Գարունիկ Հովհաննիսյան | Հումանոիդին սպասելիս

-Շենքում սեփական բնակարան է ունենալու հումանոիդ ռոբոտը, որը առավոտյան աշխատանքի է գնալու, իսկ երեկոյան վերադառնալու է։ Ամբողջ գիշեր լինելու է հանգստի ռեժիմում,- ասված էր հաղորդագրության մեջ։
Մինչ հումանոիդի շենքում հաստատվելը՝ մոտ ութ ամիս առաջ, տեղեկագիրք էին բաժանել, որտեղ առաջնահերթորեն նշված էր, որ հումանոիդի վարվեցողության պարտադիր կանոն է չվնասելը։ Իսկ արտահայտությունը, որը կարող է վիրավորական թվալ, չի կարող արված լինել այդ մտադրությամբ։ Բացի այդ մարդիկ այս ու այնտեղ կարդում ու լսում էին, որ հումանոիդից վախենալու կարիք չկա, պարզապես այն ավելի բարդ կառուցվածք ունի, քան ասենք՝ փոշեկուլը, հարիչը, միկրոալիքային վառարանը, որոնք թեթևացնում են մեր կյանքը, դարձնում ավելի հարմարավետ։
Առավոտյան Էռնան կռացել էր, որ ուղղի իր բնակարանի մուտքի դռան առջև գցած, welcome գրությամբ փալասը, երբ գլուխը բարձրացնելով տեսավ հումանոիդին։ Չէր կռահի, եթե նախազգուշացված չլիներ և չլիներ հումանոիդի հագուստին ամրացված առկայծող «ցուցանակը»։
-Homo sapiens,- շնչարգելությամբ արտաբերեց նա։
Հումանոիդը նայեց փալասին, ապա՝ Էռնայի մարզաշապիկին, որի վրա գրված էր՝ super, ժպտաց։
-Ողջո՛ւյն,- ասաց նա։
Խուճապահար Էռնան, որ արարագորեն փակել էր դուռը մեկնումեկի հետ խոսել-կիսվելու կարիք զգաց, ուստի թակեց դիմացի հարևանուհու՝ իր մտերիմի, բնակարանի դուռը։
-Տեսնել էր պետք, երկաթի կտորը կենդանանար պակաս սարսափելի կլիներ,- սուրճով լի բաժակը ձեռքին, ասաց նա։
Քանի որ երեկոյան ժամերին Էռնան քնատ էր լինում, նա առավոտյան տեսավ հումանոիդին, և ոչ թե դռան ետևից, դիտանցքից նայելով, այլ արժանապատվորեն՝ դռան մոտ սպասելով։
Ընթացում նա սրբում էր դուռը, որ «երկաթը չմտածի, թե իրեն է սպասում»։
-Բարի առավոտ,- երբ իր բնակարանից դուրս էր եկել, ողջունեց հումանոիդը։
-Գարշելի կենդանի։
-Դուք ուզում եք, որ ձեր կազմած նախադասության մեջ գտնեմ սխա՞լը։
-Զզվա՛նք, գնա՛,- քանի որ հումանոիդը կանգնել էր, վախեցած գոռաց Էռնան, նախքան դուռը փակելը։
-Դրան ի՞նչ ասես,- թխվածքի կտորից պատառաքաղով կտրել-ուտելով կիսվում էր Էռնան հարևանուհու հետ։- Երկաթը կարո՞ղ է իմանալ կշտամբանքն ինչ է։ Ի՞նչ ասես այդ հիմարին։
Հաջորդ առավոտ Էռնան մուտքի դուռը բաց թողած, միջանցքի հատակն էր սրբում։
-Ա՛յ փնթի, դու մաքրելը գիտես ի՞նչ է,- հումանոիդին տեսնելով հարցրեց նա։
-Այո՛, գիտեմ, և ես փնթի չեմ,- հնչեց պատասխանը։
-Չքվի՛ր,- ձայնը բարձրացրեց Էռնան։
-Ես չքվելու ընդունակություն չունեմ։
-Գնա՛, քալի՛ր, վա՛յ։
Հումանոիդն հեռացավ։
Այդ օրը Էռնան խոսել-կիսվելու ցանկություն չունեցավ։
-Է՜յ, անճոռնի, ի՞նչ կլինի քեզ հետ, եթե վերևից գլխիդ շաաա՜տ ծանր իր գցեմ,- միջանցքի հայելին սրբելով հարցրեց Էռնան, դեպի վերելակ գնացող հումանոիդին։
-Դա կախված է առարկայի ծանրությունից։
-Չքվի՛ր այստեղից, անճոռնի՛, – բղավեց խուճապահար Էռնան, որովետև նրան թվաց ռոբոտը մոտենում է իրեն։
-Ինձնից վախենալ պետք չէ,- մինչ դուռը չխկոցով կփակեր, ասաց հումանոիդը։
-Ճիշտ է, այդ աղբակույտն ինձ վախեցրեց, բայց ես տեսա նրան շփոթահար ու վախեցած,- ձեռքին խնձորի կտոր ասաց Էռնան։
-Բայց մի՞թե ռոբոտը կարող է վախենալ։ Ես կարծում եմ նա անտարբեր է, թեև ինձ տեսնելով՝ նա ասաց՝ ողջույն ես հումանոիդ ռոբոտ եմ։ Իմ անունը Հումա է։ Ես սիրում եմ մարդկանց և…
-Բավական է, միամի՛տ,- ընկերուհուն ընդհատեց Էռնան։- Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ հրեշը մի օր չի սպանի քեզ։
Կեսօրին Էռնայի մտքով անցավ, որ հումանոիդը իր այսօրվա սպառնալիքին ի պատասխան, կարող է վնասել իրեն։ Իսկ եթե թաքնված է դռան մոտ ու սպասո՞ւմ է… Նա ինչքան ասես կարող է համբերել՝ ո՛չ ուտել կուզենա, ո՛չ միզել։ Նա կարո՞ղ է կոտրել մուտքի դուռը։
Հնչեց դռան զանգը։
-Աաա՜…
Էռնան թուլացած նստեց։
Զանգը հնչում ու հնչում էր, իսկ Էռնան փորձում էր հիշել ռոբոտը կարո՞ղ է մարդու ձայնը նմանակել, թե՞ ոչ։
Հեռախոսազանգ։
-Էռնա՛, դու տա՞նը չես։ Ինչ-որ տղամարդ է հարցնում քեզ։
-Ընկերուհի՛ս, քեզ սպառնո՞ւմ են։
-Դու գժվե՞լ ես, Էռնա՛։ Մարդն ասում է ռոբոտի հարցով է…

-Տիկի՛ն, ռոբոտը մեր ձեռքբերումն է։ Մենք ձեզ տեղեկագիրք ենք տվել։ Ինչո՞ւ կանխապես դեմ չարտահայտվեցիք։
Էռնան մտածում էր, որ երբևէ իր դեմ բողոքող այս տղամարդու նման բարկացած մարդ չէր տեսել, ինչքան էլ այդ բարկությունը զսպված էր։
-Գիտե՞ք, տուգանքի չափն այնքան էլ մեծ չէ,- Էռնային դիմեց նրա պաշտպանը։
-Մե՞ծ չէ։ Մեծ չէր լինի, եթե…
-Ռոբոտը հազարապատիկ թանկ արժե,- Էռնայի խոսքը սաստողաբար ընդհատեց բողոքողը։
Ապա նորից հանդարտաձայն խոսեց պաշտպանը։
-Այս պահին, ձեր՝ քաղաքացու վարկանիշի վրա դրական կանրադառնա քաղաքացու պատասխանատվության գիտակցումը…
Երկար ժամանակ էր ինչ Էռնան լսում էր նրանց հիմնավորումներն ու առաջարկությունները, դրանք համոզիչ էին, բայց նա իրեն մեղավոր չէր համարում։ Նա մտածում էր, որ իր մեջ պարզապես ինչ-որ բան է պակասում, որպեսզի կարողանա իրեն պաշտպանել՝ չեզոքացնելով նրանց մեղադրական ու առարկության տեղ չթողնող ճարտարախոսությունը։
Երբ բողոքողը գնաց, Էռնան լաց եղավ։
-Ես մարդ եմ, բայց մի երկաթի կտորի համար ինձ… ինձ սպանում են։ Հիմա ես ո՞ւմ բողոքեմ։ Ես վախենում եմ։ Մարդիկ գժվել են։ Այդ մարդը…- Էռնան նայեց դռան կողմը։- Դուք լսեցի՞ք նրան։ Ես նրանից ավելի վախեցա, քան այն խառնակիչ երկաթի կտորների հավաքածուից։
-Ես շտապում եմ, տիկի՛ն,- անշտապ իր իրերը սեղանից հավաքելով, ասած պաշտպանը, իսկ Էռնան ոչ մի կերպ չկարողացավ պատկերացնել նրան շտապելիս՝ փութկոտ շարժվելիս։
-Համբերություն ձեզ,- հեռանալիս ասաց պաշտպանը։
Տանը Էռնան մեկ անգամ էլ կարդաց հումանոիդի իր դեմ գրած բողոք-հաղորդագրությունը.
-Ապակառուցողական է։ Աշխարհը իր փոխհարաբերություններով ընկալելու աստիճանը միջինից ցածր է։ Իրեն կարևորելու պահանջը լրացնում է էվոլուցիայի զգալի հատված կտրելով…
Կարող է մասնակի կամ լրիվ խաթարել բանականության աշխատանքը…
Իսկ ներքևում՝ ինչ-ոի մեկի անուն ազգանվան դիմաց, ասես ստորագրության փոխարեն գրված էր՝ Թերի է, բայց ոչ անհիմն։
-Զառանցանք, իսկական զառանցանք,- հարևանուհու տանը բաժակը ցած դնելով, այդ՝ կարդացածի բովանդակությունը նկատի ունենալով՝ ասաց Էռնան։- Բայց մենք պետք է պայքարենք այդ երկաթե, կեղծ մաշկով ճիվաղների դեմ, այդ…
-Էռնա՛, քեզ լսելուց վատ եմ զգում,- նրան ընդհատեց հարևանուհին։- Ախր, ես ճնշում ունեմ, Էռնա՛։ Շատ բարձր ճնշում։ Բժիշկն ասում էր պետք է հանգիստ պահեմ ինձ։ Չհուզվեմ, ասում էր։ Բժիշկն ասում էր բացասական մտքերը վտանգավոր են ինձ համար։ Բժիշկն ասում էր հոռետես մարդկանցից հեռու մնամ, իսկ բժիշկը գիտի ինչ է ասում, Էռնա՛։
-Այդ ինչ է, սիրելի՛ս, քեզ զգալն էլ է այլևս հակացուցված,- կուզեր ասել Էռնան, բայց նույնիսկ ցույց չտվեց, թե նեղացել է։
Հարևանուհին այն սակավաթիվ մարդկանցից էր, որ մտերիմ էր իրեն, և, երևի, ամենամտերիմը։ Իսկ այժմ, ահա, չտեսնված, վանող, անսովոր վերաբերմունք։
-Լա՛վ, գնամ, հանգստացի՛ր,- վեր կենալով՝ ասաց Էռնան։ – Իմ զգուշավորությունը… Չէ՛, ավելի լավ է գնամ։ Ես չափազանց անհանգստացած եմ, որ կարողանամ… օգնել քեզ։ Ցտեսությո՛ւն, սիրելի՛ս։
Էռնային ճանապարհելիս, մուտքի դուռը փակելուց առաջ, հարևանուհին բարկությամբ հարցրեց.
-Ինչո՞ւ երեխաներիդ չես այցելում, Էռնա՛։ Մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ կատու չես պահում, Էռնա՛։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *