Ծովինար Խաչատրյան | Ես կռվի հետ գործ չունեմ


– Յոնի, ա մեռած, ոչխարդ հեռու մի տար, կռիվ ա…
– Ա՜, ես հինչ գործ ունեմ կռվի հետ:
Յոնին փոթ (մականուն) անուն է. իսկական անունը Շահեն էր: Ծնողները նրան ունեցել էին մեծ տարիքում. վերջապես հաջողվել էր եզրափակել կապուտաչ ու շեկլիկ աղջիկների շարանը: Բայց Շահենի ծնողների ուրախությունը երկար չէր տևել, շուտով պարզվել էր, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ: Խեղճ մայրն առավոտից իրիկուն սաստում էր՝ Շահեն, մին յոնի (կարգին) կաց: Միևնույն է՝ չէր հասկանում: Այդպես անունը դարձել էր Յոնի: Իսկական անունը տարիների ընթացքում մոռացվել էր, ինչպես մարդու մարմնին սազ չեկած զգեստն է երկար մնում պահարանում կախված, խունանում, ի վերջո նետվում գզրոց ու մոռացվում՝ այդպես էլ չհագած:
Յոնին երեք տարի առաջին դասարանում նստելուց հետո դուրս եկավ դպրոցից: Բոլորի համար ակնհայտ էր, որ երեխան տհաս ու թանձրամիտ է, ողջ կյանքում խակ է մնալու: Միայն ծնողներն էին դժվարությամբ հաշտվում այդ մտքի հետ: Բայց շատ բարի, ոտնաթեթև տղա էր, ով ինչ խնդրեր, վազելով էր անում՝ առանց աչք թարթելու և մտածելու£
Ամեն նեղն ընկնելիս հինթաղերցին նայում է Դիզափայտ լեռանն ու մրմնջում՝ Սորփ Տիզափատ, դու օգնական… Այս գյուղը Դիզափայտ աշխարհի ամենահին բնակավայրերից է: Շրջակայքում հինգ ավելի հին բնակատեղիների ավերակներ կային, երևի սրա համար էր ներկայիս գյուղը կոչվել Հին Թաղեր: Անտառն ու գետակը հերիք էր, որպեսզի հինթաղերցին իր գյուղը դրախտավայր համարեր, թեկուզ Եփրեմ դայու միջոցով իրենց հասած իմաստասեր Լողմանու խոսքն ասում էր՝ Աստված մարդուն այնպես է ստեղծել, որ իր ծննդավայրն աչքին խուրմաշատ Բաղդադ թվա:
Գարնանը շրջակա գյուղերի ժողովուրդն ուխտագնացության է գնում Դիզափայտի վանքը: Ամեն անգամ մայրը մի կարմիր աքլոր էր տալիս Յոնու գիրկն ու ձեռքից բռնած հասցնում լեռան կատարը, պտտեցնում վանքի շուրջն ու մորթում դռանը: Հետո իջնում էին քարքարոտ ու տկլոր լանջն ի վար, հասնում ծառուտին, կրակ վառում, սուփրա գցում և մատաղն ընդունելի անում: Երբ դեռ փոքր էր Յոնին, վախեցած ու զարհուրած նայում էր թփրտացող գլխատված աքլորին ու գոռում՝ չէ՛, չէ՛: Իսկ երբ մեծացավ, սարի գլխին բաց էր թողնում աքլորն ու հետևից կանչում՝ գնա տուն: Մայրն ասում էր՝ ցավդ տանեմ, բալաս, չի կարելի, ախր մատաղացու է… Հետո համոզվելով, որ Սուրբն էլ չի օգնում իր զավակին, նրա կամքին չէր ընդդիմանում:
Յոնու հայրը շուտ մահացավ. մայրն էլ արդեն տարիքով, դարդից շուտ ծերացած կին էր: Աղջիկներն ամուսնացել, ամեն մեկն իր ընտանիքին ու հոգսին էր: Պառավին հանգիստ չէր տալիս այն միտքը, թե ո՞վ իրենից հետո տիրություն կանի որդուն: Փորձեց ամուսնացնել. հարևան գյուղից մի անբախտ, կաղ աղջիկ բերեցին, մի թեթև ուրախություն սարքեցին: Հաջորդ առավոտ ջահելները հարցնում էին.
– Յոնի, էս գիշեր հո՞ւնց ըս քնել…
– Ա՜, էդ շան աղջիկը թողե՞ց, որ քնեմ, սաղ գիշեր խտուտ էր տալիս:
Խեղճ աղջիկը տեսավ՝ բան չի հասկանում, ետ գնաց հերանց:
Յոնին գյուղի ոչխարն էր պահում: Հանդերում ծառ ու ծաղկի, անասունի հետ իրեն ավելի լավ էր զգում: Առավոտյան առնում էր մահակն ու ոչխարը հավաքում, տանում. ապահով ու անկորուստ էլ պահում էր: Ողջ օրն անձանձրույթ թափառում էր ոչխարի հետևից: Տեսնել էր պետք, թե նորածին գառներին ինչպիսի քնքշանքով էր գրկած բերում, բնազդով հասկանալով բնության այդ մեծ հրաշքի խորհուրդը: Ինքն էլ իր ոչխարներին ու գառներին ավելի մոտ էր, քան մարդկանց, մանավանդ որ մայրն արդեն չկար: Կարծես, Աստված մոռացել ու կիսատ էր թողել նրան՝ մարդու ու անասունի արանքում, թողել խեղճուկրակ, մոլորված:
Ձմռան ցուրտ օրերին, երբ տավարը հանդ չէին տանում, Յոնին մնում էր գյուղամիջում տնկված: Կանչում էին, տաք կերակուր տալիս£ Եթե տանտիրուհին հարցնում էր՝ Յոնի, ամանդ մի հատ էլ լցնե՞մ, պատասխանում էր՝ դո՛ւ գիտես£ Ինչ գործ ասեին, պատրաստակամ անում էր£ Ո՛չ հոգնել գիտեր, ո՛չ կշտանալ, ո՛չ մերժել£
Երբ ձմռան արևը կեսօրին մի քիչ ծիպիլ էր անում, հավաքվում էին տղամարդիկ գյուղամիջում£ Գործ չկար. պարապությունից իրար ձեռ էին առնում, թամաշա ու թատրոն սարքում, շխկարա տալիս: Աստված տվել, չի խնայել© ուրախ, սրամիտ, ծիծաղկոտ են լեռնցիք, եռանդուն, նաև` հաղթանդամ: Ոնց աշխատում, այնպես էլ ուտում են, ոնց կուշտ ուտում, այնպես կուշտ էլ ծիծաղում են: Ինչքան շատ են ծիծաղում, այնքան զորանում ու փարթամանում են: Մեջների խտուրու-մտուրուն Վարսենիկի տղերքն էին՝ կարճլիկ, փոքր-մոքր, բայց ջլապինդ ու խորամանկ. բոլորն էլ փարթամ ու բոյով աղջիկներ ուզեցին, որ ցեղը խոշորանա: Հարսներից մեկը մի օր սկեսուրի թաղը գնացողի հետ ապսպրել էր՝ քու հեր թաղեմ, Վարսենիկ, մեկը բերեիր, կարգինը բերեիր, ո՞ւր ես կզտի-պզտի վեցը շարել. կալի ճամփին ջվալի տակ փորս ճղվեց …
Երբ գյուղամիջի ջահելների սրախոսության մուսան գալիս է, վայը տարել է անցնող-դարձողին: Մեկ էլ Թեմուրը կբռնացներ փոստատարին.
– Մարուսյա, ես էս կազեթը չեմ վերցնի, էն ա կարդացած, նորը տուր:
– Վա՜յ, մեր Ծտուրեն արևը թա կարդող ա իլալ:
Բայց նրանց զրույցների ու սրախոսության ամենասիրած թեման, համընդհանուր սիրո և ուշադրության առարկան, ներշնչանքի անսպառ աղբյուրը Յոնին էր: Մի օր մի լայնեզր հին գլխարկ դրին գլխին ու ասացին՝ Յոնի, էս հո՜ւնց ա սազում, ոնց որ մինիստր լինես, մինիստրի գլխարկ ա: Այլևս անբաժան էր այդ գլխարկից: Ով հարցնում էր՝ էդ ո՞ւմն ա, զարմանում էր՝ բա չգիտե՞ք, մինիստրինն ա:
Ինչքան էլ Հին Թաղերը թաք կացած էր բլուրների ու խութերի մեջ, կռիվը գտավ նրան: Թուրք օմոնը՝ խորհրդային բանակի օգնությամբ Գետաշենը տեղահանելուց հետո, անցավ Հադրութի ու Բերդաձորի գյուղերին, դատարկեց Առաքյուլից մինչև Ծամձոր, Խանձաձոր, հասավ Հին Թաղերին£ Թուրքը կազմակերպված մտնում էր, ավտոբուսներ տրամադրում, բնակիչներին ուղարկում Գորիսի կողմերը, իբր՝ լավություն է անում, չի կոտորում, հետևից դատարկում տները, բեռնատարներով ավարառում ունեցվածքը: Մարդիկ թողնում էին հացը հունցած, լվացքը փռած, անասունը հանդում, իրենց հագի եղածով նստում ավտոբուս, լաց-շիվանով գնում: Վախ, խուճապ, խառնաշփոթ£ Ինչո՞ւ է հայը միշտ ուղտի ականջում քնած, ինչո՞ւ է սպասում, որ դանակը ոսկորին հասնի: Ե՞րբ է հայը պատրաստ լինելու ճակատագրի ամեն անակնկալի£ 91-ի մայիսին արդեն 24 տեղահանված գյուղեր կային: Աշխարհի վեջը չէր, միայն բարոնուհի Քոքսը եկան, հասավ Գորիս՝ տեղահանվածների ճամբար, փորձեց սպիտակ դրոշով անցնել Լաչինը, թուրքը չթողեց£
Քիչ մնաց Հին Թաղերի ժողովուրդն էլ ահաբեկված փախչեր, Շադյան Գրիշան չթողեց, բոլորին հավաքեց ու ասաց©
– Էսքան ջահել կա գյուղում, խի մենք մեռա՞ծ ենք, որ թուրքը մտնի: Մի կրակոցն էլ հերիք ա, որ նա զգաստանա: Մեր դիրքը լավն ա, մենք կարող ենք նրա ճամփան փակել£ Եթե թուրքը բարձրացավ Դիզափայտ, Ղարաբաղը բռան մեջ կլինի: Դիզափայտից մինչև Արաքս գետը երևում ա: Թողնենք՝ էլի մտնեն, մեր Սուրբը քարուքանդ անե՞ն…
Ասաց ու տղաներին կանգնեցրեց դիրքերում: Կրակի տակ պահեցին գյուղի զառիթափը: Թուրքը նահանջեց:
Հետո սկսվեց իսկական պատերազմը. թուրքն այս անգամ եկավ գրադով ու ալազանով: Ամենապինդ ու ապահով շինությունը Ամենափրկիչ եկեղեցին էր, որ սովետի տարիներին պահեստ էին դարձրել. այստեղ էլ հավաքեցին կանանց ու երեխաներին: Տրաքոցը եկել, տները շղհարում էր, դողը գցում ջանդ: Ումի՞ց առնեին իրենց հարցերի պատասխանները: Էլի սկսեցին Յոնու հոգու հետ խաղալ.
– Յոնի, հանդը մի գնա, թուրքը մոտեցել ա, քեզ կգողանա…
– Ա՜, ես հինչ գործ ունեմ թուրքի հետ, նա՝ ով, ես՝ ով:
– Բա որ գործ ունեցավ ու եկավ, հի՞նչ կանես:
Շատ որ հոգին կերան, մտածեց, մտածեց ու ծոր տալով ասաց.
– Մի ղազան ջուր եռ կածեմ ու կլցնեմ գլխներին:
Նրա համար ամենազարհուրելի զենքը եռացրած ջուրն էր. երեխա ժամանակ թեյնիկը շուռ էր տվել, ոտնաթաթն այրել:
Թուրքերն այդպես էլ չկարողացան գյուղ մտնել. հարևան գյուղերի պաշտպանական ջոկատները միավորվեցին, քշեցին նրանց:
Յոնին ուրախացավ, նորից իր տավարի հետ հանդերումն էր: Ոչխարն արածում էր, ինքն էլ մի թմբի վրա նստած, խաղում էր ձեռն ընկածով: Հավաքում էր արկերից մնացած տուփերը, դատարկ պարկուճները և դրանցով զբաղվում: Մի օր թփերի խորքում թաքնված մի կանաչ ու կլոր բան տեսավ: Ձեռքը մեկնեց, չհասավ: Մեկ ուզեց թողնել, հեռանալ, մեկ էլ միտքը փոխեց© տուփը ձգում էր կարծես: Կռացավ, մահակով քաշեց դեպի իրեն: Ականի պայթյունի ձայնը դղրդաց խաղաղ իրիկնամուտի մեջ, արձագանքվեց: Առաջինը վրա հասան հովիվներն ու մոտակա թաղի բնակիչները: Յոնու այլանդակված մարմինը դեռ թփրտում էր խոտերի վրա…
Գյուղը ցնցվել էր: Լացն ու սուգը համընդհանուր էր, որովհետև ոչ-ոք այդքան բոլորինը չէր, ինչքան Յոնին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *