Մարիամ Սարգսյան | Ես քո մասնիկն եմ, Ստեփանակերտ

Լուսանկարը՝ Մարգարիտա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Մարգարիտա Պետրոսյանի

Ասում են, երբ արդեն 82 տարեկան ես ապրելու բոլոր հույսերը մարում են,բայց ես դեռ ուզում եմ ապրել, ես սիրում եմ կյանքն ու մարդկանց:
Ես Ստեփանակերտի մայր թատրոնն եմ: Քաղաքում բոլորը ինձ ճանաչում են, այսօրվա երիտասարդները, իհարկե, սիրում են ինձ՝ ոչ թե հոգեւոր արժեքներիս համար, այլ դեռեւս հիանում են իմ վաղեմի փայլից մնացած ցոլքերով:
Երբ ծնվեցի ես՝քաղաքի ամենապայծառ ու հրաշալի կոթողն էի, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ, ինչու չէ, ողջ հայության հպարտությունը: Նորահարսի շքեղությամբ զբաղեցրի քաղաքում իմ պատվավոր տեղը: Գիտեք քանի՜ հանդիսատես է հիացած դուրս եկել իմ երբեմնի հոյակապ դահլիճից, որքան ՝հուզմունքից արտասվող աչքեր եմ տեսել: Հաճախ քիչ էր մնում խլանայի ծափահարություններից, քանի գողունի հայացք եմ տեսել, քանի շիկնող դեմքեր ու ծով ժպիտներ: Իմ բեմում կանգնել են հարյուրավոր տաղանդավոր դերասաններ եւ ես հպարտ եմ, որ նրանց ձեռքերը դիպչել են իմ պատերին եւ իմ դահլիճներում նրանց ձայնն է հնչել:
Ես եղել եմ հանդիպումների ժամադրավայր, լսել սիրո դրսեւորումների թոթովանքներ ու խոստումներ… քանի հոգի է ուշացել ժամադրություններից, բայց այսօր կարծես ես եմ ուշանում արագ վազող ժամանակից:
Պատերազմի մասին չեմ ուզում խոսել, ինչպես գիտեք՝ ծեր կանայք արտասվում են, երբ դառնություններ են հիշում: Ուզում եմ խոսել լավի մասին, դրականի, գույների ու լավ ապրումների մասին: Ես տեսել եմ տասնյակ շենքեր, որ վիրավորվել են պատերազմից, հաճախ ցավով եմ նայել նրանց վնասվածքներին՝ արկերից առաջացած փոսերին, ճաքերին ու անձրեւներից խունացած մասերին: Ինձնից լավ ոչ ոք չգիտի թե տարիները ինչպես են փոխում մեր Ստեփանակերտը:
Շուրջս ծնվում են նոր շենքեր, դրանցից որոշներն արդեն ինձնից ավելի բարձրահասակ են, բայց չեմ նեղանում, իմ շուրջ օրիորդների պես ծնվում են գունեղ շենքեր, կապույտ, նարնջագույն ու դեղին շենքեր, որ ցավ տեսած իմ ժողովրդի դժգոհ դեմքին ժպիտ են առաջացնում:
Գիտեմ, որ աշխարհում կան հազարավոր ավելի գեղեցիկ քաղաքներ քան մերն է, բայց ասացեք՝ որտե՞ղ կա այնքան ջերմություն ու անվտանգություն որքան մեր քաղաքում: Ո՞ր քաղաքում քեզ ամեն քայլափոխի կբարեւեն, կհարցնեն հիվանդ տատիկիդ կամ նոր ամուսնացած եղբորդ որպիսությունը, այստեղ մարդիկ իրար ուղնուծուծով են ճանաչում, այստեղ բարեկամների պակաս երբեք չես զգում, չես զգում բարեկամական վերաբերմունքի պակաս:
Երջանկությամբ եմ նկատում, որ մեր քաղաքում ավելացել են պուրակներն ու ծաղկաշատ մայթերը, ցայտաղբյուրներն ու նստարանները: Միայն ես կարող եմ նկատել, որ երիտասարդներն այլեւս միանման չեն՝ քանի երանգ, քանի հմայք, որքան նորություններ, որքան նորաձեւության նմուշներ, երկար ու կարճ մազեր, կրունկներ ու սպորտային կոշիկներ.. եւ դա միայն ուրախացնում է:
Շատերդ կարծում եք, թե ես ծեր եմ ու չեմ տիրապետում ժամանակակից միջոցներին՝ լսո՞ւմ եք քմծիծաղս:
Գիտեք քանի սելֆի ունեմ համացանցում, ես՝ Ստեփանակերտի մայր թատրոնս, իմ թեւերի տակ քանի նկար ունեմ, երիտասարդների ամենասիրելի վայրը լինելով՝ հազարավոր նկարներ ունեմ բոլոր սոցցանցերում, ինձնով հիանում եւ ինձ նկարում են տասնյակ զբոսաշրջիկներ:
Միայն մի վախ ունեմ, ես չեմ ուզում մեռնել, ուզում եմ քաղաքիս ճարտարապետներն ու ճարտարագետները, արվեստասերներն ու արհեստավորները նոր կյանք տան ինձ: Ուզում եմ, որ հիանան ոչ միայն իմ քարեղեն ներկայությամբ, այլ իմ դահլիճներում նորից հնչեն դերասանների ձայներ, իմ ունկերը նորից պայթեն՝ ծափահարություններից, իմ նստատեղերին հուզմունքից արտասվեն թատերասերներն ու սիրահարվեն զույգեր՝ թող չշիկնեն, թող լինեն ավելի համարձակ, թող համբուրվեն վերջին շարքերում, հետո ամուսնանան, ընտանիք կազմեն, ավելացնեն քաղաքիս բնակիչների թիվը: Ես ուզում եմ ապրել, որ իմ շուրջ հավաքեմ կյանքն ու արվեստը սիրողներին:
Ես ուզում եմ ապրել…
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոն:

Share Button

2 Կարծիք

  • Անի says:

    Հրաշալի է, կեցցես Մարիամ Սարգսյան հիացած եմ ,բրավո

  • Ofeli says:

    Հեղինակի մասին տեղեկություններ ինչպե՞ս կարող ենք իմանալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *