Հովիկ Մխիթարյան | Հարվածը

Դեռ երկար նրան կտանջեն մղձավանջները: Նա սարսափահար վեր կթռչի, մի ակնթարթ ուղեղում կառկայծի սարսափելի անցածն ու իրականությունը: Հետո կփորձի շոշափել այն, ինչն այլևս հնարավոր չէ շոշափել: Թեթևության և ուրախության զգացումներին կփոխարինեն ցավն ու տառապանքը, անցածի կորուստը և հիշողության՝ երբեք այլևս չջնջվող բեռը: Նա թաքնվել էր շենքի անկյունում և հետևում էր, թե ինչպես չդադարող կրակահերթերը քրքրում էին հողն ու քարերը, շենքի պատերը: Օդում կրակի, ծխի ու սարսափի հոտ կար: Այդ բոլորին ավելանում էր շոգը և ճնշող սարսափը: Զինվորը ակնդետ առաջ էր նայում դեպի փոքրիկ շինությունը, որի ետևում իր տղան էր: Նա թաքնվել էր կրակոցներից և փախչելու ոչ մի հնարավորություն չուներ: Անզորության զգացումը ճնշում էր նրան, իսկ վախը` ջլատում ուժերը: Եթե չես կարող օգնել, գոնե կարող ես կրկնել` «Դիմացիր, տղաս, ես սիրում եմ քեզ»: Ներքին հրդեհը նման էր ամեն պահի ժայթքելու պատրաստ հրաբուխի, որի մեջ փոթորկացայտ ծառս էին լինում սիրո և անզորության ամենակուլ ալիքները: Այս ապտմությունը երեխայի անվարժ ձեռագրով ճանկռտված թոթովանք էր հիշեցնում՝ անհաշիվ տառասխալներով: Շենքի ներքնահարկում թաքնվել էին կանայք, ծերերն ու երեխաները: Կանայք լացում էին վախից ու անորոշությունից, իսկ երեխաները` ծարավից ու անշարժությունից: Մահվան ուրվականն էր թագավորում…այնքան իրական ու այնքան շոշափելի: Զինվորը վաղուց էր ներքնահարկ ուղարկել ջրով լի իր տափաշիշը: Այլևս ծարավ չէր զգում, միայն բաղձալի մայրամուտն էր տենչում, մայրամուտ, որ ազատագրում էր բերելու: Պատերազմի կուռքը` Մողոքը, նոր զոհեր էր պահանջում. նա կանգնեցրել էր ժամանակը ստվերների իր թագավորությունում: Աստիճանաբար ավելանում էին դադարները: Զինվորը ձգտում էր թափանցել ցրվող փոշու ու ծխի միջով` տեսնելու փոքրիկ տաղավարի ետևում թաքնված տղային: Երբեմն հայացքն ինքնաբերաբար ուղղում էր դեպի հեռվում երևացող լեռը, որի գագաթները թվում էր թե ձուլվում էին ամպերին. այնքան իրական էին ամպերը, այնքան կենդանի: – Դուրս չգաս, – բղավեց , մի բան ասած լինելու համար, որովհետև տղան պետք է զգար իր ներկայությունը: – Վախենում եմ, – կարծես երազի մեջ լսվեց տղայի լացախառն ձայնը: Խոր քարանձավից, թե անդունդից էր գալիս այդ ձայնը` հազիվ լսելի, լացակումած ու անդրաշխարհային: Զինվորի ներսում ինչ-որ բան փլվեց. նա պատրաստ էր ծնկի գալ և աղերսել մոխրագույն, հանդարտասահ երկնքին, որտեղ կյանքի գաղտնիքներն էին լողում, և որտեղ կարող էր փրկություն լինել: Նա ցանկացավ լաց լինել, պատմել երկնքին, որ իր կարիքն ունի` երկրային այս մղձավանջից, պատերազմից ազատվելու համար: Բայց որովհետև զինվոր էր, ավելի ամուր սեղմեց ավտոմատը պողպատյա ձեռքերում: Հայացքը մի անգամ էլ հառեց երկնքին և ապա՝ խորհրդավոր անկյունին: Պատերազմը` անհեթեթեթության հաղթարշավ, պատերազմը` հավիտենական անեծք, կայենական բարդույթ: Պատերազմն օրհնում ու սրբացնում են, նրա առաջ մոմ են վառում: Հետո նրան հայհոյում են, բայց նրա հետ հաշվի են նստում: Պատերա՞զմը…ուժեղները թուլանում են, թույլերը` ուժեղանում, կանայք բռունցքներն են սեղմում, տղամարդիկ` լացում: Իսկ փոքրիկ տղաները պատին են սեղմվում: Եվ վախեցած սպասում… Անցած ողջ կյանքը սրընթաց դուրս լողաց զինվորի հիշողության խորքերից, հետո ցաքուցրիվ եղավ ու պատառիկների վերածվեց: Պատառիկներ փոքրիկ տղայի մասին, ով վազում է առվակի կողքով` հայացքն ամպերին: Հետո նստում է խոտերին և շշից ջուր խմելով հետևում, թե ինչպես են ամպերը ֆանտաստիկ պատկերներ հյուսում` անասելի հրճվանքի ու անգիտակից ուրախության աներևակայելի պատկերներ, որ գալու էին և նույն արագությամբ էլ ցաքուցրիվ լինելու: Հիմա իր տղան այնքան է, որքան ինքն էր, երբ սիրահարվում էր կյանքին, երբ նստում էր խոտերին և ամպերից էր իր կյանքի երաժշտությունը հորինում: Տղան, որ թաքնվել էր շինության ետևում, միայնակ էր, անտանելի միայնակ: Ահա թե ինչու զինվորը ցանկանում էր գոռալ ու աղերսել, փրկել տղային… և ապա ձեռքերում ավելի ամուր էր սեղմում ավտոմատը, քանի որ ուրիշ ոչինչ չէր կարող անել: Կյանքն այն էր, ինչ նա կար,և պետք չէ ավելորդ գունազարդել կամ պաճուճապատել նրան և ոչ էլ նվազեցնել նրա արժեքը: Պատերազմի պագշոտ ժպիտը սրտխառնոց է առաջացնում… նրա թքախառն-լորձոտ ճոռոմաբանությունը` ծաղր` ապրելու իրավունքին: Իսկ զինվորները մահվան քայլերգեր են երգում կամ հիստերիկ ծիծաղում: Նրանք չգիտեն` ինչ են գովերգում և ինչու են գովերգում: Եթե իմանան, կշպրտե՞ն ավտոմատները և «մա՜մ» կբղավեն… Ահա թե ինչու էր հիմա զինվորը հետևում արևի ընթացքին. արևն իր հետ փրկություն էր բերելու: Իսկ հիմա նա կարո՞ղ է արագացնել իր ընթացքը, որպեսզի տղան փրկվեր: Նա կթաքնվեր սարերի ետևում, մութը կընկներ և կդադարեր կրակը: Հետո փոքրիկ տղան կվազեր հոր մոտ, և երազները կմիաձուլվեին: Երազները երազ էլ մնում են, երբ մարդիկ տառապում են իրենց հորինած առասպելներից, գաղափարական մտագարությունից և սպանության հովվերգությունից… Զինվորը հույսով արևին էր նայում. նրան թվում էր, թե նույնիսկ երկինքն է փակել պատուհանները: Աղոթքի նման մի աղաղակ դուրս թռավ ատամների արանքից: Աղջամուղջները երբեք չե՞ն ուշանում…ինչու՞ ենք մենք պայքարում արշալույսների ու արևի, աղջամուղջների ու փոքրիկ տղաների դեմ: Կրակոցները նվազել էին: Օդում մոլորված, հատուկենտ դավադիր գնդակներ էին դեռևս սուրում: Մահվան ուրվականն ավարտում էր որսը: Զինվորը, ամբողջ մարմնով պրկված, առաջ էր նայում: Նա փորձում էր թափանցել հեռվում երևացող շենքի միջով…այնտեղ, որտեղ հազար տոննայանոց մետաղյա հրեշն էր… նա կրակ ու որոտ է ժայթքում, ոռնում ու մահ թքում, բզկտում ու ցաքուցրիվ անում, նա մասերի է բաժանում կենդանի, շնչող էակին…նա չի խնայի նույնիսկ փոքրիկ տղաներին: Հանկարծ զինվորը թույլ, աննշան շարժում որսաց այն տեղից, որտեղ տղան էր: Հոր բնազդը նրան հուշեց, որ երեխան հոգնել է և վախենում է: – Մի քիչ էլ սպասիր, – բղավեց հուսահատ. ձայնը դժոխքից էր ելնում և իրենը չէր: Բղավելուց հետո նայեց ամպերին. միայն ամպե՞րը կարող էին փրկել: Ամպերը երազների նախերգանքն են ու վախճանը, հույսերի սերմերն ու կյանքի խորհուրդը… Բայց արդեն ուշ էր. փոքրիկ տղաներն էլ են որոշումներ ընդունում: Նա անգիտակցական քայլ էր կատարել և հիմա բաց էր տիեզերքի առաջ ու խուճապահար, ինչից վախն ավելի էր սաստկացել: Նա հիմա աշխարհի ամենահարմար թիրախն էր…Երեխան անսպասելի ուղղվեց և սկսեց վազել, կտրելով ամենավտանգավոր գոտին: Վազում էր այնպես, ինչպես ինքն էր վազում ամպերի ետևից` ավելի ու ավելի արագ: Պարզապես տղան գիտեր, թե ուր և ինչի համար է վազում: Նա վազում էր այնտեղ, որտեղ հայրն էր և կյանքի հրավերը: Զինվորը տագնապահար այս ու այն կողմ էր նայում, աշխատում որսալ ամենաաննշան շարժումն անգամ. նույնիսկ դադարեց շնչել: Հետո տեսավ այն, ինչից ամենից շատ էր վախենում` հակառակորդի տանկը դուրս սողաց իր թաքստոցից և արագ ուղղություն վերցրեց: Երկաթե այդ բազմատոննանոց հրեշը ծարավի էր արյան. նա Մողոքի վիժվածքն էր և հարազատ զավակը, նրանք միասին էին խրախճանք անում և հպարտ էին իրենցով: Պատերազմը մահվան բանբերն է, հիշողության վախճանը, որ խառնվես հողին ու քարին, քեզնից մնա հիստերիկ ողբն ու լացը, վայնասունն ու անմարդկային ոռնոցը, սիրտ մաշող երաժշտության անհուսությունն ու անհայտ զինվորի անհայտ գերեզմանը… Զինվորն այլևս չէր կարող տեղում մնալ, նա ընդառաջ վազեց տղային: Կարծես չար երազում տեսավ, թե ինչպես է շարժվում հրեշի դիտանոցը: Տղան բնազդաբար արագացրեց վազքը, ինչպես ինքը, երբ ցանկանում էր հաղթել ամպերին և վազում էր` աչքերն ամպերին ու չէր զգում արագությունն ու ժամանակը: Հիմա էլ, տասնյակ տարիներ անց, վազում է նույն արագությամբ հաղթանդամ զինվորը` նայելով ամպերին. երանի տղան էլ նայեր ամպերին…ամպերը չեն խաբում: Լիներ մի բան, որին հրաշք անվանումը ամենից շատ կսազեր, լիներ ամեն ինչ, միայն թե կենդանի մնար տղան…Զինվորը ծանրամարմին էր և շնչակտուր էր լինում: Բայց գիտեր, որ հարվածը չի ուշանալու, նա գալու է որպես խելագար անհրաժեշտություն, անբացատրելի պատմության անողորմ դիպված …Վազելիս նույնիսկ ավտոմատն էր խանգարում, այն այլևս պետք չէր, ի՞նչ էր անելու դրանով այս մետաղյա հրեշին: Վայրկյան անգամ չկորցնելով նա հենց ընթացքից շպրտեց այն…հավատում էր, որ կհասցնի ծածկել տղային և որ հայրերը հարվածի տակ չեն թողնում զավակներին: Նա հավատում էր հրաշքին, կյանքը` սիրո խանդաղատանքի վերածող հրաշքին, հրաշալի երազները իրականություն դարձնող հրաշքներին. հրաշքներ, որ միշտ գալիս են իրենց ժամանակին: Զինվորը հավատում էր, որ կհասցնի հսկայական ցատկ կատարել և իր մարմնով ծածկել երեխային… ինքը կհասցնի, որովհետև զինվոր է, հայր է, տասնյակ տարիների սիրո փորձառությամբ, և որովհետև ամպերը միշտ բարի լուր էին ավետում իրեն: Եվ երբ մնում էր մեկ- երկու մետր, նա առյուծի ցատկ կատարեց` իր կյանքի վերջին ցատկը և հասցրեց ամբողջ մարմնով ծածկել փոքրիկ տղային: Իսկ երբ որոտաց կրակոցը, նա խլացավ և կորցրեց գիտակցությունը, թեպետ առանց դրա էլ ցանկանում էր կորցնել մի բան, որն այդ պահին այլևս պետք չէր իրեն… Երբ ուշքի եկավ, ինքը միայնակ չէր. մարդիկ շրջապատել էին իրեն: Հիշեց` պատերա՞զմը…բաղեղված գերեզմաններն ու տրորտակ եղած, ցեխոտված ծաղիկները, մերկ մահարձանի` գիտակցություն լլկող լռությունը, անպատասխան սերը… Պատերազմը՝անմտության հաղթարշավը, երիտասարդի աղեկեզ ու չձևավորված մահասարսուռ բառաչը, մահվան անժամանակ գրկագառնությունն ու անգիտակից լավատեսությունը…անթերի ու կոկ հագնվածների անհեթեթ զեկույցներն ու նրանց հավատացողների անմիտ զառանցանքները և սովալլուկ, ահաբեկված, ռումբերից բզկտված մանուկների մահախորհուրդ, անհասկանալի ու աղեկտուր լացը… Մշուշված գիտակցությունն աստիճանաբար էր իրականություն վերադառնում: Երբ բացեց աչքերը, առաջին բանը, որ տեսավ` ամպերն էին, նրանք իրենց տեղում էին. խոժոռ, բայց հանդարտ, ու ցաքուցրիվ, որ կյանքի ֆանտաստիկ պատկերներ էին հյուսում: Անսանձ երևակայության գծած ապագայի պատկերներ, ինչպես շատ տարիներ առաջ, երբ մանուկ էր, երեխա, ուրախ և անհոգ… ամպերը…սարսափելի ցավոտ էին ամպերը: – Երեխան, – հարցրեց աչքերով, հոգով, ամբողջ մարմնով: – Կենդանի է, – աղմկեցին մարդիկ, ծառերը, աստղերն ու ամպերը: Նա փորձեց ոտքի կանգնել, սակայն չստացվեց: Զինվորը ճչաց սարսափելի ցավից ու էլի ինչ – որ բանից, որ անուն չուներ: Նա հասկացավ, որ էլ երբեք չի կանգնելու, չի ցատկելու ու չի քայլելու: Նա կարիք չուներ նայելու ներքև, անտեղ, որտեղ իր ոտքերը պետք է լինեին… – Տա՞նկը, – փորձեց շարժել շրթունքները: – Տանկ չկա այլևս: – Ոտքերս, – ուզեց գոռալ, – երբ գրկում էին և դնում պատգարակին: Բայց քանի որ ցավերն ավելի ու ավելի ուժեղանում, միայն կարողացավ շշնջալ. – Տղաս, պատերազմն ավարտվեց. ամպերն ու երազանքները չեն խաբում: Հետո նա ձեռքով բարեկամական շարժում արեց աղջամուղջի մեջ անհետացող հրաշքի բանբերներին` ամպերին: Նրանք նույնն էին, ինչպես մանուկ ժամանակ: Սուր ցավ էր զգում և միևնույն ժամանակ անասելի թեթևություն: Իսկ երբ փորձեց մի անգամ էլ վերհիշել ուրախության պատճառը, դարձյալ ուշաթափվեց:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *