2020 թվականի հոկտեմբերի 31-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Խոստումը» հայկական ինստիտուտը «Լեռնային Ղարաբաղ/Արցախ և հակամարտության, բռնության և հիշողության կրկնագրերը» վերտառությամբ մեկօրյա գիտաժողով էր կազմակերպել, որի մասնակիցներից էր ամերիկացի հայտնի փիլիսոփա, աստվածաբան, հրապարակախոս և հասարակական իրավունքների պաշտպան Քորնել Ուեսթը։ Ստորև ներկայացնում ենք նրա բացման ելույթը՝ «Համերաշխության խոսքեր»։
Շնորհակալություն, իմ սիրելի, սիրելի՛ եղբայր [դիմում է Սեպուհ Ասլանեանին—խմբ.]։ Ողջունում եմ քեզ, ողջունում եմ ձեզնից յուրաքանչյուրին. բոլոր նրանց, ովքեր պատմության այս առանձնահատուկ պահին խորաթափանցություն և վճռականություն ցուցաբերեցին ի մի բերելու լուրջ ուսումնագիտություն ու սիրող սրտեր` արձանագրելու իմ թանկագին հայ եղբայրների և քույրերի դժվարին կացությունը:
Ինչպես գիտեք, ես սերում եմ մի ժողովրդից, որին չորս հարյուր տարի անընդմեջ համակարգայնորեն ատել են, բայց որը շարունակում է սիրո մարտիկներ տալ, որին չորս հարյուր տարի ահաբեկել են, բայց որը շարունակում է ազատության մարտիկներ տալ, որին չորս հարյուր տարի խոցել են, բայց որը շարունակում է վիրավոր դարմանողներ տալ, և ուրեմն մի մեծ ժողովրդից, աշխարհապատմական մի ժողովրդից՝ ամերիկյան կայսրության ընդմիջից, ես իմ ձայնն եմ բարձրացնում, մեկ ձայն, բայց ի՛մ ձայնը՝ ի խորին համերաշխություն աշխարհապատմական մեկ այլ ժողովրդի։ Ժողովրդի, որին ավելի քան երկու հազար տարի խոցել են, բայց որը շարունակում է վիրավոր դարմանողներ տալ, որին ավելի քան երկու հազար տարի անընդմեջ ատել են, բայց որը շարունակում է սիրո մարտիկներ տալ, որին ավելի քան երկու հազար տարի ահաբեկել են, բայց որը շարունակում է ազատության անհավատալի մարտիկներ տալ։ Ես խոսում եմ հայ ժողովրդի մասին, որը գալիս է դարերի ակունքներից։
Եվ ես ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե ինչի մասին է այս գիտաժողովը։ Ուզում եմ սկսել սուրբ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենով գրված ամենաառաջին բառերով, երբ նա ձեռքն առավ թուղթն ու գրիչը և ստեղծեց երեսունվեց տառերը, և ասաց՝ ուզում եմ սկսել «Առակներ»-ում Դավթի որդի Սողոմոնի բառերով․ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», և միաձուլեց այն, ինչ պետք է կարևորագույն հենասյուն դառնար հայ ժողովրդի գոյատևման և բարգավաճման համար։ Մի կողմից Երուսաղեմի մարգարեական ժառանգությունը (մարդկության պատմության մեջ հազվադեպ է, որ մի ժողովրդի ինքնությունն այդքան հիմնովին ձևավորված լինի Երուսաղեմի մարգարեական ժառանգությամբ, կենտրոնացած լինելով Հիսուս անունով պաղեստինցի հրեայի վրա, այն նույն քրիստոնեությունը, որը բազմիցս ծառայել է որպես հալածանքի աղբյուր, որպես հպատակեցման աղբյուր, որպես գերիշխման աղբյուր), մյուս կողմից Աթենքի սոկրատյան ժառանգությունը։ Պատրաստակամությունն առաջադրելու այնպիսի առանցքային հարցադրումներ, ինչպիսիք են՝ ինքնությունը, համատեքստը, պատմությունը, հիշողությունը, պատիվը, դիմացկունությունն ու դիմադրությունը: Եվ ապա՝ ընդգծելու հայկական լավագույն ավանդույթների չափանիշը, որը մշտապես եղել է արմատները (roots) ուղիներին (routes) առընչակցելը, այսինքն՝ համայնականությունն ու միջազգայնականությունը: Այսպիսով՝ հայ լինելու առանձնահատկությունը, որն արմատավորված է Երուսաղեմի մարգարեական ժառանգության և Աթենքի սոկրատյան ժառանգության մեջ, այն է, ինչ սկիզբ է առնում տանը համերաշխությամբ, բայց և ձեռքերը բացել է տալիս աշխարհում ուրիշների տառապանքին:
Սա գերագույն շնորհ է, և եկեք ոչ մի կերպ այն չթերագնահատենք, այս պահին, երբ ամբողջ աշխարհում թափ են առնում և ուժգնանում են նեոֆաշիզմները, ցեղամոլ ավտորիտար ռեժիմները, սկզբնավորվելով, այո՛, մեր իսկ սեփական ամերիկյան կայսրությունում, և դրսևորվելով Միջին Արևելքում, Լատինական Ամերիկայում, Ասիայում։ Մենք այնքան բան ունենք սովորելու իմ թանկագին հայ եղբայրներից և քույրերից, որոնք մարդկության պատմության տարեգրությունների այս բոլոր տարիներին կառչել են այդ իմաստությանը, կառչել են այն բանին, ինչ մեր հրեա եղբայրներն ու քույրերը գրի են առել եբրայական սուրբ գրքում՝ «հեսեդ»-ին, այն ողորմությանը, այն ազնիվ բարությանը և մաքուր սիրուն, որ լուսավորում է որբին և այրուն, հայրազուրկին և մայրազուրկին, հալածվածին, հպատակեցվածին, և գերիշխվածին:
Այնպես որ, սա ամենևին որևէ ժողովուրդների նկատմամբ ատելության հարց չէ, այլ հարց է ատելության՝ ժողովուրդների կողմից գերիշխման, ժողովուրդների կողմից բնաջնջման, ժողովուրդների կողմից զավթման: Սա հարց է բարոյական և հոգևոր՝ արմատացած մի ժողովրդի մեջ, որը . . . եկեք շատ հստակ լինենք. երբ խոսում ենք պատմության մասին, սպանդի ու ավերածության, Ադանայի, Համիդյան ջարդերի և ցեղասպանության մասին, Ռաֆայել Լեմկինը՝ մի հրեա եղբայր, 1943 թվականին ցեղասպանություն բառը ստեղծելիս, իր մտքում ուներ Օսմանյան կայսրության հայ եղբայրներին և քույրերին:
Այո, այդ պատմությունը չպե՛տք է կաթվածահար անի մեզ, չպե՛տք է թուլացնի մեզ և անգամ չպե՛տք է կուրացնի մեզ հենց նույն կեղեքիչների մարդկայնության հանդեպ։
Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես, Սեպուհ, դու ներկայացրեցիր դա, ասելով՝ տեսեք, մենք խոսում ենք բոլոր համայնականների, բոլոր միջազգայնականների մասին, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում ճնշված ժողովուրդներին։
Մենք չե՛նք ատում Ադրբեջանի եղբայրներին և քույրերին, չե՛նք ատում Թուրքիայի եղբայրներին և քույրերին, չե՛նք ատում Օսմանյան կայսրության եղբայրներին և քույրերին․ մենք ատում ենք գերիշխումը, բնաջնջումն ու հպատակեցումը։ Ինչո՞ւ։
Որովհետև մենք ինքներս էլ ունակ ենք իշխել ուրիշին, ատել ուրիշին, խոցել ուրիշին։ Դա մեզ տրվել է քրիստոնեական ավանդույթի հենց ակունքներից․ ավանդույթ, որը եղել է հայկական նախագծի կենտրոնում։
Բայց մենք հրաժարվում ենք լռել: Հրաժարվում ենք փակել մեր բերանները, երբ մեզ համար թանկ և սիրելի մարդիկ հպատակեցվում, գերիշխվում և բնաջնջվում են, և մենք երաշխավորում ենք, որ նրանց հիշատակը, նրանց վկայությունը, ամենակարևորը՝ նրանց թանկագին և անգին մարդկայնությունը կհաստատվեն: Եվ ուրեմն, այս գիտաժողովի կենտրոնում պետք է լինի ճշմարտության որոնումը. ճշմարտության նախապայմանը՝ թույլ տալ, որ տառապանքը խոսի, լինել արդարության որոնումը: Իսկ արդարությունը սիրո դրսևորումն է հանրայինում. սերն առ ճշմարտություն, սերն առ գեղեցկություն։ Եկեք չթերագնահատենք հայկական մշակույթը, որը եղել է ահռելի դիմադրության և դիմացկունության աղբյուր. երաժշտությունը, գեղանկարները, փառահեղ քանդակները, և բուն հարաբերությունների գեղեցկությունը:
Ուրեմն անչափ շնորհակալ եմ ինձ խոսք ասելու հնարավորություն տալու համար: Երբ մտածում եմ իմ հայ եղբայրների և քույրերի մասին, մտածում եմ մեծն Ուիլյամ Սարոյանի մասին, որը շատ մեծ դեր է ունեցել իմ մտավոր ձևավորման մեջ: Ինձ համար մեծ օրհնություն է ճանաչել իմ սիրելի եղբայր Վարդան Գրեգորեանին, որին հանդիպել եմ Բրաուն համալսարանում և գիտեմ Նյու Յորքի հանրային գրադարանից։ Մեծ տարբերություն կա, երբ եղբայրներիդ հետ ունես որոշակի, շոշափելի հարաբերություններ։ Նույնը կասեի եղբայր Փիթերի [Բալաքյան—խմբ.] մասին:
Ես կարող եմ դեռ շատ երկար խոսել այս փառահեղ համընկնումներից, այնպես որ համերաշխությունը վերացական չէ, այլ արյա՛մբ է ներծծված, արտասուքո՛վ է ներծծված, և սակայն մենք թույլ չե՛նք տա, որ հայ եղբայրների և քույրերի դեմ ստերն ու ոճիրները վերջին խոսքն ունենան։
Ուրեմն, թույլ տվեք համերաշխության իմ այս համեստ խոսքերով լինել միայն սկիզբն այն փարձառու ուսումնագետների բոլոր ասվելիք խոսքերի, որոնք ուղեկցելու են մեզ ճշմարտության և արդարության որոնման ճանապարհին։ Թող այդ խոսքերը լինեն վերջին խոսքը, մինչ մենք լծվում ենք ռասայական, ազգային, սեռային, սեռական կողմնորոշման և բոլոր այլ գծերով համերաշխության գործին՝ ընդդեմ ցանկացած տեսակի ֆաշիզմների, ընդդեմ ցանկացած պոպուլիստական ավտորիտար ռեժիմների։
Մի՛ հուսալքվեք այս ծանր պահին։ Թույլ մի՛ տվեք, որ որևէ բան պակասեցնի ձեր կրակը։ Եվ որպես սև մարդ և մեկը, ով կապված է իր հայ եղբայրների և քույրերի հետ, ասելու եմ, որ ձեր ներսում վառվող կրակը սուրբ է, և այն վառվում է այնպես, որ դուք կասե՛ք ճշմարտությունը, դուք կփնտրե՛ք արդարություն։ Ոչ թե ինքնիրավության, այլ խոնարհության ոգով՝ կապված բարոյական տոկունության հետ, որպեսզի երաշխավորվի, որ այլևս երբեք, երբե՛ք հայ եղբայրները և քույրերը չեն անցնելու իրենց պատմության վատագույն էջերով, իսկ իրենց պատմության լավագույն էջերը թող նրանք շարունակեն պարգևել ինձ նման եղբայրներին, բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ընդունել այն, ինչ վերաբերում է ճշմարտությանը և արդարությանը։
Ելույթը անգլերենից թարգմանեցին Համասփյուռ Կարապետյանը, Սիրանույշ Մուրադյանը, Շուշան Աղաբաբյանը, Մադլենա Երեմյանը, Աստղիկ Մելիքյանը, Հեղինե Ալեքսանյանը, Լուսինե Խաչատրյանը, Հասմիկ Մանուկյանը, Նաիրա Գյուլնազարյանը, Անի Ջիլավյանը և Անաստասիա Բուդաղյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի շրջանակում։ Թարգմանությունը համադրեց և խմբագրեց Շուշան Ավագյանը։