Արտաշես Արամ | Հեռանկարից բխող երկվությունը կամ՝ Արամ Պաչյանի ինվեկտիվ ճշմարտությունը

(Խոհեր «Ցտեսություն, Ծիտ» վեպի շուրջ)

    Արամ Պաչյանը իր վեպը կառուցել է ատոմար փաստերի, տրամաբանական ատոմիզմին բնորոշ սկզբունքներով: Երբ պատումը առաջ է մղվում հենվելով անտրոհելի, անբաժանելի փաստերին: Երբ պատկերվող իրերը, երևույթները, հոգեվիճակները համակցվում համադրվում են մեկ ու միասնական շղթայի մեջ: Ատոմիկ փաստը ենթադրում է իրարից անկախ դրսևորվող իրադարձությունների շարք: Երբ առանձին վերցված, ի ցույց դրվող փաստի գոյությունից (չգոյությունից) հնարավոր չէ եզրահանգման գալ մյուսի գոյության (չգոյության) մասին: Այսպիսով ժխտվում է աշխարհակարգի միասնականությունը, փոխկապակցվածությունը:

    Պաչյանը փորձում է ի մի բերել, համադրել, մոնտաժել առօրյա տեսողությունից խուսանավողը, անտեսանելին:

    Զինվորական ծառայությունը ավարտած, զորացրված «Ցտեսություն, Ծիտ»[1] վեպի գլխավոր կերպարը (պատմողը) փորձում է ապաքինել ծառայության ընթացքում ստացած հոգեկան ու մարմնական վերքերը, ազատագրվել, թոթափել բոլոր կասկածները, վերագտնել նախկին հոգեկան անվրդովությունը՝ արտաքսիան և՝ աշխարհին նայել ուրիշ հայացքով «… որովհետև զորացրվելուց հետո տարածության և ժամանակի միակ նահանգապետը դու ես…[2]»:

    Պաչյանին մշտապես հուզել է և հուզելու է անբացատրելին անքննելին, անվերջանալին… գլխովին տրվելով նախանշված խաղին, կարողանում է լսել «…հարվածի ցավից լսած այլանդակ ճիչը»[3]:

    Փորձում է զգալ կնոջը, իսկ այդ զգալու ընթացքը, արարողակարգը չափազանց հեռու է դոն-ժուանական ծեքծեքումներից: Կնոջ մարմնեղեն կերտվածքի, հյուսվածքներում՝ առնչվել կնոջ ներաշխարհի քմայքներին, նյութեղեն սլացումների որոգայթներում՝ քողազերծել կնոջ բնույթի առեղծվածայինը՝ «Խոր թափանցում այնքան խոր, որ մի պահ երջանկությունը գրեթե հասանելի էր, շոշափելի և գտնված, այնքան խոր, որ մահն ու բաժանումը այլևս անհասանելի էին: Նրա ներսում այնքան լուռ էր, որքան վաղուց լքված տան մեջ: Դու տրվում էիր վերադարձի խենթությանը և այդ փախուստը միմիայն նրա լույսն էր, որ հանձնվում էր քեզ, որպես վերջին հնարավորությունը՝ ինքնակամ հանձնվող մոլուցք վաղուց չհնչած խոստովանությունը»:[4]

    Բայց հստակ երևում է, որ թոթափելու, ազատագրվելու ընթացքը բնավ էլ դյուրին չի լինելու: Որ մղձավանջային անցյալը ներկայից առավել ներկա է գտնվելու, որ զորացրվածը պրծում չի ունենալու, որ նրա ապրած յուրաքանչյուր պահը ծավալվում, խաղարկվում է կատարվածի ահեղ, անողոք մականի ներքո. «Ես վաղուց զորացրվել եմ, հասկանո՞ւմ ես, ինձ հանգիստ թող հրամանատար… Ամեն գիշեր գալիս ես, թաքնվում ես մահճակալիս տակ և ձեռքիդ շղթայով գլուխս շաղ ես տալիս… Դիակին ինչքան ուզում ես խփի: Ես միս ու արյուն չունեմ: Դու էդքան բո՞ւթ ես, մինչև հիմա գլխի չե՞ս ընկել, ախմախ վիժվածք»[5]:

    Ֆրանսիացի պոետ, դրամատուրգ և դերասան «դաժանության թատրոնի» հիմնադիր Անտոնեն Արտոն գտնում է, որ ի ցույց դրվող պատկերը հանդիսականի (սույն դեպքում ընթերցողի) հիշողության մեջ պետք է մխրճվի այրոցով, վախեցնելով, որպեսզի նրա մտապատկերում դաղվելով, զգաստացնի նրան, պարտադրի ինչ-ինչ հարցերի շուրջ երկար խորհելու:

    Եվ «Ցտեսություն, Ծիտ» վեպը գրելիս, Արամ Պաչյանը կարծես, թե հիմնականում առաջնորդվել է սույն կանոնով: Պաչյանը կարծես հստակ տեղորոշում է դժոխքն իր բոլոր լաբիրինթներով, պատժախցերով, լուսանկարում, երևակում է մարդկանց հոգիներում կուտակված մաղձը, չարությունը, ատելությունը, և «դաժանության թատրոնը» խաղարկվում է իր բոլոր հրեշավոր արարներով… «… փռթկալով ծիծաղեցի… չգիտեի, որ իմ ծիծաղը բերանիս վերջին հրաժեշտն էր:  Երբ ինձ քարշ տվիր սենյակ, փակեցիր դուռն ու սկսեցիր բութ հարվածներով ջարդել, մի պահ թվաց` հարվածներդ այնքան անկեղծ են, կատաղի ու անմիջական, որ ես դրանք ընկալեցի որպես մարմնիս համար այսքան տարիներում բացակա ձեռքբերում, որպես ազնիվ հաճոյախոսություն»[6]:

    Եվ ակամա խորհում ես, իրականում բանակում ինչ կարգ է սահմանված եղել, ինչ հրահանգներով ու կանոնադրությամբ են առաջնորդվել ռազմական գործի պատասխանատուները: Վերջապես ինչպիսի՞ բարքեր և սովորույթներ են իշխել զորամասերում: «Ցտեսություն, Ծիտ» վեպի պատումային հյուսվածքներում որքա՞ն է իրողությունը, ստույգ կատարվածի չափաբաժինը, որքա՞ն հորինվածքը, գրական հնարանքի արդյունքը: «Ծանր աստղերդ քարշ ես տվել, եկել ես մեռած մարդու հետևից… հիմա էլ զորացրված զինվորների հետևից ես գալիս: Դիակի գործարա՞ն ես բացել»[7]:

    Աչքառու են օրինազանցության, ամենաթողության, ահարկու և անկշտում բաց երախներ հիշեցնող սև խոռոչները:

    Մեր չքմեղությամբ շաղախված, թրծված անտարբերությունը և մեր փառակալված աչքերի առջև ծանակվող, լլկվող, խեղվող ու այլանդակվող լույսը, մաքրամաքուր՝ հույզերը, ապրումներն ու երազանքները մեր մայրերի. «բանակ գնալուց առաջ մաման ասում էր. «ինչ սիրուն զինվոր ես լինելու»»[8]:

    Եվ արձակագրի անսքող հեգնանքն ու քամահրանքը. «Փոխանակ գաս… զրուցենք թշնամու սպառազինությունից, բանակի ճակատագրից, քո փառավոր անցյալից, կարծեմ դու ահագին հերոսություններ ես արել չէ՞, թե՞ հորինում էիր»[9]:

    Վեպի պատումային գծին հետևելիս, դերիդայական «անտո-տելեո-ֆալո-ֆոնոլոգցենտրիզմի» մետաֆիզիկական մտածողության արտացոլումների ենք հանդիպում: Երբ իրավիճակները, հոգևիճակները մեկնաբանելիս, խորհրդանշանները շարունակաբար փոփոխվում են: Կեցությունն իբրև՝ բացակայություն: Եղել է, չի եղել… Կանոնիկ մտածողության կարծրատիպերի հաղթահարման ճանապարհին առանցքային է  դառնում, կիրառվում են դեկոնստրուկտիվ (ապակառուցողական, կազմալուծման, կարգազանցման) մոտեցումը, սկզբունքները, որպեսզի բացահայտվեն պատումի վերահաս հոգեբանական խութերը, վերծանվեն հիմնական թեմային առնչվող այլաբանական և ծածկագրված շերտերը. «…ուզում ես անունս հիշե՞լ: Շարքային անանուն… Հիմա քայլել է պետք, զինվորիկ: Մի վախեցիր… Ճիշտ ես, հասնելու համար միշտ էլ քայլել է պետք: Ուրեմն գնացինք՝ չմոռանաս սկզբում շարժել ոտքերդ: Զինակոչիկներով լցված ավտոբուսը սպասում է քեզ»[10]:

    90 ականներից սկսած, բոլորիս ներսում բույն էր դրել «ի սեր արվեստի» ժխտողականությունը: Ենթադրվում է, որ ժխտումը, կարող է սկիզբ առնել պայմանական ինչ-որ Ա կետից և հասնել նույնքան պայմանական Բ կետ: Բայց անընկալելի է այնպիսի ժխտողականությունը, որի մի ծայրը առնչվում է անցյալի վաղընջական ինչ-որ ժամանակի, մյուսը՝ գալիքի տիեզերական անհայտությունններին: Ընդ որում տագնապալին այն է, որ նման խելահեղ ընթացքը բացառում է հենման կետերը:

    Այլ էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի բանակաշինությանը առչվող երազներն ու երազանքները, և բոլորովին այլ էր այն իրականությունը, որ ծավալվեց մեր աչքերի առջև հետագա տարիներին: Հոկտեմբերի 27-ին մեր աչքերի առջև մորթվեց, խոշտանգվեց, անարգվեց այդ Երազանքը, և բանակում տեր ու տիրական դարձած իրենց քյոխվա-քեդխուդա երևակայող տհասները, բոլոր առումներով կազմաքանդեցին, կազմալուծեցին բանակը, հիմնահատակ ավերեցին դրված հիմքերն անգամ, գլուխ բարձրացրեց վայրի ամենաթողությունը, և մենք պատժվեցինք ազգովին. «Զորամասի որևէ  տարածքում  մենակ տեսնելիս ղժժալով կմոտենային, ծխախոտի այրվող գլանակները կհանգցնեին ճակատիդ, անմազ թևերիդ: Բաղնիքում  չէին թողնի լողանաս:  Շաբաթ-կիրակի օրերին տանից ուղարկված տուլիկները ձեռքիցդ կխլեին: Ծխախոտի տուփերի արանքներում դրված մորդ կամ քրոջդ նամակը կհանեին ու աչքիդ առաջ պատառ-պատառ ճղրտելով կցփնեին դեմքիդ: Կստիպեին նստել ու տնեցիներին պատասխան նամակ գրել, որ քեզ շտապ փող է պետք, ասենք` մի հարյուր հազար դրամ: Կստիպեին սրտաճմլիկ նկարագրություններով պատմել, որ դու պարտքեր ունես, որովհետև  հենակետ բարձրանալիս տարբեր պետքական բաներ ես գնել…»[11]:

    Պատմողը իբրև գործողությունների ծավալման տեղանք իրազեկում է «Զորամասի տարածքը»: Բայց ուզում ես հարցնել՝ գրողը տանի, ի վերջո, ո՞ւր է կատարվել այս ամենը: Որ հարթության վրա է խաղարկվել սույն հրեշավոր ֆարսը: Մի բան ակնհայտ է, որ ռուսսոյական «հոտային պայմանավորվածությունը» պարտադիր կանոնի գործառույթի է վերածվել: Երբ բոլորը բոլորին ճնշում, նվաստացնում են, իսկ հրամանատարի զինվորներին օրնիբուն կտտանքի ենթարկելը առօրյա զբաղմունք է. «Բայց հիշո՞ւմ ես, հրամանատա՛ր, ոնց ատամներովդ խզբզեցիր դեմքս: Սաղ խառնեցիր իրար: Տղերքն ասում էին` իբր ամեն օր, լուսաբացին ոսկյա ատամնաշարդ սրում ես էլեկտրական սրիչով: Երևի կատակում էին կամ ճիշտ էին: Ես էլ ցավ չէի զգում, ուղղակի ինչքան շատ էիր խփում գլխիս, այնքան ավելի էր խորանում դատարկությունս: Գլխիս իջած ամեն հարվածդ ինձ մտածել էր սովորեցնում, սովորեցնում էր հիշել ու հեռանալ՝  կոշիկներիդ տակ թողնելով մարմինս»[12]:

    Բայց մեր «փառապանծ» գեներալները գիտեին կամ չգիտեին Տաթևացու ժամանակներից բացահայտված ճշմարտությունը, որ «հոգին ու մարմինը միաձույլ են» և գործում են միասնաբար, և որ կրունկների տակ առնելով զինվորի մարմինը, լլկում, նվաստացնում ես նույն զինվորի հոգին, և լլկվում նվաստացվում է ոգին, ոգեղենը…

    Բնավ պուրիտանի կամ բարոյախոսի թիկնոց կրելու ցանկություն չունեմ, բայց սույն «Ցտեսություն, Ծիտ» խորագիրը կրող վեպի որոշ հատվածներում խախտված, խաթարված են բազմաթիվ և բազմաբնույթ, այսպես կոչված Կարմիր գծեր… Զանց են առնված գեղագիտական, գաղափարական, հոգեբանական տաբուներ: Մի շարք դրվագներում տարրալուծված են կարմիր գծերը: Գծերը, որոնց բացակայությունը վտանգում է մեր ազգային, գոյաբանական անվտանգությունը: Ով գիտե, գուցե Արամ Պաչյանը նման քայլերի գնացել է ի սեր «մոդեռն» արվեստի, գուցե այդ քայլերն արվել են իբրև ներքին, պատանեկան, անսանձ ընդվզումը առավելագույնս դրսևորելու փորձ, ստեղծագործական ազատություն իրացնելու միջոց ու հնարանք:

    Ժխտումը՝ ժխտում, բայց ցավոք պետք է արձանագրել, որ այդ ժխտողականությունը տեղ-տեղ ուղեկցվել է ծաղրանկարային, սարկաստիկ երանգավորումներով: Բայց միանգամայն ընկալելի է Պաչյանի վեպի արդիական, տագնապահարույց, ինվեկտիվ (մեղադրական) հնչեղությունը: Պարզապես «գործ է հարուցված» և վեպն իր ամբողջության մեջ իբրև «մեղադրական եզրակացություն» է ընկալվում: Իսկ մեղադրանքը հասցեագրված է մեր ժողովրդին, Երկրի, Պետականության դեմ ծանր հանցագործություններ կատարած ոմն կառա-վարիչների դեմ: Հարկ է նշել, որ այդ աններելի հանցանքները գործվել են մեր երկրի պատմության ամենաբախտորոշ, ամենաճակատագրական (ասենք մեր պատմությանը հայտնի՞ է թեկուզ մի սուղ ժամանակահատված, որը բախտորոշ ու ճակատագրական չի եղել) ժամանակահատվածում:

    Սյորեն Կիերկեգորը հուսահատությունը (և անձնական և առավել ընդգրկուն հարթությունների վրա) բնորոշում է իբրև հիվանդություն (ես կհավելեի՝ վարակիչ): Մեր ապրած յուրաքանչյուր օրը, ժամը, պահը մեզանից ահռելի ջանք, տոկոնություն է պահանջում, որ մենք կամա թե ակամա չհայտնվենք «հուսահատություն» կոչվածի լարած որոգայթներում:

    Եվ այնուհանդերձ ցանկացած իրավիճակում և հոգևիճակում մենք մեզ նման «շռայլություն» թուլ տալու իրավունք չունենք: Մենք իրավունք չունենք հուսահատվելու, քանզի հուսահատության ակունքը եղել ու մնում է Համաշխարհային Չարը, համաշխարհային չարիքը…

    Ինչ-խոսք կյանքի ճանաչողության միջոցում գերակշռել ու գերակշռելու է մարդու՝ այդ անհանգիտս, անհամբեր, խռովահույզ, ի վերջ պայքարող  և Չարի դեմ մշտապես մենամարտող այդ զարմանալի արարչաստեղծ էակի ճշմարտությունը: Իսկ ճշմարտության ծալքերը բացելիս, մենք միշտ էլ առերեսվելու ենք նախասկզբնական ոգեղենության առեղծվածային շերտերի հետ: Զորօրինակ ինչո՞ւ էր բարձրագույն բանականությանը չտիրապետող նախամարդը քարանձավի պատերին նկարում:

    Եվ «կյանքի իմաստ» կոչվածը հենց դրանում է՝ թե մենք իբրև բանական էակ որքանով ենք պատրաստ դիմակայելու այս սև ու կլանող ուժին…

    Պատճառականությանը՝ արվեստում: «Գրականության մեջ ամեն ինչ կարելի է, ամեն ինչ՝ հանդուրժելի է» սկզբունքն է շատ հաճախ մեզ մոլորեցնում, և մենք ի զորու չենք լինում շրջանցելու «ստորջրյա» խութերը:

    Կարմիր գծերի տարրալուծումը մշտապես անտեսվել է արդի գրականության գիտակների կողմից «ջայլամի սինդրոմ», և այդ անտեսումը հիմնավորել է պարզագույն հնարանքով՝ աչքներովս չի ընկել, չենք նկատել: Քանզի չնկատելու փաստը ազատագրում է երևույթը բնորոշելու պարտավորությունից. «Զուր ինչու գլուխներս ցավի տակ դնենք», «Մենք մեր ասելիքը կասենք, իսկ եթե ախտորոշելու անհրաժեշտություն կա, թող այդ սևագործ աշխատանքը ուրիշն անի»: Այդպես և՛ դյուրին է, և՛ շահեկան: Մինչդեռ գրականության գիտակի մասնագիտական պարտքն է՝ չվրիպել ոչ մի մանրուք: Տե՛ս, նկատի՛ր, և գլուխը քա՛րը, իրավունքը քոնն է (ազատախոսության, բացախոսության ժամանականերում ենք ապրում), եթե նպատակահարմար ես գտնում, արդարացրու. «Եկա՛նք, տեսա՛նք… արդարացրեցինք»:

    Նույնը, այսպես կոչված անթույլատրելին հնարավոր է տեղ հասցնել, առանց չնչին չափով սահմանափակելու ընթերցողի ամեն ինչ իմանալու, մանրամասներին իրազեկված լինելու հնարավորությանը: Կարելի է ասելիքը տեղ հասցնել ենթատեքստային նույնքան՝ ակնհայտ, բայց այլ՝ ոճավորմամբ, առանց արտահայտչականության չնչին իսկ կորստի:

    Այն ինչ ասում եմ, զուտ իմ անձնական, տարիներով դիտարկված փաստերի համադրության արդյունք է, ոչ՝ ավելին… Դրանք ներզգայական ապրումների արդյունք են, զգացողություններ, տպավորություններ, որոնք բնականաբար արտածված են գուցե իմ սերնդին բնորոշ մտածողության «կարծրատիպերով»: Մտահայեցումներ, որոնց պարտադրանքի աննշան չափաբաժին իսկ չի ներարկված:

    «Ես աղոթում եմ Աստծուն, որ Նա ինձ ազատի Աստծուց», – ասում է Մայսթեր Էքհարդը: Իսկ Պաչյանի պատմողը այն աղետալի, հուսահատեցնող եզրահանգմանն է գալիս, որ Ադամն ու Եվան դրախտը լքել են ձանձրույթից, միապաղաղությունից, կենցաղի ապրելակերպի միօրինակությունից դրդված: Եվ միակը, իրականը դժոխքն է, ուր հնարավոր է ուզածի չափ քեֆ անել, տռզելու չափ խժռել «տժժալ» կուլիսներում Ազգային գանձարանից միլիոնավոր դոլարներ մսխել:

    Հակոբ Մովսեսի վկայությամբ ըստ Նիցշեի՝ «Համաշխարհային պատմությունը անդունդ է, որի մյուս ծայրում Աստվածն է: Իսկ այդ անդունդի խորխորատներում և հատակին քեզ հանդիպած պատմաբարոյական և զուտ գոյաբանական իրողությունները Ոչնչի իրենց հրեշավոր ճշմարտություններով կարող են կուլ տալ քեզ (անգամ նայադների նման սիրահարեցնել, ասել է, թե՝ վերածել Ոչնչապաշտի)՝ դա արդեն քո դիրքորոշման խնդիրն է»[13]:

    Պաչյանի հերոսը (պատմողը) հարկադիր մեկուսացածի իր կարգավիճակում ապավինում է ճշմարտություն վերծանելու խիստ այլաբանական միջոցների: Գերզգայուն, հարուստ ներաշխարհով օժտված էակի և պարզագույն օրգանիզմ հիշեցնող ոմնի միջև բացահայտ ու թաքուն, տևական պայքար է ընթանում (ուրիշ մի պատերազմ), որտեղ գերզգայուն էակի հաղթելու կամքը (չնայած դժոխային փորձություններին) մնում է անխախտ… Հենց այս կետում է, ուր այլիմացական ճառագայթներ են հայտնվում, գրողը պետք է ցուցաբերի աստղագնացին բնորոշ շրջահայեցություն և զգոնություն:

    «Բավական է նոր անուններ,- ասում է Նիցշեն,- արժևորումներ, հավանականություններ, որպեսզի երկար ժամանակով նոր իրեր արարվեն»[14]:

    Սիրելի Արամ Պաչյան, ես գիտեմ (կվկայեն նաև քո բազմահազար ընթերցողները), որ դու այդ «նոր իրեր» արարող անունների առաջին շարքերում ես, առաջինններից մեկը, և մեր հոգևոր-մշակութային դաշտը (տիրույթը) ընդլայնելու ճանապարհին շատ բան կախված է նաև քո ստեղծագործական ջանքից ու համառությունից: Գիտեմ նաև որ իմ (կամ՝ մեկ ուրիշի) կարծիքը (դիտարկումը) իբրև ցուցում կամ հրահանգ չես ընդունելու: Քանզի քեզ ճակատագրական ցուցումը տրված է էն գլխից, և դու շարունակելու ես ականջ դնել քո ներքին ձայնին: Եվ քեզ շարունակ ուղեկցող վերնային շնորհը, բնածին ճաշակը, անխառն ներշնչանքը (քեզ ինչ-ինչ ծայրահեղություններից ետ պահելով) հասցնելու են գյուտերով ո բացահայտումներով լեցուն, նոր զարմանալի հանգրվանների. «…դու փորձում ես վերհիշել, թե վերջին անգամ երբ ես ուղղակի հիացել ինչ-որ բանով. ոչինչ մտքիդ չի գալիս ու հանկարծ ներքին, հաստատուն մի ձայն համոզում է, որ հիանալու կարողության կորուստն է, որ անվերադարձ ջնջել է հարցերիդ պատասխանները, իսկ դրանք քո խոնավ բռի մեջ էին՝ բոլոր պատասխաններն անխտիր. վարսերը ետ տանող աղջկա մատները շոյում են այտիդ ժպտափոսիկը»[15]:

    Հակառակ աշխարհակարգային ցնցումների և հեղաբեկումների, հակառակ մարդ էակի հոգեկերտվածքի հիմնապատկերի խարխլումների և մարդկային հարաբերությունների օրեցօր, ժամ առ ժամ սաստկացող կերպարանափոխումների, ձևախեղումների, պետք է պահպանել՝ գերմանացի փիլիսոփայի ասած՝ «Մարդու հոգում եղած կրակի մարմրող ցոլքերը» (Ֆրիդրիխ Նիցշե): Կրկին լույսով ու լավատեսությամբ եզերված ոգեշնչում, կի՛րք, ավյո՛ւն, ճախրա՛նք, սլա՛ցք, արբեցո՛ւմ «…հազիվհազ նշմարվում է աղջկա թարթիչներից սահող լույսի շողը, ձեռքդ մի կերպ երկարում ես, փորձում մատներդ հպել շողին, մտածում ես շողին հպվելով դեռ կպահպանես հիացմունքիդ փշուրը. նրանք ծիծաղում են, ծիծաղում, ծիծաղում. բայց դու արդեն չկաս. դու քնել ես. դու քնած ես՝ գլուխդ ընկել է մի ձեռքիդ, մյուս ձեռքդ դիպել է հատակին. ժպիտը դեմքիդ է՝ չի անցել. ժպտափոսը՝ հիացմունքիդ փշուրի հիշողությունը՝ նրա անիմանալի վերադարձն ու հրաժեշտը»[16]:

    Վեպի բազմաթիվ հատվածներում առկա է «Ծովի» խորհրդանիշը: Եվ դա բնավ պատահական չէ պաչյանական «տեղատվություններով» և «մակընթացություններով» հարուստ պատումների պարագայում. «… Քո պես հնությունները դեռ շատ կգան ու կանցնեն՝ ծովի հուզով գեղեցկությունը թողած, որ միակ շոշափելի տեսիլքն է, ծովը հիմա ու հետո չունի, չի զգում ափիդ, մարմիդ ծանրությունը…»[17]:

   Վաղնջական ժամանակներից Ծովը հուզել ու ալեկոծել է մարդու ներաշխարհը: Առինքնել է իր խորությամբ, անսահմանությամբ, իր ալիքների առեղծվածային ահագնությամբ:

    Եվ Արամ Պաչյանը ընթերցողի հետ «կիսվում» է ծովի իր հեռագնա զգացողություններով, ծովի պատկերման իր աննախադեպ տարբերակով: Պաչյանը ընթերցողի «անծիր ջրերի միջով» հեռավոր նավարկության է դուրս բերում՝ գեղագիտական նոր, անհայտ «կղզիներ» բացահայտելու խոստումով…

     «Ցտեսություն, Ծիտ» վեպում մի խիստ պաչյանական պատում կա՝ պապի և թոռան ասքը, որի հյուսվածքներում, ըստ իս ծածկագրված է Պաչյանի ողջ մանկությունը: Որտեղ բնաշխարհը ընկալված, դիտարկված է Պաչյանի մանկության պայծառ, հավատավոր աչքերով. «… իսկ ինքը արթնացել էր քնից ու բոբիկ վազել պապի մոտ ու քարացել էր բացված տեսարանից: Պապի մուրճը խիստ զայրույթով բարձրանում էր ու իջնում մեխի գլխին, որ հեռանում էր բնի մեջ, ասես անհույս խորտակվող մի նավ. մեխն ասես մխրճվում էր իր մարմնի մեջ, ծակում մաշկը, միսը, ոսկորը, ծակում էր, շատ էր ծակում. մեխի գլխին իջած մուրճի յուրաքանչյուր հարված ցնցում էր մարմինը. ձեռքի ափերով փակել էր ականջները, բայց ձայնը գտնում էր ներս տանող ճանապարհը և արդեն լավ չէր ըմբռնում` ձայնը դրսի՞ց է լսվում, թե ներսից. անողոք ձայնը, որ ամեն հարվածից հետո փոշիացնում էր դրախտե պարտեզը»[18]: Եվ տղայի համար անըմբռնելի այն փաստը, որ մեխը ծառի մարմնի մեջ խրողը՝ պապը… ախր դա էն «Պապն էր սովորեցրել՝ երբ առավոտյան զարթնում  ես, ոտաբոբիկ այգի վազի ու գրկի ծառը, փաթաթվի բնին ու մի քանի րոպե կանգնած մնա՝ ծառը քեզ կսիրի, ներսը քեզ կտա, միրգը կհամովանա: Ու հիմա պապը, որ իր հետ ամեն առավոտ գրկում էր ծառը ու գլուխը  դնում կեղևին, քթի տակ հայհոյելով  ու անեծքներ շաղելով՝ ժանգոտ մեխը մխրճում  էր ծառի մեջ: Ու ինքը վազեց, ծնկեց փշատի ծառի տակ, ու լաց էր լինում` չլսելով ինքն իրեն… Որովհետև  պապն իր լացի ձայնն առել ու վազել էր փշատի ծառի տակ, գրկել էր իրեն ու համբուրելով թշերը, կոպիտ, ցեխոտ ձեռներով շոյում  էր գլուխը,  ցեխոտ մատներով սրբում  արցունքները»[19]:

    Սա Արամ Պաչյանի աշխարհն է, ուր ամեն ինչ մարդեղենացված է ու մարդկային կերպարանք առած: Եվ այդ աշխարհը շնչում է, ուրախանում, տխրում է, երազում ու խորհում է մարդու նման. «…կմնա՞ արդյոք ինքը ծառի հիշողության մեջ, թե կմոռացվի անվերադարձ. մյուս զինվորը, որ պառկելու է իրենից հետո, պատուհանից դուրս նայելիս կտեսնի՞ արդյոք ծառաբնին դրոշմված իր գունատ դեմքը,  քանի՞ ծառաբուն  կա աշխարհում`  բուժկետերի պատուհանների  դիմաց, որոնք մարդկանց վերջին հայացքներն են ազատագրում»[20]:

   «…ինքնամոռաց` տրվելով հիացմունքի խանդավառությանը, այն զարմանահրաշ ունակությանը, որի  հայրենիքը մանկությունն է, այն աչքերին, որոնք պարզապես ի զորու չէին կտրվելու  գույնզգույն գնդակներից, որոնց խաղացնում էր փողոցային ծաղրածուն, նաև օդում ճախրող թռչուններից, կարմիր տրամվայներից, որոնց հետևից վազում էիր երազներիդ մեջ, բակում քաչալ տիկնիկով խաղացող երկու ցից պոչերով փոքր աղջնակից, ում գժի պես սիրում էիր ու դեռ համոզված ես, որ երբեք ոչ մեկին նման սիրով չես սիրելու…»[21]:

    Ուզում ես երկու ձեռքով, քո ողջ էությամբ կառչել սույն պատկերից և ձայնարկել՝ սա՛ է ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որ անկասելի ծավալվելու է գալիք ժամանակի հոլովույթի մեջ. հոգու և մարմնի համար այս դժվարին ժամանակներում, երբ հոգևոր ցուրտը խուժել է բոլորեքյան, ջերմացնելու է մարդկանց հետզհետե սառչող սրտերն ու հոգիները: Եվ «փուչ, ունայն» համարվող կյանքը վերստին իմաստնացած, լցվելու է կյանքով, և դու լսելու ես մարդկանց «…խաղի ու երջանկության ճիշերը, վազքը, սառույցների վրա սայթաքելը, սահնակը, ձյան համը. ամեն ինչ խտացել է փաթիլների մեջ, որոնք իջնում են երկինքը անվերադարձ լքող ճերման հրեշտակների թախիծով»[22]: Ի վերջո, մարդը, երկիր մոլորակի ամենատոկուն ու ամենափխրուն բնակիչն է, որ մշտապես պատուհասվում ու վտանգվում է, մշտապես սատարի և պաշտպանության կարիքն ունի. «Նա փակել  էր աչքերը ու մտածում էր ծաղկամանով ծաղկի մասին, մտածում էր`  տեսնես ծաղիկը լսո՞ւմ  է մարդկային բառեր, ընդհանրապես ծաղիկը լսողություն ունի՞, պե՞տք են նրան ձայները, ծովի ալեբախությունը, թռչունների ծլվլոցը, հառաչները: Ծաղկի սիրտը ո՞ր մասում է: Բժիշկը կանգնեց դռան մոտ, բայց չբացեց, չթակեց դուռը: Ծանր էր շնչում` խզզոցով, նույնիսկ լսվում էին սրտի զարկերը: Ծաղկի ու բժշկի սրտերը: Ծաղկինը երբեք չի լսվում, իսկ բժշկինը խփում է խելագարի պես: Վախեցած սիրտ»[23]:

           05.10.2022

[1] «Ցտեսություն, Ծիտ», «Անտարես», Երևան, 2012:

[2] Տե՛ս նույն տեղը՝ էջ 5:

[3] Էջ 13

[4] Էջ 10

[5] Էջ 14

[6] Էջ 15

[7] Էջ 17

[8] Էջ 17

[9] Էջ 18

[10] Էջ 22

[11] Էջ 56

[12]  Էջ 15

[13]  Ֆրիդրիխ Նիցշե «Զվարթ գիտություն», «Վան Արյան», Երևան, 2005, էջ 8:

[14]  «Զվարթ գիտություն», էջ 5:

[15]  Էջ 48

[16]  Էջ 47

[17]  Էջ 31

[18]  Էջ 161-162

[19]  Էջ 162

[20]  Էջ 163

[21]  Էջ 48

[22]  Էջ 137

[23]  Էջ 151

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *