Արամ Խաչատրյան | Ինչով ա տարբերվում չիչխանը ադրենալինից

(Պատմվածք «Դեպի արևն էին գնում» պատմվածքավեպից)

Երկու դարակների չխկոցից ու դրանց հաջորդած «վա՛յ, բոզ ինիմ»-ից հասկացա, որ խմիչքը պրծել ա:
– Յաշա՛, հեչ բան չկա՞:
Ինչ-ինչ պատճառներով ղարաբաղցիների մոտ ռուսական անունները շատ տարածված են:
– Ա դե չէ՛, լի՛:
– Մի շիշ ջին կար:
– Խի նո՞ր ենք խմալ:
– Ձև չի՝ ոչ մի բան չլինի:
– Ա դե՛, եկ նայի՛:
Ես բազմոցից կանգնելու հավես ընդհանրապես չունեմ:
– Լավ, ասա՝ ի՞նչ անենք: Փող կա՞, գնանք առնենք:
– Կա ոչ:
– Ուրեմն չխմեցինք էլ:
– Ըը՜մ, Ռո՛բ,- մի պահ դադար տվեց, ես ծխի ու շուտվանից ալկոհոլից մթագնած ուղեղիս արանքով փորձեցի դեմքին նայել,- եկ քյանք:
– Ո՞ւր:
– Ծաղկաձոր:
– Լավ չե՞ս: Յաշա՛, գնանք Ծաղկաձոր՝ ի՞նչ անենք:
– Ծաղկաձոր հընգեր օնիմ: Հերը չիչխանի արաղ ա սարքում: Հիմի մինակ ա տանը: Հերը խոպան ա, մերն էլ Երևանում գործի ա:
– Ո՞ւ: Արաղի խաթր հասնենք Ծաղկաձո՞ր:
– Ա ԴԵ՛, ԱՍՈՒՄ ՈՒՄ՝ ՉԻՉԽԱՆԻ ԱՐԱՂ Ա:
– Ա՛յ տղա, խելքդ հե՞տ ես տվել: Ինչո՞վ ենք գնալու:
– Եկ, եկ իմ մաշինով կքինյանք, ե՛ր կաց: Մեջի գազը հերիք կանի:
– Քո քսանմեկով մենք սկի Քանաքեռ չենք հասնի:
– Է՞շ ըս: Մաշինովս Ղարաբաղա ստի մինակս եկալ ըմ, ստիան Ծաղկաձոր քեզնա հետ չո՞ւմ քինա:
Ես մտածեցի, որ ինչ էլ անեմ, հաստատ ավելի լավ ա, քան թլֆած տանը մնալը: Համ էլ ճանապարհին միշտ բաներ են լինում: Տասը րոպե հետո ես ոտքերս ծալած նստած էի սև քսանմեկի մեջ.
– Ստեղից Ծաղկաձոր մի քառասուն կիլոմետր ա: Գազը կա: Սիգարետը կա: Քշի՛:
Մի քանի բան պատմեմ Յաշայի մասին: Սովորական տղա էր: Իմ ու շատ շատերի պես: Բոլորը գիտեին, որ Յաշայի մաման ամենալավ հարսն ա, ամենահամով ժենգյալն ա սարքում, ու լավաշն էլ մոտը միշտ թարմ թխած ա: Հայրը հարգանք ունեցող ու մեծ անունով հովիվ էր: Վատ չէին ապրում ու դժգոհելու պատճառ չունեին: Բայց պատերազմը միշտ անսպասելի ա գալիս: Առաջին անհանգսությունները սկսվեցին, ու պարզվեց, որ նորածին Յաշայի մայրը մի մեծ խնդիր ունի. ազգանունը հայկական չէր, ավելին՝ հակահայկական էր՝ Ազիզբեկովա: Ծնողները որոշեցին, որ երեխային հայրն ավելի անհրաժեշտ ա, քան մայրը: Ազիզբեկովան անցավ մյուս կողմ: Յաշան ու հայրը մնացին, պիտի շարունակեին ապրել մենակ, իրարով: Բայց արդեն ասեցի, պատերազմը միշտ անսպասելի ա գալիս, գրադն էլ միշտ մի բան կործանում ա: Հորից Յաշային մնաց սև քսանմեկը ու կիսաքանդ տունը, մորից էլ քիթը, աչքերն ու յոթ մատները, մնացածը բեկորներից կտրվել էին, երբ տան պատերը ապակու պես փշրվում էին: Յաշան էդ առիթով ասում էր. «Ամենաուրախն էն ա, որ ուզնամ էլ, կարիլ չում պսակվիմ. կալցոն դնելու մատ չունիմ»:
Ճանապարհը սև էր, ու իմ քունն էլ տանում էր, բայց զգացի, որ Յաշան ճանապարհը չգիտի, ու մենք հանգիստ կարանք մեր իսկ երկրում կորենք: Քունը թափ տվեցի աչքերիցս, հասկացա, որ արդեն կորել ենք:
– Ապե՛, ո՞ւր ես քշում:
– Քշում եմ, լի՛:
– «Քշում եմ, լի՛»-ն ո՞րն ա, Յաշա՛, ջհանդամի գյոռն ես քշում:
– Ա դե՛, գնում ենք, լի՛, դու քնի՛:
Յաշան անհայտ պատճառներով միշտ խոսքը ձեռքի ինչ-որ շարժումներով ա ուղեկցում:
– Ա՛յ տղա, ո՞ւր ես քշում:
– Ա դե՛, գյուդում չում, լի՛: Է՞ս էիր ուզում սկանայիր, գյուդում չում:
Վա՛յ Յաշա, ես քո եմիշ գլուխը:
– Զանգի՛ էդ ընկերոջդ, ասա՛, որ ճամփեն չենք գտնում:
– Կրնամ չում:
– Խի՞:
– Հեռախոսս յոր չում ըրալ:
– Այսի՞նքն: Մենք ճանապարհ ենք ընկել, դու սկի հեռախոսդ չես վեցրե՞լ: Ո՞նց կարայիր մոռանայիր, ասենք, հո դու ո՞ւլ չես:
– Լավ-լա՜վ, սկացա, համարը հիշում ում, քո հեռախոսը տո՛ւր՝ զանգ տամ:
– Ես էլ եմ մոռացել:
Մի քանի վայրկյան լռություն էր: Մենք հանգիստ մտքում իրար էինք հայհոյում, ես սիգարետ կպցրեցի՝ հույսով, որ մի միտք գլխումս կհայտնվի: Մեկ էլ ճանապարհին՝ մայթի վրա նստած երեքից չորս երեխա տեսա, ամենամեծը երևի տասներկու տարեկան կլիներ:
– ՅԱ՛Շ, ԿԱՆԳՆԻ՛:
– Հի՞նչ, հի՞նչ ա իլյալ:
– Սպասի՛, մեկ էլ տեսար, էս էրեխեքը ճամփեն իմանան:
Յաշան հետևիցս դժգոհության նշաններ ցույց տվեց, բայց ես էլ չէի լսում. մեքենայի դուռը փակել էի: Քայլեցի էրեխեքի մոտ: Պպզել էին խոտերի մեջ ու օղի էին խմում՝ թթու վարունգով, իհարկե: Պիտի ասեի. «Էրեխե՛ք, ի՞նչ գործ ունեք գիշերվա չորսին մայրուղու վրա, հետն էլ արաղով»,- բայց դաստիարակչական աշխատանքի հավես ու օյաղություն չկար.
– Բարի գիշեր:
Մեջներից մեծոտը կանգնեց.
– Բարիգուն, ախպե՛րս:
– Էս ի՞նչ եք անում բա:
– Խմում ենք, ապե՛, հյուրասիրվի:
– Չէ՛, մերսի: Ստեղից Ծաղկաձոր ո՞նց ենք գնում:
Ինչ-որ մեկը նստած տեղից քմծիծաղ տվեց.
– Նայ ուրեմն, ախպե՛րս, ուղիղ սենց գնում ես ու հասնում ես մի հատ կՈլցԱվոյի…
– Ինչի՞:
– ԿՈլ-ցԱ-վո-յի:
Ինձ մի քանի վայրկյան պետք եկավ, որ հասկանամ՝ ինչի հետ ա:
– Լավ, հետո՞:
– Էդ կալցեվոյից աջ ես թեքվում ու դուզ դեմդ մի հատ բՈզառ ա:
– Ի՞նչ ա:
Տղան ճպպացրեց ու ասեց.
– ԲՈզառ, բՈզառ:
– Լավ, հասկացա:
– Էդ բազառից ել ուղիղ գնում ես, հասնում ես Ծաղկաձոր:
– Մերսի:
– Հաստա՞տ չես ուզում մի բաժակ խմես:
– Չէ՛, լավ ա:
Շուռ եկա ու գնացի դեպի մեքենան, ճանապարհին էլ մտածում էի. «Ախր էս լակոտները վաղը դպրոց պիտի գնան»: Նստեցի մեքենան, նայեցի Յաշային ու տեսա, որ քնել ա:
– Հե՜լ, ա՛յ շաշ:
Թպրտաց ու աչքերը բացեց:
– Հի՞նչ ա իլյալ:
– Բան չի իլյալ: Քշի ուղի՛ղ, հեսա հասնելու ենք կՈլցԱվոյի:
– Հինչի՞:
– Քշի՛, քշի՛, ես կասեմ:
Չեմ հիշում՝ ինչքան ժամանակ անց հասանք տեղ: Սեփական տուն էր, սովորական տուն, սովորական գյուղական տուն: Յաշան դուրս եկավ մեքենայից ու սկսեց քարեր շպրտել դարպասին: Մոտ վեցերորդ քարից հետո բակի լույսը վառվեց, տան դուռը բացվեց ու ինչ-որ մեկը գոռաց.
– Ո՞վ ա:
– Ես եմ, ես:
– Խի դու ո՞վ ես:
– Ա դե՛, Յաշան ա, դուռը բաց:
Ընկերոջը, անգամ քունը գլխին, հիշելու համար տարօրինակ երկար լռությունից հետո տղան ասեց.
– Հա՛, հա՛, լավ, սպասի:
Դարպասը բացվեց ու դիմացներս ներքնաշորով, ամենաշատը տասնհինգ տարեկան տղա կանգնեց.
– Յաշա՛, էս գիշերով կարայիր զգուշացնեիր, որ գալիս ես:
Հետո տղան նայեց ինձ ու ասեց.
– Բարև ձեզ:
– Բարև, բարև:
Յաշան մտավ խոսակցության մեջ.
– Հնգերս ա: Եկալ ընք պախանիտ չիչխանի արաղը խմինք:
– Հա՛, լուրջ գործ ա: Դե եկե՛ք, նե՛րս մտեք, ինչ ասեմ:
Տղան պտտվեց ու գնաց, մենք էլ՝ հետևից: Էդ ընթացքում ես հասկացա, որ Յաշան մի քանի բան պիտի պարզաբանի:
– Ապե՛, էս քո «հնգերը» քանի՞ տարեկան ա:
– Տասնվեց:
– Պարզ ա, պարզ ա:
– Ասում ես, հանց թա դու էդքան չես էղե:
– Էդ տարիներ առաջ էր: Հա՛, լսի հլը, բա խի՞ քեզ տենց ուշ տեղը բերեց:
– Դե՜, վերջին անքյամ մին տարի առաջ ա ինձի տեսալ:
– Բա դրանից առա՞ջ:
– Դրանից առաջ տեսած չի ինձի: Մին տարի առաջ ձեդոխին հետ ուրանց տանը քեֆի էինք, տի ալ ծանոթացալ ունք:
Աշխա՞րհն ա կամաց-կամաց խելքը գցում, թե՞ մենակ ինձ շրջապատող մարդիկ: Մեկը գիշերվա կեսին անծանոթ մարդու դուռ ա ծեծում, որ օղի խմի, մյուսն էլ էդ դուռը բացում ու ներս ա թողնում:
Մտանք: Տան պատերը նման էին Բրեժնևին, երբ արդեն ծանր հիվանդ էր: Երևի հենց էդ ժամանակ էլ վերանորոգվել ու մնացել էին: Հատակը… հատակ ուղղակի չկար, այսինքն՝ բետոն էր, բետոն՝ հին ու մաշված խալիով ծածկած: Ճարս կտրած՝ նստեցի բազմոցին, ն ինչ-որ զսպանակ մտավ հետևս: Ես հասկացա, որ ամեն անզգույշ շարժում կարող է աղետի վերածվել: Դանդաղ մի քիչ վեր բարձրացա, զսպանակը հետս բարձրացավ: Որոշեցի կտրուկ կանգնել: Վեր թռա ու երևի խփնվածի նման սկսեցի միմիկայով ցավ արտահայտել:
– Վա՜յ, մոռացել էի ասեմ: Ըտեղ մի հատ պռուժին կա, հա դուրս ա գալիս:
– Ոչինչ, նորմալ ա:
Յաշան, ձեռքերն իրար շփելով, տեղում վեր թռավ ու…
– Դե պատմի՛, լի՛, հո՞ւնց ըս:
– Լավ եմ, լավին մոտ:
– Պախանը հո՞ւնց ա:
Տղան, ժպիտը դեմքին, գլխի նշանով ցույց տվեց, որ Ղարաբաղի բարբառը լավ չի հասկանում:
– Ուզում ա ասի՝ պապադ ո՞նց ա:
– Հա՜, լավ ա, լավին մոտ: Երևի: Ինչքան ժամանակ ա՝ հետը չեմ խոսացել: Գիտես, աշխատում ա: Մաման էլ ա լավ, մամայի հետ շուշուտ եմ խոսում, ինքը Երևանում ա: Ամեն ամիս երկուսն էլ փող են ուղարկում: Էս տեմպերով բոլոր վարկերը կփակենք: Չէ՛, մի՛ անհանգստացեք, քնից չհանեցիք, վերջերս լավ չեմ քնում:
– Դե լավ ա, լի՛, լավ ա:
– Ինձ կներեք, ուտելու բան չկա, գործից եկա, էլ հավես չունեի՝ բան սարքեի:
– Նորմալ ա: Մունք եկալ ընք արաղ խմինք:
– Պապայի արաղի՞ց: Հեսա բերեմ:
Յաշայի աչքերը լայնացան, ժպիտը հասավ Բաքու:
– Չէէէ՜, դու տեղն ասա, մունք կբերինք:
– Չեմ հիշում, կա՛մ սառնարանում ա, կա՛մ էլ պադվալում:
Որոշեցինք բաժանվել, Յաշան գնաց պադվալ, ես գնացի խոհանոց: Սառնարանը բացեցի՝ տորիչելյան դատարկություն, փակեցի: Հետ եկա հյուրասենյակ: Ժպտալով նայեցի տղայի դեմքին:
– Ապե՛ր, մոռացա հարցնեմ, անունդ ի՞նչ ա:
– Արման:
– Ռոբ: Ուրախ եմ:
Յաշան, երեք շիշ ձեռքը, մտավ ներս:
– Նստե՛ք դե, լի՛: Բաժակները ո՞ւր ա:
– Հեսա բերեմ:
Արմանը գնաց խոհանոց ու, երկու բաժակ ձեռքը, եկավ:
– Էս բա դու չե՞ս խմելու:
– Չէ՛, ես չեմ խմում, կյանքում չեմ խմել:
Ժպիտը էս տղայի դեմքից չի կորում, ինչ եկել ենք, մի բան հաստատ էն չի:
– Հո՞ւնց թա խմում չըս: Քեզնա համար բաժակ բեր: Խմում ըս:
– Չէ՛, չէ՛, ես չեմ խմում:
– Խի՞ չես խմում, Արմա՛ն ջան:
– Հլը շուտ ա, ժամանակը չի, կխմեմ մի օր, էլի՛:
– Դու քանի՞ տարեկան ես:
– Տասնվեց:
Յաշան վրդովված աղաղակեց.
– Ասում ա՝ շուտ ա, ժամանակը չի:
Ես ձեռքով Յաշային նշան արեցի, որ սուս մնա ու նստի տեղը:
– Արմա՛ն ջան, քո ժամանակը եկել-անցել ա արդեն: Ես չեմ ասում, որ տասնվեցում խմելը լավ բան ա, բայց բոլորս էդ տարիքից ենք սկսել: Համ էլ, մենք հյուր ենք քո տանը, եկել ենք կոնկրետ սրա համար, մի քիչ սիրուն չի լինի, եթե հետներս գոնե մի բաժակ չխմես:
– Համ էլ, որ մի բաժակ խմիս, կեթաս լա՛վ քոն կինիս:
– Ինչ կանե՞մ:
– Քոն, քոն:
– Ո՞ւմ:
– Չէ՛, չէ՛, Արմա՛ն ջան, ուզում ա ասի, որ հանգիստ կքնես: Ու հետն էլ, հա՛, ալկոհոլը իմաստության ու առողջության աղբյուր չի, բայց եթե մի բաժակից մեռնես, դու հաստատ առաջինը կլինես:
Արմանի ժպիտը մի պահ կորավ, հետո ավելի լայնացավ.
– Լա՜վ, լա՜վ, մի բաժակ, ավել չէ:
Չիչխանի օղին սարքում են էնպես, ինչպես մնացած բոլոր օղիները՝ էն տարբերությամբ, որ չիչխանինը շատ ավելի համով ա, քան էն ամենն, ինչ դուք երբևէ խմել եք: Երեք բաժակ լցվեց: Նայեցինք իրար դեմքի, բառերն իմաստ չունեին: Խմեցինք: Արմանը խառնվեց իրար, սկսեց արագ արտաշնչել: Մի կտոր բան էի ման գալիս, որ ուտեր ու մարդանմանվեր, բայց բան չկար: Մի քանի րոպե հետո Արմանը հետ եկավ: Հա՛մ Արմանը, հա՛մ ժպիտը:
– Հը՞, լա՞վն էր:
– Չէ՛, չէ՛: Հեչ լավը չէր:
– Մի բաժակ է՞լ:
– Հա՛:
Մտածում էի, որ մի բաժակ էլ, ու Արմանը հունի մեջ կընկնի, մի բաժակ էլ, ու կսկսի: Բայց մի բաժակ էլ… ու Արմանը պրծավ:
– Արմա՞ն… Արմա՛ն:
– Էս բալամը մեռա՞վ:
– Ա՛յ տղա, էս ի՞նչ եղավ քեզ:
Ես սկսեցի ապտակել աջից ու ձախից, բայց աչքերը փախած էին, ու ձեն չէր հանում: Տեսնես դատարանը ի՞նչ կորոշի: Արմանը վեր թռավ: Նայեց մեր դեմքին ու ընկավ գետին: Առաջին բանը, որ մտքիդ գալիս ա, հանկարծ լեզուն կուլ չտա: Ես ընկա վրան ու մատներով լեզուն պինդ բռնեցի: Սուր ցավից հասկացա, որ ձեռքս կծում ա: Ասում են՝ մարդու մատը կծել-պոկելու համար ճիշտ էնքան ուժ ա պետք, ինչքան գազար կծելու համար: Էդ փաստը իհարկե վախացնում ա: Ես միշտ աշխատում եմ խուսափել կոնֆլիկտներից, բայց էս էդ դեպքը չէր: Ձեռքս ինչքան կարայի ձգեցի ու բռունցքով խփեցի դնչին: Ատամներն առանձնացան, տեսա բերանն արյուն ա լցվել, մտածեցի, որ ատամներից մեկը գցել եմ: Հետո հասկացա, որ մատներիցս ա արյուն գալիս: Հիասթափվեցի:
Արմանն առաջվա պես գետնին ջղաձգվում ա, իսկ Յաշան՝ գոռում.
– ԷՍ ԲԱԼԱՄԸ ՄԵՌՆՈՒՄ Ա: ԷՍ ԲԱԼԱՄԸ ՄԵՌՆՈ՜ՒՄ Ա, ՄԵՌՆՈ՜ՒՄ Ա: Հի՞նչ անինք, Ռո՛բ:
– ՏՈ ԴԵԲԻ՛Լ, ԲԺԻՇԿ ԿԱՆՉԻ:
– Հեռախոս չօնինք:
– Քաղաքայինով զանգի:
– Հո՞ր ա:
– Հեսա, աջ ջեբս ա, արի հանի՛:
Յաշան մոտեցավ ինձ:
– Տո դաո՛ւն, ջեբս չի, ես շատ իմանամ՝ ուր ա, ստե մի տեղ պիտի լինի, էլի՛:
Մինչև Յաշան վտանգավոր ու անկառավարելի վազում էր սենյակի մի անկյունից մյուսը, ես հեռախոս գտա ու զանգեցի շտապօգնություն: Կապի մյուս կողմից ինչ-որ սեքսուալ ձայն ասեց. «Դուք չէք կարող զանգահարել պարտքերի պատճառով»,- կամ նման մի բան, լավ չեմ հիշում:
Ես հիշեցի, որ նման դեպքերում ադրենալինը օգնում ա: Դրա մասին հոդված էի գրել՝ «Ադրենալին. և ինչու այն չի կարելի ներարկել տնային պայմաններում» կամ նման մի բան, լավ չեմ հիշում: Ես հետ եկա ու ծնկեցի Արմանի ամեն պահ դիակի մոտ: Յաշան վերևից նայում էր վրաներս.
– Հը՞, Ռո՛բ: Մեռնո՞ւմ ա բալամը:
– Երևի: Կարելի ա մի բան անել, բայց ես ստե ադրենալին որտեղի՞ց գտնեմ:
– Ես օնիմ:
Աչքերս մի տեսակ թռվռացին:
– Ո՞նց ունես:
– Հա՛, մաշինիս ապտեչկումը պահում եմ:
– Քո քսանմեկում սկի ռեմեն չկա, բայց ապտեչկեդ լիքն ա, հա՞:
– Հա՛, բա հո՜ւնց:
Երկու վայրկյանին մոտ նայում ա դեմքիս:
– Ի՞ՆՉ ԵՍ ՎՐԵՍ ՆԱՅՈՒՄ:
– Բա հի՞նչ անիմ:
– ԱՐԱ՛, ԳՆԱ ԱԴՐԵՆԱԼԻՆԸ ԲԵ՛Ր:
– ՄԻ՛ ԳՈՌԱ:
– ՏՈ ԱՆԱՍՈ՛ՒՆ, ՎԱԶԻ ԲԵ՛Ր:
Յաշան գնաց: Արմանը մեկումեջ գվվում ա: Ես շոշափեցի զարկերակը ու հասկացա, որ ավելի վատ ամեն ինչ դժվար թե լինի: Յաշան հետ եկավ, ադրենալինը տվեց ձեռքս: Ես բացեցի ու ինստինկտիվ պատրաստեցի ներարկիչը:
– Գիդո՞ւմ ըս՝ հինչ պիտի անիս:
– Հա՛, բա ոնց, սաղ օրը աջ ու ձախ ադրենալին եմ սրսկում, Տարանտինոն դեմս քաք ա կերե… ՉԷ՛, ԻՀԱՐԿԵ ՉԳԻՏԵՄ: Էն կոմ գնա՛, մի՛ խանգարի:
Ձեռքս իջավ, ասեղը խրվեց, Արմանը վեր թռավ:
Արմանին գրկած մտցրինք մեքենան: Մինչև հասանք հիվանդանոց, լույսը բացվել էր արդեն: Ես, մատներս բինտած, մուտքի մոտ կանգնել ու ծխում էի: Բժիշկը դուրս եկավ:
– Ես դժվարանում եմ ձեր ընկերոջը հասկանալ, Ղարաբաղում չեմ եղել կյանքում, ավելի լավ ա՝ ձեր հետ խոսամ:
– Լսում եմ: Նորմա՞լ ա ամեն ինչ:
– Հա՛, հիմա լավ ա, մաքրեցինք օրգանիզմը:
– Բժի՛շկ, բայց մի բաժակ օղուց նման բան լինո՞ւմ ա:
– Լինում ա, կարա լինի, եթե էպիլեպսիայի դեմ դեղեր ես ընդունում:
Ես գցեցի սիգարետս ու մտածեցի, որ ամեն մանրուք ահռելի դեր խաղաց էս ամեն ինչում: Բայց բանը նրանում չի, որ, եթե Արմանի ծնողները ստիպված չլինեին խոպան գնալ ու Արմանն էլ ստիպված չլիներ աշխատել, որ պարտքեր փակեն, էս ամենը չէր լինի: Հարցը նրանում չի, որ Արմանը ամաչեց մեզ ասել, որ էպիլեպտիկ ա: Հարցը նրանում չի, որ, եթե հեռախոսը պարտքերի պատճառով անջատված չլիներ, ու ես շտապօգնություն զանգեի ու սպասեի մինչև գան, Արմանը կմեռներ: Հարցը անգամ նրանում չի, որ բժիշկը էպիլեպսիայի դեմ դեղեր նշանակելուց հաստատ ասել էր, որ ալկոհոլ չի կարելի խմել, որ կարա մահացու լինի: Հարցն ընդհանրապես դրանում չի:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *