Սեդա Մխիթարյան | Իսկ ես հույս ունեի

Իսկ ես հույս ունեի
11.05.2018, ուրբաթ

Հույս ունեի ճանապարհին Ֆիլյան կարդալ։
Աղմկոտ ու խենթ օրեր էին։ Գրքի ու գրականության գոյության մասին մոռացել եմ առհասարակ։ Ոտքերս ամեն օր ցավում են քաղաքը չափելուց։
Կապույտ ու սպորտային կոշիկներս մաշվում են կարծրատիպեր ջարդելով։
Այդ կոշիկները իմ ունեցածներից միակն են, որ անուն ունեցան` «Հեղափոխության»։
Նորերը պայուսակիս մեջ են։
Երկու շաբաթ է գյուղ չեմ եկել։ Դե քաղաքում աղմուկ է ու հեղափոխություն։
Մոտենում եմ գյուղ տանող մեքենային։ Շուտ եմ եկել։ Վարորդը ներսում մենակ է։
-Հը՞ն, էս հեղափոխություն եք ասըմ թե ինչ, վե՞րջը ինչ տի ըլիլ։
-Վերջը վերջում կիմանանք, Վիգեն ձյաձյա։
-Չէ, բայց հալալա էդ տղուն, եթե իրան Նարեկացու պես սրբերի դասին էլ դասեն` ես կողմ եմ։
Վստահությունը փառավորում է սիրտս։ Կարծես մյուս բոլոր սրբերը գազելի վարորդի ձեռքով են սրբացվել։ Մի քիչ անհարմար ու հին գազելի։
Իսկ ես հույս ունեի ճանապարհին Ֆիլյան կարդալ։
Մեքենան քիչ-քիչ լսում է նոր գովեստի խոսքեր. «Տեսա՞ք միրուքով տղեն ինչեր արեց, քիչ մնաց, սաղ հերթով պատասխան են տալու»։
Այս անգամ վստահությունը երակներովս հասնում է սրտիս։
Զրուցում եմ մի քանի հոգու հետ։ Բոլորը հույսով են լցված։ Հավատով ու կամքով։
07.09.2018 Ուրբաթ
Ճանապարհին Ֆիլյան կարդալու հույսով ու նույն մեքենայով վերադառնում եմ։
Մեքենայում լիքը մարդ կա։ Մի փոքրիկ աթոռի վրա հազիվ խցկվում եմ։ Անգամ ձեռքերս շարժելու տեղ չկա։ Ի՞նչ Ֆիլյան։
Վարորդը լուռ է։ Սրբադասումը ավարտվել է։ Ինքն էլ պարապ է։
Իր մեքենան մինչև հիմա նույն, մի քիչ անհարմար գազելն է։
Մարդկանց շատ լինելը միայն շաբաթվա օրով է պայմանավորված. Սովորական մարդիկ+ուսանողներ։
Այս մեքենայի պատուհանները արդեն շատ գովեստի ու հիասթափության խոսքեր են լսել.
«Լավ է լինելու, ես հավատում եմ», «Լավ բանի չեմ սպասում», «Ասում են Ռուսաստանից էնքան մարդ ա եկել ծառայելու, որ մեր էրեխեքին հունվարին մի քանի օր շուտ են զորացրելու», բարձրաձայն ժպտում եմ, մտքումս` «մանիպուլիացիան աշխատել է»։
Ճանապարհին նույն փոշին է, հագիս անուն չունեցող կոշիկներ են, մտքիս ու երակներիս մեջ նույն վստայությունը չի, բայց հույսս նույնն է` ճանապարհին Ֆիլյան կարդալ։

 

Չկարդա՛ս

Հիմա արևածագ է։
Իսկ գրախանութում գրքերը փաթեթավորած են վաճառվում։ Այնպես, որ չկարողանաս բացել։
Նրանք ստիպում են վճարել, մի տող անգամ կարդալու համար։
Նրանց համար դու երբեք գնորդից ընթերցողի չես վերածվի։
Իսկ ես կանգնել եմ գրադարակի առջև։ Նայում եմ գրքի աչքերին։
Դուրս եմ գալիս։ Գիրքը հետ է կանչում։
Իր փաթեթի վրա մի անցք է բացում, լեզուն հանում այդ անցքից ու ասում։
«Ես տեսա քո հայացքը, դրանից մոտավորապես ունենում են ծովափին արևը «բռնած» նկարվող մարդիկ, իրենց նկարները նայելիս»։
Դուրս եմ գալիս։ Գալիս եմ, բարևում, նստում` ինչպես միշտ։
Նստում ես դիմացս։ Սկսում խոսել։ Նրանց հետ, որոնց մեջ դու չկաս։
Ես լսում եմ։ Ինձ պատկերացնում եմ գրադարակին դրված փաթեթավորած գիրք։ Որը կարդալու իրավունք դու չունես։ Անգամ մի տող։ Ես արգելում եմ։ Ինչպես ինձ էին արգելել։
Ես պատռում եմ փաթեթս ու լեզուս հանում.
«Ինչու՞ ես ինձ նայում մոտավորապես այնպես, ինչպես ծովափին արևը բռնած նկարվողները նայում են գրքին»։
Իսկ գրախանութում գրքերը փաթեթավորած են վաճառվում։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *