Խուլիո Կորտասար | Աքսոլոտլ[1]

Կար ժամանակ, երբ շատ էի մտածում աքսոլոտլների մասին։ Բուսաբանական այգի էի գնում՝ ակվարիումի մեջ նրանց տեսնելու, և ժամեր շարունակում նայում էի աքսոլոտլներին՝ հետևելով նրանց անշարժությանն ու հազիվ նկատելի շարժումներին։ Իսկ հիմա ես ինքս եմ աքսոլոտլ։

Հանգամանքների զուգադիպմամբ ծանոթացա նրանց հետ մի գարնանային առավոտ, երբ Փարիզը ձմեռային երկար քնից հետո բացել էր իր՝ սիրամարգի պոչը։ Իջա Պորտ Ռոյալ զբոսայգով, անցա Սեն Մարսել և Լ’Հոպիտալով, այդ բոլոր գորշ գույների մեջ կանաչություն տեսա, և առյուծների մասին հիշեցի։ Առյուծների և հովազների հավատարիմ ընկերն էի, բայց ակվարիումի մռայլ և խոնավ շենք երբեք չէի մտել։ Հեծանիվս հենեցի երկաթյա վանդակին ու գնացի` կակաչներին նայելու։ Առյուծները վատ և տխուր տեսք ունեին, իսկ հովազս քնած էր։ Ակվարիումների շենք մտա և շարքային ձկնիկների կողքով էի անցնում, մինչև որ հանկարծակիորեն չհանդիպեցի աքսոլոտլներին։ Մեկ ժամ շարունակ նայեցի նրանց և հեռացա՝ ուրիշ ոչնչի ուժ չունենալով։

Սուրբ Ժենևայի[2] գրադարանում հանրագիտարանից իմացա, որ աքսոլոտլները ամբիստոմա տեսակի պոչավոր երկկենցաղների ընտանիքին պատկանող թրթուրաձև էակներ են, որոնք խռիկներ ունեն։ Այն, որ մեքսիկացիներ էին, նրանց վրա մի հայացք գցելով էի հասկացել՝ նրանց ացտեկական բաց վարդագույն փոքրիկ մռութներից և ակվարիումի վերևում կախված ցուցանակից։ Կարդացի, որ Աֆրիկայում այդ ընտանիքին պատկանող այնիպիսի ներկայացուցիչներ են հայտնաբերվել, որոնք երաշտի շրջանում ունակ են ապրելու ցամաքում և իրենց կյանքը շարունակելու ջրում անձրևների սեզոնի գալուն պես։ Գտա աքսոլոտլների իսպաներեն անվանումը` ajolote, և իմացա, որ ուտելի են, իսկ նրանց յուղը օգտագործվում էր (կարելի է ասել, որ այժմ այլևս գրեթե չի օգտագործվում) ինչպես ձողաձկան լյարդի յուղը։

Չուզեցի տեղեկատվություն փնտրել մասնագիտական գրականության մեջ, բայց հաջորդ առավոտ վերադարձա Բուսաբանական այգի։ Սկսեցի ամեն առավոտ այնտեղ գնալ․ երբեմն գնում էի և՛ առավոտյան, և՛ երեկոյան։ Ակվարիումի պահակն ամեն անգամ շփոթված ժպտում էր, երբ տոմսը նրան էի մեկնում։ Ակվարիումը շրջապատող երկաթե ձողերին էի հենվում և աքսոլոտլներին էի նայում։ Ոչ մի տարօրինակ բան չկար դրանում, որովհետև հենց ամենասկզբից էի հասկացել, որ ինչ-որ բան կապում էր մեզ իրար, վաղուց մոռացված և ծայրահեղ հեռու, բայց միևնույն ժամանակ երկուսիս համար հարազատ ինչ-որ բան։ Ինձ համար այն առավոտ առաջին անգամ ապակու առաջ, որտեղ ջրի միջից պղպջակներ էին վեր բարձրանում, կանգ առնելը միայն բավական էր։ Աքսոլոտլները հավաքվել էին ակվարիումի փոքրիկ և նեղ (և միայն ես կարող եմ իմանալ, թե որքան նեղ և փոքրիկ), մամռապատ քարե հատակին։ Նրանք վեցն էին, որոնցից ամենախոշորը գլուխը հենել էր ապակուն և իր ոսկեգույն աչքերով նայում էր յուրաքանչյուրին, ով մոտենում էր ակվարիումին։ Շփոթվեցի և համարյա ամոթ զգացի, երբ հասկացա, թե ինչ անամոթ կերպով էի զննում այդ անշարժ և լռակյաց մարմիններին, որոնք կուտակվել էին ակվարիումի հատակին։ Մտովի ընտրեցի դրանցից մեկին, որն աջ կողմում էր և մի տեսակ առանձնացած մյուսներից, որպեսզի ավելի լավ ուսումնասիրեի նրան։ Տեսա փոքրիկ, վարդագույն և գրեթե թափանցիկ մարմինը (կաթնագույն ապակուց պատրաստված չինական արձանիկների մասին մտածեցի), որը նման էր տասնհինգ սանտիմետրանոց փոքրիկ մողեսի` ձկան՝ արտասովոր քնքշություն ունեցող պոչով, որը մեր մարմնի ամենազգայուն մասն է։ Մեջքին թափանցիկ լողաթև էր, որը միահյուսվում էր պոչին, բայց այն, ինչ շշմեցրեց ինձ, թաթիկներն էին, որոնք բարակիկ էին, պստլիկ մատներով և եղունգներով, լրիվ մարդու ձեռքերի պես։ Եվ այդ ժամանակ տեսա նրա դեմքն ու աչքերը․ քորոցի գլխի նման երկու անցք՝ ամբողջությամբ թափանցիկ և ոսկեգույն, որոնք ասես կենսազուրկ լինեին, բայց թույլ էին տալիս հայացքիս ներս թափանցել, որն ասես անցնում էր այդ ոսկեգույն կետի միջով և կորչում ինչ-որ ներքին, թափանցիկ առեղծվածի մեջ։ Բարակիկ սև ճաճանչապսակը երիզավորում էր նրա աչքը և ներգծում վարդագույն մարմնի մեջ, վարդագույն քարի նման գլխին՝ անորոշ եռանկյունու ձև ունեցող, բայց ծալված և անհավասար կողմերով, ինչի պատճառով ժամանակից քայքայված հին արձանիկի էր նմանվում։ Դեմքի եռանկյունաձև հարթության տակից բերանը չէր երևում, և միայն կիսադեմից կարելի էր նկատել, թե ինչ մեծ էր այն․ բարակ ճեղքվածքը երկու մասի էր բաժանում գրեթե անկենդան քարը։ Գլխի երկու կողմերում, որտեղ պետք է ականջներ լինեին, մարջան հիշեցնող երեք վառ կարմիր ոստիկներ էին աճում, և ես ենթադրեցի, թե դրանք խռիկներն էին։ Եվ դա նրա մարմնի միակ կենդանի մասն էր, ամեն տաս-տասնհինգ վայրկյանը մեկ ոստիկները կտրուկ ուղիղ կանգնում էին, իսկ հետո նորից իջնում։ Երբեմն մի թաթիկը թեթևակի շարժվում էր, և ես տեսնում էի, թե ինչպես էին պստլիկ մատիկները մեղմորեն իջնում մամուռի վրա։ Չենք սիրում շատ շարժվել, իսկ ակվարիումը նեղ է․ հենց որ թեթևակի շարժվում ենք, միանգամից գլխով կամ պոչով մեկ ուրիշին ենք դիպչում, այդ պատճառով էլ դժվարություններ, վեճեր, հոգնածություն է ծագում։ Երբ անշարժ պառկած ենք, ժամանակն ավելի քիչ է զգացվում։

Եվ հենց աքսոլոտլների անշարժությունն էր, որ հիացրեց ինձ և ստիպեց ակվարիումի ապակուն կպչել, երբ առաջին անգամ տեսա նրանց։ Ինձ թվում էր, թե հասկանում էի նրանց գաղտնի կամքը՝ իրենց անտարբեր անշարժությամբ վերացնելու ժամանակն ու տարածությունը։ Հետագայում ավելի լավ ճանաչեցի նրանց․ խռիկների կծկումը, բարակիկ թաթիկների՝ մամռապատ քարերի վրայով տեղաշարժը, հանկարծակի ձգումները (նրանցից ոմանք լողում են մարմնի հասարակ շարժումների միջոցով) ապացուցեցին ինձ, որ նրանք ունակ էին դուրս պրծնելու այդ հանքային քարացումից, որում ժամեր շարունակ գտնվում էին։ Ամենից շատ նրանց աչքերն ինձ գրավեցին։ Նրանց կողքին՝ մյուս ակվարիումներում, տարբեր տեսակի ձկները հիմար անմտություն էին ցույց տալիս աշխարհին իրենց գեղեցիկ աչքերով, որոնք այնքան նման էին մեր աչքերին։ Աքսոլոտլների աչքերն ինձ ուրիշ աշխարհի, մեկ այլ աշխարհայացքի գոյության մասին էին ասում։ Դեմքով ապակուն հպվելով՝ (երբեմն պահակն անհանգիստ հազում էր)՝ ձգտում էի ավելի լավ տեսնել ոսկեգույն, պստլիկ կետիկները, այդ վարդագույն արարածների անսահման դանդաղ և հեռավոր աշխարհի մուտքը։ Մատով նրանց դեմքի առաջ ապակուն խփելն անօգուտ էր, ոչ մի ռեակցիա։ Ոսկեգույն աչքերը շարունակում էին վառվել իրենց քաղցր, սարսափելի լույսով․ շարունակում էին նայել ինձ իրենց անսահման խորությունից, որից գլխապտույտ էր առաջանում մոտս։

Այնուամենայնիվ՝ հարազատ էին ինձ։ Նախկինում՝ դեռ մինչև աքսոլոտլ դառնալս, գիտեի դա։ Հենց այն օրը իմացա, երբ առաջին անգամ մոտեցա նրանց։ Չնայած մեծամասնության կարծիքին՝ կապիկների մարդակերպությունը ցույց է տալիս, թե ինչ հսկայական հեռավորություն կա մեր և նրանց միջև։ Այն, որ աքսոլոտլները բացարձակ նման չէին մարդկանց, ապուցեց, որ իմ համոզմունքները ճիշտ էին, և որ ես չէի հիմնվում հասարակ անալոգիաների վրա։ Միայն թե նրանց թաթիկները․․․ Բայց մողեսը նույնպես այդպիսի ձեռքեր ունի, բայց ամենևին էլ նման չէ մեզ։ Համոզված եմ, որ բանն աքսոլոտլի՝ եռանկյունաձև և ոսկեգույն աչուկներով գլխի մեջ էր։ Նայում և հասկանում էին։ Կանչում էին ինձ։ Նրանք կենդանիներ չէին։

Դիցաբանության մեջ խորասուզվելն ամենից հեշտն էր, գրեթե ակնհայտ էր թվում։ Սկսեցի որոշակի կերպարանափոխություն տեսնել աքսոլոտլների մեջ, որին չէր հաջողվել վերացնել առեղծվածային մարդկայնությունը։ Գիտակից արարածներ էի երևակայում նրանց, իրենց մարմնի ստրուկներ, որոնք հարատև լռության, անհույս հայեցության էին դատապարտված։ Աքսոլոտլի կույր հայացքը, փոքրիկ ոսկեգույն սկավառակը՝ անարտահայտիչ և միևնույն ժամանակ սարսափելի խորաթափանց, տարածվում էր ներսովս և ասում․ «Փրկի՜ր մեզ, փրկի՜ր մեզ»։ Հանկարծ հասկացա, որ մխիթարական բառեր էի հնարում, երեխայական հույսեր էի տալիս։ Նրանք շարունակում էին անշարժ նայել ինձ․ հանկարծ նրանց խռիկների վարդագույն ոստիկներն ուղղվեցին։ Այդ պահին բութ ցավի նման մի բան զգացի․ հավանաբար նրանք տեսնում էին ինձ և որսացել էին նրանց կյանքի անթափանց տարածություն ներթափանցելու ձգտումս։ Նրանք մարդ չէին, բայց այդպիսի խորը կապ ուրիշ ոչ մի կենդանի արարածի հետ չէի զգացել։ Աքսոլոտլներն ինչ-որ ուրիշ բանի վկաներ էին, երբեմն նաև սարսափելի դատավորներ։ Ինձ արժանի չէի համարում նրանց, այդ թափանցիկ աչքերում այնպիսի սահմռկեցուցիչ մաքրություն կար։ Նրանք թրթուրներ էին, ավելի ճիշտ՝ երեսակալ, դիմակ, ինչպես նաև ուրվական։ Բայց այդ ացտեկական, ոչ արտահայտիչ և միևնույն ժամանակ անողոք դեմքերի հետևում ի՞նչ կերպար էր սպասում իր ժամին։

Վախենում էի նրանցից։ Կարծում եմ, որ եթե չզգայի մյուս այցելուների և պահակի ներկայությունը, չէի համարձակվի մենակ մնալ նրանց հետ։ «Աչքերով ուտում եք նրանց, – ծիծաղելով ասում էր ինձ պահակը, որը հավանաբար մի փոքր անհավասարակշիռ մարդ էր համարում ինձ»։ Նա գլխի չէր ընկնում, որ այդ աքսոլոտլներն էին ոսկեգույն մարդակերության մեջ կլանում ինձ իրենց աչքերով։ Ակվարիումից հեռու լինելով՝ ոչինչ չէի անում՝ բացի նրանց մասին մտածելուց, ասես հեռվից ներգործում էին վրաս։ Ամեն օր գնում էի այնտեղ, իսկ գիշերները պատկերացնում էի, որ կիսախավարում անշարժ էին, դանդաղ տեղաշարժում էին թաթիկները, որոնք հանկարծ դեմ էին առնում մեկ ուրիշ թաթիկի։ Միգուցե նրանց աչքերը միայն գիշերներն էին տեսնում, իսկ ցերեկները նրանց անվերջանալի էին թվում։ Աքսոլոտլների աչքերը կոպեր չունեն։

Այժմ հասկանում եմ, որ ոչ մի տարօրինակ բան չկար, օրերից մի օր տեղի էր ունենալու։ Ամեն առավոտ, երբ կռանում էի ակվարիումի մոտ, ավելի լավ էի ճանաչում նրանց։ Նրանք տառապում էին, մարմնիս բոլոր բջիջներով զգում էի այդ լուռ տառապանքը, այդ դաժան տանջանքը ջրի հատակին։ Ինչ-որ բան էին փնտրում․ վաղեմի կործանված իշխանություն, ազատության ժամանակ, երբ աշխարհը աքսոլոտլներին էր պատկանում։ Անհնար էր, որ այդչափ սարսափելի արտահայտությունը, որը հաղթահարում էր նրանց քարացած դեմքերի հարկադրական անվրդովությունը, չկրեր իր մեջ ցավն ու ապացույցն այդ հավիտենական անեծքի, այդ ջրալի դժոխքի, որում նրանք տանջվում էին։ Իզուր էի ուզում ապացուցել ինքս ինձ, որ դյուրազգացությունս էր աքսոլոտլներին գոյություն չունեցող գիտակցությամբ օժտում։ Նրանք և ես նման էինք։ Դրա համար էլ ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, թե ինչ կատարվեց։ Դեմքս սեղմել էի ակվարիումի ապակուն, աչքերս հերթական անգամ փորձում էին ներթափանցել այդ առանց ծիածանաթաղանթ և առանց բիբ աչքերի առեղծվածի մեջ։ Շատ ուշադիր ուսումնասիրում էի աքսոլոտլներից մեկի դեմքը, որն անշարժ կանգնած էր ապակու մոտ։ Ո՛չ կերպարանափոխություն կար, ո՛չ զարմանք․ աքսոլոտլի փոխարեն իմ դեմքը տեսա ապակու հետևում, ակվարիումի այս կողմից իմ դեմքը տեսա ապակու այն կողմում։ Այնուհետև դեմքս մի կողմ թեքվեց, և ես ամեն ինչ հասկացա։

Միայն մի բանն էր տարօրինակ․ առաջվա նման ունակ էի մտածելու, բանականությունս չէի կորցրել։ Դրա գիտակցումը սկզբում նման էր ողջ-ողջ թաղված մարդու սարսափին, որն արթնացել էր իր գերեզմանում։ Դրսի կողմից իմ դեմքը նորից մոտեցավ ապակուն, և ես նորից տեսա շրթունքներս, որոնք պինդ սեղմված էին՝ աքսոլոտլներին հասկանալու ձգտմամբ։ Արդեն աքսոլոտլ էի և միանգամից գլխի էի ընկել, որ ոչ մի հասկացում էլ հնարավոր չէր։ Նա ակվարիումից դուրս էր, և նրա մտքերը ակվարիումից դուրս մտքեր էին։ Նման կերպ խորհելով՝ ես ես էի, աքսոլոտլ էի և իմ աշխարհում էի։ Սարսափեցի (հենց նույն պահին հասկացա դա) այն մտքից, որ աքսոլոտլի մարմնի մեջ էի բանտարկված, մարդկային մտածողությանս հետ էի այնտեղ տեղափոխվել, ողջ-ողջ թաղված էի աքսոլոտլի մեջ, անզգա արարածների մեջ գիտակցված դեգերումների է դատապարտված։ Բայց այդ ամենն ավարտվեց, երբ մի թաթ կպավ դեմքիս, երբ դժվարությամբ մի կողմ քաշվելով՝ մի աքսոլոտլի տեսա, որը նայում էր ինձ, և ես հասկացա, որ նա էլ էր հասկանում, և որևէ բան ասելու կարիք չունեինք, ամեն ինչ արդեն պարզ էր։ Կա՛մ նրա մեջ նույնպես ես էի, կա՛մ բոլորս մարդու նման էինք մտածում, բայց չէինք կարողանում արտահայտել մեր մտքերը, բավարվում էինք մեր աչքերի ոսկեգույն փայլով, որոնք նայում էին ակվարիումի ապակուն կպած մարդուն։

Առաջ հաճախակի էր գալիս, իսկ հիմա՝ ավելի հազվադեպ։ Շաբաթներ շարունակ չի երևում։ Երեկ տեսել եմ նրան, երկար ժամանակ ինձ էր նայում, հետո կտրուկ հեռացավ։ Ինձ թվաց, թե այլևս այդքան էլ չէինք հետաքրքրում նրան, ուղղակի հին սովորության համաձայն էր եկել։ Քանի որ միակ բանը, որ մնում է ինձ, խորհելն է, կարող եմ երկար մտածել նրա մասին։ Ինձ թվում է, որ սկզբում շարունակում էինք կապված լինել, և նա ինչպես երբեք մոտ էր զգում իրեն առեղծվածին, որ համակել էր նրան։ Բայց այժմ մեր միջև եղած կամուրջներն այրված են, որովհետև նրա բուռն զգացմունքն այժմ աքսոլոտլի է վերածվել՝ օտար մարդկային կյանքի համար։ Կարծում եմ, որ սկզբում ինչ-որ կերպ կարող էի նրա մեջ վերադառնալ (ա՜խ այդ ինչ-որ մի կերպը) և պահպանել նրա՝ մեզ ավելի լավ ճանաչելու երազանքը։ Հիմա, անկասկած, աքսոլոտլ եմ, և եթե որպես մարդ եմ խորհում, ապա միայն այն պատճառով, որ յուրաքանչյուր աքսոլոտլ իր վարդագույն քարի նման փոքրիկ մարմնի ներսում մարդու նման է մտածում։ Կարծում եմ, որ առաջին օրերին կարողացել էի որոշ բաներ հաղորդել նրան, երբ ես դեռ նա էի։ Եվ այդ վերջնական միայնության մեջ, որը նա այլևս չի խախտում, մի միտք է ինձ մխիթարում, որ հնարավոր է նա գրի մեր մասին՝ կարծելով, թե այդ բոլորը ինքն է հորինել աքսոլոտլների մասին։

Թարգմանությունը իսպաներենից` Էլիզա Ստեփանյանի

[1] Վագրային ամբիստոմայի թրթուր։

[2] Հենրիխ IV-ի լիցեյի կողքին գտնվող գրադարան։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *