Հարություն Հարությունյան | Կարանտին

Հարություն Հարությունյան

Իր մայրամուտի վերջին շրջանն ապրող ծերունի գեներալը, ճոճաթոռին նստած, նոր-նոր էր սկսել նիրհել, երբ խավարասերները որոշեցին խախտել նրա ծերունական անդորրը: Ո՞ւմ մտքով կանցներ, որ նրանք մի օր գլուխ կբարձրացնեն: Այնքան հեզ էին, այնքան հնազանդ, որ նույնիսկ նրա կենսաքիմիկոս կինը, ոգևորված, որոշել էր նպաստել նրանց արագ բազմացմանը և արու խավարասերներին իր ստեղծած հատուկ շիճուկից էր ներարկել: Գործողությունը հաջող էր անցել, բայց հետո, Էգ խավարասերների մի խմբաքանակ չէր դիմացել արուների անզուսպ պահանջներին և մեջքի վրա շրջվել էին` խախտելով մութ սենյակի դեմոգրաֆիան: Տանտիրուհուն ոգևորել էր այն հանգամանքը, որ զորավարին պատկանող ռեստորաններում խավարասերներից պատրաստված ուտեստները մեծ պահանջարկ էին վայելում և որոշել էր զարկ տալ միջատաբուծման գործին: Ըստ էության` կինը խաբկանքի մեջ էր, որովհետև այդ միջատներից պատրաստված ուտեստների նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը ձևական էին՝ քծնածին: Այն ժամանակ շատերն էին երազում զորավարի շվաքի տակ հայտնվել և գեներալական խոհարարի փորձարարական ճաշացանկը համտեսելուց հետո պարտադրված հիացել էին նոր ուտեստի համով, ինչից էլ ոգևորված, գեներալը հրահանգել էր, որ իր բոլոր ծանոթ-մտերիմները ճաշեն միայն այդ ռեստորանում և պատվիրեն հատկապես այդ ուտեստները:
Բոլորը խոսում էին նոր ուտեստների մասին և, նախապես պատվիրում յուրահատուկ ուտեստը ճիշտ այն ժամերին, երբ գեներալը ռեստորանում էր լինում: Եթե նրան չէին հանդիպում և չէին արժանանում նրա ուշադրությանը, այնքան էին ուտեստի մասին խոսում, համուհոտով պատմություններ հորինում, որ դրանք բերնեբերան գնում-հասնում էին զորավարի ականջին: Նա էլ վարձահատույց էր լինում` նրանց արժանացնելով իր ընդունելությանն ու բարեհաճությանը: Կանչում էր, զրուցում, հալուքեֆ հարցնում, հորդորում, որ երբեք չընկճվեն, չխեղճանան և միշտ ամուր կառչած մնան իրենց հող ու ջրին: Միայն այդքանը բավական էր, որ արդեն հաջորդ օրը հաճախորդները նոր կարգավիճակով փողոց դուրս գային և հոնքի տակից, ցից պրկված աչքերով նայեին համաքաղաքացիներին:
Գեներալը չէր ճաշակել այդ ուտեստներից: Նրա ճաշացանկը խնամքով, առողջապահական հատուկ կարգով էր սահմանված՝ ջայլամի միս,քանի որ այն զուրկ էր խոլեստերինից և՝ անվտանգ, շաքարախտով հիվանդների համար, հորթի համեմված կրծքամիս, տապակած գայլաձուկ, տարաշխարհիկ բանջարեղեններով և մրգերով աղցաններ և այլն: Նրա մտքով չէր էլ կարող անցնել, որ կոյուղում վխտացող խավարասերներից կարելի է ուտեստներ պատրաստել, բայց մի անգամ այցելուներից մեկի ձայնը գրավեց ռեստորանի հաճախորդների ու անձնակազմի ուշադրությունը:
Oրվա այցելուն` գեներալի շրջապատին ոչ անհայտ Մլեհը, կամ, ինչպես նրան քաղաքում էին ճանաչում, Մլեն, որոշել էր հյուսիսից եկած իր հյուրերին պատվել ու նրանց հրավիրել էր քաղաքի ամենահայտնի՝ «Մարաջախտ» ռեստորան: Հայտնի խոհանոցի անուշաբույր համ ու հոտից անակընկալի եկած հյուսիսցիները այլայլվել էին, երբ նրանցից մեկի ափսեում մեջքի վրա փռված, ոտքերը վեր պարզած խավարասեր էր նկատվել: Մլեհի հայհոյախառն գոռգոռոցի վրա ներս խուժած` ռեստորանը «նայող» տղերքը, իմանալով եղելությունը, սիրալիր ներողություն էին խնդրել հյուրերից, իսկ Մլեհին «հրավիրել էին» զրույցի : Բարձրաձայն բողոքելու համար նրան անձամբ «մշակել» էր գեներալի համհարզը՝ թիկնապահ Համամը, ով արդեն հասցրել էր դառնալ քաղաքի ահ ու սարսափը: Իր գործն անելուց հետո նա խոհարարին պարտադրել էր Մլեհի համար խավարասերներից ապուր պատրաստել: Խոհարարն էլ իր հերթին ջանացել և ստեղծագործել էր` այնպես, որ ինքն էլ էր զարմացել, թե ինչպիսի հաճույքով Մլեն ոչ թե կերել, այլ կուլ էր տվել տարաշխարհիկ ապուրը, սրբել մինչև ականջները հասնող բեղերն ու, շնորհակալություն հայտնելով, հյուրերի հետ դուրս եկել ռեստորանից:
«Ես Կորեայում էլ եմ սրանցից կերել, բայց սրա համն ուրիշ է, լավն էր»,- հյուրերի մոտ արդարացել էր Մլեհը և շարունակել. «Հավանաբար, ջրից է»: Իսկ հետո, որպեսզի իր ասածներն ավելի արժանահավատ լինեն, առաջարկել էր խմել տեղական գարեջուր կամ «Կոկա-կոլա» և համոզվել, որ, իրոք, համի առումով շատ են տարբերվում աշխարհի որևէ երկրում պատրաստված խմիչքներից:
Դեպքին հաջորդող օրերին, երբ քաղաքում լույսի արագությամբ տարածվեց «Մարաջախտ»-ում խավարասերներ հրամցնելու մասին լուրը, Մլեհին ոչինչ չէր մնում, քան այդ պատմությունը հունցեր և հրամցներ իր տարբերակով: Ուր նստում էր, պատեհ անպատեհ գովաբանում էր ռեստորանի խոհարարի ձեռքի շնորհքը և իր բոլոր ծանոթ-բարեկամներին, ընկերներին, խորհուրդ տալիս անպայման համտեսել այդ հրաշք ուտեստը: Նույնիսկ առաջին հինգ հոգուն ինքն անձամբ որոշեց հյուրասիրել: Երբ մտել էին ռեստորան, սրահի վարիչը լարվել էր և փորձել ռադիոկապով Համամին կապ տալ: Մլեհը, հասկանալով լարվածության պատճառը, մեղմել էր իրադրությունը: Ասել էր. «Տղերքով որոշեցինք բզեզներ ուտել»: Ապա շրջվելով մատուցողի կողմը` բարձր, բարձր, այնպես, որ բոլորը լսեն, ասել էր. «Մեզ համար հինգ բաժին բզեզապուր բեր»: Մատուցողի և սրահի վարիչի շփոթված հայացքները միայն Մլեհն էր նկատել: Նույնիսկ տեսել էր, թե ինչպես նրանց ճակատներին քրտինքի կաթիլներ հայտնվեցին:
Գեներալը զարմացած էր: Քաղաքում պտտվող տարբեր պատմություններից հասկացել էր, որ խավարասերով ապուրը հրաշալի համ ունի, բայց նրա հավատարիմ համհարզը, ով նույնիսկ գիշերները չէր հեռանում զորավարի կողքից և նինջի ժամանակ հերթապահում էր` դռան տակ, հասցրել էր անկեղծանալ և ներկայացնել ուտեստի ստեղծման եղանակը, որը Գեներալին շատ էր դուր եկել: Նա էլ մարտադաշտում էր առաջնորդվել նման մի հնարքով՝ զինվորներին պարտադրաբար, առանց փանփուշտի կրակի բերան էր ճամփել… և հաղթել :
Գեներալի նկատմամբ հիացական վերաբերմունքը դրսևորվեց, երբ ռազմաճակատում էր: Պատմությունները, մինչ հասնում էին հայրենի փոքրիկ քաղաք, ավելի ազդեցիկ էին դառնում: Իրականությունն անզոր էր ժողովրդական բանահյուսության դեմ: Պատմում էին ու պատմում, հորինում էին ու գունազարդում և այդ հորինվածքներով սփոփում մարտի դաշտում զոհված զինվորների ծնողների, ազգականների, ընկերների սրտերը: Ըստ այդ պատմությունների` զորավարը տասնապատիկ, հարյուրապատիկ վրեժխնդիր էր լինում ամեն մի զոհված զինվորի դիմաց` այնպես, որ նրա անունը լսելիս թշնամին գլխապատառ, մի ոտն առաջ ճողոպրում էր մարտի դաշտից` թողնելով տուն-տեղ, ավտոմեքենա, կահույք, հնաոճ իրեր, փայտանյութ, երկաթյա ամրաններ, զանազան անպիտան, նույնիսկ պետքական իրեր…
Ու հիմա նա էր տիրացել քաղաքի միակ ռեստորանին: Հին խոսք է՝ հաղթողին չեն դատում ու մինչ նա կվերադառնար, նրա թիկնապահը՝ Համամը, արդեն հասել էր ռեստորան և ազդարարել նոր սեփականատիրոջ անունը:
Կրակոցների ձայնից այդ օրը քաղաքը չքնեց: Դիմադրությունն անողոք էր, բայց` անիմաստ: Հաջորդ օրերին քաղաքում դերերը վերաբաշխվեցին: Շուկայի մսավաճառներից սկսած մինչև ավտոկայանատեղիների հսկիչները` փոխվում էին, և նորերն էին նշանակվում Համամի ու նրա նմանների որոշումով: Ով ընդդիմանում էր, տեղում, բոլորի աչքի առոաջ ստորացվում և դուրս էր շպրտվում տարածքից, ավելի համառներին, չկոտրվողներին տանում, գցում էին գեներալի ձիերի ախոռը, որտեղից կա՛մ չէին վերադառնում, կամ վերադառնում էին որպեսզի ունեցած-չունեցածը հավաքեն և հարկադրաբար հեռանան երկրից:
Քաղաքում մեռելային լռություն էր: Բոլորը շշուկով իրար պատմում էին, թե ինչպես երկրից անվերադարձ հեռացան քաղաքի հարգված գերդաստանները` մսավաճառ Խոսրովի, արծաթագործ Զարեհի եւ այլոց ընտանիքները: Հեռացավ նաև քաղաքի գուսանը, ով զորավարի ամենօրյա խնջույքների սեղանի զարդն էր: Ոչ ոք այդպես էլ չիմացավ գուսանի հեռանալու պատճառը: Քաղաքն ապրում էր` շունչը պահած, ու թվում էր, ուր որ է շնչահեղձ է լինելու:
***
Գեներալը միայն լսում և ընդունում էր հավատարիմ թիկնապահի խորհուրդները: Համամը նրա շրջապատի ամենաուսյալ և լուսավոր մարդն էր: Նա տառաճանաչ էր. ավարտել էր հանրակրթական դպրոցի ութերորդ դասարանը և մի քանի ամիս հաճախել հիդրոմելիորատիվ տեխնիկում: Համամը ամեն առավոտ պարտաճանաչ, զորավարի համար ընթերցում էր մամուլի կարևոր հրապարակումները, հետո նույնը ջանում բացատրել հասկանալի լեզվով: Թեև գեներալը Համամի ո՛չ ընթերցանությունից էր բան հասկանում, ո՛չ էլ` բացատրածից, բայց ամեն անգամ խորհրդավոր շարժում էր գլուխը` հավանություն տալով նրա անկեղծ ջանքերին: Թերթեր կարդալը Համամի համար Քրիստոսի տառապանք էր, մանկուց ատել էր գիրն ու գիրը ստեղծողին, բայց հանուն իր հրամանատարի ի~նչ զոհողությունների ասես չէր գնացել, մինչև որ շահել էր նրա վստահությունը: Նա վերջնականապես դարձավ գեներալի «կողոսկորը», երբ նրա ծննդյան օրվա առթիվ որպես նվեր ձիարշավարանից բռնազավթեց արաբական ազնվացեղ մի ձի: Գեներալը ձիեր շատ էր սիրում: Համամն էլ քայլում էր կիպ՝ զորավարի թիկունքը պահած, միշտ գրպանը լի շաքարի կտորներով. Գեներալի ամենասիրելի զբաղմունքը ձիերին շաքարով կերակրելն էր: Համամը դա լավ գիտեր: Ձիանոց միայնակ մտնելու իրավունք միայն նա ուներ, նույնիսկ գեներալի կողակիցը՝ կինն էր զրկված այդ արտոնությունից, փոխարենը նրան տրված էին խավարասերների բուծարանում գործելու բոլոր իրավունքները: Իսկ երբ ախոռից լսվում էր ձիերի անզուսպ խրխինջը, նշանակում էր` գեներալը այնտեղ է՝ ձիերի հետ, և այդ ժամանակ նույնիսկ Համամին էր արգելված մտնել ու խանգարել տիրոջ վայելքները:
Այն օրը, երբ փոքրիկ քաղաքում պայթեց բզեզապուրի լուրը, Համամը հասկացավ, որ պետք է զարկ տալ խավարասերների բուծման գործին: Նա շատ արագ կողմնորոշվեց և, տիրոջից թաքուն, իր տղաների հետ ներխուժեց քաղաքում գործող` արդեն միակ արհեստագործական ուսումնարանը և, խլելով ուսումնարանի հաստոցները, որպես մետաղի ջարդոն` դրանք վաճառեց մադագասկարցի մի անծանոթ գործարարի և ստացած ողջ եկամուտով Մադագասկարից ցեղական խավարասերներ ներմուծեց: Գեներալը այդ մասին իմացավ, երբ խավարասերների խմբաքանակն արդեն տեղ էր հասել: «Մարաջախտ»-ում արդեն բզեզապուրի հերթեր էին գոյանում:
Գեներալի բեղերի գոհունակ դիրքից Համամը հասկացել էր՝ ամեն ինչ ճիշտ է արել: Խավարասերների բիզնեսը փթթում էր: Մադագասկարից ներմուծված խավարասերները մեծ էին, և՛ տռուզ: Նույնիսկ երկրի վարչապետը որոշեց գյուղնախարարի հետ այցելել և ծանոթանալ այս նորամուծությանը: Նրանք, իհարկե, բզեզապուր չճաշակեցին, գեներալն էլ չառաջարկեց, բայց այն, ինչ տեսան, ցնցող էր: Բարձրաստիճան ընկերները ավելի ապշեցին, երբ իմացան, որ ներմուծված միջատները յուրահատուկ են՝ միասեռ, և շատ արագ բազմացող: Մտածել էին, թե այդ հնարքի հեղինակը գեներալի կենսաքիմիկոս կողակիցն է, բայց երբ իմացել էին, որ այս խմբաքանակը ներմուծելուց հետո նա կնոջը հրահանգել է դադարեցնել կենսաբանական փորձերը, ավելի էին ապշել: Նման բան ոչ ոք չէր լսել, նույնիսկ` գյուղնախարարը: Սա արդեն բնության կանոններին հակառակ էր, բայց խավարասերներն անողոք բազմանում էին:
Վարչապետի և գյուղնախարարի այցելության մասին լրատվությունը լռեց: Պայմանավորվել էին, որ լրագրողներ չեն լինելու, քանի որ գեներալը խնդրել էր ոչինչ չհրապարակել: Գաղտնիության գաղափարը կրկին Համամինն էր: Ասել էր` եթե այս մասին լուր հրապարակվի, շատերը կսկսեն խավարասերներ բուծել և կխփեն մեր գործին, պետք է միառժամանակ չիմանան, որ հետո նման գործ նախաձեռնողներին էլ մենք խավարասերներ մատակարարեն: Գյուղնախարարը սակայն չէր դիմացել և հպարտացել էր նոր ձեռքբերումներով: Հերթական անգամ, երբ Համամը տիրոջը ծանոթացնում էր մամուլի անցուդարձին, քիչ էր մնացել ուշագնաց լիներ, բայց գեներալը հանգստացրել էր նրան. «Թող գրեն, թող իմանան, որ, բացի կռվելուց, նաև լավ բիզնես անել գիտենք»: Ասել էր ու բռնոթին քթերը քաշելուց հետո շարունակել. «Լավն էլ են գրում` նեղվում եք, ա՛յ մարդ»: Ու մի լավ փռշտալուց հետո ասել. «Ըհը, էդքան էլ ղորթ»: Համամը չէր հանդարտվել, նրա առաջարկով գեներալը զանգահարել էր վարչապետին և, որպես պայմանավորվածության խախտման փոխհատուցում, պահանջել կառավարության առաջիկա նիստում որոշում ընդունել, իր ընկերությանը տալ խավարասերների բուծման մենաշնորհի իրավունք:
Գեներալը խավարասեր երբեք չհամտեսեց, բայց մանկան պես սկսեց զվարճանալ, երբ մի անգամ բուծարանում մի տռզած խավարասեր ընկավ նրա ոտքի տակ ու պայթեց: Այդ ճայթոցի ձայնը գեներալին տեղափոխեց մանկության տարիները, երբ գյուղի ճահճուտներից ընկերների հետ գորտեր էին բռնում, հետույքից փչում ու պայթեցնում: Դրանից հետո ամեն օր Համամը տիրոջ համար ընտրում էր ամենատռուզ խավարասերին, իսկ գեներալը այտուցված ոտքերից հանում էր հողաթափերը և սկսում զվարճանալ…:
***
Գեներալը ի ծնե տհաս էր, իսկ վերջին տարիներին՝ անբուժելի հիվանդ: Նա մի քանի անգամ մահացել էր և հառնել: Նրա մահերը միշտ գաղտնի էին պահվել: Գեներալը վերջին անգամ մահացավ բոլորի աչքի առաջ՝ ծնկած, երբ վախը սպանեց նրան: Այդ օրը նա վերջին շնչում հասավ իր գրասենյակ, ամուր կողպեց դռները, գլխիկոր վերջին հրաժեշտը տալով շրջապատին` փակվեց իր դամբարանում: Գնաց, հեռացավ, անհետացավ: Մարմինը շնչում էր, ինքը՝ ոչ: Եվ միայն ամիսներ անց վերադարձավ այտուցված այտերով, արյունակալած աչքերով, կապտած դեմքով և ցանցառ՝ դեղնած բեղերով:Ինքն էլ չգիտեր` ինչու է Բարձրյալն այդքան հանդուրժող, բայց կռահում էր՝ եթե հանդուրժում է, ուրեմն իր կարիքը դեռ ունի: Եվ ամեն անգամ, երբ հառնում էր մեռյալներից, ավելի դաժան, ցինիկ և ագահ էր դառնում: Ներքուստ հանգիստ էր, գիտեր, որ միայն ուտելուց չի մահանալու, մնացած բոլոր դեպքերում կա՛մ արդեն մահացել էր, կա՛մ սպանվել: Հերթական անգամ, երբ դարձյալ հարություն էր առել, նախաձեռնեց և հիմնեց «Բնաբանների և հատկապես` խավարասերների բնապահպանական ակումբ »-ը, որի` օր օրի շատացող, անթիվ, անհամար անդամների հետ կնքված պայմանագրի համաձայն` ակումբի յուրաքանչյուր անդամ պետք է դառնար հայրենասեր և անմնացորդ նվիրվեր հայրենի բնության պահպանման գործին: Նրա ստեղծած ակումբը կարճ ժամանակում այնքան հզորացավ, որ զորավարը որոշեց դրա անդամներին մյուսներից տարբերակելու համար խավարասերի պատկերով նշաններ բաժանել: Ինքը, անշուշտ, առաջինը կրեց՝ ադամանդակուռ քարերով, իսկ Համամին և նրա տղաներին բաժանեց ոսկեջրած տարբերակները: Մնացած անդամների նշանները ձուլված էին պարզ՝սև մետաղից: Պահանջարկն այնքան մեծ էր, որ Համամը առաջարկեց դրանցից վաճառքի հանել: Գեներալը դեմ չէր հավելյալ գումար վաստակելուն: Մի քանի ամիս անց կազմակերպությունը տարածվեց երկրով մեկ, և ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել, խրոխտ քայլող` խավարասերի պատկերով կրծքանշանակիրների: Խավարասերը դարձել էր երկրի խորհրդանիշը: Խավարասերներից ուտեստներ էին պատրաստում՝ կարկանդակներ, լցոնված սնկեր, տապակա, ապուր, ծխեցնում էին գարեջրասերների համար և այլն: Վաճառվում էին խավարասերների տեսքով զարդեր, վզնոցներ, մատանիներ: Ավելի խելահեղները մարմնի տարբեր մասերին խավարասերի պատկերով դաջվածքներ էին անում: Երգահանները երգեր էին ձոնում, մշակույթի գործիչները փառատոներ, գիտաժողովներ կազմակերպում, եկեղեցիներում ամեն կիրակի` պատարագից հետո, հոգևորականները արևշատություն և երկար կյանք էին մաղթում երկիրը բարեկեցության հասցրած կազմակերպությանն ու նրա առաջնորդներին, իսկ իրիկնային հրավառությունները տեղանքը վերածում էին փառատոնային քաղաքի:
Արտաքուստ ուրախ քաղաքի առօրյան պարուրված էր տխրությամբ: Անարդարության, անգործության, սովի ճիրաններում հայտնված քաղաքացիներին այլ ելք չէր մնում, քան հրավառությունների երկիրը լքելը: Ահագնացող արտագաղթը միայն այն ժամանակ տեսանելի դարձավ, երբ կտրուկ անկում ապրեց առևտուրը, կիսադատարկ դարձան սպասարկման օբյեկտներն ու կրթական հաստատությունները: Կտրուկ կրճատվեց ֆինանսական շրջանառությունը, իսկ կառավարությունը միայն մեկ բան էր փորձում անել՝ անդադար համոզում էր, որ ամեն ինչ լավ է, ուղղակի պետք է հավատալ, հավատալ ու հավատալ :
Ոչ անհայտ Մլեհը, ով երկար ժամանակ ստիպված գովաբանել էր բզեզապուրը, ինքն էլ կապեց քոչը և ընտանիքով հեռացավ: Նա այդ որոշմանը հանգեց, երբ փորձել էր ընդվզել և ասել ճշմարտությունը: Եվ քանի որ նրա թիրախն այս անգամ ոչ թե գեներալն էր, այլ համընդհանուր անտարբերության մեջ թաղված իշխանությունը, նրան ձիանոց չնետեցին. պարզապես մի լավ ծեծ կերավ փողոցում` երիտասարդ հայրենասեր բնաբանների կողմից: Մլեհի` երկրից հեռանալը թեթևակի ցնցեց մեդիադաշտը: Նա ավելի հայտնի անձ էր, քան մինչ այդ արդեն գաղթի ճամփան բռնածները: Հաջորդ օրը, ի պատասխան մեդիայի հրապարակումներին, իշխանության նախաձեռնոււթյամբ, երիտասարդների խմբեր քաղաքի տարբեր մասերում` էլեկտրասյուներին, պատերին, օդանավակայանում, ավտոկայարաններում, ամենուր փակցնում էին չվող թռչուններ պատկերող պաստառներ` վերեւում գրված` «Մի՛ հեռացիր», իսկ ներքեւում՝ «Լքելով փոքրիկ հայրենիքը՝ դարձնում ես այն ավելի փոքր»:Նույն բովանդակությամբ թռուցիկնր բաժանվում էրն առձեռն, երկրում դեռ գործող հատուկենտ տաքսի ծառայությունների և համատիրությունների աշխատակիցների միջոցով: Արտագաղթողները կարդում էին, հուզվում, բայց մնում անդրդվելի իրենց որոշումներում. հեռանում էին մարդկային քարավաններով:
Գարուն չէր, ամառ չէր, աշուն չէր, ձմեռ էլ չէր…: Ուրիշ եղանակ էր: Գեներալի գլխում ամեն ինչ խառնվել էր: Ընկերները հաճախ չէին հիշում նրան, բայց փոխարենը նա դարձել էր լրագրողների սիրելին: Ամեն առիթով լրագրողները զանգահարում և կարծիք էին հարցնում: Իսկ քանի որ նա մանկուց սեր չուներ գրել-կարդալու հետ կամ, ավելի ճիշտ, տառաճանաչ չէր, նրան չէր հետաքրքրում, թե իր մեկնաբանություններն ինչպես են ընդունվում հասարակության կողմից: Նա սկսել էր սերտ համագործակցել լրագրողական հանրության հետ: Որոշ լրատվամիջոցների կողմից անցկացված արդար քվեարկության արդյունքում նա նույնիսկ հռչակվեց Տարվա մարդ, և մեկ տարի շարունակ նրա մեծադիր դիմանկարով պաստառը փակցվեց մայրաքաղաքի ամենակենտրոնական մասում՝ խաղատան գովազդի հարևանությամբ:
Գեներալը երանության մեջ էր: Շաբաթը մի քանի անգամ հավատարիմ համհարզի ուղեկցությամբ գնում էր մայրաքաղաք, կանգնում, հեռվից նայում էր պաստառից ժպտացող Տարվա մարդուն և, ուժ հավաքած, ոգևորված, վերադառնում տուն: Նրա համագործակցությունը մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ վերածվել էր բարեկամության և նա, իբր թաքուն, այնպես, որ մեդիայի ներկայացուցիչները գլխի չընկնեն, կառավարում էր լրատվական հոսքերը: Ամեն երեկո գեներալի համար կարդում էին հաջորդ օրվա լուրերը, որից հետո նա որոշում էր, թե որ լուրն է հրապարակվելու և դառնալու իրականություն, իսկ որը` ոչ: Նա այնքան էր զբաղված իր նոր գործով, որ դադարել էր զվարճանալ մանկության հիշողություններով: Փքուն խավարասերները նրան այլևս չէին հետաքրքրում: Իսկ դրանք շարունակում էին բազմանալ: Փոխարենը՝ Համամը վերջին օրերին ջղաձված էր: Բիզնեսը անկում էր ապրում, փողոցներում մարդիկ պակասել էին, օրվա եկամուտը կտրուկ նվազել: Գերեներալը սկզբում Համամի մտահոգությունները ցնդաբանություն էր համարել: Նա վստահ էր, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր են, այդպես էին նրան ասել կառավարությունում իր մտերիմները և նա էլ կարգադրել էր Համամին հեռու մնալ գաղջ մթնոլորտ տարածողների ազդեցությունից: Բայց Համամը չէր հանդարտվում: Օր օրի նա ավելի ջղագրիռ էր դառնում, ինչը գեներալի աչքից չէր վրիպում:
***
Իր մայրամուտի վերջին շրջանն ապրող ծերունի գեներալը, ճոճաթոռին նստած, նայում էր բթամատի ծաղկած եղունգին:Չէր հիշում, թե ե՞րբ և որտե՞ղ էր լսել, որ եթե եղունգը ծաղկում է, ուրեմն մեծ փոփոխություններ են լինելու: Նա ամեն օր երկար նայում էր ծաղկած եղունգին ու սպասում: Հավատում էր, որ դրական փոփոխությունները երկար սպասեցնել չեն տալու. հենց կտրի ծաղկած եղունգը, վիճակը կլավանա: Այդ օրն էլ եղունգը երկար զննելուց հետո հասկացավ, որ պետք է սպասի, և հուսահատ ննջեց:
***
Չհասկացավ` երա՞զ էր, թե՞ իրականություն. խավարասեր բարեկամներն ընդվզել էին: Նախ` բուծարանից խմբերով տեղափոխվել էին գեներալի լոգասենյակ, հետո կոյուղու խողովակներով հասել խոհանոց, այնտեղից` բիլիարդի սրահ և տեղավորվել սենյակի շրիշակների ետևում: Իսկ հետո արդեն բարձրացել և տաքուկ բնավորվել էին պաստառների ու պատերի արանքում` բոլոր տեղերում կետ-կետ թողնելով իրենց արտաթորանքի հետքերը: Ավելի ուշ նրանք կարողացել էին սողոսկել նաև հարևանների բնակարաններ, նոր` «Ազատություն, արդարություն, մարդկության հետ փոխշահավետ ինտեգրում» կարգախոսով ստրատեգիական պլաններ մշակել ու անցել հարձակման, բառի բուն իմաստով` կատաղի հարձակման:
***
Գեներալը կես քուն, կես արթուն բացեց աչքերը ու տեսավ, թե ինչպես են տռզած խավարասերները տեղավորվել դեմքին և արյունակալած աչքերին կախված կոպերից ծծում արյունը: Սիրտը սկսեց անհամաչափ բաբախել, օդը պակասեց, շնչառությունը ծանրացավ: Հետո տեսավ, թե ինչպես պայթեց առաջին խավարասերը, և դեմքը ողողվեց արյամբ:Լեզուն արճիճի պես ծանրացավ, ուզում էր օգնություն կանչել, բայց ձայնը խեղվեց կոկորդում՝ դուրս չեկավ: Ձեռքերով, ծովում խեղդվողի պես, մի քանի անհամաչափ շարժումներ արեց, և հենց այդ պահին ականջին հասան մանկության տարիների ճայթյունների ձայները: Հեզ ու հնազանդ խավարասերները դարձել էին գիշատիչներ, խմում էին զորավարի` արդեն թանձրացած արյունն ու ճայթելով թափվում ցած: Հողը պատվել էր շագանակագույն լերդացած արյամբ, իսկ ըմբոստացած խավարասերների հոսքը դեպի արյունաքամ զորավարի մարմինը շարունակվում էր: Գալիս էին արդեն ոչ թե կարգախոսը իրականացնելու մղումով, այլ` արյան հոտին կարոտ:Գալիս էին, ծծում, պայթում ու թափվում հողին: Զորավարը մի վերջին անգամ հայացք նետեց բթամատի եղունգին, և շունչը փչեց:
Շոգ էր: Անտանելի շոգ: Գուցե աշխարհի պատմության ամենաշոգ օրը:Հողն ու արյունը եռում էին կրակի ճիրաններում, և կատաղի արագությամբ հողից գլուխ էին բարձրացնում անհասկանալի տեսքով անողնաշար էակններ, որոնք, մի քանի ժամից պիտի փքվեին և պայթեին` իրենցից հետո թողնելով գարշահոտություն:
Մի քանի ժամ հետո նեխահոտը բռնեց քաղաքը: Նրանք, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից դրդված դեռ մնացել էին մեռնող քաղաքում, գլուխներն առած, փախչում էին տարբեր ուղղություններով` մի մասը` մեքենաներով, մի մասը` հեծանվով, մի մասը` ոտքով, մի խոսքով՝ ով ոնց կարող էր: Անամպ, պայծառ երկինքը մռայլվել էր: Երաշտ էր, անձրևի հույս չկար ու երկնքից մրուր էր թափվում: Մի քանի ժամվա ընթացում նեխահոտը բռնեց ողջ երկիրը: Գիշատիչ խավարասերները խժռում էին իրենց ճանապարհին հայտնված ամեն ինչ ու պայթում: Սակայն կեղտոտ արյունը չէր ներծծվում հողի մեջ, և քիչ անց ամենուր սկսում էին վխտալ բազում վարակակիր միջատներ: Աղետալի լուրը, չնայած տեղական լրատվամիջոցների համառ լռությանը, կայծակնային արագությամբ տարածվեց երկրի սահմաններից դուրս: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց հապշտապ ձեռնարկվեցին կանխարգելիչ միջոցառումներ: Սահմանակետերում հարևան պետությունները հայտարարեցին արտակարգ դրություն, գեներալի յուրաքանչյուր համերկրացի ենթարկվում էր բուժզննման, որից հետո էր միայն ստանում սահմանը հատելու թույլտվություն:Սահմանին գոյացած հերթերը ձգվում էին մինչև հարակից գյուղերը, որոնց բնակիչները հերթի մեջ սպասող աղետյալներ էին :
Համամը փորձեց ճարպկություն բանեցնել և առանց հերթի հատել սահմանը, բայց հանդիպելով սահմանապահների բիրտ միջամտությանը, թևաթափ ետ վերադարձավ: Աղետից փախչողների հերթում բոլորն էին հավասար: Ոչ ոք չգիտեր` կհաջողի՞ փախչել դժոխքից, թե՞… ու բոլորը մի մարդու պես ենթարկվում էին օտար սահմանապահների սահմանած կարգ ու կանոնին:
Օրվա երկրորդ կեսին սահմանակետերում բուժստուգումները դադարեցվեցին: Աշխուժությունը մարեց, սակայն փութով հեռանում էին օտարերկրյա դիվանագիտական կորպուսների և կազմակերպությունների աշխատակիցները: Նրանց հեռանալուց հետո հոգեհանգստյան լռություն իջավ, և երկաթյա արգելափակչի ծանր ճռյունը երկիրը զատեց աշխարհից …
Տևական ժամանակ ձգվող վիճակը պաշտոնականացվեց, հայտարարվեց կարանտին, և այդ կարանտինը շարունակվելու էր դեռ շատ երկար՝ մինչեւ վերջնականապես կխժռվեր երկրի վերջին լեշի՝ գեներալի սմքած մարմինը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *