Գուրգեն Խանջյան | Ներսուդուրս

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

(հատված  անտիպ վեպից)

Ձեռնափով զվարթ չլմփացրի գլուխս. նոր եմ սափրել, ողորկ է, ինչպես ձու, կինս տարակուսած նայում է, բայց հարցեր չի տալիս, նրա հայացքի մեջ ինչ-որ բան արմատապես փոխվել է, ծաղր կամ հանդիմանանք չկա, զարմանք է, հետաքրքրություն նույնիսկ. նոր բան է, բայց ես նրա նորույթը քննելու ժամանակ և մտադրություն չունեմ` անվերջ փոքր բաներն ինձ հետաքրքիր չեն: Մուգ ակնոցը, որ օրերս եմ գնել, դրեցի արծվաքթիս, կարճ խուզած մորուքս սանրեցի, արծաթյա գանգը հագցրի ճկույթիս` նայեցի հայելուն` տեսքս ռոք համերգի գնացողի է, և դա անհամապատասխան չէ` հեղափոխությունն ընդհանրություն ունի՛ ռոքի հետ:
Աղմուկ է տանը, այս շենքում մշտական աղմուկ է, թխկոց-դմփոց, ճիչ-գոռոց… Երեխաներն են, թեև ծնողներն էլ մի բարի պտուղ չեն, ինչպես ասված է` պտուղը ծառից հեռու չի ընկնում. բռնես` ծեփես պատերով ծառ ու պտուղ…
Դուրս եկա, զգացի` ոտքս շարժիչի լծակն է ուզում, կարոտել է, ցավոք` վաղ է դեռ, փողոցը պատրաստ չէ մոտոցիկլետավոր հեղափոխական ընդունելու, այնպես որ` քայլքո՛վ, քայլքո՛վ…
Եվ ի՞նչ կա ինձ սպասող փողոցում… Գարնանային կապույտ երկինք, պայծառ արև, թեթև զեփյուռ… Քիչ է, ո՞ւր են ամբոխները խելագարված, փոշմանե՞լ են, ինչ է: Երկու ջահելի հարցրեցի,- պարզվեց` մեկը աղջիկ է, կամ էլ պարզվեց` մեկը տղա է,- հարցրեցի` ո՞ւր են, ո՞վ` զարմացան նրանք. անտարբերներից են, իրարով են տարված, ասում եմ` զայրացած ամբոխները, ո՞ւր են, չեք տեսե՞լ… Տարակուսած բարձրացրին իրենց փխրունիկ ուսերը, շրջվեցին, գրկընդխառն մտան «Սիրահարների» այգի, երևի համբուրվելու… Չէ, անցան ազատ նստարանը, գնացին մինչև վերջ` մտան զուգարան. չիշիկ ունեն, կանեն` հետո կհամբուրվեն: Հիշում եմ, հին պատմություն է… Ոչինչ էլ չեմ հիշում, ի՞նչ է նշանակում` հիշում եմ, այդ նվնվան հիշումեմները, թքա՛ծ հիշումեմի վրա, թքա՛ծ ժամկետանց պատմությունների վրա… Եվ ի՞նչ եմ ամեն փսլնքոտի հարցեր տալիս, ասված է` հարցերդ խոճկորների առաջ մի փռիր, ո՞ւր կարող է լինել խելացնոր ամբոխը, իհարկե` գլխավոր հրապարակում, Իլյիչի աներևույթ արձանի շուրջը: Էխ, Իլյիչ, Իլյիչ, բացիր աչքերդ, տես` ինչ այլասերված փոխակերպումների է ենթարկվել հեղափոխությունը, ո՛չ կրակոց, ո՛չ պայթոց, ո՛չ արյուն, այլ՝ թիկնապարկավոր պատանիներ, հեռախոսներ, շեփորներ, նույնիսկ ծաղիկ ու փուչիկ… Ինչ արած, ունենք այն, ինչ ունենք, սրա մեջ պիտի գործենք, ուստի` առա՛ջ, դեպի հրապարա՛կ:
Քայլքիս ռիթմին համաձայն` միտքս ինքնաբերաբար ռեպ է շարում, ռեպի երկրպագու չեմ, բայց սա ի՛մ ռեպն է, իմ տրամադրության ռեպը, իմ ներքին ռիթմին համահունչ ռեպը…
Սև ակնոցն աչքիս, սև կուրտկեն հագիս, դուրս եկա փողոց,
քաղաքը ոտքիս տակ ա, քաղաքը ոտքիս տակ ա,
քաղաքն էսօր իմն ա, անցուդարձը իմն ա, երթևեկը իմն ա,
ես եմ որոշողը` ով ձախով գնա, ով աջով գնա, ով էլ`
ստո՛պ, քեզ գնալ չկա՛, կանգ առ՛, ավտո՛, կանգ առ՛, մարդ,
ես հեղափոխություն եմ անելու, հեղափոխություն եմ անելու,
ես արդեն անում եմ, ես հեղափոխում եմ, ես հեղաշրջում եմ
ու իմ դեմ պատ չկա, իմ դեմ փակ չկա, իմ դեմ խաղ չկա,
էսօր ես եմ տերը քաղաքի, ես եմ աղը էս երկրի,
ես գլխացավն եմ ձեր, ես գլխացավանքն եմ ձեր,
ով կարող է` դիմացեք, ով չի կարող` ռադ եղեք,
նվնվաններ` ռադ եղեք, փսլնքոտներ` շուտ փախեք,
թե չէ սարթ ա իմ բնույթը, թե չէ թունդ ա իմ զայրույթը,
կզայրանամ` ու դու մեռա՛ր, դու թռած ես, դու չկաս…
Հրապարակ իջնող չվերթային է գալիս. կանգ առ, էյ, ինչքա՞ն քայլեմ… Լեցուն է մեքենան, բայց ոչինչ, կտեղավորվեմ մի կերպ… Տեղ արեք, պարոնայք, տեղ արեք, տիկնայք, մի քիչ նեղվեք … Ահա, ստացվեց, լավ էլ ստացվեց, փափլիկ մի կնոջ փափլիկ հետույքը սիրուն տեղավորվեց կոնքապարիս մեջ, ֆշշացնում է տիկինը, բայց պոկվել անկարող է, տեղ չկա, և չի էլ ուզում, ֆշշոցն ինքնարդարացման ձև է, ալիբի. ֆշշա, ֆշշա, օձիկս… Խաղաղվեց, թուլացավ, հանձնվում է… Դարձյալ ֆշշաց` թե` թողեք դուրս գամ: Ես էլ եմ դուրս գալիս: Դե դուրս եկեք: Դե դուրս եմ գալիս: Վարորդն ասում է` փողը մոռացար, ընգեր: Ի՞նչ փող, այ շահամոլ, ու ես քեզ ի՞նչ ընգեր, հեղափոխություն է, քեզ համար եմ անում… Լավ, մի վրդովվիր, բաց արա կեղտոտ ափդ, վերցրո՛ւ, տա՛ր, թող բալիկներդ այսօր կուշտ հաց ուտեն…
Մտնում եմ հրապարակ ռեպային քայլքով, հրապարակը` խառնամբոխով լեցուն. ի՞նչ ենք անելու այսօր, քույրիկներ-եղբայրիկներ, ի՞նչ օրակարգով ենք շարժվելու այսօր…
Սքեմապատ մի հոգևորական է հայտնվել զանգվածների մեջ, ֆռֆռում է` աջուձախ խաչակնքելով, ինձ է մոտենում, չէի էլ կասկածում, իմ մագնետիզմը շրջանցել անհնարին է, հատկապես` հոգևորականներին, ահա, եկավ, ժպտում է, աստուծով, զավակս` ասում է` խաչակնքելու պատրաստ ձեռքը տնկած, զսպեցի` ասացի` տեր-հեր, մի խաչակնքիր իզուր, այս մոլորակի վրա աստուծով ապրելը անհետաքրքիր է, և ես էլ քո զավակը չեմ, չդիմացավ` բարեգութ դիմակը փլուզվեց` փոխվեց խոժոռապատումի, շրջվեց` գնաց ֆշֆշալով: Այսօր վրաս ֆշշացողները շատ են ինչ-որ, առավոտյան մեկն էլ էր ֆշշում, ներսից, սովորաբար նվնվում է, բայց այսօր ֆշշալու փորձեր էր անում: Ինչ որ է: Լրագրողներ հայտնվեցին սարքաբեռն նկարահանողի հետ, սրանք էլ են ֆռֆռում, հարցուփորձում… Եվ իհարկե մոտենալու են ինձ, դեռ հեռվից էին հայացքներ նետում` կարծես ասելով` գալիս ենք, հիմա, չգնաս հանկարծ: Չեմ գնա, համոզեցիք: Եկան, միկրոֆոնը դեմ արին, հարցրին` վաղո՞ւց եք միացել հեղափոխականներին, ասացի` ես արդեն այստեղ էի, երբ իրենք եկան, կատակի տեղ ընդունեցին` չտեսնելով ասածիս ենթաիմաստը, ժպտացին, նոր հարց հնչեցրին` իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք հեղափոխությունից: Ունեմ սպասելիքներ` խոսեցի ես դրամատիկ տենորով, ունեմ նաև խորին վստահություն առ այն, որ հաղթելու ենք. մարդու իրավունքների և ազատությունների գաղափարները, մեր ձգտումը դեպի ժողովրդավարություն` անվերապահ հաղթանակ են տանելու, այլընտրանք չունենք, պետք չէ մոռանալ` մենք այն ժողովուրդն ենք, ով դեռևս միջին դարերում ունեցել է իրավահավասարության համար ազատական պայքար մղած հզոր շարժումներ` պավլիկյանների, ապա թոնդրակյանների շարժումը, որի արձագանքները Եվրոպա հասան, վերջապես մենք էինք, որ առաջինն ընդունեցինք քրիստոնեությունն իբրև պետական կրոն, իսկ ի՞նչ է քրիստոնեությունը, եթե ոչ` հավասարության, արդարության, սիրո և հանդուրժողականության համար մղվող պայքար, պայքար, այո, առանց պայքարի, ինքն իրեն, ոչինչ չի լինում, և մենք մեր պայքարը կհասցնենք իր հաղթական ավարտին, չկասկածեք, մենք արմատախիլ կանենք կոռուպցիան, հանց Հիսուսը` կմտնենք մեր սուրբ երկիրը առուծախի վերածած սրիկաների մեջ և կմտրակենք նրանց, և մեր ծեծը ցավոտ կլինի, սակայն` արդարացի…
Ես, ոգեշնչված, պաղեցի հեղափոխական կեցվածքի մեջ, սպասում էի նոր հարցերի, բայց լրագրողները բավարարված էին, շնորհակալություն հայտնեցին ակնածալից խոնարհումով և հեռացան: Ափսոս, թափ էի առել և դեռ էլի ահագին բան կարող էի բստրել… Ինչ որ է, թեև կարճառոտ, սակայն լավ ստացվեց կարծում եմ, ճիշտ է` մի պահ խզման եզրին էի` ծիծաղս սաստիկ էր նեղում, հատկապես` երբ հիշատակեցի ժողովրդավարությունն ու մարդու իրավունք-ազատությունը, բայց ո՞նց չհիշատակես` այդ բառերը մոգական ազդեցություն ունեն զանգվածների կաղապարված, պարզունակ ուղեղների վրա, երբ ասում ես` ժողովրդավարություն, նրանք հուզվում, երանավետ ժպտում, հալումաշ են լինում, քիչ է մնում ծնկեն արցունքակալած` ինչպես սրբության առջև:
Ակնոցի տակով տեսա` ցիցմորուք երիտասարդն ու նրա լաչառ ընկերուհին հարթակի մոտից ինձ են նայում, աղջիկը` ծաղրաժպիտ, տղան` մտահոգ, փորձեցի շրջանցել, մյուս կողմից մոտենալ հարթակին, սակայն պարզվեց` աստիճանները մի կողմից են, և այդ միակ կողմը վերահսկվում է… Դե, վերահսկվում է, թող վերահսկվի, ես ուզում եմ հարթակ բարձրանալ, և ես անելու եմ այդ բանը… Ոտքս դրեցի առաջին աստիճանին այնպես, ասես դա ինձ համար սովորական անցուդարձ էր` վստահ ու հաստատուն, սակայն հաջորդ քայլն անել չհաջողվեց, առջևս փակեցին, հենց հարթակից, երկու հոգի վազելով եկան, իջան ու փակեցին կրծքով, ի՞նչ է եղել` հարցրեցի, նրանք ակնարկեցին ցիցմազին, որը կողքից մոտեցել էր ինձ, այս ո՞ւր, հոպար` հարցրեց, վերև` անվրդով պատասխանեցի, բայց ո՞ւմ ես հարցրել, ո՞վ է թույլատրել` հարցրեց, ասացի` ես իմ երկրի քաղաքացին եմ, իրավունք ունեմ, իսկ նա թե` հերթագրված ե՞ս, իսկ ես թե` հիմա ի՞նչ, ժողովրդավարություն ենք կառուցո՞ւմ, թե շանտղություն… Դեմագոգիա մի արա` ասաց, գնա քեզ համար հարթակ դիր, մարդ հավաքիր շուրջդ ու խոսիր ինչքան կուզես: Աղջիկն էլ էր մոտեցել, ասաց` լսի, պապի, սա քո գործը չի, գնա չայ խմի, պառկի, հեռուստացույց նայի, ի՞նչ ես իրար խառնվել, գնա, մենք քո խաղաղ ու երջանիկ ապագան կապահովենք:
Ահա թե ինչ… Ուրեմն ես այստեղ-այնտեղ գոռամ-գոռգոռամ, շեփոր փչեմ, ես ճանապարհ փակեմ, ես ոստիկանի քամակը բիզ խրեմ, կռիվ տամ, ընկնեմ ոստիկանություն, ու ինձ խաղից հանե՞ն, ասեն` գնա տո՞ւն, չայ խմի՞, ասեն` պապի՞, տարիքային խտրականությո՞ւն դնեն առջևս… Չէ, իմ առջևը փակել չի հաջողվի, տղաներ-աղջիկներ, ես, ի տարբերություն ձեզ, որ ձեր շարժումի համար ինչ-որ տեղերից ինչ-որ փողեր եք ստանում, անվարձահատույց եմ շարժվում, անշահախնդիր, ես մաքուր, անբասիր գործիչ եմ: Վիրավորված եմ, շատ եմ վիրավորված, պարզապես կատաղած եմ: Սա ի՛մ հեղափոխությունն է, ի՛մ խռովությունը, և ես այս պղտոր ջրերից իմ հաճույքի ձուկը բռնելու եմ:
Հրապարակի փորատակին, այնտեղ, որտեղից կերևար Իլյիչի ըմբոստացած մսեղիքը, խումբ էր հավաքվում, մոտ գնացի, հարցրեցի` ո՞ւր, խուսափուկ պատասխան տվին, թե` Էրեբունու կողմը, ասացի` դե գնացինք, ի՞նչ եք կարկամել, ասացին` հրամանի ենք սպասում… Խղճուկ փսլնքոտներ, հրամանի են սպասում… Բայց դե հո մենակ չէի՞ գնալու, կանգնեցի ծառի տակ, սիգարետ վառեցի, սպասեցի…
Վերջապես եկավ հրամանը` թիկնապարկաբեռն մի պատանու տեսքով, գնացինք` ասաց, և խումբը պոկվեց տեղից: Էրեբունին հեռու թիրախ էր իհարկե, բայց մտածեցի` վիրավորված հոգեկանիս համար քայլելը կազդուրիչ կլինի, կոչեր գոռալը` նույնպես:
Քայլում էի, գոռում… Չգիտեի մեր երթի խորքային նպատակը, բայց չէի հարցնում, անտեղյակ լինելս ի ցույց դնել չարժեր, եթե խորք կա` ընթացքում կպարզվի, իսկ առերեսը պարզ էր` գնում ենք արվարձանը ոգևորելու, ոտքի հանելու, շարժմանը միացնելու… Դժվար անելիք բան չէ, եթե ճիշտ կոչեր հնչեցնես. պետք է հնչեցնես` դու վատ ես ապրում, մա՛րդ, և նա հաճույքով կհամաձայնվի, եթե նույնիսկ այնքան էլ վատ չի ապրում, պետք է հնչեցնես` քեզ խաբում են, մա՛րդ, և նա ուրախությամբ կհամաձայնվի, եթե նույնիսկ խաբված չէ, պետք է հնչեցնես` քո ազատությունները սահմանափակում են, մա՛րդ, և նա ոգևորությամբ կհամաձայնվի, որովհետև ուզում է անարգել անել այն ամենը, ինչ ուզո՛ւմ է անել, կարելի է նաև ազգայինի կամ կրոնականի վրա խաղալ, բայց մոնոէթնիկ հանրության ներքին խնդիրների համար դա գործուն չէ, այ եթե արտաքին մարտահրավերների դեմ հանելու խնդիր ծագի` հենց սա կլինի ամենագործունը, իսկ հիմա` քեզ խաբում են, մա՛րդ, քեզ կեղեքում են, քեզ շղթայել են, հպա՛րտ քաղաքացի…
Այդպես քայլում էինք, կոչեր հնչեցնում … Մեկ էլ հանկարծ շենքերի արանքով ու շքամուտքերից դիմակավոր տղերք ժայթքեցին, մոտ վազեցին ու առանց հարց-պատասխանի սկսեցին հարվածներ տեղալ հեղափոխական զանգվածների գլխին` բռունցք, աքացի, մահակ… Ես վազեցի դեպի մոտակա խանութը` ներսում պատսպարություն գնելու հույսով, մահակի դեմ ի՞նչ կարող էի անել, կամ էլ իմ ծեծ ուտելուց հեղափոխությանն ի՞նչ օգուտ, հրեցի դուռը, փակ էր, ներսից փակել էին, շրջվեցի` առջևս մի հաղթանդամ դիմակավոր էր խոյացել` մահակը բարձրացրած, բայց չգիտես ինչու վարանում էր: Այդ հաղթանդամ, մկանուտ մարմնին, որ ունակ է կործանելու, կառավարում էր դիմածածկ փոքրիկ մի գլուխ, աչքերը սև ածուխներ էին` անցքերի միջով հազիվ նշմարվող, մտքինն անկռահելի էր… Արագ ինչ-որ բան էր պետք ձեռնարկել, սպասի՛ր` գոռացի, ինչի՞ որ` հարցրեց, ես իրենցից չեմ` ասացի, որդուս խելքը կերել են տականքները, իրենցով են արել, փնտրում եմ` գտնեմ-տուն տանեմ, հաստա՞տ` հարցրեց, հաստատ` վստահեցրի, դե արի` ասաց ու հրելով մտցրեց շքամուտք, գրպանից դիմակ հանեց, քաշեց գլխիս, անկյունում դրած մահակներից մեկը տվեց ձեռքս, ասաց` արի՛, վրեժդ լուծի, տեսնեմ իրանցից ես, թե իրանցից չես, հարցրեցի` բա ոստիկանությո՞ւնը, ասաց` ոստիկանությունը մերն ա, չի խառնվելու: Դուրս եկանք, ես զգացի դիմակի տակ անճանաչելի մնալու ապահովությունն ու հմայքը, մտածեցի` այս երես առած ջահելներին քոթակելը դաստիարակչական ակտ կլինի, հենց իրենց է օգտակար, այլապես շատ են լկտիանում, անպատժելիության բարդույթ են ձեռք բերում արդեն, մտածեցի ու մահակը բարձրացրած` մտա մեջները. փախչում են, ո՜նց են փախչում… Ո՞ւր, այ վախկոտներ, քիչ առաջ ազատության կոչեր էիք անում, դե պայքարեք ձեր ազատության համար, ինչո՞ւ եք փախչում…
Դիմակավորներից մեկը մոտեցավ, ասաց` ցվրվում ենք, ոստիկանությունից ասեցին` հերիք ա: Վազեցինք շենքի բակ, դիմակավորներն արագ տարրալուծվեցին-չքվեցին շքամուտքերում ու ավտոտնակների արանքներում, ես էլ վազեցի ավտոտնակների արանքով, ընթացքում շպրտեցի մահակը, հանեցի, դեն գցեցի դիմակը, մագլցեցի ցածրիկ պատը և բակերի ետևներով, շրջանցիկ արահետներով, վերադարձա փողոց, ուր արդեն հայտնվել էին ոստիկանները, սուլում էին, վազվում, փնտրում իբր…
Երթը շարունակվեց: Մեկը մոտեցավ, ցավակցող նայեց դեմքիս, ասաց` տականքներ, ոնց են ծեծել մարդուն, ասացի` մանրուք է, բանի տեղ մի դիր, մեզ մեծ գործեր են սպասում, ասաց` անասուններ, գոնե տարիքը չեն հարգել: Թե տարիքի հետ ինչ գործ ունես, այ ապուշ, հին վերքերը նորից չի տարբերում և գնում է հեղափոխություն անելու: Ասում է` արի շտապօգնություն կանչենք, և արդեն հեռախոսն է հանել, ձեռք քաշիր` ասացի ու դուրս եկա երթից, թեքվեցի հարևան փողոցը, շրջանցիկ փողոցներով ետ դարձա կայարան և մետրո նստեցի` դեպի հրապարակ:
Հրապարակն այնքան լեցուն չէր, ինչպես առավոտյան, մարդկանց կարելի էր միմյանցից անջատ դիտարկել, դիտարկումներն ավելի դյուրին են, երբ մարդիկ միացյալ են, զանգվածված, արձագանքումներդ ու մտածումներդ մեծ թիրախով են աշխատում, չեն մանրանում դժվարին հոգեվերլուծական աշխատանքի: Եվ ինչո՞ւ մանրանալ, հանուն ո՞ւմ, ի՞նչ լավ բանի ես հանգելու… Միացյալով լավ է` և՛ դիտարկելը, և՛ թիրախի մեջ պահելը: Եվ խիղճդ էլ ազատ է…
Ի՞նչ խիղճ, ո՞վ հեգնեց… Իզուր ճպռոտ աչուկներդ մի ճպճպացրու, չի ազդում, ավելի լավ է քեզ խղճա, այ խղճուկ: Խիղճ… Չէ-չէ մի…
Նստեցի ջրավազանը եզերող պատին, ծխեցի: Այն ակնոցավոր կոբրան հայտնվեց, զզվելի ժպիտը մռութիկին քաշած` մոտենում է` երկու թիկնապահի ետևից քարշ տալով… Հետապնդո՞ւմ է, ինչ է, թե՞ սիրահարվել է… Եկավ, ընթացքը դանդաղեցրեց, ծաղրախինդ հայացքը ջանում է մխրճել աչքերիս մեջ… Ես էլ իմ հայացքն ուղարկեցի նրա ապակեպատ աչքերին, նայում ենք իրար… Մտածում եմ ու պատկերացնում, թե ոնց նրան, գիրկս առած, կիջեցնեի զանգվի ձորը… Ինքը թաթիկներով խփում է, ճչում, ճանկռում, ես բանի տեղ չեմ դնում, տանում եմ, դեմ եմ անում ծառին ու պատժիչ-դաստիարակչական աշխատանք տանում` ներսից, դրսից, էլի ներսից… Ինքն օձագալար գրկում է մեջքս, փորձում է խայթել… բայց չէ, համբույր է տենչում ֆշշալով…
Գնաց կոբրան` չորուկ քամակը շորորելով:
Ձորի կնոջը հիշեցի. ափսոս, կգնայի մոտը հիմա, կոնյակ ու սուրճ կխմեի, կծխեի հանգիստ` բազմոցին կիսապառկած, ինքը ոտքերս կմերսեր… Թե ինչու մեռավ, տարօրինակ կին, շտապեց, դեռ տանելի էր…
Սակայն, հիշեցի, ուրիշ կին կա, ձորի կնոջը ոչնչով չի զիջում, մի բան էլ ավելին է, թմբլիկ, ժրաջան, օղի է խմում, դուդուկ է փչում` երևակայելի՞ է… Ձորի կինը գարմոշկա էր նվագում, սա` դուդուկ. էթնիկ խորքերին եմ մղվում կարծես, հետաքրքիր կարող է լինել, շատ հետաքրքիր… Ահա, հեռախոսահամարը առկա է, զանգում ենք… Ալո՞…
Չստացվեց, էթնիկ խորքի արձագանքը, մեղմ ասած, բարեկամական չէր, ճանաչեց, այո, սակայն մերժեց, ասաց` հետո, ուրիշ օր, այսօր շատ եմ հոգնած: Ասում եմ` հոգնած ես` կթարմացնեմ, ձևերը գիտեմ: Ասաց` զբաղված եմ, բարեկամներս են հյուր եկել: Թե քեզ ո՞ւր է բարեկամ, այ խղճուկ: Ոչինչ, դեռ կընկնես ճանկս…
Սաստիկ ցանկություն ունեցա մոտոցիկլետս փողոց հանելու, և սլանալու, տռտռոցով շրջակայքը խլացնելու և անսանձ սլանալու` միջո՛վ, վրայո՛վ, միջո՛վ, վերո՛վ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *