Միլենա Ավետիսյան | Հորս հետ վիճել էի

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 2019-ի հուլիսին ձեռնարկել էր «Ուրիշ հուլիս» հատուկ աշխատարանների շարք, որոնցից մեկի` գրող Աննա Դավթյանի վարած «Պոեզիա առանց հանգի» աշխատարանի արդյունքում ստեղծված բանաստեղծությունները սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Միլենա Ավետիսյանը ծնվել է 2004֊ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում։ Մինչև վերջերս չի մտածել ստեղծագործելու և ժամանակակից գրականության մասին, բայց հիմա գրող դառնալու առաջին քայլերն է անում։ Երբեմն մտածում է, որ մարդիկ իր դեմքն այնպես չեն տեսնում, ինչպես ինքը։

 

***
Բազկաթոռին նստած մտածում եմ`
Տենաս դրսում քանի՞ կաթիլ անձրեւ եկավ։
Պատուհանից ծտերն են կանչում,
Ոնց որ թե հաշվետվությունս են բերել։
Պատուհանը բացում եմ, մեկ էլ ի՞նչ`
Էդ ծտերը, բերանները
Թաց թուղթը առած, ասում են.
– Էսքանն ա էսօր էկել,
էն մնացած չոր տեղն էլ մեզնից քամի։

 

***
Հորս հետ վիճել էի,
Չէինք խոսում իրար հետ.
Կլիներ արդեն մոտ երկու օր։
Առաջին անգամը չէր,
Որ վիճում էինք,
Բայց էն առաջինն էր,
Որին միշտ սպասում էի։
Առավոտները չէինք բարեւում իրար,
Ոնց որ առաջ էր:
Գնում էի սենյակ, որ հետը խոսեի,
Որ մի թեմա գտնեի հաշտության,
Բայց էդ հայացքը ինձ ստիպում էր,
Որ ուղղակի մտնեմ սենյակ` մի բան վերցնելու-դնելու համար,
Մաման ասում էր, որ հաշտվեմ,
Բայց մաման չէր նկատել հորս էդ հայացքը,
Էդ կնճիռները մաշկի տակ,
Որ չէին թողնում հորս գրկեմ,
Ու հրում էին դեպի դուրս` քաշելով հորս ժպիտը ներս` փակ բանալիով,
անտեր մի բանի մեջ։
Մաման ասում էր, որ շատ չորկողն եմ
Ու ծնողի ղադրը չեմ հասկանում,
Բայց մաման չէր տեսել էդ հայացքը իմ աչքերով,
Չգիտեր` ես էդ հայացքին ինչքան անծանոթ էի։

 

***
Էսթետիկ, բայց սեփական էսթետիկությունից անտեղյակ շենքեր
Ու խնջույքներին կարոտ տանիքներ` վթարային։
Վաղուց մարած լույսերը սպասում են,
Որ էլեկտրիկը գա ու սարքի իրանց օրգանները,
Բայց ով գիտի,
երեւի էլեկտրիկն էլ ա
հյուր դարձել շենքերի համար:
Թեպետ ինքը միշտ լավ հարեւան ա եղել։
Ես գնացի քաղաք ու գյուղը էսթետիկ ա։
Ես գյուղ էլ չեմ վերադառնալու` որպես բնակիչ,
Բայց գյուղս առանց հյուրի չեմ թողնի։

 

***
Մա՜մ, մա՜մ,
Կատուները դուռը թակում են,
Գնա բացի, չսպասեցնե՛ս։
Մամաս մի պահ ճակատը սրբում
Ու դռան կողմը նայելով` ինձ ասում ա.
– Մի քիչ համբերի, չես տեսնո՞ւմ`
Գործ եմ անում, նստի ըտեղ:
Մա՛մ, մա՛մ,
Կախարդները փաբում պարում են,
Էնքա՛ն ուրախ ու ռիթմիկ ա անցնում:
Մա՛մ, տե՛ս,
Ինձ էլ են կանչում:
Մամաս` մի քիչ նյարդերը հատած.
– Համբերի դե՛, Միլենա։
Վա՛յ, դե, մամ, էն ուրվականները կենդանացել են
Ու հոգուս հետ են ընկերանում:
Կողքդ կանգնած սպասելով`
Չեն հոգնում էդ սպասման մեջ,
Իսկ դու ասում ես, որ սպասեմ:
Հիմա մի քիչ հանգիստ ու բարի.
– Հեսա կպրծնի, Միլենա:
Մա՛մ, մա՛մ,
Էդ ո՞ւր ես գնում:
Սպասի՜, քո տոմսը դեռ չեն տվել
Բոլոր հատակներն ու դռները`
Վարագույրների քողի տակ:
Մաման սկսեց ծիծաղել ու դռանը արհամարհելով գնաց.
– Միլենա, հեսա կգամ, ու կտեսնես, որ ավարտվել ա:
Մա՛մ, մա՛մ…
Մա՛մ, ջուրը եռում ա,
Թեյ դիր, թող սառի,
Իսկ ես գնամ խանութ, լիմոն բերեմ:
Մամաս ներս մտավ, երբ պիտի գնայի,
Ու ասեց, որ ինքը ճիշտ էր`
Ես ուղղակի պիտի սպասեի:

 

***
Պահարանի պես պահանջկոտ,
Դրսի թաց փայտի պես ծաղկած,
Խորը օդի ու իմ միջի ավազի պես դու կաս:
Շատ հեռու չես,
Բայց իմ քայլերը դառն են
Ու չեն հասնում քո մոտին:
Բայց չկան,
Չկան քո մեջ ոչ մի տեղ բարձեր,
Որ հանգիստ են տալիս
Ու տանում են դեպի կանգառը:
Ինձ տանում են մենակ իմ եսերը,
Բայց ո՛չ ինչ-որ մի բանի կանգառ,
Այլ ուղղակի ստամոքսիս միջով`
Դեպի ներքեւ` գետնի տակ:

 

***
Ականջներիս պատկերներ են լսվում,
Աչքերիս մեջ լեզուս Է թռթռում` կտրտված:
Ձեռքերս ոտքերիս դերն են տանում` բեմից դուրս,
Իսկ ոտքերս ձեռքերիցս դժվար են բարձրանում այն աստիճաններով,
Որոնք տանում են ինչ-որ փակ դռան մոտ։
Ես հարբած եմ ու չոքեչոք բարձրանում եմ աստիճաններով,
Բայց ափսոս, որ ձեռքերս ոտքերիս դերն են տանում
Ու չեն կարա տան բանալիս հանեն։

 

***
Լուռ տան մեջ
Անլուռ գետերի պես`
Քչփչում է գաղտնի
Քո ներսը:
Անլույս ծխից ես դու,
Ով կարողացավ տաքացնել։
Լուսատտիկի պես սպասել ես`
Գիշերները քո մեջ խեղդելով
Ու արեգակից լուսին ծնելով։
Բայց հիմա դու ունես քո շողքը,
Էլ ուրիշի շողքերի տակ չես մտնում` որպես «ես»
Ու չես խլում նաեւ իմ լույսից:
Աչքերիդ շուրթերն ասում են,
Թե որքա՜ն փորձառու վարորդ ես,
Որ ամեն անգամ վրաերթ կատարելիս`
Միշտ սպասել ես քեզ`
Ողջ ցավի դերը միայնակ խաղալով։

 

***
Թիթեռները սատկել են՝
Փախչելով ավտոբուսի չոր ու ճաքած աթոռների վրա:
Ջանդակը փախցնելով չարաբաստիկ աչքերի միջից`
Դիպչել են նստած տղայի աչքերի պատին,
Ով աչքերը խամաճիկի պես անշարժացրած,
Ձեռքերը խելագարի պես թափ տալով`
Շտապում էր վերջին գրառումներն անել
Ծոցագրպանի գրիչով:
Ավտոբուսի վերջում մի տղա,
Ով քրոջ հետ նստել էր`
Չիմանալով, թե որտեղ է`
Իրական թանգարանո՞ւմ,
Թե՞ մի ավտոբուսում,
Որը գնում էր Երեւան:

 

***
Մեծ անտառ, ինձ ծանոթ որսորդներ, ես մահացա իմ գոռոցից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *