-Հերո´ս, հերո´ս,- բղավեցին մարդիկ՝ նրանք, որոնց օգնել էր Աբիգը, և նրանք, որոնց չէր օգնել:
Մոտակա ջրվեժը սոսկ ջրվեժ չէր, դա Աբիգի հուզմունքի շարժուն մարմնացումն էր, արտացոլանքը. չէ որ բոլորն էին շնորհակալ:
Աբիգին հաջողվեց օգնել մարդկանց: Նա զարմացրեց իրեն, հուզեց… Նա ուզում էր սաել, այ´ո, ապա բռունցք անել ու ծալել թևը:
Աբիգը ոչ մի տեղ չի պատմի իր…. իր արարքի մասին, որպես հերոսության տրամաբանական շարունակություն:
Աբիգը սավառնում էր: Նա ներքև նայեց երջանկությունից բարիացածի հայացքով, ասես ներքևում, ինչ-որ տեղ, մարդիկ էին կանչում՝ թափահարելով ձեռքերը:
Երևացին և ծառի ճյուղեր, որոնք տերևապատ չէին, թեև գարուն էր ու շուրջը կանաչ էր: Այդ ճյուղերը ծառի գլխամասում լայնացած խուրձ էւն կազմել, ասես ծառը պատրաստվում էր ժայթքել:
Աբիգն այդ էլ սիրեց:
Մեծարանքի խոսքերի արժանանալով նա տուն գնաց ու մեծաքանակ ինքնալուսանկարներ արեց իր վերջերս ապառիկով վերցրած սմարթ հեռախոսով, բայց չհրապարակեց: Իսկ որոշ ժամանակ անց ընտրեց ու պահեց դրանցից ամենահաջողվածները՝ մոտ տասը լուսանկար:
Մի ամիս ժպտաց, ասես սեր էր փնտրում, թեև սիրո կարիք չուներ: Բարի էր: Եվ քանի որ նոր սեր չգտավ, որոշեց այցելել փրկվածներին, տեսնելո՝ւ բուժել են իրենց վերքերը, թե ոչ:
Բայց հերոսն աստված էր դարձել: Նրա դիմաքանդակը, կիսանդրին (դեռևս այդքանը) պաշտամունքի առարկա էին դարձել:
-Ո´չ, ո´չ, պետք չէր:Սա անհեթեթություն է: Ես չեմ կարող նման բան թույլ տալ,- անկեղծորեն բարկացավ Աբիգը և ձեռքը մեկնեց, որ վերցնի իր «դեմքերից» մեկը և… Բայց վերցնի ինչ անի այդ… այդ բեռը:
Աբիգը ձեռքը մեկնած մտածում էր, իսկ մյուսները լուռ նայում էին նրան:
-Լավ, բայց ախր սա խելամիտ չէ,- ծիծաղեց Աբիգը:- Ես աստված չեմ: Դուք մոլորյալ եք: Կրկնում եմ, ես աստված չեմ: Սա չի կարող լուրջ լինել…
Աբիգը վերցրեց «դեմքերից» մեկը, որովհետև ուզում էր պաթետիկ ձևով հասկացնել այդ մարդկանց, որ նրանք… երեխայացել են: Բայց մինչ նա հավաքում էր մտքերը, որպեսզի խոսեր, կոկորդին ինչ-որ սառը իրի հպում զգաց:
-Կոկորդդ կկտրեմ, եթե տեղը չդնես ու չչքվես այստեղից,- ասաց ինչ-որ խուլիգան:
-Կդնեմ: Դնում եմ: Ահա,- վախվորած գրեթե կմկմաց Աբիգը:- Ձեր գործն է, թեև անհարմար է…
-Ես երևի գնամ,- դարձյալ վախվորած ասաց նա և հեռացավ արագաքայլ, քանի որ խուլիգանը կամ բարեպաշտպանը դանակը ձեռքին ուշադիր հետևում էր նրա շարժումներին:
Աբիգը տուն վերադարձավ: Նորից ժպտաց, տարուբերեց գլուխը, նայեց ճչան ցուցափեղկերին, հետո այս ու այն կողմ: Ուզեց ծիծաղել: Հե՞նց փողոցի մեջտեղում պիտի ծիծաղել ուզենար: Հա´, հեռախոսը: Հարմար գտավ օգտվել «կեղծ զանգ» գործառույթից:
-Ալո´, այ´ո, լսում եմ,- ասաց Աբիգն ու սկսեց հեռախոսն ականջին ծիծաղել ու ծիծաղել:
Աբիգը որոշեց և հաստատակամ էր (հաճախ չէր պատահում), երեկոյան ֆիլմ է դիտելու, որը լինելու է…. Նայելու է այն ֆիլմերից մեկը, որտեղ անտրամաբանական, ժանրով չարդարացվող չափազան-ցություններով հիմարեցնում են… որտեղ հերոսը ծեծում է, սպանում, վիրավորում, վիավորում, որը, հավանաբար, պիտի հիացմունք առաջացնի… կամ, որտեղ, անպատվում են միմյանց, որպեսզի առաջացնեն ծիծաղ…