Հատված
… Պատառոտված շորերով, վիրավոր ոտքերով, գզգզված մազերով, բայց անխախտ վճռականությամբ սկսեց սարը բարձրանալ: Սրածայր ժայռերը ծակում էին կրունկները, իսկ բազեները կտցահարում էին նրա այտերը, երբ բարձրանում էր նրանց բների մոտով: Փոթորիկները փորձում էին պոկել նրան սարերի վրայից: Բայց նա մագլցում էր մի քարից մյուսը, մինչև հայտնվեց ամրոցի դռան առաջ:
— Ո՞վ է համարձակվել,— որոտաց դևի ձայնը, երբ Բաբան քարեր շպրտեց դևի ամրոցի դարպասին:
Բաբա Այուբը տվեց իր անունը և ավելացրեց.
— Ես եկել եմ Մայդան Սաբզ գյուղից:
— Ի՞նչ է, թշվառակա՛ն, մա՞հդ ես ուզում: Ով համարձակվում է խանգարել ինձ իմ սեփական տանը, պիտի մեռնի: Ի՞նչ է ուզածդ:
— Ես եկել եմ քեզ սպանելու:
Դարպասից այն կողմ լռություն տիրեց: Հետո դուռը ճռնչալով բացվեց, և երևաց դևը՝ Բաբա Այուբին վախեցնելով իր մղձավանջային շուքով:
— Իսկապե՞ս,— որոտաց նա բամբ ձայնով:
— Իհա՛րկե,— ասաց Բաբա Այուբը,— մեզնից մեկը պիտի մեռնի:
Մի պահ թվաց, թե դևը կջնջի Բաբա Այուբին գետնի երեսից և ուղղակի ատամի տակ կառնի նրան: Բայց ինչ–որ բան ստիպեց, որ նա վարանի, գուցե ծեր մարդու ասածների խենթությունը, խռիվ մորուքը, արյունոտ դեմքը և փոշու մեջ կորած մարմինն ու ճաքած կրունկները: Կամ էլ այն, որ ծեր մարդու աչքերում դևը վախի նույնիսկ մի նշույլ չտեսավ:
— Ասացիր՝ որտեղի՞ց ես եկել:
— Մայդան Սաբզից,— ասաց Բաբա Այուբը:
— Քեզ նայելով՝ հասկանում եմ, որ լավ հեռու է քո Մայդան Սաբզը:
— Չեմ եկել այստեղ շաղակրատելու, եկել եմ, որ…
Դևը բարձրացրեց ճանկերով թաթը:
— Դու եկել ես ինձ սպանելու: Բայց նախքան մեռնելս ուզում եմ վերջին խոսքս ասել:
— Բարի՛,— ասաց Բաբա Այուբը,— բայց կարճ:
— Շնորհակալ եմ,— քմծիծաղ տվեց դևը:— Կարո՞ղ եմ իմանալ՝ ո՛ր ծանր մեղքիս համար ես ուզում ինձ սպանել:
— Դու տարել ես իմ կրտսեր որդուն,— պատասխանեց Բաբա Այուբը:— Նա աշխարհում ամենաթանկն էր ինձ համար:
Դևը փնչաց ու տրորեց կզակը:
— Ես շատ երեխաներ եմ վերցրել շատ հայրերից,— ասաց նա:
Բաբա Այուբը զայրացած դուրս քաշեց մանգաղը:
— Դե ի՛նչ, ես նրանց փոխարեն էլ վրեժ կլուծեմ:
— Ասեմ քեզ, որ համարձակությունդ հիացնում է ինձ:
— Դու ոչինչ չգիտես համարձակության մասին,— ասաց Բաբա Այուբը:— Համարձակ լինելու համար պիտի կորցնելու բան չունենաս, ու ես կորցնելիք չունեմ:
— Դու կարող ես կյանքդ կորցնել,— ասաց դևը:
— Դու արդեն գողացել ես այն:
Դևը դարձյալ փնչացրեց և մտացրիվ նայեց Բաբա Այուբին: Եվ ասաց.
— Բարի՛, ես ընդունում եմ քո մարտահրավերը: Բայց պիտի գաս իմ հետևից:
— Արագացրո՛ւ,— ասաց Բաբա Այուբը:— Համբերությունս հատնում է:
Դևն ուղղվեց դեպի մի մեծ սրահ, Բաբա Այուբը ստիպված էր հետևել նրան: Նրանք անցան միջանցքների լաբիրինթոսով: Միջանցքների առաստաղները՝ հենված հսկայական աշտարակների վրա, հասնում էին ամպերին: Անցան բազում աստիճանավանդակներով և այնքան մեծ սենյակներով, որ դրանցից յուրաքանչյուրում կարող էր տեղավորվել Բաբա Այուբի գյուղը: Եվ վերջապես հասան մի մեծ սենյակ, որի հեռավոր պատից վարագույր էր կախված:
— Մո՛տ արի,— ասաց դևը:
Բաբա Այուբը մոտեցավ և կանգնեց դևի կողքին:
Նա բացեց վարագույրը, որի հետևում մեծ ապակե պատուհան էր: Պատուհանից այն կողմ երևում էր մեծ այգի՝ եզերված բարձր թխկիներով, բազմագույն ծաղիկներով, կապույտ սալիկապատ ջրավազաններով, մարմարե աստիճանավանդակներով և փարթամ մարգագետիններով: Բաբա Այուբը տեսավ զարդաքանդակված պարիսպներ, նռնենիների ստվերում քչքչացող շատրվաններ: Մի քանի կյանք էլ չէր բավականացնի այդ վայրի գեղեցկությունը նկարագրելու համար:
Բայց Բաբա Այուբին ապշեցրեց այգում երջանիկ վազվզող երեխաների ուրախությունը: Նրանք բռնոցի էին խաղում՝ ծառերի շուրջը պտտվելով, կամ պահմտոցի՝ թաքնվելով ցանկապատի հետևում: Բաբա Այուբը երկար նայեց և ի վերջո գտավ՝ ում փնտրում էր: Ահա նա՝ իր Քաիս որդին՝ ողջ և առողջ: Նա մեծացել էր, մազերն էլ երկարել էին: Հագին հրաշալի սպիտակ վերնաշապիկ էր և ամուր տաբատ: Նա երջանիկ քրքիջով վազում էր իր ընկերների հետևից:
— Քաիսը,— մրմնջաց Բաբա Այուբը, և նրա շունչը գոլորշի կապեց ապակու վրա: Եվ գոռաց որդու անունը:
— Նա չի կարող քեզ լսել,— ասաց դևը:— Ոչ էլ տեսնել:
Բաբա Այուբը ցատկոտում էր՝ ձեռքերը թափահարելով, խփում ապակուն, բայց դևը դարձյալ փակեց վարագույրը:
«Չեմ հասկանում,— մտածեց Բաբա Այուբը,— ես կարծում էի»:
— Սա քո պարգևն է,— ասաց դևը:
— Բացատրի՛ր, խնդրեմ,— բացականչեց Բաբա Այուբը:
— Ես քեզ փորձության ենթարկեցի:
— Ի՞նչ փորձություն:
— Ես փորձում էի քո սերը: Դա դաժան փորձություն էր, և ես հաղորդակից եմ քո տառապանքին: Դու անցար այդ փորձությունը, և դա քո պարգևն է: Եվ նրա:
— Իսկ եթե ես ընտրություն չանեի: Եթե ես մերժեի ընտրությունը:
— Կկործանվեին քո բոլոր երեխաները,— ասաց դևը,— քանզի նրանք կանիծվեին, ինչպես անիծված է ամեն ոք, որ թույլ հայր ունի, վախկոտ հայր, որ պատրաստ է զոհաբերելու իր երեխաներին, բայց ոչ սեփական խիղճը: Ասում ես, թե քաջություն չունես, բայց ես տեսնում եմ այն քո մեջ: Դու քո ուսերին վերցրիր այդ բեռը, քաջություն ունեցար, և ես հարգում եմ քեզ դրա համար:
Թուլացած Բաբա Այուբը գոտուց քաշեց հանեց մանգաղը, բայց այն սահեց ձեռքից և բարձր ծլնգոցով ընկավ մարմարե հատակին: Ծնկները ծալվեցին, և նա ստիպված նստեց:
— Քո որդին քեզ չի հիշում,— շարունակեց դևը:— Սա է իր կյանքը այժմ, և դու տեսար, որ նա երջանիկ է: Այստեղ նա ունի լավ ուտելիք, հագուստ, ընկերություն և սեր: Նրան ուսուցանում են արվեստներ, լեզուներ, իմաստություն, գթասրտություն: Նա ոչնչի կարիք չունի: Երբ մեծանա, կարող է հեռանալ. նա ազատ է: Ես կարծում եմ, որ նա բարություն կպարգևի բոլորին և վշտի մեջ տոչորվողներին կընծայի երջանկություն:
— Ուզում եմ տեսնել նրան,— ասաց Բաբա Այուբը:— Ուզում եմ տուն տանել:
— Իսկապե՞ս ուզում ես:
Բաբա Այուբը նայեց դևին:
Կախարդական էակը գնաց իր առանձնասենյակ, որը վարագույրի մոտ էր, և դարակից հանեց ավազի ժամացույց:
— Գիտե՞ս՝ ինչ է ավազի ժամացույցը, Աբդուլլա՛: Գիտե՛ս: Շատ լավ:
Այսպիսով՝ դևը շրջեց այն և դրեց Բաբա Այուբի ոտքերի մոտ:
— Դու կարող ես նրան տուն տանել,— ասաց դևը:— Եթե դու այդպես որոշես, նա այլևս չի կարողանա վերադառնալ այստեղ: Հենց ավազը դատարկվի, հայտնի՛ր ինձ քո որոշման մասին:
Եվ արտասանելով այդ խոսքերը՝ դևը դուրս եկավ սենյակից՝ Բաբա Այուբին թողնելով հերթական ցավագին ընտրության առաջ:
«Տուն եմ տանելու տղայիս»,— անմիջապես մտածեց Բաբա Այուբը: Իր ամբողջ էությամբ նա միայն դա էր փափագում, իր հազարավոր երազներում դրա մասին էր երազում՝ նորից գրկել փոքր Քաիսին, համբուրել որդու այտերը և զգալ նրա փոքր թաթիկների փափկությունը: Բայց մի բան էլ կար: Ասենք՝ նա տուն տանի Քաիսին: Ի՞նչ է նրան սպասվում Մայդան Սաբզ գյուղում. գեղջուկի ծանր կյանքը, լավագույն դեպքում՝ ինչպես իրենը: Այն էլ, եթե նա չմեռնի երաշտից, ինչպես գյուղի շատ երեխաներ:
«Կներե՞ս արդյոք քեզ,— հարցրեց ինքն իրեն Բաբա Այուբը,— գիտակցելով, որ, եսասիրությունից դրդված, զրկել ես նրան շքեղությամբ և բազում հնարավորություններով լի կյանքից»: Մյուս կողմից, Քաիսին թողնելով այստեղ, ինչպե՞ս կարող էր հաշտվել այն մտքի հետ, որ, իմանալով՝ իր որդին կենդանի է և որտեղ է, միևնույնն է, հնարավորություն չի ունենա նրան տեսնելու: Կարելի՞ է արդյոք դրան դիմանալ: Բաբա Այուբը արտասվեց: Նա այնքան հուսահատ էր, որ վերցրեց ավազի ժամացույցը և շրխկացրեց պատին: Ժամացույցը փշրվեց, հազար կտոր եղավ, և ավազահատիկները շաղ եկան հատակով մեկ:
Դևը մտավ սենյակ և տեսավ, որ Բաբա Այուբը կորացած ուսերով կանգնած է փշրված ապակու վրա:
— Շատ դաժան արարած ես,— ասաց Բաբա Այուբը:
— Եթե դու ապրես իմ չափ,— պատասխանեց դևը,— կհասկանաս, որ դաժանությունն ու բարեգործությունն ուղղակի նույն գույնի տարբեր երանգներն են: Դե ինչ, կատարեցի՞ր ընտրությունդ:
Բաբա Այուբը սրբեց արցունքները, վերցրեց մանգաղն ու կապեց գոտուն: Նա դանդաղ, գլխիկոր շարժվեց դեպի դուռը:
— Դու լավ հայր ես,— ասաց դևը, երբ Բաբա Այուբն անցավ նրա կողքով:
— Թող որ դու այրվես դժոխքի կրակներում քո արածների համար,— հոգնատանջ ասաց Բաբա Այուբը:
Նա դուրս էր գալիս սենյակից, երբ դևը ձայն տվեց և հանձնեց Բաբա Այուբին մի սրվակ՝ մուգ հեղուկով:
— Խմի՛ր սա, երբ տուն հասնես: Ցտեսությո՛ւն:
Բաբա Այուբը վերցրեց սրվակն ու անձայն հեռացավ:
Շատ օրեր անց Բաբա Այուբի կինը, դաշտի պռնկին նստած, նայում էր հեռուն, ճիշտ այնպես, ինչպես Բաբա Այուբն էր նայում՝ սպասելով Քաիսի վերադարձին: Ամեն անցնող օրվա հետ կնոջ հույսերը մարում էին: Գյուղի բնակիչներից շատերն արդեն խոսում էին Բաբա Այուբի մասին անցյալ ժամանակով: Մի անգամ նա դարձյալ գետնին նստած աղոթում էր, երբ հանկարծ տեսավ, որ սարերի կողմից մի վտիտ կերպարանք անջատվեց և մոտեցավ գյուղին: Սկզբում կինը կարծեց, թե մի մոլորված դերվիշ է, մի սմքած մարդ՝ ցնցոտիներով, դատարկ աչքերով և ներս ընկած քունքերով, բայց երբ մոտեցավ, ճանաչեց իր ամուսնուն, սիրտը հուզմունքից թպրտաց, և հանգստացած մի ճիչ արձակեց:
Թարգմանությունը անգլերենից՝ Անուշ Սեդրակյանի
Խալեդ Հոսեյնի
Ներգաղթյալի դասական ճանապարհ անցնող Հոսեյնին կայացել է նախ որպես բժիշկ և գրողի միջազգային համբավ է ձեռք բերել 2003ին` «Օդապարուկ թռցնողը» վեպի լույսընծայումից հետո։
2007ին երբեմնի հայրենիք՝ Աֆղանստան այցելելով արդեն որպես հայտնի գրող, եւ Բարի կամքի դեսպան ՄԱԿի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից, նա այնուհետ ստեղծեց «Խալեդ Հոսեյնի» հիմնադրամը։ Այն ապաստան է տրամադրում Աֆղանստանի գաղթական ընտանիքներին, իրականացնում է մարդասիրական, կրթական և առողջապահական ծրագրեր։
Նույն այդ խորհրդանշական վերադարձն է Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպի առանցքում։ Վեպը լույս տեսավ 2013ին և ամրագրեց, որ Հոսեյնիի ստեղծագործությանը մշտապես ուղղորդում են աֆղանական բզկտված ընտանիքների պատկերները։
Ի՞նչ է նրան սպասՎում Մայդան Սաբզ գյուղում. գեղջուկի ծանր կյանքը, լավագույն դեպքում՝ ինչպես իրենը:
Շատ գեղեցիկ լեզվով, սահուն թարգմանություն է:
Միակ դիտողությունը սպասՎումի Վ-ն ավելորդ է: