Մառախուղն արդեն մեկ շաբաթ տիրում էր քաղաքին: Գիշեր, թե ցերեկ, հատուկենտ մեքենաները դժվարությամբ էին շարժվում, ամենաուժեղ լուսարձակներն անգամ չէին թափանցում մուժի պատից այն կողմ:
Երվանդն արդեն երեք օր հետաձգում էր ավանդական, ամենամյա այցը: Տասնմեկ տարվա մեջ առաջին անգամ էր, որ սիրտ չարեց տնից դուրս գալ, մտածեց մեկ օր շուտ կամ ուշ, ծնողների հոգիները չեն նեղանա:
Եղանակը կանխատեսողները հայտարարել էին, որ անհաղթահարելի, սրտմաշուկ մուժը մեկ օրից չի լինի, սակայն կաթնագույն շամանդաղն արդեն յոթ օր էր, որ գիշերով ներխուժել էր, գրավել քաղաքն ու թշնամու զորքի պես իր լուծը հաստատել փողոցներին, մայթերին ու մարդկանց սրտերի վրա:
Երրորդ օրը անձրևանոցի գրպանը խունկ ու մանրացրած փայտիկների կապուկը խցկեց ու փողոց դուրս եկավ մտքում վճռելով՝ եթե պատահական ազատ տաքսի պատահի, ուրեմն կգնա գերեզմանոց, իսկ եթե չէ, էլի կհետաձգի: Փողոցն անսովոր դատարկ էր՝ ոչ մարդ ոչ մեքենա: Կաթկթացող անձրևի տակ նա քայլեց դեպի պողոտա՝ հուսալով, որ այնտեղ տաքսի կգտնի: Վերջապես մառախուղի մեջ շարժվող երկու մարդու ուրվագիծ տեսավ: Արագացրեց քայլերը: Չէր հասկանում, թե ինչու ուզեց նրանց հասնել և տեսնել դեմքերը: Հեռավոր մի նմանություն էր զգում նրանց և ծանոթ իմպրեսիոնիստական նկարի կերպարների միջև: Երբ մի քիչ մոտեցավ, հասկացավ նույն հովանոցի տակ անձրևից միասին պատսպարվողներից մեկը կին էր, մյուսը՝ տղամարդ: Նրանք թևանցուկ էին քայլում, մինչև այն պահը, երբ տղամարդը, զգալով թիկունքից մոտեցողին, հետ շրջվեց, տեսավ Երվանդին, թողեց կնոջ թևն ու ականջին ինչ-որ բան շշնջաց: Նրանք արագացրին քայլերը: Քիչ անց, գրեթե վազում էին: Երվանդը փորձում էր ոչ միայն հետ չմնալ, այլև հասնել նրանց:
Կինը մերթընդմերթ սայթաքում էր բարձր կրունկների վրա, և տղամարդը բռնում էր նրա կռնակից, օգնում արագ առաջ գնալ: Երկու հինգհարականի շենքերի արանքում մեգն ավելի թանձր էր, և հետապնդողը մի պահ կորցրեց փախչող տեսիլքը: Քիչ անց հանկարծ հայտնաբերեց, որ հավասարվել է զույգին, և պարզ պատահականություն է նրանց չբախվելը: Զույգը հոգնած դանդաղեցրել էր ընթացքը: Երվանդը առաջ անցավ, բայց սիրտ չարեց շրջվել ու նայել: Նրանք կանգնեցին, Երվանդն էլ դանդաղեցրեց ընթացքն ու լսեց կնոջ շշունջը.
-Մարդ էլ մոլորվի հարազատ քաղաքում:
-Փորձեմ շենքերից մեկի վրա ցուցանակ գտնել: Գուցե՝ կարդացվի:
Երվանդը գիտեր, թե որտեղ են և առիթը բաց չթողեց շփվելու նրանց հետ.
Շրջվեց ու զվարթ տոնով սկսեց.
-Նավակատիքի փողոցն է… երեսուն-քառասուն քայլից Հարության սուրբ տաճարն է:
Էլի բան էր ուզում ասել, բայց չկարողացավ շարունակել: Մարմնի բոլոր մասերով ցուրտ անցավ, հատկապես ազդրերի ու սրունքների միջով դողը վեր բարձրացավ, և մեջքն ու ուսերն էլ սրթսրթացին: Կարծեց՝ մշուշն է խանգարում, և երկու քայլ ընդառաջ գնալով համոզվեց, որ նրանք իսկապես դեմք չունեն:
-Իրո՞ք, – լսվեց կնոջ լղոզված, ասես անդեմ, անգույն դիմակի տակից,- ուրեմն չենք մոլորվել:
-Մենք հենց Հարության տաճարն էինք փնտրում, շնորհակալ ենք,- ավելացրեց տղամարդը,-բայց չգիտենք, մեզ ներս կթողնե՞ն:
Երվանդն զգաց, որ իր չասված բառերն էլ լսել են, ու դողն այնպես է ցնցում մարմինը, որ հիմա գետին կտապալվի: Շատ էր ուզում հարցնել՝ ո՞վ եք, ես ձեզ ճանաչո՞ւմ եմ, էդ ո՞նց է, որ մարմին ունեք, բայց դեմք՝ չէ: Սակայն, հենվեց չերևացող, միայն անցումներում ընդհատվող Նավակատիքի փողոցի երկայնքով մինչև Տաճար ձգվող մետաղյա ցանկապատին ու մրմնջաց.
-Հիմա ոչ ոքի ներս չեն թողնում:
-Մեկ է, պետք է փորձել:
-Չէ, չէ, չէ,-արտասվեց կինը, -մեզ երբեք ներս չեն թողնի: Տասնմեկ տարի է՝ փորձում ենք: Քո պատճառով, քո անմիտ փառասիրության պատճառով, – ասաց ամուսնուն :
-Այստե՞ղ եք ապրում:
Նրան թվաց, որ այնքան թույլ շշնջաց, որ չեն լսի, որ մտքում տրված հարց էր:
-Այո, միասին ապրել ենք այստեղ երկար տարիներ,- չգիտես ինչպես լսեց ու պատասխանեց ամուսինը,- բայց այն ժամանակ փողոցն ուրիշ անուն ուներ, ինչքան հիշում եմ՝ Ձերժինսկի էր կոչվում:
Ամուսիններն առաջ շարժվեցին, իսկ Երվանդը ուժերը հավաքելով` նրանց հետևից ձայնեց.
-Տեսեք, չմոլորվեք, Երևանն անսովոր մառախլապատ է:
– Հիմա ամենուր նույն մառախուղն է,- լսեց տղամարդու ձայնը, ու նրանց ուրվապատկերը կորավ մշուշի մեջ:
Թե ինչքան էր հենված մնացել մետաղաշարին, չէր կարող ասել: Սթափվեց արագորեն անցած մեքենայի նախ հռնդյունից, բայց ավելի շատ անիվի տակից իր դեմքն ու հագուստը շռինդով թրջած փոսորակի ցեխաջրից: Ուղղվեց, թաշկինով սրբեց դեմքը, իսկ ականջներին մեջ տղամարդու ձայնն էր.« Ամենուր… ամենուր… ամենուր․․․»:
Գիտակցությունն ու բոլոր զգայարանները թելադրում էին հետ դառնալ ու տուն գնալ: Բայց նա վճռեց անպայման պողոտա հասնել: Հույս ուներ այնտեղ դեմք ունեցող մարդկանց տեսնել: Ինչ էլ պատահած լինի՝ պողոտայի վրա մարդիկ կլինեն, մեքենաներ, բաց խանութներ, կյանք: Այնտեղ մառախուղը պիտի որ ավելի թափանցիկ լինի:
Մի քանի քայլ արեց, դեմ առավ նկուղային փակ սրճարանի՝ փողոցում դրված ներս հրավիրող գովազդային վահանակին: Հիշեց, որ աջ կողմում նրբանցքն է, և շոշափելով դալանի պատերը՝ ավելի կարճ ճանապարհով պողատյին հարող փոքրիկ այգին մտավ: Այստեղ ամեն ծառ նրա հիշողության մեջ իր հստակ տեղն ուներ, փակ աչքերով կանցներ նրանց միջով: Հենց այդպես էլ արեց. փակեց կոպերն ու մինչ պողոտայի մայթ հասնելը գնաց փակ աչքերով;
Պողոտան էլ գրեթե դատարկ էր: Ավտոմեքենա հազվադեպ էր անցնում: Սկզբում նշմարվում էին լույսերը, բայց որքան էլ դանդաղ ընթանային, մինչ Երվանդը հասցնում էր նկատել տաքսու նշանը, նրանք արդեն հեռացած էին լինում: Սկսեց հատուկենտ մեքենաներին կանգնեցնել՝ առանց վստահ լինելու, որ տաքսի են: Տասնհինգ րոպեում անցած երեք մեքենայից երկուսն իրոք տաքսի էին, բայց կամ վարորդն էլ իրեն չէր տեսնում, կամ դատարկ չէին: Կանգառում ուրիշ մարդ չկար: Հետո մի կին մոտեցավ, ու ինքն էլ սկսեց անցնող մեքենաներին կանգնելու նշան անել:
-Իզուր չարչարվում եք, չեն կանգնում,- նրան ասաց Երվանդը,- ահագին ժամանակ է` էստեղ եմ:
-Ես ուրիշ ճար չունեմ,- պատասխանեց կինը, և Երևանդը նրա ձայնից հասկացավ, որ ավելի երիտասարդ է, քան թվացել էր:
Երվանդը մի փոքր էլ մոտեցավ նրան ու տեսավ, որ հազիվ քսանհինգ տարեկան լինի:
-Ինչի՞ ճար չունեք,- հարցրեց:
-Ես քաղաքը չեմ ճանաչում, առանց էս մառախուղի էլ չէի իմանա, թե որտեղ եմ ու ոնց գնամ հորեղբորս տուն:
-Մենք գլխավոր պողոտայի վրա ենք,- ասաց Երևանդը:
-Ավելի լավ է` ասեք, Երկրորդ մասիվն էստեղից շա՞տ հեռու է: Ոտքով կարո՞ղ եմ հասնել:
-Հա, հեռու է: Մանավանդ էս եղանակին մինչև մութն ընկնելը ոտքով չեք հասնի:
-Մութը որ ընկավ, ընդհանրապես ոչինչ չի երևա: Չգիտեմ` ինչ անեմ,- ասաց աղջիկն ու առաջին անգամ շրջվեց:
Երվանդը նոր միայն նկատեց, որ տնից դուրս գալուց հետո առաջին դեմքն է տեսնում: Նա գեղեցիկ էր, բայց թրջվել էր ոտքից գլուխ ու ցրտից սրթսրթում էր։
Սակայն տեսնելով Երվանդին՝ աղջիկը վախեցած մի քայլ հետ նահանջեց ու լաց եղավ.
-Դո՞ւք էլ եք դիմակով, էն էլ՝ սև։ Ամբողջ օրը չտեսա մեկին առանց դիմակի։
Երվանդը վախեցած շոշափեց սեփական դեմքն ու հանգիստ շունչ քաշեց:
-Չէ, ցեխաջուր է, հիմա կմաքրեմ:
Ցեխոտ թաշկինակն ավելի աղտոտեց դեմքը: Երվանդը ազատեց աջ ձեռքը անձրևանոցի միջից ու թևքով սրբեց երեսը: Աղջիկը ժպտաց:
-Հորաքրոջս տղան դուռը չբացեց իմ առաջ: Ասաց՝ պարետը կարգադրել է հյուր չգնալ և չընդունել: Հորեղբորս տուն եմ ուզում հասնել, Երկրորդ մասիվ: Նախկին Նորք կինոթատրոնի մոտ է: Մի հիսուն մետր է հեռու:
-Ինչքան գիտեմ՝ կինոթատրոնն առաջինում էր:
-Երևի… բայց որ հասնեմ կինոյին, էնտեղից հեշտ կլինի:
-Վստա՞հ ես, որ հորեղբայրդ ներս կթողնի, ախր հրահանգված է՝ հյուր չգնալ ու չընդունել:
-Բա ես ի՞նչ անեմ, հո փողոցում չե՞մ մնալու: Հիվանդանոցից դուրս գրեցին, ավելի ծանր հիվանդներ կային:
-Արի ինձ հետ, իմ տանը կգիշերես: Վաղը գուցե եղանակը փոխվի, ու կյանքն առաջվա պես լինի:
-Դու հանուն ինձ պատրաստ ես խախտել կարգն ու հյո՞ւր ընդունել:
-Դե,- կմկմաց Երվանդն ավելի մտերմիկ դիմելաձևի անցած աղջկա անակնկալ հարցից,- ես մենակ եմ ապրում, հետո` ոչ թե հյուրընկալում եմ, այլ` պատսպարում, մեկ օրով օթևան տալիս, դրանք տարբեր բաներ են:
-Լավ, գնանք,- ասաց աղջիկը, և նրա ժպիտը գեղեցիկ ու տեսանելի էր ի հեճուկս անթափանց մշուշի,- հետո ավելացրեց.- բայց մեկ է, տաքսի չկա, ո՞նց ենք գնալու:
– Մոտիկ եմ ապրում, տասը րոպե էլ չի տևի` կհասնենք:
-Տաս րոպեանոց ճանապարհի համա՞ր էիր տաքսի փնտրում:
-Չէ, չէ, հակառակը, ոչ թե տուն էի գնալու, այլ տնից իջել էի` տեղ գնալու:
-Փոշմանցի՞ր, թե գնալու տեղդ կարևոր ա՝ արի էլի փորձենք, եթե մեքենա գտնենք` կգնաս:
-Բա, դու՞:
-Եթե ուզես` կգամ հետդ, բայց մեզ, կամ քեզ կընդունե՞ն էդտեղ:
Երվանդը քմծիծաղեց.
-Էնտեղ բոլորի համար մեկ է` կգաս, թե` չէ, կմնաս, թե` հետ կդառնաս:
Երվանդը գրպանից հանեց խունկն ու փոքրիկ կապոցով մանրացված վառելափայտն և մոտեցրեց աղջկան, որ տեսնի.
-Գերեզմանատուն էի գնում:
Աղջիկը նորից վախեցած հետքայլ արեց.
-Չէ, ես չեմ գա, ավելի լավ ա ոտքով Մասիվ հասնեմ:
-Դե լավ, մի վախեցի, էլ չեմ գնա: Արդեն երեք օր ա` սպասում եմ եղանակի փոխվելուն, մի օր էլ կսպասեմ, արի հետս, մենք տուն ենք գնում:
Ինքն էլ չհասկացավ, թե ինչպես բռնեց աղջկա ձեռքը, բայց հենց նրանց մատները միացան, Երվանդի մարմով մի ջերմություն անցավ:
-Տաքությու՞ն ունես,- հարցրեց:
-Չէ, -պատասխանեց աղջիկը,- հիվանդանոցում չափեցին ու դուրս գրեցին:
Մի քանի քայլ էլ չէին արել ձեռք-ձեռքի, որ մի հին Ժիգուլի կանգնեց, ու վարորդը ձայն տվեց.
– Շնորհավոր սուրբ Զատիկ, ջահելներ, տաքսի պետք չի՞:
– Արդեն` չէ,- պատասխանեց Երվանդը:
– Ափսոս,- ասաց վարորդը,- էսօր դեռ կոպեկ չեմ աշխատել:
Հենց տուն մտան, հնչեց պատի հնաոճ ժամացույցի զանգը: Ժամը հինգն էր:
– Քրիստոս հարյավ ի մեռելոց,- ասաց Երվանդն աղջկան, իսկ նա լուռ էր:
– Մոռացել էի, էսօր Հարության տոնն է, Քրիստոս հարյավ ի մեռելոց,- կրկնեց Երվանդն ու սպասեց պատասխանի:
– Դու հո տերտեր չե՞ս,- ժպտաց աղջիկը, հետո հասկացավ, որ հյուրընկալը պատասխանի է սպասում, ավելացրեց,- ես մոռացել եմ, ազնիվ խոսք մի ժամանակ գիտեի, բայց հիմա չեմ հիշում՝ ինչ են պատասխանում:
– Իմ շորերից կհագնե՞ս,- հարցրեց նրան Երվանդը,- ահա, վերցրու ու բաղնիք մտիր, քեզ որ քամենք՝ մի լիճ ջուր կգոյանա:
Աղջիկը շարունակում էր տունն ուսումնասիրել, ավելի ճիշտ՝ պատերից կախված նկարները նայել: Հետո մոտեցավ մեկին, ավելի ուշադիր զննեց ու ասաց.
– Անունդ Գրիգոր ա՞,- մեկնեց ձետքը,- ես էլ Ռուզանն եմ:
-Լավ, – ասաց տանտերը,- հաճելի է, բայց անունս Գրիգոր չի:
-Նկարի վրա կարդացի` Գրիգոր Մակարյան:
-Ես չեմ նկարել, անունս Երվանդ ա:
-Դե լավ, դու էլ, ճիշտ որ ասեմ, Ինքնանկարը էնքան էլ քեզ նման չի, բայց ճանաչեցի:
-Բաղնիք մտիր, Ռուզան, տունս ջրհեղեղ արեցիր,- չուզեց թեման շարունակել Երվանդը:
Աղջիկը վերջսպես նրա ձեռքից վերցրեց շորերն ու սրբիչը և հարցական չորս կողմը նայեց:
Երբ լսվեց ցնցուղի ջրի խշշոցը, Երվանդը մի քանի վայրկյան նայեց հոր Ինքնանկարին, որի վրա հատուկ կտավի համար աճեցրած մորուսով էր, շփեց սեփական անմազ ծնոտն ու ինչ որ բան հիշելով, արագ հյուրասենյակ մտավ, բացեց դարակներից մեկը, հետո հաջորդը, և այնտեղից տաքսի ծառայությունների մի քանի այցեքարտ հանեց: Առաջին երկուսը անհասանելի էին: Երրորդը պատասխանեց՝ «Տաքսի Անդինը»-լսում է: Հերթապահի ձայնը ծանոթ էր.
-Վարուժ, դու՞ ես,- հարցրեց Երվանդը:
-Ես եմ, բայց ոչ թե Վարուժ, այլ՝ Վարուժան:
-Ազատ մեքենա ունե՞ք, կուղարկե՞ք Նավակատիքի փողոց 14 շենք:
-Ես մոտիկ եմ, հինգ րոպեից կլինեմ, ու՞ր ենք գնալու:
-Շահումյան:
Երվանդը գլխի ընկավ, որ դիսպետչերը նաև վարորդ է: Ավելի ուշ հասկացավ, որ միակ վարորդն է:
Ցնցուղի ջրի խշշոցը դեռ լսվում էր, որ դուրս եկավ տնից: Մեքենա նստեց ու մոռացավ շնորհավորել Սուրբ Հարության տոնը: Վարորդն ինքն ասաց . «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
-Այո, հարություն առավ,- պատասխանեց Երվանդն ու հարցրեց,- ինչո՞ւ տաքսի «Անդին»:
-Որովհետև անդին էլ ենք տանում:
-Ինչի՞ց Անդին:
-Փողոցից, քաղաքից, երկրից ու աշխարհից: Նայած՝ ուր են պատվիրում:
Հետո ահագին ժամանակ լուռ էին: Մեքենան այնքան զգույշ ու դանդաղ էր առաջ շարժվում, ասես սողում էր, ոչ թե անիվների վրա էր, այլ սեփական իրանի:
-Էսօր չէ, բայց մի օր որ ուզեմ, ինձ աշխարհից ու կյանքից անդին կտանե՞ս:
-Կտանեմ, բայց հետդարձի համար էլ պիտի վճարես: Էնտեղից երբեք ուղևոր չենք ունենում:
«Օպելը» մի քանի րոպե էլ սողաց ու կանգնեց.
-Ու՞ր,- հարցրեց ոստիկանը Վարուժանի բացած պատուհանից ներս նայելով:
-Գերեզմանոց, Շահումյանի գերեզմանատուն,- վարորդի փոխարեն պատասխանեց Երվանդը, և ոստիկանին էլ ցույց տվեց խունկն ու փայտը: -Ծնողներիս մահվան օրն ա:
-Չի կարելի, հետ դարձեք, էն էլ առանց դիմակի- հրահանգեց ոստիկանը,- երկու օրից մեռելոց ա, էդ օրը կգնաք:
Երվանդն իջավ մեքենայից հեռացող ոստիկանին համոզելու, և կանգնած մեքենաների լույսերի առատությունը տեսնելով, մտքում շշնջաց.«Քաղաքի բոլոր ավտոներն էստեղ են, դրա համար էլ փողոցները դատարկ են»:
Քիչ անց նա մեքենա վերադարձավ, ու տաքսիստը հարցրեց.
-Հը՞, համոզեցի՞ր, թե՝ հետ ենք գնում:
-Չէ, չհամոզվեց:
-Դարդ մի արա, էս պոստը շրջանցող ճանապարհ գիտեմ:
-Իրո՞ք,- ոգևորվեց Երվանդը:
-Եղբայր, մենք անդին ենք հասնում, գերեզմանոցն ի՞նչ ա որ:
Տասը րոպեից մեքենան կանգնեց, ու Վարուժանն ասաց.
-Հասանք, գերազմանատան դարպասի մոտ ենք: Բայց էս մառախուղի ու մթի մեջ ո՞նց ես գտնելու ծնողներիդ գերեզմանը:
-Կգտնեմ,- ասաց Երվանդը,- սպասիր ինձ, չգնաս: Էս անդինից հետ եմ գալու:
-Կուզե՞ս, հետդ գամ, չմոլորվես:
-Չէ, չեմ կորչի, տասը-տասնհինգ րոպեից էստեղ կլինեմ,- ասաց ու հեռացավ ուղևորը:
Տաքսիստը տասնհինգ րոպե սպասելուց հետո մի պահ որոշեց թողնել, հեռանալ, բայց էլի սպասեց: Չէր ուզում անվարձ մնալ: Երբ կես ժամը լրացավ, նա իջավ իր մեքենայից, գերազմանատուն մտավ ու կանչեց.
-Հեյ, ու՞ր ես, որտե՞ղ ես:
Ոչ մի պատասխան չլսվեց.
Նա մի քիչ վախեցավ մթին միայնությունից, բայց մի քանի քայլ էլ արեց ու կրկին գոռաց.
-Այ ախպեր, էստե՞ղ ես: Ձայն հանիր, թե չեկար՝ չնեղանաս, ես գնում եմ:
Այս անգամ ոչ շատ հեռվում կրակի մի պեծ տեսավ ու լսեց պատասխանը.
-Էստեղ եմ, հիմա, հիմա կգամ:
Վարուժանն ինքը գնաց դեպի կրակը, որը հեռու էր թվում, իրականում շատ մոտ էր: Մինչև հասավ, կրակն արդեն հանգել էր.
-Եկա՞ր,- նրան տեսնելով ասաց Երվանդը,- կներես ուշացա, չկարողացա ծնողներիս գերեզմանը գտնել:
-Բա, ո՞նց գտար:
-Չգտա, որոշեցի պատահական մի քարի մոտ, բայց մտքումս նրանց համար խունկը ծխել: Փայտն էլ դժվար կպավ:
-Բա, իհարկե: Էստեղ բոլորը մեկ են ու հավասար,- համաձայնեց տաքսիստը,- եկել՝ եկել եմ, ինձ էլ մի պտղունց թող:
Երբ դեպի ելքն էին քայլում, հանկարծ Երվանդը նորից տեսավ նրանց.
-Նայիր էն կողմ, -շշնջաց ուղեկցին,- այնտեղ մարդ տեսնո՞ւմ ես:
Վարուժանը նայեց մատի ուղղությամբ ու ասաց.
-Չէ, ոչ ոք չկա:
-Արդեն չքացան, տղամարդն ու կինը թևանցուկ քայլում էին, ես էսօր նրանց տեսել եմ մեր փողոցում, հետները զրուցել:
Վարորդը մի քանի վայրկյան էլ լարված նայեց և ուրախ, որ ոչինչ չի տեսել, պատասխանեց.
-Այ, ախպեր, գիշերային մառախուղի մեջ, էն էլ գերեզմանատանը մարդու աչքին ինչ ասես՝ կերևա: Արի, արի գնանք, քանի լրիվ չենք դիվոտել:
-Զարմանալի է,- պնդեց Երվանդը, նրանց պարզ տեսնում էի, ոնց որ ոչ գիշեր լիներ, ոչ էլ՝ մշուշ կար: Մի հայտնի նկարի էին նման՝ բայց չեմ կարողանում տեղը բերել:
-Արի, թե չէ կքշեմ, կգնամ,- հատած համբերությամբ ասաց Վարուժանը:
Երվանդը նրա հետ մի քանի քայլ արեց, հետո կրկին շրջվեց, բայց զույգն էլի չէր երևում:
Հետդարձի ամբողջ ճանապարհն անցան առանց բառ փոխանակելու: Եթե գնալիս մեքենան սողացող օձի էր նման, հետդարձին կրեա էր դարձել: Անդին տանող փորձառու վարորդը երեք անգամ կանգնեցրեց մեքենան, իջավ, զննեց չորս բոլորն ու վերադառնալով՝ գոհունակ մրմնջաց. «Չէ, փառք Աստծո, ճիշտ ենք գնում»: Հետո Երվանդը փակեց ծանրացած կոպերը․ նա իրենց դռան զանգը չտվեց, չէր հիշում, որ այնտեղ մարդ կա, ոչինչ չէր մտաբերում բաղնիքում թողած աղջկա մասին: Մտաբերեց, երբ դուռն իր բանալիով բացեց ու ցնցուղի ջրի ձայնը լսեց: Սկզբում թակեց բաղնիքի, դուռը, հետո զարկեց բռունցքով, բայց պատասխան չստանալով կամացուկ հրեց ու ներս մտավ: Նախ հատակին ամբողջապես գոլ տված կարմիրը ցնցեց, հետո տեսավ անշունչ ընկած աղջկան, նրա երակից կաթ-կաթ դեռ պղպջում էր արյունը:
-Ճի՞շտ եմ հիշում, որ ոստիկանին ասացիր՝ ծնողներիս մահվան օրն ա,- լսեց տաքսիստի ձայնը, սփրթնած վեր թռավ ու առանց իրեն լիովին վերգտնելու՝ պատասխանեց.
-Հա, բայց երկու օր առաջ էր:
-Ինչի՞ց են մահացել, եթե նույն օրը, ուրեմն՝ վթարի՞ց:
-Չէ, վթարից չէր,- եղավ պատասխանը:
-Բա՞,- հարցը պնդեց տաքսիստը:
Այս անգամ որևէ պատասխան չեղավ: Առանց սակարկելու տվեց տաքսիստի պահանջած փողն ու ասաց.
-Խոսք ես տվել, Վարուժ, մի օր ինձ կյանքից անդին ես տանելու:
-Վարուժ չեմ, Վարուժան եմ, մեռանք ասելով,- պատասխանեց վարորդն ու հեռացավ: Հենց այդ պահին մարեցին շենքի պատուհաներից թույլ ու վախվորած ծիկրակող լույսերը:
Երվանդը շնչակտուր վազելով հասավ երրորդ հարկի իր տան շեմին, բանալիով բացեց դուռը և հանգիստ շունչ քաշեց՝ ոչ մի ջրի ձայն չէր լսվում: Բայց հենց այդ պահին մոմի լույսից թրթռացող մի ուրվականի անդրադարձը տեսավ միջանցքի պատի վրա: Ձեռքին գերանդի էր: Ուրվականը մոտենում էր:
-Գերազմանների՞ց ես գալիս, – լսեց Ռուզանի ձայնը,- ինչի՞ չասացիր, որ գնում ես:
-Ի՞նչ ա ձեռքիդ, որտեղի՞ց քեզ էդ գերանդին:
-Ի՞նչ, գերանդի՞,- զարմացավ,- հետո ինքն էլ նկատեց իր ուրվապատկերը պատի վրա ու ծիծաղեց,- վայ, իրոք, ի՜նչ նման ա: Հատակը սրբելու փայտն ա, մոռացել էի մեր ցեխոտ ոտնահետքերը սրբել:
Երվանդը ձեռքից առավ ձողը, հենեց պատին, ամուր գրկեց, կրծքին սեղմեց աղջկան ու շշնջաց.
-Չգիտեմ, թե ով ես, որտեղից ես ու ինչ հիվանդ ես, բայց ուրախ եմ, որ էստեղ ես, որ դեմք ունես, որ ուրվական չես:
-Մեջքս ցավեցնում ես, թող,- բողոքեց աղջիկը:
Երվանդը նրա ուսերը բռնած իրենից մի փոքր հետ տարավ ու ոտքից գլուխ տնտղելով ասաց.
-Ինչ սիրուն խրտվիլակ ես իմ շորերի մեջ:
-Խրտվիլակը դու ես,- սեթևեթեց Ռուզանը:
-Ուտելու բա՞ն ես սարքել, էս ի՜նչ հոտ ա:
-Չէ, հա, սովորական կարտոտֆիլ եմ տապակել, մեկ էլ՝ աղցան եմ սարքել: Բայց ոչ մի բան բերանս չեմ տարել, քեզ էի սպասում: Էդ ի՞նչ խցկել ես, խցկել սառնարանդ: Թաղամասին կհերիքի:
-Ուզում էի քսան օր տնից դուրս չգալ:
-Որ նկարե՞ս:
-Ես նկարիչ չեմ, համակարգչով եմ զբաղվում, տնից դուրս գալ չէր կարելի:
-Լավ, արի հաց ուտենք, էլ չեմ դիմանում:
-Արի,- ասաց Երվանդը նրա ձեռքը նորից բռնելով,- բայց դու իրոք ջերմում ես:
-Չէ, ուղղակի ամաչեցի, էդ տղամարդու հետ մենակ մնալու անսովորությունից ա:
-Լավ, հիմա էլի մոմ կվառեմ:
Միացրեց հեռախոսի լույսը, դարակներից երեք մոմ հանեց, բայց լուցկի չգտավ: Գնաց դեպի վառվող միակ մոմը, ուզեց մյուսները դրանից կպցնել: Հեռախոսի լույսն ընկավ վառվող մոմից վեր, պահարանի վրա դրված լուսանկարին: Նման էին այդ օրը երկու անգամ տեսած զույգին:
-Ասացիր՝ ծնողներիդ մահվան օրն ա, նրանք նույն օ՞րն են մահացել, բայց վթարից չէր, չէ՞,- լսեց Ռուզանի ձայնը սեղանին շարվող ափսեների թխկոցների միջից:
-Ի՞նչ եք կպել, վթար հա վթար:
Երվանդը վառած մոմերից մեկը խոհանոցում թողեց, երկուսը՝ սեղանին դրեց, դրանց միջև հեռախոսի վառվող լույսը հարմարեցրեց:
-Հիմա, գինի էլ բերեմ:
-Չէ,- ասաց աղջիկը,- գինին մրսածին լավ չի: Ավելի թունդ բան եմ ուզում: Սառնարանում օղի տեսա:
-Լավ,- ասաց Երվանդը, օղի՝ ուրեմն օղի:
Ռուզանը նրա ափսեի մեջ ուտելիք էր լցնում: Ինքն էլ օղին լցրեց երկու բաժակի մեջ:
-Արի խմենք,- առաջարկեց:
-Չէ, վայ, մի րոպե սպասիր, մոռացել էի: Անակնկալ ունեմ:
Նա արագ խոհանոց հասավ, ու էնտեղից երկու կարմիր ներկած ձու բերեց:
-Արի սկզբում կռվեցնենք:
-Սոխի կճե՞պ էլ ես գտել:
-Չէ, մտա կողքի սենյակ, ներկերիդ միջից կարմիրը գտա:
-Պիտի չմտնեիր, դրանք իմ ներկերը չեն:
-Ո՞րն ես ուզում,- աղջիկը նորից պարզեց կարմիր հավկիթները։
-Մեկ ա, լավ սա կվերցնեմ: Պահիր: Միայն կկռվեցնենք, չենք ուտի, ներկն անվնաս չի։
Նա միտումնավոր իր հավկիթով երկու անգամ աղջկա մատներին խփեց:
-Չե՞ս տեսնում,- դժգոհեց Ռուզանը:
Երրորդ անգամ հենց ձվին թխկացրեց: Աղջիկն իր ձուն տարավ դեպի շուրթերը, տկտկացրեց ատամների վրա ու երեխայի պես վեր թռավ:
-Հաղթեցի, ես հաղթեցի: Այ, հիմա արի խմենք: Քրիստոս հարյավ ի մեռելոց:
-Ազնիվ խոսք գիտեի՝ ինչ են պատասխանում, բայց հիմա մոռացել եմ, – նրան կապկեց Երվանդը,- լավ, բաժակդ բեր:
Բաժակների չխկոցի հետ լույսերը տվեցին: Աղջիկը մի անգամ էլ վեր թռավ տեղից ու սկսեց սեփական նվագի տակ հրճվանքով պարել: Երվանդը զմայլված մի քիչ նայեց նրան ու ասաց.
-Ի՞նչ կլինի, որ ոչ մի տեղ էլ չգնաս: Մնա էստեղ, միասին կապրենք: Իմ կինը կդառնաս:
-Չէ, չի լինի: Ես էդպես համաձայն չեմ,- տեղը վերադառնալով ասաց աղջիկը: – Երբ էս մառախուղն անցնի, ու երկուսս էլ ողջ մնանք, դու մի օր կգաս Ստեփանավան, ձեռքս խնդրելու: Տես, որ անձրև ու մառախուղ չլինի, արևոտ օր լինի: Մեր քաղաքում ավելի շուտ-շուտ ա անձրև գալիս: Մի արևոտ օր կգաս, ինձ ուզելու: Չնեղանաս, առաջին անգամ կմերժեմ, կասեմ, որ քեզ լավ չեմ ճանաչում, բայց այ, երկորդ անգամ որ գաս՝ էլ չեմուչում չեմ անի, կհամաձայնեմ: Համ էլ մինչև երկրորդ անգամ գաս, ոնց կսպասեմ, ոնց կսիրահարվեմ քեզ:
-Ճի՞շտ ես ասում, կսիրահարվե՞ս:
-Հա, չեմ խաբում, հիմա էլ մի քիչ սիրում եմ:
-Հա, կգամ, կասեմ՝ Ռուզան, ես քեզ սիրում եմ, հետս կամուսնանա՞ս:
-Կասեմ՝ համաձայն եմ, կինդ կդառնամ, բայց մի պայմանով: Կասեմ՝ երդվիր, որ երբեք չես անի էդ բանը։
-Ես էլ երևի կասեմ՝ ո՞ր բանը չանեմ, Ռուզան։
-Ինքդ չես խմի ու ինձ էլ չես համոզի խմել նույն թույնից: