Լուսահոգի Աֆոյին
Մի օր, Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակը հայամետ լրագրերի միջոցով ծանուցեց, որ հայտնի հայդուկ սասունցի Արշոյի թոռը վրեժխնդիր է եղել քսաներորդ դարասկզբին տեղի ունեցած եղեռնագործության մեջ Գերմանիայի կասկածյալ պատասխանատվության համար։ Իբր, այդ երկրի հյուսիսային քաղաքներից մեկի հիվանդանոցի բակում ճեմելիս մի գերմանացի հանկարծ փռշտացել է ու բախվել Արշոյի թոռան «առը՜ հա՜» բացականչությանը։ Համաձայն լրագրի, բացականչությունն այնքան սրտաբուխ է եղել, որ գերմանացին վախից ուշագնաց է եղել ու տեղափոխվել վերակենդանացման, իսկ Արշոյի թոռը՝ ոստիկանական բաժանմունք։ Բոլոր ջանքերը ապացուցելու` թե նպատակ է ունեցել ընդամենը առողջություն մաղթել գերմանացուն, զուր են անցել, և գերմանական ոստիկանությունը կանխամտածված ահաբեկչության փորձի համար երկու հարյուր եվրո տուգանել է նրան։ Եթե եղել է ահաբեկչության փորձ, ապա անհրաժեշտ է հետ գնալ այդ ոճրագործության բոլոր շաիժառիթները բացահայտելու համար։ Չէ՞ որ հետաքրքրասեր ընթերցողը կարող է մոլորվել պատմության ոլորաններում ու միամտաբար մտածել, թե Արշոյի թոռան սրտաբուխ բացականչությունը հնչեցվել է պահի ազդեցության տակ, իսկ ամիսներ անց ուշագնացության թմբիրից արթնացած գերմանացին պատահմամբ է տուրք տվել քսաներորդ դարասկզբի անցքերը փորփրելու գայթակղությանը։
֊ Անցած֊գնացած բաներ են, մենք բողոք չունենք,֊ ասել է տուժած գերմանացու կինը։
֊ Դեռ մի բան էլ իրենք են բողոքում, ֊ զարմացել է Հայ դատի հանձնախումբը։
Տուժած գերմանացու կնոջն ու Հայ Դատի հանձնախմբին հանգիստ թողենք, թող իրենց յուղի մեջ տապակվեն, միևնույն է՝ պատմությունը սրբագրելու կամ փռշտոցի փաստը վիճարկելու բոլոր փորձերը զուր են անցնելու: Ավելի լավ է փռշտոցի հետքերով հետ գնանք ու հայտնվենք Բալթիկ ծովի սառը ափերին մոլեգնող խմորումների կենտրոնում, հենց այն պատմական պահին, երբ մի լատիշ պատանի թռուցիկներ է շաղ տալիս փողոցում, ու մի հայ պատանի էլ փորձում է որսալ դրանք։
***
Եվ այսպես, ոտքս տանում եմ դեպի ծովը, հաղթահարում սառը դողը, քայլ գցում։ Հետո երկրորդ քայլն եմ գցում, երրոդը, չորրորդը։ Սառը դողը պարուրում է ամբողջ մարմինս։ Պատկերացնում եմ, թե ինչպես եմ բարձրացնում ձեռքս, մխրճում ալիքների մեջ ու ճեղքում ծովի անծայրածիր կանաչը, հետո, սթափվելով, հասկանում, որ կարկամել եմ ափից մի քանի մետրի վրա։ Այլևս անիմաստ է առաջ շարժվել, ավելի լավ է հետ գնալ, Բալթիկ ծովում լողալու երազանքը հետաձգել անորոշ ժամանակով։ Կան պահեր, երբ հենց այնպես, ինքնանպատակ առաջ գնալը ուղղակի ծիծաղելի է, եթե նույնիսկ տասնչորս տարեկան ես ու չես էլ մտածում, թե մինչև ուր կհասնես։ Եթե նույնիսկ փողոցում ռոմանտիկ թռուցիկներ են բաժանում՝ ավետելով հսկայական կայսրության փլուզման անխուսափելի վախճանը։ Եթե նույնիսկ քիչ հեռվում լողացող շիկահեր աղջիկները աչքով են անում։ Ի վերջո, ճիշտ ժամանակին կանգնելը նույնպես դժվար բան է։ Մինչև գոտկատեղը թրջվելը միանգամայն բավական է, հո՞ Վանա ծովը կամ Սևանա լիճը չէ, որ դարդ անեմ ջրի սառնության դեմ ընկրկելու համար։ Պետքս չէ, թե քիչ հեռվում լողացող շիկահեր աղջիկները, որ քիչ առաջ աչքով էին անում, ինչ֊որ բան կքչփչան, քմծիծաղ կտան, ափին կանգնած կնքահայրս էլ՝ նույն ինքը Արշոյի թոռը, լիաթոք կհռհռա։ Բոլորովին պետքս չէ, որ «ջուրը մտնողը թրջվելուց չի վախենում» ասացվածքը լեզվիս ծայրին էլ կմնա։ Ու՞ր է տանում Բալթիկ ծովը․ ինչ-որ հեռու երկիր, որտեղից, եթե հավատանք մանկության հեքիաթներին, գալիս է Ձմեռ պապը։ Եվ ընդհանրապես, ի՞նչ գործ ունի սասունցու սրածայր բեղերով ու դեռ մանկուց ավետյաց երկրի գաղափարով սնված, մի քանի անգամ էլ սահմանն անցնելու փորձ ձախողած այս մարդը Բալթիկ ծովի սառը ափերին՝ մնում է հանելուկ, մի հեռավոր ու աղոտ հուշ։
– Վայ Գասպար, Գասպար, հասար Հելսինկի, հետ եկար, ափսոս ծով չունենք, թե չէ գասպարավարի լողալով կհասնեիր մինչև Էրգիր։ Պապդ մեծ զրկանքների ու արյան գնով կարողացավ գրավել Ֆինլանդիան, դու մի վարկյանում արեցիր նույնը,- անխնա կծաղրի կնքահայրս։
– Այնտեղ ես տեսա Ձմեռ պապին, որ ականջիս բան շշնջաց,- կփորձեմ մանկական շփոթմունքս քողարկել հեքիաթի ու երևակայության շղարշով։
– Եվ ի՞նչ շշնջաց Ձմեռ պապը։
– Ձմեռ Պապը շշնջաց այն, ինչ գրված էր փողոցում թափառող թռուցիկի վրա,- կհորինեմ ես։
Ես չգիտեմ թե ինչ շշնջաց ֆինն ձմեռ պապը, բայց հիշում եմ, որ այդ տարիներին Ձմեռ պապերը գլուխ էին կոտրում սասունցի երեխաների ամենապահանջված պատվերը կատարելու համար ու դեսից֊դենից հետաքրքրվում, թե որտեղից կարող են «Էրգիր» ճարել։
Շատ բաներ չեմ հիշում։ Չեմ հի՛շում, թե ինչպես հաջողվեց մոգոնված արձակուրդի ընթացքում ինձնից վանել հայտնի ֆիլմից փոխառված «Գասպար» պատվարժան մականունը, որ մեր ժողովրդի համար դարձել էր չիրականացված երազանքների մարմնավորման մի ուրույն խորհրդանիշ։ Չեմ հիշում, թե ուր կորան շիկահեր աղջիկները։ Չեմ հիշում, թե ում բաժին հասան թռուցիկները։
Մի բան եմ հստակ հիշում․ ջրի սառնությունը։
– Ջուրը շատ սառն էր,- կփորձեմ արդարանալ ես։
– Քո տարիքում հայրդ սլացող գնացքից դուրս էր թռչում,- կծեփի կնքահայրս։
– Ծովն ո՞ւր, գնացքն ո՞ւր,- անկապ կկմկմամ ես։
Մի բան էլ եմ լավ հիշում, այսօրվա պես եմ հիշում. ծովափնյա հետիոտնային ճանապարհին, աթոռի վրա կանգնած էր մի հպարտ աքլոր, մի ոտքը վեր քշտած գամված էր տեղում, ու նույնիսկ աչքն էլ չէր ճպպացնում։ Երբ տիրոջը՝ կողքին կանգնած ծաղրածուին քսան կոպեկ էիր տալիս, աքլորը ծուղրուղու էր կանչում։ Կնքահայրս ասում էր, որ աքլորը կտրվել էր իր հողից, իր հայրենիքից, որ իր դեպքում հավաբունն էր, ու այդպես, մի ոտքը վեր քշտած, սպասում էր աստեղային ժամին։ Մինչդեռ տերը, օգտվելով նրա հոգեկան տվայտանքներից, փող էր աշխատում, զվարճացնում անցորդներին։ Ավելի հեռու գնալով, կնքահայրս ասում էր, որ նույնն էլ մենք՝ մեկ ոտքի վրա սպասում ենք ինչ-որ բանի, ու այդ պահը ասես հասունանում է։
Թե ի՞նչ կապ ուներ այդ մի ոտանի աքլորը մեր ժողովրդի հույսերի հետ, թե այդ ի՞նչ պատեհ առիթ էր՝ փորձում էի վերծանել փողոցից հավաքած թռուցիկները փորփրելով, բայց քավորս հորդորում էր չտանջվել՝ այդպես էլ ամեն ինչ պարզ է։ Իրականում ոչ մի բան էլ պարզ չէր, նույնիսկ հայրս, որ ավելի թավ ու ավելի սրածայր բեղեր ուներ ու ջահել ժամանակ էլ սլացող գնացքից դուրս էր թռչել, չէր կարողանում բացատրել։ Այս երկուսը, մեկը՝ թավ ու ածուխի պես սև, մյուսն՝ ավելի նուրբ, բայց ալեխառն բեղերով սասունցիները հյուսիսային սառը ծովափի ավազների մեջ կանգնած ծաղրուծանակի էին ենթարկում ինձ՝ այն տասնչորսամյա պատանուն, որ դեռ Ձմեռ պապին էր հավատում։ Ես էլ մի քանի օր կուլ էի տալու վիրավորանքը, մինչև այն ճակատագրական պահը, երբ երկուսով մտնելու էին մի հսկայական խանութ ու իրարից անկախ գնելու նույն սպիտակ մարզաշապիկը՝ «ֆուտբոլ» անպաճույճ մակագրությամբ։
– Թե՞ սասունցիներն ինչ են հասկանում ֆուտբոլից, գնացեք սար ֆիդայի դարձեք,- հիմա հրճվելու իմ հերթն էր գալու ու այդ հերթը ես օգտագործելու էի ամենայն սառնասրտությամբ, առանց որևէ խղճի խայթ զգալու, առանց հաշվի առնելու արյունակցական, ավանդապաշտական և այլ հանգամանքներ։
– Խոստանում ենք մարզաշապիկը չհագնել, սպասել պատեհ առիթին,- փորձում են խոսակցությունը այլ հարթություն տեղափոխել,- դու չես հասկանում, կարևորն այն է, որ երկու սասունցի միանման են մտածում։
– Նախիրի մեջ էշի ճակատը պաչեցիք,- երկարացնում եմ իմ հրճվանքը,- գնացեք մի ոտանի աքլորի կողքը ցցվեք ու սպասեք ձեր պատեհ առիթին։ Գուցե մի օր իջեցնի ոտքը ու ծուղրուղու կանչի։
– Գասպար ջան, համբերի հասնենք տուն, շտապ կկազմակերպենք քո անվանափոխությունը,- չեն հանձնվում սրածայր բեղերով սասունցիները։
Այս երկու սասունցիները դեպի էրգիր ուղղված իրենց ընթացքը սկսել էին միասին, մեկը՝ թուղթ ու գրիչ առած ու մեր առավել ռոմանտիկ գրողների ավանդույթներին հավատարիմ, մյուսը՝ կենսաբանի իր գիտելիքները գենետիկական զենք ստեղծելու ու թշնամուն սարսափի մատնելու առասպելական գաղափարով տոգորված։ Ու հիմա, երբ իրարից անկախ գնել էին նույն մարզաշապիկը՝ շվարած ու անօգնական կանգնել էին տասնչորսամյա մի պատանու հրճվանքին հանդիման։ Այսքան անօգնական այլևս ոչ ոք նրանց չէր տեսնելու, նույնիսկ տարիներ հետո, երբ պատերազմի թեժ պահին մտնելու էին թշնամու որջը ու շփոթահար ամբոխի առաջ իրենց խրոխտ ֆիդայական երգը երգելու։
Ինչքան հետ եմ գնում, ավելի եմ ուզում հետ գնալ, այնքան հետ, որ պատկերներն աղոտանան ու դրվագները վերականգնելու համար տրվեմ երևակայության ճոճքին։ Տրվեմ ճոճքին ու վերհիշեմ, թե ինչպես հայրս ծանոթացրեց կնքահայրիս հետ ու ասաց, որ պետք է միասին մարզվենք կառատեի խմբակում։ Ես, հայրս ու կնքահայրս։ Երիտասարդ ընթերցողներին հուշեմ, որ արևելյան այդ մարտարվեստը տարօրինակ այն երկրում, որտեղ ապրում էինք, արգելված պտուղ էր համարվում ու կազմակերպվում ընդհատակում։ Թե ինչու՞ մենք պետք է օտարահունչ հրահանգներով համեմված այդ ծիսակարգին մասնակցեինք, ինչու՞ հատկապես Մատենադարանի հարևանությամբ գործող մի խորհրդավոր նկուղում, չգիտեմ։ Գուցե՞ հայոց սրբազան այբուբենին մոտ լինելու և ոգեշնչվելու խորհրդավոր նկատառումով։ Արևելյան այդ ձեռնամարտը ինչպես էր համակերպվելու սասունցիների «միայն զենքով կա հային փրկություն» մամռակալած տեսության հետ, չգիտեմ։ Գիտեմ մի բան, որ հայրս շուտով դուրս մնաց կառատեի խմբակից, ոտնաթաթի հերթական հարվածի՝ մավաշի-գերիի փորձարկման ժամանակ ջարդուփշուր անելով չուգունե ջեռուցիչը ու արժանանալով վարպետ-ուսուցչի կարմիր քարտին։ Ես էլ, հորս պարզերես անելու ու պատիվը փրկելու համար ստիպված էի լինելու շարունակել մարզումները, այնքան ժամանակ, մինչև կնքահայրս ուսուցչի ձեռքից անձամբ ստացավ սև, ես էլ՝ նարնջագույն գոտին։
– Վերջ, մենք արդեն պատրաստ ենք,- խորհրդավոր տեսքով կեզրակացնի կնքահայրս։
– Ինչի՞ն ենք պատրաստ,֊ ուսերս կթոթվեմ ես։
– Չէ՜ մի, սև գոտի, չորրորդ դան։ Էրգրի աչքը ջուր կտրեց, դուք կառատե եք խաղացնում,- մեզ կծաղրի ջեռուցիչը կոտրելու պատճառով խմբակից հեռացված հայրս ու կոլորի սրածայր բեղերը։
Սև գոտին ստանալուց հետո կնքահայրս անհայտացավ։ Ասում էին գնացել է ավարտին հասցնելու գենետիկական զենքի ֆանտաստիկ ծրագիրը։ Ասում էին, որ նա մեծ երկրի մայրաքաղաքում, միայնակ, հյուրանոցի համարում պարել էր սասունցիների ռազմական պարը՝ յարխուշտան, որպես զուգընկեր մտերմանալով սենյակի պատերի հետ: Հետո, երբ ժամանել էր միլիցիան վայրենի հարավցիների ոհմակը ձերբակալելու ակնկալիքով, նրան հայտնաբերել էին մենակ, գլուխը ձեռքերի մեջ առած խորհելիս: Կնքահայրս երկար փորձել էր բացատրել կորսված հայրենիքի, կարոտի և այլ բաների մասին, բայց պատմությունը արժանահավատ չէր թվացել, ու մեծ երկրի իրավապահ մարմինները մինչև այսօր փնտրում ու չեն գտնում հյուրանոցի սենյակում անէացած սասունցիներին։
***
Թե ինչու էր հայրս սլացող գնացքից դուրս թռչել, թե ինչու էր կնքահայրս պատերի հետ յարխուշտա պարել, երկար ժամանակ չէի հասկանում։ Հասկացա ավելի ուշ, երբ խելառների այս ցեղը գրիչն ու սուրը դրեց պատյան ու շտապեց Էրգիր։ Հասկացա այն օրը, երբ տարօրինակ երազը բռնեց կոկորդիցս․
Ես, հայրս ու կնքահայրս «ֆուտբոլ» անպաճույճ մակագրությամբ սպիտակ մարզաշապիկներով, սև ու նարնջագույն գոտիներով քայլում էինք Բալթիկ ծովի առափնյա հետիոտնային փողոցի երկայնքով, երբ թռուցիկների անձրևը լցվեց գլխներիս։ Եթե երազում թռուցիկ չեք կարդացել, պիտի ասեմ ձեզ, որ շատ հաճելի զբաղմունք է, այնքան հաճելի, որ չես էլ ուզում արթնանալ։ Մանավանդ, որ ունկնդիրները երկու սրածայր բեղերով սասունցիներ են ու մի ոտքի վրա աթոռին թառած մի հպարտ աքլոր։ Մանավանդ, որ լսելով թռուցիկից ճառագող բոցաշունչ ճառը, աքլորը ցած է իջեցնում քշտած ոտքը, աչքով անում ու սրտաբուխ կանչում.
֊ Ծուղրուղու՜, ծուղրուղու՜։
֊ Առը՜ հա՜, ֊ միաբերան բացականչում ենք մենք` ես, հայրս ու կնքահայրս։