Օ, ու՞ր եք, աստղեր, արևներ,
Իջնում է ազգիս երեկոն…
Եղիշե Չարենց
Աշխարհի մութուլույսի վերծանման տքնանքում կյանքը մաշած մեծ իմաստասերը՝ Էմանուել Կանտը, մտասևեռման ինչ-որ մի պահի, իր խոհն ամփոփել, արձանագրել է. «Աշխարհն անճանաչելի է»: Կանտի ասածն ընդունենք ի գիտություն ու մեր հերթին հավելենք. «Իսկ մարդը՞»: Հավերժ երազող, թե հաշվենկատ պատեհապաշտ, խաչապաշտը խաչագողի հետ շփոթող տհաս, թե լուցկու լույսի ու մոմի լույսի արանքում մոլորված համբակ, տգիտության մտրակով հողմ ու տարերք սանձող պնակալեզ, թե իր խելքի ձեռքը կրակն ընկած ջրատար` մարդը լինելիության բավիղներում իր վարք ու բնույթով մի՞շտ է ընկալելի, նրա երևակայության ու ախորժակի սահմանները մի՞շտ են չափագծված ավարտուն, թե՞ մարդու հոգու ծալքերում բնավորված գաղտնիքը միայն Աստծուն է տեսանելի…
…Նույն աստղի տակ ծնված տղերք էինք, ուսանողական մեր տաքուպաղ առօրյայում յոթ գույնանի երազանք ունեինք. երկիր ունենայինք անկախ` գերբը ճակատին, փողփողացող դրոշը աշխարհին ի տես, արևմուտքը կապեինք արևելքի հետ, հյուսիսը` հարավի, ոտքներս աշխարհի երկու բևեռների ու մտքներս աշխարհի կենտրոնի վրա ծանրանար, մենք փռշտայինք` աշխարհն ասեր` առողջություն, աշխարհը փռշտար` աշխարհն ասեր` ներողություն, դրախտի դարպասների բանալիները մեր գրպանում, ու դժոխքի ուղեգիրն այլոց համար մենք գրեինք… Ու մենք հպարտ: Ու մենք ուժեղ: Ու մեր աչքը օտար գայթակղություններից կտրված: Բայց մեր երազանքը անթև, անփետուր էր, համայնավար երկրի կափարիչը պինդ էր նստած մեր երազանքի վրա, և ուսանողական նստարանից երբ որ կտրվեցինք-բաժանվեցինք, դեռ այն ռոմանտիկ երազողներն էինք: Այնինչ մեր միջի ճարպիկը երազանքի յոթ գույնից իրեն անհրաժեշտ մեկ գույնը վաղուց էր ընտրել: Բայց ձևացնում էր, թե ինքն էլ է մեր տեսակը: Խաղում էր ու լավ էր խաղում: Իր ջահել թափի մեջ վարպետորեն էր խաղում: Ես այսօր այդ մեկին դարձյալ ու նորեն հիշել էի: Եվ հանկարծակի հանդիպեցի… Աբովյան փողոցով ես իջնում էի, ինքը` բարձրանում: Առհասարակ նա միշտ էր բարձրանում, իջնելիս անգամ թվում էր, թե բարձրանում է: Բնազդի նման հետը ծնված տաղանդ էր` բարձրանալու տաղանդը: Համայնավար երկրում անշեղորեն էր բարձրանում, ժամանակափոխության թնջուկում` տեղ-տեղ շեղված, վաղը… Վաղուց չէինք տեսնվել, զրույցի բռնվեցինք:
Ուսանողական տարիներ կոչված հեքիաթից երեկ չէ որ բաժանվել էինք, բայց նա դեռ ուսանողի պես թարմ էր ու ուսանողի պես ջահել, առանց նախապաշարմունքների ապրած, թափ ու եռանդի մեջ սթափ… Եվրոպացի պարոններին վայել կոստյումը մազը մազին վրան ճիշտ նստած, փողկապը ձիգ ու կոստյումի հետ ժպտաշուրթ հաշտ, կոշիկները… Ամբողջ կյանքումս սարսափել եմ այդքան մաքուր ու փայլուն կոշիկներ հագնողներից. ինձ միշտ թվացել է, թե հանգուցյալի շունչ է պտտվում շուրջբոլորս… Դեմքի մկանները խաղաղ, անտագնապ, հերթապահ ժպիտը շրթունքների ծայրին` հետո՞… «Դե կյանք է, ապրում ենք էլի»,- ասացի: Երկուսով էինք զրուցում, բայց հանկարծ զգացի, որ նրա աչքերի մեջ ու կաշվի տակ շատ մարդ կա` վտառով, ոհմակով, երամով… Ու ինքը նրանց մեջ ու նրանց առջևում էր: Եվ այդ ամենի գլխին լուսապսակի պես կախված, իր հետ ծնված ժպիտն էր` խատուտիկ ու քաղաքակիրթ: Այդ ժպիտի տակ ինքը և՛ խորհում էր և՛ հաշվում, և՛ սիրում էր և՛ ատում, և՛ հուզվում ու վրդովվում… Ժպիտ չէր, ճտվտուն ծիածան էր:
Երեսուն տարվա կյանք էր անցել, ես նրան շատ լավ էի ճանաչում և, միաժամանակ, բոլորովին չէի ճանաչում: Երևի թե ինքն էլ իրեն մինչև վերջ չէր ճանաչում: Նրան հնարավոր չէր մինչև վերջ ճանաչել: Նա մարմնավոր անակնկալ էր: Աստծո և սատանայի արանքում տիրական ճեմող, երկուսին էլ խաբող ու երկուսի սեղանից էլ հավասարապես օգտվող աճպարար: Մենք` համակուրսեցիներս, մեկմեկու աչքերի մեջ նայում ու մեկմեկու ճակատի գիրը կարդում էինք, նրա ճակատի գիրը անընթեռնելի էր: Գոնե մեզ համար անընթեռնելի էր, որովհետև նրա ճակատը նեղ էր ու գիրը` մանր: Բայց մի բան, համենայն դեպս, միշտ էր տեսանելի` նա միշտ ձիու վրա էր, ու մտրակը ձեռքին: Նախախնամությա՞մբ սահմանված ընթացք էր, թե՞ ինքն էր իր բախտի կոկորդից պինդ բռնել` շահ ու գաղտնիք ծրարած փակ դռների բանալիները գրպանածի երանությամբ մոխրագույն աչքերի խորքից նայում էր, դեմքը դարձյալ խաղաղ ու անկնճիռ, կարծես ժամանակի մեջ չլիներ, մի տեսակ մարդկային ուղեծրից ու ժամանակից դուրս գոյություն էր: Նա ապրել կարողացողների այն ճիշտ ու եզակի դասից էր, ովքեր դեռ մանկապարտեզից են ծրագրավորում իրենց կյանքը, և մանկական խաղերի հետ միասին իրենց մեջ խառը ունեն նաև ապահով ծերության մանրակերտը: Նրանք մանկապարտեզում «Լենին պապին» երգել ու, միաժամանակ, նրան թաղել էին իրենց մտքում:
Համալսարան որ ընդունվեցինք, մենք սովորական ուսանող էինք` անհոգ ապրելու մեր վարքուբարքով, մեծուփոքր զատող մեր նիստուկացով, կյանքը հեքիաթի ու հեքիաթը կյանքի մեջ տեսնելու մեր երազկոտ խաղով… Իսկ ինքը մեր կողքին ու մեր մտքից դուրս էր` յոթ սարերի թիկունքից նայող, յոթ ծովերի գաղտնիքը վերծանած ծանրումեծ փիլիսոփա: Դիրքավորված ու հեռատես կոմսոմոլի թիկնոցն ուսերին առած` դասախոսներին անգամ սանձած էր պահում: Հիմնավոր, թե անհիմն` տագնապի հին ժամանակներից եկած մի տեսակ զգուշավորություն կար` վախի շապիկով. ի՞նչ իմանային, թե նրա քայլփոխի արանքում որ մի սատանան է դարանել, և որ մի գոցումութ դռան բանալին է այդ օրը ձեռքին պտտում… Այդ այն տարիներն էին, երբ նրա նմանները հայրենիքի ու հայրենասիրության մասին ունեցած իրենց աշխարհիկ գաղափարախոսությամբ մեր աչքերին թոզ փչելով տուն ու ամառանոց էին կառուցում, իսկ մենք նրանց տների նկուղներում վարձով ապրում ու երազում էինք: Նրանց երազանքը դղյակի առանձնություն էր դառնում, մեր երազանքը երազախաբությամբ էր ավարտվում: Նրանց համար կյանքը հաց ու երշիկ էր, երազողներիս համար` լինելիության արժանապատիվ կերպ ու ազգային դիմագիծ, պատմվածք ու բանաստեղծություն… Իրենց ձեռքին ճիպոտ ու խարազան, մեր ձեռքին` գրիչ ու թուղթ էր: Գրում ու երազում էինք: Խմում ու իրար վիզ ընկած խմբերգ էինք երգում մեր երազած հայրենիքի մասին: Հետո լրջանում ու հրաշքի ակնկալիքով աչքներս հառում էինք Տիրոջ խղճի դարպասներին: Իսկ այդ ընթացքում աշխարհի առուփախի ճամփաները նրանց ոտքերի տակ մաշվում, ու նրանց մեջքամկանները մետաղալարի նման ձգվում էին:
Համալսարանից հետո նա շրջկոմի հրահանգիչ էր, կարճ ժամանակ անց` բաժնի վարիչ, ապա` երրորդ քարտուղար, հետո… 88-ին, երբ ձնհալի ջրերը հեղեղաթափ շառաչով նոր դուռ էին բացում Խորհրդային երկրի հարավային դարպասի վրա, նա բոլորովին նոր ու անըմբռնելի որակ էր. հիմա ինքն իրեն ժամանակի նոր շնչով խաբում ու մեզ խաբկանքի մեջ էր պահում: Բա տե՜սքը. կուսակցական արժանապատվություն պարտադրող իր խորհրդավոր կոստյումն ու այդ կոստյումի դոշին փայլփլող հավատարիմ լենինյանի իր կարմիր կրծքանշանը հանել էր: Նաև փողկապը… Իսկ գաղափարախոսությո՞ւնը: Դե, պարզ բան է, վերաձևե՜լ էր: Տեսակի խնդիր է: Դարվինի ուսմունքի ինչ-որ թանձր-խրթին նրբերանգ: Այդ տեսակի արյունը հեշտ է մակարդվում: Ամլության դաշտում անգամ ծլարձակման հրաշքը նրանց համար սպասվող իրողություն է: Գաղափարախոսության դաշտերի անհամատեղելիության մասին իմ թափանցիկ ակնարկը ինքը շատ հանգիստ ընդունեց ու չհասկացվեց` ինչ-որ տեղ կարդացե՞լ էր, թե՞ հանպատրաստից բանաձևեց, ասաց. «Գաղափարը որովայնի սպասավորն է: Հանկարծ չկարծես, թե քարանձավից դուրս ենք եկել,- ասաց,- սկզբում ձեռքի ուժով էինք քարանձավում, հիմա` խելքի ուժով. երկաթը ճկում ես` ջարդվում է,- նա արդեն վարժապետի դերում էր,- պղինձը էնքան ես ճկում, որ վերջում հոգնում, դադարեցնում ես»: Եվ այս օսլայված, պլակատային ոճը իմ դեմն առավ: Հետաքրքրությունս սկսել էր շարժվել, և չնայած որ հագի զուգսն արդեն իր մեջ հուշող երանգ ուներ, այնուամենայնիվ, հարցրի. «Հիմա որտե՞ղ ես»: «Մեծ ֆիրմա ունեմ,- ասաց,- վարձով տված տարածքներ, մի քանի խանութ-մանութ…,- ու ինձ մեկնեց այցետոմսը. – Եթե ինչ-որ հարց լինի` զանգի»:
Ու ես հիշեցի տարիներ առաջ ասած նրա ինքնահաստատման տպավորիչ ու բովանդակային առումով ամփոփ խոսքը: Խառը զրույցի մեջ մի օր անկեղծացավ ու ասաց. «Ինձ համար կարևոր չի, թե ինչ հոսանքի մեջ եմ, կարևորն այն է, որ լինեմ այն հոսանքի մեջ, որը տանելու թափ կունենա»: Այդ միտքն ասելիս անգամ զգացվեց, որ նժույգը տակին ու մտրակը ձեռքին պինդ բռնած ունի: Ինքն այսինքն դրոշակակիր էր, բայց կարևոր չէր, թե այդ դրոշն ինչ գույն ուներ, կարևորն այն էր, որ այդ դրոշի տակ ամառը հով լիներ, ձմեռը` տաք: Ես նրան լսում ու մտածում էի. որքա՜ն խաղաղ են մարդու մեջ գոյակցում խավարն ու լույսը, սուրբն ու սրբապիղծը, օրինապաշտն ու օրինախախտը, ստրկատերն ու ստրուկը…«Արածդ գործը պիտի ապրեցնի,- ասաց,- թե չէ ինչ գործ` կդառնա զբաղմունք, ծերունական ձանձրույթը ցրելու նման մի բան»: «Տաղանդավորներն իրենց գործը պիտի անե՞ն, թե չէ,- թաքուն ակնարկով հեգնեցի ես,- Աստծու տվածը նկուղում պահելու համար չէ»: Ինքը դարձյալ լուրջ էր. «Չէ,- ասաց,- հորինվածք է, մոլորություն: Հիմա կա մեկ տաղանդ` ապրել կարողանալու տաղանդը: Աստված մարդուն արարեց,- դեմքին խելացի մարդու դիմակ և ուսերին վարժապետի թիկնոց առավ ու խրատեց.- ապրել կարողանալու շնորհքը տվեց և ասաց՝ քո բախտը քո ձեռքին է, ապրիր և վայելիր: Իսկ մենք Աստծո խորհրդից շեղվում ու մեր կյանքը պարապ բաներով հարամում ենք: Եղած-չեղածն էս է,- ասաց,- մնացածը ժամանակ մեռցնել է ու ինքնախաբեություն»:
Գործնական, ջրից միշտ չոր դուրս եկող նրա տեսակն ահա իշխանության դասընթացները սերտած, ապրել կարողանալու բանաձևը իր մեջ հղկած ու կյանքի համը քիմքով զգացած, Աստծո հետ անգամ լեզու գտնող, իմ տեսակն այնինչ` իր կյանքը սևագիր ապրած, իր ապրած օրերի մեջ պատանդ ու գերի, և բախտը բերած պահին անգամ` բախտից խռով: «Դո՞ւ ինչ գործի ես,- ասաց,- ինչո՞վ ես զբաղվում, ի՞նչ ծրագրեր ունես»: Ինքն իր մանրամասն մշակած, արդուկած ու օսլայած ծրագիրն ուներ, անծրագիր ապրողիս ծրագիրն էր ուզում իմանալ: Իր շատ առարկայական փիլիսոփայությունը իմ մտքի հետ չէր զուգահեռվում, ինձանից հեռու հնչում, հետագծվում, անցնում էր, բայց խոսքի երանգում հմայող մի փայլ կար, որ նրա անձի հանդեպ և հարգանք էր պարտադրում և, միաժամանակ, արհամարհանք: Ուզում էի նրան լսել ու, միաժամանակ, ձանձրանում էի: Նա իր օրագիրն ինձ համար վաղուց էր թերթել, բայց հիմա այն զգացողությունն ունեի, թե առաջին անգամն է թերթում: «Վերևներին մոտ ես,- ես մի փոքր կատակի մտերմության մեջ մտա,- ականջդ լուր ու շշուկի վրա կախ է, առաջիկայում ի՞նչ լավ բան է սպասվում մեզ»: «Մեզ ի՞նչ է եղել,- կուրծքը մի այնպիսի խանդավառ հպարտությամբ դուրս ցցեց, ասես մեր երկրի արժանապատվության բանալին իր գրպանում լիներ,- անկախ երկիր ունենք, դարավոր երազանքներս կատարվել է, ինչնե՞րս է պակաս»: Նու՜յն կոմսոմոլն էր` իր կարմիր կաշվի մեջ: Այդ խոսքի հպարտությունն ինձ սրտախինդ ջերմությամբ կփոխանցվեր, եթե դա ասեր իր կրծքի տակ երկիր ու հայրենիք փայփայող ցանկացած մեկը, բայց որ նա՜ էր ասում… Ասացի. «Անկախ երկիր ունենք, դարավոր երազանքներս կատարվել է, բայց մարդիկ ահա այդ անկախ երկիրը դարավոր երազանքների մեջ թողնում, գնում են, ինչո՞ւ են գնում»: Դիմացս կանգնած էր, բայց ասես հեռուների մշուշներում լիներ, այնտեղից սառն ու անհոգի արձագանքեց, ասաց. «Գնում են, թող գնան, որ մնան՝ ինձ ի՞նչ օգուտ են տալու»: Դողէրոցքի պես մի բան անցավ մարմնովս, ու ես նրա խոսքի վրայից էժան օծանելիքի հոտ առա: Մտքի այդ թորած շնչից մեջքս սկսեց սառչել: Ասես դիմացս կանգնածը մարդ չէր ու մարդու կարկատան էր: Ասացի. «Առուփախի մամռոտ ժամանակներում ողբուկոծի մեջ անգամ «ցավդ տանեմ»-ով մխիթարվել ենք, որ քով-քովի ու հայ ազգ մնանք, դու էդ ի՞նչ ես ասում, էդ ի՞նչ թեթևությամբ ես պապերիդ ծանր արյունը ջրիկացնում. երկրից հեռացողի կաշվի տակ մտնելու փոխարեն դու դեռ օգուտից ես խոսու՞մ»: «Հորինովի սուտ,- մի տեսակ հորանջելու հանգույն արտաբերեց նա,- արի իրար չխաբենք. ես իմ կաշվի տակ եմ, դու՝ քո: Մի պուճուր գաղտնիք էլ կա,- հավելեց,- արև-աշխարհքի վայելքը որ տեսնում ես՝ օգուտի աչքերով ու փողի զորությամբ ես տեսնում. հանիր փողը արանքից՝ աշխարհը խավա՜ր անապատ է»: «Փողը լավ բան է,- ասացի,- բայց փողի զորությամբ Աստծո դուռը չես գնա»: Ծի՜ծաղեց, ասաց «Ես ինքս իմ մեջ փողի ու վայելքի ճանապարհը ճշտել եմ, իսկ Աստծո դուռը գնալու վայելքը քեզ եմ թողնում: Եվ հետո՝ ես չեմ հորինել,- ասաց,- հայ ազգն է հորինել՝ «Որտեղ հաց՝ այնտեղ կաց»: Իսկ դու՝ քով-քովի՜, ազգ ու հայրենի՜ք, ի՞նչ ազգ,- միանգամից վրդովմունքով բռնկվեց,- սոված որ մնամ՝ ազգն է ինձ կերակրելո՞ւ, թե՞ հայրենիքի դրոշն է հոգիս արքայություն տանելու: Իմ ազգն իմ ընտանիքն է,- ճակատի մանր կնճիռները մագաղաթի պես ձգվեցին – հարթվեցին,- իմ հայրենիքն էլ՝ պարսպապատ իմ դղյակը՝ ազատ ու անկախ: Իսկ դու սարուձոր ընկել՝ հին տեսություն ես զարգացնում, ծերացած ազգի փուչ ու ժանգոտ գաղափարախոսություն: Մի կյանք է, ապրի էլի»:
Դեմս ասես ծանր ու խուլ պատնեշ դրվեց: Ինձ թվաց, թե նստել եմ անկանգառ սուրացող մի գնացք ու գնում եմ կորչեմ-անէանամ անհայտության սև հեռուներում… Պահի աչքաթարթում ներսս լրիվ զուլալվեց: Հայտնագործություն անողի պես` ես կարծես նոր միայն հասկացա, որ իմ ցավն ու ուրախությունը նրա ուսերի համար չէ. մենք մտքի ու կեցության տարբեր չափումների մեջ ու իրար հանդեպ խորթ էինք, իսկ մեր զրույցը` անիմաստ ու անհեթեթ: Տագնապի նման մի անհանգստություն երակիս մեջ մի պահ տրոփեց ու լռվեց և ես չնայելու պես տակնիվեր նայեցի նրա դեմքին ու այդ դեմքի անդարդ ամայության վրա չտեսնելու պես տպված տեսա իրպեսներով բնակեցված Հայոց երկրի քարտեզը: Ու սարսափեցի: Եվ ինչպես անօգնական երեխա՝ ինքս ինձ ահավոր խղճացի: Մի տեսակ չլինելու պես կայի: Օդն ասես շուրջբոլորս դատարկվում էր: Խարկված հողի վրա կանգնածի վիճակում էի: Այլևս խոսելս չէր գալիս, մտածելս` առավել ևս. մտքերս դեռ չծնված` մեջս փսորվում էին: «Գնա՞նք խմենք,- մի տեսակ ցտեսության հանգով արտաբերեցի ես,- օղու բաժակում մտքերն ավելի թափանցիկ են դառնում»: Աչքերի խորքում հին սատանան դարձյալ թափառում էր, հաշվարկները ճիշտ, վարքը` հստակ… «Մեծ հաճույքով կհամաձայնեի,- հրաժեշտի ոգուն տեր կանգնեց նա,- լավ միտք է, բայց վռազ եմ: Մնա մի ուրիշ անգամ»: Ժպտացինք, մեկ-մեկու ձեռք սեղմեցինք և, ճիշտ ու սխալի թվաբանությունը ժամանակին հանձնելով, բաժանվեցինք:
Նա շարունակեց բարձրանալ, ես` շարունակեցի իջնել: Ու դարձյալ կայուն, հավասարակշռված վիճակ էր. իմ հայացքը բաց ու անմարդ գրախանութի կողմն էր, նրանը` դրախտի դարպասներին: