Հայ-Սայ-Ֆայ 4 | Ինչու՞ չկա հայ-սայ-ֆայ

«Չինաստանում ցանկացած միտք, որը համարձակվում էր թևեր առնել, միանգամից ետ էր փշրվում գետնին: Իրականության ձգողականության ուժը չափազանց ուժեղ է»։
 Լյու Ցյըշին, «Երեք մարմնի խնդիրը»

Գիտագեղարվեստական գրականության տարբերանշաններից ամենաուշագրավն իր ընթերցողն է։ Ղուրանից բացի, որևիցե այլ ժանրի գործ չունի մոլի երկրպագուների այն նյարդն ու նվիրումը, որին արժանանում են գիտաֆանտաստիկ հաջողված գրքերը։ Սա այն պարագայում, երբ գրահրատարակչական իսթեբլիշմենթը ժանրի նկատմամբ միշտ էլ ունեցել է իր վերապահումները՝ արվեստի այս տեսակը բնութագրելով բովանդակային կամ ոճական առումով որպես ավելի ցածրագակարգ ու անլուրջ։

Դրան զուգընթաց, սակայն, ժանրի նվիրյալ գրողներին ու կարդացողներին գրական «լուրջ» համայնքը չի կարողացել ետ պահել անհամեմատ ավելի եռանդուն ու մասնակցային ընթերցափորձից: Գիտական ֆանտաստիկայի շուրջ հավաքվածների նեղ շրջանակներում ճխտվում են ուխտյալների պատրաստակամ ու երբեմն խփնված զորքերը՝ ֆենդոմները. ինքնամոռաց ընթերցասերների այսպիսի հավատարիմ խտություն որևէ այլ «լուրջ» ժանր չունի։

Հենց դրա պատճառով է ի սկզբանե արվեստի այս տեսակում գոյացել գրողի և ընթերցողի ավելի սերտ շփում և առանձին ենթամշակույթ՝ սեփական ժարգոնով, սերնդե սերունդ փոխանցվող տարվածությամբ։ Հենց այդ պատճառով է նաև, որ Հայաստանում, չնայած ժանրի (գրեթե) չլինելուն, կան մարդկանց խմբեր, ովքեր կարդում, գրում, հավաքվում, կռվում, բարիշում, ֆիլմեր են դիտում, քննարկումներ են կազմակերպում ժանրի շուրջ։

Հայալեզու գիտաֆանտաստիկ և ֆենթզի ժանրերի չլինելիության հնարավոր պատճառների ու հայալեզու գիտագեղարվեստական ու ֆենթըզի կարճ պատմվածքների հավաքատեղիի՝ ԱրմՔոնի մասին խոսել ենք տեղական ֆանատներից երեքի հետ։

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Արման Գասպարյանին սոց ցանցերում արդեն պիտակում են որպես հայսայֆայի «ուստա», որը պարբերաբար կիսվում է ժանրի շուրջ աշխարհում տեղի ունեցող նորությունների մասին սեփական վերլուծություններով, ինչպես նաև ՖԲ ստատուս-պատմվածքներով, որտեղ հայերեն ժարգոնի համն ու հոտը, կարծրատիպային կերպարները մտնում են գալիք ապագաների, հեռու տիեզերքների, արհեստական բանականությունների կենցաղ։

 

Ֆրունզ Հարությունյանը 2007-2008 թվականներին իր համախոհ Ստեփան Սմբատյանի հետ ստեղծեց ԱրմՔոնը՝ որպես միասին երազելու համար նախատեսված գրական հարթակ։ Աշխարհահռչակ, արցախյան արմատներ ունեցող ռուս գրող Նիկ Պերումովի հետ գրական ֆորումում տեղի ունեցած հանդիպումից ոգևորված՝ Ֆրունզը փորձեց ներկրել ժանրի շրջանակներում գրական մրցույթների ավանդույթը։

Վահե Ղուկասյանն անցած տարի խոսեց հայալեզու գիտաֆանտաստիկ գրականության մասին Բուն TV-ով, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում նա նպաստել է ԱրմՔոնի գործունեությանն ու զագացումներին։

 

Լուսինե. Ինչ եք կարծում, ինչու՞ չունենք հայալեզու գիտագեղարվեստական գրականություն։

Արման. Առաջինը, Հայաստանում չկա սպեկուլյատիվ գրականություն։ Հայ գրականությունը պատմականորեն բաց է թողել այդ հսկայական պլաստը հանրային-մշակութային առանձնահատկությունների պատճառով, դարերով պետության, ընդհանուր ապագայի ու նպատակների բացակայության, տվյալ պահին գոյատևելու անհրաժեշտության պատճառով, ինչն էլ առաջացրել է ավելի շատ առօրյա, կենցաղային կամ պատմական գրականության պահանջարկը։

Երկրորդ, դպրոցում գրականության տվյալ շերտն անտեսվում է, ինչի հետևանքով աճող սերնդի մոտ պահանջարկը քիչ է, իսկ հասուն ընթերցող սերունդն էլ, ավանդաբար, կարծում է, թե սպեկուլյատիվ ժանրերը “ցածր ժանրեր են” (էստեղ ես ցիտում եմ մեր քննարկումներին մասնակցած հայտնի հայ բանաստեղծուհու)։

Այսինքն, մի կողմից՝ պահանջարկը քիչ է, մյուս կողմից՝ հեղինակներն իրենք շահագրգռված չեն։ Բացի այդ, ժանրում գրելու համար անհրաժեշտ է սիրել այն, ոգեշնչվել այլ աշխարհներ այցելելու հնարավորությամբ։ Ֆանտաստիկան, ֆենթեզին “ցածր ժանր” համարող մարդիկ իրենց երևակայության ահռելի ներուժը չեն կիրառում, մնում են կաղապարված միակ աշխարհում այն դեպքում, երբ հասանելի են ահռելի քանակությամբ այլ աշխարհներ։

Վահե. Նորմալ է, որ ժանրը Հայաստանում դեռ շատ կայացած չէ: Եթե նայենք, թե անկախացումից ի վեր ինչպես է զարգացել գրահրատարակչությունը Հայաստանում, ապա կտեսնենք, որ այն բոլորովին վերջերս է սկսել ակտիվ ընդլայնվել։ Ու եթե, տասը տարի առաջ գրախանութներում հայերեն գրքերը ընդամենը մի դարակ էին զբաղեցնում, ապա հիմա՝ ամբողջ պատեր:

Էս հրատարակվող գրքերի մեջ արդեն իսկ կան ժանրային ստեղծագործություններ, այդ թվում՝ ֆանտաստիկա, ու ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում կշատանան: Եթե էսպես շարունակվի, ապա ֆանտաստիկան էլ կզարգանա՝ որպես գրականության կարևոր բաղադրիչ: Մարդիկ էստեղ ֆանտաստիկա սիրում են, կարծում եմ: Այլ բան է, որ կարդալու բան չունեին նորմալ:

Ֆրունզ. Ժանրի չլինելու պատճառը միգուցե կապվածա ազգային ինչ-որ գծերի հետ, օրինակ որ հայերս, նույնիսկ առօրյա, կենցաղային մակարդակում դասկաարգում ենք երևույթները “լուրջ” ու “անլուրջ” կատեգորիաներով, ինչպես, չգիտեմ… լուրջ չի որ 26-ից հետո ամուսնացած չես, կամ լուրջ չի որ ավտո չունես, հեծանիվով ես գնում գործի։

Միգուցե կարելի է նաև կապել կրթության մակարդակի հետ՝ ասելով որ Հայաստանում կրթությունը հեռու է ցանկալի մակարդակից, իսկ գիտական ֆանտաստիկան ու ֆենթզին նոր ժանրեր էին հետխորհրդային երկրի համար։ Չենք խոսում այն փոքր խավի մասին, որը կարդում էր Լեմ, Ստրուգացկի, Շայբոն կամ գաղտագողի ճանապարհով հասած արևմտյան ֆանտաստ գրողների ձեռագրերը։

Նոր Հայաստանում դրան ծանոթանալու համար ընթերցողը նվազագույնը պետք է տիրապետեր լեզուների, էլ չասած որ կարծրատիպային կաղապարը արդեն պետքա “վնասված” լիներ գեղարվեստական գրականության զգալի զինանոցով։

Միգուցե պատճառներից մյուն էլ այն է, որ կյանքը մեր ազգի համար մշտնջենական գոյատևման պայքար էր… ու մենք սովոր ենք եղել կենտրոնանալ ոտքի տակ եղածի՝ օրվա խնդիրների վրա, մահու կենաց կռիվ տալ։ Միգուցե։

Ավելի խորքային մակարդակում, ինչ-որ պահի, կրկին միգուցե, գնացելա подмена հրաշքի էլեմենտի ու հեքիաթի` որպես մանկական ու անլուրջ երևույթի միջև։ Եվ դա ոչ միայն մեր մոտ: Այն ինչը պարունակում էր հրաշքի և/կամ ֆանտաստիկայի տարր, տարբեր մշակույթներում տարբեր ժամանակներում համարվում էր մանկական և ոչ էական:

Դեռ Թոլքիենն է գրել այդ մոտեցման վնասակարության մասին։ Նման մոտեցմամբ մենք նսեմացնում ենք երեխաներին, ժանրը և հենց ինքնին հրաշքը: Թոլքիենը բերում է օրինակ, թե ինչպես Շեքսպիրը իր մատնաչափ էլֆերով մանրացրեց մի հսկայական հյուսիսային ֆոլկլոր և նետեց այն “մանկական խաղասենյակ”:

Լուսինե. Ընդհանրապես մեր ինչի՞ն է պետք, որ ժանրը լինի Հայաստանում, որ ԱրմՔոնը լինի։ Ի՞նչ է դա տալիս։

Վահե. Արմքոնի նպատակն էն ա, որ նոր ու ավելի շատ հեղինակներ չկաշկանդվեն ու ստեղծագործեն, առիթ լինի՝ ֆանտաստիկայի մասին մտածելու:
Իսկ թե ինչ է տալիս ժանրը․․․ Ժանրը ու գրականությունը, ընդհանուր առմամբ, պարտավոր չեն ինչ-որ բան տալ: Բայց տալիս են:
Լավ ու զարգացող, պոպուլյար տեղական ֆանտաստիկա ունենալը մեզ կտա վստահություն, որ ամեն հաջորդ սերունդ կունենա ավելի հեռուն տեսնող մտահորիզոններ, մտածելու ու գործելու նոր դաշտեր: Ստեղ ա, որ պետք ա ֆանտաստիկան: Հայաստանում՝ ավելի շատ:

Մենք սահմանափակ ենք մեր տարածքով ու փոքրությամբ: Բայց մեր միտքը կարող է վեր լինել դրանից, եթե ամեն սերնդում շատ լինեն մարդիկ, որոնք մտածում են մոլորակի մասշտաբով կամ ընդհանրապես՝ մտածում են այլ կերպ ու ավելի լայն: Ֆանտաստիկան դրա ճանապարհներից մեկն է:

Ֆրունզ. 2013-ին Արմկոնն ուներ նախորդ տարիներից ավելի մեծ մասշտաբ, անվանի և միջազգային ժյուրի, թվով ավելի մեծ մասնակիցներ։ Երջանկահիշատակ Կարեն Ա. Սիմոնյանը մեզ խորհուրդներ էր տալիս, իսկ աշխարհահռչակ ֆանտաստ գրող Գայ Գևրիել Քեյն ուղերձով դիմեց մասնակիցներին։ Ունեցանք կլոր սեղան, քննարկումներ։

Ստացվե՞ց զարգացնել ճյուղը։ Այդ հարցը մենք մեզ շատ էինք տալիս մրցույթի ավարտից հետո: Հասկացանք, որ դրա համար հարկավոր է ավելին, քան պարբերական գրական մրցույթները։ Հարկավոր է մշտական տքնաջան աշխատանք։ Ինչպես Կարեն Սիմոնյանն էր ասում՝ հարկավոր է ստեղծել աշխատանոց, որտեղ պրոֆեսիոնալ և համակարգված աշխատանք կտարվի։ Սա էր թերևս պատճառը որ այսպիսի մեծ դադար տվեցինք մինչև հաջորդ Արմկոն:

Լուսավոր ու տարբեր էր երրորդ, ներկա ԱրմՔոնի ի հայտ գալը։ Ինձ դիմեց մեր նախկին երկու Արմկոնների մասնակից, մեր հարազատ ընկեր Արսեն Թավադյանը և առաջարկեց նորից անցկացնել մրցույթը` հաշվի առնելով երկրում տիրող մթնոլորտը… Վերջ ի վերջո նման մրցույթները տոն են երևակայության համար, թույլ են տալիս ամպերից վեր թռչել։ Իսկ ամպերը շատ էին ու մութ։ Դրա համար էլ առաջին անգամ մենք ընտրեցինք խորագիր` «Դեպի վեր»։

Արման. Մարդկային կյանքը տպավորությունների ու փորձի շարան է։ Այն ամենն, ինչ մենք գիտենք իրականության մասին, ուղեղում՝ սենսորային օրգանների փոխանցած տեղեկությունը տպավորությունների, ապրումների, զգացումների, փորձի ընկալման վերածվելն է։ Ցանկացած գիրք դա իրական ուղևորություն է, իրական փորձ, իրական զգացումներ, իրական ապրումներ, իրական ընկալում։ Իսկ երբ գործ ունես սպեկուլյատիվ գրականության հետ, դու ապրում ես այն, ինչ “իրական” աշխարհում չես կարող, դա լրիվ այլ փորձ է, ուղևորություն վայրեր, որոնք իրականում չկան, բայց ընկալվում են իրականի նման։

Սպեկուլյատիվ գրականությունը պետք է առաջին հերթին դրա համար. մարդկային երևակայությունն անսահման կարևոր գործիք է, բանալի, որը բացում է դռները դեպի ուրիշ աշխարհներ, դրանով արարում այդ աշխարհները։ ԱրմՔոնը հիշեցնում է, որ մարդիկ կարող են տեսնել ու զգալ այն, ինչ իրական կյանքում երբեք չեն տեսնի ու զգա։ Մասնակիցների քանակից դատելով, չնայած ժանրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէ՝ հատկապես երիտասարդները գտել են այդ բանալին ու փորձում են արարել աշխարհներ նոր դռների հետևում։

Հարցազրույցը վարեց Լուսինե Շահնազարյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *