Հրաչ Բեգլարյան | Ցավը

Նրան երբեմն թվում էր, թե հիվանդությունն իր հետ է ծնվել: Այնքան էր սովորել ցավին, որ երբ այն մի օր զգացնել չէր տալիս, ինքն իրեն զգում էր մի բան կորցրածի նման. անհանգստանում էր, իրար անցնում և հանդարտվում էր միայն այն ժամանակ, երբ ցավը խուլ ու բութ անտարբերությամբ սկսում էր կրծել ներսը: Տարիները նրանց սովորեցրել էին իրար: Սկզբում թշնամացել էր ցավի հետ և ամբողջ էությամբ ատում էր նրան, բայց հետո թիզ առ թիզ մոտեցան և ասես հիվանդությունը դարձավ նրա ինքնության մի մասը:
Վերջին շրջանում կուրծքը չանգռող կսկիծը հաճախ էր լքում և նա զգում էր, որ ցավի հետ կամաց-կամաց ուժերն էլ են լքում իրեն: Անկողնում պառկած, ժամերով անձկությամբ սպասում էր ցավի բռնկումին, իրեն համոզելով, թե իր փրկությունը դրա մեջ է:
Անկողինը…Հիմա նրա մարմինը բոլոր ծակոտիներով ճանաչում է իրենց տան բոլոր սավանները և բոլորին էլ ատում է հավասարապես: Ու թե ներելու պես մի բան է խլրտում սրտում, դեղին զոլերով սավանի հանդեպ է: Ոչ թե իր հիվանդ անդամների տակ օրուգիշեր ճխլվող սավանին է խղճում, այլ այն առնելու օրվա հիշողությանը: Գարնան այդ տաք օրը քաղաքի շուկայում ձու էր ծախել: Իր տասը հավի ածած, էրեխեքի բերանից ետ գցած հարյուր հատ ձու: Մանր-մունր բաների հետ գլխարկ էր առել մեծ տղայի համար ու այդ սավանը: Օրը կարմիր-կանաչ էր, քաղաքը` լիքն ու առատ: Ամեն ինչ բարի ու գեղեցիկ էր այդ օրը: Գեղեցիկ էր թվում նույնիսկ շուկայի պատի տակ գլխարկն առաջը դրած մուրացկանը, որին մի ձու տվեց ու նրա կերկեր օրհնանքն ստացավ: Հիմա երանությամբ է հիշում այդ օրը և օրվա մեջ` օրհնությունը անծանոթ մուրացկանի:
Ցավը ե՞րբ գտավ իրեն: Երևի ուշ աշնանային այն օրը: Հորը բանտ էին նստեցրել ու խփել էին պիտակը.ՙԺողովրդի թշնամի՚: Ինչո՞ւ, ի՞նչ թշնամություն էր արել հայրը, չգիտեր, նրա անխարդած ու պարզ ուղեղում չէր տեղավորվում, թե իր հայրն ինչպե՞ս կարող է թշնամի լինել կամ վատություն անել որևէ մեկին: Բարձրահասակ, խաժաչք ու մշտաժպիտ այդ մարդը, որ իր հայրն էր, նույնիսկ իրենց չարությունների վրա ձայնը չէր բարձրացնում: Նա միշտ հողագործի իր աշխատանքին էր, իր հանդ ու արտին:
Ձմեռնամուտի այդ օրը գրբաց էր եկել գյուղ: ՙԱսեղը դեզի մեջ կգտնի՚,- մոր ականջին շշնջացել էր հարևանուհին` Չոլախ Թագուկն ու մայրն իրենց հավերի քսան օրում ածած տասը ձուն դրել էր աղջկա փեշն ու ճամփել էր գրբացի մոտ` իմանալու, թե աստղերն ու գրքերն ի՞նչ են ասում` ջրատար Հմայակը ե՞րբ կազատվի էդ նեղ տեղից:
Ինքը` մի մատ աղջիկ, ձվերը բարակ փեշի մեջ` կանգնել էր Գուվարենց պատի տակ ու սրթսրթում էր ոչ այնքան աշնան քամուց, որքան անհամարձակությունից: Շարքով գալիս էին կանայք, բռի մեջ պահածը տալիս գրբաց կնոջն ու գոգնոցի տակ մի պատառ հույս պահած հեռանում:
Օրն արդեն իրկնանում էր, երբ ոտքերն անհամարձակ փոխելով մտավ ներս: Քթին խփեց Գուվարենց երկար մառանից եկող խնձորի ու մեղրի հոտը:
-Ի՞նչ կա, գառ ջան,- գործվածքի վրայից արծվենի հայացքը բարձրացրեց Գուվարենց Մեծ մամը:
Չկարողացավ պատասխանել ու հեկեկոցը խեղդեց կոկորդը: Նրան այնպես էր թվում, թե գրբացից է կախված հոր ազատվել-չազատվելը: Կարծես այդ կինն իր խոր գրպանից հանելու էր հոր ազատման թուղթն ու տալու էր իրեն:
-Արի, մի լա,- քաջալերեց պառավը,- մոտեցիր օջախին, թող մորքուրն ասի:
Օջախի մոտ փռած մինդարին ծալապատիկ նստել էր քառասունին մոտ մի կին և իր սև ու բարի աչքերով նայում էր իրեն:
-Մի լա, ձագ ջան,- փափուկ ու կրծքային ձայնով ասաց նա:
Ինքը մոտեցավ կնոջն ու մեկնեց փեշը.
-Մերս ասաց թող նայի` ե՞րբ լույս կբացվի իմ նեղյալին:
Կինն օրորվեց նստած տեղում, աղջկա փեշից վերցրեց ձվերը, շարեց ամանի մեջ, նրա մատղաշ թաթիկներն առավ ափերի մեջ ու սկսեց շփել:
-Սառել ես, աղջիկ ջան, ի՞նչ է եղել, հայր չունե՞ս,- հարցրեց ու նստեցրեց իր կողքին:
-Բանտ են նստեցրել: Ասում են` ժողովրդի թշնամի է,- գլուխը կախ շշնջաց աղջիկը:
-Մեղա՛ Աստծու, ժողովրդի թշնամին ասողն է: Մի մարդն էսքան ժողովրդին ի՞նչ պիտի անի,- ձեռքերն իրար խփելով կամացուկ ու տրտում ասաց կինը,- քանի՞ էրեխա եք:
-Հինգ,- ոտքի կանգնեց աղջիկը:
-Հինգ էրեխեն անտեր են մնացել, ամա՛ն,- ծոր տվեց կինը,- մորդ ասա` վերևն աստված կա, ամեն նեղյակի համար մի դուռ կբացի: Առ էս ձվերը ետ տար: Մորդ ասա, թող էփի, կերեք:
Ինքը վախեցած նայեց կնոջը. ՙՈր ձվերը հետ է տալիս, ուրեմն չի ուզում հորս բախտը գուշակել՚,- մտածեց տագնապած: Կինն ասես հասկացավ ու ժպտաց.
-Մի մտածիր, տար ձվերն ու մորդ ասա` էս հինգն էլ ես եմ տվել իմ կողմից: Ասա` Մարիամ Աստվածածինը անհեր էրեխեքին շատ է սիրում ու թույլ չի տալիս, որ նրանց բաժինը վերցնեմ:
Աղջիկը վերցրեց ձվերն ու արագ հասավ տուն: Երբ պատմեց, մայրը չոքեց թոնրի կողքին ու ձեռքերը պարզեց դեպի աղջամուղջից կապտած երդիկը:
…Հիվանդը բացեց աչքերը, շուռումուռ եկավ: Կողքին նստած էին մի բուռ դարձած մայրն ու սկեսուրը: Չէին խոսում: Ինքը չէր էլ ուզում, որ խոսեին: Ի՞նչ պիտի ասեին իրեն: Հո՞ւյս պիտի տային, բայց ինքը լավ գիտեր, որ այլևս ապրելու հույս չունի: Պիտի խնդրեին` կեր, իսկ ինքն այնպես կուշտ էր:
Միայն աչքերով հետևում էր արևի շողի մեջ լողացող ճանճին, որի թևերը հազար գույն ունեին, և մարդ երբեմն խաբկանքն մեջ էր ընկնում, կարծելով, թե լուսամուտից ներս ընկածը ոչ թե արևի շողն է, այլ ճանճի թևերի անդրադարձը:
-Ա՛խ,- հոգոց հանեց մայրը,- գոնե մի բառ ասա:
Նայեց մորը, խղճաց, բայց խոսելը չէր գալիս: Ինքն իր ցավն էր փնտրում, հավատացած, որ եթե գտնի այն, ոտքի վրա տնքտնքալով կապրի էլի գոնե մի տարի: Այնքան, մինչև մեծ տղան ավարտի ուսումը և ինքը կարողանա պսակել նրան: Իսկ ցավը չկար: Ցավը, որ իր ընկերն էր եղել այսքան տարի, անխիղճի նման լքել էր իրեն:
…Ե՞րբ էր: Իր մատաղ էությունը փոթորկում էր ամոթը, և ցուրտը դաղում էր անվարտիք ազդրերը: Գնում էր Յուրտերի ճամփով, ձեռքին` կապոց: Մայրը հաց էր ուղարկել շրջկենտրոնի մեկուսարանում նստած հորը: Ծանր չէր կապոցը. երկու լավաշ էր, մի գունդ փոխինդ, մի զույգ բրդե գուլպա: Էլ ի՞նչ կար: Նա սկսեց տենդորեն մտածել, թե ուրիշ ինչ կար կապոցում ու չհիշեց: Մտքերը դեմ էին առնում այդ հարցականին ու փշրվում: Հիմա ասես կողքից տեսնում էր իրեն. տարիքին անհամեմատ փոքրամարմին, ձեռքին` սպիտակ ծաղկավոր շալից սարքած կապոց: Կանգնել էր մտքի մեջ և այդպես էլ առաջ չէր գնում:
-Էլ ի՞նչ կար կապոցի մեջ,- աչքերը փակ բարձրաձայն դիմեց մորը:
-Ի՞նչ կապոց, բալա ջան,- անակնկալի եկավ ու իրար խառնվեց մայրը:
-Հեչ, մա,- սխալն ուղղեց հիվանդն ու նորից թաղվեց իր մեջ:
Նորից միտքը եկավ դեկտեմբերյան ձյունառատ ճամփան ու հանկարծ հիշեց, որ մայրը գրբացի ետ ուղարկած ձվերի կեսն էր խաշել ու դրել կապոցի մեջ:
Երեկոյան դեմ հասավ շրջկենտրոն: Բարի էր պահակ միլիցիոները, թողեց, որ հորը տեսնի ու կապոցը տա:
-Մենակ թե շուտ, աղջիկ ջան: Թող խղճիս վրա բեռ չլինի, մեկ էլ ո՞վ գիտի` հորդ տեսնես-չտեսնես:
Այդ խոսքերի իմաստը հետո հասկացավ, իսկ այդ պահին միայն մի բան էր ուզում` տեսնել հորը: Հայրը դուրս եկավ միջանցք, շլված աչքերով դեսուդեն նայեց, նկատեց աղջկան ու ժպտաց ուրախացած.
-Եկա՞ր, աղջիկ ջան:
Փարվեց հոր լայն կրծքին ու գլուխը թաղեց նրա շորերի մեջ: Քթին խփեց բանտի ու խեղճության հոտը, որ գալիս էր հոր շորերից, մարմնից: Ասես նույն հոտն էր գալիս նաև նրա ծխախոտի ծխից: Չէին խոսում: Հայրը շոյում էր աղջկա մազերը, իսկ աղջիկը խեղդում էր հեկեկանքը և խորը շնչում էր չորս կողմը բռնած այդ տտիպ հոտը: Մինչև հիմա էլ հորը հիշում է այդ գաղջ, քիմքը խտղտացնող հոտով ու, որքան էլ զարմանալի է, այլևս չի խորշում դրանից:
-Ուլիկ, գոնե դու հավատա, որ վատ բան չեմ արել,- վերջապես խոսեց հայրը, -ինչ էլ լինի, իմացիր, որ ես որևէ մեկին չեմ դավաճանել: Թե դավաճանել են` ինձ, թե մատնել են` ինձ: Ասել եմ` ինչո՞ւ են մադկանց զուր տեղը տանում, կորցնում: Ասել եմ` ախր էրեխեքն են մեղք: Քանի՞ էրեխա է անհեր մեծանում: Մատնել են: Սրանք էլ լուն ուղտ են դարձրել ու ինձ ժողովրդի թշնամի են սարքել:
-Ո՞վ է մատնել,- ցասումով հարցրեց ինքը:
-Ինչի՞դ է պետք, Ուլիկ: Մի իմացիր, որ աշխարհի հետ հաշտ ու խաղաղ ապրես: Քո սիրտը բարակ է, թող վրեժ չունենա իր մեջ: Դժվար է վրեժ ունենալով հանգիստ ապրելը: Ու ոչ ոքի մի կասկածիր, Ուլիկ, աշխարհին նորածին գառի անմեղությամբ նայիր:
Երբ հայրն ուզում էր փաղաքշել, իրեն միշտ Ուլիկ էր ասում և ինքը դրանից լավ էր զգում:
Կանգնած էին լուռ, ասես ասելիք չկար:
-Մի բան կերե՞լ ես,- առաջինն սթափվեց հայրը:
-Ըհը՜,- վստահ ստեց ինքը, թեև առավոտնից կերածը մի բուռ փոխիդ էր եղել: Հայրը նայեց նրան ու ժպտաց.
-Հավատում եմ,- ասաց, բացեց կապոցը, հանեց մի ձու, մի կտոր լավաշ կտրեց ու մեկնեց նրան.
-Առ, կեր, որ ոտքերդ ուժ ունենան:
Աղջիկը բացասաբար շարժեց գլուխը: Խոսել չկարողացավ, քանի որ բերանն անսպասելի լցվեց ջրով: Քաղցած էր, հացի հոտից թքակալեց բերանն ու վախեցավ խոսել: Խոսեր` գուցե թե հայրը գլխի ընկներ, որ սոված է: Հայրը բռնեց թևից.
-Թե չուտես, կնեղանամ,- ասաց:
Ասես ծխում էին հոր աչքերը, բարակ ու անտեսանելի մի թախիծ ելնում, փաթաթվում էր աղջկան: Լուռ վերցրեց հացն ու ձուն: Մի անգամ էլ գրկեց հորը և մի անգամ էլ շնչեց նրա հոտը: Երբ դուրս եկավ հոր մոտից, մի ակնթարթում կուլ տվեց բրդուճը: Աղջամուղջը թեթև շղարշով գրկել էր ձյան ծանրության տակ կքած տները, միլիցիայի բաժնի դռանը պահակի պես կանգնած բարդիները:
-Գիշերվ ճամփա չգնաս: Կմնաս մեր Սանամի տանը: Ճամփա ելիր, հենց որ լույսը բացվի: Լույսը բարի է, Ուլիկ,- ասել էր հայրը:
Սանամը հոր հորեղբոր աղջիկն էր: Ինքն էլի էր գնացել նրանց տուն ու անսխալ գտավ փողոցը: Աղջամուղջի մեջ Սանամի երդիկից թույլ գոլորշու նման ցախի ծուխ էր բարձրանում: Ամուսինը կռիվ էր գնացել` կնոջը մի կիսավեր թոնրատուն ու հինգ երեխա թողնելով:
Աղջիկը մոտեցավ բաց դռանն ու կանգնեց դրանդուն հենված: Տաք ծուխը խփեց դեմքին նրան փաթաթվեց պալաններով և ծանոթ շան նման լիզեց երեսը: Ու թեպետ աչքերը մրմռացին, բայց տաքությունը հաճելի էր: Հաճելի էր նաև բոցի պարը թոնրի մեջ: Առաջինը նրան նկատեց չորս տարեկան Համոն ու քաշեց մոր փեշը.
-Մա՛, էլի էն աղծիկն էկել ա:
-Ո՞ր աղջիկը,- մի պահ դադարեցնելով թոնրի վրա դրած կճուճի պարունակությունը խառնելը, գլուխը բարձրացրեց Սանամն ու տեսավ նրան:
-Ախչի՛, սրտամեռ, էս ձյուն-ձմեռնոցով, էս գիշերով որտեղի՞ց էկար, տնկվեցիր իմ շեմի վրա,- կռնչալու պես ասաց նա:
-Հորս հաց բերեցի,- կմկմաց,- գիշերը մնամ, առավոտ լինի` կգնամ…
Սանամը տնքոց հանեց: Չասաց` չի ուզում, առաջ չկանչեց ու աղջիկը չիմացավ անելիքը.
-Ցուրտ է,- կցկտուր ու խեղճ շշնջաց: Սանամի լռությունից համարձակություն առած մոտեցավ ու սառած ձեռքերը կրակին պարզեց: Առաջինը բարակ շորի տակ ազդրերն զգացին տաքությունը, թուլացան ու սկսեցին մրմռալ: Աղջիկն աչքի պոչով նայեց կճուճին, որի մեջ քլթքլթում էր երկանքով աղացած ձավարի շփոթը:
-Ի՛նչ ես աչքերդ չռել, ուտելիք չկա: Հազիվ մեզ հերիքի: Իմ հերը ֆրոնտ գնա, գերմանացու դեմ կռվի, քո հերն էստեղ ժողովրդին դավաճանի, հընգեր Ստալինի մասին վատ բա՞ն ասի: Չմոտենաս թոնրին,- սյան հետևից բռունցքները սեղմած դուրս եկավ Սանամի տասներկու տարեկան առաջնեկն ու փրչոտ գլուխը թափահարելով հարձակվեց նրա վրա: Հարվածեց փորին: Նորից կրծքի տակ ծնվեց ցավը: Պպզեց ու երբ շունչը տեղն էկավ, կամացուկ կրկնեց հոր բառերը.
-Իմ հերն ու քո քեռին մարդու չի դավաճանել: Մի քիչ տաքանամ, Վանո, ցուրտ է: Առավոտյան կգնամ,- շշնջաց,- ուտելիք չեմ ուզում, մի քիչ տաքանամ…
-Մի քիչ տաքանա՛մ,- տնազ արեց Վանոն,- տաքությունը ժողովրդի թշնամիների համար չէ:
Սանամը նայում էր անքթիթ ու չէր խառնվում նրանց վեճին: Կարծես նրա սրտովն էր այն, ինչ ասում ու անում էր տղան: Եվ աղջիկն զգաց, որ չի կարող այստեղ մնալ: Եթե նույնիսկ Սանամն ու Վանոն համաձայն լինեն, չի կարող: Կամացուկ դուրս եկավ ու թաղվեց բքի մեջ: Ոչ ոք չկանչեց նրա հետևից: Թե կանչեին էլ` հետ չէր դառնա: Լավն այն էր, որ քամին խփում էր թիկունքին ու հեշտացնում էր քայլելը: Քայլեց ողջ գիշեր ու լուսադեմին մոտեցավ գյուղին:
Բուքը ցայգալույսին էր դադարել: Լույսը բացվում էր դանդաղ, չուզելով: Աշխարհը ցուրտ ու գեղեցիկ էր, ճանապարհի կողքի ժայռերը խիստ ու հպարտ նայում էին իրեն: Աղջիկը գնում էր մտքի մեջ հոր հետ խոսելով: Նրան չէր մեղադրում, խղճում էր հորը, բայց լացը զսպում էր, որ ոչ ոք չտեսնի իր թուլությունը: Ճանապարհին ոչ ոք չկար, բայց չէր ուզում, որ ժայռերը, քարերը, նազուտուզով բարձրացող արևը տեսնեն իր լացը: Գիտեր, որ չեն օգնելու, բայց մեկ էլ տեսար պահեցին հիշողության մեջ ու մի օր երեսով տվեցին:
Դաժան էր այդ օրը, բայց տարիների հեռվից քաղցր էր թվում առաջնեկի առաջին ժպիտի չափ: Ի՞նչն էր գեղեցիկ այդ ցուրտ ձմեռվա մեջ, որ ամեն անգամ մենակ մնալիս մտքերը բերում ու գամում էր իր վրա, չգիտեր: Պարզապես բնազդորեն հիշում էր իր սառած, բայց պիրկ ոտքերը, իր ամոթխած ու հպարտ կուսությունը և Սանամի` կիսաչոր ցախի ջերմության չափ բարկ թոնիրը: Ու հիմա զարմանում է, թե ինչպե՞ս այն գիշեր իր մեջ բույն չդրեց չարությունը: Ինչպե՞ս եղավ, որ ինքն անհիշաչար մնաց, անպաշտպան լինելու չափ բարի: Ինչո՞ւ հենց այն լուսադեմին գյուղի ճանապարհի վրա իրեն հետապնդող Վաչոյի չարությունը բույն չդրեց իր սրտում, չփոխանցվեց իրեն:
-Կանգնի՛ր,- ձայն էր տալիս Վաչոն,- ժողովրդի թշնամու աղջիկ, կանգնիր, քեզ սիրեմ, թող բանդիտ հերդ իմանա ու սիրտը մրմռա:
Ինքը վազում էր հևասպառ: Հետևից լուտանք թափելով գալիս էր Վաչոն իր քառասուն տարեկան հասակով, երկու մետրանոց բոյով: Արդեն կտրվում էր շունչը, թվում էր` սիրտն ուր որ է դուրս է թռչելու բերանից, երբ ճանապարհի վրա մարդ երևաց: Դա ամրացրեց ծնկներն ու նոր ուժ տվեց իրեն: Հեռվից ճանաչեց. Հովակ ապերն էր կարճլիկ բոյով ու երկար սպիտակ փափախով: Ուզում էր գոռալ, օգնություն կանչել, բայց թոքերը կտրատվում էին ու ձայնը դուրս չէր գալիս: Մի կերպ հասավ ծերունուն, ընկավ գիրկը.
-Վաչ…Վաչ…Վաչո՛ն,- հազիվ շշնջաց:
Երկար լոնքերը գցելով նրան հասավ Վաչոն ու ձայն տվեց ծերունուն.
-Հովա՛կ, թող դրա հոր սիրտը մրմռացնեմ:
-Հեռո՛ւ, անամոթ շան որդի, աղջկան արատավորելն ու եկեղեցի քանդելը նույն բանն են: Հոր տունը մի խոսքի համար քանդեցիր, քի՞չ էր:
Դարձավ աղջկան.
-Մի վախենա, գառ ջան, արի հետս:
Եղածի մասին գյուղում ո՜չ Հովակը պատմեց, ո՜չ Վաչոն: Ինքն էլ այդ առավոտը զմռսեց, պահեց շուրթերի հետևում ու կոպերի տակ:
…Իրիկնամուտի հոգնությունից գայթող ձայները տարածվեցին վրանի պատերից այն կողմ: Ստվերները ձգվեցին, գաղտագողի պոկվելով Արտաշի բարդու կատարից, իջան գետնին ու պառկեցին կեսօրվա տապից հետո մի քիչ հանգստանալու: Հիվանդը մահճում պառկած առավ սարից եկող Շեկո կովի կուշտ փնչոցն ու մատները նվացին կովի լիքը կրծքի կարոտից: Հնձից եկավ ամուսինը, գերանդին կախեց ծառի ճյուղից ու ոտնաթաթերի վրա, ստվերի պես ներս մտավ, մոտեցավ անկողնուն ու շշնջաց.
-Սոնա՛, Սոնա ջան:
Հիվանդը բացեց աչքերը, նայեց ամուսնու նիհարած երեսին ու ցավի պես մի տաք բան բարձրացավ մինչև կոկորդը:
-Էսօր բան կերե՞լ ես,- ամուսնու ձայնը խեղճացած էր, կերկեր ու ծերունական:
-Չէ՛,- ասես հեռվից` լսեց սեփական ձայնը:
-Ի՞նչ կուզես,- հարցրեց ամուսինը:
-Հե՛չ,- անտարբեր շշնջաց ինքն ու փակեց աչքերը:
Ի՞նչ է ուզում ինքը: Ուզում է, որ հետ գա Լեռնավան գնալու այն վաղ գարնանային օրը: Այդ դժվար, այս էլ քանի օր մտքից դուրս չեկող ու երանելի թվացող օրը:
Հորից ընդամենը մի նամակ ստացվեց.ՙԵնիսեյի ափին եմ: Լավ եմ՚: Այդ էր գրել նա: Ուրիշ ոչինչ: Կարճ` իրենց հույսի պես: Իրենք անգիր գիտեին հոր նամակը և միշտ բերանացի կրկնում էին ծղոտի կրճոնով վառած թոնրի կողքին նստած, կոլտնտեսության եզների մսուրից հավաքած գարու հատիկների մի բուռ աղանձն ուտելիս:
Մարտի կեսն էր: Վերջացել էր ամեն ինչ. թե մոր արծաթե գոտու փոխարեն Վրաստանից բերած երկու փութ եգիպտացորենի ալյուրը, թե կարի մեքենայով փոխած երեք փութ ցուրտը տված կարտոֆիլը: Սովը տուն էր մտել, բոլորին դարձրել աչքածակ ու չկշտացող:
-Գնա Լեռնավան, էս ոսկե բիլազուկը տուր քրոջդ, ասա թող ուտելու բան ճարի: Ասա էրեխեքը սովից մեռնում են,- լացը հազիվ զսպելով ասաց մայրը:
Փոքր քրոջ հետ բռնեցին սարի կարճ ճամփան: Կեսօրվա դեմ սկսվեց մարտյան փոթորիկը: Պինդ բռնել էին իրար ձեռք ու շարժվում էին քամուն ընդառաջ: Ուզեց կարճացնել ճանապարհն ու փորձեց կտրել-անցնել ձյունով լցված ձորը, բայց ձյունը չդիմացավ ծանրությանը, խրվեց մինչև գոտկատեղը: Քույրը, որ ավելի թեթև էր, չէր խրվում ու անօգնական վազվզում էր շուրջը, անընդհատ վեր էր քաշում քիթն ու ողբում: Ինքը փորձում էր դուրս գալ, բայց ձյունը ճաճհիճի պես ներքև էր քաշում ու ամեն շարժումի հետ ավելի էր խրվում ձյունի մեջ:
Հանկարծ օդը սղոցեց մի սուր ձայն: Մի պահ դադարեցրեց ջանքերն ու նայեց ձայնի ուղղությամբ: Մոտ հարյուր քայլ այն կողմ գելթոզի էր անում ու ոռնում էր գայլը: Չսարսափեց նրանից: Շունչը տեղը բերեց, արմունկները դրեց ձնափոսի եզրին, ծնկները դեմ արեց պատերին ու մարմինը վերև ձգեց: Քույրն անխոս հասկացավ. պառկեց կողքին և ուսերից բռնելով սկսեց ձգել: Երբ դուրս եկավ ձնափոսից, պառկեց ձյան վրա ու սկսեց նայել գայլին: Քույրը նայեց նրա հայացքի ուղղությամբ, տեսավ կենդանուն ու հարցրեց.
-Էս ո՞ւմ շունն է:
-Եսի՞մ,- անտարբեր ձևացավ ու դեռ չհամարձակվելով ոտքի կանգնել, սողալով անցավ փափուկ ձյունով լի ձորակը: Գայլը նայեց, նայեց, թափ տվեց պոչն ու հեռացավ: Ինչո՞ւ գայլն այն ժամանակ չհարձակվեց: Կո՞ւշտ էր, թե՞ խղճաց: Գայլը հո մարդ չէ՞ր, որ չխղճար: Գայլը հո ադամորդի չէ՞ր, որ կուշտ լիներ ու հարձակվեր… Աստծո տված օրենքով գայլը մարդուց պիտի վախենար ու խուսափեր պիտի, ի՞նչ տարբերություն` մարդը մե՞ծ էր, թե՞ փոքր:
Իրիկվա դեմ հասան Լեռնավան: Ապարանջանը փոխեցին մի փութ գարու հետ ու վաղ առավոտյան սարերով ետ եկան:
-Երանի էն օրը,- շշնջաց ու բացեց աչքերը:
Վրանի տակ վառել էին լույսերն ու լուռ նստել էին իր շուրջբոլորը: Ո՞ւմ էր ուզում տեսնել: Ոչ ոքի: Այսինքն իր համար հիմա արդեն մեկ էր: Ինքն իր հետ էր, իր ցավի փնտրտուքի մեջ: Իսկ ցավը չքացել էր, տեղում մի բութ անտարբերություն թողել շրջապատի նկատմամբ: Հիմա իր համար արդեն միևնույնն էր, թե ինչ են խոսում հարազատները, բարեկամներն ու եկող-գնացողները: Լավ հասկանում էր թե նրանց ակնարկով ասած խոսքերը, թե գաղտնի փսփսոցներն ու անտարբեր էր այդ ամենին:
Նորից փակեց աչքերն ու թաղվեց հիշողության մեջ: Տաք էր այդ տարվա ձմեռը: Առավոտյան վեր կացավ ու անցավ իր գործին: Կեսօրվա դեմ էր: Նստել էր արևոտ պատշգամբում ու ձավար էր մաքրում: Մատներով այս ու այն կողմ էր տալիս հատիկները, ընտրում փչացածներն ու հավաքում սինու մի կողմում: Նրան դուր էր գալիս այդ գործը: Ամեն անգամ ասես իր կյանքն էր խառնում, դասդասում հուշերը, ջոկում չարի որոմն ու սերմը:
Մի պահ թվաց, թե մեծ մեքենա է անցնում տան հետևի ճանապարհով: Շենքը դողաց:
-Ժա՛ժք էր,- գլխի ընկավ ու ճչաց այն ժամանակ, երբ պատշգամբի հետ իջավ գետին: Ապշած նստել էր փլատակների վրա ու ձեռքից բաց չէր թողնում ձավարով լի սկուտեղը: Իրեն ոչինչ չէր եղել, բաց ամեն ինչ ասես տեղի էր ունենում երազում: Մարդիկ գոռում էին, լալիս, խոսում, պատմում, վազվզում, իսկ ինքը չէր լսում, կարծես ամեն ինչ կատարվում էր համր կինոյում:
Այդ իրիկուն ծղոտի հակերից սարքած սառը հոլիկում զգաց, որ մի բան կորցրել է: Ավելի ուշ գլխի ընկավ, որ ցավն է: Առաջին պահ ուրախացավ, բայց հաջորդ վայրկյանին իրեն մի բան պակաս ու քիչ թվաց այդ ավերակված աշխարհում: Չկար կողը խթանող, թոքերը ծակող ու շունչը բռնող ցավը, որի դեմ պայքարեր, որի դեմ լարվեին մկաններն ու ծառս լիներ հոգին: Այդ պատճառով թուլացել էր, ամբողջ ուշադրությունն ուղղել իր ներսն ու փորձում էր հասկանալ, թե ցավն ինչո՞ւ է լքել իրեն: Դրսի ձայները` աղմկոտ տագնապով լի, լավ չէր ընկալում: Ահա այդ ժամանակից էլ դարձավ տիկնիկը կորցրած աղջնակի նման. հիշում էր ձեռքերը, աչքերը, շորերը, այնքան շոշափելի, որ հավատը չէր գալիս, թե կորցրել է: Այդպես շոշափելի ու կենդանի էր պատկերացնում նաև իր ցավը, որ սկսվում էր որովայնի խորքում և բարձրանալով բռնում էր շունչը, քրտինքի մեջ կորցնում մարմինը:
…Պառկել էր անկողնում ու, զարմանալին այն էր, որ հիշողության մեջ իրար էին հաջորդում իր կյանքի դժվար պահերը: Բայց դրանք ո՜չ ցավ, ո՜չ երանություն էին առաջացնում, հոգուն ո՜չ տառապանք, ո՜չ էլ թեթևություն էին բերում: Յուրաքանչյուր օր և այդ օրվա մեջ ինքը` սիրելի էր իր հոգուն: Թե ինչո՞ւ, ինքն էլ չգիտեր և չէր էլ փորձում լավն ու վատը տարբերել, ջոկջկել իրարից: Նա սիրում էր այդ պահերը, քանի որ դրանց մեջ ինքը կար` առողջ, երիտասարդ, ուժեղ:
Նա աչքերը բացեց իր վրա ընկած ստվերից: Սկեսուրն էր.
-Ի՞նչ կուտես,- հարցրեց տխուր:
-Հիմա` էլ ոչինչ,- պատասխանեց ժպիտով ու նորից փակեց աչքերը:
…Հինգ ամսվա հարս էր: Կրծքի տակ խլրտում էր առաջնեկն ու ինքն անընդհատ ուզում էր ուտել: Ասես երեխան անհագ, անկուշտ էր ու քաղցած: Իսկ սկեսուրն ամեն օր անյուղ սպաս էր եփում ու դնում իր առաջ: Եվ որքան էլ որ դանդաղ ու ձգելով էր ուտում, էլի արագ էր վերջացնում ու սկեսրոջ` կշտացա՞ր հարցին կարմրելով գլխով էր անում` հա՜:
Հիշողությունից քաղցր ճմլվեց նրա սիրտը, աչքերն արցունքով լցվեցին, ասես նորից առաջնեկի խաղն զգաց կրծքի տակ:
… Երբ աչքերը բացեց, գիշեր էր: Մոմի լույսի տակ կողքին նստել էր մայրն ու դանթում էր: Գլխաշորը վեղարի նման էր նրա գլխին: Մորը եկեղեցու նմանեցրեց, անխունկ, անմոմ, կիսավեր եկեղեցու, և խղճաց նրան: Ախր ինքը մայր էր մոր համար ու ընկերուհի, իսկ հիմա, երբ հիվանդացել է, ասես քանդվող պատի տակից հեռացրել են հենակը և նրա խարխուլ շենքը ճոճվում է` մազից կախված:
Մայրը հանկարծ բացեց աչքերը, նայեց իրեն ու մեղավորի պես շշնջաց.
-Զարթնե՞լ ես:
-Հա, մա, գնա քնիր, ես լավ եմ,- պառավին հանգստացրեց ինքը:
Պառկել էր մոմի լույսի տակ, անթարթ հայացքով նայում էր երկրաշարժից հետո իրենց համար կացարան ծառայող վրանի առաստաղին: Քանի՞սն են կարերը: Հաշվել է հազար անգամ` տասնչորս ու կես: Վերջին կարի կեսն է երևում, մյուս կեսը թաղված է ստվերի մեջ:
Գիտեր, որ սա վերջն է և զարմանում էր, որ գիտակցությունը չի կորցնում: Ամեն ինչ պարզ է ու հստակ, բացվող օրվա պես ցանկալի:
…Հազար տարի առաջ էր. իրեն որպես արտադրության առաջավորի կանչել էին մայրաքաղաք: Ի՞նչ խորհրդակցություն էր, չի հիշում: Դահլիճը տաք էր, լուսավոր, ամբիոնից ճառեր էին ասում: Ինչի՞ մասին էին խոսում, ինքը չէր հասկանում: Քունը տանում էր, փակվում էին աչքերը և որքան էլ տանջվում էր, չէր կարողանում կոպերը բանալ:
Հանկարծ հասկացավ, որ լալիս են: Ուրեմն ինքը մեռնում է: Բայց արդեն միևնույնն էր: Չկար ցավը, իսկ կիսաբաց կոպերի տակ այն արևոտ օրն էր, շքեղ դահլիճի փափուկ ու քուն բերող բազկաթոռը: Անհաղթահարելի քունը կապարի պես փակչում էր կոպերին, տաք անէության մեջ ընկղմում նրան:
…Իսկ դրսում ամուսինը մեռնող կնոջ մազերն էր դրել հացատան ժաժքաքանդ պատի ճեղքի մեջ և փակում էր ցեմենտով: Նա թաց ցեխը քսում էր պատին և լուրջ ու կենտրոնցած էր այնպես, ասես այդ պահին դրանից ավելի կարևոր գործ չկար աշխարհում:

1990 թ. դեկտեմբեր

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *