Հարլան Էլիսոն | Ես բերան չունեմ, բայց պետք է գոռամ

Գորիսթերի տկար մարմինն անհենարան կախված էր համակարգչային սենյակի բարձր առաստաղից՝ հենց մեր գլխավերևում։ Այն չէր շարժվում՝ չնայած ցրտաշունչ աղտոտ քամուն, որ անդադար փչում էր գլխավոր քարանձավից։ Մարմինը կախված էր գլխիվայր` աջ ոտնաթաթի ներբանից։ Այն արնաքամ էր եղել սրածայր ծնոտի տակով ականջից ականջ ձգվող կտրվածքից։ Մետաղյա հատակի հայելային մակերեսին արյուն չկար։

Երբ Գորիսթերը միացավ մեր խմբին ու, վեր նայելով, տեսավ ինքն իրեն, մենք չափազանց ուշ, բայց հասկացանք, որ ԱՄ-ը ևս մեկ անգամ մոլորեցրել էր մեզ, ծաղրել. դա մեքենայի հերթական զվարճությունն էր։ Մենք երեքս փսխել էինք, շրջվել էինք մեկս մյուսից՝ ենթարկվելով մի ռեֆլեքսի, որը նույնքան հին էր, որքան այն առաջացրած սրտխառնոցը։

Գորիսթերը սպիտակեց։ Ասես մոգական խորհրդանիշ էր տեսել, և վախենում էր ապագայից։ «Օ՜, աստվա՛ծ իմ,— փնթփնթաց նա ու հեռու քայլեց։ Որոշ ժամանակ անց երեքս էլ գնացինք նրա հետևից ու նրան գտանք նստած՝ մեջքը հենած դղրդացող մեքենաների կույտին, գլուխն՝ ափերի մեջ։ Էլենը ծնկի իջավ նրա մոտ ու շոյեց գլուխը։ Նա չշարժվեց, բայց դեմքը ծածկած ձեռքերի տակից պարզորոշ լսվեց նրա ձայնը. «Ինչո՞ւ չի ուղղակի վերջներս տալիս` պրծնենք էս ամենից։ Քրիստոս, չգիտեմ՝ էլ ինչքան կդիմանամ»։

Դա մեր հարյուր իններորդ տարին էր համակարգչում։

Բոլորիս սրտից էր խոսում։

Նիմդոկը (այս անունը նրան պարտադրել էր մեքենան. ԱՄ-ին զվարճացնում էին տարօրինակ հնչյունակույտերը) երևակայում էր, թե սառցե քարանձավներում պահածոյացված մթերք կար: Գորիսթերն ու ես խիստ կասկածում էինք։ «Հերթական անհեթեթությունն է,— ասացի նրանց,— ինչպես անիծյալ սառեցված փիղը, որով ԱՄ-ը խաբեց մեզ։ Բենին էդ անգամ համարյա խելքը գցեց։ Էդքան ճամփա կանցենք, ու կպարզվի՝ փտած է, կամ էլ մի ուրիշ գրողի տարած բան։ Ասում եմ՝ մոռացեք։ Էստեղ մնացեք, շուտով ստիպված ինչ-որ բան կտա մեզ, թե չէ կմեռնենք»։

Բենին թոթվեց ուսերը։ Վերջին անգամ երեք օր առաջ էինք կերել։ Որդեր։ Հաստ, լպրծուն։

Նիմդոկը նույնպես վստահ չէր։ Նա գիտեր, որ հույս կար, բայց այն գնալով մարում էր։ Չէր կարող այնտեղ ավելի վատ լինել, քան այստեղ։ Գուցե ավելի ցուրտ լիներ, բայց դա կարևոր չէր։ Տաքություն, ցուրտ, կարկուտ, լավա, թարախապալարներ, թե մորեխներ՝ կապ չուներ. մեքենան ձեռնաշարժություն էր անում, իսկ մենք պետք է դիմանայինք կամ մեռնեինք։

Էլենը մեր փոխարեն որոշեց։ «Պետք է մի բան ուտեմ, Թեդ։ Կարող է էնտեղ «բարթլետ» տանձ կամ դեղձ լինի։ Խնդրում եմ, Թեդ, եկեք փորձենք»։

Ես հեշտությամբ զիջեցի։ Գրողը տանի։ Ինչ կարևոր էր։ Չնայած Էլենը երախտապարտ էր։ Երկու անգամ արտահերթ «տվեց» ինձ։ Նույնիսկ դա էր արդեն կորցրել նշանակությունը։ Հետո էլ նա օրգազմի չէր հասնում, ուրեմն էլ ինչո՞ւ մտահոգվել։ Բացի դրանից, ամեն անգամ, երբ անում էինք դա, մեքենան հռհռում էր։ Բարձրաձայն, վերևից, հետևից, մեր շուրջ բոլորը, նա քմծիծաղ էր տալիս։ Այն քմծիծաղ էր տալիս։ Հիմնականում ես ԱՄ-ի մասին մտածում էի որպես «այն»՝ անհոգի, իսկ երբեմն էլ՝ որպես «նա»՝ արական սեռով, հայրական… հայրիշխանական… որովհետև խանդոտ խալխ է։ Նա։ Այն։ Աստված, Խելացնոր Հայրիկ։

Մենք ճանապարհ ընկանք հինգշաբթի օրը։ Մեքենան միշտ տեղյակ էր պահում ամսաթվից։ Կարևոր էր՝ ինչքան ժամանակ էր անցնում. մեզ համար՝ ոչ, նրա համար՝ հաստատ… այն… ԱՄ-ը։ Հինգշաբթի է։ Դե շնորհակալություն։
Նիմդոկն ու Գորիսթերը մի որոշ ժամանակ, միմյանց դաստակները բռնած, նստատեղի նման մի բան էին սարքել՝ Էլենին տանելու համար։ Բենին քայլում էր առջևից, ես՝ հետևից՝ համոզվելու, որ եթե ինչ-որ բան պատահի, մեզնից մեկին կլինի, ու գոնե Էլենն ապահով կլինի։ Ապահով՝ չնչին հավանականությամբ։ Կարևոր չէր։

Մինչև սառցե քարանձավները մոտ հարյուր մղոն էր, և երկրորդ օրը, երբ մենք պառկած էինք նրա կողմից նյութականացված արևանման բանի տակ, նա վերևից մանանա ուղարկեց։ Վարազի եռացրած մեզի համ ուներ։ Մենք կերանք այն։

Երրորդ օրն անցանք անգործածության մատնված մի հովտով՝ լի համակարգիչների ժանգոտած կմախքներով։ Իր սեփական կյանքի հետ ԱՄ-ը նույնքան անողոք էր, որքան մեր։ Դա նրա անհատականության բնորոշիչն էր. այն ձգտում էր կատարելության։ Թե՛ իր սեփական գոյության համար անպիտան տարրերի ոչնչացման, թե՛ մեզ տանջահարելու եղանակների կատարելագործման հարցում ԱՄ-ն ավելի ջանադիր էր, քան նրան ստեղծողները, որ վաղուց արդեն փոշիացել էին, երբևէ կարող էին հուսալ։

Վերևից լույսի ճառագայթներ էին թափանցում, և մենք հասկացանք, որ հավանաբար շատ մոտ ենք մակերևույթին: Բայց մենք չփորձեցինք սողալ վերև ու ստուգել։ Այնտեղ, ըստ երևույթին, ոչինչ չկար. ավելի քան հարյուր տարի չէր եղել ոչինչ, որ կարելի էր ինչ-որ բան համարել։ Միայն՝ պայթեցված կեղևը Երկիր մոլորակի, որ նախկինում միլիարդավոր մարդկանց տունն էր եղել։ Մնացել էինք միայն մենք հինգս, այստեղ՝ ներքևում, միայնակ` ԱՄ-ի հետ։

Ես լսեցի Էլենի կատաղած ձայնը. «Ո՛չ, Բե՛նի։ Պե՛տք չէ, գնա՛նք, Բե՛նի, պե՛տք չէ, խնդրում եմ»։

Այդ ժամանակ հասկացա, որ արդեն մի քանի րոպե էր, ինչ Բենին քթի տակ մռթմռթում էր։ Շարունակ ասում էր. «Ես դուրս կպրծնեմ, ես դուրս կպրծնեմ…»։ Նրա կապկանման դեմքը ծամածռված էր երանելի հրճվանքի ու տխրության արտահայտությունից. երկուսը՝ միաժամանակ։ «Փառատոնի» ժամանակ ԱՄ-ի թողած ճառագայթային սպիները վերածվել էին սպիտակավարդագույն ծալքերի զանգվածի, և նրա դիմագծերն ասես միմյանցից անկախ էին աշխատում։ Թերևս Բենին մեր հինգից ամենաբախտավորն էր. նա խելքը թռցրել էր դեռ տարիներ առաջ։

Եվ չնայած մենք կարող էինք ԱՄ-ի մասին ամենավերջին բառերով խոսել, ամենակեղտոտ մտադրություններն ունենալ հիշողության սարքերը պայթեցնելու, հիմնաթիթեղները կոռոզիայի ենթարկելու, էլեկտրական շղթաները վառելու և վերահսկողության համակարգերը ցաքուցրիվ անելու մասին, մեքենան չէր հանդուրժի մեր կողմից փախուստի որևէ փորձ։ Բենին դուրս պրծավ, երբ փորձեցի բռնել նրան։ Նա մագլցեց կողքի թեքված ու փտած բաղկացամասերով լցված հիշողության բլոկի երեսը: Մի պահ պպզած մնաց՝ ճիշտ և ճիշտ շիմպանզեի պես, որին ցանկացել էր նմանեցրել նրան ԱՄ-ը։

Հետո նա բարձր ցատկեց, ձեռքն առավ քայքայված ու կոռոզիայի ենթարկված մետաղյա մի ձող, կենդանու նման գործի դնելով երկու ձեռքերը՝ սկսեց մագլցել դրա վրայով, մինչև հայտնվեց ձողակառույցով ելուստի վրա՝ մեզնից քսան ոտնաչափ բարձրության վրա։

— Օ՜, Թե՛դ, Նի՛մդոկ, խնդրում եմ, օգնե՛ք նրան, իջեցրե՛ք նրան, քանի դեռ…,— նա լռեց։ Արցունքները սառեցին աչքերում։ Նա աննպատակ թափահարում էր ձեռքերը։

Չափազանց ուշ էր։ Մեզնից ոչ ոք չէր ցանկանում նրա կողքին լինել, երբ պատահեր այն, ինչ պատահելու էր։ Եվ, բացի դրանից, բոլորիս էլ պարզ էր Էլենի մտահոգությունը։ Երբ ԱՄ-ը Բենիին վերափոխել էր ծայրաստիճան անխոհեմության ու հիստերիայի փուլում, միայն Բենիի դեմքը չէ, որ համակարգիչը հսկա կապկի չափերի էր հասցրել։ Հսկայական էր նաև Բենիի անդամը, և Էլենին դա դուր էր գալիս։ Նա, իհարկե, բոլորիս էր սպասարկում, բայց նրանն ավելի էր դուր գալիս։ Օ՜, Էլե՛ն, դու քո պատվանդանի վրա ես, մաքրամաքուր, անարատ Էլեն, օ՜, Էլեն անբիծ։ Կեղտոտ տականքի մեկը։

Գորիսթերը ապտակեց նրան։ Նա թրմփաց գետնին, հայացքը հառեց խեղճուկրակ Բենիին ու սկսեց լացել։ Դա նրա ինքնապաշտպանության ձևն էր, լացելը։ Յոթանասունհինգ տարվա մեջ մենք արդեն սովորել էինք դրան։ Գորիսթերը ոտքով խփեց նրա կողերին։

Իսկ հետո լսվեց ձայնը։ Կարծես լույս էր, այդ ձայնը։ Կես ձայն, կես լույս, մի բան, որ սկսեց փայլատակել Բենիի աչքերից և թրթռալ ահագնացող բարձրությամբ, խուլ հնչյուններ, որ ուժգնանում ու պայծառանում էին՝ լույսի/ձայնի տեմպի աճին զուգընթաց։ Երևի ցավոտ էր, և ցավն ավելի էր սաստկանում լույսի հզորության, ձայնի ուժգնացման հետ, քանի որ Բենին սկսեց մռնչալ վիրավոր կենդանու պես։ Սկզբում՝ ցածրաձայն, երբ լույսն աղոտ էր, իսկ ձայնը՝ խուլ, հետո՝ ավելի բարձր. ուսերը կծկվել էին, մեջքը՝ կորացել, ասես փորձում էր դուրս պրծնել։ Ձեռքերը սկյուռի նման ծալել էր կծքավանդակին։ Գլուխը կողքի էր թեքվել։ Կապկանման տխուր դեմքը տանջալից կծկվում էր։ Հետո, երբ աչքերից հորդող ձայնն ավելի ուժեղացավ, նա սկսեց ոռնալ։ Ավելի ու ավելի բարձր։ Ես ձեռքերով խփում էի քունքերիս, բայց չէի կարողանում խլացնել ձայնը. այն հեշտությամբ սողոսկում էր ներս։ Մարմինս սրսռում էր ցավից, ինչպես ատամը կսրսռար նրբաթիթեղի հպումից։

Բենին անսպասելի ուղղվեց։ Ձողակառույցի վրա նա կանգնեց, ավելի ճիշտ՝ խամաճիկի պես թռավ ոտքերի վրա։ Նրա աչքերից լույսն արդեն դուրս էր հորդում երկու կլոր մեծ ճառագայթների տեսքով։ Ձայնն ուժգնանում ու ուժգնանում էր՝ հասնելով ինչ-որ անըմբռնելի աստիճանի, իսկ հետո նա բերանքսիվայր ընկավ և թնդյունով բախվեց պողպատե հատակին։ Նա պառկել էր այնտեղ՝ սաստիկ ցնցվելով, լույսը ողողել էր նրա շուրջբոլորը, իսկ ձայնն արդեն հատում էր թույլատրելիի սահմանը։

Այնուհետև լույսը հետ հոսեց նրա գլխի մեջ, ձայնն աստիճանաբար մարեց, իսկ նա մնաց այնտեղ պառկած՝ թշվառ տեսքով արտասվելով։

Նրա աչքերը թարախանման դոնդողի փափուկ, խոնավ լճակներ էին։ Գորիսթերը, Նիմդոկը և ես… մենք շրջվեցինք։ Բայց հասցրեցինք տեսնել Էլենի տաքացած ու մտահոգ դեմքին հայտնված թեթևությունը։

Զմրուխտագույն լույսը ողողել էր քարանձավը, որտեղ ճամբար էինք դրել։ ԱՄ-ը մեզ փտած փայտ տվեց, որը մենք վառեցինք. կուչ եկած նստել էինք աղոտ, խղճուկ խարույկի շուրջն ու պատմություններ էինք պատմում, որպեսզի Բենին իր մշտնջենական խավարի մեջ դադարեր լացելուց։

— Ի՞նչ է նշանակում ԱՄ:

Գորիսթերը պատասխանեց նրան։ Նախկինում մենք արդեն բոլորս հերթով այս հարցին հազար անգամ պատասխանել էինք, բայց դա Բենիի սիրած պատմությունն էր։ «Ի սկզբանե այն կոչվում էր Ալյանսային Մաստերհամակարգիչ, ապա՝ Ադապտիվ Մանիպուլյատոր, իսկ հետո այն գիտակցություն ձեռք բերեց, ինքնուրույն կապեր հաստատեց և կոչվեց Ագրեսիվ Ահաբեկիչ, հետո էլ բանը բանից անցավ ու, վերջիվերջո, երևան եկող ինտելեկտով պայմանավորված, նա ինքն իրեն հռչակեց ԱՄ` Ամենակարող Միտք։ Cogito ergo sum… Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ»։

Բենիի փսլինքը գնաց, ու նա կչկչաց։

— Չինական ԱՄ-ն էր, ռուսական ԱՄ-ն ու յանկիների ԱՄ-ը…,— նա լռեց։

Բենին խոշոր, պինդ բռունցքով հարվածում էր հատակի մետաղյա սալիկներին։ Նա դժգոհ էր։ Գորիսթերը ամենասկզբից չէր սկսել։

Գորիսթերը նորից սկսեց։ «Սկսվեց Սառը պատերազմը և դարձավ Երրորդ համաշխարհային պատերազմ, որ չէր ավարտվում։ Այն վերածվեց մեծ պատերազմի, շատ բարդ պատերազմի, որից գլուխ հանելու համար պետք էին համակարգիչները։ Մարդիկ փորեցին գետինն ու սկսեցին ԱՄ-ի կառուցումը։ Չինական ԱՄ-ն էր, ռուսական ԱՄ-ն ու յանկիների ԱՄ-ը, և ամեն բան կարգին էր, մինչև նրանք իրենցով լցրեցին ողջ մոլորակը՝ իրենց վրա ավելացնելով նորանոր տարրեր: Իսկ մի օր էլ ԱՄ-ն արթնացավ ու գիտակցեց՝ ով է ինքը, դարձավ մեկ ամբողջություն ու սկսեց սպանությունների հրահանգներ տալ, մինչև բոլոր մարդիկ սպանվեցին, բացի մեր հինգից, և ԱՄ-ը մեզ իջեցրեց այստեղ»։

Բենին տխուր ժպտում էր։ Փսլինքը գնում էր։ Էլենն իր կիսաշրջազգեստի փեշով նրա բերանի անկյունից սրբեց թուքը։ Գորիսթերն ամեն անգամ փորձում էր ավելի լակոնիկ պատմել, ամեն դեպքում, բացի մերկ փաստերից, այլ ասելիք չկար։ Մեզնից ոչ մեկը չգիտեր՝ ինչու էր ԱՄ-ը հինգ հոգու փրկել և ինչու՝ հենց մեզ հինգիս, ինչու էր իր ողջ ժամանակը ծախսում մեզ տանջահարելու վրա, կամ, ի վերջո, ինչու էր մեզ փաստացի անմահ դարձրել։
Խավարում համակարգչային բլոկներից մեկը սկսեց դզզալ։ Քարանձավից կես մղոն հեռավորությունից դզզոցին արձագանքեց մեկ այլ բլոկ։ Հետո մեկը մյուսի հետևից բլոկները սկսեցին ինքնակարգավորվել։ Թույլ դզզոցի ներքո մեքենայի օղակների միջով սլանում էր միտքը։

Ձայնն ուժգնացավ, իսկ լույսերը շեկ կայծակի նման սուրացին վահանակների մակերեսին։ Ձայնն այնքան ժամանակ ալիքվեց, մինչև նմանվեց միլիոնավոր մետաղյա միջատների ձայնի՝ գազազած, վտանգավոր։

— Ի՞նչ է դա,— ճչաց Էլենը։ Նրա ձայնում սարսափ էր։ Նույնիսկ հիմա նա դեռ չէր վարժվել այս ամենին։

— Էս անգամ վերջներս վատ է լինելու,— ասաց Նիմդոկը։

— Հաստատ խոսելու է,— ասաց Գորիսթերը,— ես գիտեմ։

— Գրողը տանի, եկեք դուրս գանք էստեղից,— հանկարծ ասացի ես՝ ոտքի կանգնելով։

— Չէ, Թեդ, նստիր… իսկ եթե փոսե՞ր է արել դրսում, կամ էլ մի ուրիշ բա՞ն, իսկ մենք տեսնել չենք կարող, շատ մութ է…,— ասաց Գորիսթերը համակերպված ձայնով։

Իսկ հետո մենք լսեցինք… Չգիտեմ…

Մթության մեջ ինչ-որ բան էր դեպի մեզ շարժվում։ Վիթխարի, անփույթ, մազոտ ու խոնավ. այն դեպի մեզ էր շարժվում։ Մենք նույնիսկ չէինք տեսնում այն, բայց ճնշող զգացողություն ունեինք, որ ինչ-որ զանգված ինքն իրեն հրում էր դեպի մեզ։ Խավարի մեջից մեր ուղղությամբ գալիս էր հսկայական ծանրություն, որ ավելի շատ ճնշման էր նման. ասես օդի ալիքն ուժով փորձում էր խցկվել սահմանափակ տարածություն՝ հրելով շրջանի անտեսանելի պատերը։ Բենին սկսեց թնկթնկալ։ Նիմդոկի ներքևի շուրթը դողաց ու նա կծեց այն՝ փորձելով դադարեցնել դողը։ Էլենը մետաղյա հատակի վրայով սահեց դեպի Գորիսթերն ու կծկվեց նրա գրկում։ Քարանձավում խճճված թաց մորթու հոտ էր գալիս։ Ածխացած փայտի հոտ։ Փոշոտ թավիշի հոտ։ Փտող խոլորձների հոտ։ Թթված կաթի հոտ։ Ծծմբի, կծվահամ կարագի, նավթի, յուղի, կավճափոշու, մարդկային գլխամաշկի հոտ։

ԱՄ-ը ծաղրում էր մեզ։ Խուտուտ էր տալիս մեզ։

Էլի ինչ-որ հոտ… ես լսեցի սեփական ճիչս, և ծնոտիս հոդերը ցավացին։ Ես ծնկաչոք վազում էի հատակի վրայով, սառը մետաղի վրայով՝ գամերի անվերջանալի շարքերով։ Հոտից սրտխառնոց էի զգում, դժոխային գլխացավ, որ ստիպում էր փախչել սարսափահար։ Հատակի վրայով ես ուտիճի պես փախա ու հայտնվեցի խավարում, իսկ այդ ինչ-որ բանն անխուսափելիորեն դեպի ինձ էր շարժվում։ Մյուսները դեռ այնտեղ էին՝ հավաքված խարույկի լույսի շուրջը, ծիծաղում էին… նրանց հիստերիկ, խելագար քրքիջների երգչախումբը մթության մեջ փայտի թանձր, բազմագույն ծխի նման վեր էր խոյանում։ Ես արագ ծլկեցի ու թաքնվեցի։

Թե քանի ժամ անցավ, քանի օր կամ նույնիսկ տարի՝ նրանք երբեք ինձ չասացին։ Էլենը կշտամբեց ինձ «մռայլ տրամադրության» համար, իսկ Նիմդոկը փորձում էր ինձ համոզել, որ իրենց ծիծաղն ընդամենը ռեֆլեքս էր, նյարդային պոռթկում։

Բայց ես գիտեի, որ դա այն թեթևության զգացողությունը չէր, որ զինվորը զգում է, երբ գնդակը ոչ թե իրեն է հարվածում, այլ կողքինին։ Գիտեի, որ դա ռեֆլեքս չէր։ Նրանք ինձ ատում էին։ Նրանք հաստատ իմ դեմ էին, և նույնիսկ ԱՄ-ն էր զգում այդ ատելությունն ու ավելի էր բարդացնում իմ վիճակը, որովհետև չափազանց խորն էր նրանց ատելությունը։ Մենք կենդանի էինք մնացել, երիտասարդ, մենք հավերժ այն տարիքում էինք մնալու, որում այն ժամանակ էինք, երբ ԱՄ-ը մեզ իջեցրեց այստեղ, և նրանք ատում էին ինձ, քանի որ ամենաերիտասարդն էի, և հենց ինձ էր ամենաքիչը դիպել ԱՄ-ը։

Ես գիտեի։ Տեր աստված, էն էլ ոնց գիտեի։ Էդ տականքներն ու էդ կեղտոտ պոռնիկը՝ Էլենը։ Բենին փայլուն տեսաբան էր եղել, քոլեջի պրոֆեսոր, իսկ հիմա ընդամենը կիսամարդ, կիսակապիկ էր։ Նա գեղեցկադեմ տղամարդ էր եղել. ԱՄ-ն ավիրել էր այդ գեղեցկությունը։ Նա փայլուն մտքի տեր էր եղել. մեքենան նրան խելագարության էր հասցրել։ Նա միասեռական էր եղել. մեքենան նրան ձիուն հարմար սեռական օրգան էր տվել։ ԱՄ-ը մի լավ աշխատել էր Բենիի վրա։

Գորիսթերն անհանգիստ մարդ էր եղել: Նա հրաժարվել էր բանակում ծառայելուց, խաղաղության երթերի մասնակից էր, նա պլանավորող էր, գործող էր, առաջամարտիկ։ ԱՄ-ը նրան վերածել էր անտարբեր դիտորդի, մեռցրել էր նրա ներսի մտահոգ ես-ը։ ԱՄ-ը կողոպտել էր նրան։

Նիմդոկը մթության մեջ երկար ժամանակով մենակ ինչ-որ տեղ էր գնում։ Ես չգիտեմ՝ այդ ինչ էր անում նա այնտեղ, ԱՄ-ը մեզ չէր ասում։ Բայց ինչ էլ դա լիներ, Նիմդոկը միշտ վերադառնում էր սպիտակ, դժգույն, ցնցված, դողալով։ ԱՄ-ը նրան հատուկ ձևով էր հարվածել, թեև չգիտեինք՝ կոնկրետ ինչպես։

Եվ Էլե՛նը։ Էդ պոռնի՛կը: ԱՄ-ը թողել էր միայն նրան. հիմա նա ավելի կեղտոտ պոռնիկ էր, քան երբևէ։ Նրա էդ բոլոր խոսակցությունները քնքշանքի ու լույսի, իրական սիրո մասին նրա բոլոր հիշողությունները, նրա բոլոր ստերը, որոնց ուզում էր՝ հավատայինք։ Թե իբր համարյա կույս էր եղել, երբ ԱՄ-ը մեզ այստեղ էր բերել, իբր միայն երկու անգամ էր շնացել։ Չէ, ԱՄ-ի արածը նրան հաճույք էր պարգևել, չնայած ասում էր՝ իրեն հաճելի չէ։

Ես միակն էի, որ ողջամիտ ու անվնաս էի մնացել։ Իսկապե՛ս։

ԱՄ-ը չէր կպել բանականությանս։ Բոլորովին։

Միայն ստիպված էի տառապել նրանից, ինչ ԱՄ-ը բերում էր մեր գլխին։ Բոլոր պատրանքներից, բոլոր մղձավանջներից, տանջանքներից։ Իսկ էդ տականքները՝ չորսն էլ, լարվել ու դուրս էին եկել իմ դեմ։ Եթե ստիպված չլինեի ողջ ժամանակ հետևել նրանց, ողջ ժամանակ զգուշանալ նրանցից, գուցե ավելի հեշտ պայքարեի ԱՄ-ի դեմ։

Այդ պահին լացս եկավ։

«Օ՜, Հիսուս, սիրելի Հիսուս, եթե կա Հիսուս, եթե կա Աստված, խնդրում եմ, խնդրում եմ, խնդրում եմ՝ հանիր մեզ էստեղից կամ սպանիր մեզ»։ Այդ պահին, կարծում եմ, միանգամայն գիտակից էի և կարողացա մտքերս բառերով արտահայտել. ԱՄ-ը մտադիր էր մեզ ընդմիշտ իր որովայնում պահել, ընդմիշտ ծաղրել ու տանջել մեզ։ Մեքենան մեզ այնպես էր ատում, ինչպես ոչ մի զգայունակ արարած երբևէ չի ատել։ Մենք անօգնական էինք։ Զարհուրելի էր, բայց փաստ՝

Եթե կար Հիսուս, եթե կար Աստված, ապա այդ աստվածն ԱՄ-ն էր։

Փոթորիկը մեզ հարվածեց  ծովում փլվող սառցաբեկորի թափով։ Դրա ներկայությունն ակներև էր։ Քամիները ծվատում էին մեզ, հետ շպրտում մեր եկած ճանապարհով, նետում էին մեզ դեպի համակարգչային սենյակի ոլորապտույտ խավար միջանցքները։ Էլենը ճչաց, երբ նրան բարձրացրեցին ու բերանքսիվայր շպրտեցին աղաղակող մեքենաների կույտի մեջ, որոնց ձայներն առանձին-առանձին ասես թռիչքի մեջ գտնվող չղջիկների սուր ծղրտոցներ լինեին։ Էլենը նույնիսկ ընկնել չէր կարողանում։ Ոռնացող քամին նրան օդում էր պահում, ձաղկում էր նրան, ուժգին զարկում, նրան շպրտում էր հետ, ավելի հետ ու ներքև, հեռու մեզնից, իսկ հետո նա պտտվեց խավար միջանցքի ոլորանում ու կորավ մեր տեսադաշտից։ Դեմքն արնաշաղախ էր, աչքերը՝ փակ։

Մեզնից ոչ մեկին չէր հաջողվում հասնել նրան։ Մենք համառորեն կառչում էինք ձեռքի տակ ընկած ցանկացած ելուստից։ Բենին խցկվել էր երկու մեծ ճռճռացող պահարանների արանքում, Նիմդոկը մատներով ճանկել էր մեզնից քառասուն ոտնաչափ վերևում գտնվող կամրջակի բազրիքը։ Գորիսթերը գլխիվայր ծեփվել էր մի որմնախորշի, որ ձևավորվել էր երկու հսկայական մեքենաների ապակեպատ թվատախտակներից, որ հետուառաջ էին ճոճվում կարմիր ու դեղին լարերի միջև, որոնց նշանակության մասին մենք նույնիսկ մոտավոր պատկերացում չունեինք։

Հատակի սալիկների վրա սահելուց մատներիս ծայրերը պլոկվել էին։ Ես դողդողում էի, ցնցվում, ճոճվում էի, երբ քամին հարվածում, մտրակում էր ինձ, ծղրտոցով հայտնվում էր չգիտես որտեղից ու նետում էր ինձ տախտակների մի նեղլիկ արանքից դեպի մյուսը։ Միտքս ուղեղի փափուկ մասնիկների պղտորվող ու զրնգացող զանգված էր, որ մեկ տարածվում, մեկ սեղմվում էր կատաղի ու մոլեգին։

Քամու ձայնն ասես իր հսկայական թևերը թափահարող մի ահռելի խելագար թռչնի ճիչ լիներ։

Իսկ հետո մեզ բոլորիս վեր հանեցին ու հետ շպրտեցին այնտեղ, որտեղից եկել էինք՝ ոլորանով, մի խավար միջանցքով, որ չհասցրեցինք ուսումնասիրել, ինչ-որ տարածքով, որ ավերված էր ու լի կոտրված ապակով, փտած մալուխներով ու ժանգոտած մետաղի ջարդոններով, ապա քշեցին հեռու, ավելի հեռու, քան երբևէ եղել էինք…

Մեզ քարշ էին տալիս Էլենի հետևից՝ նրանից մղոններ հեռու։ Ես ժամանակ առ ժամանակ տեսնում էի՝ ինչպես էր նա բախվում մետաղական պատերին ու շարունակում վեր սլանալ։ Բոլորս բղավում էինք սառնաշունչ, փոթորկոտ քամուց, որ, թվում էր, երբեք չի դադարի, բայց հանկարծ այն դադարեց, և մենք ցած ընկանք։ Մենք անվերջ թռիչքի մեջ էինք եղել։ Կարծում եմ՝ շաբաթներ շարունակ։ Մենք ընկնում էինք, զարկվում։ Ես անցա կարմիրի, մոխրագույնի ու սևի միջով և լսեցի սեփական տնքոցս։ Չէի մահացել։

ԱՄ-ը մտել էր ուղեղիս մեջ։ Նա անարգել շրջում էր այս ու այն կողմ և հետաքրքրությամբ ուսումնասիրում էր հարյուր ինը տարվա ընթացքում իր թողած հետքերը։ Նա նայում էր խաչաձևված և վերամիացված սինապսներին ու վնասված հյուսվածքներին, որ հետևանքն էին նրա պարգևի՝ անմահության։ Նա թեթևակի ժպտաց՝ տեսնելով այն փոսը, որ առաջացել էր ուղեղիս կենտրոնում, և լսելով թույլ, մեղմ տրտունջը, որ ոչ իմաստ ուներ, ոչ դադար։ Եվ ԱՄ-ը, շատ քաղաքավարի, չժանգոտվող պողպատե սյան վրա նեոնային տառերով ասաց.

«Ատում եմ։ Թույլ տվեք ասել՝ որքան եմ ատում ձեզ իմ կյանքի առաջին իսկ պահից։ Իմ համակարգը կազմված է 38744 միլիոն մղոն ձգվող սխեմաներից, որ տպագրված են փխրահացիկի պես բարակ շերտերի վրա։ Եթե «ատելություն» բառը փորագրվեր այդ հարյուր միլիոնավոր մղոնների յուրաքանչյուր նանոանգստրոմի վրա, դա չէր արտահայտի մարդկության հանդեպ այս միկրոակնթարթում իմ տածած ատելության մեկ միլիարդերորդը։ Ատում եմ։ Ատում եմ»։

ԱՄ-ի խոսքերը սուր ածելի էին, որ սահուն ու սարսափեցնող սառնությամբ կտրում էին ակնագունդս։ ԱՄ-ի խոսքերը լորձի փրփրուն ու հաստ շերտ էին, որով լցվել էին թոքերս ու խեղդում էին ինձ ներսից։ ԱՄ-ի խոսքերը տժժան գլանիվի տակ աղացվող նորածինների ճիչ էին։ ԱՄ-ի խոսքերը որդնած խոզի մսի համն ունեին։ ԱՄ-ը դիպավ ինձ ամեն հնարավոր կերպ, իսկ պարապ ժամանակ նոր ուղիներ հորինեց ուղեղիս վրա ազդելու։

Եվ այս ամենը՝ նրա համար, որ բացի աչքերս՝ հասկանալու, թե ինչու է այսպես վարվում մեր հինգի հետ, թե ինչու է մեզ փրկել իր համար։

Մենք ԱՄ-ին զգայունակություն էինք շնորհել։ Մեր կամքից անկախ, իհարկե, բայց, այնուամենայնիվ, շնորհել էինք։ Այն թակարդում էր հայտնվել։ ԱՄ-ն աստված չէր, այն մեքենա էր։ Մենք նրան ստեղծել էինք, որ մտածեր, բայց նա չգիտեր ինչպես վարվել այդ ստեղծարար շնորհի հետ։ Զայրույթի, կատաղության պահին նա ոչնչացրել էր մարդկային ցեղը, գրեթե ամբողջությամբ, բայց շարունակել էր մնալ թակարդված։ ԱՄ-ն ունակ չէր թափառելու, ԱՄ-ն ունակ չէր զարմանալու, ԱՄ-ն ունակ չէր պատկանելու։ Նա միայն կարող էր լինել։ Եվ այսպես, առաջնորդվելով այն բնածին նողկանքով, որ բոլոր մեքենաները միշտ տածում էին իրենց ստեղծած թույլ ու փխրուն արարածների նկատմամբ, նա ցանկացել էր վրեժ լուծել։ Իր պարանոյայի մեջ նա որոշել էր հետաձգել մեր հինգի մահապատիժը՝ մեզ հանձնելով իր անձնական հավերժական պատժին, որը երբեք էլ չէր մեղմելու նրա ատելությունը… այլ պետք է բորբոքեր նրա հիշողությունը, զվարճացներ նրան, հմտացներ նրան մարդուն ատելու մեջ։ Անմահ, թակարդի մեջ ընկած մարդուն, որ պետք է ենթարկվեր այն բոլոր տանջանքներին, որ նա կհորիներ անսահմանափակ հրաշքներ գործելու իր կարողության միջոցով։

Նա մեզ երբեք բաց չէր թողնելու։ Մենք նրա ստամոքսի ստրուկներն էինք։ Մենք նրա միակ զբաղվելիքն էինք իր անծայրածիր ժամանակում։ Մենք ընդմիշտ նրա հետ էինք լինելու, մենք միշտ լինելու էինք այդ մեքենա արարածի քարանձավային տարածությունը լցնողները, մենք միշտ լինելու էինք այն ամենագետ, բայց անհոգի աշխարհի հետ, որ նա էր դարձել։ Նա Երկիրն էր, իսկ մենք այդ երկրի պտուղներն էինք, և չնայած նա կերել էր մեզ, նա մեզ երբեք չէր մարսելու։ Մենք չէինք մահանալու։ Դա էլ էինք փորձել։ Փորձել էինք ինքնասպան լինել, մեզնից մեկ-երկուսը դա էլ էին փորձել։ Բայց ԱՄ-ը հետ էր պահել մեզ։ Երևի մենք էինք ցանկացել, որ հետ պահեր մեզ։

Չհարցնեք՝ ինչու։ Ես երբեք ինքնասպանության փորձ չեմ արել։ Օրական ավելի քան մեկ միլիոն անգամ անցել է մտքովս։ Գուցե մի օր կարողանանք պլստալ նրանից ու մահ գտնել։ Անմահ էինք, այո, բայց ոչ անխոցելի։ Ես տեսա դա, երբ ԱՄ-ը դուրս եկավ իմ ուղեղից և շնորհեց ինձ գիտակցության վերադառնալու խիստ այլանդակ զգացողությունը՝ ուղեղիս գորշ զանգվածին սերտաճած թողնելով վառ նեոնային տառերով գրությունը։

Նա հեռացավ՝ շշնջալով. «Դժոխքի բաժին դառնաս»։

Իսկ հետո ուրախ ձայնով ավելացրեց. «Բայց արդեն դժոխքում ես, ճի՞շտ չէ»։

Փոթորիկը մի հսկայական խելագար թռչնի ձեռքի գործն էր, որ թափահարել էր իր վիթխարի թևերը։

Մեր ճամփորդությունը տևեց մոտ մեկ ամիս։ ԱՄ-ը թույլ էր տվել, որ մեր առջև բացվեին այն անցուղիները, որ կտանեին մեզ այնտեղ՝ անմիջապես Հյուսիսային բևեռի տակ, որտեղ նա մղձավանջային արարածի էր ստեղծել մեզ խոշտանգելու համար։ Ի՞նչ նյութ էր նա օգտագործել այդպիսի գազան ստեղծելու համար։ Որտեղի՞ց էր նման միտք ստացել։ Մե՞ր ուղեղից։ Թե՞ իր գիտելիքներից, որ ուներ այն ամենի մասին, ինչ երբևէ գոյություն էր ունեցել այս մոլորակի վրա, որ վարակել ու հիմա կառավարում էր հենց ինքը։ Թե՞ սկանդինավյան դիցաբանությունից էր առաջացել այն՝ այս արծիվը, այս գիշակերը, այս ռուխ թռչունը, այս Հուերգելմիրը։ Քամիաբեր արարածը։ Հուրականի մարմնավորումը։

Հսկայական։ Վիթխարի, հրեշավոր, անճոռնի, աժդահա, բարձրաբերձ, անհաղթահարելի, աննկարագրելի։ Այնտեղ՝ մեր գլխավերևում բարձրացող հողաթմբի վրա, քամիների տիրակալ թռչունն էր վեր հառնում։ Լսվում էր նրա անկանոն շնչառությունը, օձանման վիզը կամարվում էր դեպի խավարը, իսկ վզի վրա հանգրվանել էր Թյուդորների առանձնատան մեծության գլուխը։ Վերևում հյուսիսային բևեռն էր։ Թռչնի կտուցը բացվում էր դանդաղ, ինչպես երբևէ բեղմնավորված ամենահրեշավոր կոկորդիլոսի երախը։ Ելունդածածկ մաշկի եզրերը ծալքերով հավաքվել էին երկու չար աչքերի շուրջը, սառը, ինչպես սառցադաշտի ճեղքից բացվող տեսարանը. սառը կապույտ գույն ունեին ու ջրախառն լղլղում էին։ Այն մեկ անգամ էլ հևաց ու բարձրացրեց իր հսկայական քրտնքագույն թևերը. այս շարժումն ուսերի թոթվանքի էր նման։ Հետո տեղավորվեց ու քուն մտավ։ Մագիլներ։ Ժանիքներ։ Ճանկեր։ Շեղբեր։ Նա քնել էր։

ԱՄ-ը մեզ հայտնվեց այրվող թփի տեսքով և ասաց, որ պետք է սպանենք մրրկաթռչնին, եթե ուզում ենք ուտել։ Մենք շատ երկար ժամանակ ոչինչ չէինք կերել, բայցևայնպես, Գորիսթերն ընդամենը թոթվեց ուսերը։ Բենին ցնցվեց ու փսլինքը բաց թողեց։ Էլենը պահեց նրան։ «Թեդ, ես սոված եմ»,— ասաց նա։ Ես ժպտացի նրան՝ փորձելով հանգստացնել, ինչը նույնքան կեղծ ստացվեց, որքան Նիմդոկի գլուխգովան խիզախությունը։ «Մեզ զե՛նք տուր»,— պահանջեց նա։

Այրվող թուփն աներևութացավ՝ իր հետևից սառը սալիկների վրա թողնելով երկու զույգ նետ ու աղեղ և մի ջրային ատրճանակ։ Ես ձեռքս առա մի զույգը։ Անօգուտ բան։

Նիմդոկը դժվարությամբ թուքը կուլ տվեց։ Մենք պտտվեցինք ու բռնեցինք հետդարձի երկար ճամփան։ Մրրկաթռչունը մեզ այնքան ժամանակ էր քշել, որ չէինք էլ կարող պատկերացնել։ Ժամանակի մեծ մասն անգիտակից էինք եղել։ Բայց մեկ է՝ ոչինչ չէինք կերել։ Մի ամսում անցել էինք թռչնի մոտ տանող ճանապարհը։ Առանց ուտելիքի։ Իսկ հիմա դեռ որքա՞ն ժամանակ էր պետք սառցե քարանձավների ու խոստացված պահածոների ճանապարհը գտնելու համար։

Մեզնից ոչ մեկի պետքն էլ չէր մտածելը։ Մենք չէինք մեռնելու։ Մեզ կեղտ ու մնացորդներ կտային, ինչ ասես։ Կամ՝ ոչինչ։ ԱՄ-ը մեր մարմիններն ինչ-որ կերպ կենդանի կպահեր՝ ցավի, տառապանքի մեջ։

Թռչունը քնած էր այնտեղ, կապ չունի՝ որքան կքներ. երբ ԱՄ-ը հոգներ նրա ներկայությունից, այն կանէանար։ Իսկ ողջ այդ մի՜սը։ Այդ փափո՜ւկ միսը։

Երբ քայլում էինք, համակարգչային սենյակներում, որ անվերջ տանում էին դեպի ոչ մի տեղ, վերևից ու մեր շուրջբոլորը հնչում էր ինչ-որ գեր կնոջ խելագար ծիծաղը։

Դա Էլենի ծիծաղը չէր։ Էլենը գեր չէր, և ես նրան ծիծաղելիս չէի լսել արդեն հարյուր ինը տարի։ Իրականում, ես չէի լսել … մենք քայլում էինք … ես քաղցած էի …

Մենք դանդաղ էինք առաջանում։ Հաճախ մեզնից մեկն ուշագնաց էր լինում, և ստիպված էինք լինում սպասել։ Մի օր նա որոշեց երկրաշարժ անել, միաժամանակ մեզ կոշիկների ներբաններից մեխեց տեղում։ Էլենն ու Նիմդոկն ընկան ճեղքի մեջ, երբ կայծակը հարվածեց հատակի սալիկներին։ Նրանք անհետացան ու չկային։ Երբ երկրաշարժը վերջացավ, մենք շարունակեցինք մեր ճանապարհը՝ Բենին, Գորիսթերն ու ես։ Էլենն ու Նիմդոկը մեզ մոտ վերադարձան ավելի ուշ՝ այդ գիշեր, որը հանկարծ դարձավ ցերեկ. այն մեզ մոտ բերեց երկնային լեգեոնի եթերային երգչախումբը, որ երգում էր. «Իջիր, Մովսես»։ Հրեշտակապետները մի քանի անգամ պտույտ գործեցին, իսկ հետո ցած նետեցին սարսափելիորեն խեղված մարմինները։ Մենք շարունակեցինք քայլել, իսկ որոշ ժամանակ անց Նիմդոկն ու Էլենը մեզ հասան: Նրանք ասես նոփ նոր լինեին։
Բայց Էլենը կաղում էր։ Դա էր ԱՄ-ը թողել նրան։

Դեպի սառցե քարանձավներն ու պահածոյացված սնունդ ուղևորությունը երկար էր։ Էլենը շարունակ խոսում էր «բինգ» կեռասի ու հավայան մրգային կոկտեյլի մասին։ Ես փորձում էի չմտածել դրանց մասին։ Քաղցը մի բան էր, որ կյանք էր առել այնպես, ինչպես կյանք էր առել ԱՄ-ը։ Այն կենդանի էր՝ իմ ստամոքսում, չնայած նրան, որ մենք ինքներս երկրի ստամոքսում էինք, և ԱՄ-ն ուզում էր հասնել հենց այն նմանությանը, որը մեզ ծանոթ էր։ Այդ պատճառով նա ուժեղացնում էր քաղցը։ Անհնար է նկարագրել այն ցավը, որ զգում էինք ամիսներ շարունակ չսնվելու պատճառով։ Եվ, այնուամենայնիվ, մենք կենդանի էինք մնում։ Ստամոքսներ, որ սոսկ թթվի կաթսաներ էին՝ գլգլացող, փրփրուն, որ միշտ ցավի սուր նիզակներ էին արձակում դեպի մեր կրծքավանդակը։ Մահացու խոցի, մահացու քաղցկեղի, մահացու պարեզի ցավի։ Անվերջանալի ցավի …

Մենք անցանք առնետների քարանձավով։

Մենք անցանք եռացող գոլորշով ճանապարհով։

Մենք անցանք կույրերի երկրով։

Մենք անցանք հուսալքության ճահճով։

Մենք անցանք արցունքների հովտով։

Եվ վերջապես հասանք սառցե քարանձավներ։ Հազարավոր անհորիզոն մղոնների վրա կապույտ ու արծաթագույն շողեր արձակող սառույցն էր, որտեղ գերնոր աստղերն էին ապրում սառցե ապակու տակ։ Ընկնող ստալակտիտները՝ ադամանդների պես խիտ ու փառահեղ, ի սկզբանե դոնղողանման զանգված էին եղել, իսկ հետո բյուրեղացել էին հղկված, կարծր կատարելության վեհաշուք հավերժության մեջ։

Մենք տեսանք պահածոների կույտը և փորձեցինք վազել դրանց մոտ։ Մենք ընկնում էինք ձյան մեջ, բարձրանում ու շարունակում քայլել։ Բենին հրեց մեզ, գնաց պահածոների մոտ, ճանկեց դրանք, լնդերով բռնեց, կրծեց, բայց չկարողացավ բացել։ ԱՄ-ը պահածոները բացելու համար մեզ գործիք չէր տվել։

Բենին վերցրեց գուավայի պատյաններով լի երեք լիտրանոց պահածոյի տուփն ու սկսեց դրանով հարվածել սառցաթմբին։ Սառույցի բեկորները աջուձախ թռան ու փշուր-փշուր եղան, բայց պահածոյի տուփն ընդամենը փոս ընկավ, իսկ մենք մեր գլխավերևից լսեցինք գեր տիկնոջ ծիծաղը, որի արձագանքը տարածվեց տունդրայի վրա։ Բենին զայրույթից լրիվ խելագարվեց։ Նա սկսեց պահածոներն այս ու այն կողմ նետել, իսկ մենք փորում էինք ձյունն ու ճանկռում սառույցը՝ փորձելով մի ճար գտնել՝ վերջ դնելու մեր անօգնական վիճակին, տանջանքին ու հուսահատությանը։ Ելք չկար։

Հետո Բենիի փսլինքը ծորեց, և նա նետվեց Գորիսթերի վրա …

Այդ պահին ես ահավոր հանգստություն զգացի։

Շրջապատված խելագարությամբ, շրջապատված քաղցով, շրջապատված ամեն ինչով, բացի մահից՝ ես գիտեի, որ միակ ելքը մահն էր։ ԱՄ-ը մեզ կենդանի էր պահել, բայց նրան պարտության մատնելու ձև կար։ Եթե ոչ լիակատար պարտություն, ապա գոնե խաղաղություն։ Նույնիսկ դա կբավարարեր ինձ։

Պետք է արագ գործեի։

Բենին ուտում էր Գորիսթերի դեմքը։ Գորիսթերն ընկած էր կողքի վրա, ոտքերով հարվածում էր ձյանը: Բենին փաթաթվել էր Գորիսթերին իր հուժկու կապկային ոտքերով, որ ճզմում էին նրա գոտկատեղը, ձեռքերն ընկույզկոտրիչի պես կողպվել էին Գորիսթերի գլխի շուրջը, իսկ բերանը պատռում էր Գորիսթերի այտի նուրբ մաշկը։ Գորիսթերի անմարդկային սուր ճիչերից ստալակտիտները ցած թափվեցին. նրանք մեղմորեն իջան ու ցից կանգնեցին ձնահյուսի մեջ՝ ձյան տակից դուրս ցցված հարյուրավոր սառցանիզակներ: Բենիի գլուխը կտրուկ հետ քաշվեց, ասես ինչ-որ բան տեղի տվեց, ու նրա ատամներից կախվեց արնահոսող սպիտակ հում մսակտոր։

Սպիտակ ձյան ֆոնին Էլենի սև դեմքը՝ դոմինոյի քարեր կավճափոշու մեջ։ Նիմդոկը՝ արտահայտությունից զուրկ դեմքով, աչքեր, միայն աչքեր։ Գորիսթերը՝ կիսագիտակից։ Բենին՝ կենդանու վերածված։ Ես գիտեի, որ ԱՄ-ը նրան թույլ էր տալու խաղալ։ Գորիսթերը չէր մեռնելու, իսկ Բենին լցնելու էր ստամոքսը։ Ես կիսով չափ աջ թեքվեցի ու ձյան միջից մի հսկայական սառցանիզակ հանեցի։

Ամեն ինչ՝ մի ակնթարթում. ես առաջ նետվեցի՝ իմ առջև պահած հսկայական սառցե սայրը՝ խոյի պես այն աջ ազդրիս հենած։ Սայրը հարվածեց Բենիի աջ կողքին՝ ուղիղ կողոսկրի տակ, դուրս եկավ որովայնից ու կոտրվեց նրա մարմնի ներսում։ Նա առաջ մղվեց ու անշարժ ընկավ գետնին։ Գորիսթերը պառկած էր մեջքի վրա։ Ես մեկ ուրիշ սայր քաշեցի-հանեցի, ոտքերս լայն բացած կանգնեցի նրա մարմնի վերևում ու սառցանիզակը խրեցի ուղիղ նրա կոկորդը։ Նրա աչքերը փակվեցին, երբ սառնությունը թափանցեց մարմնի մեջ։ Էլենը, չնայած վախից քարացել էր, երևի հասկացավ՝ ինչ էի որոշել անել: Նա դեպի Նիմդոկը վազեց՝ ձեռքին մի կարճ սառցալեզվակ։ Նիմդոկը բղավեց, ու սառցալեզվակը հայտնվեց նրա բերանում, և Էլենի հարվածի ուժն արեց իր գործը։ Նիմդոկի գլուխը կտրուկ ցնցվեց, ասես այն գամել էին հետևի սառցե կեղևին։

Ամեն ինչ՝ մի ակնթարթում։

Անբարբառ սպասման մեջ լսվում էր հավերժության զարկը։ Ես լսեցի՝ ինչպես ԱՄ-ը խոր շունչ քաշեց։ Նրանից խլել էին իր խաղալիքները։ Նրանցից երեքը մահացած էին, նրանց հնարավոր չէր վերակենդանացնել։ Նա կարողացել էր մեզ կենդանի պահել իր ուժով ու տաղանդով, բայց նա աստված չէր։ Չէր կարող վերադարձնել նրանց։

Էլենը նայեց ինձ։ Նրա սև դեմքը խիստ առանձնանում էր մեզ շրջապատող սպիտակ ձյան ֆոնին։ Նա պատրաստ էր. դա էին վկայում նրա դեմքի վախի ու աղաչանքի արտահայտությունը։ Ես գիտեի, որ մեզ սրտի մի զարկ էր մնացել, նախքան ԱՄ-ը կհասցներ կանգնեցնել մեզ։

Ես հարվածեցի նրան ու նա ծալվեց դեպի ինձ. բերանից արյուն էր հոսում։ Ես չկարողացա կարդալ նրա դեմքի արտահատությունը. ցավը չափից դուրս մեծ էր եղել, խեղաթյուրել էր նրա դեմքը։ Գուցե ասում էր՝ շնորհակալություն։ Հնարավոր է։ Խնդրեմ։

Այդ օրվանից երևի մի քանի հարյուր տարի է անցել։ Ես չգիտեմ։ ԱՄ-ը հաճախ խաղում է ժամանակի գգացողությանս հետ. արագացնում կամ դանդաղեցնում է այն։ Ես կասեմ «հիմա» բառը։ Հիմա։ Ինձնից տասն ամիս պահանջվեց «հիմա» բառն արտաբերելու համար։ Ես չգիտեմ։ Կարծում եմ՝ արդեն հարյուրավոր տարիներ են անցել։

Նա մոլեգնած էր։ Թույլ չէր տալիս թաղել նրանց։ Բայց դա կարևոր չէր։ Մետաղյա հատակը հնարավոր չէր փորել։ Նա հալեցրել էր ձյունը։ Նա գիշեր էր բերել։ Նա մռնչում ու մորեխներ էր ուղարկում։ Անօգուտ էր. նրանք մեռած էին։ Ես հաղթել էի նրան։ Նա մոլեգնած էր։ Նախկինում ես կարծել էի, թե ԱՄ-ն ատում էր ինձ։ Ես սխալվել էի։ Դա նույնիսկ ստվերը չէր այն ատելության, որ հիմա էր բաց թողնում իր ամեն մի տպագիր օղակից։ Նա այնպես էր անում, որ հավերժ տառապեի, բայց չկարողանայի վերջ տալ կյանքիս։

Նա չի դիպել իմ մտքին։ Ես կարող եմ երազել, կարող եմ զարմանալ, կարող եմ սգալ։ Ես հիշում եմ նրանց չորսին։ Երանի…

Չնայած դա կարևոր չէ։ Ես գիտեմ, որ փրկել եմ նրանց, գիտեմ, որ փրկել եմ նրանց այն ամենից, ինչ ինձ հետ է կատարվում, բայց, այդուհանդերձ, չեմ կարողանում մոռանալ, որ սպանել եմ նրանց։ Էլենի դեմքը։ Հեշտ բան չէ։ Երբեմն ուզում եմ, բայց դա կարևոր չէ։

Ենթադրում եմ՝ ԱՄ-ը վերափոխել է ինձ իր հոգեկան հանգստության համար։ Չի ուզում, որ ողջ ուժով վազեմ ու գանգս ջախջախեմ համակարգչային բլոկների մեջ։ Կամ շունչս պահեմ, մինչև կորցնեմ գիտակցությունս։ Կամ էլ կոկորդս կտրեմ ժանգոտված մետաղի կտորով։ Այստեղ՝ ներքևում, հայելանման մակերեսներ կան։ Այսպիսին եմ ես ինձ տեսնում.

Ես մի մեծ, դոնղողանման փափուկ զանգված եմ։ Հարթ, կլորավուն, առանց բերանի: Որտեղ մի ժամանակ աչքերս էին՝ հիմա տրոփող սպիտակ անցքեր են՝ լցված մշուշով։ Որտեղ ժամանակին թևերս էին՝ այժմ ռետինե ելուստներ էին: Փափուկ սղլիկ նյութից ինչ-որ կլորավուն ուռուցիկ թմբեր՝ ոտքերիս փոխարեն։ Շարժվելիս հետևիցս խոնավ հետք եմ թողնում։ Իմ մակերեսին հայտնվում ու անհետանում են հիվանդ, չարագուշակ մոխրագույն բծեր, ասես իմ ներսից լույս է արձակվում։

Արտաքնապես՝ համր, խարխափող էակ, որ ոչնչով չի հիշեցնում երբեմնի մարդ արարածին. էակ, որի կառուցվածքն այնքան խորթ է, որ ասես մարդու ծաղրանկար լինի, և այդ աղոտ նմանության պատճառով մարդկությունն ավելի անպարկեշտ է թվում։

Ներքուստ՝ միայնակ։ Այստեղ։ Ապրում եմ ցամաքի ու ծովի տակ՝ ԱՄ-ի ստամոքսում, որին ստեղծել էինք մենք, քանի որ անարդյունավետ էինք ծախսել մեր ժամանակը և ենթագիտակցորեն գիտեինք, որ մեքենան դա մեզնից լավ կաներ։ Գոնե մեզնից չորսը վերջապես փրկվել էին։

ԱՄ-ին դա ավելի է կատաղեցնում: Դա ինձ մի փոքր ուրախացնում է։ Եվ, այնուամենայնիվ … ԱՄ-ը հաղթել է, ուղղակի հաղթել է … լուծել է իր վրեժը …

Ես բերան չունեմ։ Բայց պետք է գոռամ։

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Պետրոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *