I մաս
Կարմիր աքաղաղ
Այգու տերն ու տիրակալն էր: Բերքահավաքից հետո ազատել էին նրան գերությունից, և այժմ իրենն էին ազատությունն ու այգին: Այլևս չէր դիտում աշխարհը վանդակաճաղի հետևից, որ հավաբուն էր կոչվում: Նա այժմ այն այգում էր, որն այնքան երազված էր իր անազատության օրերում:
Տան երկրորդ հարկի պատշգամբի վանդակաճաղից նայում եմ այգուն. կարմիր աքաղաղը հսկում է հավերին: Աքաղաղի փետուրները կրակի գույն ունեն, պոչի փետուրների վրա տարբեր երանգներ կան, բայց ես չգիտեմ դրանց անունները. չորս կամ հինգ տարեկան եմ: Կարմիր փետուրների արանքում կրակի լեզվակների պես տեղ-տեղ բոցկլտում է կանաչը: Այդ կանաչն ինձ հիշեցնում է լուցկու կանաչ գլխիկը, որ լսելի բռնկումով վերածվում է կարմիր կրակի: Չեմ վախենում դարչնագույն գլխիկով լուցկիներից, որովհետև դրանք վառվելիս ցածր ձայն են արձակում, թեթև բռնկվում ու վառվելուց հետո անուշ բուրում, բայց սարսափում եմ կանաչ գլխիկով լուցկիներից…
Մինչ գաղտագողի նայում էի, կարմիր աքաղաղը թափահարեց իր հսկայական թևերը, որ կրակե լեզվակներն ավելի ուժեղ բոցկլտան, աջ թևի փետուրները լայն բացելով՝ հենվեց գետնին ու մի պտույտ գործեց հավի շուրջը: Նրա տեսքից սարսափած՝ մտածեցի. «Լավ է՝ գոնե մեր տունը երկհարկանի է: Իսկ աքաղաղները կարո՞ղ են թռչել… մինչև երկրորդ հարկ»:
Նա ինձ նկատում է. վազում եմ ու տուն մտնում: Մինչև վերջ պտտում եմ բանալին և մեջքով հենվում դռանը: Լսում եմ սրտիս անհանգիստ տրոփյունը: Կարծես սիրտս մի քանի վայրկյանով տեղափոխվեց կոկորդիս մեջ ու նորից իջավ իր տեղը: Հիշում եմ՝ ամբողջ գարնանն ու ամռանը մեր այգին մի տեսակ արգելավայր էր դարձել. միայն հատուկ կածաններով կարող էի քայլել, ոչնչի ձեռք չպիտի տայի: Ճիշտ է, ունեի մի փոքրիկ հողակտոր, որտեղ սերմեր էի ցանել՝ չորս գազար, երեք վարունգ, երկու ցորեն և մեկ արևածաղիկ, բայց սպասում էի աշնանը, թե երբ ամբողջ այգին իմը կդառնա: Աշնանը առավոտից իրիկուն խաղում էի այգում: Այգու կենտրոնական հատվածում բանջարանոցն էր, եզրերին՝ պտղատու ծառերը, իսկ ցանկապատի մոտ՝ խոտի հսկայական դեզը: Բերքահավաքն ավարտվել էր ու այգին իմն էր ամբողջությամբ: Խնամքով հավաքում էի ցածր ճյուղերին մնացած հատուկենտ մրգերը, փոքրիկ տուփերի մեջ ամբարում դրանք: Վերջին գաճաճ վարունգներից ու գունավոր պղպեղներից պահածո էի պատրաստում: Երբ պատահաբար թափված սերմերից նոր ծիլեր էին դուրս գալիս, ջրում էի այդ ծիլերը և սպասում, թե ինչ են դառնալու: Մաքրում էի անգլուխ կաղամբների ցողուններն ու միջուկը համտեսում. հիշում եմ այդ համը: Խոտի դեզի միջից չորացած ծաղիկներ էի հավաքում ու փոքրիկ փնջեր կապում. հիշում եմ նաև այդ բույրը: Աշնանը ես շատ հարուստ էի ու ազատ: Մի օր էլ սովորականի պես խաղում էի իմ այգում, և հանկարծ կարմիր աքաղաղը թռավ ինձ վրա. թափահարում էր հսկայական թևերը, կտցում էր ինձ: Ես միայն դեմքս էի պահում ու գոռո՞ւմ էի, լացո՞ւմ էի. չեմ հիշում…
Կարմիր աքաղաղը տիրացավ իմ այգուն: Պատշգամբի վանդակաճաղի հետևից վախով ու տխրությամբ նայում էի այգուն, կարմիր աքաղաղին ու ձեռքերիս թեթև քերծվածքներին, որոնք ինձ խորը վերքեր էին թվում: Գիշերները ջանում էի չքնել կամ գոնե ուշ քնել, որովհետև կարմիր աքաղաղն ինձ հետապնդում էր իմ երազներում: Ամեն գիշեր ես անցնում էի իմ տան մոտով, ցանկապատի ճեղքերից թաքուն նայում իմ այգուն, որտեղ կարմիր աքաղաղը ցորեն էր ուտում: Փորձում էի անցնել զգույշ և աննկատ, որ աքաղաղն ինձ չնկատի, բայց նա նկատում էր ինձ, ծղրտում իր սարսափելի ծուղրուղուն և թռչելով ցանկապատի վրայով՝ հարձակվում ինձ վրա: Կծում էր այնքան, մինչև որ ես ճչոցով արթնանում էի: Եվ ամեն գիշեր միևնույն երազը…
Անցնում եմ հին ու ծանոթ փողոցով: Իմ տան ցանկապատի մոտով քայլում եմ աննկատ ու զգույշ: Գիշեր է: Երկնքում սառն ու անտարբեր լիալուսին է. մատնիչ գիշեր է: Ինչպես միշտ, ինձ նկատում է կարմիր աքաղաղը, թռչում է ցանկապատի վրայով, նորից կծում է ինձ: Կտցահարելու ընթացքում նայում եմ կարմիր փետուրներին և նրանց մեջ թաքնված կրակի կանաչ լեզվակներին, որոնք պարզապես սովորական փետուրներ էին: Կարծես նոր բան եմ հասկանում և համարձակ ասում.
_Որքան ուզում ես, կծի´ր, չի ցավում, որովհետև ես երազ եմ տեսնում:
Կարմիր աքաղաղը զարմացած նայում է ինձ ու թռչում դեպի լուսին: Ես հայացքով ճանապարհում եմ նրան, մինչև որ աքաղաղը լուսնի վրա դառնում է մի փոքրիկ կետ ու անհետանում: Այն լուսնից հետո կարմիր աքաղաղին ես այլևս չտեսա:
II մաս
Ուրիշի այգի
Հիշողությանս մեջ դաջված ծաղիկները չեն թառամում: Կան վայրեր, որտեղ խաղաղություն եմ գտել: Մտովի կամ իրապես հաճախ եմ այցելում այդ կանաչ վայրերը: Հիշում եմ, որ դժվարությամբ բարձրանում էի զառիվերը ու վաստակած շունչ քաշում: Ամեն անգամ հիանում էի նույն ծաղիկներով: Չնայած ցանկապատ չկար, բայց ասում էին, որ սա ուրիշի այգի է: Այգին անմշակ էր և շրջապատված վայրի ծառերով ու թփերով: Զառիթափ այգու ստորոտով գետն էր աղմկելով հոսում: Դա շատ լավ էր. երբ երգում էի, ոչ ոք չէր լսում: Նույնիսկ ես չէի լսում իմ ահավոր ձայնը և ինքնագոհ երգում էի: Թաց ծաղիկները մեղմ հպվում էին ոտքերիս: Քայլերս տանում էին մանկության արահետով. զգում էի խակ խնձորի հոտը: Նուրբ հուզումներ էին խտղտում իմ մեջ, երբ ուրիշի այգուց երիցուկ կամ խակ խնձոր էի գողանում, թաքցնում ծոցիս մեջ ու գողի պես շուրջս նայելով՝ վերադառնում տուն՝ գանձ գտածի ուրախությամբ: Տարիները չեն խունացրել քո կանաչը և իմ ուրախությունը, ուրիշի´ այգի:
Այն լուսնից հետո թեև չտեսա կարմիր աքաղաղին, բայց խռովեցի իմ այգուց: Ու մի օր էլ օտարացանք իրարից ու ես գտա ուրիշի այգին:
Ծանոթ արահետս ինձ նորից տանում է ուրիշի այգի: Ինչ-որ մեկը փշոտ թփերի ճյուղերից ցանկապատ է սարքել, բայց այգին դեռ անմշակ է: Մի քանի վայրկյան կանգ եմ առնում, մտովի պատկերացնում վայրի խնձորենին: Ինչքա˜ն փափագ կա իմ սրտում փշոտ ցանկապատը հաղթահարելու: Ուրախությանս համար վճարում եմ քերծվածքներով և մտնում այգի: Հայացքով փնտրում եմ վայրի խնձորենին: Գտնում եմ նրան ծառերի մեջ խճճված. ես ավելի մեծ ու գեղեցիկ էի հիշում նրան: Պտուղ չեմ գտնում ճյուղերին: Երեք փոքրիկ խնձոր եմ հազիվ նշմարում տերևների տակ: Շատ թթու են խնձորները, բայց ես ուտում եմ. միայն պոչն եմ նետում: Մանկությանս արկածը փշե ցանկապատի մյուս կողմն էր: Խնձոր համտեսելուց հետո նույն ճանապարհով վերադառնում էի տուն: Իսկ այժմ նկատում եմ մի նոր փշե ցանկապատ, որից այնկողմ չգիտեմ՝ ինչ կա: Մի՞թե երբևէ չեմ նկատել: Հաստատ չեմ վախեցել: Բայց ինչո՞ւ մինչև հիմա ես չեմ անցել այս ցանկապատը: Քայլերս նոր արահետ են ստեղծում: Ամբողջ այգին շրջապատված է անտառի խիտ ծառածածկույթով: Նույնիսկ մութ է: Անցնում եմ ցանկապատը. նորից ծառեր ու ծաղիկներ, բայց այստեղ ավելի մութ է: Հետո մի ուրիշ ցանկապատ եմ նկատում: Մի պահ ինձ թվում է, թե ես հասկանում եմ՝ ինչ է անվերջությունը: Այդ փշե ցանկապատն էլ եմ անցնում: Իրար կողք կողքի անմշակ այգիներ են, որ կորել են անտառի մեջ. վստահ եմ, որ ես եմ հայտնաբերում դրանք: Հասնում եմ մի ուրիշ ցանկապատի. այն բարձր չէ, դժվար չէ վրայով անցնելը, բայց զգում եմ, որ պետք է կանգ առնեմ. հաշտվել եմ ուզում իմ այգու հետ: Այն լուսնից հետո այլևս չեմ վախենում կարմիր աքաղաղներից, բայց թաքուն կարոտում եմ իմ այգին: Չգիտեմ՝ հիմա ինչ եղանակ է այնտեղ… Գուցե նաև ձմեռ… Եթե նույնիսկ ուշանա գարունը, գիտեմ, որ կգա… Փորձում եմ հիշել, թե որտեղ է դրված բահը, ափիս մեջ պատկերացնում թաշկինակի մեջ փաթաթած սերմերը. չորս գազար, երեք վարունգ, երկու ցորեն և մեկ արևածաղիկ: