Քաղաքը, որտեղ ծնվել եմ՝ Արեքիպան, տեղակայված է Պերուի հարավում գտնվող Անդյան հարթավայրերից մեկում: Այն հայտնի է իր կղերական ու ապստամբ ոգով, իրավաբաններով և հրաբուխներով, պարզ երկնքով, խեցգետնատեսակների համ ու հոտով և տեղայնապաշտությամբ, ինչպես նաև, իր «la nevada»-ով (ձնաբուք)՝ մի տեսակ ժամանակավոր նևրոզ, որը տանջում է տեղաբնակներին: Մի գեղեցիկ օր, արեքիպացիներից ամենամեղմը հանկարծ չի պատասխանում բարևիդ, ժամեր շարունակ մռայլված դեմքով է, ամենահազվադեպ տարօրինակություններ է անում և մի պարզ տարաձայնության պատճառով պատրաստ է խեղդել իր լավագույն ընկերոջը: Ոչ ոք չի զարմանում, չի բարկանում, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ այդ մարդը տառապում է «ձնաբքով», և որ վաղը նորից կդառնա բարեկիրթ սովորույթների կատարածուն: Թեպետ ընտանիքս ինձ դուրս է բերել Արեքիպայից, երբ ես մեկ տարեկան էի, իսկ ինքս էլ երբեք չեմ վերադարձել այնտեղ հաստատվելու, սակայն ինձ միշտ առավելապես արեքիպացի եմ զգացել: Նաև կարծում եմ, որ Պերուում մեր շուրջ պտտվող կատակները (ասում են, որ մեծամիտ ենք, անհամակրելի և մի քիչ խելառ), ամենայն հավանականությամբ, խանդի արդյունք են: Մի՞թե մենք չենք, որ խոսում ենք զտարյուն իսպաներենով: Մի՞թե մենք չենք, որ ունենք այդ ճարտարապետական հրաշքը՝ Սանտա Կատալինան՝ մի մենաստան-կուսանոց, որտեղ հինգ հարյուր կանայք էին եկել ապրելու: Մի՞թե մենք չենք այն թատերաբեմը, որտեղ տեղի են ունեցել ամենախելահեղ երկրաշարժերն ու պերուական պատմության մեջ թվով ամենաշատ հեղափոխությունները:
Մինչև տասը տարեկան ապրել եմ Բոլիվիայում՝ Կոչաբամբայում` քաղաք, որտեղ միամիտ ու երջանիկ էի, և իմ վերհուշերում պահպանվել են ոչ այնքան իմ կատարած արարքները կամ ճանաչած մարդիկ, որքան այն գրքերը, որ ես կարդացի` Սանդոկանը, Նոստրադամուսը, Երեք հրացանակիրները, Կալիոստրոն, Թոմ Սոյերը, Սինդբադը: Ծովահենների, հետախույզների, ավազակների պատմությունները, ռոմանտիկ սերերը, ինչպես նաև այն բանաստեղծությունները, որ մայրս թաքցնում էր միոտանի սեղանի տակ (և որ կարդում էի առանց հասկանալու, միայն որ վայելեի արգելվածը փորձելու հաճույքը), լցնում էին իմ ժամերի մեծ մասը: Ու որովհետև անթույլատրելի էի համարում այն փաստը, որ իմ սիրած գրքերը կարող են ավարտվել, երբեմն նրանց համար նոր գլուխներ էի հորինում կամ փոփոխում վերջաբանը: Այս լրացնող շարունակություններն ու ուրիշների պատմությունների իմ սրբագրումները այն առաջին հատվածներն են, որ ես գրել եմ, վիպասանի իմ կոչման առաջին վկայությունները:
Ինչպես սովորաբար պատահում է տարագիր ընտանիքներում, արտերկրում ապրելը խորացրեց մեր հայրենասիրությունը: Մինչև տասը տարեկանը խորապես համոզված էի, որ աշխարհի մեծագույն երջանկությունը պերուացի լինելն է: Այնժամ Պերուի մասին իմ պատկերացումները ավելի շատ կապված էին ինկերի և կոնկիստադորների, քան իրական Պերուի հետ: Վերջինիս ճանաչեցի միայն 1946-ին: Ընտանիքս Կոչաբամբայից տեղափոխվեց Պիուրա, որտեղ պապիկս պրեֆեկտ էր նշանակվել: Ուղևորվեցինք ցամաքով` ճանապարհին կանգ առնելով Արեքիպայում: Հիշում եմ հուզմունքս, երբ հարազատ ծննդավայր հասանք, և քեռի Էդուարդոյի փաղաքշանքները: Նա դատավոր էր, ամուրի ու շատ բարեպաշտ: Ապրում էր իր սպասուհի Ինոսենսիայի հետ և հիշեցնում էր կոկիկ, համակարգված, գավառական իսպանացի մի ազնվականի, ով ծերանում է հնամաշ կահույքի, հնամաշ դիմանկարների և հնամաշ իրերի մեջ: Հիշում եմ խանդավառությունս, երբ առաջին անգամ ծով տեսա Կամանայում: Այնքան բողոքեցի, զզվեցրի, որ պապս ու տատս համաձայնեցին կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի մի լավ թրջվեմ այդ վայրի ու ալեկոծ ծովափում: Սակայն իմ ծովային մկրտությունն այդքան էլ հաջող չանցավ. ինձ մի խեցգետին խայթեց: Եվ, թեկուզ այդպես, իմ առաջին հայացքից ծնված սերը պերուական ափերի հանդեպ շարունակվեց: Որոշ մարդկանց համար առանձնակի հետաքրքրություն չեն ներկայացնում անապատների այն երեք հազար կիլոմետրերը, որոնք հազիվ ընդհատվում են կարճ դաշտավայրերով` Անդերից իջնող ու Խաղաղ օվկիանոս հոսող գետերի առաջացրած հովիտների շնորհիվ: Հնդկացիական ավանդույթի պահպանման մոլեռանդ պայքարողները և «իսպանականության» քննադատները մեղադրում են «ափին» օտարամոլ ու թեթևամիտ լինելու մեջ և պնդում են, որ մեծագույն դժբախտություն էր պերուական քաղաքական և տնտեսական առանցքը Լեռնաշղթայից Ափ` Կուսկոյից Լիմա տեղափոխելը, քանի որ հենց դա սկիզբ դրեց խեղդամահ անող այն կենտրոնամետության, որը Պերուին մի տեսակ սարդի տեսք հաղորդեց. այսինքն՝ մեծ, հսկայական գլխով մի երկիր՝ բարակ ու ռախիտ վերջույթներով: Պատմաբաններից մեկը Լիման և ափը «Հակա-Պերու» անվանեց: Ես՝ որպես արեքիպացի, այսինքն՝ «լեռնեցի», այս ընդհարման մեջ պետք է լինեի Անդերի կողմնակիցների թվում և հանդես գայի ընդդեմ ծովային անապատների: Այնուամենայնիվ, եթե ինձ կանգնեցնեին ընտրության առջև՝ Անդերի կամ ամազոնական անտառների (այն երեք շրջանները, որոնք բաժանվում են Պերուի երկայնքով) բնապատկերի միջև, հավանական է, որ կմնայի այս ավազների և այս ալիքների հետ:
Ափը Ինկերի Կայսրության ծայրամասն էր, մի քաղաքակրթության, որը սկիզբ առավ ու տարածվեց Կուսկոյից: Այն, իհարկե, նախաիսպանական պերուական մշակույթի միակ ներկայացուցիչը չէր, բայց անտարակույս ամենազորեղն էր. տարածվեց Պերուում, Բոլիվիայում, Էկվադորում, Չիլիի մի մասում, Կոլումբիայում և Արգենտինայում: Իրենց դարուկեսյա կարճ գոյության ընթացքում ինկերը նվաճեցին տասնյակ ժողովուրդների, կառուցեցին ճանապարհներ, ոռոգելի հողատարածքներ, ամրոցներ, միջնաբերդեր և հիմնեցին վարչական մի համակարգ, որը նրանց թույլ տվեց արտադրել այնքան ուտելիք, որ կբավականացներ բոլոր պերուացիներին. մի բան, որ ոչ մի ուրիշ համակարգ հետագայում չկարողացավ անել: Չնայած այս ամենին, երբեք չեմ համակրել ինկերին: Թեև այն հուշարձանները, որը թողել են, ինչպես օրինակ՝ Մաչու Պիչուն կամ Սակսաուամանը, ինձ ապշեցնում են. միշտ մտածել եմ, որ պերուական տխրությունը՝ մեր բնավորության ընդգծված դիմագիծը, հավանական է, որ ծնվել է ինկարիոյի հետ. մրջյուն-մարդկանցով դասակարգված, համակարգված բյուրոկրատ մի հասարակություն, որտեղից կարծես ճզմող մի մամլիչով դուրս էին բերել մարդկային անհատկանություն բոլոր նշույլները: Իրենց լծի տակ գտնվող ժողովուրդների հանդեպ սեփական իշխանությունը հաստատելու համար ինկերը ինքնատիպ խորամանկության դիմեցին. յուրացրեցին նրանց աստվածներին և իրենց վասալների առաջնորդներին ներառեցին սեփական արիստոկրատիա: Հաջորդիվ միտիմաեսներն էին՝ «mitimaes», այսինքն՝ տարբեր ժողովուրդների տարհանումը, ովքեր զրկվում էին սեփական հողերից, կենսամիջավայրից և արտաքսվում հեռավոր բնակավայրեր: Կեչուական ամենահին բանաստեղծությունները, որ հասել են մինչ մեր օրեր, իրենց կորցրած հայրենիքի մասին օտար ափերում երգող այդ մարդկանց հոգեցունց էլեգիաներն են: Սովետական մեծ հանրագիտարանից և Օրուելի «1984»-ից դեռևս հինգ դար առաջ, ինկերը հմտորեն կեղծում էին անցյալը` ներկայի քաղաքական կարիքները հոգալու համար: Կուսկոյի յուրաքանչյուր կայսր գահ էր բարձրանում Ամաուտասի դատարանի կորտեսներով կամ իմաստուններով, որոնք ստանձնում էին պատմությունը «շտկելու» պատասխանատվությունը` ցույց տալու, որ քաղաքակրթությունը իր գագաթնակետին հասավ տվյալ պահին իշխող ինկի հետ, ում այդ օրվանից ի վեր շնորհվում էին բոլոր նվաճումները՝ ներառյալ նրա նախնիների սխրանքները: Եվ որպես արդյունք` անհնար է վերակառուցել բորխեսյան ոճի հորինվածքներին բնորոշ այդքան աղավաղված պատմությունը: Ինկերը ունեին «los quipus»` մնեմոնիկայի միջոցով ամբողջների հաշվառման մշակված համակարգ, սակայն չունեին գիր, և ինձ միշտ համոզիչ է թվացել այն փաստարկը, որ նրանք չեն էլ ցանկացել գրել. քանի որ գիրը նման տիպի հասարակարգի համար կարող էր վտանգ ներկայացնել: Ինկերի արվեստը հասարակ ու սառն է՝ առանց երևակայության և հմտության, մի բան, որ չի կարելի ասել նախաինկյան այլ մշակույթների մասին, ինչպես օրինակ՝ Նասկան և Պարակասը, որտեղից առաջացել են այդ անհավատալի նրբաճաշակությամբ փետրավոր կանացի ժանեկազարդ թիկնոցները և առեղծվածային կերպարներով գործվածքները, որոնք մինչ օրս պահել են իրենց գույները, երագներն ու կախարդանքը: Ինկարիոյից հետո պերուացիները պետք է դիմակայեին մեկ այլ համահավասարեցնող մամլիչի՝ իսպանական տիրապետությանը: Կոնկիստադորները Պերու բերեցին այն լեզուն և հավատը, որով մինչև այսօր խոսում ու արտահայտվում է պերուացիների մեծամասնությունը: Սակայն Գաղութի միանշանակ փառաբանությունը նույնքան մոլորություն է, որքան ինկերի իդեալականացումը: Եվ չնայած Գաղութը Պերուն փոխարքայություն հռչակեց` նրա մեջ ընդգրկելով նաև այն տարածքները, որ այսօր պատկանում են տարբեր պետությունների, իսկ մայրաքաղաք Լիման էլ փայլում էր իր շքեղ դատարաներով, կարևոր գիտական և արարողակարգային կյանքով, այն նաև իր հետ բերեց կրոնական խավարամտություն, հավատաքննություն (ինկվիզիացիա), գրաքննություն, որ արգելեց վեպի՝ իբրև գրական ժանրի գոյությունը, ինչպես նաև անհավատների ու հերետիկոսների հետապնդում. պիտակում, որով շատ հաճախ մատնանշվում էին պարզապես մտածել համարձակվող մարդիկ: Գաղութը իր հետ բերեց նաև հնդկացու և սևամորթի շահագործում, տնտեսական ու սոցիալական խավերի հաստատում, որը պահպանվելով ու մինչ մեր օրեր հասնելով` Պերուն վերածել է անթիվ-անհամար անհավասարություններով մի երկրի:
Անկախությունը քաղաքական երևույթ էր, որը համարյա ոչինչ չփոխեց մի հասարակության մեջ, որ բաժանված էր երկու մասի՝ փոքրամասնության, որը վայելում էր ժամանակակից կյանքի բոլոր առավելությունները, և մի զանգված, որ ապրում էր տգիտության և աղքատության մեջ: Ո՛չ Ինկարիոյի հզորությունը, ո՛չ գաղութային և ո՛չ հանրապետության տարեգրությունը չկարողացան ինձ մոռացնել տալ, որ բոլոր համակարգերը, որոնց պայմաններում ապրել ենք, անընդունակ էին գոնե նվազեցնել ու տանելի համամասնության հասցնել պերուացիների մեջ եղած տարբերությունը, և այս արատավոր բիծը չի կարող փոխհատուցվել ո՛չ ճարտարապետական կոթողներով, ո՛չ պատերազմական սխրագործություններով, ո՛չ էլ փայլուն պալատականներով:
Իհարկե, այս ամենի մասին չէ, որ մտածում էի Բոլիվիայից Պերու վերադառնալիս: Ընտանիքս առաջնորդվում էր բիբլիական ավանդույթներով. տեղափոխվում էինք բոլորով՝ հորաքույրներ, քեռիներ, զարմիկներ, զարմուհիներ և ընտանեկան տոհմածառի հենասյուն տատ ու պապ: Այսպես հասանք Պիուրա: Ավազուտներով շրջապատված այս քաղաքն իմ առաջին պերուական փորձությունն էր: Սալեսիանական քոլեջում դասընկերներս հեգնում էին ինձ, որովհետև խոսում էի ինչպես «լեռնեցի»՝ առանձակի շեշտելեվ Ռ-երը և Ս-երը, և նաև, որ հավատում էի, թե երեխաներին բերում են արագիլները Փարիզից: Նրանք ինձ բացատրեցին, որ այդ ամենը մի փոքր ավելի պակաս օդային եղանակով է կատարվում: Հիշողությունս լիուլի է այն երկու տարվա պատկերներով, որոնք անցկացրի այդ բնակավայրում: Պիուրացիները շփվող են, մակերեսային, կատակասեր և ջերմ: Պիուրայում այդ տարիներին շատ լավ չիչա էին խմում (եգիպտացորենից ստացվող ալկոհոլային ըմպելիք), նրբագեղությամբ պարում էին տարածաշրջանային մի պար՝ տոնդերոն, իսկ խառնածինների (cholos) ու սպիտակների հարաբերություններն այդքան լարված չէին՝ այլ տարածաշրջանների հետ համեմատած. պիուրացիների ոչ պաշտոնականությունը, ձևականություններից դուրս լինելն ու խրախճասեր ոգին կրճատում էին հասարակական խավերի միջև առկա խզվածությունը: Սիրահարները աղջիկների պատուհանների տակ կանգնած սերենադներ էին երգում, իսկ այն փեսացուները, ովքեր դիմադրության էին հանդիպում, փախցնում էին աղջկան. նրան տանում էին ինչ-որ ագարակ մի քանի օրով, և վերջում երջանիկ ավարտ՝ համակերպված ընտանիքներ և եկեղեցական արարողակարգով ամուսնություն տաճարում: Առևանգումները տոնում էին այն նույն ցնծությամբ, որ գետի գալուստն էր բերում` տարվա ընթացքում մի քանի ամիս կյանք պարգևելով բամբակագործ ագարակներին:
Պիուրան՝ այդ մեծ բնակավայրը, լի էր այնպիսի իրադարձություններով, որ երևակայություն էին բորոբոքում. Մանգաչերինան էր իր ցեխոտ խրճիթներով և վայրի շաքարեղեգներով, որտեղ չիչայի լավագույն բարերն էին, և Գալյինասերան` տեղակայված գետի և սպանդանոցի միջև: Երկու թաղամասերն էլ ատում էին միմյանց և երբեմն վեճեր էին ծագում մանգաչերինացիների և գալյինասերացիների միջև: «Կանաչ տուն»-ն էլ կար՝ քաղաքի հասարակաց տունը՝ ամայի անապատի մեջ, որտեղից գիշերը ձայներ էին լսվում, և տեսանելի էին լույսեր ու անհանգիստ ուրվագծեր: Հենց այդ վայրն էր, որի դեմ կատաղի պայքարում էին սալեսիանական Հայրերը. այն ինձ վախեցնում և գերում էր միաժամանակ. ժամեր էի անցկացնում դրա մասին խորհելով, թաքուն հետևելով, պատկերացնելով, թե ինչեր են կատարվում ներսում: Այդ խախուտ փայտե կառույցը, որտեղ նվագում էր Մանգաչերիայի նվագախումբը, որտեղ պիուրացիները գնում էին ուտելու, երաժշտություն լսելու, գործերից խոսելու և սիրով զբաղվելու (զույգերը դա անում էին բաց երկնքի, աստղերի տակ, տաք ավազին) իմ մանկության առաջին ամենահուզիչ հուշերից են: Հենց այդ հիշողություններից էլ ծնվեց «Կանաչ տունը», մի վեպ, որտեղ հասարակաց տան հիմնադրման պատճառով պիրուացիների կյանքի ու երևակայության մեջ առաջացող խառնաշփոթի և Ամազոնիայի մի խումբ արկածախնդիրների սխրագործությունների ու անհաջողությունների առիթն օգտագործելով` փորձել եմ միավորել Պերուի երկու շրջանները՝ անապատն ու ջունգլին, որոնք ինչքան տարբեր, այնքան հեռու են իրարից: Պիուրայի մասին հիշողությունների առկայծումներից են ծնվել նաև առաջին` «Ղեկավարները» գրքիս մի քանի պատմությունները: Երբ պատմվածքների այս ժողովածուն լույս տեսավ, որոշ քննադատներ այնտեղ նկատեցին լատինամերիկյան «machismo»-ի (հայրիշխանության) ռենտգենյան լուսանկարի հավասարազոր արտացոլանքը: Չգիտեմ` ճիշտ է, թե ոչ, բայց այո, գիտեմ, որ իմ տարեկից շատ պերուացիները մեծացել են քնքուշ դաժանության կամ դաժան քնքշության միջավայրում, որն էլ փորձել եմ վերստեղծել իմ առաջին պատմվածքներում:
Լիման ճանաչեցի, երբ չափահաս էի դառնում. քաղաք, որն ատեցի առաջին իսկ վայրկյանից. բավականին դժբախտ էի, երբ տեղափոխվեցի այնտեղ: Ծնողներս բաժանված էին, չնայած հետագայում՝ տասը տարի անց, նորից միավորվեցին: Հորս հետ ապրել` նշանակում էր առանձնանալ պապիկ-տատիկից, քեռիներից, մորաքույրներից և ենթարկվել մի խստագույն մարդու կարգուկանոնին, ինչն ինձ համար խորթ էր ու անծանոթ: Լիմայի մասին առաջին հիշողություններս զուգահեռվում են այդ դժվար փորձության հետ: Ապրում էինք Մագդալենայում՝ միջին խավի բնորոշ մի թաղամասում: Բայց երբ լավ գնահատակններ էի ստանում, որպես պարգևատրություն, շաբաթվա վերջն անցկացնում էի Միրաֆլորեսում (առավել բարգավաճ, զարգացած թաղամասը), որտեղ ծովի հարևանությամբ ապրում էին քեռիներս: Այնտեղ ծանոթացա իմ տարեկից մի խումբ տղաների և աղջիկների հետ, որոնց հետ էլ ապրեցի և կիսեցի անչափահասությանս բարքերը: Այն ժամանակ դա կոչվում էր «թաղ» ունենալ. զուգահեռ ընտանիք, որի օջախը փողոցի անկյունն է. նրանց հետ ֆուտբոլ եք խաղում, թաքուն ծխում, սովորում մամբո պարել և սեր խոստովանել աղջիկներին: Նոր սերնդի համեմատ մեզ կարելի է հրեշտակապետ անվանել: Այժմյան լիմացի երիտասարդները սիրով են զբաղվում առաջին սուրբ հաղորդությունից հետո և ծխում առաջին խմբակային մարիխուանան, երբ նույնիսկ ձայնը դեռ ձևավորված չէ: Մենք նույնիսկ թմրանյութերի գոյության մասին չգիտեինք: Մեր անկարգությունները արգելված ֆիլմերի ցուցադրություններին գաղտնի սողոսկելուց այն կողմ չէր անցնում (ֆիլմեր, որ կղերական գրաքննությունը որակել էր «անհարիր երիտասարդ կանաց համար»), կամ` կապիտանի մի գավաթ դատարկելով (վերմուտի և պիսկոյի թունավոր խառնուրդը), որը սովորաբար խմում էինք փողոցի անկյունային մի կրպակում` շաբաթօրյա խնջույքներից առաջ, որտեղ երբեք ալկոհոլային խմիչքներ չէին մատուցվում: Հիշում եմ` մի լուրջ քննարկում ունեցանք թաղի տղաներով, տանչորս կամ տասնհինգ տարեկան էինք, որպեսզի որոշենք կիրակնօրյա ֆիեստայի ժամանակ սիրած աղջկան համբուրելու ճիշտ ձևը: Այն, ինչ Ջակոմո Կազանովան շովինիստորեն անվանում է «իտալական ոճ» կամ համբույր լեզվով, իսկ բրիտանացիներն անվանում են «ֆրանսիական համբույր», միաձայն բացառվեց՝ որպես մահացու մեղք:
Այն ժամանակվա Լիման ՝ դեռևս քառասնականների վերջին, մի փոքր քաղաք էր՝ ապահով, հանգիստ, խաղաղ և խաբեբա: Ապրում էինք անջրանցիկ բաժանմունքներում. հարուստներն ու ապահովվածները Օրանտիայում և Սան Իսիդրոյում, միջին խավը Միրաֆլորեսում, առավել քիչ եկամուտներով միջին խավը` Մագդալենայում, Սան Միգելում, Բառանկոյում, իսկ աղքատները` Վիկտորիայում, Լինսեում, Բախո էլ Պուենտեում և էլ Պորվենիրում: Արտոնյալ դասերի տղաները գրեթե չէին հանդիպում աղքատներին, նրանց գոյության մասին կարծես չէին էլ կասկածում. նրանք այնտեղ էին, իրենց թաղամասերում՝ վտանագավոր, հեռավոր և հավանաբար հանցագործություններով լի վայրերում: Իմ շրջապատից մի տղա, եթե Լիմայից դուրս չգար, կարող էր ամբողջ կյանքն անցկացնել այն պատրանքով, որ ապրում է սպիտակների ու խառնածինների մի իսպանախոս երկրում՝ լիովին անիրազեկ մնալով միլիոնավոր հնդկացիների (բնակչության մեկ երրորդը), կեուչախոսների բացարձակ տարբեր կենսակերպից: Ինձ հնարավորություն ընձեռվեց մասնակիորեն հաղթահարել այդ պատնեշը: Հիմա դա ինձ բախտավորություն է թվում: Բայց, այնժամ՝ 1950-ին, մի իսկական դրամա էր: Հայրս հայտնաբերել էր, որ բանաստեղծություններ եմ գրում. բանաստեղծ, ով դատապարտված է սովամահ լինելու և կորցնելու իր տղամարդկային հատկանիշները (այն հավատամքը, որ բոլոր բանաստեղծները մի քիչ միասեռական են, որոշակի շրջանակներում դեռ շատ տարածված էր), և ապագայիս համար վախենալով` կանխարգելիչ միջոցառումներ էր ձեռք առել` կատարյալ հակաթույն՝ Լեոնսիո Պրադոյի ռազմական վարժարան:
Երկու տարի մնացի այդ ինտերնատում: Լեոնսիո Պրադոն պերուական հասարակության միկրոտիեզերքն էր: Այնտեղ էին գնում սովորելու և՛ բարձր խավի տղաները, որոնց ծնողները նրանց այնտեղ էին ուղարկել որպես ուղղիչ տուն, և՛ միջին խավի տղաները, ովքեր փափագում էին շարունակել ռազմական կարիերան, ինչպես նաև տղաներ անապահով խավերից, քանի որ վարժարանը կրթաթոշակային մի համակարգ ուներ, որը դուռ էր բացում նաև առավել աղքատ ընտանիքների տղաներին: Պերուի այն սակավ հաստատություններից մեկն էր, որտեղ համատեղ ապրում էին հարուստները, աղքատներն ու միջին խավը՝ սպիտակներ, խառնածիններ, հնդկացիներ, սևամորթներ, չինացիներ, լիմացիներ և գավառականներ: Անազատությունը, ռազմական կարգապահությունը, ինչպես նաև դաժանության և ահաբեկչության մթնոլորտը անտանելի էին ինձ համար: Բայց կարծում եմ, որ հենց այդ երկու տարիների ընթացքում էր, որ ճանաչեցի իրական պերուական հասարակության հակադրությունները, ճնշումները, նախապաշարմունքները, չարաշահումները և դժգոհությունները, որոնց գոյության մասին միրաֆլորեսցի տղան անգամ չէր էլ կարող կասկածել: Լեոնսիո Պրադոյին մեկ այլ բանի համար էլ եմ շնորհակալ. ինձ տվեց փորձառություն, որ իմ առաջին վեպի հումքը դարձավ: «Քաղաքը և շները», բնականաբար տարբեր հորինվածքներով, վերստեղծում է պերուական այդ միկրոտիեզերքի կյանքը: Գիրքը ցնցող ընդունելություն ունեցավ: Մի քանի գեներալների կողմից անխղճորեն հարձակման ենթարկվեց, և հազարավոր նմուշներ հանդիսավոր այրվեցին վարժարանի բակում: Նրանցից մեկն ասաց, որ գիրքը գրվել է «խեղաթյուրված մտքի» կողմից, և մեկ ուրիշը, ավելի զոռ տալով երևակայությանը` «անկասկած, մի վեպ է՝ Էկվադորի պատվեր՝ պատվազրկելու պերուական բանակը»: Գիրքը հաջողություն ունեցավ, սակայն ես մշտապես մնացի կասկածներով. այդ աղմուկը հենց գրքի արժանիքների՞ շնորհիվ էր, թե՞ ստեղծված սկանդալի շուրջ:
Վերջին քսան տարիներին լեռներից եկած միլիոնավոր գաղթականներ են հաստատվել Լիմայում` պաշարելով հին թաղամասերը, և որոնց մեղմասությամբ կոչում են «երիտասարդ գյուղեր»: Ի տարբերություն մեզ՝ միջին տարիքի լիմացի տղաներն այսօր հայտնաբերում են երկրի իրականությունը՝ միայն բացելով տան պատուհանները: Հիմա աղքատներն ամենուր են` շրջմոլիկ վաճառողների, թափառականների, անտունների, մուրացիկների, կողոպտիչների տեսքով: Լիման` ներկայիս հինգ ու կես կամ վեց միլիոն բնակչությամբ, լուրջ հիմնախնդիրներով՝ աղբանոցներ, փոխադրամիջոցների և բնակարանների պակաս, գործազրկություն, իր հմայքներից շատ բան է կորցրել` գաղութաբնակ թաղամասեր, վանդակաճաղե պատշգամբներ, քաղաքային անդորր, աղմկոտ ու թաց դիմակահանդեսներ: Սակայն այժմ այն ավելի նման է Պերուի մայրաքաղաքի. երկրի բոլոր մարդիկ ու խնդիներն արտացոլված են նրա մեջ: Ասում են՝ ատելությունը սիրո հետ է քայլում և երևի չեն սխալվում. չնայած կյանքս անցավ Լիման քննադատելով, սակայն քաղաքում դեռ շատ բաներ կան, որ ինձ հուզում են: Օրինակ` մշուշը, մի շղարշ, որ ծածկում է քաղաքը մայիսից մինչև նոյեմբեր, և որն այդքան տպավորեց այդ կողմերով անցնող Մելվիլիին («Մոբի Դիկ»-ում Լիման կոչեց «Ամենատխուր ու ամենազարմանալի քաղաքը, որ երբևէ կարելի է պատկերացնել», քանի որ «պատել էր իրեն սպիտակ քողով»` «ավելի ընդգծելով թախծի սարսափը»): Ինձ դուր է գալիս «գարուա» կոչվող աներևույթ մեղմիկ անձրևը, որի կաթիլները զգում ես` ասես դեմքիդ վրայով սահող սարդի մանրիկ ոտնահետքեր և որն ամեն ինչ խոնավեցնում է` ձմռանը քաղաքաբնակներիս ինչ-որ երկկենցաղի նմանեցնելով: Ինձ դուր են գալիս լողափերը` սառը ջրերով և մեծ ալիքներով, որ կատարյալ պայմաններ են ստեղծում սերֆինգի համար: Ինձ դուր է գալիս հին մարզադաշտը, ուր ես գնում եմ ֆուտբոլային հանդիպումների՝ երկրպագելու «Ունիվերսիտատո» թիմին: Բայց գիտեմ, որ այս ամենը շատ անձնական թուլություններ են, և իմ երկրի ամենահրաշալի արժանիքները մակերեսին չեն, այլ խորքում՝ անապատներում, Անդերում կամ Ամազոնիայի ջունգլիներում: Մի պերուացի սյուրռեալիստ՝ Սեսար Մորոն, իր բանաստեղծություններից մեկը հախուռն պոռթկումով անվանել է` «Լիմա Սարսափելին»: Տարիներ հետո, մեկ այլ գրող` Սեբաստիան Սալասար Բոնդին, այս նույն բնորոշումը որպես վերնագիր ծառայեցնելով` գրեց մի էսսե, որն ուղղված էր կազմաքանդելու Լիմայի մասին միֆերը. քաղաքի իդեալականացումը հեքիաթներում, լեգենդներում և կրեոլական երաժշտության բառերի, ինչպես նաև` հակադրամիասնության մեջ ցույց տալու ենթադրյալ մավրիտանական և անդալուսական քաղաքը, որտեղ ցանցահյուսազարդ շերտավարագույրների ետևից առեղծվածային և սատանայական գեղեցկությամբ օժտված կանայք գայթակղում են կեղծամներով ու դիմափոշիով ծածկված ասպետներին. ահա իրական, դժվարակյաց, կեղտոտ և բորբոքված Լիման: Ողջ պերուական գրականությունը կարելի է երկու խմբի բաժանել` Լիման աստվածացնողներ ու Լիման զրպարտողներ: Իրական քաղաքը հավանաբար այնքան գեղեցիկ չէ, որքան պնդում են որոշները, և ոչ էլ այնքան սարսափելի, ինչքան համոզում են մյուսները: Թեև, մեծ հաշվով, Լիման քաղաք է առանց անհատականությունների, սակայն հմայիչ վայրեր նույնպես ունի, ինչպես, օրինակ՝ ճարտարապետական զարդ Աչոն Տորոյի հրապարակում և բազմաթիվ այլ հրապարակներ, մենաստաններ, եկեղեցիներ: Լիմայում ցլամարտի հանդեպ հրապուրանքը, որ գալիս է դեռևս գաղությաին ժամանակներից, փոխանցվել է մինչև մեր օրեր, և լիմացի երկրպագուն, Մեքսիկայում կամ Մադրիդում ապրող երկրպագուին համահավասար ցլամարտի հրաշալի գիտակ է: Ես ինքս մեկն եմ այն էնտուզիաստներից, ով աշխատում է բաց չթողնել Հոկտեմբերյան տոնավաճառի որևէ ցլամարտ: Այս կիրքը ժառանգել եմ քեռի Խուանից, ով իմ մայրական կողմի անհամար բարեկամներից մեկն էր: Նրա հայրը մեծագույն ցլամարտիկ Խուան Բելմոնտեի ընկերն էր եղել, և վերջինս նրան նվիրել էր իր համազգեստներից մեկը, որով ցլամարտել էր Լիմայում: Այդ ցլամարտիկի զգեստը պահվում էր քեռի Խուանի տանը՝ որպես մի մասունք, և մեզ` ընտանիքի երեխաներիս, ցույցադրվում միայն կարևոր իրադարձությունների ժամանակ:
Ցլամարտերի չափ լիմայական են նաև ռազմական բռնապետությունները: Իմ սերնդի պերուացիները ավելի շատ բռնապետության, քան ժողովրդավարության ներքո են ապրել: Առաջին բռնապետությունը, որ մաշկիս վրա զգացի, գեներալ Մանուել Ապոլինարիո Օդրիայինն էր՝ 1948-1956 թթ.՝ տարիներ, երբ իմ սերնդակցիները դեռահաս երեխայից տղամարդ դառնալու անցումային տարիքում էին: Գեներալ Օդրիան իշխանությունից զրկեց մի արեքիպացի փաստաբանի՝ Խոսե Լուիս Բուստամանտեին՝ պապիկիս զարմիկին: Նրան ճանաչում էի, քանի որ Կոչաբաբայում ապրելիս օթևանել էր տատիկիս և պապիկիս տանը: Հիշում եմ, թե ինչ լավ զրուցակից էր. բերաններս բաց լսում էինք նրան, և, իհարկե, այն փոքր պարգևավճարները, որ սահեցնում էր ափիս մեջ գնալուց առաջ: Բուստամանտեն 1945-ի ընտրություններին Ժողովրդական ճակատի թեկնածուն էր՝ մի դաշինքի, որտեղ մեծամասնական էր Վիկտոր Ռաուլ Հայա դե լա Տոռեի Ապրիստական կուսակցությունը: Ձախակենտրոն ապրիստները խստագույնս ճնշվել էին բռնապետության կողմից: Անկախ Բուստամանտեն դարձավ ԱՊՐԱ-ի թեկնածուն, քանի որ այս կուսակցությունը չէր կարող ավելի հարմար թեկնածու ներկայացնել: Բայց հազիվ էր նա հասցրել ձայների մեծամասնությամբ ընտրվել, երբ ԱՊՐԱ-ն սկսեց գործել՝ Բուստամանտենին որպես խամաճիկ օգտագործելով: Միևնույն ժամանակ, հետադեմ և վայրի աջականները կատաղի ու թշնամական մի արշավ սկսեցին այդ մարդու նկատմամբ` նրան որպես զենք օգտագործելով Ապրայի դեմ իրենց պայքարում: Բուստամանտեն պահում էր իր անկախությունը. դիմակայեց ձախականների և աջականների ճնշումներին և կառավարեց՝ հարգելով ազատ խոսքի իրավունքը, արհմիութենական կյանքն ու քաղաքական կուսակցությունները: Նրա կառավարությունը երեք տարի դիմակայեց` ուղեկցվելով փողոցային բռնություններով, քաղաքական հանցագործություններով և խռովություններով ու ընդհատվեց Օդրիայի հեղաշրջումով: Սակայն իմ մանկական ակնածանքը Չապլինի պես քայլող և թիթեռնիկե փողկապով այդ պարոնի հանդեպ չընդհատվեց. քանի որ Բուստամանտեի մասին կարելի է շատ բաներ ասել. նա հազվադեպ հանդիպող տեսակ էր երկիրս կառավարած մի շարք ղեկավարների շարքում: Նա իշխանությունից հեռացավ ավելի աղքատ, քան մտել էր, մարդ, ով հանդուրժող եղավ իր հակառակորդների հանդեպ, և դաժան ու խիստ` իր կուսակիցների, հետևապես ոչ ոք չէր կարող նրան մեղադրել կողմնակալության մեջ, մարդ, ով հարգեց օրենքները` ընդհուպ մինչև իր քաղաքական ինքնասպանությունը: Գեներալ Օդրիայի հետ դաժանությունը վերահաստատվեց Պերուում: Չնայած Օդրիան սպանեց, բանտարկեց և արտաքսեց մեծ թվով պերուացիներ՝ Օդրիայի «ութամյակը» ավելի քիչ արյունարբու էր, քան այդ ժամանակաշրջանի հարավամերիկյան այլ բռնապետություններում: Բայց, փոխարենը, ավելի կոռումպացված էր. ոչ միայն այն պատճառով, որ համակարգի բարձրաստիճան պաշտոնյանները լցնում էին գրպանները, կային ավելի լուրջ պատճառներ. խաբեբայությունը, եկեղեցական ունեցվածքից ստացած եկամուտը, սպառնալիքը, չարաշահումը, ոտնձգությունը, որոնք պետական կառավարման ձև ստանալով` աղտոտեցին կյանքը ամբողջ երկրում:
Հենց այդ տարիներին (1953 թ.) ընդունվեցի Սան Մարկոսի համալսարան` իրավաբանություն և հումանիտար գիտություններ սովորելու: Ընտանիքս հույս ուներ, որ կընդունվեմ Կաթոլիկ համալսարան, որտեղ այդ տարիներին գնում էին սովորելու «արժանավոր ընտանիքների զավակները»: Բայց ես կորցրել էի վստահությունս 14-15 տարեկանում և «ընտանիքի պարծանք» լինելու ցանկություն չունեի: Քոլեջի վերջին դասարանում էի սովորում, երբ ինքս ինձ համար հասարակության սոցիալական խնդիրները բացահայտեցի, ռոմանտիկ հովերով տարված մի վիճակ, երբ դեռահասը բացահայտում է հասարակական խնդիրները, անհավասարությունները և աղքատների հետ նույնականանալով` ուզում է հեղափոխություն անել, հեղափոխություն, որը կարող է Պերուում արդարություն հաստատել:
Սան Մարկոսի համալսարանը աշխարհիկ և պետական մի հաստատություն էր, որն ավանդույթների հանդեպ այլընտրանքային վերաբերմուքն ուներ, ինչն էլ գրավել էր իմ ուշադրությունը ճիշտ այնքան, որքան նրա ընձեռած ակադեմիական հնարավորություները: Բռնապետությունը պառակտել էր համալսարանը, աքսորվել էին մի խումբ դասախոսներ, իսկ նախորդ տարի` 1952-ին, ոստիկանական մի մեծ շուրջկալ տասնյակ ուսանողների էր ուղարկել բանտ կամ արտասահման: Լսարաններում իշխում էր կասկածի ու անվստահության մթնոլորտը, որովհետև բռանապետությունը բազմաթիվ ոստիկաններ էր հաշվառել և ընդունել որպես ուսանողներ: Կուսակցությունները օրենքից դուրս էին. և՛ ապրիստները, և՛ կոմունիստները, որ այդ ժամանակ մեծագույն մրցակիցներ էին, աշխատում էին ընդհատակում:
Սան Մարկոս ընդունվելուց քիչ անց ռազմական ծառայության անցա «Կահուիդե»-ում, որը Կոմունիստական կուսակցությանը նոր անուն տալով (կուսակցությունը շատ հալածանքների էր ենթարկվել բռնապետության կողմից) փորձում էր վերականգնել իր գործունեությունը: Մեր անդամակցությունը բավականին անվտանգ էր. փոքր խմբերով գաղտնի հանդիպում էինք կազմակերպում՝ մարքսիզմ ուսումնասիրելու, տպագրում էինք թռուցիկներ ռեժիմի դեմ, պայքարում էինք ապրիստների հետ, ցույցեր էինք կազմակերպում` համալսարանը ներգրավելով աշխատավորական պայքարի մեջ (մեր սխրագործությունն էր կազմակերպել մի գործադուլ Սան Մարկոսում` որպես աջակցություն տրամվայի աշխատավորների բողոքին) և քայլեր ձեռնարկում, որ համալսարանական կառույցների ընտրովի մարմինների բոլոր տեղերը շահեին մեր մարդիկ:
Ստալինիզմի բացարձակ իշխանության ժամանակաշրջանն էր, և գրական դաշտում կուսակցության պաշտոնական գեղագիտությունը սոցիալիստական ռեալիզմն էր: Իմ կարծիքով, առաջին բանը, որ ինձ հիասթափեցրեց «Կահուիդե»-ից, հենց դա էր: Չնայած որոշակի վերապահման, քանի որ ես նաև Սարտրի ազդեցության տակ էի, ում հանդեպ առանձնահատուկ հիացմունք ունեի, աստիճանաբար համակերպվեցի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմին: Բայց երբեք չկարողացա ընդունել սոցիալիստական ռեալիզմի մոլորված դրույթները, որ ջնջում էին առեղծվածը և գրական առաքելությունը վերածում քարոզչական մարմնամարզության: Մեր քննարկումները վերջ չունեին, և բանավեճերից մեկում, երբ Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպը որակեցի որպես անզգայացնող և պաշտպանեցի հալածված Անդրե Ժիդի «Երկրի պտուղները»-ը, հավատակիցներիցս մեկը ինձ վիրավորեց` կոչելով «Դու խելապակաս ես»:
Որոշ չափով հենց այդպիսին էի. անհագ ծարավով և հիացմունքով կարդում էի մի շարք գրողների, որոնց ժամանակաշրջանի մարքսիստները համարում էին «Արևմտյան մշակույթի գերեզմանափորեր»՝ Հենրի Միլեր, Ջոյս, Հեմինգուեյ, Պրուստ, Մարլո, Սելին, Բորխես: Բայց նախևառաջ` հատկապես Ֆոլքներ: Հավանաբար ամենակայուն բանը, որ ինձ մնաց ուսանողական տարիներից, ոչ թե լսարաններում սովորածս գիտելիքներն են, այլ այն պատմվածքներն ու վեպերը, որ ընդգրկված են Յոքնապատոֆա երկրի վիպասքում: Հիշում եմ այն շլացումը, երբ թուղթն ու մատիտը ձեռքիս կարդում էի «Օգոստոսի լույսը», «Վայրի արմավենիներ», «Մինչ ես հոգեվարքի մեջ էի», «Շառաչ և ցասում» և այլ գործեր՝ այդ էջերում ինձ համար բացահայտելով ենթատեքստերի և ելևէջների անսհաման բարդությունը, ինչպես նաև տեքստային ու հայեցակարգային այն հարստությունը, որը կարող է ունենալ առհասարակ որևէ պատմություն: Նաև սովորեցի, որ լավ պատմելը պահանջում է աճպարարական տեխնիկա: Իմ երիտասարդության գրական մոդելները գնալով սակավանում էին, ինչպես, օրինակ՝ Սարտրի դեպքում, ում այլևս չէի կարողանում վերընթերցել: Բայց Ֆոլքները շարունակում է առաջնորդող հեղինակ մնալ մինչ այսօր, և ամեն անգամ նրան վերընթերցելիս` համոզվում եմ, որ նրա գործը վիպական մի հանրագումար է, որ կարելի է համեմատել մեծագույն դասականների հետ: Հիսունական թվականներին լատինամերիացիներս առավելապես կարդում էինք եվրոպացի ու հյուսիսամերիկացի հեղինակներին, և համարյա չէինք փնտրում մեր գրողներին: Իրավիճակը փոխվեց և ընթերցողները հայտնաբերեցին լատինամերիկյան հեղինակներին այն ժամանակ, երբ աշխարհը ճանաչեց նրանց:
Այդ տարիներին ինձ համար կարևոր իրադարձություն էր բռնապետության անվտանգության ծառայապետի հետ ծանոթանալը, որն ամենաատելի մարդն էր Օդրիայից հետո: Այդ ժամանակ ես Սան Մարկոսի համալսարանական դաշնության պատվիրակ էի: Բազմաթիվ սանմարկոսցիներ բանտում էին, և գիտեինք, որ նրանց ստիպում էին քնել բանտատխցերի հատակին՝ առանց ծածկոցների և ներքնակների: Դրամահավաք արեցինք և վերմակներ գնեցինք: Բայց, երբ ուզում էինք դրանք տանել Ուղղիչ հաստատություն, որտեղ այժմ գտնվում է Շերատոն հյուրանոցը (ասում են, որ նրա որոշ սենյակներում մինչև հիմա տառապում են հին ստորգետնյա զնդաններում տանջվածների հոգիները), մեզ տեղեկացրին, որ միայն Կառավարության ղեկավարը՝ Դոն Ալեխանդրո Էսպարսա Սանյարտուն կարող էր տալ այդ արտոնությունը: Դաշնության հինգ պատվիրակներին ընդունելու և լսելու համաձայնություն տվեց: Ես հինգից մեկն էի: Մինչև հիմա շատ վառ եմ հիշում այն տպավորությունը, որ ինձ վրա թողեց այդ ահարկու անձնավորությունը Իտալիայի հրապարակում գտնվող Կառավարության իր գրասենյակում: Բծախնդիր, սմքած և ձանձրալի հիսնամյա մի մարդ էր, որը կարծես մեզ նայում էր ջրի միջից և ընդհանրապես չէր լսում: Թույլատրեցին խոսել (դողում էինք), երբ ավարտեցինք, դեռ ոչինչ չասելով մեզ էր նայում` կարծես հեգնելով մեր շփոթմունքը: Հետո նա բացեց գրասեղանի դարակներից մեկը և հանեց «Կահուիդե»-ի որոշ նմուշներ, միմիոգրաֆով գաղտնի տպագրած մի փոքրածավալ լրագիր, որտեղ, իհարկե, հարձակվել էինք նրա վրա: «Ես գիտեմ, թե ձեզնից որ մեկն է այստեղ գրված յուրաքանչյուր հոդվածի հեղինակը,– ասաց մեզ,– գիտեմ` որտեղ եք հավաքվում այն տպագրելու համար և ինչ դավեր եք նյութում ձեր խմբակներում»:
Եվ իսկապես, թվում էր` օժտված էր ամենագիտությամբ: Սակայն, միևնույն է, թշվառ միջակության խղճուկ տպավորություն էր թողնում: Խոսում էր քերականական սխալներով և ինտելեկտուալ աղքատությունն ակնհայտ էր: Հենց այդ ընդունելության ժամանակ, առաջին անգամ նրան հանդիպելով, միտք հղացա` վեպ գրել նրա մասին, որը պետք է իրականացնեի 15 տարի անց` «Զրույցը տաճարում» վերնագրով: Վեպում ցանկացա նկարագրել այն ազդեցությունները, որ ունեցավ Օդրիայի ութամյակը մարդկանց առօրյա կյանքում` դասերի, աշխատանքների, սերերի, երազանքների և հավակնությունների վրա: Դժվար էր գտնել այն ընդհանուր առանցքը, որ պետք է միավորեր բազմաթիվ կերպարներ և տեսարաններ. ամբողջ պատմության միջով կարմիր թելի պես անցնող պատահական հանդիպումը և զրույցը, որ տեղի էր ունենում նախկին թիկնապահի, ով բռնապետության մի լրտես էր, մի լրագրողի և վարչակարգի հետ բարգավաճած մի գործարարի որդու միջև: Գրքի լույս տեսնելուց հետո, նախկին Կառավարության ղեկավարը (արդեն հեռացած քաղաքականությունից ու նվիրված մարդասիրությանը), մեկնաբանեց. «Եթե Վարգաս Լյոսան ինձ մոտ գար, ես նրան ավելի հետաքրքիր բաներ կպատմեի»:
Այսպիսով, հենց Լեոնսիո Պրադոյի ռազմական վարժարանն օգնեց ինձ ճանաչել իմ երկիրը, ինչպես նաև լրագրությունը, մի մասնագիտություն, որ շատ դռներ բացեց իմ առջև, ուղղորդեց հետազոտել բոլոր միջավայրերը, հասարակական խավերը, վայրերն ու միջոցառումները: 15 տարեկանից որպես լրագրող սկսեցի աշխատել La Cronica օրաթերթում, միջնակարգի չորրորդ տարվա արձակուրդների ժամանակ` սկզբում լուսաբանելով համայնքային միջադեպերը, հետո հանցագործությունները: Ցնցող էր գիշերով շրջել տեսչության բաժանմունքները` ճշտելու, թե ինչ հանցագործություններ, գողություններ, կողոպուտներ, միջադեպեր էին պատահել, կամ հետաքննել հատուկ դեպքերը, ինչպես օրինակ՝ «Գիշերային թիթեռնիկը», մի մարմնավաճառ, որ դանակահարությամբ սպանվել էր Էլ Պորվենիրում: Դեպքն ինձ համար առիթ հանդիսացավ մի էքսկուրսիա կատարել Լիմայի մարմնավաճառական կենտրոններով, կեղտոտ զվարճատեղիներով, կավատների և միասեռականների բարերով: Այն ժամանակ լրագրության ու ընդհատակյա կյանքի, կամ գոնե, վատ համբավ ունեցող բոհեմի սահմանները մի փոքր լղոզված էին: Աշխատանքը վերջացնելուց հետո, պարտադիր ծես էր գործընկերներիս հետ ցրվելը` որևէ մռայլ բարում թաքնվելով, որտեղ հիմնականում սպասարկում էին չինացի մատուցողները, իսկ հատակը լի էր թեփով, որով հետո ծածկում էին հարբածների փսխուկը: Այնուհետև գնում էինք հասարակաց տները, որտեղ ոստիկանության լրագրողներին պատշաճ ու առանձնահատուկ վերաբերմունք էին ցուցաբերում՝ վախենալով հետագա անախորժություններից:
Համալսարանում սովորելու վերջին տարիներին աշխատում էի «Panamericana» ռադիոյում՝ տեղեկատվական անցաթղթերի բաժնում: Այնտեղ էլ առիթ ունեցա ներսից տեսնելու ռադիոթատրոնի հետաքրքրական աշխարհը՝ զգացմունքային և դաժան, հրաշալի պատահականությունների և անսահման աճպարարությունների, 19-րդ դարի մելոդրամաների ժամանակակից տարբերակներ, սակայն նախատեսված մեկ այլ լսարանի համար. ասենք քայլելով Լիմայի որևէ փողոցով, կարել էր լսել Ֆելիքս Բ. Կայնետի «Ծնվելու իրավունք»-ից մի որևէ դրվագ, քանի որ Լիմայի բոլոր ընտանիքներում այն լսում էին:
Այդ թեժ կրքերի և դիտարժան պատկերների աշխարհը ինձ ոգեշնչեց մեկ ուրիշ վեպի գաղափար՝ « Խուլիա մորաքույրն ու գրչակը»: Արտաքուստ, մի վեպ է, որ պատմում է ռադիոթատրոնի և մելոդրամայի մասին, բայց խորքում պատմություն է մի բանի մասին, որը մշտապես հմայել է ինձ, որին նվիրում եմ իմ կյանքի մեծագույն մասը և մի բան, որ երբեք էլ չեմ կարողացել հասկանալ. ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է գրելը:
Մանկուց գայթակղված էի ինձ հետ կատարվող բոլոր իրադարձությունները պատմությունների վերածելու անասելի ցանկությամբ, այն աստիճան, որ երբեմն տպավորություն եմ ունենում, թե այն ամենը, ինչ ինձ հետ պատահում է կամ ինքս եմ անում` իմ ողջ կյանքը, ոչ այլ ինչ է, քան պատրվակ` պատմություններ գրելու: Վերջին հաշվով ի՞նչ կա իրականության այդ անդադար ձևախեղումների ետևում. ժամանակի ավերիչ մոռացումից փրկելու ինչ-որ մեկի նվիրական փորձառությո՞ւնը, ցավոտ ու սարսափելի իրադարձությունները մեջիցդ դուրս մղելու ցանկությո՞ւն, ինչպես դիվահարին են ազատում չարից, թե՞ պարզապես մի խաղ` բառերի ու պատրանքների մի անհեթեթ արբեցում: Ինչքան շատ եմ գրում, այնքան ավելի դժվար է թվում պատասխան գտնելը:
Ավարտեցի համալսարանը 1957-ին: Հաջորդ տարի ներկայացրի ատենախոսությունս և կրթաթոշակ շահեցի` դոկտորական աստիճան Մադրիդում պաշտպանելու: Գնալ Եվրոպա, ինչ որ կերպ հասնել Փարիզ, երազանք էր, որ փայփայում էի Ալեքսանդր Դյումա, Ժյուլ Վեռն և Վիկտոր Հյուգո կարդալուց ի վեր: Ուրախ էի, որ ճամպրուկներս դասավորելու առիթ է ստեղծվել, երբ պատահականորեն ինձ հնարավորություն ընձեռվեց ճամփորդել Ամազոնիա: Մեքսիկացի մի մարդաբան` Խուան Կոմասը, պետք է շրջագայեր Ալտո Մարանյոնում, որտեղ գտնվում են ագուարունաս և հուամբիսաս ցեղերը, արշավախմբում մի ազատ տեղ կար, որն էլ ընկերներիցս մեկի միջնորդությամբ ես զբաղեցրի: Ալտո Մարանյոնում անցկացրած այդ շաբաթները, այցելությունները ցեղախմբերի գյուղեր և հյուղակներ, անմոռանալի մի փորձառություն էր, որը բացահայտեց երկիրս մեկ այլ հարթությունում: (Ակնհայտորեն Պերուն հազար դեմքերի երկիր է):
Լիմայից անցնել Չիկաիս կամ Ուրակուսա նշանակում էր 20-րդ դարից թռիչք կատարել դեպի քարի դար, շփման մեջ մտնել հայրենակիցների հետ, ովքեր կիսամերկ են ապրում, ծայրահեղ նախնականության պայմաններում և, ի հավելյալ ամենի` շահագործվում անգութ եղանակով: Նրանց հարստահարիչներն էլ իրենց հերթին աղքատ առևտրականներ էին՝ ոտաբոբիկ և կիսագրագետ, որ կաուչուկի և կաշվի առևտուր էին անում` հումքը ծիծաղելի էժան գնելով ցեղախմբերից և վայրագորեն պատժում հնդկացիների ազատագրական յուրաքանչյուր փորձ: Երբ Ուրակուսայի բնակավայրը հասանք, կասիկը՝ հնդկացիական ցեղերի առաջնորդ, որին ագուարցիները Խում էին անվանում, դուրս եկավ մեզ ողջունելու. սարսափելի էր նրան տեսնել ու լսել նրա պատմությունը. ոչ վաղ անցյալում այդ մարդուն կտտանքների էին ենթարկել կոոպերացիա ստեղծելու համար: Ալտո Մարանյոնի կորած գյուղերում տեսա և շոշափեցի դաժանության այն չափը, որ կարող էր ստեղծել գոյատևման պայքարն իմ երկրում: Բայց Ամազոնիան միայն տառապանք, չարաշահում ու տարբեր ապրելակերպի ու պատմական ժամանակաշրջաններին պատկանող պերուացիների անհավասար և դաժան համակեցություն չէր: Այն նաև աներևակայելի առատության, զարմանահրաշ ուժերի աշխարհ էր, ուր քաղաքից եկած մեկը հայտնաբերում է վայրի բնությունը` անձեռակերտ ու վայրի. մի շքեղ ներկայացում՝ լի հորդառատ գետերով և կուսական անտառներով, կենդանիներով, որ կարծես առասպելներից են դուրս եկել, տղամարդկանցով ու կանանցով, որ ապրում էին վտանգավոր ու ամենաազատ կյանքով. նման այն արկածային վեպերի հերոսներին, որոնք իմ մանկության տարիների ուրախությունն էին: Կարծում եմ՝ երբեք ավելի բեղուն ճամփորդություն չեմ ունեցել, քան այդ մեկը` 1950-ականների կեսերին: Շատ բաներ, որ այնտեղ արել եմ, տեսել ու լսել, հետագայում խմորվելով` պատմություններ դարձան:
Այս ճամփորդության ընթացքում առաջին անգամ կանխազգացի այն, ինչ Իսայա Բեռլինը անվանել է «հակասական ճշարտություններ»: Հենց Սանտա Մարիա դե Նիեվա կոչվող փոքրիկ բնակավայրում էր, որ քառասնական թվականներին քարոզչական մի առաքելություն էր հաստատվել. միանձնուհիները բացել էին դպրոց` ցեղախմբերի աղջիկների համար: Բայց քանի որ վերջիններս իրենց կամքով չէին հաճախում, նրանց բերում էին քաղաքացիական գվարդիայի հսկիչների միջոցով: Աղջիկներից ոմանք, քարոզչական առաքելության ընթացքում կորցնելով իրենց կապը ընտանեկան միջավայրի հետ, այլևս չէին կարողանում վերադառնալ այն կյանքին, որից ազատվել էին: Իսկ ի՞նչ էր պատահում նրանց հետ հետո. հանձնվելով Սանտա Մարիա Նիեվայով անցնող «քաղաքակրթության» ներկայացուցիչներին՝ ճարտարագետներ, զինվորականներ, վաճառականներ վստահությանը` սպասավորի աշխատանք էին կատարում նրանց տներում: Ամենաողբերգականն այն էր, որ միսիոներներ-միանձնուհիները ոչ միայն չէի գիտակցում հետևանքների ամբողջ ծանրությունը, նաև առաքելությունն իրականացնելու համար իսկական հերոսություն էին ցուցաբերում. դժվարին պայմաններում էին ապրում, իսկ գետի վարարման ամիսներին փաստացի մեկուսացման էին ենթարկվում: Այն, որ աշխարհի լավագույն մտադրություններով և անսահաման զոհաբերությամբ կարելի է վնաս հասցնել, ինձ համար մի դաս դարձավ, որ երբեք չեմ մոռանում: Հենց դա ինձ սովորեցրեց, թե ինչքան երերուն է բարին ու չարը բաժանող սահմանագիծը, և թե ինչ մեծ ողջամտություն է անհրաժեշտ ունենալ մարդկային արարքները դատելու, հասարակական խնդիրներին ճիշտ լուծումներ տալու համար, եթե իհարկե չեք ցանկանում, որ դեղամիջոցները ավելի վտանգավոր լինեն, քան հիվանդությունը:
Մեկնեցի Եվրոպա և մի տևական ժամանակ` մինչ 1974-ը, այլևս չվերադարձա իմ երկրում ապրելու: Երբ մեկնեցի, քսաներկու տարեկան էի, երբ վերադարձա` երեսունութ, շատ ջրեր էին հոսել այդ ընթացքում և շատ հարցերում ինքս էլ բոլորովին ուրիշ մարդ էի դարձել: Իսկ ինչ վերաբերվում է երկրիս հանդեպ իմ վերաբերմունքին, ապա այն նույն է մնացել պատանեկության տարիներից ի վեր. մի կապ, որ ավելի շատ կարելի է բնութագրել մետաֆորների, քան հասկացությունների միջոցով: Պերուն ինձ համար անբուժելի հիվանդության պես մի բան է, և իմ հարաբերությունը նրա հետ ուժեղ, լարված ու կրքին բնորոշ դաժանությամբ են արտահայտվում: Վիպասան Խուան Կարլոս Օնետտին մի անգամ ասաց, որ որպես գրող իմ ու նրա միջև տարբերությունն այն է, որ ես գրականության հետ ամուսնական կապի մեջ եմ, իսկ ինքը` ամուսնական անհավատարիմ հարաբերությունների: Իմ տպավորությամբ` Պերուի հետ իմ կապը ավելի արտամուսնական է, քան ամուսնական, այսինքն՝ ներծծված կասկածով, անվստահությամբ, տենչանքով և մոլեգնությամբ: Գիտակցաբար պայքարում եմ «ազգայնականության» բոլոր դրսևորումների դեմ. կարծում եմ մարդկային ամենամեծ արատն է, որը որպես ալիբի ծառայում է ամենաահավոր մաքսանենգությունների համար: Բայց փաստ էր, որ իմ երկրում կատարվող իրադարձությունները ինձ զայրացնում կամ զբաղեցնում են ավելի շատ, քան այլ դեպքերում, և այն, ինչ պատահում կամ չի պատահում այնտեղ` անխուսափելի և ներանձնային կերպով առնչվում են ինձ: Հնարավոր է հանրագումարի բերելիս ստացվի, որ գրելու ժամանակ, ավելի շատ վեր եմ հանել Պերուի թերությունները, նաև` խստագույնս քննադատել եմ այն ամենը ինչ ինձ վշտացրել է (երբեմն մինչև անգամ անարդարության հասնող): Բայց կարծում եմ, որ բոլոր այդ քննադատությունների ետևում, մեր միջև գոյություն ունի մի խորին համերաշխություն:
Չնայած եղել են դեպքեր, որ ատել եմ Պերուն, սակայն այդ ատելությունը, Սեսար Վալյեխոյի բանաստեղծության խոսքերով ասած` միշտ պատված է եղել անսահման քնքշանքով:
Լիմա, օգոստոս, 1983
Թարգմանությունը իսպաներենից՝ Մերի Զոհրաբյանի
Խմաբագիր՝ Հասմիկ Հակոբյան
Նյութն արտատպված է «Գրանիշ», թիվ 4-ից