Շատ հազվադեպ
Նա ծերունի է: Սմքած ու կորացած,
տարիներից, կրքերից մոլի` հաշմված,
դանդաղ քայլելով անցնում է ծառուղով:
Բայց երբ տուն է մտնում, որ թաքցնի
թշվառությունն իր ու ծերությունը,
մտածում է՝ ինչ է թողել երիտասարդներին,
ինչ է դեռ մնում իրեն։
Պատանիներն այսօր ի ՛ր տողերն են կարդում:
Նրանց ժիր աչքերի մեջ ի ՛ր անուրջներն են անցնում:
Առողջ, զգայական միտքը նրանց,
ուղղաձիգ ու պիրկ մարմինները,
գեղեցկի ի ՛ր ընկալմամբ են հուզվում:
Գումարում
Երջանիկ թե դժբախտ եմ` ես պարզել չեմ փորձում:
Բայց մի բան կա, որ միշտ հաճույքով եմ հիշում`
այն, որ թվաշատ վերջնահաշվի մեջ (ինձ ատելի մարդկանց հաշվարկների)
ես մեկը չդարձա միավորներից անհամար:
Ինձ դուրս թողեցին ընդհանուր գումարից:
Եվ այս հաճույքը քիչ չէ ինձ համար:
Քաղաքը
Ասացիր. «Կգնամ ուրիշ տեղ, այլ ափեր:
Սրանից լավ քաղաք կգտնվի։
Իմ ամեն մի ջանքը ձախողում է այստեղ,
ու սիրտս թաղված է` հանց մեռել:
Միտքս մինչև երբ է այս ճահճում մնալու:
Աչքս ուր դարձնեմ, ուր էլ որ նայեմ,
սև ավերակներն եմ տեսնում ես կյանքիս, որ վատնեցի ու փչացրի այստեղ,
քամուն տվեցի այսքան տարիներ»:
Նոր տեղեր չես գտնի, ոչ էլ ծովեր ուրիշ։
Քաղաքը կուղեկցի քեզ` ուր էլ որ գնաս։
Նույն փողոցներում ես շրջելու դու միշտ:
Նույն թաղերում այս դու կծերանաս,
ու կճերմակես այս պատերի մեջ։
Այս քաղաքում ես միշտ հայտնվելու:
Ուրիշ տեղի համար հույս չունենաս`
նավ չկա քեզ համար, ճանապարհ չկա։
Թե կյանքդ ձախողել ես այստեղ, այս փոքրիկ անկյունում,
դու այն ամենուր ես խորտակել:
Պատուհանները
Ծանր են օրերս այս մութ սենյակներում,
այս ու այն կողմ եմ շրջում՝
պատուհանները գտնելու։
Մեծ սփոփանք կլինի, երբ մի պատուհան բացվի:
Բայց պատուհաններ չկան, կամ ես չեմ կարող գտնել։
Եվ գուցե լավն այն է, որ չգտնեմ:
Գուցեև լույսը մի նոր տառապանք լինի։
Ո՞վ գիտե, էլ ինչեր երևան կհանի:
Տան առաջ
Մի խուլ թաղամասում քայլելիս,
այն տան մոտով անցա երեկ,
ուր գնում էի, երբ շատ երիտասարդ էի։
Այնտեղ Էրոսն իր սքանչելի զորությամբ
տիրել էր մարմինս:
Եվ երեկ,
երբ անցա այդ հին ճանապարհով,
սիրո հմայքից իսկույն գեղեցկացան
խանութները, մայթերը, քարերը,
պատերը, պատշգամբներն ու պատուհանները,
ոչ մի տգեղ բան չմնաց այնտեղ:
Եվ մինչ կանգնել ու նայում էի դռանը,
ու չէի շտապում հեռանալ տան մոտից,
իմ ողջ էությունից ճառագում էր
պահպանված զգայական խռովքը:
Տիգրանակերտ
«Տիգրանակերտ»-ը Կավաֆիսի անավարտ բանաստեղծություններից է։ Այն քաղաքական բնույթ ունի, որը մեզ տանում է դեպի Տիգրան Մեծի հիմնադրած նոր մայրաքաղաքը (մ.թ.ա. 140-55): Բանաստեղծությունը ցինիկ ու պատեհապաշտ դերասանի մենախոսությունն է։
Խոստովանում եմ, պարտական եմ ես
հայրենակցուհուս ու ազգականիս
(հավանական հորս կողմից նա ինձ հորաքույր է գալիս)
պառավ միջնորդ Կերկոյին, ով ինձ կանչեց այստեղ`
նորագույն քաղաք Տիգրանակերտ,
շքեղագույն, երանելի մի տեղ:
Թատրոնը միջոց է, որ ես ճանաչվեմ`
դերասանի տեղ շատ էլ լավ անցնում եմ։
Սա Ալեքսանդրիան չէ, Աթենքը չէ։
Սոֆոկլեսի «Հեմոյին» խաղացի ոնց պատահի,
նույն կերպ էլ Եվրիպիդեսի Հիպպոլիտոսին խաղացի:
Իսկ հանդիսականներն ասացին,
թե իրենց քաղաքում տեսած չկան
ավելի դուրեկան դերասան, կամ պարման:
Մի հարուստ քաղաքացի` արտակարգ շռայլող,
հատուկ ուշադրություն է դարձրել ինձ վրա:
Այդ հարցերի մասին փորձառու Կերկոն կհոգա
(կեսն էլ իրեն կվերցնի կեղտոտը` որպես միջնորդչեք):
Ա՜հ, Տիգրանակերտը արտակարգ տեղ է։ –
ուզում եմ ասել` քանի դեռ կանգուն է,
որովհետեւ պարզ Է, վերջ ի վերջո,
հռոմեացիները կկործանեն այն։
Տիգրան թագավորը երազանքների մեջ է:
Բայց ինձ ինչ: Ես շատ-շատ
մեկ-երկու ամիս կմնամ էստեղ, հետո կծլկեմ։
Ու ինձ չի հետաքրքրում բոլորովին, թե հռոմեացիք կկործանեն
Տիգրանակերտն ու Կերկոյին։
Մի ծերունի
Թոհուբոհի մեջ աղմկոտ սրճարանի,
սեղանին հակված` նստած է մի ծերունի.
նրա դիմաց մի թերթ է, ընկերակից չունի:
Եվ նա` արհամարհանքով թշվառ ծերության,
մտածում է, թե ինչ արագ անցան տարիները իր երիտասարդության,
երբ ուներ և՛ ուժ, և՛ լեզու ճարտար, և՛ տեսք հաճելի:
Զգում է, տեսնում , որ զառամել է,
սակայն թվում է, թե դեռ երեկ էր, երբ նա ջահել էր:
Ինչքան կարճ տևեց, ինչքան կարճ տևեց:
Եվ մտորում է, թե խոհեմությանն ինչպես խաբնվեց,
թե ինչպես էր միշտ վստահում նրան, (ի՜նչ մեծ խենթություն),
այդ ստախոոսին, որ միշտ ասում էր. «Թող մնա վաղը: Ժամանակ շատ կա:»
Հիշում է կրքերն իր զսպված, և զոհաբերված
այնքան հաճույքներ: Ամեն բաց թողնված հնարավորություն
ծաղրում է նրան հիմա` անմիտ խոհեմություն։
… Բայց մտածելուց ու հուշերից բազում
ծերունին թմրեց: Եվ սրճարանի
սեղանին հենված նա մտել է քուն։
Բարբարոսներին սպասելով
– Ինչո՞ւ ենք հավաքվել, ո՞ւմ ենք սպասում:
– Բարբարոսներն են գալու այսօր։
– Սենատում ինչո՞ւ են անգործ նստել։
Ծերակույտն ինչո՞ւ օրենքներ չի հանում:
– Չէ՞ որ բարբարոսներն են գալու այսօր։
Էլ արդեն ի՞նչ օրենքներ ընդունեն Սենատում։
Բարբարոսները կգան` կօրինադրեն։
– Ինչու՞ է մեր կայսրն այսքան շուտ վեր կացել,
ու թագը գլխին, վեհաշուք տեսքով`
նստել է գահին, մեծ դարպասի մոտ:
– Որովհետև բարբարոսներն են այսօր գալու։
Եվ առաջնորդին նրանց մեր կայսրն է ընդունելու:
Նույնիսկ մի մագաղաթ է նա պատրաստել,
նրան շատ տիտղոսներ, կոչումներ տվել այնտեղ:
– Մեր երկու զորավարներն ու պրետորներն այսօր
ինչո՞ւ են կարմիր, ասեղնագործ տոգա հագել,
ինչո՞ւ են ամեթիստներով ապարանջաններ կրում,
ու պսպղուն զմրուխտով մատանիներ,
ինչո՞ւ են թանկարժեք գավազաններ բռնել`
արծաթով ու ոսկով պերճորեն զարդարուն:
– Որովհետև այսօր բարբարոսներն են գալու,
իսկ նման բաները շլացնում են նրանց։
-Մեր արժանավոր հռետորներն ինչո՞ւ չեն գալիս,
որ ինչպես կարգն է` ելույթ ունենան, իրենց խոսքն ասեն։
– Որովհետև բարբարոսներն են գալու այսօր,
և պերճախոսությունն ու քարոզները ձանձրացնում են նրանց :
-Այս ինչո՞ւ հանկարծ անհանգիստ վիճակ ու շփոթություն
սկսվեց մարդկանց մոտ: (Նրանց դեմքերն այս ինչպես լրջացան:)
Ինչո՞ւ են փողոցներն ու հրապարակները արագ դատարկվում,
և բոլորը լուռ, մտքերով տարված վերադառնում են տուն:
– Որովհետև մութն ընկավ, իսկ բարբարոսները չեկան։
Իսկ ոմանք էլ, որ սահմանից եկան-հասան,
ասում են, որ այլևս բարբարոսներ չկան:
– Բա հիմա ի՞նչ ենք անելու առանց բարբարոսների
Նրանք գոնե մի լուծում կբերեին մեր խնդիրներին:
Մեծ հունական գաղութում, մ.թ.ա. 200թ.
Այն, որ Գաղութում գործերը լավ չեն
կասկած չկա արդեն,
բայց առաջ ենք գնում, ասում ենք,
միգուցե ժամանակն է, ինչպես շատերն են կարծում,
որ Քաղաքական Բարեփոխիչ բերենք:
Կան խոչընդոտներ ու բարդություններ սակայն,
մեծ պատմություն են սարքում ամեն բան
նրանք` այս Բարեփոխիչները: (Ինչ լավ կլիներ,
որ ոչ ոք երբևէ չունենար կարիքը նրանց:)
Նրանք ամեն ինչի, ամեն մանրուքի մասին հարցնում են, քննում,
ու արմատական բարեփոխումներ են դնում իրենց մտքում՝
անհապաղ ի կատար ածելու պահանջով։
Զոհաբերություններ անելու մի հակվածություն էլ ունեն։
Հրաժարվեք ձեր այսինչ ունեցվածքից,
այն ունենալը հղի է վտանգներով,
հենց այդ ունեցվածքներն են վնասում գաղութներին:
Հրաժարվեք տվյալ եկամտից,
ու դրա հետ առնչված մյուսից,
և երրորդից էլ, բնականաբար,
ճիշտ է, էական են, սակայն ի՞նչ արած,
հաշվետու լինելու վտանգ են ձեզ համար:
Եվ ստուգումները շարունակելով,
նորանոր բաներ են գտնում ավելորդ
ու պահանջում են վերացնել դրանք,
որ, հայտնի բան է, հեշտ գործ չէ բնավ:
Իսկ երբ, բարով խերով, վերջացնեն գործը,
կտրեն, սահմանեն ամեն մանրուքը,
ու վերցնելով նաև իրենց աշխատավարձն արդար`
պոչները քաշեն,
տեսնենք, թե հետո տակն ինչ կմնա
վիրաբուժական հմտությունից այդ:
Միգուցե ժամանակը դեռ չի եկել։
Չշտապենք, բռնությունը վտանգավոր բան է:
Վաղաժամ քայլերը զղջում են բերում։
Գաղութում, իհարկե, և դժբախտաբար, շատ բան տեղին չէ:
Բայց կա՞ մարդկային որևէ մի բան, որ անթերի է։
Եվ ինչևիցե, չեք տեսնո՞ւմ, ահա` առաջ ենք գնում:
Թարգմանությունը հունարենից՝ Շամրիկ Խաչտրյանի