Մհեր Արշակյան | Հայը, թուրքը, գերմանացին և հրեան

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Ի՞նչ է ֆաշիզմը: Դա սոսկ սեփական գերազանցությունը չէ, ոչ էլ ուրիշների հանդեպ քամահրանքը: Դա արդարացում է` ինչու՞ է ամեն ինչ այսքան վատ, կամ ինչու՞ մենք չենք կարողանում ընդլայնել մեր հողերը: Կամ` ինչո՞վ են ուրիշները մեզնից լավ: Ֆաշիստի ոչ մի հարցադրման մեջ ինքը չկա, կա միշտ ուրիշը: Ենթատեքստերով հարցադրումներ չի անի: Ինչու՞: Որովհետեւ նա կրակելու է, իսկ կրակոցները ենթատեքստ չունեն:

Ֆաշիզմը պատասխաններ չի փնտրում, այն փնտրում է արդարացումներ: Այսինքն, ֆաշիստի հարցադրումները զենքերը լիցքավորելու արարողություններ են, պատասխանը կրակոցն է: Ինչպե՞ս է մարդը դառնում ֆաշիստ: Հիշենք «թուրքական ինքնությունը»: Նա չի դառնում, նրան դարձնում են: Եվ թող դարձողը ավելի շատ մտածի իր ձախողումների, քան՝ ձեռքբերումների մասին: Դա նրան որոշակիորեն կհարազատեցնի նրանց հետ, որոնք առանց ֆաշիստ դառնալու էլ մտածում են իրենց ձախողումների մասին: Այսինքն, ֆաշիստ լինելու իմաստը կրոնական անձ լինելն է առանց մետաֆիզիկայի: Հատկապես Հին Կտակարանից եկող կրոնական անձ: Ֆաշիզմը կրոն է առանց Աստծո: Գերմանացիները գիտեին, թե Աստծո միջամտությամբ ինչպես էին սպանվում մյուսները հանուն հրեայի: Բայց «Աստված մեռել է» (Ֆրիդրիխ Նիցշե): Իսկ Աստված չէր մեռել: Ուղղակի նա արդեն չկար: Եվ քանի որ չկար, մարդը պիտի սպանվի մարդու միջամտությամբ, պայմանով, որ սպանվի հրեան: Աստծո բացակայությունից այլ օգուտ չկարողացավ քաղել գերմանացին: Երբ դու դառնում ես ‎ֆաշիստ, դիմացինիդ ստիպում ես մտածել, որ ինքը հրեա է: Կամ` մտածել դիմացինիդ մասին, որ ինքը հրեա է, նույնն է թե` շնանալ: Ինչպես եւ, որ նա թուրք է կամ ադրբեջանցի:

Ի՞նչ տարբերություն կար հայերի եւ հրեաների ցեղասպանությունների միջեւ: Հայտնի է, որ հայերի ցեղասպանությանը զոհ գնաց մոտ 2 միլիոն մարդ, իսկ գերմանացիները սպանեցին մոտ 6 միլիոն հրեայի: Սա, անկասկած, տարբերություն չէ, բայց բանն այն է, որ տարբերություն կա ոչ միայն ցեղասպանությունների, այլ նաեւ՝ կոտորածի եւ սպանությունների միջեւ: Թուրքերը կոտորեցին հայերին, իսկ գերմանացիները սպանեցին հրեաներին: Թուրքերը ջանքեր չգործադրեցին, նրանց կոտորածի մեջ մեթոդ չկար, մեթոդը մինչեւ կոտորածն էր, մարդ առ մարդ տեղահանեցին, մարդ առ մարդ քշեցին անապատ եւ կոտորեցին առանց իրենց հաշիվ տալու, թե ում վրա էին կրակում եւ ում գլուխն են կտրում յաթաղանով: Գերմանացիների կոտորածի մեջ կար մեթոդ՝ հավաքեցին, լցրեցին գազախցիկները եւ խեղդեցին: Գերմանացիները ջանքեր գործադրեցին հրեաներին կոտորելու համար: Նրանք հրեաներին սպանեցին մեթոդաբար: Սպանությունը կոտորածից տարբերվում է նրանով, որ առաջինի մեջ ինտելեկտի մաս կա, կոտորածի մեջ՝ չկա, բոլորը ներգրավվում են բոլորին ոչնչացնելու գործին, գերմանացիներից յուրաքանչյուրը առանձին վերցրած ամեն հրեայի մարդասպանն էր, կոտորածի մեջ մարդկային գործոն չկա, սպանության մեջ՝ կա: Գերմանացիներն օդն էին մաքրում հրեաներից, իսկ թուրքերը հայերից մաքրում էին տարածքը: Գերմանացիները հրեաներին սպանեցին որպես երեւույթ, թուրքերը հայերին կոտորեցին որպես ազգ: Կոտորածն այն է, երբ քո գերխնդիրը սպանությունը չէ, այլ՝ ոչնչացումը, գերմանացիներն այդ խնդիրը չունեին, նրանք հրեաներին ատում էին, դա վերաբերմունք էր, որովհետեւ հոգու խորքում հարգում էին հրեաներին, թուրքերը մեզ չէին հարգում, ավելի ճիշտ՝ մեր բնաջնջման մեջ թուրքերը չէին դրել իրենցից առավելին կամ պակասին վերացնելու հարց: Թուրքերը հայերին հատ հատ էին ոչնչացնում, բայց դա հավաքականության ոչնչացում էր, գերմանացիները հրեաներին ոչնչացնում էին հավաքականորեն, միանգամից, բայց դա անհատների բնաջնջում էր, դա ամենքի սպանությունն էր: Թուրքերը կոտորեցին մարդուն, այս դեպքում ազգությունը կարեւոր չէ, քանի որ նրանք կոտորել էին նաեւ հույնին եւ բուլղարացուն, իսկ գերմանացիները կոտորեցին հենց հրեային, քանզի հայերի կոտորածը կազմակերպեց պետությունը, հրեաներինը՝ գաղափարախոսությունը, այսինքն, ֆաշիզմը: Ոչ թե մենք էինք ցեղասպանվող, այլ թուրքերն էին ցեղասպան, ոչ թե գերմանացիներն էին ցեղասպան, այլ հրեաներն էին ցեղասպանվող: Այս միտքը որոշ պարզաբանումների տեղիք է տալիս: Որեւէ ժողովրդի ընկալելու համար պետք է պարզել, թե ի՞նչ է վիճակված այդ ժողովրդին եւ ի՞նչ կարելի է դրան ավելացնել: Թուրքն ավելացրել է կոտորածը: Այսինքն, իր էության շարունակականության տեսանկյունից բոլորովին անօգուտ մի բան: Թուրքերի ողբերգությունն, օրինակ, այն չէր, որ մշակույթ չունեին, այլ այն, որ ուզում էին մշակութային երեւալ այն ոլորտներում, որտեղ հայերն էին դրության տերը: Այն չէր, որ Հայրենիք չունեին, այլ` այն, որ Հայրենիքը չէին ընկալում: Եզակի ժողովուրդ է, որը սնոբ է առանց հպարտ լինել կարողանալու: Պատճառը ծագման մեջ թաքնված պատմության բացակայությունն է: Թուրքը դրամա է, մարդուն իր կենսագրության մեջ շրջանցած դրամա: Բոլոր այլ ժողովուրդներին, ում հետ գործ է ունեցել թուրքը, ապահովել է ճակատագրի ավելցուկով, այսինքն, դժբախտացրել է, մատնել Աստծուն: Ինքը` թուրքը, առիթ չի ունեցել որեւէ դիպվածով իր Աստծուն ապավինելու: Թուրքին, օրինակ, երբեք բախտ չի վիճակվել ընկնել, ավելի ճիշտ, ոչ ոք չի փորձել նրան ծնկի բերել: Այսինքն, թուրքերն առիթ չեն ունեցել ոտքի կանգնելու, մեջք ուղղելու: Օսմանյան կայսրության անկումը թուրքի միակ մետաֆիզիկական ձեռքբերումն էր քաղաքակիրթ աշխարհում, քանի որ դա նրանց առիթ տվեց այնուհետեւ սպանելու տեղում, արդեն առանց դես ու դեն ընկնելու: Առաջին անգամ թուրքը ոչ այնքան արյուն էր փնտրում, որքան հղկում էր սպանությունը: Այսինքն, թուրքն իր մեջքն ուղղեց ոչ իբրեւ գազան, այլ իբրեւ երեւոյթ:

Ոչ մի ժողովրդի պատմության որեւէ ժամանակահատվածում նրան չեն ընկալել իր ինքնուրույնության իրավունքի մեջ: Գերմանացիներն այդ իրավունքն ընկալելով են ոչնչացրել հրեաներին: Գերմանացիներին նաեւ վիճակվել է ծնկել: Թուրքերի մենթալիտետի մեջ մահվան ընկալումը չկա, նրանք ոչնչացնում էին այնպես, ինչպես, ասենք, Ստալինը: Դա որեւէ կրոնի ծաղկման մեջ մատը մատին չխփած ժողովուրդների պրոբլեմն է, այդպիսի ժողովուրդներից են նաեւ քրդերը: Թուրքերն սկսել են ճանապարհ ընկնելուց եւ տեղ են հասել առանց անցյալի: Պատմության ոչ մի դրվագը նրանց չի ծերացրել, որովհետեւ ոչ ոք միայնակ չի կրել այդ դրվագը, այսինքն, գլուխ չի աշխատացրել: Ի տարբերություն հրեաների, նրանք կոտորեցին իրենց ճանապարհին հանդիպածներին, հրեաներն, ընդհակառակը, իմաստավորում էին իրենց կտրած ճամփան, բայց որն ավարտվեց նրանց կոտորածով: Ոչ մի թուրք դեռեւս վախկոտ չի կոչվել, քանզի ոչ մի շփման մեջ նրանք պատվիրաններ չունեն: Մինչեւ վերջին դարերը նրանք մարդկության մեջ առաջացան առանց մարդ լինելու տեղեկության. ի վերջո, իհարկե, տեղեկացան: Օ, թուրքերը ռացիոնալության մասին անգամ գաղափար չունեին, բայց այսօր նրանք ռացիոնալ աշխարհի առաջամարտիկներն են, ռացիոնալիզմի պատմիչներն այն մասին, թե ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում: Այո, նրանք անմետաֆիզիկ ազգ են, ամեն ինչ, որը նրանց պանծացնում է, փոխ են առել հրեաներից: Սակայն Հոբի նման չեն կարող ասել` գիշերը ծակում է ոսկորներս: Այսինքն, մետաֆիզիկան հրեայի կենցաղի մեջ է, այս դեպքում` իբրեւ փուշ: Թուրքը մի ազգ էր, որի մեզանից քամած ներողամտությունը կարմիր գույն է, մի ժողովուրդ, որը բաց սրտով Պատմություն է բաշխել մյուսներին առանց իր տառը նրա էջերում գրելու:

Թուրքերը ծագում չունեն գրքերի համար, նրանց ծագումն իր առջեւում գտնում էր ժողովուրդների, որոնք գրքեր ունեին: Առանց գաղտնիքների, առանց նույնիսկ ոճիրների մեջ զեղումներ թույլ տալու, նրանք գրոհել են հարթավայրերի բոլոր բարձունքներն այն երկրների, որոնք իրենց վերքերը սրբում էին հարկադիր քիրվայության արցունքներով: Այդ կրակապաշտները` չհիացած երկինքն այրող իրենց հրդեհներով, որոնք այդպես էլ չհանգան ոչ մի ժողովրդի սրտի մեջ, չհանգստացած զեռունի եւ Աստծո հերկերով մարդացած հողի խեղմամբ, չշփոթված մյուսների հայացքներում քարացած Աստծո կերպարանափոխումներից, քայլեցին այնքան, մինչեւ դեմ առան քաղաքականությանը, որը նրանց եղբայր դարձրեց բոլորին, ում պիտի կոտորեին արդեն հանուն Հայրենիքի: Ահա այստեղից են սկսվում գերմանացիները: Բայց նրանք գիտեին հրեաներին, տեսել եւ քրքրել էին նրանց մետաֆիզիկական հարազատությունը, որոշ իմաստով նույնացել էին նրանց: Գերմանացիները գիտեին, թե ինչ է մահը, Նիցշեն նրանց սովորեցրել էր սպանել նույնիսկ ոչնչացնելուց հետո: Գերմանացիները ծիծաղում էին հրեայի հետ եւ առանց հրեայի, կիսում էին իրենց Հայրենիքը, որը մյուսներինն էր նաեւ շնորհիվ Գյոթեի բանաստեղծությունների, երազում էին միայն իրենց բնորոշ մեղեդայնությամբ, որը ստորացվածներին սովորեցնում էր հուսալ, իսկ հաղթանակածներին` կիսվել:

Սակայն ավելի ազնիվ կլիներ, որ խոսեինք ցեղասպանվողների` հրեաների մասին: Ինչու՞ հատկապես նրանք ցեղասպանվեցին եւ ինչու՞ այդ «առաքելությունը» հատկապես գերմանացին իրականացրեց: Հրեան աշխարհների միջեւ կապն է: Դա մարդ-աղոթք է, բայց ուղղված ոչ դեպի Աստված, քանի որ հրեան որոշ իմաստով Աստծո մեջ է, այլ դեպի կյանքը, որը նա չգիտի: Մի ժողովուրդ, որը անապատներից գաղթելով միշտ զրոյից է սկսել լինել ամեն ինչ: Միջին լինելիության հրեա չկա: Եթե նա ոչինչ է,-լինում են, չէ՞, մատը մատին չխփող հրեաներ,-ապա նրա շրջապատում կարելի է գտնել ավելի ոչինչների: Նա ամենուր միայնակ մարդ է, բայց ոչ միայնակ «մյուս մահկանացուների» (Տակիտոս) կարիքն զգալիս: Նա տարողունակ մենակ է, ամբողջի մենակը: Հրեական մետաֆիզիկայում Աստված միայնակ ոչինչ է, բայց նա ամեն ինչ է հրեայի հետ: Առանց Աստծո հրեա չկա: Զորօրինակ, առանց Աստծո հայեր` ինչքան ուզեք: Որովհետեւ մենք Աստծո բացակայության մեծահոգությունն ենք: Հրեան պատմության դառը փորձից ելնելով առաքինությունների վրա շեշտադրումներ չի անում, նա շեշտադրումներ է անում տպավորությունների վրա: Հենց հրեային ընկալում ես իր արժանիքների բարձրությունից, կոտորելդ գալիս է: Ինչո՞ւ: Որովհետեւ նրանում տեսանելի է մի կենցաղ, որը երկնքից է: Այսինքն, տեսանելի է անհավասարությունը «մյուս մահկանացուների» նկատմամբ եւ, մի տեսակ, հռչակագիրն այդ մասին, որն ինքն է: Նա քեզ ցեղասպան դարձնելու կնիքն է: Նրանք մեռել են միշտ ու վատ, առանց ապրելու, ասես միշտ եղել են երկու աշխարհների միջեւ առանց այս աշխարհում իրենցը պնդելու: Չպնդեցին, բայց իրենց ապրեցին առանց Պողոս Առաքյալին սրբագրելու: Նրանցը մեկ այլ մահն է: Իրենց մահը նրանք ասես ժողովել են «մյուս մահկանացուների» գոյության խրախճանքից: Այսինքն, ոչ թե ապրելու անդիմադրելիությունից, այլ` անհետեւողականությունից: Ասես վճարել են թողության մեջ նրանց ծուլության համար: Չէ՞ որ նրանք մեռնում են իբրեւ իրացված «աղոթք»: Հրեան այլ ժողովուրդների թերասությունների կտակարան է, այսինքն, դեպի ինքը վերադառնալու հայտ, որը սուրը ձեռքդ վերցնելու ցանկություն է առաջացնում: Բայց սուրը վերցրին գերմանացիները` մետաֆիզիկայի արքաներն առանց Աստծո, որոնք դեմ հանդիման էին ժողովրդին ըստ «Աստծո»: «Երբ Աստված չկա, ամեն ինչ թույլատրելի է» (Դոստոեւսկի): Բայց թույլատրելիությունն ինքը զենք չդարձավ: Գերմանացուն տեսանելի չէր թույլատրելին: Նա տեսավ ակնհայտը` փառքի եւ հարստության մեջ հրեայի անբռնազբոսիկ, ասես բնական, ջանքեր չպահանջող, նույնիսկ մատը մատին չխփող, օրինաչափ ձեռքբերումները: Այդքան հեշտ ու առանց Աստծո՞: Ահա գերմանացու սխալը: Հնարավոր է, որ Աստված չկար, եւ իսկապես չկար, բայց հրեաներն արդեն կային, «Աստված» նրանց մեջ էր, դա էր նրանց գլխավոր ձեռքբերումը մինչեւ բոլոր ցեղասպանությունները: Նրանց համբերությունն ապրելու հետ կապ չուներ:

Միայն հրեան գիտի՝ ինչ ասել է Աստված: Իսկ այն, ինչ մենք գիտենք Աստծո մասին, հրեային ապրեցնող չէ: Ավելին, մեր չիմացածն է, ի վերջո, յուրաքանչյուրին անհատապես թշնամացրել հավաքական հրեայի հետ: Քանզի աշխարհի ոչ մի անկյունում, ոչ մի հողի վրա հրեային չներվեց այն, ինչն այնքան սազում էր նրան իր հողում կամ իր անապատում՝ մեկ Աստծո հանգույն ինքը միշտ հավաքականություն է: Իր անապատից հեռու հրեան մետաֆիզիկ ագրեսոր է, որը միշտ սադրում է անբացատրելի Տրիումֆ: Հրեան առաջացավ իրեն վերաբերող Աստծո այս աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ գիտեին չակերտների արժեքը: Հրեան առաջացավ միայն իրեն վերաբերող Աստծուն տեսանելի եւ ընկալելի մեղքերի մեջ: Ինչ-որ մեկը գլխի ընկավ, որ մենք նույն Աստծո ներկայացուցիչը չենք: Ինչ-որ մեկը հրեայի Աստծո դեմ ելավ նրա իսկ ձեռագրով: Եվ հավանաբար պատմության մեջ առաջին անգամ հրեան ապավինեց մարդուն: Ոչ ոք չէր կարողանում հրեայի հետ կռվել առանց իրենից նոր Աստված ներկայացնելու: Զենքերը սակայն ամենեւին Աստծուց չէին: Սփիլբերգի ֆիլմում երկրորդական հերոսուհին` շարքային հրեուհի, Օսկար Շինդլերին ասում է.«Ասում են ձեզ մոտ ոչ ոք չի մեռնում»: Որովհետեւ ինչ-որ պահից շփոթվեցին՝ ինչպե՞ս են ոչնչացվում միայն իրենց վերաբերող Աստծո ձեռագրով: Իսկ, ավելի ճիշտ, նրա անունից: Ահա այդ ժամանակ էր, որ հրեան վազեց մարդու մոտ, որն աչքեր ուներ ու տեսնում էր: Միայն անմահության խնամված եղունգներով թրծված այս ազգը սկսեց մուրալ կյանքի ամեն օրը: Հրեաներն արդեն ոչ թե անմահության հույս ունեին, այլ նախ եւ առաջ` կյանքի: Ընտրյալների ոդիսականի վերջին քարը դրվում էր իրենց ապրելու ծարավ մարմնի վրա, որը հասցրեց շոշափել իր Աստծո անքննելի «հանճարը»՝ այս աշխարհի իշխանը ոչ մեկի ձեռքը չի բռնում: Գերմանացիներն իրենց զոհի մեջ ուզում էին հատկապես ճանաչել հրեային: Թուրքերը նման խնդիր չունեին: Եթե մեկ այլ թուրք իր հայրենակցին ասեր, որ ինքը հայ է, կսպանեին առանց խորանալու: Գերմանացին խնամքով էր ոչնչացնում: Որովհետեւ կրոն կար թիկունքում` ֆաշիզմը: Որն այդպես էլ գլխի չընկավ, որ մահվան մեջ հրեայի կենսունակությունը նաեւ այդ գաղափարախոսության  «քաղաքակրթությունն» էր ապրել

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *