Պատերի կուրացնող ճերմակությունը մատնում է ստվերների ներկայությունը:
Կիսաբաց աչքերով աննկատ սահում են` մերթընդմերթ հպվելով պատին: Բամբակյա զգեստս ծուլորեն քսվելով սալիկապատ հատակին քերծվում է ապակու փշրանքներից: Իմ թմրած ոտքերը մի հեռավոր անցյալում շոշափել են գիշերային ավազը, բաց աչքերով դիմավորել այգաբացը` համոզված լինելով, որ այն ամենը, ինչ տեսել եմ, նա էր ու ծովը, իսկ բինտով փաթաթված ծորակից հոսող ջուրը անգույն է, անհամ ու արդեն անձայն, միայն կաթիլ առ կաթիլ արյանս մեջ ներարկվող հեղուկը երկար, թափանցիկ խողովակների ինչ-որ հատվածում խցանվում է ու անկումը փափուկ անկողնում դառնում է հաճելի, կարապի փետուրից բարձը կքվում է գլխիս ծանրությունից: Ես հեռանում եմ վերջին պայթյունից հետո, ուր թռիչքը միայն խաբկանք էր, փրկությամբ կրկին ընտրեցի փորձությունը, քնում եմ խորը քնով ու ուզում եմ, որ օրհնեք այս մանկամարդ կնոջը:
_Գնաս խաղաղությամբ:
Երազ 1
Հեծյալի գլխավերևում սավառնող վարդի թերթիկներին արժանանում էին միայն մրցավազքի հաղթողները: Աղջիկների` անուշաբույր յուղերով օծված ձեռքերով հյուսված դափնեպսակը ստանալուց հետո հեծյալը վերջին պտույտն էր անում, վարգով մոտենում հանդիսատեսին` ընդունելու հաղթական բացականչությունները: Ձին հոտոտելով օդը` կանգ առավ հեժյալի ծանրությունից. սմբակները խրվել էին փխրուն հողի մեջ: Մեծ ու փոքր պատերազմներ մղած` նա սուրացել էր դաշտի մի ծայրից մյուսը, սմբակներով տրորել թշնամու զինվորներին: Այժմ դժվարանում էր կրկնել օլիմպիական երբեմնի թռիչքներն ու հաղթահարել բարձր ցանկապատի արգելքը, որից այն կողմ Սև Հաղարջի արահետը տանում էր քարանձավ ու բացառում ետդարձը քաղաք: Քաղաքում մարդիկ ձանձրանում են: Պատշգամբներից կախված սպասում են թարմ նորություններին. Դրանք փոքրիկ գողություններն են կամ ճանապարհային ավտովթարներն` առանց զոհերի: Սրճարանում փրփուրի մեջ սպանում են ժամանակը` չհավատալով ապագային, ճահճանալով գարեջրի մեջ: Ողջ գիշեր խմում են` տան ետադարձ ճանապարհի մոռացումով: Նրանք մոռացել են զանգահարել ընտանիքի անդամներին ու ասել, որ հեծյալը փակվել է քարանձավում կրկին վերադառնալու հույսով` երբ հացահատիկի սերմը դառնա մասուրի չափ:
***
Մասուրի հյութ խմելուց հետո խզված ձայնով վերջին կարգադրությունները տվեց աղախիններին ու ազատ արձակեց: Ծիսական հանդիսավորությամբ սպիտակ սավանով ծածկեցին սեղանները ու մթնշաղին ամրոցի գաղտնամուտքով դուրս եկան` բորբոքված ամբողից պատսպարվելու համար: Կարմիր պաստառները ճչում էին. « Քանդե’ք բոլոր ամրոցները»,- բարձրախոսով ակտիվիստները կրկնում էին պահանջը. Վերացնել պաշտպանական պարիսպներն ու աշտարակները, փոխարենը խաղահրապարակներ ու ավտոկայանատեղիներ կառուցել` ամրոցի տիրոջն առաջարկելով երկու սենյականոց բնակարան սալիկապատ սանհանգույցով ու օդափոխության նորագույն համակարգով: Նույնիսկ մոտեցող վերամբարձ կռունկները ու շարասյուն կազմած բուլդուզերները տեսնելով պարսպի տակ, նա մերժեց հանձնել ամրոցը, լքել նախնիների հուշակոթողները, որոնք հանգչում էին տոհմական գերեզմանատանը: Ձեղնահարկում փտում էին պարտված թշնամիների գանգոսկրերը, որ այնքան էին երազել տեսնելու ամրոցի կործանումը, վերջիվերջո կորցնելով բոլոր տիրույթները: Հիշում էր` կիրակնօրյա պատարագից հետո նրանց ոսկյա ատամները ողորմություն էր տալիս աղքատներին` որպես հավատի ու հաղթանակի գրավական: Նա գիտեր` իրեն ոչ ոք չի գտնի, ամրոցը դղդրդյունով հավասարվելու է հողին, կառուցվելու են խաղահրապարակներ ու ճոճանակին նստած երեխաները նայելով գերեզմանատանը վախենալու են մեռյալներից:
Կոտրված ապակու զնգոցը անցավ պատի միջով ու համահավասար արագությամբ դռան գաղտագողի ճռռոցի հետ ցնցեց ինձ սնուցող խողովակները: Միջանցքի կիսաբաց դռան արանքից երևաց նրա նիհար կերպարանքը. նախկինից ավելի էր հյուծված, պահպանել էր ինձ այցելելու հնագույն սովորությունը, դողերոցքով ծխելն ու թղթախաղի մոլուցքը: Ամեն անգամ հաղթելուց հետո խոստանում էր թարմ մրգեր տանել հորը` ծերանոց: Պատմում էր, որ չի կարողանում մոռանալ ինձ ու տանուլ տալուց հետո, այլևս քարով չի խփում էգ շներին, հետապնդումներից խուսափելու համար վաճառում է միայնակ ապրող հորաքրոջ զարդերը: Հալածանքներից ծամածռված ժպիտը խորացրել էր բերանի կողքերում ակոսացող կնճիռները, որ հուշում էր երիտասարդության անկման մասին, իսկ ես նրա մեղքի ապացույցն էի` առանց ապաշխարհության հնարավորության: Ես, որ լուռ եմ, մենակ եմ, քնած եմ գլորվող ակներով մահճակալին ու առանց կտրուկ շրջադարձերի սահուն ընթացքով կանգ եմ առնում միջանցքի վերջում: Խավարի մեջ կարմիր լույսի բծեր են կայծկլտում ու տարածության զգացողությունը փոխվում է`դառնալով ուղղահայաց: Վակումից հետո օդը լցվեց ծխով:
Երազ 2
«Հրաշք»,- արտաբերում էին աֆիշների առջև կանգնած մարդիկ` մտասույզ ունկնդրելով թավջութակի մեղեդին, որի լարերը նյարդաթելերի նման թրթռում էին ցորենի ծփանքի ձայնից : Անձրևից կոտրված հասկի գլխիկները ստվարաթղթի վրա դառնում էին ավելի դեղին, քան իրականում էին, երբ խոնավ պատերի բորբոսը քայքայում էր թոքերը, ինչպես կանխագուշակել էին քաղաքի գնչուները: Կիսամութի մեջ չոր հազով աշխատող ջլոտ ձեռքերով տղամարդը երբևէ չտեսավ թանգարանի լայնարձակ դահլիճների լուսավորությունը , չնայած արդեն հասցրել էր ճանաչել երկիրն արարողներից մի քանիսին, ու ատրճանակի փամփուշտները խնամքով պահում էր գրասեղանի դարակում: Նա գիտեր, որ սպանությունը մեղք է , իսկ աստվածների զայրույթը` ահեղ, ցանկությունը` աներկբա: Կպատժեն ամբոխի առջև` հրապարակավ գամելով, կկուրացնեն ու չես կարողանա կարդալ կղզի մեկնած ընկերոջդ նամակները. Հեռագրում է առանց ետադարձ հասցեի, չի հարցնում . « Ինչպե՞ս ես», « Պահպանի’ր քեզ»: Վերջին նամակը կարդալիս ներկոտ ատրճանակը նշանակետին պարզած գոռում էր, ու միայն երկնքում նստած աստվածները լսեցին նրա ձայնը. « Իջի’ր ափիս մեջ, որ շոշափեմ ու հավատամ»: Մասուրի չափ փքված աշնանացանի հասկերը լուռ կախեցին գլուխները` որպես ներկայության առհավատչյա: Դանդաղ արյունահոսելով ցորենի դաշտում նա զգաց, որ այսուհետ քնելու է, և ժամանակն է հոգին կտակել չորացած խոտի դեզին ծախվող կնոջը:
***
Ծիածանի նման կոր հետագիծ թողնելով` թաց դեղինի տասնյակ երանգները կդառնան հավերժություն բարձրահասակ ու ամրակազմ բժիշկների առօրյա նախաճաշից հետո, որ կանոնավոր քայյլքով հերթապահում էին միջացքում` հիշեցնելով ճիշտ ժամանակին հոգալ բոլոր պահանջմունքներն ու բնական կարիքները: Նույնիսկ երբ զսպաշապիկի մեջ փաթաթված նա գոռում էր. «Ես չեմ ուզում ապրել կաղամբի նման»: Կրկին չափազանցնում էր, հավանաբար չգիտեր` հանգստացուցիչները օգնում են սիրել բնությունն ու մարդուն, պարգևում են լիաթոք ու արխայիկ մի ժպիտ, որն այնքան ծանոթ էր ճաշարանի խոհարարին` խորը ափսեով տաք ապուրը մատուցելիս:
Ճաշարանում կամ մեխված պատուհանով սենյակի հատակին պառկած մանկամտորեն ծամածռում էր դեմքը: Մոռացել էր` դիմագծերի ազնվությունը սիրելի էին ծնողներին` մինչև վերջին պահը լի փրկության հույսով: Անցնելով դուրս նետվելը արգելող ցուցանակի կողքով արտիստիկ շարժումներով պառկեց մահճակալին ժպիտի մեջ թաքնված ակնածանքով հայացքը հառած բծիշկներին: Նա փակեց աչքերը` ձևացնելով թե մեռած է:
***
Նա հավատում էր` մահվանից հետո շարունակություն կա:
Կարմիր խաղաքարը թրմփոցով ընկավ սեղանին` ուղիղ սև գլխարկով տղամարդու առջև: հարկավոր էր որսալ խաղընկերների վախը ու ավելացնել գումարը, հետո հեռանալ բեմի փոշոտ մեքենայով, որ երկար էր նույն տեղում կանգնած մնացել, հեռանալ դեպի անհայտություն…
Գուցե եգիպտական կահույքն ավելի էր շլացնում իր ճոխությամբ ու ստրկացնում փարավոնի պես , որովհետև պարտքով վերցված գումարով գերի ես մնում`գոնե մինչև լուսաբաց ,կամ քանի դեռ խաղում ես վերջին խնայողություններիդ վրա, ոսկյա ժամացույցի,բնակարանի, բազմոցին պառկած աղջկա, որ միևնույնն է, քնած է, ոչինչ չի իմանա, անջատի’ր լույսը, հանի’ր աղջկա հագուստները խաղը շարունակվում է:
Երազ 3
Լսում եմ ժայռի մառախլապատ գագաթից իջնող ձիու խրխինջը: Այնտեղ մարմարակերտ տաճարն է` մշուշի մեջ սքողված ուրվապատկերով և հնարավոր չէ տեսնել հոնիական խոյակներով պսակված ողորկ սյուները, որոնք դեռ հիշում են զոհասեղանի առջև քրմերի կարդացած երկար աղոթքները: Զոհերի վրնջյունի արձագանքը ընդերքում պահում են շրջակա վիհերը` ի նշան խոնարհումի: Ձիու բաշը սեթևեթում է մատներիս արանքում, պոչը անհանգիստ խաղում է կակաչների թերթիկներին նստած ցողի հետ: Ես նրա մեջ եմ տեսնում անսանձ թռիչքը ու ասում եմ. « Տար ինձ ետ», -ցատկելով մեջքին, խեղդելու չափ ամուր գրկելով պարանոցը: Ձին խրտնում է, սուրում քամու հակառակ ուղղությամբ: Ծառս է լինում` բարձրացնելով առջևի սմբակները այնքան բարձր, որ ճկվում են իմ և ձիու ողնաշարերը: Ինձ ցած է գցում` անհետանալով մշուշի մեջ:
***
Ես նրա մեջ եմ տեսնում անսանձ թռիչքը ու ասում եմ. « Տար ինձ ետ», -ցատկելով մեջքին, խեղդելու չափ ամուր գրկելով պարանոցը: Ձին խրտնում է, սուրում քամու հակառակ ուղղությամբ: Ծառս է լինում` բարձրացնելով առջևի սմբակները այնքան բարձր, որ ճկվում են իմ և ձիու ողնաշարերը: Ցած գցելով` առջևի սմբակները դնում է կրծքավանդակիս ու ասում` «Հանձնվիր»
– Ձի’, մի’ բռնաբարիր իմ մարմինը, ես անչափահաս եմ:
– Ես ձին չեմ, ես նա եմ, ով սահմաններին առնչվող պայմանագիր կնքելուց հետո վերադառնալու էր տուն` խմելու սիրելի կնոջ պատրաստած կանաչ թեյը: Խոհանոցի հեռուստացույցը լուսաբանում էր ցերեկային հարցազրույցի խնդրանք-պահանջը` փոխել զգայական մոտեցումը պետության հանդեպ, չհարցնել ինչ է արել երկիրը ձեզ համար նման հոգսաշատ ու քաղաքական լարված իրավիճակում` մինչդեռ իրական ճգնաժամերը դեռ առջևում են: Հակառակը պետք է մտածել, ինչ եք անելու ապագայում. Գաղթելու եք ու դեռ էլի եք գնալու: Հատկապես երեկոյան` երբ սահմանին են մոտենում դեպի հյուսիս մեկնող ավտոբուսները. Կիսաքուն երեխաները նայում են ետ` երկրին պարգևելով ծերանոցային մենություն: Հարցազրույցը դիտելուց հետո մեղմորեն ժպտալով կնոջը ` փակելու էր աչքերը ամու~ր- ամու~ր: Այդ տխուր լուրը հեռուստացույցով հայտնելով` հայտարարելու էին սգո օր, իսկ արցունքոտ աչքերով երեխաները կլինեն սահմանից այն կողմ:
Երկնաքերի ապակեպատ տանիքին պառկած` ըմբոշխնում էի լուսաբացի բերկրանքը սև խաղաքարտերի կեսգիշերից հետո, երբ շները հայտարարել էին` եկել է իրենց ժամանակը ու սենյակի մի անկյունում հոգացել շնային կարիքները: Կլանչել են կրակոցների ներքո, մայրացել են ու ստերիլիզացվել: Դրանք մեր բակի շներն են, լիզում են ինձ, որ արթնանամ: Վերադառնամ իրենց մոտ, մեղադրեմ, լաց լինելով արցունքների միջից թաքուն ժպտամ: Միայն թե չքնեմ տանիքի եզրին ու գցեն ինձ ցած` երկրի երեսից ջնջելու բոլոր հետքերը: Ընտանիքներ արտահանող երկիրը ներմուծում է արհեստական կուսաթաղանթներ` վերականգնելու համար իր երբեմնի դիմագիծը: Որովհետև դու կորցրել ես քո ավանդույթը, գաղութացվել ես մաս առ մաս, վաճառվում ես ու քո անկումն իմ մեջ է ու անծայրածիր: Չնայած սա Կապադովկիան` գեղեցիկ ձիերի երկիրը չէ, բայց այս հողի նախնիները ձյունաթույր ձիեր են զոհաբերել տաճարներին:
Քսանմեկ: Ուշադրություն, քսաներորդ հարկի բնակչուհին որդի կծնի: Երաշխավորում եմ:
Ես արթնանում եմ իմ նախնիների պես, որ աշյուղներ էին ու ազնվատոհմիկներ: Տիրում էին գավառների ու գյուղերի` բռերով ոսկի նվիրաբերելով նորահարսներին երբեք չդարձան սոցիալիստ, որովհետև գիտեին հողի գինը: Աքսորվեցին, մահացան բանտերում, ժառանգեցին «Ողբը» ու ցեղակրոնությունը: Ընկան կիսալուսնաձև թրերից` դառնալով անապատի ավազի հատիկ: Գրավեցին ծովեր, նավատորմեր կազմած ճամփորդեցին Ջենովայից մինչև Մադրասի ծովեզերքը: Անմահացան պատմիչների մագաղաթյա մատյաններում` որպես ամենազորեղ աստվածների երկրի բնակիչներ:
Ես արթնանում եմ, որովհետև եկել է արթնության ժամանակը: