Կարեն Ա. Սիմոնյան | Երկիր են վերադառնալու երեքը

– Չե՛մ կարող:
Սաղավարտի հաստ ապակու տակից միայն նրա շրթունքների շարժումը տեսա: Ձայն չէր լսվում: Միայն ենթադրեցի, որ Միսաք Մանասեն ասաց. «Չեմ կարող…»: Հետո փակեց աչքերն ու խնդրեց.
– Գնացե՛ք:
Նայեցի շուրջս:
Ոչինչ չէր փոխվել: Նարնջագույն ամպերը անշարժ կածված էին մեր գլխավերը: Երբեմն լսվում էին շանթերի հեռավոոր ու խուլ ճայթյուններ: Իսկ գորշ զանգվածը շարունակում էր դանդաղ, բայց համառորեն առաջ սողալ:
Ի՞նչ էր ուզում նա,այդ շարժուն շերտը, որ գորշ էր՝ կարմրավուն բծերով, որ երբեմն ալեկոծվում էր, որ մեր վայրէջքից անմիջապես հետո շարունակ հետևում էր մեզ:
Նա նման էր հրաբխային լավայի: Միայն թե ավելի խելացի: Ուզում էր շրջապատել մեզ: Եվ եթե Միսաքը չկարողանար ոտքի կանգնել, շարժուն զանգվածը կծածկեր, կկլաներ բոլորիս:
– Ժամանակ ենք վատնում,- ասաց Ոստանիկ Թադևոսը:- Բարձրացրու, միասին կտանենք:
Միսաքը փորձեց հակառակվել: Խնդրում էր, որ իրեն հանգիստ թողնենք: Հիշեցնում էր, որ եթե մեր արշավը տապալվի, ինչպես այդ պատահեց Գնել Սմբատի խմբի հետ, ապա մոլորակի ուսումնասիրության գործը դարձյալ կհետաձգվի:
…Երկուսով գրկեցինք Միսաքին ու շարունակեցինք քայլել: Միսաքը ծանր էր:
Երբեմն նայում էի հետ:Մեր ու գորշ զանգվածի միջև ընկած տարածությունը ավելացել էր: Բայց նա շարունակում էր համառորեն սողալ մեր հետքերով:
Նա մեզ արդեն իրենն էր համարում: Ու չէր շտապում: Սողում էր՝ տարածված ամբողջ հարթավայրով մեկ: Առաջ էր նետում իր ելուստները, ալեկոծվում էր ու անշտապ սողում:
– Միայն թե շուտ հասնենք աստղաթիռին… Գնել Սմբատի խումբը ոչնչացրել է նա՝ զանգվածը,- հևալով ասացի ես:
– Այո՛,- պատասխանեց Ոստանիկ Թադևոսը:
Գիտեի, որ իմ ասածը նորություն չէ: Բայց նարնջագույն ամպերը, սողացող զանգվածն ու լռությունը ստիպում էին խոսել ամենահիմար բաների մասին:
– Աստղաթիռին հասնելուն պես պետք է թռչենք:
– Այո՛,- պատասխանեց Ոստանիկ Թադևոսը:
– Այս զանգվածից նմուշ չվերցնե՞նք:
Ոստանիկ Թադևոսը չպատասխանեց:
– Այս մոլորակի միակ կենդանի բնակիչը նա է: Տե՛ս, ինչպես է ընկել մեր հետևից:
– Ծանր է,- ասաց Ոստանիկը:
– Հանգստանանք,- առաջարկեցի ես:
– Ժամանակ չունենք:
Շարունակեցինք քայլել: Չէինք խոսում: Միայն Միսաքն էր երբեմն շարժում շուրթերը՝ «Թողե՛ք ինձ»:
…Երեկոյան, երբ նարնջագույն ամպերը ավելի խիստ երանգ ստացան, հորիզոնի վրա երևաց աստղաթիռը:
Գորշ զանգվածը շատ հետ էր մնացել: Չէինք տեսնում նրա շարժուն ելուստները և ալեկոծվող մակերեսը: Բայց համոզված էինք, որ նա շարունակում է սողալ մեր հետքերով: Վայրէջք կատարելու օրից նա հետևում էր մեզ: Կարողացավ օղակման մեջ առնել Միսաքին: Եվ եթե մի փոքր հապաղեինք, Միսաք Մանասեն այլևս չէր լինի…
– Ինչո՞ւ կանգնեցիր,- հարցրեցի Ոստանիկ Թադևոսին:
– Մեկը մոտենում է:
– Զանգվա՞ծը:
– Չէ՛: Մարդ է մոտենում:
Միսաք Մանասեին դրեցինք գետնին: Նարնջագույն ամպերի խիստ երանգները դարձել էին գորշ: Եվ այդ գորշության վրա, մի քանի քայլ հեռու, տեսանք ինչ-որ մեկի ուրվագիծը:
– Նա զրահազգեստով է,- ասացի ես:
…Անծանոթը մոտեցավ: Լուռ զննեց մեզ: Հետո նայեց հեռուն ու ասաց.
– Զանգվածը մոտենում է: Շտապեք: Աստղաթիռը հեռու չէ: Աստղաթիռում ապահով է:
Մենք նորից բարձրացրինք Միսաք Մանասեին ու քայլեցին: Մարդը գալիս էր մեր հետևից:
– Դու Գնել Սմբատի արշավախմբի՞ց ես,- հարցրեց Թադևոսը:
– Այո՛: Արշավախմբից մնացել եմ միայն ես: Մյուսներին կլանեց գորշ զանգվածը: Հիանալի՜ տեսարան էր:
– Ի՞նչ:
Մարդը լռեց:
– Չե՞ս օգնի,- խնդրեց Թադևոսը:- Երեքով ավելի հեշտ կտանենք Միսաքին:
Մարդը նույնիսկ ուշադրություն չդարձրեց Ոստանիկի ասածին: Նա քայլում էր մեզնից քիչ հեռու:
– Դու ինչպե՞ս փրկվեցիր,- հարցրեցի ես:
– Խաբում եմ նրան: Արդեն չորս տարի է զանգվածը հետևում է ինձ: Բայց չի կարողանում հասնել: Ես խաբում եմ նրան:
Ուզեցի հարցնել, թե նա ինչպե՞ս է իր գլուխը պահել այդ չորսուկես տարիների ընթացքում: Բայց մենք արդեն հասել էինք աստղաթիռին:
…Խցիկում նստած, նայում էինք դուրս: Գորշ զանգվածը շրջապատել էր աստղաթիռը:
– Նա մոլիբդենով է սնվում,- ասաց մեր նոր ծանոթը:- Դրա համար էլ ընկնում է միայն զրահազգեստների հետևից: Ոչ թե մարդիկ են նրան հրապուրում, այլ զրահազգեստները: Այսինքն՝ նրանց մեջ պարունակվող մոլիբդենը:
Միսաքը թույլ տնքաց:
Իսկ ես ու Ոստանիկ Թադևոսը լուռ նայեցինք իրար:
Հետո Թադևոսը գլուխը շրջեց ու նայեց դուրս: Ապա լսեցի նրա ձայնը:
– Առավոտյան մեկնելու ենք: Անպայմա՛ն:
Դա հասկանալի էր: Բայց հիմա չորսով էինք: Աստղաթիռը կարող է տանել միայն երեքին: Վերջապես, մեր ճանապարհորդությունը ոչ թե ժամերի, այլ տարիների հարց էր:
– Կմեկնեք երեքով: Ես կմնամ,- ասաց Ոստանիկ Թադևոսը:
– Միսաքը հիվանդ է: Նա անպայման պետք է գնա,- ասացի ես:- Դու ևս պետք է անպայման մեկնես: Որպեսզի ամփոփես մեր այս արշավախմբի արդյունքը: Այլապես ամեն բան անիմաստ կդառնա: Ե՛ս եմ մնալու: Չվիճե՛նք:
– Համենայն դեպս, ես պետք է վերադառնամ Երկիր,- ասաց մեր նոր ծանոթը:- Իսկ դուք կարող եք, վերջին հաշվով, վիճակ գցել, թե ձեզնից ովքե՞ր պետք է գան ինձ հետ:
– Կմնամ ես,- հևալով ասաց Միսաքը:- Իմ վերջն… այստեղ է… Ես… չեմ կարող… դուք գնացեք… երեքով…
– Ես ամեն դեպքում պետք է վերադառնամ Երկիր,- ասաց մեր նոր ծանոթը:- Իսկ դուք կարող եք վիճակ գցել:
– Մնալու եմ ե՛ս: Չվիճե՛նք,- գոչեցի ես:
– Քեզ հարսնացուդ է սպասում: Դու պետք է գնաս,- ասաց Ոստանիկ Թադևոսը:
– Ես ամեն դեպքում պետք է վերադառնամ Երկիր,- ասաց մեր նոր ծանոթը:- Վիճակ վաղը կգցեք… Ձեզնից երկուսը կմեկնեն ինձ հետ: Ես անպայման պետք է գնամ:
…Որոշեցինք այլևս չվիճել:
Պառկեցինք առանց զրահազգեստները հանելու, որովհետև ամեն վայրկյան կարող էր վթարային վիճակ ստեղծվել:
Շատ էինք հոգնել: Քնել չէի կարողանում: Մտածում էի: Երբեմն շնչահեղձ էի լինում հուզմունքից ու նաև՝ զայրույթից: Այո, զայրույթից… Ես պատրաստ էի մնալ այս մոլորակի վրա: Բայց ինչո՞ւ էր մեր նոր ծանոթը շարունակ կրկնում, թե ինքն է գնալու: Ինչո՞ւ էր նա շարունակ իրեն առաջ գցում, իր մասին մտածում:
Թադևոսն էլ էր անհանգիստ: Նա նույնպես պառկած տեղն ու չէր կարողանում քնել: Վերջապես, կիսաձայն, ասաց.
– Մեղադրել չի կարելի… Չորսուկես տարի… Այն էլ բոլորովին միայնակ…
– Այդպիսի մարդ առաջին անգամ եմ տեսնում,- ասացի ես:- Կյանքումս նրա նման երկրորդին չեմ հանդիպել:
– Նա մարդ չէ,- տնքալով նկատեց Միսաքը:- Ազնիվ խոսք… Համաձայնեք, որ ես մնամ ու թողեք ինձ… Իմ վերջ մոտ է… Բայց նա մարդ չէ…
Լռեցինք:
Չէի կարողանում քնել: Ականջիս տակ հիմա էլ զնգում էր Միսաք Մանասեի ձայնը. «Նա մարդ չէ…»: Բայց ինչո՞ւ չասել հենց նրա, մեր նոր ծանոթի երեսին…
Մոտեցա: Ցնցեցի: Հետո փորձեցի բարձրացնել նրա գլուխը: Ծանր էր: Շատ ծանր:
Վառեցի լապտերը: Լույսի նեղ փունջը սահեց նրա դեմքի վրայով: Ես ավելի կռացա վրան:
– Ոստանի՜կ:
Թադևոսը վեր թռավ:
– Ոստանի՛կ, սա Գնել Սմբատի արշավախմբի ռոբոտներից է,- գոչեցի ես:

***
Առավոտյան վիճակ գցելու հարկ չեղավ: Ռոբոտի գլուխը վերցրինք հետներս: Դա ամենից կարևորն էր: Չէ՞ որ այնտեղ էին գրանցվել չորսուկես տարվա դիտումների արդյունքները: Իսկ մարմինը դուրս նետեցինք:
Գորշ զանգվածը անմիջապես շրջապատեց մետաղյա խուրձն ու ալեկոծվեց:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *