Սերգեյ Դովլաթով | Իմ ավագ եղբայրը

Կյանքը մորաքրոջս տղային քրեական դարձրեց: Կարծում եմ՝ բախտը բերել է: Հակառակ դեպքում հաստատ կուսակցական խոշոր պաշտոնյա էր դառնալու:
Դրա համար բազում ամենատարբեր նախադրյալներ կային: Բայց առաջ չընկնենք…
Մորաքույրս գրական աշխարհումհայտնի խմբագիր էր: Ամուսինը՝ Արոնը, զինվորական հոսպիտալ էր ղեկավարում: Զուգահեռ՝ դասախոսություններ էր կարդում ու դրոշմանիշեր հավաքում: Համերաշխ, լավ ընտանիք էր…
Ավագ եղբայրս ծնվել էր բավական առեղծվածային հանգամանքներում: Մինչև ամուսնությունը մորաքույրս սիրավեպ էր ունեցել: Սիրել էր Սերգեյ Միրոնովիչ Կիրովի տեղակալին: Ալեքսանդր Ուգարովին: Տարեց լենինգրադցիները հիշում են այդ նշանավոր մարզկոմական գործչին:
Նա ընտանիք ուներ: Իսկ մորաքրոջս սիրում էր հընթացս:
Եվ մորաքույրս հղիացավ:
Վերջապես եկավ ծննդաբերելու ժամանակը: Նրան տարան հիվանդանոց:
Մայրս գնաց Սմոլնի: Հասավ ընդունելության: Կիրովի տեղակալին հիշեցրեց քրոջ ու նրա խնդիրների մասին:
Մռայլված Ուգարովը մի քանի հանձնարարական տվեց: մարզկոմական ծառայամիտները ծարվեշարան ծաղիկներ ու մրգեր հասցրին ծննդատուն: Իսկ մորաքրոջս կացարանում թղթախաղի մի նրբակերտ դրվագազարդ սեղանիկ հայտնվեց: Ըստ երևույթին՝ դասակարգայնորեն օտար տարրերից բռնագրավված:
Մորաքույրս տղա ունեցավ՝ առողջ, համակրելի Բորյան: Մայրս որոշեց նորից գնալ մազկոմ: Բայց ընդունելություն գտնել չհաջողվեց: Ոչ թե նրա համար, որ Ուգարովը քիթը ցցել էր: Ավելի շուտ՝ հակառակը: Այդ ընթացքում երջանիկ հայրիկին ձերբակալելէին որպես ժողովրդի թշնամի:
Երեսունութ թիվն էր… Մորաքույրս մենակ մնաց նորածնի հետ:
Լավ է, որ Ուգարովը նրա ամուսինը չէր: Հակառակ դեպքում մորաքրոջս կաքսորեին: Իսկ այսպես՝ աքսորեցին նրա կնոջն ու երեխաներին: Ինչը, իհրկե, նույնպես հաճելի չէ:
Մորաքույրս, ըստ երևույթին, գիտեր, թե ինչի է գնում: Գեղեցիկ, եռանդուն, անկախ կին էր: Ու եթե որևէ բանից վախենում էլ էր, ապա միայն կուսակցական քննադատությունից…
Բացի այդ, հայտնվեց Արոնը: Ըստ երևույթին սիրում էր մորաքրոջս: Առաջարկեց իր ձեռքն ու սիրտը:
Արոնը գլխարկագործական արհեստանոցի տիրոջ որդի էր: Բայց և տիպիկ հրեայի տեսք չուն էր՝ կարճատես, թուլակազմ ու մտախոհ: Բարձրահասակ, ուժեղ, առնական մարդ էր: Նախկին հեղափոխական ուսանող, կամիրբանակային ու նէպման: Հետագայում՝ վարչական աշխատող: Եվ, վերջապես, ծերության օրերին՝ ռևիզիոնիստ ու այլախոհ…
Արոնը պաշտում էր մորաքրոջս: Երեխան նրան հայրիկ էր ասում…
Սկսվեց պատերազմը: Մենք հայտնվեցինք Նովոսիբիրսկում: Բորյան երեք տարեկան էր: Գնում էր մանկապարտեզ: Ես կրծքի երեխա էի:
բորյան ինձ զտած շաքարի կտորներ էր բերում: Բերանում, լեզվի տակ պահած: Իսկ տանը հանում ու դնում էր ափսեի մեջ:
Ես քմահաճություն էի անում, չէի ուզումուտել: Բորյան մեր ծնողներին տագնապով ասում էր.
– Ախր շաքարը հալվո՜ւմ է…
Հետո պատերազմը վերջացավ: Ու մենք այլևս չէինք քաղցում:
Եղբայրս մեծացել, արևմտաեվրոպական տիպի գեղեցիկ տղա էր դարձել: Բացգույն աչքեր ուներ ու թուխ գանգուր մազեր: Հիշեցնում էր առաջադեմ իտալական կինոյի պատանի հերոսներին: Այդ կրծիքին էին մեր բոլոր ազգականները…
Օրինակելի սովետական տղա էր: Պիոներ, գերազանցիկ,ֆուտբոլիստ, մետաղի ջարդոն հավաքող: Օրագիր էր պահում, որտեղ գրի էր առնում իմաստուն ասույթներ: Իրենց բակում կեչի տնկեց: Թատերական խմբակում նրան երիտգվարդիականների դերեր էին տալիս…
Ես ավելի փոքր, բայց ավելի վատն էի: Ու միշտ նրան ի ցույց էին դնում:
Նա ճշմարտախոս էր, ամաչկոտ ու կարդացած: Ինձ ասում էին՝ Բորյան լավ է սովորում, օգնում է ծնողներին, սպորտեվ է զբաղվում… Բորյան շրջանային օլիմպիադայի հաղթող դարձավ… Բորյան բուժեց վիրավոր թռչնակին… Բորյան դետեկտորային ընդունիչ է հավաքել: (Մինչ օրս չգիտեմ ինչ է…):
Ու հանկարծ աներևակայելի բան կատարվեց… Աննկարագրելի՛բան… Տառացիորեն բառ չեմ գտնում…
Մի խոսքով, եղբայրս միզել էր դպրոցի տնօրենի վրա:
Դասերից հետո էր: Բորյան Ֆիզկուլտուրնիկի օրվան վիրված պատի թերթն էր պատրաստում: Շուրջը խմբվել էին համադասարանցիները:
Մեկը պատուհանից դուրս նայելով՝ ասաց.
– Ծախո՜ղը…
(Դպրոցի տնօրեն Չեբոտարյովին էին Ծախող ասում):
Հետո. եղբայրս բարձրացավ պատուհանի գոգին: Աղջիկներին խնդրեց շրջվել: Վարպետորեն հշվարկեց հետգիծը: Ու Չեբոտրյովին ողողեց ոտից գլուխ…
Աներևակայելի ու վայրի բան էր: Դրան անհնար էր հավատալ: Մի ամիս անց ներկաներից ոմանք կասկածում էին՝ այդ ամենը իսկապե՞ս եղել է: Այնքան հրեշավոր էր տեարանը:
Տնօրեն Չեբոտարյովի արձագանքը նույնպես անսպասելի էր: Բացարձակ կորցրեց դեմքը: Ու հանկարծ վրա տվեց ճամբարական կիսագողական արագախոսությամբ.
– Քու նմաններին ես զոնում բուշլատով էի խռիկ տալի… Հիմա կե՜ղտ եմ կերցնելու… Շո՜ւն եմ շինելու…
Տնօրեն Չեբոտարյովի մեջ արթնացել էր նախկին ճամբարային կարգագրիչը: Ո՜ւմ մտքով կանցներ… Նրբաթաղիքե լայնեզր գլխարկ, չինական վերարկու, տռուզ պորտֆել…
Եղբայրս այդ արարքը գործեց դպրոցն ավարտելուց մի շաբաթ առաջ: Այդպիսով իրեն զրկելով ոսկե մեդալից: Ծնողները տնօրենին դժվարությամբ համոզեցին, որ Բորյայաին հասունության վկայական տա…
Ես այդ ժամանակ հարցրի եղբորս.
– Ինչի՞ արեցիր:
Եղբայրս պատասխանեց.
– արել եմ էն, ինչ թքուն երազում է ամեն մի դպրոցական: Ծախողին որ տեսա, հասկացա՝ հիմա կամ երբեք… Կանեմ էդ բանը… Կամ ինձ երբեք չեմ հարգի…
Արդեն այն ժամանակ բավական թունավոր դեռահաս էի: Եղբրս ասացի.
– Հարյուր տարի անց մեր դպրոցի ճակատին հուշատախտկ կկախեն. «Այստեղ սովորել է Բորիս Դովլաթովը… դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետևանքներով…»:
Եղբորս վայրի արարքը մի քանի ամիս քննարկվում էր: Հետո Բորիսն ընդունվեց թատերական ինստիտուտ: Որոշել էր արվեստաբան դառնալ: Նրա հանցանքը սկսեց մոռացվել: մանավանդ, որ հրաշալի էր սովորում: Կոմերիտական կազմակերպության քարտուղար էր: Ինչպես և՝ դոնոր, պատի թերթի խմբագիր ու դարպասապահ…
Հասունանալով՝ ավելի էր գեղեցկացել: Նման էր իտալացի կինոդերասանի: Աղջիկները նրան հետապնդումէին անթաքույց ոգևորությամբ:
Միևնույն ժամանակ՝ ողջախոհ ու ամոթխած պատանի էր: Զզվւմ էր կանացի սեթևեթանքից: Հիշում եմ նրա օրագրիգրառումը. «Գրքում և կնոջ մեջ գլխվորը ոչ թե ձևն է, այլ՝ բովանդակությունը…»:
Նույնիսկ հիմա, անհամար հիասթափություններից հետո, այդ կանխադրույթը ձանձրալի է թվում: Եվ ինձ առաջվա պես դուր են գալիս միայն գեղեցիկ կանայք:
Ավելին՝ սնահավատ եմ: Ինձ թվում է, օրինակ, որ բոլոր հաստլիկ կանայք ստախոս են: Հատկապես երբ չաղությունն ուղեկցվում է փոքրիկ կրծքերով…
Ասենք, խոսքը իմ մասին չի…
Եղբայրս ավարտեց թատերական ինստիտուտը: Գերազանցության դիպլոմ ստացավ: Նրան հետևում էր անբասիր կոմերիտական դոսյեն: Խոպան յուրացնող էր ու շինջոկատների հրամանատար: Դրուժինայի ակտիվիստ ու միլիցիայի օգնական: Մարդկանց գիտակցության մեջ կապիտալիզմի մնացուկների ու քաղքենիական տրամադրությունների ահուսարսափ:
Նրա աչքերն ամենաազնիվն էին միկրոշրջանում:
Դարձավ գրական բաժնի վարիչ: Աշխատանքի անցավ Լենինյան կոմսոմոլի անվան թատրոնում: Դա համարյա աներևակայելիէր: Ջահելտղա, բոլորովին վերջերս՝ ուսանող, ու հանկարծ՝ այդպիսի պաշտոն…
Գրական բաժնի վարիչի պաշտոնում պհանջկոտ էր ու գործունյա: Պայքարում էր հանուն առաջադիմական մշակույթի: Ընդ որում, նրբանկատ, զուսպ ու զգուշորեն: Հմտորեն անց էր կացնում Վամպիլովի, Բորշագովսկու, Մռոժեկի գործերը…
Նրանից վախենում էին վաստակաշատ սովետական դրամատուրգները: Նրանով հիացած էր խռովարար թատերական երիտասարդությունը:
Նրան ուղարկում էին պատասխանատու գործուղումների: Մի քանի խորհրդակցության մասնակցեց Կրեմլում: Նրբանկատ առաջարեկեցին կուսկցության անդամ դառնալ: Տատանվում էր: Նրան թվում ր՝ արժանի չք…
Ու հանկարծ եղբայրս նորից աչքի ընկավ: Չգիտեմ էլ ոնց ավելի լավ արտահայտվեմ… Կարճ ասած, Բորյան տասներկու կողոպուտ կատարեց:
Ինստիտուտում մի ընկեր ուներ՝ Ցապին ազգանունով: Եվ ահա Ցապինի հետ տասներկու արտասահմանյան տուրիստական ավտոբուս թալանեցին: Տարան ճամպրուկներ, ռադիոընդունիչներ, մագնիտաֆոններ, հովանոցներ, թիկնոցներ ու լայնեզր գլխարկներ: Նաև՝ պահեստի անիվ:
Մեկ օր անց նրանց ձերբակալեցին: Մենք ցնցված էինք: Մորաքույրս վազեց ընկերոջ՝ Յուրի Գերմանի մոտ: Սա զանգեց միլիցիայի գեներալ ընկերներին:
Դատարանում եղբորս պաշտպանում էր քաղաքի լավագույն փաստաբանը՝ Կիսելյովը:
Դատավարության ընթացքում ի հայտ եկան որոշ մանրամասներ ու հանգամանքներ: Պարզվեց, որ կողոպուտի զոհերը զարգացող երկրների ներկայացուցիչներ են: Ինչպես և՝ առաջադիմական սոցիալիստական կազմակերպությունների անդամներ:
Կիսելյովը որոշեց օգտվել դրանից: Եղբորս հարց տվեց.
– Մեղադրյա՛լ Դովլաթով, գիտեի՞ք, որ այդ մարդիկ զարգացող երկրների քաղաքացիներ են: Ինչպես և՝ առաջադիմական սոցիալիստական կազմակերպությունների անդամներ:
– Ցավոք՝ ոչ,- խելամտորեն պատասխանեց Բորիսը:
– Իսկ եթե իմանայիք… ոտնձգության կդիմեի՞ք նրանց անձնական սեփականության հանդեպ:
Եղբորս դեմքը ծայրահեղ վիրավորվածություն էր արտահայտում: Փաստաբանի հարցը նրան միանգամայն անպատշաճ էր թվացել: Սրտմտությամբ վեր քաշեց հոնքերը: Ինչը նշանակում էր. «Ու դեռ հարցնո՞ւմ եք… Ինչպե՜ս կարող էիք մտածել…»:
Կիսելյովը նկատելի աշխուժացավ:
– Այդպե՜ս,- ասաց նա:- Եվ վերջապես վերջին հարցը: Չե՞ք մտածել, արդյոք, որ այդ պարոնները ներկայացնում են հասարակության հետադիմական շերտերը…
Այդ պահին դատավորն ընդհատեց.
– Ընկե՛ր Կիսելյով, ամբաստանյալից համաշխարհային հեղափոխության մարտիկ մի՛ սարքեք…
Բայց եղբայրս հասցրեց գլխով անել: Իբր՝ եղել է այդպիսի ենթադրություն…
Դատավորը ձայնը բարձրացրեց.
– Եկեք չշեղվենք քննության տնօրինած փաստերից…
Եղբորս երեք տարի տվեցին:
Դատարանում իրեն պինդ ու հասարակ էր պահում:Ժպտում ու ջղայնացնում էր դատավորներին:
Երբ հրապարակեցին դատավճիռը, եղբայրս աչքն էլ չթարթեց: Պահակախումբը նրան հանեց դահլիճից:
Հետո վճռաբեկ բողոքն էր… Ինչ-որ վազվզոց, բանակցություններ ու հեռախոսազանգեր: Եվ ամբողջն ապարդյուն:
Եղբայրս հայտնվեց Տյումենում: Ուժեղացված ռեժիմի ճամբարում: Գրում էինք իրար: Նրա բոլոր նամակներն այսպես էին սկսվում. «Ամեն ինչ կարգին է…»:
Ու հետևում էին բազմաթիվ, բայց զուսպ ու ողջամիտ խնդրանքները. «Երկու զույգ բրդե գուլպա… Անգլերենի ինքնուսույց… Ոտաշոր… Ընդհնուր տետրեր… Գերմաներենի ինքնուսույց… Սխտոր… Լիմոն… Ինքնահոս գրիչներ… Ֆրանսերենի նքնուսույց… Ինչպես և՝ կիթառ նվագելու ինքնուսույց…»:
Ճամբարից միանգամայն լավատեսական տեղեկություններ էին ստացվում: Ավագ դաստիարակ Բուկինը մորաքրոջս գրում էր.
«Բորիս Դովլաթովն անշեղորեն հետևում է ճամբարային ռեժիմի բոլոր կանոններին… Հարգանք է վայելում կալանավորների շրջանում… Մշտապես գերակատարում է աշխատանքային հանձնարարությունները… Ակտիվորեն մասնակցում է գեղարվեստական ինքնագործունեության աշխատանքներին…»:
Եղբայրս գրում էր, որ իրեն օրապահ են նշանակել: Հետո՝ բրիգադիր: Այնուհետև՝ բրիգադիրների խորհրդի նախագահ: Եվ վերջապես՝ բաղնիքի վարիչ:
Գլխապտույտ կարիերա էր: Ինչը ճամբարում չափազանց դժվար է: Ազատության մեջ նույնպիսի ջանքերը հասցնում են բյուրոկրատական ղեկավարության սինեկուրներին: Բաշխիչ կետերին, ամառանոցներին ու արտասահմանյան գործուղումներին…
Եղբայրս սրընթաց վերադաստիարակման էր գնում: Նա ճամբարային փարոս էր: Նրան նախանձում էին, նրանով հիանում էին:
Մեկ տարի անց տեղափոխեցին քիմիայի: Այսինքն՝ ազատ բնակության: Տեղի քիմիական կոմբինատում աշխատելու պարտադիր պայմանով:
Այնտեղ ամուսնացավ: Նրա մոտ եկավ անձնազոհ համակուրսեցի Լիզան: Դեկաբրիստների կանանց պես: Նրանք ամուսիններ դարձան…
Իսկ ինձ այդ ընթացքում հասցրին վռնդել համալսարանից: Հետո բանակ տարան: Ու ես հայտնվեցի պահնորդությունում: Վերածվեցի ճամբարային վերակացուի:
Այնպես որ, ես պահնորդ էի, իսկ Բորյան՝ կալանավոր:
Պատահեց, որ նույնիսկ եղբորս հսկեցի: Ճիշտ է՝ ոչ երկար: Դրա մասին պատմել չեմ ուզում: Հակառակ դեպքում մի տեսակ շատ գրքային կլինի: Ինչպես Շոլոխովի «Դոնի պատմվածքներում»:
Բավական է արդեն, որ ես պահնորդ էի: Իսկ եղբայրս՝ կալանավոր…
Համարյա միասին վերադարձանք: Եղբորս ազատեցին, ես զորացրվեցի:
Մեր հարազատները վիթխարի խնջույք կազմակերպեցին «Մետրոպոլում»: Պատվում էին գերազանցապես եղբորս: բայց ինձ էլ բարի խոսքով հիշեցին:
Ռոման քեռին այսպես արտահայտվեց.
– Մարդիկ կան, որսողունների պես են: Ճահիճներում են ապրում… Մարդիկ էլ կան, որ հշեցնում են լեռնային արծիվներին: Արևից վեր են սավառնում, թևերը լայն բացած… Խմենք, ուրեմն, Բորյայի՝ մեր լեռնային արծվի կենացը… Մաղթենք, որ ամպերը հետևում մնան:
– Բռավո,- գոչեցին ազգականները:- Կեցցես, արծի՛վ, ջիգի՛թ…
Քեռուս խոսքերում Գորկու «Մրրկահավի երգի» մոտիվները որսացի…
Հետո Ռոմանը, ավելի ցածր ձայնով, ավելացրեց.
– Սերյոժայի համար էլ խմենք, մեր արձվաճտի: Ճիշտ է, ջահել է դեռ: Թևերը չեն պնդացել: Բայց նրան էլ արձակ հեռաստաններ են սպասում…
– Աստված չանի,- լսելի ասաց մայրիկս:
Քեռին հանդիմանությամբ նայեց նրա կողմը…
Մորաքույրս նորից զանգում էր տարբեր մարդկանց: Ու եղբորս ընդունեցին «Լենֆիլմ»: Կարծեմ լուսավորողի գործ տվին:
Իսկ ես ընդունվեցի բազմատիրաժ թերթ: Հետն էլ սկսեցի պատմվածքներ գրել…
Եղբորս կարիերան զարգանում էր արագացումով: Շուտով լաբորանտ դարձավ: Հետո՝ կարգավար: Հետո՝ ավագ կարգավար: Եվ վերջապես՝ կինոնկարի տնօրենի տեղակալ: Այսինքն՝ նյութական պատասխանատու անձ:
Իզուր չէր, որ ճամբարում անշեղորեն վերադաստիարակման էր գնում: Հիմա արդեն, ըստ երևույթին, չէր կարողանում կանգ առնել…
Մի ամսից լուսանկարը կախված էր պատվո տախտակին: Նրան սիրեցին ռեժիսորները, դերասանները և անձամբ «Լենֆիլմի» տնօրեն Զվոնարյովը: Ավելին, հավաքարարներն էին սիրում…
Ոչ հեռու ապագայում նրան ինքնուրույն կինոնկար էին խոստանում:
«Լենֆիլմի» տասնվեց հին կոմունիստները պատրաստ էին երաշխավորել կուսակցության մեջ ընդունվելու համար: Բայց եղբայրս տատանվում էր:
Նա հիշեցնում էր «Աննա Կարենինայի» Լևինին: Ամուսնության նախօրեին Լևինի հոգին խռովում էր ջահել տարիներին կորսված անմեղությունը: Եղբորս էլ համանման խնդիր էր տանջում: Այն է. կարելի՞ է կոմունիստ լինել քրեական անցյալով:
Հին կոմունիստները վստահեցնում էին, որ կարելի է…
Եղբայրս կտրուկ ընդգծվում էր իմ վհատ ֆոնին: Զվարթ էր, շարժուն ու սակավախոս: Նրան ուղարկում էին պատասխանատու գործուղումների: Բոլորը փայլուն վարչական կարիերա էին կանխատեսում: Անհնար էր հավատալ, որ բանտ է նստել: Շատերը, ոչ այնքան մոտ ծանոթներից, որ բանտ նստել եմ ես…
Ու նորից ինչ-որ բան կատարվեց: Չնայած՝ ոչ միանգամից. աստիճանաբար…
Ինչ-որ տարօրինակ խզումներ սկսվեցին: Կարծես «Ապասիոնատի» հանդիսավոր հնչումը կտրտվեր ականջ ծակող ծղրտոցներով:
Եղբայրս առաջվա պես կարիերա էր անում: Ելույթներ էր ունենում ժողովներում: Գնում էր գործուղումների: Բայց զուգահեռ սկսեց խմել: Ու սիրահետել կանանց: Ընդ որում, անսպասելի ոգևորությամբ:
Նրան սկսեցին տեսնել կասկածելի ւընկերախմբերում: Նրան շրջապատում էին հարբեցողներ, ֆարցովշիկներ, Խալխին գոլի ինչ-որ կասկածելի վետերաններ:
Խումարաթող լինելով՝ վազում էր ժողովի: Ժողովու մ հաջողությամբ հանդես գալով՝ շտապում էր ընկերների մոտ:
Սկզբում այդ երթուղիները չէին հատվում: Եղբայրս կարիերա էր անում ու զուգահեռ կործանում էր իրեն:
Պատահում էր՝ երեք օրով տուն չէր գալիս: Գլուխն առնում կորչում էր ինչ-որ անառակ կանանց հետ:
Դրանց մեջ գերակշռողը բավական տգեղներն էին: Մեկի անունը, հիշում եմ, Գրետա էր: Զոբ ուներ:
Եղբորս ասացի.
– կարող էիր ավելի լավին գտնել:
– Հետամնա՜ց,- բարկացավ եղբայրս,- իսկ գիտե՞ս, որ գործի տեղը սպիրտ է ստանում: Ընդ որում, անսահմանափակ…
Ակնհայտորեն դեռ ռաջնորդվում էր պատանեկան ուսմունքով. «Գրքում և կնոջ մեջ գլխավորը ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը»:
Հետո Բորիսը «Նարվա» ռեստորանում ծեծեց մատուցողին: պահանջել էր, որ մատուցողը «Սուլիկո» երգի…
Սկսեց միլիցիա ընկնել: Միշտ օգնության էր հաասնում «Լենֆիլմի» կուսակցական բյուրոն: Բայց ամեն անգամ՝ ավելի ու ավելի պակաս հաճույքով:
Մենք սպասում էինք, թե այդ ամենը ինչով է վերջանալու:
Ամռանը նա մեկնեց Չիտա՝ «Դաուրիայի» նկարահանումներին: Ու հանկարծ տեղեկացանք, որ եղբայրս պետական մեքենայով մարդ է գցել տակը: Այն էլ՝ սովետական բանակի սպայի: Մահացո՛ւ:
Ենթադրությունների ու գուշակությունների սարսափելի օրեր էին: Ամենահակասական լուրեր էին գալիս: Ասում էին, որ սպան էլ է խմած եղել: Չնայած դա նշանակություն չուներ, քանի որ մեռած էր…
Այդ ամենը թաքցնում էինք մորաքրոջիցս: Քեռիս մոտ չորս հարյուր ռուբլի հավաքեց: Ես պիտի թռչեի Չիտա՝ իմանալու մանրամասներն ու ինչ-ինչ խելամիտ գործողություններ ձեռնարկելու: Պայմանավորվելու հանձնուքի մասին, փաստաբան վարձելու…
– Ու եթե հնարավոր է՝ քննիչին կաշառելու,- հիշեցրեց քեռի Ռոմանը…
Սկսեցի պատրաստվել:
Ուշ գիշերով հնչեց հեռախոսի զանգը: Վերցրի լսափողը: Լռությունից դուրս լողաց եղբորս հանդարտ ձայնը…
– Քնա՞ծ էիր:
– Բո՜րյա,- գոռացի:- Ո՞ղջ ես: Քեզ չե՞ն գնդակհարել: Խմա՞ծ էիր…
– Ողջ եմ,- պատասխանեց եղբայրս,- ինձ չեն գնդակահարել… Ու հիշիրէ դժբախտ պատահար էր: Մեքենան վարելիս խմած չեմ եղել: Ամենաշատը չորս տարի կտան: Սիգարետները ստացա՞ր:
– Ի՞նչ սիգարետ:
– Ճապոնական: Գիտե՞ս, Չիտան սեպարատ պայմանագիր ունի Ճապոնիայի հետ: Ու էստեղ հրաշալի սիգարետներ են ծախում՝ «Հի լայթ»: Մի բլոկ ուղարկել եմ՝ ծնունդիդ: Չե՞ս ստացել:
– Չէ: Էդ կարևոր չի:
– Ո՞նց կարևոր չի: Արտակարգ սիգարետներ են,ամերիկյան արտոնագրով:
Բայց ես ընդհատեցի.
– Կալանքի տա՞կ ես:
– Չէ,- ասաց նա,- ինչի՞ համար: Հյուրանոցում եմ մնում: Քննիչը գալիս է ինձ մոտ: Անունը Լարիսա է: Էսպես լիքոտ… Ի դեպ, բարևում է քեզ…
Հեռախոսափողի մեջ կողմնակի կանացի ձայն լսվեց.
– Կու-կո՜ւ, ճուտի՛կ:
Հետո՝ նորից եղբայրս.
– Հեչ պետք չի, որ թռնես Չիտա: Դատը, կարծում եմ, Լենինգրադում կլինի… Մայրիկը գիտի՞:
– Չէ,- ասացի ես:
– Լավ է…
– Բո՜րյա,- գոռացի,- ի՞նչ ուղարկեմ: Դու երևի ահավոր վիճակում ես: Ախր մարդ ես սպանել: Մա՜րդ ես սպանել…
– Մի գոռա: Սպաները ստեղծված են զոհվելու համար… Ու, նորից եմ կրկնում, դժբախտ պատահար էր… Եվ գլխավորը՝ ո՞ւր են կորել սիգարետները…
Շուտով Չիտայից եկան պատահարի երկու չտուժած մասնակից: Այդպիսով պարզվեցին գործի մանրամասները: Ահա թե ինչ էր պատահել:
Ինչ-որ մեկի ծննդյան օրն էր: Նշում էին բնության գրկում: Բորյան եկել էր արդեն երեկոյան, պետական մեքենայով: Ինչպես միշտ՝ խմիչքը քչություն արեց: Հյուրերը նկատելիորեն քթները կախեցին: Խանութներն արդեն փակ էին:
Բորյան հայտարարեց.
– Գնում եմ արաղի: Ո՞վ է գալիս:
Քեֆը լավ էր: Փորձեցին չթողնել: Արդյունքում՝ երեք հոգի ընկերացան: Այդ թվում՝ մեքենայի վարորդը, որ քնեց հետևի նստիքին:
Կես ժամից խփեցին մոտոցիկլիստին, որ մահացավ առանց գիտակցության գալու:
Ուղևորության մասնակիցները հիստերիայի մեջ էին: Իսկ եղբայրս, հակառակը, սթափվել էր: Գործում էր հստակ ու վճռական: Այն է. համենայնդեպս գնաց ինքնաթոր օղու ետևից: Տասնհինգ րոպե տևեց: Հետո շռայլորեն հյուրասիրեց ուղևորության բոլոր մասնակիցներին: Այդ թվում՝ մի քիչ սթափված վարորդին: Սա նորից քնեց:
Միայն այդ ժամանակ եղբայրս զանգեց միլիցիա: Շուտով ժամանեց օպերատիվ մեքենան: Հայտնաբերվեց դիակը, ջարդված մոտոցիկլն ու չորս հարբած մարդ: Ընդ որում պարզվեց, որ եղբայրս ամենասթափն է:
Լեյտենանտ Դուդկոն հարցրեց.
– Ձեզանից ո՞րն է վարորդը:
Եղբարս մատնացույց արեց քնած վարորդին: Նրան խցկեցին օպերատիվ մեքենան: Մյուսներին տարան տներն ու գրանցեցին հասցեները:
Եղբայրս երեք օր թաքնվում էր, մինչև ալկոհոլը ցնդեց: Հետո մեղայականով ներկայացավ միլիցիա:
Վարորդն այդ ընթացքում, բնականաբար, սթափվել էր: Նրան պահում էին նախնական կալանքի խցում: Համոզված էր, որ հարբած վիճակում մարդ է գցել մեքենայի տակ:
Այստեղ հայտնվեց եղբայրս ու ասաց, որ մեքենան ինքն է վարել:
– Այդ դեպքում ինչո՞ւ մատնացույց արեցիք Յուրի Պետրովիչ Կրախմալնիկովին,- զայրացավ լեյտենանտը:
– Հարցրիք՝ ով է վարորդը, ես էլ պատախանեցի…
– Իսկ ո՞ւր էիք կորել երեք օր:
– Վախեցել էի… Շոկի մեջ էի…
Եղբորս դեմքի կեղծ ծամածռությունը փխրուն ներաշխարհ էր արտահայտում:
– Քո նմանը կվախենա, բա չէ՜,- չհավատաց լեյտենանտը:
Ապա հարցրեց.
– Հարբա՞ծ էիք:
– Բացարձակ,- պատասխանեց եղբայրս:
– Կասկածում եմ…
Բայց արդեն անհնար էր որևէ բան ապացուցել: Ուղևորության մասնակիցները երդվում էին, որ Բորյան չի խմել: Վարորդը գլուխն ազատեց ծառայողական նկատողությամբ:
Եղբայրս խելացի էր վարվել: Հիմա արդեն նրան հարբած վիճակում մեքենա վարելու համար չէին դատելու, այլ որպես դժբախտ պատահարի մեղավորի:
Քննիչ Լարիսան ասում էր.
– Նույնիսկ անկողնում շարունակում ես խաբել նախաքննությանը…
Մեկ շաբաթ անց նա հայտնվեց Լենինգրադում:
Մորաքույրս արդեն ամեն ինչ գիտեր: Լաց չէր լինում: Զանգեց գրողներին, որոնք գործ ունեին միլիցիայի հետ: Նույն գրողներին՝ Յուրի Գերմանին, Մետտերին, Սապարովին:
Արդյունքում՝ եղբորս ձեռք չտվին: Հանգիստ թողեցին մինչև դատը: Միայն չբացակայելու ստորագրություն վերցրին:
Շուտով եղբայրս եկավ ինձ մոտ: Հարցրեց.
– Դու Լենինգրադի մոտ ես, չէ՞, ծառայել: Գիտե՞ս ճամբարների տեղական համակարգը:
– Ընդհանուր առմամբ գիտեմ: Օբուխովոյում եմ եղել, Գոռլովոյում, Պիսկարյովկայում…
– Քո կարծիքով՝ լավ կլինի որտե՞ղ նստեմ:
– Կարծում եմ՝ Օբուխովոյում ռեժիմն ավելի մեղմ է:
– Մի խոսքով, պետք է գնալ ու ծանոթանալ…
Գնացինք Օբուխովո: Մտանք զորանոց: Խոսեցիքն օրապահի հետ: Պարզեցինք՝ ով է մնացել ծանոթ գերակետիկներից: Քիչ անց զորանոց վազեցին սերժանտներ Գոդերիձեն ու Օսիպենկոն:
Գրկախառնվեցինք: Նրանց ծանոթացրի եղբորս հետ: Հետո հարցրի՝ ով կա ճամբարի հին վարչակազմից:
– Կպպիտան Դերյաբինը,- պատասխանեցին գերակետիկները:
Կապիտան Դերյաբինին լավ էի հիշում: Համեմատաբար բարեհոգի ու անհեթեթ հարբեցող էր: Կալանավորները նրանից ծխախոտ էին թռցնում: Իմ ծառայության ժամանակ Դերյաբինը լեյտենանտ էր:
Զանգեցինք զոնա: Մի րոպեից Դերյաբինը հայտնվեց պահականոցում:
– Հա՜,- գոռաց՝ ինձ տեսնելով:- Սերյոգան՝ էստե՜ղ: Հապա տեսնեմ ինչի նման ես: Լսել եմ՝ գրող ես դառել: Ուրեմն կյանքի էս դեպքը նկարագրի: Իմ առանձնացված կետից մի զեկ թռել էր: Հանեցի, ուրեմն, սանտեղխնիկների բրիգադը առանձնացված կետ: Պահնորդ դրեցի: Բացակայում եմ՝ պուճուր կարիքի պահով: Հետո գան տեսնեմ՝ զեկերից մեկը չկա: Թռե՜լ է… Սոճին, ուրեմն, քաշել-կռացրել են: Զեկին մոնտաժայաին գոտիներով վերևից կապել ու բաց են թողել: Զեկն էլ թռչելիս արձակել է գոտին ու՝ վերջ: Թռել անցել էր համարյա գծանցից էն կողմ: Բայց մի քիչ սխալ էր հաշվել: Մտածել էր՝ փայտահատարանի մոտ ձյուների մեջ կիջնի: Բայց էնպես էր ստացվել, որ ընկել էր զինկոմիսարիատի բակը… Էս էլ քեզ զուտ գրական նրբություն. բռնելիս զինկոմիսարի քիթն էր կծել…
Դերյաբինին ծանոթացրի եղբորս հետ:
– Լյոխա,- ձեռքը պարզելով՝ ասաց կապիտանը:
– Բոբ:
– Էնպես որ, ասում եմ,- վատ չէր լինի կոկորդներս թրջեինք, հը՞…
Որոշեցինք զորանոցից տեղափոխվել մոտակա անտառակը: Գոդերիձեին ու Օսիպենկոյին էլ հրավիրեցինք: Պորտֆելից չորս շիշ «Հիպերիկօղի» հանեցինք: Նստեցինք տապալված եղևնու վրա:
– Դե, լավ բաների համար,- ասացին բանտապանները:
Հինգ րոպե անց եղբայրս արդեն գրկախառնվում էր Դերյաբինի հետ: Ու հետն էլ հարցուփորձ անում.
– Բարաքները լա՞վ են տաքացնում: Պահակաշները շա՞տ են: Հսկման խցային կա՞րգն է գործում:
– Չես կորչի,- վստահեցնում էին գերակետիկները:
– Լավ զոնա է,- պնդում էր Գոդերիձեն,- տեսքի կգաս, կհանգստանաս, աժդահա կդառնաս…
– Ծանութն էլ մոտ է,- լրացնում էր Օսիպենկոն,- գծանցից դենը… Սպիտակ, կարմիր, գարեջուր…
Կես ժամ անց Դերյաբինն ասում էր.
– Նստեք, տղե՛րք, քանի դեռ ողջ եմ: Թե չէ կարձակեն Լյոխա դերյաբինին, ու ձեր վերջը կգա… Գործիչներ կհայտնվեն՝ թերի բարձրագույն կրթությամբ… Այ էդ ժամանակ կհիշեք Լյոխա Դերյաբինին…
Բորյան գրեց նրա տան հեռախոսի համարը:
– Ես էլ քոնը գրեմ,- ասաց Դերյաբինը:
– Իմաստ չունի,- ասաց եղբայրս,- մի ամսից գալու եմ…
Էլեկտրագնացքում, երբ տուն էինք վերադառնում, ասում էր.
– Առայժմ էնքան էլ վատ չի:
Իսկ ես քիչ էր մնում լաց լինեի: Երևի «Հիպերիօղին» էր ազդել…
Շուտով սկսվեց դատը: Եղբորս պաշտպանում էր նույն փաստաբան Կիսելյովը: Ներկաները ժամանակ առ ժամանակ ծափահարում էին նրան:
Հետաքրքիր է, որ որպես պատահարի զոհ էր ներկայացնում ոչ թե հանգուցյալ Կորոբչենկոյին, այլ՝ եղբորս:
Ամփոփելով խոսքը՝ ասաց.
– Մարդու կյանքը լեռան ճանապարհ է հիշեցնում՝ բազմաթիվ վտանգավոր կեռմաններով: Դրանցից մեկը ճակատագրական եղավ իմ պաշտպանյալի համար…
Եղբորս նորից երեք տարի տվին: Հիմա արդեն՝ խիստ ռեժիմում:
Դատի օրը ծանրոց ստացա Չիտայից: Ծանրոցում տասը տուփ «Հի լայթ» ճապոնական սիգարետ էր:
Բորյայաին տարան Օբուխովո: Գրում էր, որ ճամբարը լավն է, իսկ պահնորդությունը՝ բավական մարդասեր:
Կապիտան Դերյաբինը խոսքի տեր մարդ դուրս եկավ: Բորյային նշանակեց հաց կտրելու: նախանձելի, նոմենկլատուրային պաշտոն էր:
Այդ ընթացքում եղբորս կինը հասցրեց աղջիկ ունենալ. ծնվեց Նատաշան: Մի անգամ նա զանգում է ինձ.
– Ընդհանուր տեսակցություն են թույլատրել: Եթե ազատ ես, միասին գնանք: Իմ համար, կրծքի երեխայի հետ, դժվար կլինի:
Գնացինք չորսով՝ մորաքույրս, Լիզան, երկու ամսական Նատաշան ու ես:
Օգոստոսի շոգ օր էր: Նատաշան ամբողջ ճանապարհին լաց էր լինում: Լիզան ջղայնանում էր: Մորաքրոջս գլուխը սկսեց ցավել:
Մոտեցան պահկանոցին: Հետո հայտնվեցինք տեսակցության սենյակում: Մեզնից բացի վեց այցելու կար: Կալանավորներից նրանց բաժանում էր ապակե արգելապատը:
Լիզան արձակեց երեխայի բարուրը: Եղբայրս չկար ու չկար: Մոտեցա հերթապահ գերակետիկին:
– Իսկ ո՞ւր է Դովլաթովը,- հարցնում եմ:
Նա կոպիտ պատասխանեց.
– Սպասե՛ք:
Ասում եմ.
– Զանգի օրապահին ու կանչի եղբորս: Լյոխա Դերյաբինին էլ կասես, որ ասել եմ՝ քեզ հուպ տա:
Հերթապահի փուքսը մի քիչ նստեց:
– Ես Դերյաբինին չեմ ենթարկվում, օպերին եմ ենթարկվում…
– Շո՛ւտ արա,- ասում եմ,- զանգի՛…
Այդ պահին հայտնվեց եղբայրս: Ճամբարայի գորշ արտահագուստով էր: Մեքենայով խուզած մազերը մի քիչ երկարել էին: Արևահարվել էր ու կարծես մի քիչ ձգվել՞
Մորաքույրս հրակնատի միջով նրան խնձորներ, երշիկ ու շոկոլադ փոխանցեց:
Լիզան դստերն ասում է.
– Տատո՛ւսյա, սա հայրիկն է: Տես՝ հայրի՜կը…
Իսկ եղբայրս միայն ինձ էր նայում: Հետո ասաց.
– Զզվելի շալվար ես հագել: Գույնն էլ ոնց որ քաքի գույն: Կուզե՞ս մի հրեայի հետ ծանոթացնեմ: Էստեղ՝ զոնում մի հրեա շշմելու շալվարներ է կարում: Ի դեպ, ազգանունը Պորտնով է: Լինում են, չէ՞, էդպիսի զուգադիպություններ…
Ես գոռացի.
– Ինչի՜ մասին ես խոսում: Էդ ի՜նչ նշանակություն ունի…
– Չնեղվես,- շարունակեց նա,- ձրի է: Փող կտամ, կտորը կառնես, իսկ նա կկարի… Հրեան ասում է «Քամակը մարդու դեմքն է»… Իսկ հիմա նայի քո… Էդ ի՞նչ ծալքեր են…
Ինձ թվաց ռեցիդիվիստի համար նա չափազանց պահանջկոտ է…
– Փո՞ղը որտեղից,- տագնապես մորաքույրս:- Գիտեմ, որ ճամբարում փող չի թույլատրվում:
– Փողը մանրէի պես է,- ասաց Բորիսը,- ուր ասես՝ կա: Կոմւոնիզմը կառուցենք, ամեն ինչ ուրիշ կերպ կլինի:
– Գոնե մի անգամ երեխայիդ նայի,- խնդրեց Լիզան:
– Տեսել եմ,- ասաց եղբայրս,- հրաշք աղջիկ է…
– Սնունդը ո՞նց է,- ասում եմ:
– Էնքան էլ… իշտ է, ես ճաշարան չեմ գնում: Գերակետիկներից մեկնումեկին ուղարկում եմ մթերային… Պատահում է՝ առնելու բան էլ չի լինում: Ժամը մեկից հետո արդեն երշիկ ու ձու չես ճարի… Հա՜, կործանեց Նիկիտան գյուղատնտեսությունը… Բայց ժամանակներ են եղել՝ Եվրոպա ենք կերակրել… Միակ հույսը մասնավոր հատվածքն է… Նէպի վերականգնումը…
– Կամա՜ց,- ասաց մորաքույրս:
Եղբայրս կանչեց հերթապահ գերակետիկին: Շշուկով ինչ-որ բան ասաց: Սա սկսեց արդարանալ: Մեզ խոսքի պատառիկներ էին հասնում:
– Բայց խնդրել էի, չէ՞,- ասում էր եղբայրս:
– Հիշում եմ,- պատասխանում էր գերակետիկը,- մի անհանգստանա: Տասը րոպեից Տոլիկն էստեղ կլինի:
– Բայց խնդրել էի, որ տասներկու երեսունին…
– Հնար չկար:
– Դի՛մա, կնեղանա՛մ:
– Բո՛րյա, դու ինձ գիտես: Ես էն մարդն եմ՝ որ խոստացա, կանեմ… Տոլիկը ուղիղ հինգ րոպեից կգա…
– Բայց մենք հիմա ենք ուզում խմենք:
Ես հարցրի.
– Ի՞նչ է պատահել: Ինչի՞ մասին է խոսքը:
Եղբայրս պատասխանեց.
– Էս գործիչներից մեկին օղու էի ուղարկել, իզութոզը չկա… Բարդակ է, ոչ թե զինվորական ստորաբաժանում:
– Քեզ կարցեր կնստացնեն,- ասաց Լիզան:
– Ինչի՞, կարցերում մարդիկ չե՞ն…
Երեխան նորից լաց եղավ: Լիզան նեղացավ: Եղբայրս նրան անուշադիր ու անտարբեր էր թվում: Մորաքույրս իրար հետևից դեղ էր կուլտալիս:
Տեսակցության ժամանակը սպառվում էր: Զեկերից մեկին համարյա ուժով տարան: Դուրս էր պրծնում ու գոռում.
– Նա՜դկա, բոզություն արիր՝ կսպանեմ: Կգտնեմ ու շան ծեծ կտամ… Էդ երաշխավորում եմ… Ու հիշի, լի՛րբ, Վովիկը սիրում է քեզ…
– Գնալու ժամանակն է,- ասացի ես:- Ժամանակն է:
Մորաքույրս շրջվեց: Լիզան փոքրիկին էր օրորում:
– Բա օղի՞ն,- ասաց եղբայրս:
– Դուք կխմեք,- ասում եմ:
– Ուզում էի քեզ հետ խմեմ:
– Պետք չի, էստեղ ի՞նչ խմոլ…
– Ոնց կասես… Իսկ էդ գերակետիկը, մեկ է, ձեռիցս չի պրծնի: Իմ համար մարդու մեջ գլխավորը պատասխանատվությունն է…
Հանկարծ հայտնվեց Տոլիկը՝ շիշը ձեռքին: Ակնհայտորեն շտապում էր:
– Ահա՛,- ասաց,- մեկ ու երեսուն էլ մանրը:
– Էնպես, որ տեսնող չլինի, տղե՛րք,- էմալապատ գավաթը Բորյային տալով՝ ասաց հերթապահը:
Եղբայրս արագ լցրեց: Եվ ամեն մեկս մի կում արեց: Այդ թվում և զեկերը, նրանց հարազատները, վերակացուները, գերակետիկները: Եվ ինքը՝ հերթապահը…
Մի անթրաշ, դաջվածքներով նախշված զեկ գավաթը բարձրացնելով ասաց.
– մեր մեծ հայրենիքի համար: Անձամբ ընկեր Ստալինի: Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի: Բոլոր ցամաքային հրանոթներից՝ կրա՛կ…
– Կեցցե Իմրե նադի թունդ հետադիմական հանցախումբը,- նրան միացավ երկրորդը:
Հերթապահը թոթվեց եղբորս ուսը.
– Կներես, Բո՛բ, ժամանա՛կն է…
Մենք հրաժեշտ տվեցինք իրար: Հրակնատի միջով սեղմեցի եղբորս ձեռքը: Մորաքույրս լուռ նայում էր որդուն: Լիզան հանկարծ լաց եղավ՝ արթնացնելով արդեն ննջող Նատաշային: Երեխան ձայնը գլուխը գցեց:
Մենք դուրս եկանք ու փորձեցինք տաքսի բռնել…
Անցավ մոտ մեկ տարի: Եղբայրս գրում էր, որ ամեն ինչ կարգին է: Հաց կտրող էր, իսկ երբ Դերյաբինը գնաց թոշակի, էլեկտրամոնտյոր դարձավ:
Հետո եղբորս գտավ ներքին գործերի վարչության ներկայացուցիչը: Ճամբարների մասին պատմող վավերագրական ֆիլմ նկարելու որոշում էր կայացվել: Այն մասին, որ սովետական ճամբարներն ամենամարդասիրականն են աշխարհում: Ֆիլմը նախատեսված էր ներքին օգտագործման համար: Անվանումը չոր էր՝ «Խիստ ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութների հսկողության մեթոդները»:
Եղբայրս շրջում էր հեռավոր ճամբարային կետերով: Նրան պետական «ԳԱԶ-61» մեքենա էին տվել: Համապատասխան սարքավորում: Մշտապես երկու պահնորդ էին ուղեկցում՝ Գոդերիձեն ու Օսիպենկոն:
Եղբորս հաջողվում էր հաճախ տուն գալ: Մի քանի անգամ այցելեց ինձ:
Ամռանը ֆիլմը պատրաստ էր: Եղբայրս միաժամանակ կինոօպերատորի, ռեժիսորի ու հաղորդավարի գործառույթներ էր կատարում:
Հունիսին դիտումն էր: Դահլիճում գեներալներ ու գնդապետներ էին նստած: Ֆիլմի քննարկման ժամանակ գեներլ Շուրեպովն ասաց.
– լավ նկար է, պետքական… «Հազար ու մի գիշերվա» պես նայվումէ…
Բորյայաին գովեցին: Սեպտեմբերին պատրաստվում էին ազատել:
Ես վերջապես որսացի եղբորս բնավորության ամենագլխավոր գիծը: Նա բնազդային էկզիստենցիալիստ էր: Կարող էր գործել միայն սահմանային վիճակներում: Կարիերա անել միայն բանտում: Հանուն կյանքի պայքարել միայն անդունդի եզրին…
Վերջապես նրան ազատեցին:
Սրանից հետո ստիպված եմ կրկնվել: Մորաքույրս զանգեց Յուրի Գերմանին: Եղբորս որպես սևագործ բանվոր աշխատանքի վերցրին վավերագրական ֆիլմերի ստուդիայում: Երկու ամիս անց ձայնագրող օպերատոր էր: Իսկ կես տարուց՝ մատակարարարման բաժնի պետ:
Մոտավորապես այդ օրերի ինձ վերջնականապես ազատեցին աշխատանքից: Պատմվածքներ էի գրում ու ապրում մայրիկի թոշակով…
Երբ մորաքույրս հիվանդացավ ու մահացավ, նրա թղթերում մի գորշաչյա հմայիչ տղամարդու լուսանկար գտան: Կիրովի տեղակալն էր՝ Ալեքսանդր Իվնովիչ Ուգարովը: Նման ր եղբորս: Չնայած՝ շատ ավելի ջահելատես:
Բորյան առաջ էլ գիտեր՝ ով է հայրը: Հիմա դրա մասին բացահայտ խոսեցին:
Եղբայրս կարող էր փնտրել ազգականներին: Բայց չուզեց: Ասաց.
– Դու կաս, ու էլ ոչ ոք ինձ պետք չի…
Հետո միտք արեց ու ավելացրեց.
– Տարօրինակ է: Ես կիսով ռուս եմ: Դու՝ կիսով հրեա: Բայց երկուսս էլ գարեջրով օղի ենք սիրում…
Յոթանասունինը թվին ես որոշեցի վտարանդվել: Եղբայրս ասաց, որ չի գա:
Նորից սկսել էր խմել ու տոիրուդմփոց սարքել ռեստորաններում: Նրան սպառնում էր աշխատանքից ազատումը:
Կարծում եմ՝ նա կարողանում է ապրել միայն անազատության մեջ: Ազատության մեջ թուլանում ու նույնիսկ հիվանդանում էր:
Վերջին հանդիպմանը ասացի.
– Գնա՛նք:
Անտարբեր ու տխուր արձագանքեց.
– Էդ ամենը իմ համար չի: Պիտի անցնես ատյաններով: Բոլորին պիտի համոզես, թե հրեա ես… Անհարմար եմ զգում: Այ եթե խումարի մեջ, միանգամից… աչքդ թարթեցիր ու Կապիտոլիումի բլրին ես…
Օդանավակայանում եղբայրս լաց եղավ: Ըստ երևույթին ծերացել է: Բացի այդ, մեկնելը միշտ ավելի հեշտ է, քան մնալը…

Չորրորդ տարին է՝ ապրում եմ Նյու Յորքում: Չորրորդ տարին է՝ ծանրոցներ եմ ուղարկում Լենինգրադ: Ու հանկարծ՝ բանդերոլ այնտեղից:
Փոստատանը բացեցի: Տրիկոտաժե երկնագույն ֆուֆայկա էր՝ Օլիմպիական խաղերի խորհրդանշանով: Մեկ էլ՝ կատարելագործված կառուցվածքով մետաղյա ծանր խցանահան:
Մտածեցի՝ ի՞նչն է եղել ամենաթանկը իմ կյանքում: Ու հասկացա՝ չորս կտոր շաքարը, ճապոնական «Հի լայթ» սիգարետները, երկնագույն ֆուֆայկան և ահա այս խցանահանը…

Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *