Հայ գրականագիտության մեջ գիտական հոդվածին առաջադրվող պահանջների և գրականագիտական հոդվածի մեթոդաբանության մասին առանձին ուսումնասիրություն չի եղել1:Դավիթ Անհաղթը «Փիլիսոփայության սահմանումները» երկի մեջ գրում է. «Եվ պետք է իմանալ, որ սահմանման և բաժանման մասին հիշատակում է Պլատոնը: Սահմանման մասին նա խոսում է «Ֆեդրոս» տրամախոսության մեջ, ասելով «Ո´վ պատանյակ, ճշմարիտ մտածողությունը մի սկզբունք ունի, այսինքն` պետք է իմանալ, թե ինչի մասին ես խորհում. իսկ եթե այդ չկա, անխուսափելի են համատարած սխալները»: Այսինքն` եթե մեկը ցանկանում է ճիշտ մտածել և խորհել որևէ իրի մասին, նա ամենից առաջ պիտի գիտենա այդ իրի բնությունը, այսինքն` սահմանումը: Որովհետև ով չգիտի սահմանումը, նա սխալ է մտածում բոլոր այն բաների մասին, որոնք բնականորեն բխում են այդ նույն իրից»2: Արդ` գրականագիտական հոդվածի սահմանման բացակայությունն է պատճառը, որ հոդվածի փոխարեն հատկապես վերջերս հրատարակվում են տարաբնույթ ու տարօրինակ շարադրանքներ, որոնք գիտական հոդված անվանելը, մեղմ ասած, պատշաճ չէ:
Սույն հոդվածի արդիականությունը գրականագիտական հոդվածներին առաջադրվող պահանջների ու չափանիշների սահմանումն է: Առաջադիր նպատակն այն է, որ գրականագիտական հոդվածների հեղինակներս զգանք մեր հոդվածների թերությունները, և առաջիկայում տպագրվող գրականագիտական հոդվածներն ունենան արդի միջազգային պահանջներին համապատասխան գիտական հստակ հայեցակարգ, քննարկվող խնդիրներ և վերլուծության արդյունքում արված հստակ եզրակացություններ, որոնք պիտի լինեն գիտական նորույթ: Ուստի սույն հոդվածում խնդիր ենք դրել բացահայտելու արդի գրականագիտական հոդվածների հիմնական թերությունները և ներկայացնելու գրականագիտական հոդվածին առաջադրվող գիտական պահանջներն ու չափանիշները:
Նախ նշենք վերջերս (հիմնականում 2015 թվականին) տպագրված գրականագիտական մի քանի հոդվածների էական թերությունները, ապա կատարենք փաստարկված վերլուծություններ:
Արդի հայ գրականագիտության համապատկերում հաճախ ոչ գիտական շարադրանքը ներկայացվում է որպես գիտական հոդված, ավելի հաճախ հանդիպում ենք վերնագրի և բովանդակության անհամապատասխանության դեպքերի, առավել հաճախ որպես գրականագիտական հոդված գեղարվեստական ոճով ներկայացվում է գրական երկից ստացած տպավորությունների շարադրանքը, գրականագետի մտահայեցման արդյունքը` վերածվելով մտավոր խաղի, չունենալով գիտական համակարգվածություն և զուրկ լինելով գիտական նորույթ ունեցող եզրակացությունից: «Չի կարելի և անընդունելի է, երբ գիտականության հավակնող գիտական հոդվածը գրված լինի գեղարվեստորեն: Չպետք է մոռանալ, որ գրականության լեզուն (գեղարվեստական) և գիտության լեզուն նույնը լինել չեն կարող: Երբ քննադատը իր հոգում առաջացած հույզերը հանձնում է թղթին` առանց փաստարկելու կոնկրետ մեջբերումներով, ապա ծնվում են մերձգիտական «վերլուծություններ»»,- իրավացիորեն գրում է Տ. Սիմյանը` նկատելով արդի գրականագիտական հոդվածների թերություններից մեկը` ոչ գիտական լեզվամտածողությունը3: Հարցն այն է, որ մեզանում շատ են գրվում իբր գրականագիտական հոդվածներ, որոնցում նկատելի է ինտելեկտուալ խաղը: «Դա այն է, երբ հոդվածում և այլ գիտական ժանրի շրջանակում առանց հստակ հարցադրման «քննարկվում» է որևէ խնդիր, չի ստեղծվում նոր գիտելիք, որը չի նպաստի տվյալ գիտաոլորտի զարգացմանը և օգտակար լինի ուսանողի, մասնագետի, գիտական հանրության, հասարակության համար»4: Գրականագիտական հոդվածներում երբեմն գերակշռում են գրական երկից գրականագետի ստացած անձնական տպավորություններն ու կարծիքները, մինչդեռ դրանք պետք է հագեցած լինեն փաստարկված գիտական վերլուծություններով: «Տեղին է հիշեցնել փիլիսոփայի դիտարկումը, թե կարծիքը պետք է տարբերել գիտելիքից, քանզի կարծիքի ազատությունը կարող է տանել դեպի ճշմարտությունը մթագնող անստույգ դատողության, մինչդեռ գիտելիքը պարտադրում է որոշակի մտավոր կարգապահություն և հարցադրման կոնկրետ առարկայական վերլուծություն»,- գրում է Ս. Սարինյանը5:
Գիտական աշխատանքի շարադրման մասին տեսական-մեթոդական մի ուղեցույց է պատրաստվել ԵՊՀ-ում, չորս հեղինակների` Գ. Հովհաննիսյանի, Ն. Գալստյանի, Մ. Սողոմոնյանի, Մ. Մալխասյանի համահեղինակությամբ` «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները: Մեթոդական ցուցումներ» վերնագրով, որը հասցեագրվում է ուսանողությանը: Սույն ձեռնարկում հստակ բնորոշվում է գիտական հոդվածը. «Գիտական հոդված- որևէ կոնկրետ խնդրի վերաբերյալ տրամաբանական հաջորդականությամբ շարադրված և հստակ եզրակացություններով գիտահետազոտական աշխատանք»6:
Այդ պարագայում անգամ, ցավոք, մեզանում շարունակաբար գրվում են գրականագիտական հոդվածներ, որոնք տարօրինակ կերպով զուրկ են գիտական եզրակացությունից, ինչպես Դ. Գասպարյանի «Մարդը և հավերժությունը»7, Վ. Փիլոյանի «Ժառանգորդությունը ավանդույթի համապատկերում»8 և շատ այլ հոդվածներ:
Ավելին, շուրջ 40 էջ ձգձգվելուց հետո Ս. Աբրահամյանի գրականագիտական հոդվածն ավարտվում է ոչ թե գիտական եզրակացությամբ, այլ անձնական զեղումով. «Հավատացնում եմ, այսպիսով, սա անկրկնելի պոետական աշխարհի հղացում է, որ երկրային կյանքում մեր երկուսի` բանաստեղծի և իմ երկխոսության նյութն էր, իսկ հիմա` չգիտեմ, սա մենախոսությա՞մբ ասացի, թե՞ երկխոսության մի առասպել հիմնեցի… չընդհատվող երկխոսություն…»9:
Գրականագիտական հոդվածը ևս, ինչպես առհասարակ գիտական հոդվածը, մեկ կամ մի քանի ոչ մեծ խնդիր առաջադրող գիտական աշխատանք է, որը պիտի ավարտվի հստակ եզրակացությամբ: Ցանկալի չէ երկարաշունչ գրականագիտական հոդվածը, քանզի ցանկացած գրավոր խոսք պիտի լինի չափի մեջ, իսկ հոդվածի նվազագույն ծավալը կարելի է համարել մոտ 8-10 էջը:
Գրականագիտական հոդվածն իր բնույթով կարող է լինել պրոբլեմատիկ կամ տեսական: Գերակշիռ մաս են կազմում պրոբելմատիկ հոդվածները, և դա բնական է, քանզի գրականագիտական որևէ հարցի պատմությունը չիմացողը չպետք է զբաղվի այդ հարցի տեսությամբ, մինչդեռ ոմանց թվում է, թե առանց գրականության պատմության ուսումնասիրման կարող են տեսական դատողություններ անել, ինչի մասին Ս. Սարինյանը նկատել է, որ նոր սերնդի գրականագետները «ավելի «տեսաբաններ» են, քան գրականության պատմաբաններ: Իսկ սխալն իրենց ուսումնասիրության մեթոդի մեջ է` նկատել մասնավորը որպես ընդհանուրից անջատ մեծություն»10: Տեսական մեթոդի առանձնահատկությունն այն է, որ պետք է գնալ վերացականից դեպի կոնկրետը:
Չափազանց կարևոր է նաև գիտական հոդվածի վերնագիրը, որը պետք է համապատասխանի բովանդակությանը: Երբեմն գիտական հոդվածի համար ընտրվում է այնպիսի վերնագիր, որն անընդունելի է, քանի որ մեկ հոդվածի շրջանակում անհնար է սպառել տվյալ թեմայի ուսումնասիրությունը, ինչպես օրինակ` Վ. Փիլոյանի «Ժառանգորդությունը ավանդույթի համապատկերում»11 և այլն:
Երբեմն էլ ընտրվում է վերնագիր, որը շատ նեղ է բովանդակության համեմատ, ինչպես օրինակ` Ս. Աբրահամյանի «Հովհաննես Գրիգորյան, «Ընդամենը մի տող և ընդամենը … մի կյանք»»12 հոդվածի վերնագիրը: Պարզ է, որ վերնագիրը պիտի լինի ոչ շատ երկար, սակայն դիպուկ ու հստակ արտացոլի այն հիմնահարցը, որին նվիրված է հոդվածը, այսինքն` անհրաժեշտ է ընտրել գիտական հիմնախնդիրն արտացոլող և հետաքրքրություն առաջացնող վերնագիր: Ցանկալի չէ, որ հոդվածի վերնագիրը լինի նեղ մասնագիտական տերմինաբանության արտահայտություն, ինչպես օրինակ` Ս. Գրիգորյանի «Եղիշե Չարենցի «Պատգամն» իբրև մեզոստիքոս»13 անչափ հետաքրքիր հոդվածը, ավելին` անընդունելի է ոչ գիտական ոճով ձևակերպված վերնագիրը, ինչպես օրինակ` Գ. Մալումյանի «Հոգով խելառը»14 և այլն: «Ճիշտ վերնագրի չափանիշը հետազոտության խնդիրը (պրոբլեմը) ճիշտ արտահայտելու ունակությունն է. վերնագիրը պետք է ցույց տա (հիմնա)խնդիր: Լավ վերնագրի չափանիշը, հարկավ, ոչ միայն խնդիրը, այլև սեփական տեսակետը կամ տեսլականն այդ խնդրի առնչությամբ վերնագրի մի քանի բառերի մեջ զետեղելն է»15: Ճիշտ ընտրված վերնագրի լավ օրինակներ են Ա. Մուշեղյանի «Վարդանանց պատմության հեղինակ Եղիշեն և նրա անձնավորության նոր բացահայտումը»16, Ա. Ջրբաշյանի «Գրական սեռերի և ժանրերի տարբերակման խնդրի շուրջ»17 հոդվածների վերնագրերը:
Գրականագիտական հոդվածը պետք է գրվի, եթե գրականագետը վստահ է, որ տվյալ հարցի ուսումնասիրման արդյունքում առկա է գիտական նորույթ: Դրան հասնելու համար նախ պետք է կատարել տվյալ հարցի պատմության համակողմանի ուսումնասիրություն (բացառություն են այն դեպքերը, երբ գրականագետն առաջին խոսքն է ասում այդ խնդրի շուրջ, ինչի մասին ևս պետք է նշվի հոդվածում):
Պարտադիր է, որ գրականագետը հոդվածում անդրադառնա խնդրո առարկա հարցի մշակվածությանը` այդ համատեքստում բացահայտելով հոդվածի արդիականությունը:
Երբեմն հանդիպում են հոդվածներ, որտեղ առհասարակ անդրադարձ չկա թեմայի մշակվածությանը, և թյուր տպավորություն է ստեղծվում, թե հոդվածի հեղինակից առաջ այլևս ոչ մի գրականագետ չի անդրադարձել այդ հարցին. այդպիսի օրինակ է Հ. Էդոյանի «Պետրոս Դուրյանի «Զղջումը»» հոդվածը18:
Երբեմն էլ գրվում են հոդվածներ, որտեղ հեղինակը մանրամասնորեն ներկայացնում է թեմայի շուրջ գրականագիտության մեջ եղած կարծիքները, սակայն այդպես էլ չի ասում իր նոր խոսքը, որը ևս անընդունելի է, քանզի այդ դեպքում էլ բացակայում է հոդված գրելու հիմնական պահանջը` գիտական նորույթի առկայությունը, ինչպես օրինակ` Տ. Սարգսյանի «Սայաթ-Նովային և սայաթնովագիտությանն առնչվող մի քանի հարց» հոդվածը19:
Ընդունելին այն է, որ գրականագետը հանգամանորեն ուսումնասիրի պրոբլեմատիկ հարցի պատմությունը, այդ մասին անդրադարձ անի հոդվածում, ապա ի ցույց դնի այն գիտական նորույթը, որով հիմնավորվում է իր հոդվածի արդիականությունը:
Տպագրելով հոդվածը` գրականագետն իր գիտական նոր խոսքը դարձնում է հանրության սեփականությունը և այդպիսով հաստատում իր հոդվածի գիտական նորույթի հեղինակային իրավունքը, որը հոդվածի հրատարակման բուն նպատակն է, և որով տվյալ գրականագետը ձեռք է բերում մասնագիտական ոլորտում ճանաչում` որպես տվյալ նորույթի հեղինակ, որին այդուհետև պարտավոր են հղում անել ժամանակակիցները և եկող սերունդները:
Գրականագետը պարտավոր է նաև հետևել հոդվածի կառուցվածքին` հաշվի առնելով գիտական հոդվածի` որպես գրավոր խոսքի տրամաբանական և կառուցվածքային ամբողջականությունը: Հոդվածը պետք է ունենա առանցքային բառեր (հիմնաբառեր), ամփոփում, ներածություն (համառոտ խոսվում է թեմայի մշակվածության մասին, հիմնավորվում արդիականությունը, ձևակերպվում են նպատակներն ու խնդիրները), հիմնական մաս (ներկայացվում է գիտական մեթոդաբանությունը, փաստարկումների նկարագրությունը և կատարված արդյունքների վերլուծությունը), եզրակացություն, ծանոթագրություններ և գրականության ցանկ:
Առանցքային բառերը` հիմնաբառերը, մեզանում սխալմամբ անվանվում են նաև բանալի բառեր: Սրանք այն հիմնական եզրույթներն են, որոնք բացահայտում են հոդվածի էությունը: Հեղինակը 5-10 բառի կամ բառակապակցության ընտրությամբ ներկայացնում է բուն ասելիքը:
Ամփոփումը հոդվածի հիմնական բովանդակության համառոտ շարադրանքն է, որը պիտի ճշտորեն արտացոլի հոդվածի հիմնադրույթները: Մեզանում երբեմն դա ևս ճիշտ չի գիտակցվում, և երբեմն էլ լավ հոդվածի վատ ամփոփումը թողնում է վատ տպավորություն:
Գրականագիտական հոդվածի ներածական մասում պատմական ակնարկ է արվում հետազոտական խնդրին` թեմայի մշակվածությանը, այսինքն` կատարվում է ուսումնասիրվող խնդրո առարկայի մասին նախորդների աշխատությունների համառոտ վերլուծություն, հիմնավորվում է հոդվածի արդիականությունը` ի ցույց դնելով հոդվածի նպատակը և խնդիրները:
Գրականագիտական հոդվածի արդիականությունը բխում է գրականագիտական մտքի պրոբլեմային իրավիճակից: Այս կամ այն գրականագիտական խնդիրը ծնվում է, երբ առկա հին գիտելիքը սպառել է իրեն, իսկ նորը դեռևս չի բացահայտվել, այսինքն` կա հակասություն հայտնի գիտելիքի և գրականագիտությանը դեռևս անհայտ գիտելիքի միջև:
Գիտական նպատակների և խնդիրների ձևակերպումը անչափ կարևոր է և նախապատրաստում է ընթերցողին ճիշտ ընկալելու գիտական հոդվածի առաքելությունը: Գրականագետը պետք է տիրապետի ընդհանուր գիտական և մասնագիտական մեթոդներին, որոնց ճիշտ կիրառման միջոցով պետք է հասնի իր առաջադիր նպատակին: Այս ամենը հակիրճ ներկայացնելու դեպքում ուրվագծվում է հոդվածի ընդհանուր տեսլականը:
Այստեղ հարկ է նշել, որ առհասարակ «գիտական հետազոտության մեթոդներն ընդունված է բաժանել 2 խմբի` ընդհանուր և հատուկ մասնագիտական: Գիտական ճանաչողության ընդհանուր մեթոդները սովորաբար բաժանվում են երեք մեծ խմբի.
1) Էմպիրիկ հետազոտության մեթոդներ (դիտում, համեմատություն, չափում, գիտափորձ կամ փորձ, մոդելավորում),
2) Մեթոդներ, որոնք կիրառվում են հետազոտության ինչպես էմպիրիկ, այնպես էլ տեսական փուլում (վերացարկում, վերլուծություն, համադրություն, ինդուկցիա, դեդուկցիա),
3) Հետազոտության տեսական մեթոդներ (վերացականից դեպի կոնկրետը և այլն)»20:
Գրականագիտական հոդվածի շարադրման ընթացքում մեծապես կիրառելի են էմպիրիկ մեթոդներից համեմատությունը, էմպիրիկ և տեսական մակարդակներում կիրառվող մեթոդներից` վերացարկումը, վերլուծությունը, համադրումը, ինդուկցիան և դեդուկցիան: Առավել գրավիչ են գրականագիտության տեսական մեթոդները, սակայն երբեմն դրանք ճիշտ չեն գիտակցվում:
Բացի ընդհանուր գիտական այս մեթոդներից` գրականագետի համար չափազանց կարևոր են մասնագիտական` գրականագիտական մեթոդները:
Գրականագիտության մեջ ընդունված են մի շարք մասնագիտական մեթոդներ` հերմենևտիկա, պատմական, կուլտուր-պատմական, սոցիոլոգիական, հոգեբանական, ձևապաշտական, կառուցվածքաբանական, լեզվաբանական, գեղագիտական, համեմատական, պատմահամեմատական, կենսագրական, դիցաբանական, հոգեվերլուծական, նշանագիտական, փիլիսոփայական և այլն:
Գրականագիտական մեթոդների համակարգման փորձ է արել Օ. Տուրիշևան21, ինչին անդրադարձել է Ժ. Քալանթարյանը. «Ժամանակակից արևմտյան գրականագիտության համար Օ. Ն. Տուրիշևան առանձնացնում է չորս հարացույց` պոետիկա, հերմենևտիկա, ֆենոմենոլոգիա և սոցիոլոգիա: Այս հարացույցների տակ նա պատմական զարգացման հաջորդականությամբ տեղադրում է համապատասխան դպրոցներն ու ուղղությունները: Այսպես` պոետիկայի զարգացման փուլերն են` դասական կամ արիստոտելյան պոետիկան, անգլո-ամերիկյան նոր քննադատությունը, ռուսական ֆորմալ դպրոցը, ֆրանսիական ստրուկտուրալիզմը և գերմանական ձևաբանական դպրոցը: Հերմենևտիկան ավելի լայն ընդգրկում ունի, որի մեջ մտնում են` դասական հերմենևտիկան, աստվածաշնչյանը (եկզեգետիկան), ֆրանսիական կենսագրական դպրոցը (Սենտ Բյով), գերմանական ռոմանտիկական դպրոցը (Շլայերմախեր, Դիլտեյ), հոգեվերլուծական, յունգյան, միֆաքննադատական, Հայդեգերի գոյաբանական, Գադամերի փիլիսոփայական, հետկառուցվածքաբանական և այլ ուղղությունները: Ֆենոմենոլոգիայի հիման վրա նա առանձնացնում է գիտակցության քննադատությունը, էքզիստենցիալիստական գրականագիտությունը (Սարտր, Քամյու), ռեցեպտիվ քննադատությունը և այլն, իսկ սոցիոլոգիական հարացույցի տակ տեղադրում է Հ. Տենի կուլտուր-պատմական դպրոցը, մարքսիստական գրականագիտությունը և այլն»22: Հիշյալ հոդվածում Ժ. Քալանթարյանը անդրադառնում է նաև հայ գրականագիտության ավանդույթին` տարբեր մեթոդների համատեղմանը` գիտակցելով նաև դրա թերությունը:
«Նաև չպետք է ընկնել մեթոդաբանական «էյֆորիայի» մեջ, այսինքն` գերագնահատել այս կամ այն մեթոդի նշանակությունը: Հակված ենք կարծելու, որ արդի փուլում պետք է նախապատվությունը տալ մեթոդաբանական մոտեցումների բազմազանությանը»23,- գրում է Տ. Սիմյանը, ցավոք, սակայն, հենց ինքն էլ խախտում է այս առողջ մոտեցումը` կենտրոնանալով նշանագիտության մեթոդի վրա, ավելին` շեղվելով նաև գրականագիտական հոդվածի բովանդակությունից:
Հոդվածի հիմնական մասում ներառվում են ընտրված գրականագիտական մեթոդները, տեսական վերլուծությունները, գիտական փաստարկումները, դրանցից բխող արդյունքները, տրամաբանական եզրահանգումները: Այս մասում կարող են ներառվել նաև այլ հղումներ, աղյուսակներ և այլն, որոնք շարադրանքի ամբողջականությունն ու տրամաբանվածությունը չխախտելու համար նախընտրելի է ներկայացնել հավելվածի տեսքով:
Գիտական հոդվածի համար անչափ կարևոր է գիտական համոզիչ փաստարկներ ունենալը, որոնք տևական գիտական որոնումների, մանրակրկիտ ուսումնասիրության արդյունք են:
Շարադրանքը պիտի լինի հստակ և համառոտ` առանց ձգձգումների, միտքը պիտի ունենա տրամաբանական զարգացում` առանց տրամաբանական ընդհատումների, շարադրված լինի գրականագիտության մեջ ընդունված մասնագիտական տերմինաբանությամբ, զուրկ լինի խրթնություններից, օտարամուտ եզրույթներից, երկիմաստ բառերից, խոսքը պիտի լինի պարզ ու մատչելի, ինքնատիպ ու ամբողջական:
Գրականագիտական հոդվածի բովանդակային չափանիշներն են գիտականությունը, նորարարությունը, արդիականությունը, գործնական նշանակությունը, մեթոդական հիմնավորվածությունը, համոզիչ ու հավաստի եզրակացություն ունենալը:
Ըստ ներկայացման ձևի` գրականագիտական հոդվածի չափանիշներն են տրամաբանվածությունը, պարզությունը, ինքնատիպությունը, կառուցվածքային ամբողջականությունը:
Գրականագիտական հոդվածի տրամաբանական և մեթոդական պահանջներն են`
- հոդվածը պետք է շարադրված լինի գիտական ոճով, տրամաբանված և բացահայտի առաջադիր նպատակը,
- հոդվածում պետք է հղումներ արվեն խնդրի շուրջ գրականագիտության մեջ նախկինում եղած ուսումնասիրություններին` գիտականորեն փաստարկելով, կիրառելով ընդհանուր գիտական և մասնագիտական մեթոդներ,
- պետք է պահպանել հոդվածի կառուցվածքային և տրամաբանական ամբողջականությունը,
- եզրակացությունը պիտի լինի գիտական փաստարկներով հիմնավորված, հստակ հաստատված դատողություն, որը գիտական նորույթ է:
Եզրակացությունները շարադրվում են գնահատված արդյունքների հիման վրա, որը պարտադիր պիտի լինի գրականագետի նոր խոսքը գրականագիտության ոլորտում: Երբեմն այն կարող է լինել մի քանի եզրահանգում. այդ դեպքում ցանկալի է, որ շարադրանքը համարակալվի, և խոսքը լինի հստակ:
Հոդվածին կցվում են նաև ծանոթագրությունները և գրականության ցանկը, որոնք կարող են լինել ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային գրականություն: Գրականության ցանկը պետք է կազմել ակադեմիական ընդունված չափանիշներով, այն է`
Գրքից օգտվելու դեպքում նշել.
- Հեղինակի ազգանունը, անունը
- Աշխատության վերնագիրը
- Հրատարակչությունը
- Հրատարակման վայրը
- Հրատարակման տարեթիվը
- Գրքի էջը:
Գիտական ժողովածուից օգտվելու դեպքում նշել.
- Հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը
- Հոդվածի վերնագիրը
- Ժողովածուի խմբագրի/ների անվան առաջին տառը, ազգանունը
- Ժողովածուի վերնագիրը
- Հրատարակչությունը
- Հրատարակման վայրը
- Հրատարակման տարեթիվը
- Օգտագործված հատվածի էջը:
Ամսագրից օգտվելու դեպքում պետք է նշել.
- Հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը
- Հոդվածի վերնագիրը
- Ամսագրի հերթ. համարը
- Հրատարակման տարեթիվը
- Օգտագործված հատվածի էջը:
Էլեկտրոնային գրականության դեպքում հղում է արվում կայքին, նաև հեղինակի անվանը և նյութի վերնագրին, կայքէջն այցելելու տարվան ու ամսաթվին: Իսկ տեսաֆիլմի դեպքում կայքից բացի պետք է նշել նաև տեսաֆիլմի համապատասխան հատվածը` ըստ ժամանակացույցի:
Հնարավոր է հղումներ անել նաև հարցազրույցներից, դասախոսություններից, որոնց դեպքում ևս հղումը աղբյուրին պարտադիր է: Գրագետ հղումների համակարգը հոդվածի գիտականության ակնհայտ ցուցիչներից մեկն է24:
Եթե հոդվածում կան տվյալներ, մտքեր, գաղափարներ, որոնց աղբյուրը չի հիշատակվում, ապա դա գրագողության բացահայտ դրսևորում է, ինչը, ցավոք, համացանցային հնարավորությունների շնորհիվ լայն տարածում է գտել:
Գրականության ցանկում նշվում է միայն գիտական գրականությունը` ի տարբերություն ծանոթագրությունների, որտեղ նշվում են նաև ոչ գիտական գրականությունից արված հղումները:
Անդրադառնալով արդի գրականագիտական հոդվածների էական թերություններին և վերլուծելով սույն հոդվածում կատարված արդյունքները` գալիս ենք այն եզրակացության, որ
- Արդի գրականագիտության մեջ գիտական հոդվածին առաջադրվող պահանջներն ու չափանիշները հաճախ անտեսվում են. որպես հիմնական թերություն նկատվել են գեղարվեստական, նկարագրական շարադրանքը, գիտական մետալեզվի բացակայությունը, սակայն կան նաև այլ թերություններ:
- Գրականագիտական հոդվածը երբեմն չի ունենում դիպուկ և ճիշտ ընտրված վերնագիր:
- Հիմնականում խախտված են գրականագիտական հոդվածի տրամաբանական շարադրանքն ու կառուցվածքային ամբողջականությունը: Մինչդեռ գիտական հոդվածից պահանջվում է որոշակի կառուցվածք` առանցքային բառեր (հիմնաբառեր), ամփոփում, ներածություն (համառոտ խոսվում է թեմայի մշակվածության մասին, հիմնավորվում է արդիականությունը, ձևակերպվում են նպատակներն ու խնդիրները), հիմնական մաս (ներկայացվում է գիտական մեթոդաբանությունը, փաստարկումների նկարագրությունը և կատարված արդյունքների վերլուծությունը), եզրակացություն, ծանոթագրություններ և գրականության ցանկ:
- Չի կարելի գրել գրականագիտական հոդված, որը չունի գիտական նորույթ, որն արտացոլված պիտի լինի հստակ շարադրված եզրակացության մեջ:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մեզանում նաև պակասում են գիտության մասին տեսական-մեթոդական ուղեցույցները, մինչդեռ այլ լեզուներով ստեղծվել են գիտության տեսություններ, տե´ս օրինակ` Van de Lagemaat R., Theory of Knowledge, 2nd ed., Cambridge: Cambridge University Press, 2011., Добреньков В. И., Осипова Н. Г., Методология и методы научной работы, 2-е изд., Москва, изд. «КДУ», 2012, 274 с. և այլն:
- Դավիթ Անհաղթ, Երկեր, Ե., «Հայաստան», 1999, էջ 29:
- Սիմյան Տ., Գրականագետը, նշանագիտությունը և դրա կիրառությունը, Գրականագիտական հանդես, ԺԶ, 2015, էջ 258:
- Նույն տեղում, էջ 261:
- Սարինյան Ս., Քննադատությունն ինչպես որ է, Գրականագիտական հանդես, ԺԱ-ԺԲ, 2010-2011, էջ 4:
- Հովհաննիսյան Գ., Գալստյան Ն., Սողոմոնյան Մ., Մալխասյան Մ., Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները: Մեթոդական ցուցումներ, http://armscoop.com/wp-ontent/uploads/2014/11/metodakan_dzernark_2014.pdf, հասանելի էր 05.2016:
- Տե´ս Գասպարյան Դ., Մարդը և հավերժությունը, Վանաձորի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Պրակ Ա, Վանաձոր, 2015, էջ 96-105:
- Տե´ս Փիլոյան Վ., Ժառանգորդությունը ավանդույթի համապատկերում, Վանաձորի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Պրակ Ա, Վանաձոր, 2015, էջ 178-184:
- Աբրահամյան Ս., Հովհաննես Գրիգորյան, «Ընդամենը մի տող և ընդամենը … մի կյանք», Գրականագիտական հանդես, ԺԶ, 2015, էջ 328:
- Սարինյան Ս., Քննադատությունն ինչպես որ է, Գրականագիտական հանդես, ԺԱ-ԺԲ, 2010-2011, էջ 39:
- Տե´ս Փիլոյան Վ., Ժառանգորդությունը ավանդույթի համապատկերում, Վանաձորի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Պրակ Ա, Վանաձոր, 2015, էջ 178-184:
- Տե´ս Աբրահամյան Ս., Հովհաննես Գրիգորյան, «Ընդամենը մի տող և ընդամենը … մի կյանք», Գրականագիտական հանդես, ԺԶ, 2015, էջ 287:
- Տե´ս Գրիգորյան Ս., Եղիշե Չարենցի «Պատգամն» իբրև մեզոստիքոս, Վեմ, 3(39), 2012, էջ 65:
- Տե´ս Մալումյան Գ., Հոգով խելառը, Վանաձորի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Պրակ Ա, Վանաձոր, 2015, էջ 139-146:
- Հովհաննիսյան Գ., Գալստյան Ն., Սողոմոնյան Մ., Մալխասյան Մ., Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները: Մեթոդական ցուցումներ, http://armscoop.com/wp-ontent/uploads/2014/11/metodakan_dzernark_2014.pdf, հասանելի էր 05.2016:
- Տե´ս Մուշեղյան Ա., Վարդանանց պատմության հեղինակ Եղիշեն և նրա անձնավորության նոր բացահայտումը, Գրականագիտական հանդես, ԺԶ, 2015, էջ 19:
- Տե´ս Ջրբաշյան Ա., Գրական սեռերի և ժանրերի տարբերակման խնդրի շուրջ, Բանբեր Երևանի համալսարանի, «Բանասիրություն», 2015 № 1 (16), էջ 3-17:
- Տե´ս Էդոյան Հ., Պետրոս Դուրյանի «Զղջումը», Գրականագիտական հանդես, 2015, ԺԶ, էջ 58-69:
- Տե´ս Սարգսյան Տ., Սայաթ-Նովային և սայաթնովագիտությանն առնչվող մի քանի հարց, Պատմա-բանասիրական հանդես, 2015, №1, էջ 183-191:
- Հովհաննիսյան Գ., Գալստյան Ն., Սողոմոնյան Մ., Մալխասյան Մ., Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները: Մեթոդական ցուցումներ, http://armscoop.com/wp-content/uploads/2014/11/metodakan_dzernark_2014.pdf, հասանելի էր 05.2016:
- Տե´ս Турышева О. Н. Теория и методология зарубежного литературоведения. М., 2012:
- Քալանթարյան Ժ., Գրականագիտության բազմադիմությունը, Բանբեր Երևանի համալսարանի, «Բանասիրություն», 142.2, 2014, էջ 11:
- Սիմյան Տ., Գրականագետը, նշանագիտությունը և դրա կիրառությունը, Գրականագիտական հանդես, ԺԶ, 2015, էջ 262:
- Այս մասին մանրամասն տե´ս Հովհաննիսյան Գ., Գալստյան Ն., Սողոմոնյան Մ., Մալխասյան Մ., Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները: Մեթոդական ցուցումներ, http://armscoop.com/wp-content/uploads/2014/11/metodakan_dzernarkpdf, հասանելի էր 15.05.2016:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Աբրահամյան Ս., Հովհաննես Գրիգորյան, «Ընդամենը մի տող և ընդամենը … մի կյանք», Գրականագիտական հանդես, ԺԶ, 2015:
- Գասպարյան Դ., Մարդը և հավերժությունը, Վանաձորի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Պրակ Ա, Վանաձոր, 20155:
- Գրիգորյան Ս., Եղիշե Չարենցի «Պատգամն» իբրև մեզոստիքոս, Վեմ, 3(39), 2012:
- Դավիթ Անհաղթ, Երկեր, Ե., «Հայաստան», 1999, էջ 29:
- Էդոյան Հ., Պետրոս Դուրյանի «Զղջումը», Գրականագիտական հանդես, 2015, ԺԶ:
- Հովհաննիսյան Գ., Գալստյան Ն., Սողոմոնյան Մ., Մալխասյան Մ., Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները: Մեթոդական ցուցումներ, http://armscoop.com/wp-ontent/uploads/2014/11/metodakan_dzernarkpdf, հասանելի էր 15.05.2016:
- Մալումյան Գ., Հոգով խելառը, Վանաձորի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Պրակ Ա, Վանաձոր, 2015:
- Մուշեղյան Ա., Վարդանանց պատմության հեղինակ Եղիշեն և նրա անձնավորության նոր բացահայտումը, Գրականագիտական հանդես, ԺԶ, 2015:
- Ջրբաշյան Ա., Գրական սեռերի և ժանրերի տարբերակման խնդրի շուրջ, Բանբեր Երևանի համալսարանի, «Բանասիրություն», 2015 № 1 (16):
- Սարգսյան Տ., Սայաթ-Նովային և սայաթնովագիտությանն առնչվող մի քանի հարց, Պատմա-բանասիրական հանդես, 2015, №1:
- Սարինյան Ս., Քննադատությունն ինչպես որ է, Գրականագիտական հանդես, ԺԱ-ԺԲ, 2010-2011:
- Սիմյան Տ., Գրականագետը, նշանագիտությունը և դրա կիրառությունը, Գրականագիտական հանդես, ԺԶ, 2015:
- Փիլոյան Վ., Ժառանգորդությունը ավանդույթի համապատկերում, Վանաձորի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Պրակ Ա, Վանաձոր, 2015:
- Քալանթարյան Ժ., Գրականագիտության բազմադիմությունը, Բանբեր Երևանի համալսարանի, «Բանասիրություն», 142.2, 2014:
- Добреньков В. И., Осипова Н. Г., Методология и методы научной работы, 2-е изд., Москва, изд. «КДУ», 2012, 274 с.:
- Свидерская И.В., Кратасюк В.А., Как написать и опубликовать статью в международном научном журнале, Красноярск, Сиб. федерал. ун-т, 2011. – 52 с.:
- Турышева О. Н. Теория и методология зарубежного литературоведения. М., 2012:
- Van de Lagemaat R., Theory of Knowledge, 2nd ed., Cambridge: Cambridge University Press, 2011:
Առանցքային բառեր – գիտական նորույթ, վերնագիր, մշակվածություն, արդիականություն, նպատակներ և խնդիրներ, մեթոդ, փաստարկված վերլուծություն, արդյունքների գնահատում, եզրակացություն:
Key words – academic novelty, title, perfection/ drafting, modernity, goals and objectives, method, argumentative analysis, results assessment, conclusion.
Ключевые слова – научная новизна, заглавие, разработанность, актуальность, цели и задачи, метод, аргументированный анализ, оценка результатов, заключение.
ԱՄՓՈՓՈՒՄ
Արդի հայ գրականագիտական հոդվածների քննության արդյունքում բացահայտված թերությունները վերացնելու նպատակով սույն հոդվածում ներկայացվել են գրականագիտական հոդվածին առաջադրվող հիմնական պահանջներն ու չափանիշները, սահմանվել է գրականագիտական հոդվածի հայեցակարգը, այն է` տրամաբանական և կառուցվածքային ամբողջականություն, որոշակի կառուցվածք` առանցքային բառեր, ամփոփում, ներածություն (թեմայի մշակվածության համառոտ ակնարկ, արդիականության հիմնավորում, նպատակների ու խնդիրների ձևակերպում), հիմնական մաս (գիտական մեթոդաբանությամբ, փաստարկումների նկարագրությամբ և կատարված արդյունքների վերլուծությամբ), գիտական նորույթ ունեցող եզրակացություն, ծանոթագրություններ և գրականության ցանկ:
Требования и критерии, предъявляемые к литературоведческим статьям
Вано Егиазарян
д.филол.н., профессор
РЕЗЮМЕ
С целью искоренения недостатков, выявленных в результате исследования современных армянских литературоведческих статей, в данной работе представлены основные требования и критерии, предъявляемые к литературоведческим статьям. При этом нами постулируется концепция литературоведческой статьи, а именно: логическое изложение и композиционная целостность; определенная структура: ключевые слова, резюме, введение (краткий очерк о степени разработанности темы, обоснование актуальности, формулировка целей и задач); основная часть (с учетом научной методологии, описания аргументации и анализа проведенных результатов); заключение, имеющее научную новизну, комментарий и список использованной литературы.
Requirements and Standards for the literary Critical Article
Vano Yeghiazaryan
Doctor of Philology, Professor
SUMMARY
The given article touches upon some considerations on the contemporary Armenian literary critical article methodology, accepted requirements and standards. We’ve studied a series of literary critical articles and uncovered shortcomings. In order to get rid of all possible shortcomings we’ve presented the main requirements and standards for the subject matter, as well as defined the concept of the literary critical article, i.e. logical statement and structural completeness, some structure- key words, summary, introduction( theme drafting brief review, modernity argumentation, goals and objectives formation), main text (through academic methodology, argumentation description and results analysis), conclusion with academic novelty, commentary and a list of references.