«Գրանիշ» կայքը սկսում է հրապարակումների նոր շարք: Հաջորդաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնելու ՀՀ պետական մրցանակի առաջադրված գրքերից հատվածներ` նպատակ ունենալով ընթերցող հասարկությանը ավելի լայն հնարավորություններ տրամադրելու`այսօր ստեղծվող և պետական մրցանակի հավակնող գրականությանը ծանոթանալու, գնահատելու և արժևորելու: Մյուս կարևոր նպատակը` պետական մրցանակների ներկայացված գործերը փակ, ներքին քննարկումների ոլորտից առավել տեսանելի, հանրային ոլորտ տեղափոխելն է:
ՀՀ պետական մրցանակի հավակնորդ` Գոհար Նիկողոսյան` «Լրջացող խաղ» պատմվածքների ժողովածու, Երևան, 2012թ
ԼԵՌՆ ՈՒ ՍԻՐՏԸ
Վիլյամ Սարոյանին
Ամեն մի լեռ ասես մի հի՜ն, քարե~
ընկույզ ծեծելու հավանգ լինի, բայց՝ գլխիվայր շրջված:
Ամեն մի լեռ ասես… սուրճի բաժակ
լինի ու… գլխիվա՜յր շբջված։
Ամեն մի լեռ ասես… մի՜ սի’րտ լինի,
բայց՝ գլխիվայր շրջված…
Ն. Գ*
…Ամեն իրիկուն առաջինը ներս էին մտնում մրգերը։ Ապա երևացող ձեռքերը մեծանում-երկարում, պատանու ձեռքեր էին դառնում ու տոպրակից ազատվելուն պես փակվում խնձորով։ Հեռացող երեխային փոխարինում էր Ալլայի գյումրեցի հայրը, հայացքն ու ժպիտը՝ բարի՜ ու տխուր, բարի՜ ու տխուր…
– Արիստակե՞ս…
– Ամալյա՜…
Մի քիչ հետո «Արիստակեսը» Քյարխուդ[1] է դառնալու, «Ամալյա»–ն՝ Ամալիկ, հենց բարձրահասակ, թիկնեղ Արիսը գինուց քիչ քեֆովնա ու տաքգլխություն անի պուճուր-մուճուր, չամչահատիկ իր կնկա դեմ. քաղաքական թեմանե՜ր, սեփաֆկան կարծիքնե~ր…
Մի՜շտ այդպես էր։ Բեռնակիր էր, իր տունդարձին մրգերը բաժանելով կգար։ Ու… ո՜նց էլ լիներ, կգտնվեր հարևան մի շնորհքով մանչ, ով դժվար քայլող, հոգնաբեկ պապի ձեռքից թեթևացած տոպրակը կթոցներ ու տնեցիներին իրենից առաջ մրգերը կպարզեր՝ մի՜ բույլ դեմքի նման։
…Նայեց-տեսավ՝ ես ու երեխեքս էլ ենք տանը, ժպտա՜ց։ Վայրկյաններ անց Ամալյան բարձր սեղանի վրա մի մեծ մրգաման դրեց՝ տեսակ-տեսակ պտուղները միջին լեռնաձև շարած…
– Պապին ասեց էս սա՜ղ ձերն ա, երեխե՚ք ջան, անո՜ւշ արեք։
– Բարև՛, պապի՛կ,– միասին կանչեցին քույր ու եղբայր՝ երկու ժողովարարի նման զույգ ոստնելով, երբ հիմա էլ… խոհանոցի բաց դռան տեղում կանգնեց մարդը լեռան նման քիչ կոր մեջքով։
Ես ու Ալլան մեր սուրճի բաժակներն առանք ու տեղափոխվեցինք ժուռնալի սեղանի կողքը, նմանվելով ակամա ժուռնալիստներ:Քառակուսի, բարձր սեղանին մոտեցան նաև Դավիթն ու Զավենը։
– Լավ ա՝ տղերքս էլ եկան։ Մեր… Հակոբի ախպերը… կորա՜վ ու կորա՜վ։– Հառաչեց ընկերուհիս։– Հակոբի մաման՝ Ռոզան, շա՜տ ա դեմ ընկնում կորած տղու համար… Թե՝ ծովն ա ընկել, թե՝ ի՜նչ… Բուլղարիա չի՛ հասել չկա՛ ու չկա՜… Խորթ հերն էլ ա տանջվում։ Պապա՜ս էլ… Ռոզան հորս ազգականուհին ա, իսկ Հակոբի հալալ հերը հորս խաչախպերն էր՝ կարոտից մեռավ։ Ռոզան… էն օրը գիտե՞ս ի՜նչ ասեց։
– Ի՞նչ։
– Ասեց երևի… Աստված ա ինձ պատժում… Տղերքիս իրենց հարազատ հորից կտրեցի… Նունեն էլ… դե՝ քո՛ւրս, էլի՜… ջղայնացավ, ասեց՝ Աստված չի՛ պատժում, որովհետև… չկա՜։ Տենաս… էս բժիշկները սա՞ղ են աթեիստ։ Համ էլ՝ մորս ա քաշել։ Ամալը հաշվապահ ա, թվերի՜ սիրահար։ Աստծուն… չի՜ հավատում, գիտե՞ս։
– Ամալյա տոտա՞ն,– զարմացա ես։
– Հա՛։ Ես ու դու… հավատո՛ւմ ենք, չէ,՞– Դե նայի՛։
– Հա։ Կարևորը հավատն ա։ Բա՜յց… բաժակդ թաց ա, թո՛ղ չորանա, նոր։
– Ուրեմն՝ լացելո՛ւ եմ, ու դու… թաց-թաց նայի, հա՞… ճիշտը ասա։
– Ռ տառ ա դուրս եկել։
(…Սիրտը… շրջված բաժակ ա, դրա համար էլ… Սարդը տառապո՜ղն ա…)։
– Ռ՞… Ռոզա՜ն անընդհատեց Ալլան։– Ջիգյարով, լավ կին ա, ո՜նց ա սիրում իրա հարսներին՝ Նունեին, Էլինային։ Հոյակա՛պ կին ա, ու իմ մտածմունքը մենա՜կ իրանք են՝ վաղո՜ւց ա, ես իմ կյանքով չեմ ապրում։ Դե նայի։
– Ուղղակի՝ Ռ տառ տեսա, ու… Գիտե՞ս ինչ կա. սուտ բան ա բաժակ նայելը՝ մի՛ հավատա։ Համ էլ խանգարում ես։
– Սուտ չի։ Քանի դեռ կա… մահ, կորել, կորցնել, սուտ չի։ է՜լ չեմ խանգարի, դե՞…
– Դե եթե… սուտ չի, ուրեմն սխա՛լ ա։ Ի՜նչ նայեմ։ էսի… մեծ տղեդ ա, էս էլ՝ փոքրդ, լույսի ստոլբեքի[2] նման կանգնած են Դավիթդ ու Զավենդ։ Իրանք… մի՜ կողմում են, դու՝ մի։ Քո ուշադրությունը երեխեքիցդ շեղված ա. մեն-մենակ կանգնել, նայում ես… Ռ-ի կողքին ցցված մի մեծ մկան վրա… Մո՜ւկ եմ ասել, է՜… Ոնց որ կրծոտած ավտոմեքենա լինի, բայց՝ մարդաբոյի կանգնած։ Ու մի կետից էս մուկը դառնալու ա թռչուն, այսինքն՝ նորություն, ու դու լսելու ես։ Նայի թաթերը ակներ են։ Չորս թաթն էլ; Ու… էս ամեն ինչը… Սիրտդ ծակի ասեմ.
– Ու էս ամեն ինչը ի՞նչ…
– Ալ ջան, վթարի նման ա։ Դու բո՛թ ես լսելու, բայց հետո… Հետո ամեն ինչ լավ ա լինելու, ու սրտիդ մեջ էլ… լամփուշկա [3]
ա վառվելու։
Սեկ ժամ կլիներ՝ Ալլայենց տնից եկել ու հիմա էլ… մեր դրսի նստարանին էինք նստել։ Հանկարծ երկաթե ցանցերից այն կողմ երևաց շփոթահար վազող, ժակետի դեռ չհագած թևի հետ
կռիվ տվող Ալլան։ Ես սոսկացի և անտեսանելի ձևացա։ Բնազդով զգում էի, որ մոտենալ կամ հարցեր տալ չի կարելի։
Կոմիտասցի Հակոբը, ով իմ ճանաչած ամենաբոյով տղամարդն էր, վթարվեց Հանրապետության հրապարակում, իր անձնական օգտագործման Ջորիի մեջ, երբեմնի Պապիկի պատվանդանին շա՜տ մոտիկ։
Յոթից հետո ես ու Ալլան էլի սուրճ էինք խմում։ Մեր բաժակները սովորության համաձայն շրջեցինք, բայց Ալլան աղաղակեց.
– Հանկարծ էլ չնայե՜ս… Դու ճիշտ էիր՝ սուտը սուտ չի, բա՜յց սխալ ա։ Ռոզան… 2-րդ տղուն էլ կորցրեց… հիմա ի՞նչ ա անելու…
Անցավ վեց ձմեռ։ Երկինքը մարդաբոյ սառույց էր կապել Սարի Թաղում։ Ես ու աղջիկս հուշի՜կ անցնում էինք Ալլայենց շեմով [4], հանկարծ շոշ ելավ Ամալյան։ Նա երկրորդ կաթվածն էր ստացել, մեկը՝ Հակոբի մահի հետ, մյուսը՝ ամուսնու… Թևերը… չէին աշխատում, պարզ խոսել էլ դժվարանո՛ւմ էր…
Մայր ու աղջիկ այնպե՜ս զգույշ էինք քայլում, ասես ողջ աշխարհը քնած էր։ Այնուամենայնիվ, մինչև Ամալյան մեզ կհասներ, հենց ոտնաթաթերի վրա էլ լոշվեցինք շուշա սառույցին ու հա՜ ուզում էինք բարձրանալ, էլի՜ էինք ընկնում ու հենց՝ նրա ոտքերի տակ… Ուր-որ է՝ մեքենա կհայտնվեր… Ո՞նց է որ փափուկ էինք ընկնում։
Ամալյան մեզ մեկնեց իր երկու ձեռքերը, որ օգնի, բայց թևերը պարանների նման կախ ընկան։ Քիչ բարկանալով հարցրեց.
– Ե՞րբ ես Մուսա լեռան 40 օրը բերում։ Խո՛սք ես տվել։ Նա՝ կանգնած, մենք՝ ընկած։
– Իրիկունը կբերեմ,– պատասխանեցի։
– Գիտե՞ս, մուսալեռցի՜ եմ։ Անպայման բեր։– Հրամայեց ու տուն իջավ։
…Երբ արդեն ոտքի վրա էինք, լալու անզուսպ ցանկություն ունեի… Ամալյան էդ ցրտին… բարա՜կ-ամառային խալաթով էր, ախր… անգուլպա, անշալ ու թևակոտո՜ր…
– Չորրորդ անգամն եմ կարդալու, մի անգամ մեծ տղուս բերածը կարդացի, մի անգամ փոքրինը… էն անգամ… Ալլաս բերեց… Նույն Մուսա լեռն էր… Հիմա էլ դու ես բերել։ Կկարդա՛մ։– Քննություն հանձնողի վճռականությամբ սրտիս խորքը նայեց Ամալյան ու գիրքը վերցրեց իմ ձեռքից։
…Երկու օր հետո առավոտ կանուխ Ալլայենց տուն իջա։ Դուռը բացում եմ ու… ի՜նչ տեսնեմ. Ամալյան նստած է բազկաթոռին, ասես բազմած է գահավորակի վրա՝ գիրքը ձեռքերում Աստվածաշնչի պես բաց էջ ու քիչ բարձր պահած, գլուխը դեպի վեր թեք ընկած, բերանը կիսաբաց, աչքերը ետ շրջված…
– Նո՛ր ա մահացել։ Ի՞նչ անեմ։– Հարցրեց Ալլան։
– Աչքերը փակիր, բերանը կապիր։
– Ի՞նչ անեմ,– հեծկլտաց Ալլան։
– Գի՛րքը ձեռքից վերցրու։ Գի՜րքը… Իսկ հիմա… ինձ տուր։ Տո՛ւր ինձ…
– Սա՜ղ գիշեր կարդացել ա, իսկ լուսաբացին քնել հավերժական քնով…
– Իսկ հիմա զանգիր Նունեին։ Թո՛ղ ինքն էլ Ղարաբաղ ու Մինսկ զանգի, ախպերներիդ կանչի…
– Գրքին… չդիմացա՛վ, էլի՜։ Չորրորդ անգամն էր կարդում, չէ՞ ու ամեն անգամ՝ հույսով, որ… էդքան մարդ չի՛ տեղահանվի, էլի ետ կգնան իրենց գյուղերը, իրանց տները… Սիրտը մաշվել էր։ Բժիշկն ասեց անցած գարուն։ Սիրտը մաշվել էր… Սիրտը մաշվել էր…
2004
ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒ ՏԻԿԻՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ ՅՈԹ ՇԱԼԵՐԸ
…Ես առաջին անգամ Արարատ լեռը նկարեցի 12 տարեկանում։ Հետո ամեն մի սարին մի-մի դեմք նկարեցի, ու լեռը դարձավ Պապիկ, Տատիկ։
Արարատի թիկունքին՝ մի հսկա մշուշ, հետո՝ ամպ, հետո՝ պարզկա՛ երկինք, հետո՜ անձրև նկարեցի մի լո՛ւրթ վարագույր, ապա Արևը, այնքան-այնքան մեծ, որ… պապն ու տատը… դարձան Արևի թոռնիկները…
Եվ էլի բազում թիկնոցներ, շալեր, ժապավեններ ու ժանյակներ նրանց ուսերին։
Մանկության հուշերիս տեսաժապավենին հատկապես լավ Էին տպավորվել ժամանակի դիպակներն ու կտորները։ Մոդայիկ Էին կրեմպլինը, կրեպդիշինը, ժատը, նեյլոնը և այլ սինթետիկ որակներ։ Կոմունիզմի ամենավառվռուն օրերն Էին, ու… Էժան-Էժան կոպտորակ սովետական բամբակը հիմնականում տանն էինք հագնում, միայն որպես ներքնաշոր, իսկ դրսից ներմուծվող թանկուկրակ բուրդ-բամբակը տարիներով մնում էին խանութներում ու առևտրականների տներում։
Հիշում եմ տիկին Վարժապետյանի յոթ շալերը։ Բրդյա շալը մոդա չէր, իսկ նա կրում էր մի օր հայկական, մի օր՝ ռուսական, ադրբեջանական, թուրքական, վրացական, պարսկական կամ ձեռնահյուս իր շալերը ամառ, թե ձմեռ, մազերը կլորիկ հավաքում, վարսակ էր անում թիկունքին։ Հագնում էր երկար, սև փեշ…Զգացվում էր, որ տիկին Վարժապետյանի մազերը փարթամ են, ու տղայական սանրվածքի սիրահարներն անգամ կհիանային նրա Արևասփյուռով։ նա լաքապատում էր եղունգները, նրբաբույր օծանելիքներ օգտագործում… Դիմահարդարվում էր… Այդպիսի՜ կին… էդ մեկն էր մեր քաղաքում. կանայք կամ ավանդապահորեն կոս էին անում և հագնում
զուսպ շորեր, առանց շալի, առանց դիմահարդարման, օծանելիքի ու լաքապատման, կամ էլ՝ իրենց արտաքինը համաձայնեցնում էին վերջին մոդայի թարմ պահանջներին՝ լիարժեքորեն։
Տիկին Վարժապետյանն ասմունք էր դասավանդում դպրոցահասակ երեխաներին՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող Պիոներ պալատում։ Այդ կինը մեր պաշտամունքի առարկան էր։ Խստապահանջ էր, բայց որևէ մեկիս չէր նեղացնում… Այնպիսի ջերմությամբ, ուշադրությամբ ու սրտացավությամբ էր լի, որ եթե անգամ երազում ապրեր, էլի ու էլի հարգելի-սիրելի՜ կմնար։
Մի երեկո խաղընկերուհուս և նրա մոր հետ գնացի պալատ մեծ միջոցառման։ Մեր հարևանուհին սրտացավ էր մոդայի նկատմամբ, ու կարելի է ասել, որ նորաձևության հավատարիմ կամակատարներից էր, հենց տեսավ իմ այդքան գովերգած ուսուցչուհուն, բարձր փռթկացրեց ու ասաց.
– էս… գեղացի՞ն… Շա՜լը… Կո՜սը… Երկար, սև յուբկե՜ն… Վա՛յ, մամա՜ ջան, էս… ի՞նչ ա, որ սրա սովորացրածն էլ ինչ լինի։
Եվ քանի որ խաղընկերուհուս էլ էի շատ սիրում, ես լալոշվեցի ու չկարողացա տիկին Վարժապետյանին պաշտպանել։ Նույնիսկ մտքում չկարողացա։ Բոլոր բառերս լեռնացել, ապա քար աշխարհում մշուշի՜, ամպի՜ էին վերածվել։ Ու խաթարվե’լ էր պարզկա երկինքս։ Դա իմ մանկության կաթվածներից մեկն
էր…
…Հերթական պարապմունքն է։ Շփոթվում եմ, իջնում մի կանգառ ուշ։ Ապա տրոլեյբուսի ետևից լացում ու կոծում եմ, հենց պարզում եմ, որ մեն-մենակ եմ լճի հետ։ Սարսափում եմ, ճիշտ ուղղություն վերցնում դեպի պալատ։ Մի մեծ խճուղի է ու դատարկ մայթ։
Դիմացի մայթից նկատում ու ինձ են նայում մի դողդոջուն պապիկ, մի տարեց կին ու մի պատանի։ Ապա խճուղին կտրում ու մոտենում են.
– Ինչի՞ ես լացում… Ի՞նչ է պատահել, բալիկ ջան, քուրիկ ջան, քանի՞ տարեկան ես, անունդ ի՞նչ է։ Կարո՞ղ ես հիշել, թե որտեղ ես ապրում։
Ես շփոթված էի։ Ասացի, որ Պիոներ պալատում եմ ապրում, 2֊րդ հարկում, ու երկրորդ մայրս էլ (բայց խորթ չի՜) տիկին Վարժապետյանն է։
– Վա՜յ, քո տունը շինվի։ Հեսա՝ լիճը անցնում ես, կողքին ա… Լճին չնայելով էլ, կողքով անցնելիս էլի վախենո՜ւմ եմ։ Քիչ
է մնում՝ արհեստական լճի կողքին, որի ջուրը վաղո՜ւց չի փոխվել, իսկ տակին տիղմ կա, մի նո՜ր լիճ բացեմ իմ ար՝ ցունքներով։
«Քեզ կուղեկցենք… Ինչի՞ց ես վախենում»։
Ու պատմում եմ. «Անցած ամառ խաղընկերուհիս ինձ թիկունքից հրեց նոր բացված լողավազանը։ Ես… համարյա՜ խեղդվում էի ու եթե… իմ ուզելով ընկնեի, կկարծեի, թե ձուկ եմ, կլողայի՜… Բայց… Հանկա՜րծ հրեց, ու ես չհասցրի ձկան նմանվել։ Ես չհասցրի։ Ջրից վախենում եմ։ Շա՜տ եմ վախենում։
– Բանաստեղծությո՞ւն ես գրում։ ֊Հա՛։
– Խոսալուցդ երևում ա։
Պատանին ու պապը գնացին։ Տատիկը շարունակեց հարցուփորձը։
– Իսկ… Ինչի՞ մասին ես գրում։
– Մեր տանը գրում եմ բնության ու հայրենիքի ու իմ մասին, այստեղ՝ արտասանում եմ ուրիշների գրածները…
– Հա՜… Ուզում ես քո գրածներն էլ լավ կարդա՜լ… Ասում ես… Հիմա ինչի՞ ես գնում պալատ։ Արտասանությա՞ն համար։ Ապրես։ Ապրես։
Տատիկն ինձ հանձնեց տիկին Վարժապետյանին։
– Դասը… խանգարեցի՞նք։ Կներե՛ք։
– Ոչի՛նչ։ Ոչի՛նչ։
…Մեկ ամիս հետո թերթերն էլ, հեռուստացույցն էլ ասացին, որ 15 համարի տրոլեյբուսը, այն նույն համարը, որով ես կորա, ընկել է Երևանյան լիճը, ու ոչ բոլորն են փրկվել, իսկ… փրկվածները՝ շնորհիվ մարզիկ Շավարշ Կարապետյանի։
Չեմպիոն Շավարշ Կարապետյանի,
Փրկիչ Շավարշ Կարապետյանի…
Հետո… երկնքում Ա՛ստղ էլ գտանք ու անվանեցինք Շավարշ Կարապետյան։
Նա… միանգամից դարձավ ժողովրդի սիրելին, լսեցինք նրա անունը, հիշում ենք, կշողշողա…
Հովհաննես Շիրազն էլ ունի էս նույն աստղից, Վիկտոր Համբարձումյանն էլ… Պատկերացնո՞ւ եք… մարդը բարձրացել է ավտոբուս, որ հասնի այսօրվա Դավթաշենի կողմերը 15 կվարտալ ու… իր կես ճամփին դարձել փրկարար… Վարորդը կորցրել է տիրապետումը ու ո՛չ իր մեղքով։ Տրոլեյբուսը վերևի գծերից թափով պոկվել ու կողքանցումով հայտնվել է ջրի տակ։
Շավարշն անվնաս մնացած կողի լուսամուտները կոտրել և չվթարվածներին, տիղմի տակ չանցածներին հատ-հատ դուրս է բերել լճից։
Նա… նախ ինքն իրեն էր փրկել, ապա և… շատերին, բայց նշանվածներին փրկել չկարողացավ։ Կողք-կողքի հյուր էին գնում ազգականի տուն։
…Հորս մի ընկերը, ջահել գրքասեր, ներս մտավ, բարձր հասակն իր կոտրած և հազիվհազ կարողացավ ասել.
– Քույրս ու իր նշանածն էլ էին էդ տրոլեյբուսի մեջ։ Լսած կլինեք։
Հայրս պաղեց.
– Լսել ենք, ո՞նց չէ։ Ու տխրեցինք։
Նշանածը հարսնացուին դուրս է հրել ի՛ր կոտրած լուսամատից, ապա խեղդվել էլ չեն հասցրել, տրոլեյբուսը շրջվել է, ու էլի մի քանի հոգի վթարվել են նրա տակ՝ նշանածների հետ միասին։
Տիկին Վարժապետյանը երազ դարձավ ինձ համար։
Նրան էլ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չտեսա։
Դա իմ հաջորդ կաթվածն էի։
…էսօր ճամփա՜ եմ գնում Ծաղկաձոր։ Գրողների ստեղծագործական տուն։ Ծաղկաձորում կա նաև սպորտ բազա, տուրբազա… Նայում եմ երթուղայինում նստած մարզիկների դեմքերին… Բացում օրագիրս, ծնկիս դրած նշում. «Գրել պատմվածք. Շավարշ Կարապետյան»։
Այ… ա՞յս մարդն է Շավարշ Կարապետյանը, գուցե… էն մե՞կը… Տարիքը… համընկնո՜ւմ է… Կամ գուցե ծանո՞թ են իրար…
Ես… պայծառատես եմ, և եթե որևէ բան մտահղանում եմ. շատ արագ իրականանում է։ Առաջին դեպքը չի։ Ուրեմն կտեսնեմ նրան։ Անպայման կտեսնեմ։
Աչքս… ուղևորներից պոկվեց ու ընկավ դուրս, աջի վրա համատարած ձյունին։ Սպիտակերիզ ակնոցներս չեմ մոռացել՝ պայուսակիս մեջ են… Չէ՜… անզեն աչքով ավելի լավ է նայելը՝ լոխ սպիտակ, սա՛ղ, լրի՛վ, դիփը, ողջը, ամբողջը՝ սպիտակ… Ցավեցնո՜ւմ է… է՛հ, ես էլ կնայեմ եղևնիներին՝ կանաչն է կուրության դեղը… թե չէ… Սասունցի Դավիթ երգած իմ ժողովուրդն ու յոթ պապս ակնոց են հա՞ դրել՝ ձյունին նայելիս։ Մոդա՞ է, թե՞ առողջաբանական առաջընթաց։ Չնայել չեմ կարող։ Ապա օրը ցերեկով երկինք եմ նայում։ Ահա և Շավարշ Կարապետ՛յանի Աստղը… Աստղեր ենք՝ իրարու գտնում, ճանաչում կամ ծանոթանում ենք…
Ո՞նց թե՝ դրանից ի՞նչ օգուտ, էն որ մանկությանս երկու կաթվածները հե՛չ կլինեն։ Կզրոյանա՚ն։ Փոխարենը… կուժավորվեմ… Ե՛ս էլ եմ լավ տեսնում, իմ շենլիկներն5 էլ…
– Գտի՛ր կարևոր բառը և շեշտի՚ր,– հիշեցնում է տիկին Վարժապետյանը, և նրա ուսերից ընկնում են շաբաթվա յոթ օրերը՝ յոթ շալերի նման։ – Երգել… չի՜ կարելի։– Բա՛յց ես էլ չեմ լսում նրան ու կարևոր բառն էլ «Կյա՜նք», երգելո՜վ եմ արտասանում։ Ու իմ թիկունքից սահում, վա՜յր են ընկնում ձմռան ճերմակը, գարնան թխագույնը, ամառվա զմրուխտն ու աշնան ոսկին… ես հասկանում եմ՝ սրտում սիրո եղանակ է այն հինգե-րորդը։
2004 թ.
* Նիկողոսյան Գոհար
[1] Քյարխուդ թուրքերեն է՝ ծույլ, ալարկոտ մարդ։
[2] Սյուների։
[3] Լույս
[4]Տունը փոսի մեջ է, ներքևում է։
[5] Ծնողներիս ծննդավայրը Վերին Սխտան (այժմ Լեռնանիստ) ունի իր բնակիչներին դաջված մականուն՝ «քոռ»…