտ ձախողմանը հանձնվելու համար: Ծերունին արագ հանեց հագի վերնաշապիկը, կիսավարտիքն ու կիսաթաց ներքին սպիտակեղենը, և նվազագույնի հասցնելով ավելորդ քաշ՝ը դուրս շպրտեց: Առանց վարանելու մի կողմ նետեց ծղոտե տակառի մեջ պահած չորահացն ու ջրով շիշը, ինչից օդապատիկը դանդաղ սկսեց վեր բարձրանալ: Բարձրությունը սակայն չէր գերազանցում բացատը շուրջառած ծառերը: Քամին դանդաղ սկսեց առաջ տանել մի քանի մետրով գետնից կտրված օդապարիկը: Երկար սպասված այս պահը վտանգավոր էր այնքանով, որ առաջին իսկ ծառի ճյուղերին հասնելուն պես փուչիկները կսկսեին պայթել՝ այդպես էլ վեր չտանելով նրան:
Հաղթանակից ոչ մի գնով չնահանջելով՝ ծերունին ձախ ձեքի մատնեմատից հանեց մատանին ու համբուրելուց հետո ներքև գցեց: Քաշի աննշան թեթևությունն էլ բավական եղավ, որ օդապարիկը վեր բարձրանար: Չսպասված տեղաշարժից ոգևորված՝ հաջորդ պահին հրաժարվեց արհեստական ատամներից, դաստակին երկտակ պտտված տերողորմյայից ու պարանոցից կախված դեղահաբերի սրվակից: Զգալով աշխարհինը աշխարհին տալու թեթևության հաճելի զգացումը՝ նա առանց ներքին առևտրի ցած ուղարկեց պարտքերն ու կասկածները, երբեմնի ատելության վերջին փշուրներն, ու մինչև անգամ ներեց աններելին, որ միայն ինքը գիտեր:
Փուչիկներից կազմված օդապարիկը անարգել սկսեց վեր բարձրանա՝լ հասնելով օդային առաջին հոսանքին: Սաղարթախիտ անտառը մնաց ներքևում: Բարձրության նկատմամբ ունեցած վախը հաղթահարելու համար փակ աչքերից մեկը կիսաբացելով՝ ծերունին ներքև նայեց: Գետափին դեռ կանգնած էր անծանոթը, ու այն պահին, երբ օդապարիկն անցնում էր գետի վրայով ծերունին աջ ձեռքի միջնամատը վեր տնկելով թափահարեց նրա վրա ու բարձր բղավեց.
– Հե-հե-հե-հեեեյ…
Քամու մի նոր հոսանք փոխեց ուղղությունը ու մի քանի մետր վեր բարձրացնելով՝ թեթև ցնցումներով առաջ տարավ: Ներքևում երևաց տարեցների կացարանը, դարպասների դիմաց շտապօգնության մեքենա էր կանգնած, հեռվից անտառմիջյան մայրուղով մոտենում էր փրկարար ծառայության մեքենան, իսկ բակում խմբված էին իր բացակայությունից անհանգստացած աշխատակիցները:
Բարձրության պատճառով ծերունին չկարողացավ ճանաչել նրանց, բայց շատ ուզեց, որ գոնե մեկը վեր նայեր ու տեսներ իրեն: Մարդիկ այնքան փոքր էին վերևից, որ շատ չանցած՝ ծերունին սկսեց չնկատել նրանց: Որքան օդապարիկը վեր էր բարձրանում, ծերունին ավելի ազատ ու թեթև էր զգում իրեն: Չկային արդեն նախկին ցավերը, մարմնի տհաճ անհարմարություններն ու վախերը:
Նրա համար մեծ բացահայտում էր, երբ նկատեց երկնակամարն ու ցողացող անձրևից հետո շողացող ծիածանը: Դաշտերը, անտառները, լճերը, գյուղերն ու մեծ ու փոքր քաղաքները այնքան արագ էին փոխվում մեկը մյուսով, որ ծերունին շատ արագ կորցրեց կողմնորոշումը, թե որտեղ է հիմա: Աշխարհն այլ էր վերևից, ու որքան օդապարիկը վեր էր բարձրանում, այնքան ավելի աննշան էին դառնում մարդկային պահանջներն ու ամենակարևոր թվացող խնդիրները:
Զգալի բարձրությունից նայելով ներքև՝ ինչ-որ թաքուն կարոտ զգաց, ու որքան էլ ջանաց թաքցնել այն ներսում՝ չհաջողվեց: Դեպի վեր տանող օդապարիկի համար կարոտն այդ շատ էր ծանր: Ծերունին քիչ ուշ նկատեց նվազող բարձրության պատճառով կրկին մեծացող երկիրն ու աշխարհի վերադարձող տեսքը:
Թռչում էր դաշտավայրերի վրայով որոնց ցանքատարածությունները կարկատանների էին նման: Լճի վրայով թռիչքը հնարավորություն տվեց ջրի մակերեսին տեսնել սավառնող օդապարիկից ներքև նայող իր երջանիկ դեմքը ու միայն նավահանգստի վրայով անցնելիս ծերունին ի վերջո հասկացավ, թե մագնիսի պես դեպի ուր է ձգում իրեն այդ կարոտը:
Երևաց գյուղը: Երևացին տներն իրենց փոքրիկ այգիներով: Ոչխարի հոտը խրտնած ցրվեց երբ օդապարիկի ստվերը, մոտենալով նրանց, անցավ վրաներով: Զարմացած հովիվն ու շունը, չհասկանալով թե ինչ կատարվեց, առանց վեր նայելու շտապեցին իրար գլուխ հավաքել ցրված հոտը: Լսվեցին եկեղեցու զանգերը: Երգեհոնի տիրական հնչյունները լսելի դարձան բոլոր կողմերից: Գյուղավերջի տանը մոտենալուն զուգահեռ օդապարիկը կորցրեց բարձրությունն ու ծղոտե տակառը, հասնելով գետնին, ակոսե հետք թողնելով հողին, մի փոքր առաջ գնալուց հետո կանգ առավ:
Ծերունին ուզեց դուրս գալ ծղոտե տակառից, սակայն նայելով իր մորեմերկ մարմնին, չարեց դա: Քիչ հեռվում, փոքրիկ մի աղջնակ, տիկնիկն ամուր գրկին սեղմած, իրեն էր նայում: Ծերունին ժպտաց նրան ու որպես ողջույնի նշան՝ թափահարեց ձեռքը: Աղջիկն անակնկալի եկած ձեռքից ցած գցեց տիկնիկը ու դեպի տան կողմ վազեց, բայց հազիվ էր սկսել հեռանալ, երբ նորից ետ վերադարձավ տիկնիկի ետևից ու աչքի տակով մեկ անգամ ևս զննելով ծերունուն հեքիաթային գունեղ փուչիկներից կազմված օդապարիկի մեջ՝ անթաքույց ժպտաց:
Տան դուռը բացվեց ու ճերմակ լվացված սպիտակեղենի կլոր տաշտը ձեռքին դուրս եկավ նա: Կարոտը, որ յոթ վերմակի տակ անցած ձևացնում էր իր բացակայությունը, տեսնելով նրան՝ անմիջապես մատնեց իր տեղը: Փոխվել էր նա, ճերմակել էին երբեմնի հրավառ մազերը, դեմքին նկատելի կնճիռներ էին առաջացել, գեղակազմ մարմինը կորցրել էր նախկին հմայքը ու չնայած այդ ամենին, ծերունին սիրում էր նրան այնպես, ինչպես շատ տարիներ առաջ, երբ առաջին անգամ տեսավ ու հասկացավ, որ այսպես սիրել երբեք ինքն էլ չի կարողանալու:
Ծառից ծառ կապված պարանին լվացքը փռելով՝ նա չէր էլ նկատում իրեն: Աղջնակը, զարմացած տատի անտարբերությունից՝ մոտեցավ նրան, քաշեց փեշն ու մատնացույց արեց ծերունուն:
– Տե՛ր իմ Աստված,- շշնջաց կինն ու ձեռքից ցած գցեց օսլայած ճերմակ սպիտակեղենը:
– Ողջույն,- ասաց ծերունին ու քանի որ թվաց, թե ձայնը ցածր հնչեց, ավելի բարձր ավելացրեց,- գիտեմ, որ ինձ չէիր սպասում, բայց ես չէի կարող հեռանալ առանց քեզ տեսնելու:
– Խե՛նթ,- մոտենալով ծերունուն՝ ասաց կինը ու շատ արագ հավաքելով իրեն երջանիկ հանդիպման անակնկալից զարմացած՝ ավելացրեց,- ներս արի տուն:
– Ես առանց հագուստի եմ,- չցանկանալով թողնել օդապարիկը՝ պատճառաբանեց ծերունին:
– Ես առանց հագուստի էլ եմ տեսել քեզ:
– Դե հա,- կմկմաց ծերունին,- բայց այն ժամանակ ես երիտասարդ էի:
– Ինչպես տեսնում ես, հիմա արդեն ես էլ առաջվանը չեմ,- ավելի մոտենալով ծերունուն՝ ասաց կինը ու արցունքներն աչքերին՝ գրկեց նրան:
– Ի՞նչ ես ասում,- հուզմունքն արագ կուլ տալով ասաց ծերունին,- դու հիմա էլ գեղեցիկ ես:
– Էլ մի սկսիր:
– Ես հաճախ էի երազներիս մեջ քեզ մոտ գալիս:
– Գիտեմ: Ու ամեն անգամ իմ իրերից մի բան էիր տանում:
– Ներիր: Ես միայն առավոտյան էի դրանք հայտնաբերում անկողնում,- արդարանալ սկսեց ծերունին:
– Ինձ հաճելի էր նկատելը, որ ինձանից կրկին մի բան կա քեզ մոտ:
– Թոռնի՞կդ է,- ցույց տալով զարմանքն ու հետաքրքրասիրությունը չկորցրած աղջնակին՝ հետաքրքրվեց ծերունին:
– Հա,- գլխով արեց կինը:
– Ես պետք է գնամ:
– Ինչպես միշտ շտապում ես:
– Այս անգամ ամեն ինչ այլ է:
– Ձեռքերդ սառն են,- չցանկանալով այդքան շուտ բաժանվել ասաց նա:
– Բան չմնաց, շուտով կտաքանան:
Օդապարիկը շարժվեց քամուց: Ծերունին համբուրեց նրա դեռ թաց այտերն ու կտրվեց գետնից: Երբ օդապարիկը վեր բարձրացավ, աղջնակը մոտեցավ տատին ու գրկեց նրան: Նրանք երկուսով դեռ երկար էին նայում վերև բարձրացող ծերունուն, մինչև նա իսպառ անհետացավ:
– Տա՛տ, անձրև է գալիս,- քաշելով դեռ երկինք նայող տատի փեշից՝ ասաց աղջնակը:
– Դա անձրև չի բալիկս:
– Հապա ինչ է՞:
– Այդ նա է արտասվում վերևից:
– Անձրևանոց բերե՞մ:
– Չէ: Նա երկար արտասվել չի սիրում:
Ամպի առաջին քուլաներին հասնելով՝ ծերունին, փակելով աչքերը, ավելի ամուր բռնվեց պարաններից: Մի որոշ ժամանակ հետո, զգալով, որ արտասովոր ոչինչ տեղի չի ունենում բաց արեց կոպերն ու ապշեց ամպի փրփրադեզ ճերմակությունից: Ժամանակի բացակայությունը առաջին բանն էր, որ չզարմացրեց նրան: Կամաց-կամաց նրան սովորական թվաց իր խելահեղ ճամփորդությունը, իսկ երբ մի պահ ինքն իրեն բռնեց նրանում, թե ինչպես է թևերը թափահարում թռչնի նման զամբյուղից դուրս հանած, այս ամենը վերագրեց երազի ու հիասթափված սպասեց արթնանալու անցանկալի սառնությանը:
Վարագուրաշերտերի նման ամպերը սկսեցին ցրվել, ու երևաց լույսի անսահմանությունը: Ծիրանագույն մի հրե գունդ փայլող հայելու նման սկսեց դեպի իրեն ձգել ամեն ինչ: Ծերունին միայն այդ պահին նկատեց, որ օդապարիկն արդեն չկա:
Դեպի վեր գնալու համար, հիմա արդեն ցանկությունն էլ բավական էր:
Սեպտեմբեր 2021