Աշոտ Ալեքսանյան | Հեսսեի և Վալզերի քայլընթացը

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵԻ «ԱՐԵՎԵԼՈՒՄԻ ՀԱՅՑԱԿԱՆԸ»

«Ուխտագնացություն Արևելք» գերժամանակակից առասպելապատումը շվեյցարահպատակ Հերման Հեսսեն (1877-1962թթ.) գրել է 1930 թ. ընթացքում և ավարտել 1931-ի ապրիլին Ցյուրիխում: Նախապես լույս է տեսել վիպակի ամսագրային տարբերակը, իսկ 1932 թ. մարտին առանձին գրքով հրատարակվել է Բեռլինի Ֆիշեր հրատարակչատան կողմից՝ հանրահռչակ ավստրիացի գեղանկարիչ Ալֆրեդ Կուբինի (1877-1959) նկարազարդումներով: Երկը ձոնված է Հեսսեի ցյուրիխաբնակ բարեկամներ Հանս և Էլզա Բոդմերներին:
Ստեղծագործության թեման, Հեսսեի բնորոշմամբ, «հոգևոր մարդու մեկուսացումն է մեր ժամանակներում և նրա անձնական կյանքն ու գործը մի վերանձնական ամբողջի, որևէ գաղափարի և համայնքի հատկացնելու անհրաժեշտությունը, կարոտը առ սպասավորումը, ծառայությունը, որոնումն ու համայնակեցությունը, ազատագրումը արվեստագետի անպտուղ, մենավորիկ երևակայախաղից: Սա վերադարձ է կրոնների, փիլիսոփայությունների ու արվեստների վերժամանակյա տարաշխարհներից դեպի օրվա խնդիրները, նաև գործնականն ու քաղաքականները, բայց ո՛չ թե թալկացած, այլ պողպատաձույլ, զինված համբերությամբ, հումորով, կյանքի ընբռնման նոր կամքով, ապրողների, նրանց կարիքների ու մոլորությունների հանդեպ նոր սիրով լցված» (Aus Begleitbuch zur Gedenk-ausstellung «Hermann Hesse», 1977, Deutsche Schillergesell-schaft, Marbach):
Չնայած երկի միստիքական արտաքին հանդերձանքին՝ իրականում խնդիրն այստեղ վերաբերում է Հեսսեի սեփական միայնությանը, հուսալքությանն ու հոգևոր դժոխընթացին, ինչը նա վերապրել է իր բարեկամ և վարպետ, ավստրո-գերմանացի արվեստագետ, բանաստեղծ Գուստավ Գրեզերի (1879-1958, ազատ արվեստի ու կենսակերպի առաջամարտիկներից, ժամանակի այլընտրանքային շարժումների կնքահայրը, մասնավորապես՝ Գերմանիայում համայնքային կենցաղավարության ձևի հիմնադիրներից) արտաքսման և քաղաքական վտարան-դի դառնալու առթիվ, և ինչը նա փորձում էր հաղթահարել ապաշխարումի ու ինքնամեղադրանքի այս հրապարակային ուղերձով: Պատումում, բանաստեղծորեն քողարկված, նա բացահայտում է իր գաղտնի հավատամքը: Ինչպես ինքն է խոստովանել իր մի ընկերոջը. «Մինչև «Արևելք ուխտագնացությունը» իմ գրքերի մեծ մասում ես առավելապես ի ցույց եմ դրել իմ թերություններն ու դժվարությունները, քան թե իմ հավատը, որը չնայած թուլություններին՝ հնարավոր է դարձրել ու ամրապնդել է իմ կյանքը… Ես այն զուտ բանաստեղծորեն ձևակերպել փորձեցի «Ուխտագնացություն Արևելքում» (Հ.Մ.-ին հասցեագրած նամակից, 19-ը նոյեմբերի 1935 թ.: Hesse-Kommentar zu sämtlichen Werken. München 1980, S. 205): Այս թեման Հեսսեի կողմից մշակվել է համաշխարհային գրականության կոթողային նմուշներով բաղհյուսված ինքնակենսագրական ոճավորմամբ, որն «Ուխտագնացությունը» դարձնում է նրա լայնածավալ ստեղծագործության մի առանձնահատուկ գոհարը:
Երեք հիմնական թեմաներ են զբաղեցնում Հեսսեին այս երկում. մարդու հասունացման խնդիրը, արևելք ուղևորությունը և գաղտնի ուխտը: Առաջինում քննվում է մարդկային կյանքի իմաստավորման և արդարացման խնդիրը, որն ուղեկցվում է հուսահատ դառնությամբ: Այդ հուսահատությունից անդին ապրում են երեխաները, ասդին՝ արթնացածները: Ինքնամեղադրյալ Հ.Հ.-ն այլևս երեխա չէ, բայց և ամբողջովին արթնացած էլ չէ: Երկրորդը արևմտյան աշխարհում բազմիցս արծարծված դեպի արևելք սրբազնական ուղևորության թեման է: Երրորդը՝ գաղտնի ուխտի թեման՝ ազատ շինարարների, իլյումինատների և ռոզենկրանցների գաղտնի համքարություններին նմանակող: Այս թեմայի գրական մշակումն առկա է Հեսսեի ողջ ստեղծագործության մեջ՝ սկսած նրա գրական նախափորձերից, անցնելով «Դեմիանի» (1918) ապագայադրոշմ և «Արևելք ուխտագնացության» (1932) ծառայակամ մարդկանց միջով՝ մինչև «Հուլունքախաղի» (1943) կաստալիական ուխտը:
Արևելքի ջերմաշունչ, զգլխիչ սյուքը՝ հազար ու մի գիշերվա հրապույրին միախառնված, սողոսկել ու փոթորկում է խեթ Հերմանի ներաշխարհը, և նա ուղևորվում է դեպի արևալույսի երկիրը, իր մեջ բնավորված տվնջյան ան-դրենածին լույսի աղբյուրը: Սա նաև դանթեական քավարանի պարունակներում խճճված Հեսսեի յուրօրինակ դոնկիխոտականն է՝ սպասավորման (Սանչո-Լեո) ու ինքնիրացումի (Դուլսինեա-Ֆաթմա) փոփոխակների միջև շփոթահար տնկված: Երեք հատկանշական որոշարկիչներ են ուղղություն տալիս, դիրքավորում ու կողմնորոշում Հեսսեի հայացքը և այդ երեքի միավորումն է՝ ԱՐԵՎԵԼՈՒՄԸ, որից էլ բխում է գործողության նպատակի հետապնդումը՝ ՈՒՂԵՎՈՐՄԱՆ ՀԱՅՑԱԿԱՆԸ: ԱՐԵՎԵԼՈՒՄԻ ՀԱՅՑԱԿԱՆԸ՝ բնազանցական արտապատկերմամբ առնվազն այսպես պետք է անվանադրվեր Հեսսեի սույն առասպելապատումի հայկաբան մենիմաստը, եթե միայն պարզմտության կանխավարկածը հայոց մեջ իբրև գերակա նախապայման սեպված չլիներ…


ՌՈԲԵՐՏ ՎԱԼԶԵՐԻ ՄԻԱՅՆԱԿ ԶԲՈՍՆՈՂԻ ՀՈԳԵԽՌՈՎՔԸ

Շվեյցարացի գրող Ռոբերտ Վալզերը (1878-1956թթ.) զբոսնելու մեծ սիրահար էր: «Մաքուր օդ շնչելը» նրա համար երազներին անձնատուր, ինքնաներսուզված, աշխարհով մեկ թափառել էր նշանակում, որի ընթացքում գրողը հետազոտում էր մարդկանց ու բնությունը, և իր այդ հետազոտությունների արդյունքները մանրակրկիտ վերլուծելով՝ ամփոփում էր իր գրվածքներում: Աշխարհաճանաչողական գիտելիքի պեղմանն հետամուտ՝ նա աստանդականի պես, ոտքով, չափչփում էր իր շրջակա միջավայրը, և ո՛չ թե գրքերում ու ժամանակի մեծահամբավ ուսմունքներում, այլ առօրյայի՛ մեջ էր փնտրում մարդկային ինքնագիտակցության, մարդու բարոյական նկարագրի, կրոնական հույսի, իմացաբանական ոգորումների ու գոյաբանական առնչակցությունների հայտնագործման բանալին:
Այդուհանդերձ, ամենուր գրողին համակած և ընթերցողին վարակող մեծազոր, խանդավառ, լավատեսական մշտատև հույսը, որ լուսաճառագում է ինքնագիտակցության մարզում նորահայտ մանրումեծ գյուտերի, անդրենականին մերձակցության և ստեղծագործական շնորհի հայտնութենական բարձրագույն պահերին, Վալզերն ընդամենը չնչին հասույթ է համարում: Ընդհակառակը, նա մեծագույն հրճվանք է ապրում, երբ, իբրև գրող, տեսնում ու ընկալում է առաքինությունն ու դրվատելին առօրյա կյանքի նրբանուրբ մանրուքներում: Երբ պատմողը՝ զբոսանքին անձնատուր, քայլում է որևէ ծայրագավառային նրբագեղ անդաստանում, տվյալ պահի դրությամբ նա ոգեշունչ հոգեվիճակի մեջ է ընկնում՝ գրեթե սրբազան հափշտակության հասնելով. «Այնպիսի թվացողություն էր, կարծես ինձ շատ սիրելի ինչ-որ մեկն իմ անունն էր կանչում կամ համբուրում ու մխիթարում էր ինձ: Ամենազոր Աստվածն իսկ, մեր ողորմած Տերը, իջել էր այս ճանապարհին, որպեսզի այդպիսով նրան ավելի կախարդիչ ու դրախտային գեղեցկություն հաղորդի:… Աշխարհի հոգին բացվել էր, և ողջ տառապանքը, մարդկային բոլոր հուսախաբությունները, ողջ չարիքը, համայն ցավեցնողը թվում էր անհետացել էին, որպեսզի այսուհետ այլևս երբեք չհայտնվեին: … Ապագան դժգունել էր և անցյալը հօդս ցնդել: Ես հուրհրատում ու ծաղկում էի բոցավառվող ու ծաղկուն պահի մեջ: … Իմ առաջ տարածվում էր երկիրն իր ողջ հարստությամբ ու զմայլքով … Ես իմ մեջ էի ներսուզվել և զբոսնում էի ասես ինքս իմ ներսում: … Քաղցր սիրո լույսի մեջ ես հասկացա կամ, ինձ թվաց, թե կարող եմ հասկանալ, որ գուցե այդ ներքին մարդը այն միակ բանն է, որ իսկապես գոյություն ունի»:
Վալզերը երկակի մտածող է: Մի կողմից՝ ճնշված ու ճզմված է ստվերների տակ, մյուս կողմից՝ լույս ու սեր է ճառագում: Նա զավեշտախառն գործեր է ստեղծում զտագույն հուսահատությունից դրդված, նրա խուսափուկ, հախուռն արձակը լեփ-լեցուն է հպանցիկ պատկերներով ու կերպարներով: Պատմողի ես-ը, որ ամենուր կարծես ներկա է, ասես կորսվել է կամ վախվորած պահ է մտել անցուդարձող զանգվածների թափորի ետևում:
«Զբոսանք» վիպակի (1917թ.) ամբողջ ընթացքում կատարվող քայլելու գործողությունը համընկնում և նույնանում է գրելու, պատմություններ պատմելու գործողությանը. այն նաև վիպակում արծարծվող կենտրոնական, կարևորագույն խնդրից ուշադրությունը շեղելուն է ծառայում, ինչը պարզ է դառնում գրքի վերջին էջերում: Այդպիսով Վալզերի համար գրելը դառնում է կյանքից խուսանավելու միջոց, նրա մեթոդը շարունակական ձգձգումն է, հետաձգումը: Ավելին, չնայած բնության հանդեպ Վալզերի տածած անկեղծ հիացմունքին և ողջ կյանքի ընթացքում երկարուձիգ տարածություններ քայլելով հաղթահարելու նրա նախասիրությանն ու փորձառությանը, ուշադիր ընթերցողը, առանց ուղղորդելու էլ, թերևս կարող է նկատել ստեղծագործության մեջ երևութացող բազմաթիվ այլ հայտանիշներ ևս, մասնավորապես այն, որ պատմողի հանդիպումներից շատերը, եթե ոչ բոլորը, ավելին են խորհրդանշում, քան դրանց առթիվ հյուսվող խելամիտ ու զավեշտալի ծաղրապատկերները: Այդ Զբոսանք կոչվածն, հետևաբար, ժամանակային անընդհատության մեջ գոյող պատմությունների ինքնաբավ, հատածական շարան չէ, այլ այլաբանություն, իրար հետ կապված պատկերների մի շրջանակ, որը նպատակ է հետապնդում ցուցանելու այն դրսեկ, արտաքին ուժերը, որոնք իրենց մշտնջենական ու գերակշիռ ներկայությամբ ներազդում են գրողի՝ ոչ միայն իբրև ստեղծագործող էակի, այլև նրա բուն իսկ գոյության և ապրելու իրավունքի վրա: Մասնավորապես՝ պաշտոնական հեղինակություն համարվող այն գերկոշտ ու դժնի հանգամանքը, որ շուկայում մեծ հաջողություն ունեցող գրականությունը նաև նույն ինքը համընդհանուր հիացականությամբ ընդունվողն է, ինչն ինքնին խեղում է ընթերցող հասարակության ճաշակը, վերջինս շեղելով ճշմարիտ գրականության արժեքներից, նրա ուշադրությունն ակամայից ուղղորդելով դեպի քաղաքական ու քաղաքացիական հեղինակությունները, որպիսիք, չնայած իրենց առերևույթ ներկայությանն, ըստ էության խորապես արհամարհված են բոլորի կողմից: Սրանք նաև այն յուրատեսակ սոցիալական չափորոշիչներն են, որոնց միջով գրողը հարկադրված է եղել նավարկել:
Վալզերի «Զբոսանք» կենսապատումը մի որոշակի կենսահաստատ զգացողության, բայց նաև միաժամանակ շատուշատ այլևայլ բաների մասին է. կյանքի ուղու (ինչպես Դանթեի «մեր կյանքի ուղին»), ռոմանտիկների բնության տոնահանդեսի (այն է՝ մարդկային ողջ գիտելիքի և ոգեշնչման աղբյուրի միաձուլումը մոդեռնիստ գրողների լեզվախաղերին), գեղարվեստական, արվեստագիտական մի հույժ արհեստածին գործընթաց, որ հակասության մեջ է նյութական գոյության պայմանների հետ: Ողջ պատումի միջով անցնում են թափառաշրջիկների ու կյանքի լուսանցքում հայտնվածների արձագանքները, ովքեր այսպես կոչված «կայացած» հասարակության ու հասարակապետական մարմինների կողմից կասկածելի տարրերի դասին են հատկացվում. շրջմոլիկներ, արհեստավորներ, կրկեսային աճպարարներ, ճամփորդներ ու քոչվոր-գաղթականներ, որոնք, լինելով իրավազրկված, ազատված էին նաև պարտականություններից և բարոյական օրենքներից, որոնք էլ՝ որոշակի սահմանափակումների ու արգելքների համակարգի պարտադրող ուժով, կարգավորում ու պայմանավորում են մարդ-առանձնյակների համագոյակցությունը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *