Չարլզ Բուկովսկի | Ինձ արդեն սպանել են

Օհ, ներիր ինձ դու, ում համար զանգն է ղողանջում,
Օհ, ներիր ինձ դու, ով ջրի վրայով է քայլում,
Օհ, ներիր ինձ ծեր կին, ով խրճիթում է ապրում,
Օհ, ներիր ինձ սար, որ կեսգիշերին է ոռնում,
Օհ, ներեք ինձ ձայներ, որ լույսն ու մութն եք ավետում,
Օհ, ներեք ինձ վերջին սպանված հովազի համար,
Օհ, ներեք ինձ խորտակված նավերի ու պարտված բանակների համար:

Շատ ուշ է…
Ինձ արդեն
Սպանել են…

 

***
Պատրանքն այն է, որ դու կարդում ես այս բանաստեղծությունը,
Իրականությունը, որ սա ավելին է, քան բանաստեղծություն:
Սա զինվոր է՝ Մադրիդում քայլող,
Սա դու ես՝ մահվան մահճում,
Սա Լի Պոն է՝ մետրոյում:

Սա գրողի տարած բանաստեղծություն չէ,
Սա քնած ձի է,
Գլխիդ միջի թիթեռը,
Չարի կրկեսն է,
Ու դու այն չես կարդում:
Այդ ՆԱ է քեզ կարդում:
Զգո՞ւմ ես:
Ինչպես կոբրան: Սոված արծիվը՝ սենյակում պտտվող:
Այս բառերը քեզ դրդում են նոր խենթության:

Դու օրհնվել ես:
Քեզ մղել են դեպի կուրացնող լույսը:
Փիղն, անգամ, երազում է քեզ հետ:
Տիեզերքը խոնարհվում ու ծիծաղում է:

Հիմա կարող ես մահանալ:
Հիմա կարող ես մահանալ, ինչպես մարդիկ են մահանում.
Վեհորեն,
Հաղթանակած,
Երաժշտություն լսելով,
Երաժշտություն լինելով,
Մռնչյունով,
Մռնչյունով,
Մռնչյունով…

Թարգմանությունը անգլերենից՝ Էդիթ Մարգարյանի

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով