(հատված)
Իմ անունը Քելեբեք է
Ցերեկվա նամազից առաջ էր: Դուռը ծեծեցին: Բացեցի, տեսա՝ Քարա Չելեբին[1] է: Աշակերտության տարիներին մի շրջան մեզ հետ էր: Փաթաթվեցինք, համբուրվեցինք: Հետաքրքիր էր՝ իմ փեսայից լուր ունի՞, թե ոչ: Սակայն ասաց, որ եկել է իմ նկարները նայելու, մեր ընկերության և մեր սուլթանի անունից ինձ մի հարց տալու համար:
– Լավ, ասացի ես, ի՞նչ հարց:
– Ոճ և ստորագրություն,– ասաց նա:
Լավ, քանի որ նա հարցրեց, ես պատասխանում եմ:
Ոճ և ստորագրություն
Ասացի, որ ոչ թե աչք շոյելու և հավատի, այլ փողի և փառքի համար նկարող մարդիկ որքան շատանան, այնքան ոճի և ստորագրության հանդեպ հետաքրքրության փոխարեն ավելի շատ տգեղություն և ագահություն կտեսնենք: Այս նախաբանն անում էի ոչ թե հավատալով, այլ որովհետև ոճն է այդպես թելադրում: Որովհետև իրական տաղանդը և ունակությունը ոսկու և փառքի սիրուց անգամ վնաս չի կրի: Անգամ, եթե ճշմարտությունն եք ուզում լսել, ինչպես իմ դեպքում, փողը և փառքը տաղանդի տեր մարդու իրավունքն են և նրան դեպի սերն են տանում: Բայց եթե այդպես ասեմ, նկարիչների մի մասի նախանձից տառապող սովորական նկարիչները, պատճառաբանելով, որ ցավալի քայլի եմ դիմել, կհարձակվեն վրաս, ստիպված կլինեմ բրնձի վրա ծառ նկարել՝ ապացուցելու համար, որ այս գործը նրանցից շատ եմ սիրում: Քանի որ գիտեմ՝ ֆրանսիական ազդեցության տակ, արևմուտքից ճիզվիտ քահանաների բերած նկարներին խաբվելով, ճանապարհից շեղված որոշ խեղճ չինացի վարպետների ազդեցության տակ այս ոճը, ձեռագիրը և անձնական հաճույքները արևելքից են մեզ հասել, ձեզ այս թեմայով երեք առակ պատմեմ:
Երեք պատմություն ոճի և ստորագրության մասին:
Այբ
Ժամանակին Հերաթի հյուսիսային լեռների մի ամրոցում նկարչության և նկարի հետաքրքրություն ունեցող մի ջահել խան էր ապրում: Հարեմի կանանցից միայն մեկին էր սիրում խանը: Այդ թաթար գեղեցկուհին էլ խանին էր սիրահարված: Մինչև լույս սեր էին անում և այնքան երջանիկ էին, որ ուզում էին կյանքը միշտ այդպես անցնի: Այս ցանկությունն իրականացնելու լավագույն ճանապարհն էլ գրքերը բացելով՝ հին վարպետների հիանալի և կատարյալ նկարներին ժամերով, օրերով նայելը, անընդհատ նայելն էր: Նույն պատմությունների ճշգրիտ, միմյանց կրկնող կատարյալ նկարներին նայելով՝ զգում էին, որ ժամանակը կանգ է առել և պատմության մեջ ասվող ոսկե շրջանի երջանիկ ժամանակին իրենց սեփական ժամանակն է խառնվել: Խանի արվեստանոցում նույն նկարները գրքերի համար կատարյալ կրկնօրինակող մեծ վարպետ նկարիչ էր աշխատում: Ինչպես որ ավանդույթն է թելադրում, նկարիչը Ֆերհաթի՝ Շիրինի հանդեպ սիրուց տառապանքի, Մեջնունի և Լեյլայի՝ իրար տեսնելիս հիացմունքով ու կարոտով նայելու կամ Խոսրովի և Շիրինի դրախտային պարտեզում միմյանց բազմանշանակ հայացքները մի գրքի էջերին նկարելիս սիրահարների փոխարեն խանին ու թաթար գեղեցկուհուն էր նկարում: Խանն ու իր սիրելին այդ էջերին նայելիս հավատում էին, որ իրենց երջանկությունը հավերժ է լինելու, վարպետ նկարչին գովեստներով ու ոսկով էին պատում:
Հաճոյախոսությունների և ոսկու առատությունն, ի վերջո, նկարչին շեղեց ճիշտ ճանապարհից, և նա սատանայի դրդմամբ մոռացավ, որ նկարների կատարելության համար պարտական է իր ուսուցիչներին ու հպարտորեն կարծեց, որ եթե իրենից մի բան ավելացնի, նկարներն ավելի սիրելի կդառնան: Մինչդեռ վարպետ նկարչի այս նորամուծությունները, սեփական ոճի հետքերը խանը և սիրելին որպես թերություն դիտեցին և անհանգստացան: Երբ խանը նկարներին նայելիս հասկացավ, որ նախկին երջանկությունը չի զգում, սկզբում խանդեց իր թաթար գեղեցկուհուն՝ ասելով, որ բոլոր էջերին նրա նկարներն են: Հետո, որպեսզի այդ թաթար գեղեցկուհուն ստիպի իրեն խանդել, մեկ այլ հարճի հետ սեր արեց: Հարեմի բամբասկոտներից այդ ամենի մասին լսելն այնքան տխրեցրեց թաթար գեղեցկուհուն, որ կախվեց բակի մայրի ծառից: Խանը, հասկանալով իր սխալը և տեսնելով, որ նկարիչը միայն հետաքրքրված է սեփական ոճով, նույն օրը հրամայեց կուրացնել սատանային խաբված նկարչին:
Բեն
Արևելյան երկրներից մեկում նկարչության սիրահար մի երջանիկ ու ծեր սուլթան էր ապրում, նոր էր ամուսնացել մի գեղեցկուհի չինացու հետ և շատ երջանիկ էր: Սակայն սուլթանի՝ առաջին կնոջից ունեցած գեղեցկադեմ որդին և երիտասարդ կինը սիրահարվում են: Հորը դավաճանած որդին՝ վախեցած և արգելված սիրուց ամաչելով՝ փակվեց արվեստանոցում և սկսեց նկարել: Քանի որ իր սիրո ցավով և ուժով էր գրում, բոլոր նկարներն այնքան գեղեցիկ էին, որ նայողները չէին կարողանում տարբերել հին վարպետների գործերից, սուլթանն էլ իր որդով շատ էր հպարտանում: Իսկ երիտասարդ չինուհին նկարներին նայելով՝ ասում էր. «Այո՛, շատ գեղեցիկ է: Բայց տարիներ կանցնեն, եթե նա իր նկարների տակ չդնի իր ստորագրությունը, ոչ ոք չի իմանա»: «Եթե որդիս ստորագրի իր նկարները, արդյոք նրան հանիրավի չե՞ն մեղադրի հին վարպետներին կրկնօրինակելու մեջ»,– ասում էր սուլթանը: Չինուհին հասկանալով, որ չի կարողանա համոզել ծեր ամուսնուն, ի վերջո, կարողացավ արվեստանոցում փակված երիտասարդ տղային հասցնել ստորագրության հետ կապված բամբասանքները: Ավելին, սերն իր մեջ թաղելու պատճառով ոտնահարված ինքնասիրությամբ որդին գեղեցիկ ու ջահել խորթ մոր թելադրանքով, սատանայի խրախուսանքով խաբվեց և մի նկարի անկյունում, պատի և խոտերի միջև իր կարծիքով անտեսանելի մի տեղ դրեց իր ստորագրությունը: Իսկ նրա առաջին նկարը Խոսրովի և Շիրինի պատմությունից մի հատված էր: Այն հատվածը, որտեղ Խոսրովի և Շիրինի ամուսնությունից հետո Խոսրովի՝ առաջին ամուսնությունից ծնված որդին՝ Շիրուեն, սիրահարվում է Շիրինին և մի գիշեր պատուհանից մտնելով՝ դաշունահարում Շիրինի կողքին պառկած հորը: Ահա, ծեր սուլթանը այս պատմության նկարին նայելիս հանկարծ նկարի մեջ մի թերություն զգաց. տեսել էր ստորագրությունը, բայց ինչպես շատերս ենք անում, առանց այն նկատելու միայն զգացել էր, որ թերի նկար է: Քանի որ հին վարպետները նման բան չէին կարող անել, սուլթանը սկսեց անհանգստանալ: Դա նշանակում էր, որ այդ գիրքը ոչ միայն պատմությանը, լեգենդին, այլև գրքին չհամապատասխանող մի բան, մի իրականություն էր պատմում: Ծեր սուլթանը դա զգալուն պես վախեցավ: Այդ ընթացքում նկարիչ որդին, ինչպես և նկարում է պատկերված, պատուհանից մտավ և ինչպես նկարում է պատկերված, հսկայական դաշույնը, առանց հոր աչքերի մեջ նայելու, խրեց նրա՝ վախից փքվող կուրծքը:
Գիմ
Սրանից երկու հարյուր հիսուն տարի առաջ Ռեշիդուդդինի Քազվինցին իր պատմության մեջ հաճույքով գրում է, որ Քազվինում նկարազարդումը, ծաղկումը, և նկարչությունը ամենահարգարժան, ամենասիրված արվեստներն են եղել: Քազվինում այդ ժամանակ գահին Բյուզանդիայից մինչև Չինաստան քառասուն երկրի վրա իշխող (նկարչության սերը կարող է այս մեծ ուժի գաղտնիքը լինել) շահը, ցավոք սրտի, որդի չուներ: Որպեսզի մահից հետո իր նվաճած երկրները չմասնատվեն, շահը որոշեց իր գեղեցիկ դստեր համար խելացի նկարիչ ամուսին գտնել: Արվեստանոցի երեք ամուրի երիտասարդ նկարիչների միջև մրցույթ սկսվեց: Ռաշիդուդդինի պատմության համաձայն՝ մրցույթի թեման շատ պարզ էր. ով ամենագեղեցիկ նկարը կնկարի: Ինչպես և Ռաշիդուդդինը, երիտասարդ նկարիչներն էլ գիտեին, որ հին վարպետների պես պետք է նկարեն: Այդ պատճառով երեքն էլ ամենասիրելի տեսարանն էին նկարել: Մի դրախտային պարտեզում նոճի և մայրի ծառեր, վախեցած ճագարներ և անհանգիստ ճնճղուկներ, սիրուց տառապած, գլխահակ մի գեղեցիկ աղջիկ:
Նույն նկարը ճիշտ հին վարպետների պես նկարած երեք նկարիչներից ամենաշատն իր վրա ուշադրություն հրավիրել ցանկացողը նկարի գեղեցկությանը տիրանալու համար այգու ամենագաղտնի վայրում՝ նարգիզների մեջ իր ստորագրությունն էր թողել: Բայց իրեն հին վարպետների համեստությունից հեռացնող այս անամոթության պատճառով Քազվինից Չինաստան վտարվեց: Այսպիսով, մյուս երկու նկարիչների միջև կրկին մրցույթ սկսվեց: Այս անգամ երկուսն էլ բանաստեղծության պես գեղեցիկ նկար արեցին: Նկարիչներից մեկը վրձնի սխալ հարվածի պատճառով, թե դիտավորյալ, անհայտ է, չինացու շեղ աչքերով, արտահայտված այտոսկրերով աղջկա սպիտակ ձիու քիթը մի քիչ տարօրինակ էր նկարել: Դա հոր ու դստեր կողմից անմիջապես որպես թերություն էր դիտարկվել: Չնայած այս նկարիչը չէր ստորագրել նկարի տակ, ձիու քթին ասես վարպետորեն մի թերություն էր ավելացրել հիանալի նկարում: Թերությունը ոճի մայրն է՝ ասել էր շահը և այդ նկարչին էլ վտարել Բյուզանդիա: Ստորագրություն և թերություն չունեցող, հին վարպետների պես նկարող տաղանդավոր նկարչի և շահի դստեր ամուսնության օրը, ըստ Ռաշիդուդդինի Քազվինի երկար պատմության, մի ուրիշ դեպք էլ տեղի ունեցավ. հարսանիքից մի օր առաջ շահի դուստրը ամբողջ օրը տխրությամբ նայեց ապագա ամուսնու՝ երիտասարդ և գեղեցիկ վարպետի նկարին: Երբ երեկոն իջավ, գնաց հոր մոտ, ասաց. «Հին վարպետները հիանալի նկարներում գեղեցիկ աղջիկներին չինացու պես էին նկարում, և դա արևելքից եկող անխախտ օրենք է: Բայց երբ մեկին սիրում էին, այդ գեղեցկուհու հոնքին, աչքին, շրթունքներին, մազերին, ժպիտին, անգամ թարթիչին իրենց սիրելիից մի հետք, մի բան էին դնում: Նկարների այս գաղտնի թերությունը նշան էր իրենց սիրո մասին, որը գիտեին միայն իրենք և իրենց սիրելին: Ձիու վրա նստած գեղեցիկ աղջկա նկարին ամբողջ օրը նայեցի, հայրի՛կ, այդ աղջիկն ինձ ընդհանրապես նման չէ: Այս նկարիչը հավանաբար մեծ վարպետ է, բացի այդ, ջահել է ու գեղեցիկ, բայց ինձ չի սիրում»: Այսպիսով, շահը չեղյալ հայտարարեց հարսանիքը և հայր ու դուստր ամբողջ կյանքում միասին ապրեցին:
– Ոճ կոչվածը այդ դեպքում այդ երրորդ պատմության համաձայն սկսվում է թերությունից,– բարեկիրթ ու հարգալից ասաց Քարան:– Նկարիչն իր սիրելի գեղեցկուհու դեմքին, աչքին, ժպիտին գաղտնի նշաննե՞ր է տալիս:
– Ո՛չ,– ասացի ես ձայնի գոհ և հպարտ արտահայտությամբ:– Վարպետ նկարչի՝ սիրելի աղջկանից նկարին անցնող ամեն բան ոչ թե թերություն, այլ ի վերջո կանոն է դառնում: Որովհետև որոշ ժամանակ անց բոլորը սկսում են աղջիկներին այդ վարպետի պատկերածի պես նկարել:
Մի քիչ լռեցինք: Տեսնելով, որ իմ երեք պատմությունները համակ ուշադրությամբ լսող Քարան ականջ է դնում կողքի սենյակում ետուառաջ քայլող իմ գեղեցկուհի կնոջ ձայներին, ուշադիր նայեցի նրա աչքերի մեջ:
– Առաջին պատմությունը վկայում է, որ ոճը թերություն է,– ասացի ես:– Երկրորդ պատմությունը ցույց է տալիս, որ կատարյալ նկարը ստորագրության կարիք չունի: Իսկ երրորդ պատմությունը միավորում է առաջինի և երկրորդի գաղափարը, և այդ դեպքում ստորագրության ու ոճի միջոցով անամոթաբար ու հիմարաբար իրեն գովաբանելուց բացի ուրիշ ոչինչ չկա. այդ է ցույց տալիս:
Այս մարդը, ում դաս էի տալիս, ինչքա՞ն էր հասկանում նկարչությունից: jhj
– Իմ պատմություններից հասկացա՞ր թե ով եմ,– ասացի ես:
– Հասկացա,– ասաց նա, բայց ընդհանրապես համոզիչ չէր:
Սահմանափակվելով նրա հայացքով և արտահայտություններով՝ մի՛ փորձեք ինձ հասկանալ: Ձեզ անմիջապես ասեմ, թե ես ով եմ: Քազվինի հին վարպետների պես նկարում եմ, պատկերում: Ժպտալով եմ ասում. բոլորից լավն եմ, և եթե զգացմունքներս ինձ չեն դավաճանում, ես ոչ մի կապ չունեի ծաղկող Զարիֆ էֆենդու անհետացման հետ, ինչն էլ Քարային այստեղ էր բերել: Քարան ինձ հարցրեց, թե ամուսնությունը և արվեստն ինչպես կարելի է համատեղել: Շատ եմ աշխատում և սիրելով եմ աշխատում: Թաղամասի ամենագեղեցիկ աղջկա հետ նոր եմ ամուսնացել: Եթե չեմ նկարում, նրա հետ խենթի պես սեր ենք անում: Հետո կրկին աշխատում եմ: Այդ ամենի մասին չասացի: Ասացի, որ դա մեծ խնդիր է: Եթե նկարչի վրձինը թղթի վրա հրաշքներ է գծում, կնոջ հետ նույն հաջողության չի կարող հասնել, այդպես ասացի: Հետո ավելացրի, որ ճիշտ հակառակն էլ է լինում, եթե կնոջը երջանկացնում է, նկարչի վրձինը սկսում է կորցնել փայլը: Նկարչի տաղանդին նախանձող բոլորի պես Քարան էլ հավատալով այս ստերին՝ ուրախացավ: Ասաց, որ ուզում է տեսնել իմ ամենավերջին նկարները: Նրան նստեցրի իմ գրասեղանի մոտ, ներկերի, թանաքների, ողորկման սարքերի, վրձինների, գրիչների և սրիչների առաջ: Երբ Քարային ցույց էի տալիս մեր արքայազնի թլպատման տոնի արարողությունների մասին պատմող «Սուրնամեի» երկու էջանոց նկարը, նստեցի նրա կողքի կարմիր բարձին և բարձի տաքությունից հիշեցի, որ քիչ առաջ այնտեղ գեղեցիկ կոնքերով կինս էր նստել: Երբ իմ եղեգնյա գրչով մեր արքայազնի առջև կանգնած դժբախտ դատապարտյալների ճակատագիրն էի պատկերում, խելացի կինս օգնում էր ինձ:
Երկու էջանոց տեսարանը, որը նկարում էի, պատմում էր պարտքը չվճարելու համար բանտ ընկածների և նրանց ընտանիքների՝ սուլթանի գթասրտությամբ փրկվելը: Սուլթանը, ինչպես և տեսել էի ծիսակատարության ժամանակ, նստած էր արծաթե դրամներով ծածկված գորգին, քիչ այն կողմ՝ գլխավոր գրագիրն էր, ձեռքն էր տվել պարտքերի գիրքը, վզերն իրար շղթայված, սուլթանի առաջ տխրությամբ և ցավով, հոնքերը կիտած, խոժոռված դեմքով կանգնած դատապարտյալներին, սուլթանի գթասրտության համար բոլորի հնչեցրած երջանիկ աղոթքներին, բանաստեղծություններին ուդով ու թմբուկով նվագակցողներին կարմիր հագուստով ու գեղեցիկ դեմքերով էի նկարել, պարտք ունենալու ծանր ամոթը լավ հասկանալու համար էլ, չնայած՝ ոչ մի մեղք չունեին, դժբախտ դատապարտյալներից ամենավերջինի կողքին հոգնածությունից տգեղացած, մանուշակագույն հագուստով կնոջը և կարմիր վերարկուով, երկար մազերով տխուր, գեղեցիկ աղջկան էի նկարել: Շղթայված և շարքով կանգնած դատապարտյալների երկու էջի, նկարի կարմիրի գաղտնի տրամաբանության, հին վարպետների բացթողումների, սիրով նկարածս անկյունի շան և սուլթանի ատլասե հագուստը նույն գույնով չնկարելու, այդ ամենի շուրջ կնոջս հետ ծիծաղելով մեր խոսածների մասին այս խոժոռ դեմքով Քարային էլ էի պատմելու, որ հասկանա՝ նկարչությունը նշանակում է սիրել կյանքը, բայց նա ինձ շատ ամոթալի բան հարցրեց: Արդյոք գիտե՞մ, թե խեղճ Զարիֆ էֆենդին որտեղ է: Ի՞նչ խեղճ: Ոչ մի գրոշ չարժեցող կրկնօրինակող, գիրը միայն փողի համար անող, սակավ ներշնչանքով հիմար:
– Ո՛չ, չգիտեմ,– ասացի ես:
Հարցրեց՝ արդյոք էրզրումցի հոջայի շրջապատի ջղային մարդկանցից մեկի՝ Զարիֆ էֆենդուն վատություն անելու մասին մտածե՞լ էի:
Ինձ մի կերպ զսպեցի և չասացի, որ նա էլ դրանցից մեկն է:
– Ո՛չ, ինչո՞ւ,– ասացի ես:
Ստամբուլ քաղաքում մեզ գերության մեջ պահող աղքատությունը, ժանտախտը, անբարոյականությունը, խայտառակությունը մեր մարգարե Ռեսուլուլլահի ժամանակի իսլամից հեռանալով՝ նոր, տգեղ սովորություններ ձեռք բերելուց և ֆրանսիական ավանդույթներին՝ մեր հասարակության մեջ մտնելուց բացի ուրիշ ոչ մի բանով չի կարելի բացատրել: Էրզրումցի հոջան էլ էր այդպես ասում, բայց նրա թշնամիներն ուզում էին էրզրումցիների երաժշտություն նվագող թեքքեներ մտնել, սրբերի գերեզմանները պղծել, անգամ ավելի հեռուն գնալով՝ սուլթանին խաբել: Այժմ, քանի որ գիտեն՝ ես հարգարժան էրզրումցիներին նրանց պես չեմ ատում, ուզում են քաղաքավարի հարցնել՝ արդյոք ե՞ս եմ սպանել Զարիֆ էֆենդուն: Մի պահ հասկացա, որ այս բամբասանքները տարածվել են նկարիչների շրջապատում: Ներշնչանքից զուրկ անտաղանդների խումբը հիմա մեծ հաճույքով լուրեր է տարածում այն մասին, որ ես ստոր մարդասպան եմ: Այս նախանձ նկարիչների ասեկոսեները լուրջ ընդունելու համար միայն այս հիմար Քարայի այդ չերքեզական գլուխը թանաքամանի մեջ խոթելու ցանկություն ունեցա: Քարան փորձելով ամեն ինչ մտապահել՝ նայում էր իմ նկարչական արվեստանոցին. թուղթ կտրելու երկար մկրատներին, մանրուքներով լի ամաններին, ներկի թասերին, աշխատելիս երբեմն կրծոտածս խնձորին, ետևի վառարանի ծայրին դրած սրճեփին, սուրճի բաժակներին, բարձերին, պատուհանի արանքից ներս ընկնող լույսին, էջի չափը տեսնելու համար օգտագործվող հայելուն, վերնաշապիկներիս և այնտեղ՝ դուռը ծեծելուց հետո սենյակից արագ դուրս գալիս անկյունում իմ կնոջ՝ մեղքի պես նետած կարմիր թաշկինակին էր ուշադրությամբ նայում: Չնայած որ մտքերս թաքցնում էի նրանից՝ իմ նկարները և սենյակը նրա անամոթ ու զայրացած հայացքներին էի հանձնում: Գիտեմ, բոլորիդ կզարմացնի այս հպարտությունը, բայց ամենաշատ գումար վաստակողը և ուրեմն ամենալավ նկարիչը ես եմ: Որովհետև Աստված ուզել է, որ նկարչությունը ուրախության պես լինի, որպեսզի մարդկանց էլ ցույց տա, որ աշխարհն ուրախություն է:
[1] Չելեբի նշանակում է բանաստեղծ, կարդացող, գիտակ, խելացի մարդ:
Թարգմանություն թուրքերենից` Արփի Աթաբեկյանի