– Երկրագունդը կլոր է ու պտտվում է ոչ միայն արևի, այլ նաև իր սեփական առանցքի շուրջը,- բացատրում եմ հնգամյա Դավիթին:
– Կլո՞ր, ինչպես մայրիկի թխած խաչապուրի՞ն,- աչքերը կլորացնում է Դավիթը:
– Կլոր ինչպես արևը, միայն թե՝ արևը չի շարժվում, այլ տիեզերքում բազմած իր ջերմությունն է ուղարկում մարդկանց ու մոլորակներին:
– Բա երկրագունդը որտեղի՞ց բերեց Ջեֆին, արևի վրայի՞ց:
– Երկրագունդը պտտվում է, ու պտույտի ընթացքում իրար են հանդիպում տարբեր մեծ ու փոքր մարդիկ ու կենդանիներ, երբեմն նույնիսկ չնկատելով իրար: Բայց Ջեֆը քեզ տեսավ ու մի պահ կանգ առավ, հենց այստեղ՝ Բրյուսելի Ամերիկյան Դպրոցում:
Թե ինչպես քսաներորդ դարասկզբին հայազգի ավանդապաշտ ընտանիքի հետ Ալաշկերտից Թիֆլիս ճողոպրած պանրահացի բաղադրատոմսը կամաց-կամաց մոռացության մատնվեց, ոչ-ոք ուշադրություն չդարձրեց: Առանձնապես նշանակալի իրադարձություն չէր նաև այն վրացական խաչապուրիով փոխարինելը, աշխարհում այնքան բան է ամեն վայրկյան փոխվում, որ չես կարող հետևից հասնել, մանավանդ երբ խոսքը գնում է այնպիսի մանրուքի մասին, ինչպիսին հացուպանիրն է: Այնպես որ, Վարդուշ տատիկից իր թոռնուհուն անցած խոհանոցային գաղտնիքը պիտի դարաշրջան կտրեր, պիտի աշխարհ կտրեր ու պիտի գար դառնար Եվրոպայի կենտրոնում ծվարած մի հայ ընտանիքի խոհանոցի զարդը, հետո էլ մանկապարտեզի ամերիկացի դայակ Ջեֆ Բրոնսոնի թեթև ձեռքով դառնար չիզի: Մի փոքր սպասեք, հիմա կբացեմ բաղադրատոմսը: Այս պատմությունը հունցելու համար ինձ պետք կգա մի գլուխ վրացական սուլուգունի, արաբական խանութից գնված խմոր, մի հնգամյա հայ տղա՝ անունը Դավիթ ու մի ամերիկացի մանկապարտեզի դայակ, որ կշռում է չորս հարյուր փաունդ, կամ շուրջ հարյուր ութսուն կիլոգրամ: Այս խառնաշփոթի մեջ մոլորված ստիպված ենք սպասել այն հրաշալի պահին, երբ մեր այս Դավիթը, որ սկսել է գնալ ամերիկյան դպրոց և, ի տարբերություն Ջեֆ Բրոնսոնի, դպրոցի ամենաթեթև մարդն է, պարզապես կվերցնի այս զարմանալի պատմության բանալին, կբացի դուռը ու կասի.
– Ես արդեն ընկեր ունեմ, իմ ընկերն է Ջեֆ Բրոնսոնը:
Ավետաբեր լուրն այնպիսի ցնծություն կպարգևի ընտանիքին, որ բոլորը միաբերան կբացականչեն.
– Վերջապես:
Դե գիտեք, մի մատ երեխա է, օտար միջավայր, անհասկանալի լեզու, ոչ ոք հետը չի խաղում… մեկ էլ հանկարծ՝ ընկեր, այն էլ ինչպիսի ընկեր՝ դպրոցի ամենածանր մարդը՝ Ջեֆը՝ Վիսկոնզինի նահանգից, որ երեխաների ու նեղ շրջանակի ուսուցչական կազմի համար կրում է Արջ պատվարժան մականունը: Մենք՝ հայերս, հյուրասեր ժողովուրդ ենք, ու որպեսզի այս երկուսի բարեկամությունը ամրապնդվեր, անհրաժեշտ էր լինելու այն շաղախել խաչապուրիով, որ ամեն շաբաթ Դավիթի հոգատար մայրիկի կողմից հյուրասիրվելու էր Ջեֆին, Դավիթի միակ ընկերոջը:
– Ինչպիսի աներևակայելի չիզի է, այսպիսի համեղ բան կյանքում չեմ կերել, – ամեն անգամ ասում էր Ջեֆը ու ճանկում խաչապուրին,- լանչի ժամանակ կբաժանեմ երեխաներին:
Ջեֆը իհարկե կբաժաներ, բայց ամերիկացի երեխաները այնքան են պիցա կերել, որ խաչապուրիից բան չեն հասկանում, ու բոլորն էլ գիտեին, որ չիզին իր վերջնական հանգրվանն է գտնելու Ջեֆի անծայրածիր ստամոքսում:
– Անուշ արեք, Վարդուշ տատիկիս բաղադրատոմսով է պատրաստված, Թիֆլիսից-ասում էր հոգատար մայրիկը կամ Վարդուշ տատիկի ամենափոքր թոռնուհին ու կրակը գցում ինձ, քանի որ ստիպված էի լինում մի պատմական այց կազմակերպել քսաներորդ դարասկիզբ, մարդուն բացատրելու համար, թե ինչու է հայազգի ընտանիքի տատիկը ապրել Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում ու թե ինչու է այս հրաշալի վրացական չիզին, որ իրենց լեզվով մի աներևակայելի դժվար անուն ունի, գլորվել-գլորվել ու եկել հասել Բրյուսելի Ամերիկյան Դպրոց:
– Կներեք, չգիտեմ ինչ լեզվով է՝ հայերեն, թե վրացերեն, որ սպանեք էլ՝ չեմ կարող բառը ճիշտ արտասանել, բայց պիտի խոստովանեմ, որ Ամերիկայում հաց ու պանիրից այնքան էլ գլուխ չեն հանում:
– Դուք կարող եք չիզի ասել, -համաձայնվում էր մեծահոգի ընտանիքը- չէ որ դուք մեր Դավիթի ընկերն եք:
Ջեֆ Բրոնսոնը՝ Վիսկոնզինի Արջը, դպրոցի ոչ միայն ամենածանր, այլև ամենաբարի մարդն էր, նեղյալների ամենաեռանդուն պաշտպանը, ռոքենռոլի լավագույն պարողն ու խոհարարության ամենատաղանդավոր վարպետը: Նա ինքն անձամբ էր երեխաներին բացատրում, որ բանջարեղենը հենց այնպես օդից չի հայտնվել խանութում, ինչ-որ մեկը այն տնկել կամ ցանել է հողում, մեկ այլ բարի մարդ ջրել է այն, բնությունը արև ու անձրև է տվել ու աստծո օրհնությամբ բերել հասցրել է մեզ: Մենք էլ կընդունենք այն երախտագիտությամբ ու կփռենք սեղանին ահա այս ու այն ուտելիքի տեսքով: Խաչապուրին կամ չիզին էլ օդից չի հայտնվել այս սեղանին, ոչ էլ Վրաստանից կամ Հայաստանից. այն սկզբում եղել է ցորենի տեսքով, կովի տեսքով, վարուցանքի, կաթնատվության երևույթների միջով անցել, Վարդուշ տատի ձեռքերում խմորվել, հյուրասիրության ջերմությամբ եփվել ու ազգամիջյան սկուտեղի վրա մատուցվել է մեզ, վայելեք որքան կարող եք:
– Երբ երկրագունդը պտտվեց ու բերեց Ջեֆին, նա ինձ տեսավ: Եթե չտեսներ, կճզմեր իր ոտքերի տակ ու մենք չէինք ընկերանա,- փորձում է ընկերության գաղտնիքը բացատրել Դավիթը:
– Աստված այդպես է ցանկացել, որ դուք ընկերներ լինեք, ու նա չէր կարող չտեսնել քեզ:
– Ջեֆը Վինի Պուխին Վինի Փուհ է ասում:
– Կարևորը անունը չէ: Վինի Պուխ կլինի, թե Վինի Փուհ, կարևորը այդ անվան մեջ ամփոփված մարդն է, այս դեպքում՝ արջուկը, որ ընկերության ու բարեկամության մի այնպիսի ջերմություն
է բերել, որ մարդկությունը արդեն հարյուր տարի ջերմացնում է հոգիները,- իբր բացատրում եմ:
Ուսուցչական անձնակազմը մտահոգված էր, որ Դավիթը անգլերեն չի խոսում, ստիպված էին լինում լրացուցիչ ջանքեր գործադրել, նոր տեխնոլոգիաներ կիրառել, հատուկ մասնագետներ բերել դպրոց: Միայն Ջեֆն էր ընտրել ճիշտ ճանապարհը. եթե Դավիթը անգլերեն չի հասկանում, սակայն սիրում է երգ-երաժշտություն, ես կերգեմ նրա համար անգլերեն, ու քանի որ մենք ընկերներ ենք, ինքը կհասկանա իմ միտքը: Եթե Դավիթը անգլերեն չի խոսում, բայց սիրում է պարել, ես կպարեմ նրա համար ռոքենռոլ, ու ինքը կհասկանա, որ ռոքենռոլ պարելու համար պետք է անգլերեն սովորել: Եվ վերջապես, եթե Դավիթը չի խոսում անգլերեն, ես կփորձեմ խոսել հայերեն, որքան էլ դժվար լինի համակարգչի միջոցով գտած այդ մի քանի արևելյան մեղրածոր բառերը ճիշտ արտաբերել. ի՞նչ են այդ մանր-մունր դժվարությունները երեխայի հիացմունքի մոտ: Եթե Դավիթը չի խաղում ոչ մեկի հետ, ես կխաղամ Դավիթի հետ ու մենք միասին կուլ կտանք հոգատար մայրիկի թխած չիզիի հերթական չափաբաժինը: Խաղ: Ահա ամենակարևոր բանը երեխայի համար, մնացածը ածանցյալ է: Ես կլինեմ Դավիթի խաղընկերը: Ես կլինեմ Վինի Փուհ արջուկը, Դավիթն էլ թող լինի Խոզուկը։ Մենք կգնանք մեղր գողանալու, իշուկի կորած պոչը փնտրելու։ Մենք կգնանք փիղ բռնելու կամ էլ Հյուսիսային բևեռը հայտնաբերելու։ Իսկ երբ նեղը կընկնենք ու թաթախված կլինենք ջրհեղեղի ալիքների մեջ, մի գրություն կգրենք, կզմռսենք շշի մեջ ու կհանձնենք գթառատ ալիքների ողորմածությանը, հույսով որ մի բարի մարդ կգտնի շիշը ու կգա փրկելու մեզ։
Ջեֆը կդառնա բոլոր երեխաների խաղընկերը, ինքնամոռաց կտրվի խաղին ու այնպես կկչկչա, որ չորս հարյուր փաունդ կշռող մարմնի ցնցումներից դպրոցի սառը պատերը կճկվեն, այնպես կճկվեն, որ կչկչոցի անդրադարձը կբեկբեկվի ու մեկընդմիշտ կմեխվի երեխաների, ուսուցիչների ու ծնողների հիշողության մեջ:
Բայց ամեն խաղ մի օր ավարտվում է: Մի օր երկրագունդը հակառակ պտտվեց ու Ջեֆին տարավ այնտեղ, որտեղից բերել էր՝ ամփոփելով Վիսկոնզինի Մոնոնա քաղաքի ընտանեկան գերեզմանատանը: Այդ օրը Դավիթը հետ բերեց Ջեֆի հերթական չիզին: Դպրոցի տնօրեն պարոն Գոլդմանը ցավակցությունների մատյանում գրեց, որ եթե իրեն վիճակվի դրախտ ընկնել, կցանկանա առաջինը Ջեֆին հանդիպել: Երևի շատերը կցանկանան: Մեկ այլ ուսուցիչ էլ գրեց, որ Ջեֆը կարողանում էր այնպես անել, որ բոլորը՝ երեխա, թե մեծահասակ, մտածեն, թե հենց իրենք են Ջեֆի ընտրյալը։ Իրականում, Ջեֆն էր բոլորի ընտրյալը։ Ջեֆը հարազատ երեխաներ չուներ, բայց Բրյուսելի Ամերիկյան դպրոցի հարյուրավոր երեխաները լաց եղան նրա համար: Դպրոցի տնօրենը հիշատակի արարողություն կազմակերպեց, ու երեխաները երգ նվիրեցին նրան: Միայն Դավիթը չերգեց, նա կորցրել էր լավագույն ընկերոջը:
Մենք չերգեցինք, ուղղակի մայրամուտին գնացինք մոտակա ծովափը, Ջեֆին ուղղված մի երկտող գրեցինք, զմռսեցինք շշի մեջ ու հանձնեցինք կախարդական ալիքների ողորմածությանը, ճիշտ ինչպես սիրված հեքիաթում։ Շիշը լողաց, լողաց ու իր հետ տարավ Ջեֆի լուսավոր ժպիտը, թաքցնելով այն օվկիանոսի ճոճվող երկնակամարում։ Նրա վարակիչ ծիծաղը այսօր էլ ալեբախվում է իմ ականջներում: Այդ ծիծաղը կոտրում է ընկերության մասին բոլոր կաղապարները, կործանում է պատնեշները, սրբում տանում է լեզվական, ազգային ու աշխարհագրական սահմանումները: Դավիթին նվիրած Ջեֆի գիրքը Վինի Փուհ արջուկի արկածների, ընկերության ու այլ բաների մասին դրված է մեր գրասեղանին ու համակարգչի թարգմանչական ծրագրերից կորզված ու մեսրոպատառ ձեռագրի վերածված մի աներևակայելի ճիգով մակագրված է.
«Դավիթ, ես գիտեի, որ Դուք կարող: Դուք յուրահատուկ»:
Ուղղակի ուզում էի ասել, ձեզ էլ խորհուրդ տալ երբեմն, երբ դժվարությունները հաղթահարելու կարիք ունենաք կամ իսկական ընկերոջ պահանջ, կարդալ այդ գիրքը: Ուզում էի նաև ասել, որ խաչապուրին կամ չիզին հենց այնպես, օդից չի հայտնվել մեր սեղանին, ոչ էլ Վրաստանից կամ Հայաստանից: Այն սկզբում եղել է ցորենի տեսքով, կովի տեսքով, վարուցանքի, կաթնատվության երևույթների միջով անցել, Վարդուշ տատի ձեռքերում խմորվել, հյուրասիրության ջերմությամբ եփվել ու նոր հասել է մեզ: Ու քանի որ մենք հրաշքներին հավատում ենք, ու ընկերությանն էլ բնականաբար հավատում ենք, այսօր էլ, երբ Վարդուշ տատի ամենափոքր թոռնուհին խաչապուրի է թխում, վերջին կտորը՝ Ջեֆի բաժինը, չենք ուտում: Չէ որ նա մեր Դավիթի լավագույն ընկերն է ու գուցե մի օր կարդա մեր երկտողը ու մեղրի կճուճի վրա լողալով գա իր աներևակայելի դժվար արտասանելի խաչապուրիների կամ պարզապես չիզիների հետևից: