Վլադիմիր Սորոկին | Ժանգոտ աղջիկը

Ի․ Պ․ Սմիրնովին [1]

Ամառային արևոտ մի օր քաղաքի գլխավոր փողոցով մի համակրելի աղջիկ էր գնում։ Թեթև ամառային զգեստը գեղեցիկ ընդգծում էր նրա նրբագեղ կազմվածքը։ Շագանակագույն վարսերը հպվում էին պատանեկական ուսերին, որոնց օղակները քայլին համընթաց ցնցվում էին։ Աղջիկն անկաշկանդ ու նպատակասլաց քայլով էր գնում՝ մի ձեռքով բռնելով ուսից կախված պայուսակը և մերթընդմերթ թեթևակի թափահարելով մյուս ձեռքը։ Փոքրիկ կրունկներով կոշիկներով կայտառորեն չխկացնում էր կամրջի վրայով անցնելիս։
Մի տհաճ բան կար, որն ուղեկցում էր աղջկան․ նա ճռռում էր։ Նրա յուրաքանչյուր քայլի հետ զզվելի, բարձր ճռռոց էր լսվում։ Անցորդները խեթ-խեթ էին նայում նրան, իսկ երիտասարդները երկիմաստ հայացքներով էին փոխանակվում, երեխաները ծիծաղում և մատով էին ցույց տալիս նրան․ աղջիկն առանց ջեմեռ էր գնում։
-Գնում և չի էլ ամաչում, – ասում էին ոմանք։
-Խիզա՜խ է, – ժպտում էին մյուսները։
-Հիմար է, – արհամարհանքով քմծիծաղ էին տալիս երրորդները։
-Երևի աղքատ է․․․ – ափսոսանքով ասում էին չորրորդները։
Սակայն աղջիկն ասես չէր էլ նկատում ո՛չ իր ճռռոցը, ո՛չ էլ ծաղրանքներն ու խեթ հայացքները։ Նա գնում էր՝ կայտառորեն առաջ նայելով և մերթընդմերթ թափահարելով ձեռքը։
-Ա՜յ թե ժանգոտել է․․․ – փնթփնթում էր ծեր բանջարավաճառը՝ պարկից քառակուսի արկղի մեջ դատարկելով գազարը։ – Թե որ ջեմեռի համար չես վաստակել, տա՛նը նստիր։
-Սոված ծղրիդի նման է ճռռում, – քմծիծաղ էր տալիս մսավաճառը՝ լաթով սրբելով իր մեծ ձեռքերը։ – Անսահման խիզախ աղջիկ է։
-Մեր ժամանակ, երբ ճռռոցը սկսվում էր, օրինավոր աղջիկները տանն էին նստում, – ասում էր պառավն իր ընկերուհուն։ – Ջեմեռների մասին այն ժամանակ նույնիսկ չէինք էլ լսել։ Ուղղակի փորձում էինք տանից դուրս չգալ։ Մի անգամ միայն կաթնավաճառի կրպակ եմ գնացել՝ կրտսեր եղբորս համար կաթ գնելու։ Այնպե՜ս սկսեցին բոլորը շվվացնել։ Ամո՜թ։
-Հիմա բարքերն ուրիշ են, ի՞նչ եք ուզում երիտասարդներից, – գլխով էր անում ընկերուհին։
Աղջիկը գնում էր։ Առջևում արդուզարդի մեծ խանութ երևաց։ Աղջիկը որոշեց մտնել։ Ապակե դռները հյուրընկալ կերպով բացվեցին նրա առաջ։ Նա մտավ խանութ, շուրջը նայեց և կանացի զգեստների բաժին ուղևորվեց։
-Ինչո՞վ կարող եմ օգնել, – հարցրեց նրան վաճառողուհին։
-Ներկառուցված ջեմեռով ամառային զգեստ եմ փնտրում, – ասաց աղջիկը։
-Նման զգեստների լայն տեսականի ունենք, – ժպտալով պատասխանեց վաճառողուհին։ – Եկե՛ք ինձ հետ, հիմա ցույց կտամ։
Աղջկան տարավ կախիչներից կախված զգեստների մոտ։ Աղջիկը գեղեցիկ զգեստ ընտրեց, բայց արժեքն իմանալով՝ տարուբերեց գլուխը։
-Չափազանց թանկ է ինձ համար։
-Այդ դեպքում խորհուրդ կտամ Ձեզ առանձին ջեմեռ գնել, – ասաց վաճառողուհին։
-Բայց չէ՞ որ ոչ բոլոր զգեստերի հետ կարելի է ջեմեռ կրել, – բարձրաձայն մտորում էր աղջիկը։
-Այո՛, խնդիրը դրանում է, – գլխով արեց վաճառողուհին։ – Օրինակ՝ Ձեր այս զգեստը գեղեցիկ է, բայց ամենևին հնարավոր չէ ստանդարտ ջեմեռ հարմարեցնել դրան։
-Գիտեմ, – խորը շունչ քաշեց աղջիկը։ – Իսկ ուրիշ ամառային զգեստ չունեմ։ Այս զգեստը հանգուցյալ մայրս է կարել ինձ համար։
-Այստեղից ոչ հեռու՝ նրբանցքում՝ նպարավաճառի կրպակից աջ, մի նկուղ կա, որտեղ աֆրիկացիները ջեմեռներ են պատրաստում։ Այնտեղ դրանք շատ ավելի մատչելի են, քան մեծ խանութներում։ Գնացե՛ք նրանց մոտ, կարծում եմ՝ այնտեղ կօգնեն Ձեզ։
-Շնորհակալ եմ խորհրդի համար։ Դուք շատ բարի եք, – պատասխանեց աղջիկը։
Նա դուրս եկավ խանութից, քայլեց դեպի նպարավաճառի կրպակն ու թեքվեց դեպի նրբանցք։ Ի տարբերություն լայն և մաքուր գլխավոր փողոցի՝ այն նեղ էր, կեղտոտ և աղբով լի։ Աղջիկն առաջ գնաց նրբանցքով և շատ չանցած տեսավ նկուղի մուտքը, որի վերևում գրված էր․ «Կաղ Ալիի մոտ։ Տեխնիկայի վերանորոգում»։ Աղջիկն իջավ հին աստիճաններով, հրեց դուռն ու մտավ արհեստանոց։ Տարբեր տեսակի տեխնիկայով լեփ-լեցուն փոքրիկ տարածքը երկու լամպով էր լուսավորված․ մեկը կամարակապ աղյուսե առաստաղին էր, մյուսը՝ Ալիի՝ կրպակի տիրոջ սեղանին։ Ինչ-որ բան շինելով՝ բարձրացրեց գլուխը և ողջունեց աղջկան։
-Բարի օ՛ր, օրիո՛րդ։ Ինչո՞վ կարող եմ օգնել։
Նրա ծերունական ձայնը բարեհամբույր էր հնչում։
-Կցանկանայի ջեմեռ ձեռք բերել, – ասաց աղջիկը՝ շուրջը նայելով։
-Ունենք ամառային և ձմեռային ջեմեռներ։
-Ամառային կցանկանայի։
-Ամառայինը քսանհինգ կնստի Ձեզ վրա։
-Իսկ տեղադրելն ի՞նչ արժի Ձեզ մոտ։
-Հագուստից է կախված։
-Կցանկանայի այս զգեստին ջեմեռ տեղադրել։
Ծերուկը ճակատին բարձրացրեց ակնոցն ու հայացք գցեց աղջկա վրա։
-Տասնվեց։
-Ընդհանուր․․․
-Քառասուն։ Ուղիղ քառասուն, օրիո՛րդ։
-Բավականին թանկ․․․ – խորը շունչ քաշեց աղջիկը։
-Օրիո՛րդ, խանութներում նոր ջեմեռի արժեքը հիսուն է, իսկ տեղադրումը՝քսանհինգ։
-Գիտեմ, – տխուր ժպտաց աղջիկը։
Ծերուկը ոտքի կանգնեց, դուրս եկավ սեղանի մոտից և ձեռնափայտին հենվելով՝ մոտեցավ աղջկան։
-Մի տասով արժեքը կգցեի, բայց վարձակալության վճարն անցյալ ամիս բարձրացրել են։ Իսկ եկամուտներն այս տարի ուրախանալու առիթ չեն տալիս։ Բոլորս ստիպված ենք գոյատևել։
-Այո՛, դժվար ժամանակներ են, – համաձայնեց աղջիկը։ – Դե՜ ինչ, շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրիք ինձ։
Պտտվեց և ճռռոցով դեպի դուռը գնաց։
-Սպասե՛ք, – ձայն տվեց ծերուկը։
Աղջիկը կանգ առավ։
-Տեսնում եմ, որ Դուք հարուստներից չեք, – ասաց ծերուկը։
-Ավա՜ղ, – սկսեց տխուր ծիծաղել աղջիկը։
-Մի առաջարկ ունեմ, օրիո՛րդ։
-Լսում եմ Ձեզ, Ալի՛։
Ծերուկը երկու ձեռքերով հենվեց ձեռնափայտին և ասաց․
-Բավականին երկար եմ ապրել այս աշխարհում, հիշում եմ վաղեմի ժամանակները։ Այն ժամանակ ոչ մի ջեմեռ էլ չկար։ Չամուսնացած աղջիկները առանց դրանց հեշտ ապրում էին։
-Լսել եմ այդ մասին, – գլխով արեց աղջիկը։
-Ոչ մի ջեմեռ էլ պետք չի Ձեզ, օրիո՛րդ։ Ո՛չ հիսունով, ո՛չ քսանհինգով։
-Այդ ինչպե՞ս։
-Հե՛նց այդպես։ Ձեզ լավ յուղաման է պետք։ Ուրիշ ոչինչ։
-Յուղամա՞ն։
-Այո՛, յուղաման։
Ծերուկը բարձրացրեց իր ձեռնափայտն ու խփեց ցածր առաստաղին։ Վերևում քայլեր լսվեցին, և պտուտակաձև սանդուղքով նկուղ իջավ մի երիտասարդ, վայելչակազմ աֆրիկացի։ Առաջին հայացքից՝ մոտավորապես տասնյոթ տարեկան էր։
-Ծանոթացե՛ք, իմ թոռ Աբդուլահն է։
-Բարև Ձեզ, – ասաց աղջիկը։
-Բարև Ձեզ, օրիո՛րդ, – ասաց Աբդուլահը՝ գլուխը կախելով։
-Աբդուլա՛հ, ցո՛ւյց տուր օրիորդին քո յուղամանը, – ասաց ծերուկը։
Աբդուլահը լուռ ցույց տվեց յուղամանը։
-Տեսե՛ք, օրիո՛րդ, թե ինչ արժանավայել յուղաման է։ Բոլորովին նո՜ր է։ Թանձր սպիտակ քսուքով լի է։ Հենց այն է, ինչ Ձեզ պետք է։ Եվ այլևս ո՛չ մի ջեմեռ։
Աղջիկը նայում էր Աբդուլահին և նրա յուղամանին։
-Օրիո՛րդ, – շարունակում էր ծերունին, – միակ բանը, որ Ձեզ պետք է, շաբաթը մեկ անգամ լավ, բարձրորակ յուղումն է։ Աբդուլահը պատասխանատու տղա է, անհարմար կացության մեջ Ձեզ չի դնի։ Ամսական ընդամենը տասը կնստի Ձեզ վրա։ Եվ ո՛չ մի ճռռոց, օրիո՛րդ։
Աղջիկը մտածմունքների մեջ ընկավ։
-Եթե դա էլ է Ձեզ համար թանկ, նորից կիջեցնեմ․ ութ։ Ամսական ութը։
-Համաձայն եմ, – պատասխանեց աղջիկը։
-Հրաշալի՜ է, – ծերուկը հաղթական կերպով ձեռնափայտը հատակին թրխկացրեց։ – Թող այս ամենը մեր հաղթանակը լինի խելագար աշխարհի հանդեպ, որում բոլորս հայտնվել ենք։ Մոռացե՛ք «ջեմեռ» բառը։ Այն Ձեզ այլևս պետք չի գա։ Աբդուլա՛հ, ուղեկցի՛ր մեր հյուրին վերև և սպասարկի՛ր ինչպես որ հարկն է։
Աբդուլահը հրավերի նշան արեց ձեռքով։ Աղջիկը բարձրացավ հին պտուտակաձև սանդուղքով և հայտնվեց փոքրիկ, հարմարավետ սենյակում՝ պատուհանով, անկողինով, նեղլիկ պահարանով և աշխատասեղանով, որի վրա մեծ քանակությամբ ջեմեռներ էին լցված, որոնց վերանորոգմամբ, ըստ երևույթին, երիտասարդն էր զբաղվում։ Պատուհանը հենց այն նույն նրբանցքին էր նայում։ Սենյակում հին կահույքի բույր էր զգացվում։ Այդ ծանոթ բույրը հանգստացրեց աղջկան։
Չնայած որ նրբանցքում ոչ ոք չկար, երիտասարդը մոտեցավ պատուհանին և քաշեց վարագույրը։ Սենյակում է՛լ ավելի հարմարավետ դարձավ։
-Հանվե՛ք, օրիո՛րդ, – ասաց Աբդուլահը։
Աղջիկը հանվեց և մեջքի վրա պառկեց մահճակալին։ Աբդուլահը հանեց յուղամանն ու սկսեց յուղել աղջկան։ Վերջինս նայում էր առաստաղին՝ երկու հին հոսահետքերով և փոքրիկ ճաքերով։ Կիսով չափ փակված վարագույրի վերևում լույսի ճեղք էր մնացել, որից երևում էր դիմացի շենքի երկրորդ հարկի պատուհանը։ Պատուհանը շղարշանման գործվածքով էր ծածկված, որի վրա վարդի կոկոններ էին ասեղնագործված։ Շղարշի միջից բույսի մեծ խեցամանի ուրվագիծ էր երևում։
«Ըստ երևույթին, կարգին մարդկանց եմ հանդիպել, – մտածում էր աղջիկը։ – Այդ ծերուկ Ալին միանգամից այնքան լավ վերաբերվեց ինձ, չսկսեց ցածր կերպով սակարկել կամ ինչ-որ կասկածելի բաներ առաջարկել։ Ըստ երևույթին, գլխի ընկավ, որ աղքատ ընտանիքից եմ, և ինձնից ոչ մի օգուտ չկա։ Միանգամից երևում է, որ բարի մարդ է և դեպի իրեն է տրամադրում մարդկանց։ Իսկ նրա թոռը սիրալիր և քաղաքավարի երիտասարդ է։ Եվ լավ է կատարում իր գործը, չնայած որ երիտասարդ է։ Այո՜։ Պատահական չէ, որ այսօր արևի ճառագայթը նետի տեսքով էր ընկել բարձիս վրա։ Իսկ ես դեռ զարմանում էի, թե ինչ կարող էր դա նշանակել։ Այսօր լավ օր է․․․․»։
Աղջկան յուղելուց հետո Աբդուլահը պահեց իր յուղամանը։
-Ամեն ինչ կարգին է, օրիո՛րդ։ Կարող եք հագնվել, – բարյացակամ ժպիտով ասաց նա և պտուտակաձև սանդուղքով ներքև իջավ։
Աղջիկը վեր կացավ, հագնվեց և չորս քայլ արեց սենյակում։ Բոլորովին չէր ճռռում։ Այնքան տարօրինակ և անսպասելի էր դա նրա համար։ Չէ՞ որ ճռռոցն արդեն չորրորդ օրն էր, ինչ հետապնդում էր նրան։
-Հրա՜շք, – բացականչեց նա և ուրախությունից սկսեց պտտվել սենյակում։
– Հրա՜շք, հրա՜շք, հրա՜շք, – պտտվելով կրկնում էր աղջիկը։
Հետո վերցրեց իր պայուսակը, որը դրված էր անկողնու կողքի պահարանի վրա, և ներքև իջավ։
Արհեստանոցում Ալին և Աբդուլահը սիրալիր կերպով նրան էին նայում։
-Եվ ահա, օրիո՛րդ, Դուք այլևս չեք ճռռում, – սկսեց ծիծաղել Ալին։ – Եվ ո՛չ մի ջեմեռ։
-Շնորհակալ եմ։
Աղջիկը պայուսակից հանեց փողն ու մեկնեց Աբդուլահին։ Բայց վերջինս ժպտալով գլխով դեպի պապը նշան արեց։
-Դե՜, ո՛չ, փողը դո՛ւ վերցրու, – տարուբերեց գլուխն Ալին։ – Արդար կերպով վաստակել ես։ Ես ոչ մի կապ չունեմ։
-Շնորհակալ եմ, օրիո՛րդ, – ասաց մի փոքր շփոթված Աբդուլահը փողը վերցնելիս։
Միանգամից երևում էր, որ այնպես չէր, որ ամեն ամիս յուղում էր աղջիկներին։
-Հարգելի Ալի՛, – ասաց աղջիկը։ – Դե ի՞նչ, կարո՞ղ եմ դիմել Ձեզ, երբ նորից սկսեմ ճռռալ։
-Իհա՛րկե, օրիո՛րդ։ Չէ՞ որ արդեն պայմանավորվեցինք։
-Հրաշալի՜ է։
-Աբդուլահը միշտ ինձ հետ է, ուրախ կլինի օգնելու Ձեզ։ Ուրախ եմ, որ նրա քսուքը Ձեզ չհիասթափեցրեց։
-Հիասքանչ քսուք է։
-Նրա նոր յուղամանն անխափան կերպով է աշխատում։ Իմ խորհուրդը Ձեզ․ հարկավոր է պարբերաբար գալ յուղման, որպեսզի անսպասելի խնդիրներ չառաջանան։ Կարող եք գալ մեզ մոտ, երբ ցանկանաք։ Միշտ ուրախ կլինենք։
-Շնորհակալ եմ։
-Միշտ ուրախ կլինենք, – արձագանքի պես կրկնեց Աբդուլահը։
Աղջիկը երախտագիտությամբ ժպտաց բարեկազմ երիտասարդին, դուրս եկավ դռնից և բարձրացավ աստիճաններով։ Նրբանցքում առաջվա պես մռայլ և կեղտոտ էր, բայց աղջիկն ուշադրություն չդարձրեց այդ ամենին։ Քաղաքի գլխավոր փողոց դուրս գալով՝ աղջիկը քայլեց անկաշկանդ և ազատ կերպով։
«Ի՜նչ հրաշալի է, որ ցանկությունները կատարվում են, – ուրախ մտածում էր նա»։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի

[1] Խորհրդային և գերմանացի փիլիսոա և բանասեր, գրականության տեսաբան, մշակութաբան։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *