Սերգեյ Մկրտչյան | Ես ինձ տեսել եմ արդեն

Je me voyais déjà
«Ես ինձ տեսել եմ արդեն»

դեռևս տեսնում եմ նորից
տեսնում տանը
բակում
քաղաքում
սեփական երկրում
ու ընդհանուր մոլորակում
եթե ինձ տրվեր հարց
«որտե՞ղ է իմ հայրենիքը»
կասեի՝ ես նման սահման չեմ ուզում
չեմ էլ կարող ունենալ
ինչպես չունեմ ինձ և տեսնում եմ հազվադեպ
այդպես էլ որքան այն աննկատ է իմ աչքերին
այնքան կիրառելի է հոգուս համար
«կգա մի օր»
ու ինձ կհարցնեն
«եթե սովորեցնեիր կյանքը, ի՞նչ կասեիր ….»
նախևառաջ կընդհատեմ՝ «հանգստացնելով իմ ողջ դևերին»
կասեմ նրանց՝
սխալ եք ուղղում հարցը
սխալ մեկին
հերթական անշնորհակալն եմ,
ով հիվանդացել է այն դարաշրջանում
երբ շատերն առողջ են ձևացել
բայց և այնպես
կպատմեմ իմ մասին
կհիշեցնեմ նրանց՝
հարկավոր են պարառիթմ բառ-նոտաներ
ո՛չ պարելու համար, ո՛չ համակրանքի
ինչ-որ միջին մարդիկ են պետք
քեզ ատելու
քեզ սիրելու
քեզնով խաբվելու համար
պետք է կորցնել նրանց
անընդհատ գտնել նորերին
նրանց ևս հեռացնել
բայց երբեք
երբեք
երբեք ու երբեք չհեռանալ
հետո կասեի նրանց՝
հարկավոր է մի բառ հորինել
այն անվանել անհնարին
«հավերժական սեր»
գտնել
և բայց երբեք
չունենալ
նոր միջիններ փնտրել
տեսնել քեզ միայն նրանց աչքերում
պաթետիկ համարվել՝
քննադատելի և ծաղրանքի արժան
նրանց առողջ անվանել
քեզ՝
հիվանդ
սիրել նրանց խոսքերը
և երբեք հանկարծ
չհեռանալ
և կրել թատրոնական ցիլինդր
խուսափել միջին դերերից
խոտումներից
ու դափնիներից
եթե ինձ տրվեր եզրակացություն
ես կխոստովանեի՝
հարկավոր էր պարառիթմ արտասվել
գիշերները չքնել
«ժպտալ սովորել»․․․
գրել
գրել
գրել
ես ինձ տեսել եմ արդեն
ես ինձ տեսել եմ արդեն
ես ինձ տեսել եմ արդեն
իմ պատմությունը
այստեղ
մի պահ
կընդհատվի
դե իհարկե
այն «դեռ երեկ» է սկսվել
ես երիտասարդ եմ
քսանից մի քիչ ավել
կտեսնեմ ինձ նորից
կլինեմ պարզամիտ
ու էլ ավել պաթետիկ
ձեզ իմ հարազատը կերևակայեմ
կժպտամ ու կարտասվեմ
կմիացնեմ ձեր երգերը
կխոսեմ միայն ձեր մասին
մի լավ կմտածեմ
արժանի եմ ես
արդյոք
ձեզ
այսքան շատ
սիրել….

Դուք ասում էիք,-«Հարկավոր է առաջին հերթին ճիշտ դռների մոտենալ և կարողանալ բացել դրանք»,- որն ինձ տվեց երեք հետևություն՝ իմ համառությունը, պատասխանատվությունն ու ներկան։ Եվ այս հասակում, երբ գլուխս հպարտ պահած, իսկ հոգիս էլ երազային պատրանքով վարար պիտի քայլեմ առաջ, ես հասկացել եմ, որ երբեք չի կարելի փակել այն դռները, որոնք սիրտս է բացել, և հուժկու ուժով մղված պետք է հավատարիմ մնալ այն անցյալին, որն ի վերջո ես ինքս որոշել եմ։ Անգիտակցական մի պահանջ ինձ մղել էր դեպի ստեղծագործելը, քանզի ես կորցրել էի դռներ բացող անհրաժեշտ բանալիները։ Որոշեցի ինքս դուռ հորինել և դառնալ նրա միակ բանալին։ Սակայն այդ նախընտրությունը, ի տարբերություն բոլոր-բոլոր մյուսների, այնպես է արարված, որ հավասարապես իր մեջ կրում է կարոտի և օտարության բոլոր դրսևորումները։ Այսպես ստացվեց։ Եվ գալիս է մի օր, երբ զգում ես, որ չափազանց շատ ես տրվել կանխակալ գաղափարներին, մինչդեռ աշխարհը մեզ ճիշտ է թվում միայն այն պատճառով, որ նոր դռները նրանում շատ են, իսկ իմը հենց Ձեր խոսքն էր, մի բան, որ առերևույթ է այս բառերի նման։
Այսօր հոկտեմբերի երկուսն է, 2018 թվական։ Ամբողջ օրը ցավագին դատարկության մեջ թափառում էի քաղաքում։ Այժմ կանգնած եմ Կասկադ կոչվող հայտնի բարձրության վրա` Ձեր տան կողքին։ Շատ հյուրեր ունեք: Լռելյայն, ծաղիկները ձեռքներին ուղեկցում են Ձեր մահվան լուրը։ Երգերով չդադարող հիշեցումներն օղակում են ամեն փողոց Ձեր անվան շնչով և, անընդմեջ կրկնվելով, քամու պես պտույտներ գործում մթագնած Երևանի լուսավորության ներքո։ Լսվում են դիսոնանս հնչյունների թույլ շշնջուններ, նոստալգիկ ջահելության մասին երգերը, կիթառի թրթռոց և դաշնամուրի արձակած քաղցրօրոր նոտաներ։ Եվ այս մարդկանց հետ, ասես ցավակից գրկախառնության մեջ, ես վայրկյան առ վայրկյան զգում եմ տիեզերքից կտրված միայնությունը, որ ծեր տերևի նման իջնում է Հայաստանի աշնան վրա։ Երեկ, Ձեզ հետ մեկտեղ ինձ համար լռեց տիեզերքը, իսկ աշխարհի հաղորդությունն այսօր վերընթերցում է Ձեր կյանքն ամենուստ։
Մեծահամբավ տարևորները մեռնում են բնական թվալով։ Նրանց համար ասում են,- «Արդեն ժամանակն էր, լավ կյանք ապրեց…»։ Նրանք մեռնում են, բայց անմահացած են, կարծես տխրելու քիչ պատճառ կա։ Ես նման բան չեմ զգում, չեմ կարող չտխրել։ Որովհետև եթե կան դատողություններ, երբ երիտասարդությունից հետո սպառվում են երազանքները, ապա կան նաև դրանք հերքող բացառիկներ, ովքեր չեն դադարում երազել անգամ իննսուն և ավել հասակում։ Այդ ընտրությունը, ճիշտն ասած, ես ընդամենը մեկի կնճռապատ, սակայն հրացայտ աչքերում եմ գտել։ Ամեն մի գեղեցիկ կյանք ունի իր գեղեցկության անսպասելի վախճանը, և հատկապես, հենց իր համար։
Ոչ ոք Ձեզ չի կորցրել։ Ձեր կյանքը իմ դեռ չապրած տարիների ու եզրակացության մենաշնորհը չի կարող լինել, քանզի միայն ու միայն Ձերն էր, իսկ ինձ համար այն լոկ նախատիպ է ապագաս վրձնապատելու, կյանքը Ձեզ նման սիրելու համար և ցավալու Ձեր փոխարեն, որ չստացվեց վերջին անգամ համերգ տալ հարյուր տարեկանում։ Սակայն ժամանակն ու պատմությունը վերջում միշտ պարտվում են անհատին։ Կատարյալն այն է, որ այսօրվա քաղաքակրթության ավերակները վաղը փոշիանալու են Ձեր իդեալի հաստատմամբ։ Այո, ճշմարիտ է. մնալու եք միայն Դուք և արվեստը` նայելով այն երազանքին, որ մարդու հայրենիքը լինի ոչ թե կենտ մի անկյուն, այլ` ամբողջ աշխարհը։ Թուլություն, որ պետականությունները չունեն իրենց առանձնաշնորհը համարելու համար, երբ տակավին դարը խոնարհվում է նրան, ով հույսի հազարամյակ է ցանկացել։ Հասարակությունները չնչին ու ծիծաղելի պատկերացումներ ունեն արվեստի ահռելիության և կյանքի, ազատության, կարևորի մասին՝ չկռահելով, որ մնացած ամեն բան երկորդական է, գործիք առաջինի ու գեղեցկության համար, ոչ ավել։
Դուք ապրել ու հաղթել եք կյանքն ու մահը` գիտակցելով, որ այն կիսում եք մարդկային մի ամբողջ ցեղի հետ, որն իր սերը քաղել է Ձեր պարզությունից, որտեղ քնքշանքն ու վեհությունը հաղորդել եք ներկան վայրկյաններով գրկելու դժվարին գիտությամբ։ Ինձ մնում է սոսկալ միայն, որ Դուք այլևս չեք զգում, և սգալ, քանզի հազարամյակ է վախճանվել։ Մահը փակ դուռ է մեզ համար, մենք իմաստավորում ենք սեփական մտածողությունը, երբ գիտնականներ վկայակոչված բանավիճում են դրա շուրջ՝ հետազոտելով ընդհատակյա աշխարհը։ Այդ սարսափը հնարամտորեն գունավորում ենք, բայց գիտենք դրա դառնությունը անձնական կորստի մեջ միայն և զգում ենք գեղագիտությունը, երբ մեռնում են ուրիշները` կարծես գտնելով ճշմարտություն, որը չենք ապրել և զգալիս երբեք բովանդակելու կարողություն չենք ունենա։ Սա վկայումն է, որ ամեն պարզ բան, ինչպիսին առավոտն է, գիշերը, բնությունը, աշխարհը, սերն ու մահը, վեր են մեր գիտակցությունից։ Ի վերջո հարկ է բացճակատ ճոճվել սիրո և մահվան ժամանակի միջև։ Մի՞թե սիրո մասին պատկերացումները մահվան անխուսափելիության չափ աղքատին են, նման այս անիմաց պարադոքսին, սխալ ապրումակցելուն և ճշմարտապես ապրելու բացթողմանը։ Բայց մինչ պատկերացնեմ մահը, նախ ես կպատմեմ Ձեզ հետ ապրած, Ձեզանից սերտած իմ կյանքի մասին։
Մի ժամանակ առաջ ես լույս աշխարհ եկա։ Ինձ պատմեցին ճակատագրի մասին, որ կյանքը աստիճան է, ունի հասակ և հասունություն։ Ես կորցրի լույսը, փոխարենը գտա աշխարհը։ Այնուհետև պատմեցին օրենքները, հատկապես՝ չգրված։ Միայն ափսոս, ոչ ոք լեզվի վրա թանաք չուներ, և խոսքերն աղոտ դաջվեցին ճակատիս։ Պետք է գիտենալ, որ սանդուղքն իմ միակ հարազատն է, ես իմ ոտքերն եմ, հաջորդ աստիճանը՝ հաճույքն ու հաղթանակը, Մարդը՝ միջնորդ, սերը՝ տողանցում, վաղը պետքն է, ներկան՝ պետքական։ Ինձ զարմացնում էր, որ այն փլված քաղաքում, ուր մեծանում էի, աշխարհը մարդկանց շուրթերից այդքան հնարամիտ և զանազանված էր դուրս թռչում։ Իսկ քաղաքն այդ Գյումրին էր քչացող։ Ես չէի սովորի բանավիճել կյանքի և գույների շուրջ, եթե չունենայի տատիս, ով բարության մարդ էր, և անունն իր սիրած երգի նման էր՝ Իզաբել։ Նա քառասուն տարվա մանկավարժության փորձ ուներ, բացի այդ` խորը, էսթետիկ ինքնակրթություն, ասում էր,- «Տես, սովորիր այս երգերը»,- որոնք, կարողանում էին լսողության սահմաններում հուզել և ամբողջովին երփնազարդել իմ միտքը։ Ավելի պարզ զգացողություն չէր կարող լինել։
Այդ օրը` 2001 թվականի սեպտեմբեր 22-ին, նրա ձեռքը բռնած գնացի հանդիսության, տեսա, որ արևի, երկնքի ու ավերակների մեջ Գյումրին աշնանը մայիսյան մեծ աղմուկ էր բարձրացնում, որի պոեզիան «դեռ երեկ» ես չէի հասկանում, սակայն նկատում էի հրապարակներից մեկի` հազարավոր մարդկանց առկայությամբ լեցուն փողոցներում, հատկապես այն շատերի ճիգերից, ովքեր մագլցել էին Շիրակ հյուրանոցի փլատակներն ի վեր` տեսնելու համար բարձրահասակ արձանի փոքրամարմին տիրոջը։ Իմ մանկության քաղաքը գարուն չուներ, «նոր գարունը» այդ պահին փայլատակում էր միայն մարդկանց աչքերում։ Կեսկմախք քաղաքի ֆիզիկական ներկայությունը, ավելի սաստիկ քան երբևէ, չարաղետ ամպրոպից հետո գրկում էր իր արևին։ Դրանք հիացմունքի կամ գեղեցկության հավաստի նշաններ էին, նրանց մեծության մասին թևածող փառավոր ու սիրելի պատկերացումները, որ չափվում էին Ձեր անվան ընդարձակությամբ։ Ինչպես ասում են, որբացավ նրանց սերը, իսկ իմ սրտում, դեռ այդժամ, երբ ընդամենը յոթ տարեկան էի, կատարվում էր ընդհակառակը. ես դանդաղորեն կորցնում էի աշխարհը, գտնում լույսը Ձեր շնորհիվ և ծանոթանում ինձ հետ։ Ասես վաղաժամ ծերացել էի, որ կրկին մանկանամ։
Եվ թախծոտ «Բոհեմը» հոգուս մեջ ավելի էր հզորացնում այն իդեալի ուսմունքը, որն անկախ իմ ցանկությունից արյան տեսքով ներարկվել և ձգվում էր դեպի իմ սիրտը։
Այս գիշեր, Ձեր հարևանությամբ` հայտնի Կասկադում, աստղային հրավառության է մասնակցում երկինքը։ Տիեզերքը համերգ է բարբառում։ Աշնանային գիշերվա մեջ, անկասկած, ճիշտ կլինի քայլելու փոխարեն հայացքով սլանալ, որպեսզի ձուլվեմ տեսարանին, ուր ընդարձակ երկնքից ներքև դեպի տանիքներ են կաթում կայծկլտուն աստղերը` ջահավորվելով լապտերների: Երևանը պար է բռնել լուսապանծ երկնքի հետ, տիեզերքի լայնարձակ միրաժից մեզ հասնող քամու երգերով սուլոցները տարածվում են փողոցից փողոց` շեշտակի ու կտրուկ, ասֆալտից արձակվում շինությունների կտուրներն ի վեր` Պեգասի նման վազող թևերով, մթության ծոցում պերճախոս նրբերանգով` պարուրված մեր սպիտակ կատարելության կենդանի ձայնով։
Հեեեեեեեյյյյ

Les deux guitares……
Պա բա բեյ բեյ բա բեյ բամ
Նա նա նեյ նայ նայ նայ նամ ….

Չափազանց ուրախ
Չափազանց տխուր
Չափազանց միայնակ

Անթարգմանելի, սառը պարապության մեջ
Տիեզերքը որքան նվագներ ունի ..

Հեյյյյյյ

Թռչում են բեմերը`աթոռներին թողնելով աշխարհը

Ես ինձ տեսել եմ արդեն
Ես Ձեզ տեսել եմ արդեն
Եվ Ձեզ տեսնում եմ նորից

Ընդունեք խոսքն իմ
Ձեզ նման հայից
Ձեզ պես աշխարհի զավակից

Չափազանց սիրով
Հավերժ զինվորագրված
Ձեր վառ արժեքին

Monsieur Ազնավուր

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *