Սամվել Սաղաթելյան | Երկու սրտանի Վարազդատի չպատերազմը

Մորս՝ Օլինկա Կնյազյանի գերդաստանը մեծ էր։
Մորիցս շատ եմ լսել իրենց ցեղի պատմություններից, բայց նրա Վարազդատ հորեղբոր մասին պատմածներից այս մեկը հատուկ է տպավորվել։
Բնատուր մեծ ուժի և համարձակության տեր մարդ էր Վարազդատը։
Մայրս պատմում էր, թե ինչպես մի անգամ գիշերով հարսանիքից դուրս գալուց մերկ ձեռքերով գայլ էր բռնել, գոտիով կապել դունչը ու կախել ծառից։ Հաջորդ օրը ամբողջ գյուղը հավաքվել էր դիտելու երախը «գյամած» ու ծառից անօգնական կախված գիշատիչին։
Պատերազմը սկսվելուն պես Վարազդատին զորակոչում են։
Մոտ մի տարի անց առանձնահատուկ սխրանքի համար մեկ շաբաթով տուն են բաց թողնում, բայց գալով գյուղ՝ տնեցիքին հավաքում է ու հայտնում իր որոշման մասին. չվերադառնալ զորամաս՝ հիմնավորելով, որ էդ կռիվը իր կռիվը չի ու ինքը Ստալինի համար չի կռվի։
Մորս մոտ շատ տպավորվել էր այն գիշերը, երբ Վարազդատը քրոջ տղայի հետ ֆիդայու նման լրիվ զինված եկել էին հրաժեշտ տալու, որ մեկնեն սարերը։
Դասալքության մասին լուրը մի քանի օրից տարածվում է ու հայտնի դառնում շրջանի ղեկավարությանը։
Կոմկուսի քարտուղարը սեփական նախաձեռնությամբ որոշում է գնալ սարերը, գտնել և դարձի բերել դասալիքներին։
Չնայած որ նրան հաջողվում է գտնել ըմբոստների թաքստոցը, բայց հաշվի չառնելով, թե ու՞մ հետ գործ ունի, ավելորդ ագրեսիվ եռանդ ցուցաբերելու արդյունքում զոհվում է Վարազդատի գնդակից։
Մի քանի օր անց ЧК(ԿԳԲ)-ի հատուկ ջոկատը հայտնաբերում է նրանց ու շրջապատում։
Մի քանի ժամ Վարազդատն ու քրոջ տղան մեջք մեջքի տված կատաղի դիմադրություն են ցույց տալիս մի քանի անգամ գերազանցող ուժերին։
Երբ փամփուշտներն արդեն վերջանում են և պարզ է դառնում կռվի ելքը, Վարազդատը դաշույնով վերջ է տալիս մինչ այդ արդեն վիրավոր քրոջ տղայի կյանքին, իսկ հետո էլ սամուրայի նման նույն դաշույնով կտրում է իր կոկորդը։
Զինվորականներն ապստամբների արյունոտ դիակները բեռնատարի բաց թափքին դրած, ի ցույց համագյուղացիների ստվար բազմության, գյուղի միջով հանդիսավոր տեղափոխում են շրջկենտրոն՝ թույլ չտալով հարազատներից որևէ մեկին մոտենալ։ Միայն Վարազդատի քույրն է փորձ անում նետվել դեպի դիակները, բայց նրան կալանում են և տեղափոխում ԿԳԲ։ Մայրս պատմում էր, որ հետո իրենց ծանոթներից տեղեկացրել էին, որ Վարազդատի քրոջը ծեծել են և բռնաբարել ԿԳԲ ի նկուղներում։ Վարազդատի կնոջն ու երեխային, ինչպես վարվում էին բռնաճնշման տարիներին, աքսորում են Սիբիր։
Մի քանի օր անց հերձման արդյունքներից զարմացած, հերձող բժիշկը, որը մտերիմ էր ընտանիքին, տեղեկեկացնում է, որ Վարազդատի մոտ երկու սիրտ է հայտնաբերվել։
Երկու սրտի տեր Վարազդատի Չ՚պատերազմը մեկ մարդու անհնազանդությունն էր անհատի ազատությունը ճզմած երկու համակարգերի հրահրած պատերազմին և իրավունքը՝ ընտրելու իր կռիվը ու մերժելով պարտադրվածը։

Երևան, 2010

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *