Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրանտ» վեպը մի կողմից վերլուծական է, վերլուծում է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը, կերպարը, դրանց կայացման ու գոյատևման հանրային համատեքստը Սովետական Հայաստանի վերջին երկու տասնամյակներում, բրեժնևյան «լճացման» տարներին, և մյուս կողմից՝ ինքնակենսագրական: Հեղինակը մի պատանի է, այնուհետ՝ երիտասարդ, որ ուզում է դառնալ գրող, ու դրա հետ մեկտեղ՝ հաղորդել, պատմել շրջապատին ու հասարակությանը, որ Հրանտ Մաթևոսյանը այն մարդն է, որը գտել է գրող լինելու կերպը, մեթոդաբանությունը, բանալին: Եթե փորձենք հակիրճ ձևակերպել այդ մեթոդը, այն հիմնականում ներառում է երկու կետ, դրույթ. առաջինը՝ Հրանտ Մաթևոսյանի հերոսը այնքան իրական է, իսկական, որ ընթերցողի մոտ առաջացնում է «ես մենակ չեմ» տպավորությունը, ընթերցողը տեսնում է, որ կա իր չափ իրական, եզակի, խորքային մեկը, ով իր նման, լրիվ չափով կրում է այս հասարակությունում, առհասարակ այս կյանքում ապրելու ամբողջ բարդությունն ու չարչարանքը, այն ամենը, ինչ սովորական հանրային խոսվացքի շրջանակում անփոխարինելի է, անպատմելի է ուրիշ մարդկանց, որովհետև չկա դրա մասին խոսելու, կիսվելու լեզուն, որովհետև ամոթ է: Հրանտի բոլոր հերոսները հայտնված են ամոթ, անպատմելի, կամ պարզապես՝ շատ դժվար ու անհասկանալի իրավիճակներում, և Հրանտը այդ լեզուն, անպատմելին պատմելու եղանակը ստեղծում է, և ստեղծում է ոչ միայն իբրև քնարական-կրավորական մի իրավիճակ, այլ ստեղծում է իբրև գործող, նախաձեռնող մարդու լեզու ու մտածողություն, մարդու, որ ոչ միայն վերապրում է իրավիճակը, այլ՝ գործում ու լուծումներ գտնում: Հենց այդ իր գտնված լեզվի շնորհի՞վ: Խոսել կարողանալը գործել կարողանա՞լ է: Հավանաբար:
Հրանտի մեթոդի երկրորդ դրույթը հեղինակը բնութագրում է իբրև կյանքի սկզբնական բարոյական հիմնադրույթներ կառուցելը սեփական բնազդի ու գիտակցության ուժով, շրջապատին չենթարկվելով, և դրանով այդ հերոսի կանգնելու տեղը դառնում է հանրային, համամարդկային իմաստային առանցք: Դրանով Հրանտի հերոսը դուրս է գալիս «փոքր երկրի խուլ անկյունի» բնակչի կարգավիճակից, իր գտնվելու վայրը դարձնում երկրագնդի կենտրոն, և դրանով Հրանտ Մաթևոսյան գրողը դուրս է գալիս փոքր երկրի «տեղայնական», լոկալ գրողի կարգավիճակից:
Գևորգ Տեր-Գաբրիելյանը գրում է նույնիսկ, որ Հրանտը միակն էր, որին հաջողվեց անհնարինը՝ ստեղծել իր գրականությունում իդեալական սովետական մարդուն՝ մեկին, որ ամեն իր գտնվելու վայրում, ամեն պահին աշխարհի կենտրոնն է ու տիրակալը, ազատության, բարոյականության և կյանքի իմաստի նորմերի ճառագայթողը, և մյուս կողմից՝ նա անհնարին է, քանի որ Սովետական Միությունը ինքը իր ամբողջ ահռելի ուժով ձգտում էր կոտրել, տրորել այդ նույն մարդուն, հայտարարելով, որ մարդը ոչինչ է, իսկ կոլեկտիվը՝ ամեն ինչ:
(Ստեղծագործության այս երկու, իմ գնահատմամբ, հիմնական դրույթները հեղինակը կարողանում է ներկայացնել շատ ավելի գեղեցիկ ու ընդարձակ, քան ես ներկայացրեցի, բայց չեմ մեջբերում, այլ վերաշարադրում եմ, որ համոզվեմ դրանց միտք լնելու մեջ. կարծում եմ միտքը, ի տարբերություն կարծիքի, վերաշադրելի է:)
Հեղինակը մեծ ուշադրությամբ հետևում է Հրանտի ստեղծած այդ ինքնության և մեթոդի գոյատևմանը հասարակությում, ժամանակում, և այդ դիտարկման արդյունքները միանշանակ չեն:
Մի կողմից՝ Հրանտը կարողացավ տալ իր ժամանակվա ինքնության ձևակերպումը, խարիսխը: Մինչ այդ, կարծես, ունեինք Տերյանի, Չարենցի` ներկայում արդեն ոչ այդքան կիրառելի ինքնության ձևակերպումը, հետո՝ մի երեսուն-քառասուն տարվա բաց, և այնուհետ առաջացավ Հրանտի սերնդի ինքնության ձևակերպումը՝ Տերը, մենք ենք մեր սարերը՝ որը, հակառակ պաշտոնական հայ մտավորականության կատաղի դիմադրության, իրականացավ, ինչ-որ տեղ հաղթե՞ց:
Այդ հաղթանակի հարաբերականության առնվազն չորս տարր է նկատում հեղինակը, կամ՝ ընթերցողը:
Առաջինը, որ դրա մնայունությունը հարցական է: Կարդու՞մ են այսօր Հրանտ Մաթևոսյան: Դարձյա՞լ նրա ձևակեպած ինքնությունը և դրան հասնելու մեթոդը բնորոշ են ժամանակակցին:
Երկրորդ հարցը, որ ձևակերպվում է արդեն ընթերցողիս մոտ. եթե շատ պարզ ու կոպիտ ձևակերպեմ՝ արժե՞ր արդյոք ձևավորել սովետահայ մշակույթ: Չէ որ հենց ձևավորվեց՝ յոթանասունականներին՝ տասը-քսան տարի ապրեց, և իր հետագա աղետալի ու շատ տոտալ անկումը իննսունականներին արդյո՞ք միայն նյութական, քաղաքական գործոնների հետևանք էր:
Շատ ծանր հարց է, հասկանում եմ, բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու ստեղծագործ մարդկանց նվիրումը ասես թե կասկածի տակ առնող: Բայց Գևորգը մի շատ հետաքրքիր դիտողություն է անում. ասում է պերեստրոյկայի ժամանակ, երբ գրաքննությունը վերացավ, Սովետական Միությունով մեկ գրողները դարակներից հանեցին ու հրապարակեցին արգելված կամ թաքուն պահած իրենց ստեղծագործությունները՝ բացի Հայաստանից: Այստեղ դարակներում պահած բան գրեթե չգտնվեց: Այսինքն, գերակայում էր մոտեցումը՝ հսկա ջանքերի, տառապանքների գնով կայացնել այստեղ ու հիմա այն չարենցա-սարյանական իդեալական Հայաստանը, ծաղկող այգին, թանգարանը բաց երկնքի տակ, և ոչ թե մերժել ներկան, եղածը հանուն այլի, ապագայի, ձևավորել դիմադրության մշակույթ: Իմ համար էլ դժվար է ձևակերպել պատասխանը, բայց հարցը կա, և հեղինակը տեսնել է տալիս դա:
Հաջորդ անհանգստությունը, որ ունի հեղինակը, այն է, որ և՛ ինքը Հրանտը, և՛ իր ձևավորած ինքնությունը ընդունած ու կիսած մարդիկ, հասարակությունը սկսեցին պարծենալ այդ նոր ձեռք բերված ինքնությունով ու ներել իրենց… չափազանց շատ բան ներել: Քեզ աշխարհի կենտրոնը դարձնելու հակառակ կողմը, ախր, այն է, որ սկսում ես մնացած աշխարհը ընկալել եզրագիծ, փոքր եղբայր հենց բարոյական առումով (բարև, Ավրորա մրցանակ), հակա-նարեկացիական մի վիճակ. եթե նա համարում էր, որ ամեն ինչում մեղավորը ես եմ, ապա այս նոր ինքնությունում՝ ես (մի՞շտ) անմեղ եմ (ինչ էլ որ անե՞մ):
Եվ չորրորդը՝ ինքը Հրանտը, կյանքի վերջին տարիներին, կարծես չէր համապատասխանում իր ստեղծած հերոսին, Տիրոջը, անվերապահորեն պաշտպանելով նոր իշխանությունների ամեն մի արարք: Ամենաանընդունելին հեղինակը համարում է իշխանության դրսևորած անտարբերությունը ժողովրդի տառապանքների հանդեպ:
Ստեղծագործությունը շատ ավելի խորն է, քան ձոն Հրանտին ու նրա ստեղծագործության իմաստի բացահայտում, թեև ձոն էլ կա, անկեղծ հիացում, ցնծություն, որ ապրեց երբեմնի պատանին, հայտնաբերելով, որ կյանքում նա մենակ չէ ու կա այլևս Հրանտը, և որը չի թուլացել մինչ այսօր, և բացահայտում՝ որին նմանը, կարծում եմ, դեռ չի գրվել ու ահա գրվեց:
Բայց այս լիրիկական մասերը միշտ թաթախված են էպոսի տխրության մեջ, ստեղծագործությունը կարծես մի մեծ հոգեհանգիստ է այն վիթխարի ու հեռացած սովետահայ մշակույթի դարաշարջանին:
Ինչպես սկզբում ասացինք, Հրանտին հայտնաբերելու, հետը շփվելու, իր ստեղծագործության իմաստը տարիների ընթացքում հասկանալու հետ մեկտեղ դա ինքնակենսագրական վեպ է՝ այն մասին, թե ինչպե՛ս հեղինակը փորձում էր դառնալ հայ, սովետահայ գրող, ու ինչպե՛ս դա չստացվեց: Ինչպե՛ս էին հաստ ամսագրերը սկզբից խարդախաբար իրեն մերժում ու հետո հանձնվում էին, երբ արդեն իրենք էլ էին սկսում մահանալ, վերանալ, երբ արդեն ուշ էր ու իմաստ չկար: Ինչպես էին լռում, մահանում կամ երկրից, ասպարեզից հեռանում վերջին սովետահայ շրջանի ստեղծագործները, ինչպես էին անկատար մնում իրենց երազած ստեղծագործությունները, ինչպես մնացածների ստեղծագործությունները մոլորվում էին, կորցնում կոնտեքստը, ակտուալությունը, լսարանը, ուշադրությունը:
Դա շատ ողբերգական տեսարան է: Բայց ինձ՝ ընթերցողիս, փոքր-ինչ խանգարում է ազատ տրվել այդ ողբերգականությանը մի միտք. ինչու՞ այլ արվեստ չսկսեցին ստեղծել: Այլ ինքնության որոնու՞մ: Այլ մեթո՞դ: Կամ՝ հասկանալի է, չստեղծեցին, իրենք սիրում էին իրենց երազանքը և ոչ ուրիշը, բայց ինչու՞ նույնիսկ վերլուծական վարկած այդ մասին չկա ստեղծագործությունում: Այլ տեղերում որոնու՞մ: Կարելի է չգտնել, կարելի է որոշել որ չկա էլ (թեև, երևի, ինչ-որ տեղ, ինչ-որ ձևով մեկ է կա), բայց որոնել, կամ հասկանալ, որ որոնել է պետք, հո կարելի՞ է:
Սա, ավելի շուտ, մեթոդաբանական խորհուրդ է հեղինակին, կատարսիս ապահովելու նպատակին ուղղված:
Ողբերգությունը միշտ անցնող, անհետացող ժամանակների մասին է, ու միշտ վերջում պետք է գա Ֆորտինբրասը, ցույց տալով, որ ժամանակը չի կանգնել, ողբալու, համենայն դեպս, ժամանակ կա: Սա, թերևս, վերաբերվում է ամբողջ ներկայիս մշակութային իրավիճակին՝ մշակույթը, ինչպես հայտնի է, ճգնաժամի մեջ է, բայց ո՞ր մշակույթը: Ներկայիս՝ սովետահայ մշակույթի անվան մշակույթը: Որի հայացքը միշտ հառած է այնտեղ՝ դեպի մեծն ստվերները: Ու չի նկատում (ու չի ֆինանսավորում) նորը:
Հրանտի ստեղծագործության ու կերպարի վերլուծությունից ու սեփական իբրև գրող կայացման ընթացքից բացի ստեղծագործությունում շատ մեծ քանակությամբ հանդիպում են ուղղակի միջավայրի նկարագրություն, պատմական թեթևակի ակնարկներ, քաղաքի ճարտարապետության, Հայաստանի պատմության դրվագներ: Այդ մասերն ինձ համար առավել խնդրահարույց են, մի քանի պատճառով: Առաջինը՝ սկզբից անհասկանալի է, ինչու համար են ընդհանրապես: Կամ օտարերկրացու համար թեթևակի մի հայկական հանրագիտարան, կամ՝ մտահոգություն, որ նոր, հետսովետական ընթերցողը առհասարակ չգիտի անցած ժամանակվա կոնտեքստը… Սովորաբար գրողները զերծ են մնում միջավայրի այդպիսի՝ գործողության, գործող անձերի, սյուժեի մեջ չներգրավված նկարագրություններից, ու, երևի, ճիշտ էլ անում են. սյուժեին ներգրավված մի շտրիխ արժե էջերով նկարագրություն:
Սակայն վերջում, ֆինալում հեղինակը կարողանում է «հետադարձ գործողությամբ» ներառել այդ բոլոր, պատմության զարգացման հետ կարծես կապ չունեցող թելերն ու թելիկները, ցույց տալ, որ դրանք, այնուամենայնիվ, հյուսվածքի մաս են: Բայց դա ընկալվում է, այնուամենայնիվ, իբրև կառուցողական հնար, գրական բեմաետնամասի մեխանիզմի բացահայտում, արդարացված դառնում, որովհետև պետք էր արդարացնել, նման մի տպավորություն:
Երկրորդ ոչ միանշանակ բանն ինձ համար վեպի բացասական պերսոնաժների ներկայացնելու ձևն է: Բոլոր նրանք, ով հալածում էին Հրանտին, իր սերնդի մյուս տաղանդավոր արվեստագետներին, ցինիկաբար խաբում կամ արհամարհում երիտասարդ գրողին (վեպի հեղինակին), ով մարմնավորում էր բրևժնևյան ապականվող սովետական աշխարհը՝ բոլոր նրանք պատկերված են խիստ երգիծական կերպ, զզվանքով, բացառիկ մերժման երանգով: Ըստ բովանդակության դա բոլորովին արդարացված է, և նրանք բոլորը դրան իսկապես արժանի են, բայց ձևի մեջ՝ մի քիչ խնդիր եմ տեսնում: Դասական՝ բացասական պերսոնաժին ներկայացնելու գրական, կամ՝ թատերական, կինեմատոգրաֆիստական խնդիրը: Բացասական կերպարը նույնպես հեղինակի ստեղծած հերոսն է, նա ոչ թե կա ինքնին, ու հեղինակը իր դեմ կռվում է, այլ՝ նա առաջացել է մարդկանց, բոլոր իր պատումի մարդկանց, նրանց դրդապատճառները հասկանալուց՝ հեղինակի ներսում:
Ռուս գրականության իմ ամենասիրելի կերպարը Տոլստոյի իշխան Վասիլին է: Բացասական կերպար է, ու կասկած չկա, որ հեղինակը ու իր ընթերցողը իրեն դատապարտում են: Բայց ի՜նչ համովն է….Իսկ, այ, Նապոլեոնին Տոլստոյը ատում է, շարունակում է գրքում իր հետ կռվել, արդյուքում՝ Նապոլեոն այնտեղ փաստորեն չկա: Իշխան Վասիլին՝ կա, որովհետև ներսից հասկացված է, իսկ Նապոլեոնը՝ չկա, որովհետև պիտակավորված է:
Ինչու բացասական հերոսների դարդը հանկարծ մտքովս ընկավ՝ սաղ Վարդգես Պետրոսյանի կերպարի պատճառով: Բայց, վերջապես, այդ Վարդգեսին են սպանել, այդ նրա՛ գիրքն են հրապարակավ այրել, և նրա՛ն են այսօր կարդում երիտասարդ աղջիկները (հենց Գևորգի բանավոր հաղորդմամբ): Հնարավոր է, որ նա վատ ու կեղծ գրող էր, և ակնհայտ է, որ նա հալածում էր Հրանտին ամենաստոր ձևերով, բայց և նրա կողմից Հրանտի գաղափարախոսության հերքումը՝ որ հերոսը չի կարող կայանալ գյուղում ու ինքնին, հերոսը դա ժամանակակից, ուրեմն՝ քաղաքային կյանքի արդյունք է՝ ինձ չի թվում լրիվ փուչ: Իբրև կոնկրետ Հրանտի հերքում, այո, փուչ է, բայց իբրև այդ իրավիճակից անջատված միտք՝ այո, դա միտք է:
Մի խոսքով, կուզեի ավելի խորը պերսոնաժ տեսնել ի դեմս Վարդկես Պետրոսյանի, թեկուզ և էլի բացասական: (Ավելացնեմ, սակայն, որ այս ամենը ինչպես Վարդգես Պետրոսյանի, այնպես էլ այլ բացասականների մասին իմացա բացառապես վեպից, այսինքն՝ վեպը ընթերցողին տալիս է բավականաչափ նյութ՝ ինքնուրույն, հեղինակի կարծիքի հետ գուցեև չհամընկնող հետևություններ կամ հարցադրումներ անել):
Եվ վերջինը. միջավայրի նկարագրությունների մեջ երբեմն լինում են գնահատակններ… օրինակ՝ այս ռեժիսորը հանճար է, իսկ այս կառույցը կամ քանդակը գարշելի, թեև կան հիմարներ, որ դրանք պաշտպանում են… և դա ասվում է հանդարտ, «ուղեցույցային» կամ «հանրագիտարանական» ոճով, որը մի կողմից բավականաչափ սուբյեկտիվ չէ (սուբյեկտիվության երանգով կարելի է սեր կամ ատելություն խոստովանել ինչին ասես, դա, մեկ է, գրավիչ է ստացվում), և մյուս կողմից՝ չափազանց, ըըը, ոչ օբյեկտիվ, կողմնակալ:
Այդպիսի մանրուքները վստահության որոշ պակաս են առաջացնում հեղինակի այլ գնահատականների հանդեպ:
Բոլոր նշվածներս փոքր անհամաձայնություններ են, թեև՝ տեքստային երկարությամբ նույն տեղն են զբաղեցնում, ինչ կարևոր բաների հետ համահնչունությունը: Ինչ արած, փոքր թե մեծ միտքը գրեթե նույնքան բառ են պահանջում արտահայտելու:
«Հրանտ» վեպը մեծ, լայն, կարևոր ու խելացի կտավ է: Այն պատկերում է կենսաշխարհը՝ սովետահայ Երևանը, որի միջոցով երևակվում է մի այլ աշխարհ՝ Հրանտի Ծմակուտը, և երկուսն էլ գիտակցված են մինչև իրենց իմաստային հիմքերը, տրված է երկու հեղինակների աշխարհ կառուցելու մեթոդաբանական գյուտը, հնարքը: Հրանտի մոտ դա մարդու կողմից կոորդինատների հիմքը, պայմանական կետ զրոն հայտնաբերելն է և այդ կետում կայանալ ու հաստատվելը, որից հետո աշխարհը դառնում է այդ մարդու ու իր բարոյական ստեղծագործության շառավիղ, տիրույթ:
Երկրորդ դեպքում՝ հեղինակի (Գևորգի) ու այն ժամանակվա ստեղծագործ, ազնիվ հասարակության կողմից հենց Հրանտի գյուտը, հերոսին ու Հրանտի սեփական կերպարը այդ «կետ զրոն» դարձնելով, կայացնել հայ (ազնիվ սովետահա՞յ) հասարակությունը, դրանով դառնալ մարդկային մշակութային տիեզերքի հիմնարար գործիչ, ինչը թեև չհաջողվեց՝ բայց չհաջողվեց նաև հակառակը, Հրանտի-Գևորգի ներկայացված մեթոդը իր ամբողջ հետևանքներով բայց և չհերքվեց, չհերքվեց գործնականով, նոր մեթոդ ու նոր երազանք ներկայացնելով:
Եվ դա դառնում է, ի վերջո, քաղաքական փիլիսոփայութայն խնդիր. եթե սա է, իրոք, մեթոդը, որին իբրև հանրություն վստահում ենք, եթե Տերը-Վարպետը երկվությունը (ու նաև երրորդը՝ իրենց տեսնող ու հասկացողը) դարձյալ հանդիսանում է մեր հասարակության արժեքային առանցքը, ապա՝ նշանակում է պետք է շարունակենք այն, ինչ ընդհատվել է, այն կետից, որից ընդհատվեց:
Ստեղծենք մեր ազգային կոմունիզմը, չնայած Մոսկվայի ու աշխարհի դավերին:
Իմ մոտ նման հեռանկարը որոշ նեղվացք է առաջացնում, կտեսնեի, ավելի շուտ, անտեր թափառական աղջկան ու անարհեստ, անվարպետ արվեստագետին, որ առաջնորդվում է միայն սիրով ու հիացմունքով ու պատրաստ է վստահել բացարձակ լուսանցքային այդ կայացմանը, որում ոչինչ կայացած չէ ու ամենը՝ մաքուր ապագա:
Բայց շատ կարևոր է, որ Գևորգը իր գրքով ամբողջացրեց, համակարգեց ու կարողացավ ներկայացնել մեր աշխարհի հենց այս տարբերակը, որ քառասուն տարի բնազդորեն եղել ու գործել է մեր մշակութային ու քաղաքական կյանքում, բայց մնացել չձևակերպված: Այժմ տեղի ունեցած ձևակերպումը թույլ է տալիս կողմնորոշվել երևույթի նկատմամբ, միանալ կամ հակադարձվել: Ուրեմն, կատարվել է շատ մեծ ու կարևոր ստեղծագործական քայլ, արարք, ինչի համար սրտանց շնորհավորում եմ Գևորգ Տեր-Գաբրիելյանին, «Հրանտ» վեպի հեղինակին: