ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | Մեղքի քաղցր շշունջը

ԴՐԱՄԱ ՄԵԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ՕՁ
ՍՈՆԱ
ԱՐԱ – Սոնայի ամուսինը
ԱՐԻՍ
ԱՆԻ – Արիսի կինը
ԴՐՎԱԳՆԵՐՈՒՄ` Աստված, հրեշտակ, սատանա, Եվա, Ադամ, Աննա

————-

Հնչում է երաժշտություն: Վարագույրը բացվում է: Դիմակահանդես է: Մեկ-երկու րոպե հետո բոլորը գնում են՝ բացի մի կնոջից` Սոնայից: Վերջինս, որը միջին տարիքի է, գեղեցիկ կազմվածքով, մոտենում է հայելուն, հանում դիմակը և ինքնահիաց իրեն զննում: Վարսերը ուղղում է, աջ ու ձախ կողմերից իրեն դիտում, վերնաշապիկը հանում…
Լսվում է ինչ-որ մեկի ձայնը:

ՁԱՅՆ– Շապի՛կդ էլ հանիր:
ՍՈՆԱ– (Վախեցած) Ի՞նչ: (Այս ու այն կողմ նայելով՝ վերնաշապիկը արագ հագնում է):
ՁԱՅՆ– Մի՛ վախեցիր:
ՍՈՆԱ– Դու ո՞վ ես: Որտե՞ղ ես:
ՁԱՅՆ– Դարերը ոչինչ չեն փոխել: Դու նույն հրաշքն ես:
ՍՈՆԱ– Դարե՞րը:
ՁԱՅՆ– Այո՛: Բազում դարերը:
ՍՈՆԱ– Կատակ մի՛ արա: Դուրս եկ: Ո՞վ ես:
ՁԱՅՆ– Փորձիր հիշել:
ՍՈՆԱ– Քեզ չեմ տեսնում:
ՁԱՅՆ– Ձայնս պիտի որ հիշես:
ՍՈՆԱ– Շատ ինքնատիպ ձայն է:
ՁԱՅՆ– Ուրեմն հիշիր…
ՍՈՆԱ– Ինչքա՞ն հետ գնամ:
ՁԱՅՆ– Դարեր:
ՍՈՆԱ– Խելառի տեղ մի՛ դիր:
ՁԱՅՆ– Արյունը հիշողություն ունի…
ՍՈՆԱ– Ծանոթ երանգներ զգում եմ:
ՁԱՅՆ– Դրախտը հիշո՞ւմ ես:
ՍՈՆԱ– Լսել եմ:
ՁԱՅՆ– Խնձորը…
ՍՈՆԱ– Ի՞նչ ես ուզում ասել:
ՁԱՅՆ– Ես դրախտի օձն եմ: (Գալիս է շողշողուն շապիկով մի օձ):
ՍՈՆԱ– (Վախեցած) Սա երևի երազ է կամ ներկա¬յա-ցում:
ՕՁ– Մի՛ վախեցիր: Ես բարի մտքով եմ եկել:
ՍՈՆԱ– (Հեգնանքով) Խնձո՞րն ես հետ ու¬զում:
ՕՁ– Խնձորը հիմա ինձ ոչ ոք չի տա:
ՍՈՆԱ– Ուրե՞մն…
ՕՁ– Կարոտել եմ քեզ, հրե՛ արարած: Չեմ ուզում՝ լուսե մարմինդ թորշնի կույր հայացքի տակ:
ՍՈՆԱ– Չհասկացա:
ՕՁ– Եկել եմ, որ քեզ մի խորհուրդ էլ տամ:
ՍՈՆԱ– (Փոքր-ինչ սեթևեթելով) Հին կերածս դեռ չեն թողնում մարսել: Շնորհակալ եմ քո բարությունից:
ՕՁ– Ով երախտամո՜ռ…
ՍՈՆԱ– (Վարսերն ուղղելով և հայելուն նայելով) Էլ լափ չմնաց՝ գլխիս թափեցին:
ՕՁ– Պի՛ղծ արարածնե՜ր: (Երկու-երեք քայլի չափով մոտենում է կնոջը) Դու իսկապես որ գլուխգործոց ես:
ՍՈՆԱ– Ի՞նչ է մտքինդ:
ՕՁ– Ափսոս է այս չքնաղ մարմինը:
ՍՈՆԱ– Չեմ հասկանում:
ՕՁ– Ասում եմ՝ ափսոս է այս գեղեցկությունը: (Կինը հար¬¬¬ցա¬կան հայացքով նայում է օձին) Ինչի՞ համար է այն:
ՍՈՆԱ– (Ծիծաղելով) Խնձոր կեր, կիմանաս:
ՕՁ– Չարաճճի կին: Մի՞թե դեռ չես զգացել, որ խնձորը հիմա նրան է պետք:
ՍՈՆԱ– Ո՞ւմ:
ՕՁ– Չե՞ս հասկանում:
ՍՈՆԱ– Ինչ շատ ես սիրում անհայտ¬ներով խոսել:
ՕՁ– Կյանքն է այդպիսին:
ՍՈՆԱ– Այդպիսի մարդու ես չեմ ճանաչում:
ՕՁ– Ճիշտ չէ:
ՍՈՆԱ– Երբ քիչ առաջ ինձ տեսար, ի՞նչ ասացիր: Առաջին խոսքդ ի՞նչ էր:
ՕՁ– «Շապի՛կդ էլ հանիր»,- ասացի:
ՍՈՆԱ– Այո՛: Ցանկացար տեսնել ավելին:
ՕՁ– Ճիշտ է: Նույնն են ցանկանում հիմա բոլո¬րը՝ բացի նրանից:
ՍՈՆԱ– Թքած՝ այդ մեկի վրա:
ՕՁ– Այդպես դյուրին չէ:
ՍՈՆԱ– Ինչո՞ւ: Իմ ի՞նչ պետքն է այդ մեկը: Ի դեպ, դու ինձ անառակի տեղ մի՛ դիր. ես հավատարիմ ամուսին եմ: Մինչև հիմա միայն մեկ տղամարդ եմ տեսել, և միայն մեկ տղամարդ է, որ ինձ տեսնում է:
ՕՁ– Գիտեմ, դրա համար էլ ասում եմ, որ դյուրին չէ:
ՍՈՆԱ– Ինչո՞ւ:
ՕՁ– Որովհետև հիմա այդ մեկն է, որ քեզ… չի տեսնում:
ՍՈՆԱ– (Ապշահար) Ի՜նչ:
ՕՁ– Մի՞թե չես զգացել, որ նրա հայացքը այլևս այն չէ: Հիշո՞ւմ ես՝ մի ժամանակ որքան հրայրքոտ էր նա: Օձիքդ մի քիչ բացվում էր թե չէ, աչքերից կրակ էր թափվում: Գիշեր թե ցերեկ դու էիր մտքում, և քո համբույրն էր նա միայն տենչում:
ՍՈՆԱ– (Ինչ-որ հուշերով տարված) Հիշում եմ: (Բեմի ձախ կողմում վառվում է կապույտ լուսարձակ: Շղարշի հետևում գրեթե ստվերի պես ուրվագծվում են մի կին և մի տղամարդ: Նրանց շարժումներից երևում է, որ անում են այն, ինչ պատմում է օձը):
ՕՁ– Առջևդ ծնկած՝ հրե շուրթերով լիզում էր զիստերդ: Մարմինդ ի վեր դանդաղ սողում էր…
ՍՈՆԱ– Այո, այդպես էր:
ՕՁ– Մե՛րթ զեփյուռի պես շոյում էր կոնքերդ, մե՛րթ կրծքերիդ լույսը խմում:
ՍՈՆԱ– Ճիշտ է: Այդպես էր:
ՕՁ– Իսկ դու, հիշո՞ւմ ես, ինչպես էիր նույնը տենչում: Դառնում էիր հուր, բոցա¬վառվում: Քեզ թվում էր, թե ուր որ է այրվող կիրքդ հրաբխի պես կժայթքի… Եվ օր չկար, որ դուք նույնը չտենչայիք:
ՍՈՆԱ– (Երանությամբ) Հիշում եմ:
ՕՁ– Երանելի ժամանակներ, երազ օրեր… (Ձախ կողմի լուսարձակը մարում է):
ՍՈՆԱ– Ի՞նչ ես ուզում ասել:
ՕՁ– Հուշե՜ր, հուշե՜ր, հուշե՜ր… Այդ օրերի հրից հիմա միայն մոխիր է մնացել, և ձեր կիրքը չունի այլևս այն հմայքը:
ՍՈՆԱ– Եվ ի՞նչ:
ՕՁ– Ձեր սերը հիմա սովորական մի պահանջ է՝ առօրեակա՜ն, կենցաղայի՜ն:
ՍՈՆԱ– Կյանքի օրենքն է այդպիսին:
ՕՁ– Փո՛ւչ գաղափար: (Կնոջ շուրջը պտտվելով` հիացագին նայում է նրան) Մի՞թե այս վսեմ մարմինը պիտի այլևս չիմաստավորվի:
ՍՈՆԱ– Հերիք է լեզվիդ տաղանդը փորձես: Ի՞նչ է ուզածդ:
ՕՁ– Ես ուզում եմ քո… աչքերը բացել: Անցած օրերը վերադարձնել:
ՍՈՆԱ– Լսի՛ր. ես այն միամիտ Եվան հիմա չեմ: Չեմ սիրում դատարկ կատակներ անել:
ՕՁ– Բնավ կատակ չէ: Ես քո անցյալը կվերադարձ-նեմ:
ՍՈՆԱ– Ուրախ կլինեմ:
ՕՁ– Եվ դու ցանկալի նորից կդառնաս նախկինի նման:
ՍՈՆԱ– (Լրջացած) Իսկապե՞ս: Սուտ չէ՞:
ՕՁ– Քո կրծքերի մեջ թեժ ու մոլեգին կրքի կրակը կրկին կվառվի, և կգան նորից ժամանակները այն երանելի:
ՍՈՆԱ– (Փոքր-ինչ մտածելուց հետո) Ասա խորհուրդդ: Ի՞նչ պետք է անեմ:
ՕՁ– Հասարակ մի բան: (Հնչում է դռան զանգը) Ահա, եկավ նա՝ քո ամուսինը:
ՍՈՆԱ– Ոչինչ: Կսպասի:
ՕՁ– Այսօրվա համար բավ է այսքանը: (Ուզում է գնալ):
ՍՈՆԱ– Դեռ կա՛ց: Սպասի՛ր: Ասա՝ երբ կգաս:
ՕՁ– Շուտով, շատ շուտով… չքնաղ արարած:

Օձը հեռանում է: Զանգը հնչում է նորից: Կինը գնում է դռան կողմը և վերադառնում ամուսնու` Արայի հետ:

ԱՐԱ– Ի՞նչ ես եփել: Տաքացրո՛ւ:
ՍՈՆԱ– Տաք է: Ես արդեն դուրս եմ գալիս:
ԱՐԱ– Շորերս արդուկեցի՞ր:
ՍՈՆԱ– (Հայելու առաջ հարդարվելով) Քանի՞ կտոր լինեմ: Թող մնա վաղը:
ԱՐԱ– (Բազկաթոռին նստելով, փոքր-ինչ հրամա-յական տոնով) Շո՛ւտ կգաս:

Սոնան դուրս է գալիս: Արան, գլուխը հետ գցած, ուզում է մի պահ հանգստանալ: Գալիս է օձը:

ՕՁ– Հոգնե՞լ ես: (Արան, անակնկալի եկած, վեր է թռչում և նայում օձին) Չե՞ս ճանաչում:
ԱՐԱ– Չէ՛:
ՕՁ– Քո բարերարն եմ… (Խոսքը մի փոքր երկարաձգելով՝ նայում է տղամարդու աչքերին) դրախտի օձը: (Տղամարդը սթափվելու համար գլուխը թափա-հարում է) Ես եմ: Երազ չէ, և դարձյալ գալուստս բարի է:
ԱՐԱ– Նո՞ր բան ես մոգոնել:
ՕՁ– Երախտամո՛ռ: Գոնե դու պիտի շնորհակալ լինեիր:
ԱՐԱ– Դրախտից քշվելու համա՞ր:
ՕՁ– Մի՞թե դու էլ չհասկացար, թե որն է իսկական դրախտը: Մի՞թե չհասկացար, թե ես քեզ ի՛նչ պարգևեցի:
ԱՐԱ– Հասկացա, ինչո՞ւ չէ:
ՕՁ– (Գլուխը տարուբերելով) Ապերա՛խտ: Մեկ այլ արարած ինձ կուռք կդարձներ…
ԱՐԱ– Հատուցո՞ւմ ես ուզում:
ՕՁ– Ես օձ եմ, օձ և ոչ թե մարդ…
ԱՐԱ– Ասացիր, որ գալուստդ բարի է:
ՕՁ– Ճիշտ է: Եկել եմ՝ սրտիդ անթեղը խառնեմ և առջևդ նոր մի աշխարհ բացեմ:
ԱՐԱ– Ավելի պա՞րզ:
ՕՁ– Քեզ կպարգևեմ մի այնպիսի կին, որ էլ չես փնտրի դրախտի ուղին:
ԱՐԱ– Ես ունեցել եմ այդպիսի մեկին:
ՕՁ– Գիտեմ: Նա լավն էր: Բայց հիմա այն չէ:
ԱՐԱ– Հետո՞: Շարունակիր:
ՕՁ– Նոր կին է քեզ պետք:
ԱՐԱ– Կուզես բաժանե՞լ:
ՕՁ– Ասացի՝ նոր կին և ոչ՝ ամուսին: (Տղամարդը մի պահ լռում է, ընկնում մտածմունքների մեջ) Ի՞նչ ես մտորում: Մի՞թե չես ուզում:
ԱՐԱ– Բայց դա կոչվում է… դավաճանութ¬յուն:
ՕՁ– Ո՛չ: Դա կոչվում է սեր: Դա կոչվում է կյանք: Կոչվում է դրա՜խտ, որի դռները ինքդ կարող ես բացել քո առաջ:
ԱՐԱ– Գնով նենգությա՞ն:
ՕՁ– (Հեգնանքով) Օ՜, դու հողեղեն հավատար¬մութ-յո՜ւն…
ԱՐԱ– Ինչո՞ւ ես հեգնում:
ՕՁ– Չեմ ուզում՝ կյանքդ զոհի մի ինչ-որ ունայն գաղափար: Մի՞թե չես ուզում կնոջ հրաշքը վայելել կրկին:
ԱՐԱ– Կին ունեմ, ասի:
ՕՁ– Ճիշտ է. ունեիր: Բայց նա դարձել է արդեն ամուսին…
ԱՐԱ– Ասա, թե իրականում ինչ է մտքինդ:
ՕՁ– Կասկածամի՛տ այր: Քեզ մի նոր կյանք եմ ուզում պարգևել: Սրտիդ հրայրքը նորից բորբոքել: Խոստովանիր, որ քո սիրտն էլ հաճախ հենց այդ է ուզում:
ԱՐԱ– Ասենք` ուզում է:
ՕՁ– Ինչո՞ւ ես հապա իզուր վարանում: Գետն ամեն անգամ գերան չի բերում…
ԱՐԱ– (Մի պահ լռելուց ու մտորելուց հետո) Ասացիր, թե ինձ…
ՕՁ– Այո՛, ասացի:
ԱՐԱ– Ոչ թե ամուսին, այլ կին, ասացիր:
ՕՁ– Այդպես ասացի, սակայն ուզում եմ մի փոքր ճշտել. այն հին, խելագար օրերը կրկին ապրելու համար քեզ նորություն է հիմա հարկավոր:
ԱՐԱ– Նոր կին, այսինքն:
ՕՁ– Նորության մեջ է կրքի գաղտնիքը:
ԱՐԱ– Եվ նորի՞ց սիրտս կվառի սիրո այն հրաշք հուրը:
ՕՁ– Ինձ նայիր հապա: (Տղամարդը նայում է: Օձը նրան անմիջապես հիպնոսում է) Իսկ հիմա՝ սրան: (Երազի պես հայտնվում է գրեթե մերկ մի կին: Ցածրաձայն հնչում է երաժշտություն: Կինը բարե¬մաս-նությունները ցուցադրող շարժումներով պարում է) Տես, թե ինչպիսի՜ ստինքներ ունի: Ինչ չքնաղ կոնքե՜ր: Շուրթերից հիմա կրակ կթափվի: Հապա շողացող զիստերին նայիր: Եթե իմանաս, թե ինչ կրքոտ է լինում անկողնո՜ւմ… (Տղամարդը, իրենից անկախ, ուզում է գնալ դեպի կինը, բայց օձը չի թողնում) Սպասի՛ր: Այդ ո՞ւր. նա դեռ քոնը չէ:

Կինը շարունակում է պարել: Արան հմայ¬ված նայում է: Հնչում է այլ երաժշտություն, և դիմա¬կա¬հանդեսը շարու¬նակվում է: Օձն ու տղամարդը միա¬նում են բեմ եկած¬ներին: Օձը հերթով մոտենում է պարողներին և ականջ¬ներին ինչ-որ բան շշնջում: Քիչ անց բոլորը գնում են: Մնում են մի տղամարդ` Արիսը, և մի կին: Թեև նրանք դիմակներով են, բայց պարզ զգացվում է, որ կինը ծանոթ հերոսուհին է՝ Սոնան:

ԱՐԻՍ– Հանիր դիմակդ, խնդրում եմ: Ես ուզում եմ տեսնել քո չնաշխարհիկ դեմքը:
ՍՈՆԱ– Ի՞նչ գիտես` չնաշխարհիկ է: Չէ՞ որ չես տեսել:
ԱՐԻՍ– Զգում եմ: Դիմակն ընդամենը ծածկում է քո հմայքը. թաքցնել անկարող է:
ՍՈՆԱ– (Շոյված) Օ՜…
ԱՐԻՍ– Ընծայիր ինձ քո անունը, գեղեցկուհի:
ՍՈՆԱ– Եվ ի՞նչ կտա դա քեզ…
ԱՐԻՍ– Անմար մի լույս…
ՍՈՆԱ– Թե այդքանով կգոհանաս…
ԱՐԻՍ– Որպես սկիզբ…
ՍՈՆԱ– (Փոքր-ինչ սեթևեթելուց հետո) Ասենք, Սոնա:
ԱՐԻՍ– Սոնա… Հույս ունեմ, որ չխաբեցիր:
ՍՈՆԱ– Չխաբեցի: Բայց ավելին` հույս չունենաս: (Ձևացնում է, թե ուզում է գնալ):
ԱՐԻՍ– Սպասի՛ր, Սոնա: (Կինը կանգ է առնում) Հանի՛ր դիմակդ, խնդրում եմ:
ՍՈՆԱ– Ես ասացի՝ հույս չունենաս:
ԱՐԻՍ– (Մոտենում է կնոջը և նայում աչքերին) Խնդրում եմ, Սոնա:
ՍՈՆԱ– Իսկ ինչո՞ւ չես հանում նախ ինքդ: (Տղամարդը դիմակը հանում է) Անո՛ւնդ:
ԱՐԻՍ– Արի՛ս: (Մի քանի վայրկյան լուռ նայում են իրար աչքերի):
ՍՈՆԱ– Իմ հետևից էլ մի՛ գա, Արիս: (Դանդաղ հեռա¬նում է):
ԱՐԻՍ– Ես քեզ կսպասեմ, Սոնա՛:
ՍՈՆԱ– Էլ մի՛ գա, Արի՛ս:
ԱՐԻՍ– Ես կսպասեմ, Սոնա՛…

Լույսը դանդաղ մարում և քիչ անց վառվում է: Բեմում Սոնան է, որը, բազմոցին նստած, ներկում է եղունգները: Գալիս է օձը:

ՕՁ– Ի՞նձ ես սպասում:
ՍՈՆԱ– (Օձին նայելով. սառը) Չէ՛:
ՕՁ– Նախորդ անգամ չէիր ուզում, որ գնամ: (Կինը, առանց ուշադրություն դարձնելու, շարունակում է եղունգները ներկել) Քեզ ի՞նչ պատահեց:
ՍՈՆԱ– Ոչինչ: Ինձ հանգիստ թող:
ՕՁ– Քեզ խորհուրդներ պիտի տայի:
ՍՈՆԱ– Մի՛ տուր: Շնորհակալ եմ:
ՕՁ– Չե՞ս ուզում, որ…
ՍՈՆԱ– (Ընդհատելով) Չէ՛:
ՕՁ– Տարօրինակ է: Մի՞թե չես ուզում…
ՍՈՆԱ– (Դարձյալ` ընդհատելով) Չէ՛:
ՕՁ– Զարմանալի է: Ես պիտի վերա¬դարձնեի քո…
ՍՈՆԱ– Մի՛ վերադարձրու:
ՕՁ– Ինչ դժվար է ձեզ հետ: Արդեն ես էլ գլուխ չեմ հանում:
ՍՈՆԱ– Ավելի լավ է՝ գնաս:
ՕՁ– (Ֆշշացնելով) Երախտամո՜ռ:
ՍՈՆԱ– Ի՞նչ ես ուզում ինձնից:
ՕՁ– Ոչի՜նչ: Ես կգնամ, միայն ասա՝ ինչ պատահեց:
ՍՈՆԱ– Ոչինչ չի պատահել: Գնա՛: Չե՛մ ուզում:
ՕՁ– Միամիտի տեղ ինձ մի՛ դիր, Եվա՛:
ՍՈՆԱ– Ես Եվան չեմ:
ՕՁ– Գիտեմ: Քեզ հիմա ուրիշ անունով են կոչում, բայց, միևնույնն է, դու նույն Եվան ես:
ՍՈՆԱ– Ասենք թե այդպես է: Հետո՞:
ՕՁ– Հետո՝ ոչի՜նչ… Ես կգնամ: (Մի փոքր հեռանում է) Միայն թե ինձ ասա, Եվա՛, դու ինչո՞ւ չհանեցիր դիմակդ…
ՍՈՆԱ– (Անակնկալի եկած. ապշահար) Ի՞նչ…
ՕՁ– Ոչի՜նչ…

Սոնան մնում է քարացած-կանգնած: Հնչում է երա-ժշտություն: Դանդաղ քայլերով Սոնան հեռանում է: Քիչ անց գալիս է Արան:

ՕՁ– (Վերջինիս նայելով) Ինչո՞ւ ես եկել:
ԱՐԱ– Ո՞ւր գնաց նա:
ՕՁ– Նա չկա: Նա տեսիլք էր:
ԱՐԱ– Սո՛ւտ է: Ես նրան տեսա:
ՕՁ– Ու գիշերները չես քնում:
ԱՐԱ– Ասա ինձ նրա տեղը:
ՕՁ– Չեմ ասի:
ԱՐԱ– Ինչո՞ւ:
ՕՁ– Որովհետև դու կին ունես:
ԱՐԱ– Բայց դու ինքդ նրան ինձ մոտ բերիր: Դո՛ւ այս կրակը սրտիս մեջ վառեցիր:
ՕՁ– Դժգո՞հ ես:
ԱՐԱ– (Հապաղելով) Չգիտեմ:
ՕՁ– Օ՜, չգե՜տ հավատարմություն…
ԱՐԱ– Ինչո՞ւ դա արեցիր:
ՕՁ– Քեզ փորձելու համար:
ԱՐԱ– Եվ ի՞նչ:
ՕՁ– Դու չդիմացար: Քո հավատար¬մու¬թյու¬նը փուչիկ էր. պայթեց:
ԱՐԱ– Ճիշտ է: Դիմանալ անհնար է: Դա ինձանից անկախ է լինում: Ես ցանկանում եմ նրան մտքիցս հանել, բայց մի անկասելի ուժ երազի պես ինձ մոտ է բերում: Կնոջս գրկելիս ես նրան եմ պատկերացնում:
ՕՁ– Մի՞թե քո կինը նրանից վատն է:
ԱՐԱ– Չէ, վատը չէ: Բայց իմ աչքերը, չգիտեմ ինչու, մի նոր պարտեզ են կամենում տեսնել: Ձեռքերս ուզում են նոր ծաղիկների թփեր գուրգու¬րել:
Ինձ թվում է, թե մի նոր, մի ուրի՜շ բույր եմ զգալու, մի նոր հրաշք եմ տեսնելու:
ՕՁ– Հապա քո կի՞նը…
ԱՐԱ– Նա էլի թող մնա իմը: Նա հիմա էլ այնպես քնքուշ է, ինչպես առաջ էր, պարզապես… Հասկացիր ինձ. սիրտս այնպես է նորություն ուզում, որ ինքս իմ առաջ արդեն անզոր եմ:
ՕՁ– Լա՜վ:
ԱՐԱ– Օգնիր ինձ: Այսպես ապրել ես անկարող եմ:
ՕՁ– Բարի՜: Ես քեզ կօգնեմ, Ադամ: Բայց դու պիտի սպասես:
ԱՐԱ– Ես Ադամը չեմ: Իմ անունը Արա է:
ՕՁ– Նշանակություն չունի: Պիտի սպա¬սես:
ԱՐԱ– Ինչքա՞ն:
ՕՁ– Մինչև նրան համոզեմ:
ԱՐԱ– Երկա՞ր կտևի:
ՕՁ– Չգիտեմ: Կինը համոզել է սիրում:
ԱՐԱ– Իսկ եթե չհամոզվի՞:
ՕՁ– Այդ դեպքում ոչինչ դուրս չի գա: Բայց հիշիր, որ չհամոզվող կին չկա: Դա նուրբ գործ է, Ադամ: Երբեմն էլ՝ վտանգավոր:
ԱՐԱ– Ո՞րն է վտանգը:
ՕՁ– Հոնքն ուղղելիս կարող է դուրս գալ աչքը:
ԱՐԱ– Միայն թե ոչ այդ, Տե՛ր Աստված:

Միասին գնում են: Գալիս են Արիսը և Սոնան:

ԱՐԻՍ– Դու աստվածային ես, Սոնա: Մեղք կլինի, եթե միայն մեկինը լինես:
ՍՈՆԱ– Կնոջդ անունը ի՞նչ է:
ԱՐԻՍ– Անի: (Նայում է Սոնային): Ես քեզ խանդում եմ:
ՍՈՆԱ– (Ծիծաղում է) Նա իմ ամուսինն է:
ԱՐԻՍ– Նշանակություն չունի: Ես ուզում եմ, որ դու միմիայն իմը լինես:
ՍՈՆԱ– (Նորից` ծիծաղելով) Մի՞թե մեղք չէ, որ ես միայն մեկինը լինեմ…
ԱՐԻՍ– (Մոտենում է և, Սոնայի աչքերին նայելով, ձեռքերը դնում ուսերին) Ես էլ չեմ դիմանում, Սոնա: Քեզանով ամբողջովին կախարդված եմ:
ՍՈՆԱ– (Թեթևակիորեն փորձելով հրել) Թո՛ղ, Արիս…
ԱՐԻՍ– Նվիրիր ինձ քո գեղեցկությունը, Սոնա: Տուր ինձ քո եդեմական մերկությունը:

Սոնան հայացքը բարձրացնում, նայում է Արիսի աչ-քե¬րին և, այլևս դիմադրելու անզոր, հանձնվում է: Նրանք գրկված համբուրվում են: Վառվում է կապույտ լույս: Իջնում է շղարշե վարագույր: Սոնան և Արիսը գրեթե չեն երևում:

ԱՐԻՍ– Դու հրաշք ես, Սոնա…
ՍՈՆԱ– Մի՛ շտապիր, Արիս…
ԱՐԻՍ– Ինձ թվում է՝ առաջին անգամ եմ տեսնելու կնոջ մերկություն: Սիրտս այնպե՜ս է թրթռում…
ՍՈՆԱ– Սպասիր, Արիս…
ԱՐԻՍ– Կարծես պատանի լինեմ: Աստված իմ…
ՍՈՆԱ– Քո շուրթերը այրում են իմ մերկությունը… Սա իսկապես որ վերադարձ է…

Վարագույրի հետևում լույսը մարում է: Նախաբեմ են գալիս Անին և օձը:

ՕՁ– Եթե իմանաս, թե քեզ ինչպես է տենչո՜ւմ… Թե ինչ հաճույք կպարգևի՜…
ԱՆԻ– Հետո՞ ինչ:
ՕՁ– Երբեք չես զղջա:
ԱՆԻ– Ես ամուսին ունեմ: Բարոյական կին եմ:
ՕՁ– Բոլոր կանայք էլ բարոյական են, և շատերը ամուսին ունեն…
ԱՆԻ– Ի՞նչ ես ակնարկում:
ՕՁ– Ափսոս ես, Եվա:
ԱՆԻ– Ասի, որ ես Եվան չեմ:
ՕՁ– (Անիի շուրջը պտտվելով) Ի՜նչ սքանչելի մարմին… (Աչքերին նայելով) Ինչպիսի՜ աչքեր…
ԱՆԻ– Դու, ինչ է, Էրոսի դե՞րն ես ստանձնել:
ՕՁ– Ես չեմ ասում՝ սիրիր:
ԱՆԻ– Ի՞նչ է հապա ուզածդ:
ՕՁ– Տրվի՛ր նրան, Եվա: Հանձնվի՛ր:
ԱՆԻ– Լռի՛ր: Անպատկա՛ռ:
ՕՁ– Երախտամո՛ռ…
ԱՆԻ– Ի՞նչ է նպատակդ:
ՕՁ– Ինչ որ առաջ էր՝ դրախտում:
ԱՆԻ– Ես դա էլ չհասկացա:
ՕՁ– Ափսո՜ս: (Անիի շուրջը նորից պտտվելով) Անկրկնելի կերտվածք…
ԱՆԻ– Լեզվիդ վաղուց եմ ծանոթ:
ՕՁ– Դա ես չեմ ասում, այլ նա՜…
ԱՆԻ– Ինչո՞ւ ինձ հանգիստ չես թողնում: «Ո՛չ, ո՛չ»-, ասում եմ: Գնա՛:
ՕՁ– Կզղջաս, Եվա: Մտածի՛ր: (Անին գնում է): Ես դեռ կգամ:

Վարագույրը բացվում է: Արան նստած է բազկաթոռին: Օձը մոտենում է նրան:

ՕՁ– Նա վաղը կսպասի քեզ:
ԱՐԱ– Իսկապե՞ս: Ե՞րբ: Որտե՞ղ:
ՕՁ– Կեսգիշերին: Քո ննջարանում:
ԱՐԱ– Բայց… Բայց… Ես վաղը քաղաքում չեմ լինելու: Եվ ինչո՞ւ իմ ննջարանում: Հապա կի՞նս:
ՕՁ– Նրան կուղարկես մոր մոտ, իսկ ինքդ քաղաքից չես գնա:
ԱՐԱ– (Տարակուսած) Բայց ինչո՞ւ ի՛մ ննջարա¬նում:
ՕՁ– Դա է իմ կամքը:
ԱՐԱ– (Քիչ անց) Լավ: Թող այդպես լինի: Ուրեմն, վաղը՝ կեսգիշերին:
ՕՁ– Եվս մի պայման. դու ոչ թե կսպասես տանը, այլ կվերադառնաս ուղիղ կեսգիշերին:
ԱՐԱ– Թող քո կամքը լինի:
ՕՁ– Այդ գիշեր դու չպիտի ասես ոչ մի բառ ու չպիտի լինես քեզ նման:
ԱՐԱ– Կձգտեմ:
ՕՁ– Պիտի ջանաս նորություն լինել: Նորութ¬յուն՝ ինքդ քեզ համար:
ԱՐԱ– Կփորձեմ:
ՕՁ– Եվս մի կարևոր մանրուք. ննջարանում պիտի լինի թանձր խավար:
ԱՐԱ– Այդպես կանեմ: Սակայն ասա, թե ինչու:
ՕՁ– Որովհետև դա է նրա կամքը:
ԱՐԱ– Թող այդպես լինի:
ՕՁ– Ու երբ հագենաս, կհեռանաս այնպես, ինչպես ներս ես մտել: Հիշիր՝ միայն խավարի մեջ, անձայն:
ԱՐԱ– Խորհրդավոր ինչ-որ վախ ես սիրտս ձգում:
ՕՁ– Հաճույքների կեսը, տղա՛ս, խորհրդավոր դողն է բերում:
ԱՐԱ– Լավ, թող լինի քո ասածով. վաղը՝ ուղիղ կեսգիշերին. խենթության պես:
ՕՁ– Եվ՝ հեքիաթի:
ԱՐԱ– Եվ՝ հեքիաթի: Օ՜, Տե՛ր Աստված, իրակա՞ն է սա, թե երազ…

Մթնում ու լուսավորվում է: Բեմում են օձը և Սոնան: Վերջինս պառկած է բազմոցին: Օձը նստած է բազկաթոռի վրա:

ՍՈՆԱ– Պատմիր առաջին կնոջ մասին: Նա իսկապե՞ս գեղեցիկ էր:
ՕՁ– Օ՜, Եվա: Նա հրաշք էր: Նրա գեղեցկությունն էր, որ Երկիրն իր ուղուց շեղեց…
ՍՈՆԱ– Ի՞նչ եղավ հետո, երբ Աստված նրան արարեց: Պատմիր մի քիչ:
ՕՁ– Այդ պատմությունը շատ է ծեծվել:
ՍՈՆԱ– Ոչինչ: Ես ուզում եմ լսել, այսպես ասած, ականատեսից:
ՕՁ– Լավ: Քեզ համար կպատմեմ այն, ինչը հաճախ թաքցնում են:
ՍՈՆԱ– Դեռ թաքցնելու բա՞ն կա:
ՕՁ– Չկա՛: Պարզապես ոմանք դա չեն ուզում ասել և չեն ուզում լսել:
ՍՈՆԱ– (Դերասանաբար) Ես սիրով կլսեմ:
ՕՁ– (Մի քանի վայրկյան դադարից հետո) Դա այսպես եղավ, Եվա: Նրան տեսնելուն պես միանգամից երեք հոգի սիրահարվեցին:
ՍՈՆԱ– (Ծիծաղելով) Ի՞նչ:
ՕՁ– Այո՛, Եվա: Երեք հոգի:
ՍՈՆԱ– (Մտերմիկ կատակով) Դե վերջ տուր, փչա՛ն:
ՕՁ– Ես լուրջ եմ ասում:
ՍՈՆԱ– Մյուս երկուսի՞ն որտեղից գտար: Մոռացա՞ր, որ այն ժամանակ աշխարհում միայն Ադամն էր:
ՕՁ– Ճիշտ է. միայն Ադամն էր: Եվ Եվան արարվեց միայն Ադամի համար, բայց նրան սիրահարվեցին երեք հոգի. Ադամը…
ՍՈՆԱ– Դա իմացա:
ՕՁ– Սատանան…
ՍՈՆԱ– Իսկապե՞ս: Տե՛ր Աստված…
ՕՁ– Այո՛, Եվա:
ՍՈՆԱ– Իսկ մյուսը՝ երրո՞րդն ով էր:
ՕՁ– Երրորդը, Եվա, հենց ինքն էր՝ Աստված:
ՍՈՆԱ– (Անհամբերությամբ) Հետո՞, հետո՞:
ՕՁ– Եվ այդ պահից էլ աշխարհում ամեն ինչ իրար խառնվեց:
ՍՈՆԱ– Շարունակի՛ր: Ի՞նչ եղավ հետո:
ՕՁ– Աստված իրեն կորցրեց: (Վառվում է բեմի ձախ կողմի լույսը: Կատարվում է այն, ինչ պատմում է օձը: Այնտեղ են Արարիչը և մի հրեշտակ):
ԱՍՏՎԱԾ– (Ինքն իրեն) Եվ մի՞թե դա կլինի սրբա-պղծութ¬յուն:
ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչը, Հայր Արարիչ:
ԱՍՏՎԱԾ– (Մտամոլոր) Ինքս ինձ հետ եմ խոսում: Ոչինչ:
ՀՐԵՇՏԱԿ– Ինչ-որ բան է քեզ պատահել, Տեր:
ԱՍՏՎԱԾ– (Քիչ անց) Ես երևի սխալ արեցի:
ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչը:
ԱՍՏՎԱԾ– Նրան ես իզուր ստեղծեցի այդպես գեղեցիկ:
ՀՐԵՇՏԱԿ– Կնո՞ջը:
ԱՍՏՎԱԾ– Անունն իսկ լսելիս սիրտս դողում է:
ՀՐԵՇՏԱԿ– (Լսածին կարծես չհավա¬տա¬լով) Ի՞նչ ես ասում, Տեր:
ԱՍՏՎԱԾ– Բայց բանը միայն գեղեց¬կությունը չէ: Գեր-բնական կախարդանք կա նրա մեջ, ինչ-որ ա¬ռեղծ¬¬ված: Զարթնեցնում է անզսպելի մի ցանկութ¬յուն:
ՀՐԵՇՏԱԿ– Նա քո ստեղծածն է, Տեր:
ԱՍՏՎԱԾ– Ես ուզում եմ նրան տեսնել:
ՀՐԵՇՏԱԿ– Կարող եմ հենց հիմա կանչել: (Ուզում է գնալ):
ԱՍՏՎԱԾ– Սպասի՛ր: Մի՛ գնա: Ասենք, տեսա… (Բեմի ձախ կողմի լույսը մարում է: Վառվում է աջ կողմի լույսը, որտեղ Սոնան և օձն են):
ՍՈՆԱ– Մի՞թե Եվան իսկապես այդքան գեղեցիկ էր:
ՕՁ– Չլսեցի՞ր. բանը միայն գեղեց¬կությունը չէր: Նրա մեջ կախարդա՛նք կար, առեղծվա՜ծ: Աստված նրան ստեղծել էր իր ողջ հանճարի ուժով: Արար¬չութ¬յան իր ողջ փորձն էր նա ընդերել: Արարչության գագաթն էր կինը:
ՍՈՆԱ– Իսկ Ադա՞մը: Ինչպե՞ս նրան ընդունեց Ադամը:
ՕՁ– Համբերություն չունես: Աստված չէր ուզում կնոջը տալ Ադամին և մոլորված էր… (Վառվում է ձախ կողմի լույսը):
ԱՍՏՎԱԾ– Խանդից իմ սիրտը կկանգնի: Առայժմ թող անբիծ մնա, կուսակա՛ն: (Հրեշտակին) Ասա նրանց, որ արգելում եմ ուտել պտուղն այն… (Վառվում է աջ կողմի լույսը):
ՍՈՆԱ– Դու ասացիր, որ կնոջը նաև սատանան էր սիրահարված:
ՕՁ– Այո՛: Բայց կինը նրան մոտե¬նալ չէր թողնում, և սատանան այրվում էր:
ՍՈՆԱ– Հետո՞:
ՕՁ– Մի օր սատանան եկավ ինձ մոտ: (Գալիս է սատանան: Օձը դիմում է նրան) Ի՞նչն է քեզ բերել այստեղ, չար ոգի:
ՍԱՏԱՆԱ– Էլ չեմ դիմանում:
ՕՁ– Ի՞նչ է պատահել:
ՍԱՏԱՆԱ– Միամիտ մի՛ ձևացիր:
ՕՁ– Ասելիքդ ասա:
ՍԱՏԱՆԱ– Համոզի՛ր նրան:
ՕՁ– Որ ի՞նչ անի:
ՍԱՏԱՆԱ– Ուտի արգելված պտուղը: (Ժամացույ¬ցը սկսում է զարկել: Ձախ կողմի լույսը հանգչում է, աջ կողմինը` վառվում):
ՍՈՆԱ– (Ժամացույցի կողմը նայելով) Արդեն ժամն է: Պատմությունը մնաց անավարտ:
ՕՁ– Ո՛չ: Պատմությունը մնաց շարունակելի…
ՍՈՆԱ– (Փոքր-ինչ վախեցած) Անկեղծ ասա. դու ինձ չե՞ս խաբում:
ՕՁ– Նայիր աչքերիս, Եվա: (Սոնան նայում է օձի աչքերին) Նա քո անհաս, վաղեմի տենչն է… Չիրա¬կա-նացած երազը… Եվ այս գիշեր նա քոնն է… Ամ¬բող¬ջովին քոնը… (Զգացվում է, որ Սոնան հիպ¬նոսված է) Հիշիր. միայն մթության մեջ և անսահման ազատ…

Կիսամշուշում հնչում է երաժշտություն: Դիմակա-հանդեսը շարունակվում է…
Բոլորը գնում են: Մնում են Արան և օձը:

ՕՁ– Ինչո՞ւ դիմակդ չես հանում:
ԱՐԱ– (Փոքր-ինչ անակնկալի եկած) Ի՞նչ:
ՕՁ– Ասում եմ` դիմակդ հիմա հարկավոր չէ:
ԱՐԱ– Հա՛: Ճիշտ ես: Մոռացել եմ: (Դիմակը հանում է):
ՕՁ– Ինչպե՞ս անցկացրիր գիշերը, Ադամ:
ԱՐԱ– Ասացի, որ իմ անունը Արա է:
ՕՁ– Տարբերություն չկա:
ԱՐԱ– Գիշե՜րը… Այս գիշերը հրաշալի էր: Հեքիաթի պես էր ու խենթության:
ՕՁ– Նա լա՞վն էր:
ԱՐԱ– Ոչ թե լավն էր, այլ՝ հրաշք:
ՕՁ– Մեղրալուսնիդ կնոջ նման:
ԱՐԱ– Ասա, ինչպես կուզես. նա պարզապես հիասքանչ էր:
ՕՁ– Համը շուրթերիդ է:
ԱՐԱ– Այդ համը ես վաղուց չէի զգում:
ՕՁ– Բնական է: Այլ կերպ չի լինում:
ԱՐԱ– Կարծես դա լիներ առաջին անգամ:
ՕՁ– Եվ, անշուշտ, չես ուզում, որ լինի վերջինը:
ԱՐԱ– Եթե ուզեմ էլ, անզոր կլինեմ…
ՕՁ– Գիտե՜մ: Ես ձեզ լա՜վ գիտեմ:
ԱՐԱ– Դու ե՞րբ նրան կբերես նորից:
ՕՁ– Ինչպե՞ս է կինդ՝ քո ամուսինը:
ԱՐԱ– Լավ է: Փառք Աստծո: (Հայացքը փախցնում է):
ՕՁ– Ամաչում ես աչքերիս նայել: Օ՜, հողեղեն հավատարմություն:
ԱՐԱ– Ասա՛, թե երբ կբերես:
ՕՁ– Համբերիր:
ԱՐԱ– Ինչքա՞ն:
ՕՁ– Մեկ ամիս:
ԱՐԱ– Ինչո՞ւ այդքան երկար:
ՕՁ– Այդպես է պահանջում… սիրո կա¬խար¬դուհին:
ԱՐԱ– Եվ ինչո՞ւ է նրան պետք այդ ժամանակը:
ՕՁ– Այդ ժամանակը պետք է, որ քո սիրտը մնա պապակ:
ԱՐԱ– Ինչ դաժանն եք դուք:
ՕՁ– Երախտամո՜ռ:
ԱՐԱ– Ուրեմն՝ ե՞րբ:
ՕՁ– (Հեռանալով) Ուղիղ մեկ ամսից: Կեսգիշերին: Մթության մեջ… (Կարճատև դադարից հետո) Չմոռանաս դիմակ դնել…

Կրկին մթնում ու լուսավորվում է:
Բեմում են Արիսը և Սոնան: Վերջինս նստած է Արիսի ծնկներին:

ԱՐԻՍ– Ուր որ է կինս կգա:
ՍՈՆԱ– Հասկացա. ուզում ես՝ գնամ:
ԱՐԻՍ– Չեմ ուզում, բայց… (Համբուրում է):
ՍՈՆԱ– (Կանգնելով) Լավ: Այսօր էլ թող այսպես լինի: (Հագուստներն ուղղում է, շուրթերի ներկը՝ թարմացնում):
ԱՐԻՍ– Ե՞րբ կգաս:
ՍՈՆԱ– Եթե այսպես սառը հարցնես, երբե՛ք: (Պատ-րաստ¬վում է գնալու):
ԱՐԻՍ– Սառը չեմ հարցնում:
ՍՈՆԱ– Ես բո՛ւթ եմ ու չե՛մ հասկանում:
ԱՐԻՍ– Ի՞նչ ասացի, որ վիրավորվեցիր:
ՍՈՆԱ– (Հեռանալով) Ցե՛, սիրելիս…

Սոնան գնում է: Քիչ անց գալիս է օձը:

ՕՁ– Եթե վերադառնա, այլևս չընդունես:
ԱՐԻՍ– Ինչո՞ւ:
ՕՁ– Ինչքա՞ն ժամանակ է, որ հանդիպում եք:
ԱՐԻՍ– Երկար:
ՕՁ– Չե՞ս զգում, որ նա այլևս այն հմայքը չունի:
ԱՐԻՍ– Ճիշտն ասած, ինձ թվում է, թե ես եմ փոխվել:
ՕՁ– Ո՛չ: Դու նույնն ես: Պարզապես քեզ արդեն նորություն է պետք:
ԱՐԻՍ– Այսինքն:
ՕՁ– Իբր չհասկացա՞ր:
ԱՐԻՍ– Բայց դա, ախր…
ՕՁ– Օ՜, հողեղեն իմաստնություն… Ձեր ամբողջ բարոյախոսությունն ընդամենը փչոց է:
ԱՐԻՍ– Ի՞նչ է մտքինդ:
ՕՁ– (Պատուհանի կողմը ցույց տալով) Նայիր հապա դիմացի պատշգամբին: (Արիսը նայում է ցույց տված ուղղությամբ) Տեսնո՞ւմ ես այն աղջկան:
ԱՐԻՍ– Տեսնում եմ:
ՕՁ– Ես կուզեի նրա զիստերն ի վեր գալարվել…
ԱՐԻՍ– Ճաշակդ վատը չէ:
ՕՁ– Խոստովանիր, որ կուզեիր նրան գրկել:
ԱՐԻՍ– Դեմ չէի լինի:
ՕՁ– Կուզեիր մերկությունը տեսնել:
ԱՐԻՍ– Կուզեի:
ՕՁ– Դու մերկություն շատ ես տեսել, բայց… Խոստովանիր. քեզ թվում է, թե նա ուրիշ է:
ԱՐԻՍ– Գուցե և այդպես է:
ՕՁ– Եվ հետաքրքիր է այդ նորությունը: Այդ նորությունը, օ՜… (Նայում է Արիսի աչքերին):
ԱՐԻՍ– Ի՞նչ է նրա անունը:
ՕՁ– Եվա:
ԱՐԻՍ– (Կախարդված) Նա կրքո՞տ է:
ՕՁ– Ո՛չ: Նա հրեղե՛ն է:
ԱՐԻՍ– Այդ հուրը անզուսպ ու մոլեգի՞ն է:
ՕՁ– Մե՛րթ` զեփյուռի պես ու մե՛րթ՝ սամումի:
ԱՐԻՍ– Մութ սենյակի մեջ նրան կտեսնե՞մ:
ՕՁ– Երբ որ նա մերկ է, մթությունն անգամ լույս է արձակում:
ԱՐԻՍ– (Վերև նայելով) Օ՜, Տեր Երկնավոր, ասա, ես ինչպե՞ս հիմա դիմանամ…

Վարագույրը փակվում է: Քիչ անց նախաբեմ են գալիս Անին և օձը:

ԱՆԻ– Դու ի՞նչ ես ինձանից ուզում:
ՕՁ– Խոստովանիր, որ այդ հարցը դու հիմա նաև քո սրտին ես տալիս:
ԱՆԻ– Ի՞նչ գիտես:
ՕՁ– Միայն դու չես, որ այդպիսին ես, Եվա: Բոլորի մեջ է այդ գենը: Այդ գենը արգելված պտուղի մեջ էր… Դու հիմա ուրիշի ոչ թե չես ուզում, այլ ընդամենը ջանում ես չուզել: Դու քո դեմ կռիվ ես տալիս, քեզ զսպում ու տան-ջում ես, որ չհանձնվես, ուրիշի չտրվե՛ս: Իրո¬ղութ¬յունը սա է, իսկ մնացածը հեքիաթ է, սո՛ւտ, հողեղեն հավատարմություն…
ԱՆԻ– Լա՛վ ես ասում:
ՕՁ– Ուզո՞ւմ ես, քեզ համար պատմեմ, թե ինչ եղավ հետո, երբ Եվան կերավ արգելված պտուղը:
ԱՆԻ– Հարկավոր չէ. գիտեմ:
ՕՁ– Ո՜չ: Իսկությունը չգիտես: Երևի լսել ես, որ նրան նաև ինքը՝ Արարիչն էր սիրահարված:
ԱՆԻ– (Զարմացած) Արարի՞չը:
ՕՁ– Ինչո՞ւ ես զարմանում: Այո՛, կինը ստեղծված էր Ադամի համար, բայց նրան սիրահարված էր նաև Արարիչը: Եվ ի՞նչ ես կարծում. նա ո՞ւմ առաջինը տրվեց:
ԱՆԻ– (Կարկամած) Մի՞-թե…
ՕՁ– Ի՞նչ, մի՞թե…
ԱՆԻ– Մի՞թե… Արարչին…
ՕՁ– Ո՜չ: Դա կլիներ չարյաց փոքրագույնը: Արարիչն էլ երկար տառապելուց հետո ի վերջո հասկացավ, որ անզոր է դիմանալ սիրո կրքին, և հրեշտակ ուղարկեց, որ կնոջը կանչի իր մոտ, բայց հրեշտակը նրան գտավ…
ԱՆԻ– Որտե՞ղ:
ՕՁ– Երևի հասկացար, որ Ադամի՛ գրկում չգտավ:
ԱՆԻ– Հասկացա… Բայց որտե՞ղ էր կինը: (Վառվում է բեմի ձախ կողմի լուսարձակը: Երևում են Աստված և հրեշտակը):
ՀՐԵՇՏԱԿ– Լեզուս չի պտտվում ասել, Տեր: Նա… Նա սատանայի գրկում էր:
ԱՍՏՎԱԾ– (Ուժեղ զայրույթով) Ի՜նչ… (Իրար հետևից մի քանի անգամ զարկում է կայծակ, լսվում է խլացուցիչ որոտ):
ՕՁ– Այո՛, կինը` Աստծո ամե¬նաչքնաղ արարչութ-յունը, առաջինը տրվեց սատանային:
ՀՐԵՇՏԱԿ– Երբ ես հասա, արդեն ուշ էր…
ԱՍՏՎԱԾ– (Աչքերից կարծես կրակ է ժայթքում) Նա բռնությա՞մբ էր տիրել Եվային:
ՀՐԵՇՏԱԿ– Ո՛չ: Եվան հանձնվել էր կամովին:
ԱՍՏՎԱԾ– Իսկ Ադա՞մը: Ո՞ւր էր Ադամը:
ՀՐԵՇՏԱԿ– Խնձորենու տակ նա անկողին էր հյուսել Եվայի համար…
ԱՍՏՎԱԾ– Ո՜վ, դժոխքի՛ զավակներ… (Վառվում է աջ կողմի լույսը):
ԱՆԻ– Հետո՞: Ի՞նչ եղավ հետո:
ՕՁ– Եվան վերադարձավ Ադամի մոտ: (Վառվում է ձախ կողմի լույսը: Այժմ այնտեղ Եվան և Ադամն են: Կինը մեղավորության զգացումով, գլուղը` կախ, կանգնած է Ադամի առաջ…)
Եվ սա սկիզբն էր: Միայն սկիզբը…
ԱՆԻ– Իսկ Աստվա՞ծ: Մի՞թե նա չէր կարողանում սաստել Եվային:
ՕՁ– Եվա՛ն… Մի մոռացիր, որ նա արդեն կերել էր արգելված պտուղը…

Գնում են: Մի կարճ ժամանակ հնչում է դիմակա¬հան-դեսի երաժշտութ¬յուն…
Վարագույրը բացվում է: Բեմում են Արիսը և մի գեղեցիկ կին` Անան, որոնք դիմակները պահել են ձեռքներին: Գրեթե կրկնվում է համանման դրվագը:

ԱՐԻՍ– Ընծայիր ինձ քո անունը, գեղեցկուհի:
ԱՆՆԱ– Եթե չասե՞մ:
ԱՐԻՍ– Շատ կտխրեմ:
ԱՆՆԱ– (Շոյված) Օ՜…
ԱՐԻՍ– Դե, մի՛ տանջիր:
ԱՆՆԱ– Ասենք՝ Աննա:
ԱՐԻՍ– Աննա… Չքնա՛ղ կախարդուհի…
ԱՆՆԱ– (Ձևացնում է, թե ուզում է գնալ) Ցտե¬սութ¬յուն, Արիս:
ԱՐԻՍ– Սպասի՛ր, Աննա: Մի՛ հեռացիր: (Մոտե¬նում է և, Աննայի աչքերին նայելով, ցանկանում համբուրել):
ԱՆՆԱ– (Խուսափելով) Իմ հետևից էլ մի՛ գա, Արի՛ս:
ԱՐԻՍ– Ես քեզ կսպասեմ, Աննա՛:
ԱՆՆԱ– (Հեռանալով) Էլ մի՛ գա, Արի՛ս:
ԱՐԻՍ– Ես կսպասեմ, Աննա՛: (Հեռանում է հակառակ կողմով):

Գալիս են Արան և օձը:

ՕՁ– Գիտեմ. այս գիշեր էլ նա այնքան հրաշալի էր, ինչքան նախորդ անգամ:
ԱՐԱ– Այո՛, այդպես էր: Համը շուրթերիս է:
ՕՁ– Կարծես դա լիներ առաջին անգամ:
ԱՐԱ– Գրեթե այդպես էր. ինչպես որ կինս՝ առաջին գիշերը:
ՕՁ– Հրաշալի՜ է:
ԱՐԱ– Այսքան տարի կին սիրելուց հետո, պատկերացնո՞ւմ ես, նա նորություն էր:
ՕՁ– Պատկերացնում եմ:
ԱՐԱ– Ասա՛, ուրեմն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը:
ՕՁ– Երբ դու ցանկանաս:
ԱՐԱ– (Ուրախացած ու զարմացած) Իս¬կա¬պե՞ս:
ՕՁ– Կատակներ ես չեմ անում, թեև երբեմն սիրում եմ ձեռ առնել:
ԱՐԱ– (Տարակուսած) Չհասկացա:
ՕՁ– Չհասկանալու ի՞նչ կա: Ասացի՝ երբ ուզես:
ԱՐԱ– Տարօրինակ է:
ՕՁ– Դու կարող ես նրան սիրել ամեն օր, ինչպես սիրել ես մինչև հիմա:
ԱՐԱ– (Ապշած) Բայց ես նրան ընդամենը երկրորդ անգամ է, որ սիրում եմ:
ՕՁ– Երկրո՜րդ… Քեզ է թվում՝ երկրորդ:
ԱՐԱ– Իսկապես ես ինչ-որ բան չեմ հասկանում:
ՕՁ– Քանի՞ տարի է, որ ամուսնացել ես:
ԱՐԱ– Տասը:
ՕՁ– Արդեն տասը տարի դու նրան սիրում ես:
ԱՐԱ– Ո՞ւմ… Անիի՞ն:
ՕՁ– Անիին, խելո՛ք, դու չես սիրել դեռ ոչ մի անգամ:
ԱՐԱ– (Շանթահար) Ինչպե՜ս…
ՕՁ– Մի՛ զարմացիր. այդպես լինում է: Նա ոչ թե ձեր ասած Անին էր, այլ… քո կինը:
ԱՐԱ– (Իրեն կորցրած) Օ՜… Սատանա՛:

Բեմը մթնում ու լուսավորվում է:
Օձ և Սոնա:

ՕՁ– Նա ուրի՜շ է, Եվա՛: Եվ, հավատա, այնպիսին, ինչպիսին նա էր` քո երազը:
ՍՈՆԱ– Հետո՞ ինչ:
ՕՁ– Դու մի՞թե էլ չես ուզում նրան: Մի՞թե նա իսկապես հրաշք չԷր:
ՍՈՆԱ– Հրաշք էր, ցնորք էր: Ես վայելեցի այդ գիշերները, ինչպես իմ մեղրամիսը, բայց…
ՕՁ– Էլ ի՞նչ բայց: Տրվի՛ր նրան:
ՍՈՆԱ– Անպատկա՛ռ: Ես մի պահ թույլ եղա, և դու ինձ արդեն լրբի տեղ ես դնում:
ՕՁ– Այդպիսի բարոյականություն չի՛ լինում, Եվա՛:
ՍՈՆԱ– Ինչպիսի՞:
ՕՁ– Գիտեմ, դու քեզ փորձում ես համոզել, թե չես ուզում, թե նա քեզ չի հետաքրքրում, բայց ինձ չես խաբի:
ՍՈՆԱ– Ենթադրենք, թե ուզում եմ: Հետո՞:
ՕՁ– Դու հո գիտես, ինքը` Տերն էլ տարբերութ¬յուն չի դնում. միևնույնն է՝ տրվում ես մտքում, թե իրակա¬նում:
ՍՈՆԱ– Բայց ես ուզում եմ բարոյական լինել:
ՕՁ– Ցանկանալ, բայց չանե՞լ: Չկա՛ այդպիսի բարոյականություն: Ասացի, չէ՞, որ միևնույնն է: Ես հո գիտեմ, թե դու քանի անգամ ես մտքում ցանկացել: Եվ կարո՞ղ ես չցանկանալ:
ՍՈՆԱ– (Վերև նայելով) Տեր Աստված, սա ի՞նչ է ինձանից ուզում: Ի՞նչ անեմ:
ՕՁ– Տրվի՛ր, Եվա՛: Տիրի՛ր: Աստված ինքը անգամ չդիմացավ այդ կրքին:
ՍՈՆԱ– Աստված… Նրա մասին դու ինչ-որ հեքիաթ էիր պատմում:
ՕՁ– Դա հեքիաթ չէր (Սոնայի շուրջը պտտվելով), հրեղե՛ն արարած… Աստված ինքն էլ մի օր հանձնվեց:
ՍՈՆԱ– Ո՞ւմ:
ՕՁ– Կրքի՛ն, Եվա: Կրքի՛ն:
ՍՈՆԱ– Քեզ համար ամեն ինչ կիրք է: Իսկ սե՞րը:
ՕՁ– Լա՛վ: Այդպես անվանենք. Աստված ինքը ան-գամ սիրուն չդիմացավ և հանձնվեց: Մի օր հանձնվեց…

Վառվում է բեմի ձախ կողմի լուսարձակը: Երևում է Եվան՝ հագին ծաղկե զգեստ: Լսվում է Աստծո ձայնը:

ՁԱՅՆ– Մի՛ գնա, Եվա: (Եվան, փոքր-ինչ վախեցած և այս ու այն կողմ նայելով, ուզում է ավելի արագ հեռանալ) Ասում եմ՝ մի՛ գնա:
ԵՎԱ– Ո՞վ ես դու: Ինչո՞ւ քեզ չեմ տեսնում:
ՁԱՅՆ– Ինքս չեմ ուզում, որ տեսնես:
ԵՎԱ– Տարօրինակ է: Ինչո՞ւ ես, ուրեմն, եկել:
ՁԱՅՆ– Որ քեզ տեսնեմ: (Փչում է քամի և Եվայի մարմինը տեղ-տեղ բացում: Եվան փորձում է իրեն ծածկել) Մի՛ ծածկիր, Եվա: Քո մերկությունը ավելի գեղեցիկ է, քան դրախտի բոլոր ծաղիկները միասին:
ԵՎԱ– Ի՞նչ գիտես: Դու տեսե՞լ ես իմ մերկությունը: Ճանա՞չ ես դրախտի բոլոր ծաղիկ¬ներին:
ՁԱՅՆ– Եթե իմանաս՝ ես որքա՜ն ծաղիկներից նեկտար առա…
ԵՎԱ– Ինչի՞ համար:
ՁԱՅՆ– Որքա՜ն չարչարվեցի, որ լույսը թանձ-րացնեմ…
ԵՎԱ– Քեզ չեմ հասկանում:
ՁԱՅՆ– Ես քո աչքերին տվեցի չտեսնված մի կախարդանք:
ԵՎԱ– Դո՞ւ: (Դարձյալ փչում է քամի: Եվան ուղղում է կրծքերի տերևները):
ՁԱՅՆ– Քեզ համար ես մի նոր տեսակի կրակ ստեղծեցի, ու հիմա ինքս էլ չգիտեմ, թե այդ տերևներն ու ծաղիկները ինչո՛ւ չեն վառվում քո մարմնի կրակից:
ԵՎԱ– Դու ինչ-որ խորհրդավոր ես:
ՁԱՅՆ– Վերցրո՛ւ գլխիդ պսակը, թող հուրհրան վարսերդ:
ԵՎԱ– Չէ՛: Այս պսակը ինձ նվիրել է Աստծո հրեշտակը:
ՁԱՅՆ– Նա այդպե՞ս է իրեն կոչել:
ԵՎԱ– Դու գիտես՝ նա ո՛վ է:
ՁԱՅՆ– Նա ոչ թե Աստծո հրեշտակը, այլ սատա¬նա՛ն է:
ԵՎԱ– Ի՞նչ: Սո՛ւտ է: Չեմ հավատում:
ՁԱՅՆ– Դե՛ն նետիր այդ պսակը:
ԵՎԱ– Չէ՛: Սա նրա նվերն է:
ՁԱՅՆ– Եվա՛:
ԵՎԱ– Դու շատ տարօրինակ ես… (Ձայն է տա¬լիս) Ադա՜մ… Ադա՜մ… (Վառվում է աջ կողմի լույսը):
ՍՈՆԱ– Հետո՞: Դու ասում էիր…
ՕՁ– Անհամբեր ես, Եվա, անհամբեր: Սա առավոտյան էր, բայց եղավ երեկո…
ՍՈՆԱ– Եվ Արարիչը…
ՕՁ– Այո: Ե՛վ Արարիչը:
ՍՈՆԱ– Եվ Եվան կամովին նրան հանձնվե՞ց:
ՕՁ– Օ՜, կին: Երբ խոսքը սատանայի մասին էր, դու այդպիսի հարց չտվիր…
ՍՈՆԱ– Բայց նա, նա չէ՞ որ Արարիչն էր:
ՕՁ– Հետո՞ ինչ:
ՍՈՆԱ– Չգիտեմ: Մի տեսակ… Ինչ-որ բան…
ՕՁ– Օ՜, զազրելի փիլիսոփայություն: Եվ դժգոհում եք, թե ինչու ամեն գեղեցիկ բան նախ սատանայի բաժին է դառնում…
ՍՈՆԱ– Ուրեմն…
ՕՁ– Այո՛, կամովին, առանց հմայանքի:
ՍՈՆԱ– Այսինքն՝ կարող էր նաև հմայա՞նք լինել:
ՕՁ– Հմայանք եղավ մեկ ուրիշ անգամ: Այդ պատմությունը դուք դարձրիք լեգենդ և կա¬պե¬ցիք Զևսի հետ:
ՍՈՆԱ– Հետաքրքիր է:
ՕՁ– Իրականում դա եղավ այսպես: Կնոջը մի օր լոգանքի պահին տեսավ հրեշտակներից մեկը…
(Վառվում է ձախ կողմի լույսը: Մի հրեշտակ կլանված նայում է հեռուն):
ՀՐԵՇՏԱԿ– Օ՜, իգական գեղեցկություն… Ի՜նչ հանճարեղ արարչություն: (Մնում է քարացած):
ՍՈՆԱ– Ու նա էլ քուն ու դադարը կորցրեց:
ՕՁ– Այո՛: Ինչպես ամեն մի զգայական արարած:
ՍՈՆԱ– Հետո՞:
ՕՁ– Նրա մտքում արդեն միայն կինն էր, բայց կինը նրան մոտիկ չէր թողնում: Չգիտեմ, ուզում էր տանջի, թե իսկապե՛ս չէր սիրում: Եվ մի օր, երբ հրեշտակը դարձյալ նայում էր լողացող կնոջը… (Օձը մոտենում է հրեշտակին) Չե՞ս դիմանում:
ՀՐԵՇՏԱԿ– Դիմանալու չէ:
ՕՁ– Գիտեմ:
ՀՐԵՇՏԱԿ– Տես, թե ինչ գեղեցկություն է:
ՕՁ– Տեսնում եմ, որ լավ մերկություն է:
ՀՐԵՇՏԱԿ– Չեմ հասկանում, թե ինչից է Աստված նրան ստեղծել:
ՕՁ– Դա կմնա հավերժական առեղծված: Ես գիտեմ միայն մի բան. արարչանյութին նա կախարդանք է խառնել: Մի անհատակ կախարդանք: Կնոջ գաղտնիքը դա է:
ՀՐԵՇՏԱԿ– Ինչո՞ւ ինձ մոտիկ չի թողնում այդ կախարդանքը:
ՕՁ– Դա՛ էլ առեղծված է, բայց ես կօգնեմ քեզ:
ՀՐԵՇՏԱԿ– Միշտ կմնամ երախտա¬պարտ: (Նայում է օձին):
ՕՁ– Կախարդանքին կարելի է միայն կախարդան-քով հաղթել:
ՀՐԵՇՏԱԿ– Ինչպե՞ս:
ՕՁ– Դու պիտի կերպափոխվես:
ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ դառնամ:
ՕՁ– Տես՝ ի՛նչ կա նրա շրջապատում:
ՀՐԵՇՏԱԿ– Նախանձում եմ ամեն ինչին:
ՕՁ– Իսկ ամենից շա՞տ:
ՀՐԵՇՏԱԿ– Ջրին, որ գրկել է նրան:
ՕՁ– Ուրիշ:
ՀՐԵՇՏԱԿ– Ծաղիկներին, որոնք այնքան մոտ են:
ՕՁ– Է՛լ:
ՀՐԵՇՏԱԿ– Կարապներին, որ լողում են շուրջը:
ՕՁ– Կարապների՜ն…
ՀՐԵՇՏԱԿ– Կարապների՛ն, այո՛:
ՕՁ– Կարապների՜ն… (Նայում է հրեշտակին):
ՀՐԵՇՏԱԿ– Ի՞նչ ես ուզում ասել:
ՕՁ– Արդեն ասացի:
ՀՐԵՇՏԱԿ– Դու ուզում ես, որ ես կարապի՞ փո-խարկ¬¬վեմ:
ՕՁ– Դա ե՛ս չեմ ուզում: Դա ուզում ես… դո՛ւ:
ՀՐԵՇՏԱԿ– (Վերև նայելով) Ո՜վ, Ամենազոր, մի՞թե չկա ուրիշ միջոց:
ՕՁ– Քո պարագայում դա միակ ելքն է: Ինքդ որոշիր` ուզում ես, թե չէ:
ՀՐԵՇՏԱԿ– (Հեռուն նայելով) Նա այնպես է ինձ հմայել, որ ես, ավա՜ղ… (Վառվում է աջ կողմի լույսը: Օձը գալիս է Սոնայի մոտ):
ՍՈՆԱ– Եվ նա համաձայնե՞ց:
ՕՁ– Ում սրտում էլ այդպիսի կրակ վառվեր, անկարող կլիներ չհամաձայնել:
ՍՈՆԱ– Հետո՞: (Վառվում է ձախ կողմի լույսը: Այժմ այնտեղ են կարապի փոխակերպված հրեշտակն ու Եվան, որը նստած է լճակի ափին):
ԿԱՐԱՊ– Արևը քո մարմինը կայրի: Թող, իմ ստվերով ծածկեմ այն: (Թևը բացում է և կնոջ մարմինը ստվերում):
ԵՎԱ– Օ՜, ինչ ճերմակ են քո փետուրները, ինչ մաքո՜ւր: (Կարապի պարանոցը շոյում է):
ԿԱՐԱՊ– Քո մարմինը չքնաղ է իմ տեսած բոլոր ծաղկաստաններից: Թող, քաղեմ քո ծաղիկները:
ԵՎԱ– Քո խոսքերը հաճելի են իմ լսած բոլոր խոսքերից…
ԿԱՐԱՊ– Դու երևի շոգում ես: Ես կհովհարեմ քո վճիտ մարմինը: (Թևով հովհարում է):
ԵՎԱ– Օ՜, ի՜նչ սքանչելի է: (Պառկում է) Որքա՜ն հաճելի զովք: (Զգացվում է, որ ուզում է նիրհել):
ԿԱՐԱՊ– Եվ ինչպիսի՜ երջանկություն… (Կինը քնում է: Գալիս է օձը):
ՕՁ– (Կնոջը նայելով) Ի՜նչ չքնաղ պատկեր… Իսկապես որ անհնար է դիմանալ:
ԿԱՐԱՊ– Ինչի՞ն:
ՕՁ– (Հեգնանքով) Հովհարելու ցան¬կությանը: (Կարապը նայում է նրան) Ժամանակ մի՛ կորցրու…
ԿԱՐԱՊ– Ի՞նչ անեմ:
ՕՁ– Ապո՛ւշ: Դու երևի մոռացել ես, որ կարապ չես:
ԿԱՐԱՊ– Չեմ մոռացել, բայց… սիրտս մի տեսակ:
ՕՁ– Ի՞նչ:
ԿԱՐԱՊ– Դա, ախր, կլինի…
ՕՁ– Դո՛ւ գիտես, հիմա՛ր: Բայց իմացիր, որ քեզ մնացել է ընդամենը մեկ ժամ: (Օձը հեռանում է: Վառվում է աջ կողմի լույսը: Սոնա և օձ):
ՍՈՆԱ– Եվ կարապը…
ՕՁ– Այո՛: Կարապը կնոջն առավ թևերի մեջ, և կինը երազում իրեն տեսավ ամպերի գրկում: Կարապը օրորեց նրան իր ձյունե փետուրների մեջ, և կինը իրեն զգաց ալիքների վրա: Այդ օրը կինը երազների մեջ հեքիաթներ տեսավ, իրական հեքիաթներ…

Լույսերը մարում են: Այս անգամ բեմը լու¬սավորվում է սովորականից ուշ: Բեմում Սոնան է: Նա, հայելու մոտ իրեն հարդարելով, պատրաստվում է տնից գնալու: Լսվում է ձայն:

ՁԱՅՆ– Նրա մո՞տ ես գնում:
ՍՈՆԱ– Այո՛, նրա մոտ:
ՁԱՅՆ– Մի՛ գնա:
ՍՈՆԱ– Չեմ կարող:
ՁԱՅՆ– Կարող ես, Սոնա: Մի՛ գնա:
ՍՈՆԱ– Ինչո՞ւ:
ՁԱՅՆ– Որովհետև բարոյական չէ: Դու ամուսին ունես: Հավատարիմ եղիր նրան:
ՍՈՆԱ– Մի ժամանակ հավատարիմ էի: Հետո…
ՁԱՅՆ– Գիտեմ: Ես դա գիտեմ:
ՍՈՆԱ– Ախր, մարմինս ձգում է:
ՁԱՅՆ– Մի՞թե նա լավն է քո ամուս¬նուց:
ՍՈՆԱ– Չգիտեմ: Գուցե լավը չէ, բայց սիրտս ինչ-որ նորություն է անձկում:
ՁԱՅՆ– Ընդամենը՝ այդքա՞ն:
ՍՈՆԱ– Հավանաբար:
ՁԱՅՆ – Իրականում դու նրանց չես սիրել, Սոնա:
ՍՈՆԱ– Գիտեմ:
ՁԱՅՆ– Քո ուզածն ընդամենը նո¬րու¬թյուն է եղել, ու երբ գտել ես այն, այդ նո¬րությունը կորցրել է հմայքը, և դու, ի վերջո, համոզվել ես, որ գրեթե նույնն են բոլոր տղամարդիկ:
ՍՈՆԱ– Դու ասացիր՝ գրեթե: Տարբե¬րություն ուրեմն կա: Իսկ գիտե՞ս, թե ինչպես է խելքահան անում այդ նորությունը: Ու եթե դա նորություն էլ չէ, միևնույնն է, թվում է, թե նորություն է լինելու:
ՁԱՅՆ– Բայց դրա համար արժի՞…
ՍՈՆԱ– Դու դա չես հասկանա: Ով չի ապրել այդ զգացումը, նա չի հասկանա: Իմ ամուսինը, այո՛, գուցե և լավն է նրանց բոլորից, բայց ես անզոր եմ, հասկանո՞ւմ ես: Այդ ցանկությունը իմ մեջ ծնվում է ինձանից անկախ, ու ես չեմ կարողանում այն խեղդել: Երբեմն ինձ զսպում եմ: Երդվում եմ, որ դա լինելու է վերջին անգամ, բայց… չգիտեմ որտեղից, ականջիս տակ հայտնվում է օձը…
ՁԱՅՆ– Իսկ մտածե՞լ ես, թե դու ուր ես այսպես գնում… Որքա՞ն է շարունակվելու այս դիմակահանդեսը:
ՍՈՆԱ– Իսկ դու մտածե՞լ ես, թե ինչ կլինի, եթե բոլորս հիմա հանենք մեր դիմակները…
ՁԱՅՆ– Ասված է՝ մի՛ շնացիր:
ՍՈՆԱ– Ու նաև ասված է, որ մտքում ցանկանալն իսկ արդեն շնանալ է: Ասված է՝ ուրիշի մի՛ ցանկացիր: Բայց դա անհնար է, հասկանո՞ւմ ես, անհնա՛ր:

Սոնան գնում է: Գալիս է Արիսը, նստում բազկա-թոռին, վերցնում հեռախոսը և համար հավաքում:

ԱՐԻՍ– (Հեռախոսով) Վերջապես ավարտեցի. կարող եմ գալ… Ե՞րբ… Ավելի լավ է՝ երեկոյան… Ոչինչ, թող լինի մեկ ժամով: (Հեռախոսը դնում է):

Հնչում է ձայն:

ՁԱՅՆ– Էլ մի՛ արա, Արիս:
ԱՐԻՍ– Անկարող եմ:
ՁԱՅՆ– Դու գիտե՞ս՝ որքան տղամարդ է երա¬զում, որ քո կինը գեթ մեկ անգամ լինի իրենը:
ԱՐԻՍ– Գիտեմ:
ՁԱՅՆ– Եվ, այդուհանդերձ, նա քեզ համար չունի այն գինը:
ԱՐԻՍ– Ես մեղավոր եմ: Ես ինձ չեմ ներում, բայց իրողությունը դա է: Այլևս չունի…
ՁԱՅՆ– Ինչո՞ւ:
ԱՐԻՍ– Պատասխանը բոլորը գիտեն: Դա բնական է. այլ կերպ լինել չի կարող… Ուրիշ կերպ մտածելը ինքնախաբեություն է:
ՁԱՅՆ– Ուրեմն, դուք բոլորդ գիտեք, որ դիմակահանդեսի մեջ եք, և խաղում եք ձեր խաղը:
ԱՐԻՍ– Ավելի լավ է, դու ասա ելքը…

Արիսը գնում է: Գալիս են Անին և օձը:

ՕՁ– Դու հիմա՛ր ես, հիմա՛ր, Եվա: Կյանքդ անցնում է: Կզղջաս:
ԱՆԻ– Քանի՜ անգամ ասեմ, որ չե՛մ ուզում դավաճանել: Ես հետո ինձ չեմ ների: Չեմ կարողանա նայել նրա աչքերին:
ՕՁ– Քո արածը նույնպես խաղ է: Նույնպես դիմակահանդես է: Չէ՞ որ դու իրականում այլ տղամարդու տենչում ես:
ԱՆԻ– Ասենք, այդպես է: Բայց ես իմ մեջ խեղդում եմ այդ զգացմունքը: Ես մնում եմ հավատարիմ:
ՕՁ– Սո՛ւտ է: Սխա՛լ է: Դա նույն մեղքն է: Եվ դա ե՛ս չեմ ասում, այլ ինքը՝ Արարիչը:
ԱՆԻ– Գիտեմ: Այդպես է ասված: Բայց ես չեմ կարող ընդունել, որ դրանք նույնն են: Չե՛մ կարող:
ՕՁ– Քո ընդունելով չէ: Քո կամենալով չէ:
ԱՆԻ– Բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ կա մի մեծ սխալ… Ես ունեմ բարոյականության ի՛մ օրենքները:
ՕՁ– Ծիծաղելի բաներ մի՛ ասա. բարոյակա¬նության օրենքը մեկն է:
ԱՆԻ– Բայց որը չի գործում և չի՛ կարող գործել:
ՕՁ– Ճի՛շտ է:
ԱՆԻ– Ուրեմն ճիշտ է նաև, որ ես ընդունել եմ իմ չափանիշը…

Գնում են: Գալիս է Արան: Կրկին հնչում է նույն ձայնը:

ՁԱՅՆ– Գիտեմ, այն գիշերների մասին դու մինչև հիմա էլ ամոթով ես հիշում:
ԱՐԱ– Այո՛: Ամաչում եմ:
ՁԱՅՆ– Համոզվեցի՞ր, որ նրանց մեջ չկար տարբերություն: (Արան ամոթահար լռում է) Թեև, եթե ճշմարիտն ասենք, կար. քո կինը ավելի հմայիչ էր ու ավելի հեքիաթային, քան… քո կինը: Եվ նա ավելի լավն էր միայն ու միայն այն պատճառով, որովհետև քո կինը չէր:
ԱՐԱ– Այդպես էր, ճիշտ է: Բայց ո՞րն է իմ մեղքը: Ես իմ կնոջից, այո՛, իսկապես ստացա ավելին, քան… իմ կնոջից:
ՁԱՅՆ– Եվ գիտե՞ս՝ ինչու չզգացիր, որ նա քո հեքիաթայինը չէ:
ԱՐԱ– Չէ՛: Չգիտեմ:
ՁԱՅՆ– Որովհետև դու նրա նկատ¬մամբ ընդամենը կիրք ունեիր: Այրող, կուրացնող կիրք և ոչ թե սեր:
ԱՐԱ– Թեկուզ և` այդպես: Իրողությունը, սակայն, իրողություն է. ես իմ կնոջից ստացա ավելին, քան… իմ կնոջից:
ՁԱՅՆ– Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ արդեն դարձել եք անուղղելի:
ԱՐԱ– Եթե խոսում ես դատելու համար և իսկապես դու արդարամիտ ես, դատելուց առաջ մեզ ցույց տուր ելքը…

Գնում է: Զրուցելով գալիս են Սոնան և օձը:

ՍՈՆԱ– Իսկ Ադամը այդ մասին չգիտե՞ր:
ՕՁ– Ադամը սկզբում կարծում էր, թե կինը սատանայի հետ չի լինի, որովհետև… նա սատանա է: Եվ կարծում էր, թե Աստված կնոջ հետ չի լինի, որովհետև… նա Աստված է:
ԱՐԱ– Եվ ինչո՞ւ էր կինը տրվում իրարից այդպես տարբեր էությունների:
ՕՁ– Որովհետև Աստծուց նա ստանում էր աստվածայինը, իսկ սատանայից…
Տարօրինակ է, բայց նրա համար նույնքան հաճելի էր նաև սատանան: Հաճելի էր ուժով իրեն գիրկն առնելու նրա վարքը: Գրավիչ էր՝ ինչ չէր գտնում Արարչի մեջ և Ադամի:
ՍՈՆԱ– (Փոքր-ինչ կատակով) Խե՜ղճ Ադամի:

Վառվում է բեմի ձախ կողմի լուսարձակը: Եվա և Ադամ:

ԱԴԱՄ– (Մոտենում է Եվային և ուզում փաղաքշել, բայց, ինչ-որ բույր առնելով, անհանգստա¬նում է) Որտե՞ղ ես դու օծվել, Եվա: Այս ի՞նչ բույր է:
ԵՎԱ– Դա մեռոնի բույր է, Ադամ: Այդ բույրը ինձ դուր եկավ, և ես նրանով օծվեցի: Գիտեի, որ քեզ հաճելի կլինի:
ԱԴԱՄ– Մեռոնի՞: Որտեղի՞ց քեզ մեռոն: Մեռոն լինում է միայն Աստծո մոտ:
ԵՎԱ– Ճիշտ է: Միայն Աստծո մոտ է լինում: Նա մեզ մի սրվակ ուղարկել է: Ահա՛: (Զգացվում է, որ ստում է) Ինձ տվեց նրա հրեշտակը::
ԱԴԱՄ– (Թերահավատորեն) Տարօրինակ է:
ԵՎԱ– (Իբր՝ վիրավորված) Քեզ համար ամեն ինչ տարօրինակ է:
ԱԴԱՄ– (Եվայի թևին ինչ-որ բան տեսնելով ու շոշոփելով) Այս ի՞նչ կապույտ հետք է:
ԵՎԱ– Ինչ կասկածամիտն ես, Ադամ: Ճյուղ է դիպել:
ԱԴԱՄ– Սա մատնահետքերի նման է, Եվա: Եվ շատ նման է սատանայի մատնա¬հետ¬քե¬րին…

Ձախ կողմի լուսարձակը մարում է: Վառվում է աջ կողմի լույսը:

ՍՈՆԱ– (Օձին) Եվ ի՞նչ արեց Ադամը, երբ իմացավ:
ՕՁ– Ադամը մահու չափ վշտացավ, սիրտը կոտրվեց, և մշտական կսկիծը պատեց նրան: Նա օրերով Եվայի հետ չէր խոսում, շաբաթներով հեռանում էր: Որոշում էր այլևս չներել, սակայն…
ԱՐԱ– Եվ հանդուրժե՞ց նրա վարքը:
ՕՁ– Ուրիշ ելք չուներ:
ՍՈՆԱ– Իսկ Ադամը հավատարի՞մ մնաց Եվային:
ԱՐԱ– (Ծիծաղելով) Այդ ժամանակ ուրիշ կին չկար:
ՕՁ– Դա կարևոր չէ: Օրերից մի օր Ադամն էլ տարվեց:
ԱՐԱ– (Զարմացած) Ումո՞վ:
ՕՁ– Եթերային հրեշտակով:
ՍՈՆԱ– Արդեն պարզ է, և ամեն բան ընկավ տեղը:
ԱՐԱ– Ինչպե՞ս դա եղավ:
ՕՁ– Մի օր Ադամը տեսավ ոգեղեն, ան¬հաս այդ էակին, և սիրտը բռնկվեց:
ՍՈՆԱ– Եվ նա հասա՞վ այդ անհասին:
ՕՁ– Ո՛չ: Նա միշտ մնաց երազային:
ՍՈՆԱ– Եվ այդ խաղը շարունակվում է մինչև օրս:
ՕՁ– Եվ այդ խաղը շարունակվելու է հավիտյանս…

Բեմ են գալիս ներկայացման բոլոր կերպարները: Հնչում է երաժշտություն: Բոլորը դնում են դիմակներ: Դիմակահանդեսը շարունակվում է: Օձը մոտենում է նրանցից մի քանիսին և ականջներին ինչ-որ բան շշնջում: Հասկանալի է, որ ասում է գայթակղիչ խոսքեր:
Երաժշտությունը դադարում է: Հնչում է նույն ձայնը:

ՁԱՅՆ– Քողարկվելն արդեն անիմաստ է: Հանե՛ք դիմակները: (Մի քանի վայրկյան տիրում է լռություն):
ԱՆԻ– (Դիմակը հանելով) Դիմակի կարիք ես չունեմ: Եվ չեմ համարում, թե մեղք եմ գործել:
ԱՐԱ– (Նայելով ձայնի կողմը) Ու քեզ թվում է՝ մենք չգիտեի՞նք այս դիմակների ու դիմակահանդեսի մասին: Գիտեինք վաղուց: Պարզապես, մենք ընդունել ենք այս խաղը, այս ինքնախաբե¬ությունը, որովհետև…
ԱՆՆԱ– Եվ ի՞նչ. դուրս եկավ, որ բոլորս…
ԱՐԻՍ– Ո՛չ: Ամենևի՛ն: Ընդամենը դուրս եկավ, որ այդպիսին կարող ենք լինել բոլորս: Կարող ենք լինել՝ անկախ մեզանից, որովհետև… (Անմիջապես իր ներկայությունն զգալ է տալիս օձը, որը, մի քանիսի շուրջը պտտվելով, ականջներին դարձյալ շշնջում է ինչ-որ խոսքեր):
ՍՈՆԱ– Այս դիմակահանդեսը մենք ընտրել ենք որպես միակ միջոց: Մի՛ հանեք, խնդրում եմ, դիմակները:
ԱՆԻ– Եվ սա եղավ լուծո՞ւմ:
ԱՆՆԱ– Ո՛չ: Սա լուծում չէ: (Վերև նայելով) Ես լուծո՛ւմ եմ ուզում: Արդա՛ր լուծում: Ձայն հանեք: Ո՞վ գիտի այդ լուծումը: (Նորից տիրում է լռություն):
ԱՅԼ ՁԱՅՆ ՎԵՐԵՎԻՑ– Ե՛ս… (Բոլորը նայում են վերև) Ե՛ս գիտեմ լուծումը:
ԱՐԱ– Դե խոսի՛ր, ասա՛:
ՎԵՐԵՎԻ ՁԱՅՆԸ– Լուծումը մեկն է: Միմիայն մեկը. խնդիրն այս չունի, չի ունենալու ընդհանուր լուծում… Թող ձեզանից ամեն մեկը ինքը գտնի լուծման իր տարբե-րակը…

Տիրում է երկարատև լռություն:

Վարագույրը դանդաղ փակվում է:

Հեղինակի հետ կապվել`
Էլ-փոստ` Gurgen_65@bk.ru
Հեռախոս` 093 31 25 57:

Share Button

1 Կարծիք

  • Գուրգեն says:

    Բարև ձեզ:
    Կարեն ջան, շնորհակալություն: Ասեմ, որ Ձեր տեղադրած նախորդ պիեսը (“Կատակերգություն երրորդ ուղեծրում”) ունեցավ անսպասելի մեծ հաջողություն: Աթենքի “Նոր ծիածան” հայ-հունական թատերախումբը, բեմադրելու համար ինտերնետում փնտրելով պիես, կարդացել էր այդ գործը, հավանել և որոշել բեմադրել: Ներկայացումը բեմ է բարձրացել այս տարվա հունիսի 28-ին և 29-ին: Այնպես որ, դրա համար ես Ձեզ երախտապարտ եմ:
    Ներկայացման հունարեն տարբերակով տեսագրությունը ես արդեն ունեմ: Թատերախումբը նախատեսել է սեպտեմբեր ամսվա մեջ պատրաստել դրա` տիտրերով հայերեն թարգմանված տարբեակը: Եթե հարմար գտնեք տեղադրել նաև տեսագրությունը, ես սիրով կտրամադրեմ:
    Իմ ուղարկած լուսանկարի փոխարեն ուզում եմ ուղերկել նորը, որը, կարծում եմ, ավելի հաջող է: Խնդրում եմ տեղադրել այս վերջինը:
    Մեկ անգամ ևս ընդունիր իմ խորին շնորհակալությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *