Կյանքն անկանխատեսելի է ու հրաշալի իր անակնկալներով: Եթե ուզում եք վիճարկել այս տեսությունը՝ պարզապես բացատրեք, թե ինչու է այնքան հարազատ խաղաթղթերի տրցակը բացելիս ունկերիս դայլայլում դասական երաժշտության կախարդական մեղեդին ու ինչու է «Խաչի Թագավորը» բարի ժպիտը դեմքին շշնջում «լավ տղաք եք երևում» ու համբուրում ճակատս: Հետո վերցնում է նվագավարի փայտիկը, բացում մեր հոգու դռները ու մեկնում մեզ՝ «պետք կգա տղաք, ինձ փայտիկ պետք չէ»:
Նվագավարի փայտիկը ձեռքիս մոլորված կանգնած եմ: Ոչ երաժշտության այբուբենը գիտեմ, ոչ էլ քաջություն ունեմ մարտահրավեր նետելու նվագախմբում հավաքված մարդկանց, որ սպասում են մոգական փայտիկի թրթիռին: Ինչ արած, ստիպված եմ այս մարդկանց բացատրել, որ դասական երաժշտության խորխորատները ներթափանցելու ոչ տաղանդ, ոչ էլ հավակնություն չունեմ։ Ստիպված եմ ընդամենը արդարանալ.
– Հանգիստ, տիկնայք և պարոնայք երաժիշտներ, պարզապես զուգադիպություն է, թյուրիմացություն: Կյանքի բազմաթիվ զուգադիպություններից ընդամենը մեկը: Պետք չէ խուճապի մատնվել, մի փոքր համբերություն, հիմա կպատմեմ։ Ամեն ինչ շատ պարզ է:
Հենց այսպես էլ եղել է բանը: Ինքնագովեստով չեմ ուզում զբաղվել, բայց երբ ավարտեցի Երևանի պետական համալսարանը, պարզվեց, որ ուսանողական շրջանակներում առավելապես հայտնի եմ որպես թղթախաղի չեմպիոն, իսկ մեր մշտական խաղազույգին՝ ինձ ու իմ մանկության ընկեր Սահակին իրավացիորեն անվանում են «բլոտի արքա»: Հոգ չէ, որ միջազգային հարաբերությունների հեռանկարային ուղեծրում մեզ համար տեղ չի գտնվի, կարծում եմ հայ դիվանագիտությունը առանց մեզ էլ գլուխ կհանի: Դիվանագիտության պատմության, արարողակարգի, միջազգային փիլիսոփայական մտքի արդի թռիչքները մեզ չեն գրավում: Մեզ գրավում է հեղափոխական թոհուբոհի մեջ մոռացված քիմիական ֆակուլտետի փոքրիկ լսարանը, որտեղ թանձրացած ծխի ու հաշիշի հոգեպարար մշուշի մեջ հազիվ նշվարվում են մեր աղոտացած ուրվագծերն ու խամրում են ապագայի ոտնահետքերը: Քիմիական բանաձևերն այլևս չեն գործում, շղթայական ռեակցիաները քարացած են, պատմության ընթացքը դուրս է եկել իր նախանշված հունից ու շնորհալի մի քանի երիտասարդների բերել զմռսել է այս փոքրիկ լքված խցում:
– Շնորհալին քիչ է ասված, մենք ենք այս ազգի սերուցքը,- ասում էր իմ ընկեր Սահակը, որ հազիվ բոլորել էր իր տասնյոթ տարին,- մեր կենսառատ ներկայությամբ մենք նոր շունչ ու եռանդ կհաղորդենք այս ծմակին։
– Ազգի սերուցքը ամեն օր զոհվում է սահմանին,- չէր համաձայնում մեր սանիկ Ադամը,- քուանշ:
– Սրի,- ծեփում էի ես, սովորության համաձայն:
– Դուք, այսինք մենք, սերուցքը չենք, նստվածքն ենք,- գույներն ավելի էր խտացնում մեր ռոմանտիկ ընկեր Էդուարդը՝ Գետաշենից, որն այդ տարիներին միայն դիտորդի դերում էր փայլում ու թղթախաղի նույնիսկ այբն ու բենը չէր զանազանում,- շարքային խաղամոլ եք, կարելի է ասել:
Գուցե սխալ եմ հասկացել, հիվանդագին երևակայության հետևանքով ձեռք եմ բերել մեկ այլ՝ երևույթները աղավաղելու անբուժելի ախտանիշ: Գուցե իմ ուսանողական ընկերները դատափետեն ինձ նման կտրուկ եզրահանգումների համար, բայց մենք թղթախաղի մեջ տարալուծում ու խեղդում էինք սահմանին մոլեգնող պատերազմը, ցուրտն ու մութը, բնազդաբար պաշտպանում էինք մեր պատանեկությունը, ու աչքի պոչով հրճվում, թե ինչպես է սահմանին կերտվում հաղթանակը: Այս փիլիսոփայության համաձայն՝ թղթախաղը ի վերջո նույնպես խաղ է, իսկ խաղը կյանքի, հետևաբար նաև հաղթանակի անբաժան, եթե չասենք ամենակարևոր մասնիկն է: Գուցե ճիշտ է ասում Էդուարդը, մենք պարզապես շարքային խաղամոլներ էինք: Եթե խաղամոլ չլինեինք, չէինք կորցնի ժամանակի զգացողությունն ու հայտնվի զավեշտալի իրավիճակում, երբ չեղած դասերը վաղուց ավարտվել են, իսկ դու շարունակում ես դաս սերտել: Ինչպես ասում են, մինչև չհայտնվես վանդակի մեջ, ազատության մասին հազիվ թե հիշես: Հազիվ թե հասկանաս ազատության արժեքը: Եթե համալսարանի քիմիական ֆակուլտետի փոքրիկ լսարանը ինչ-որ մեկը սխալմամբ, թե միտումնավոր չկողպեր ու մենք էլ մինչև հաջորդ առավոտ պատերը չճանկռեինք, հազիվ թե հասկանայինք այդ պարզ ճշմարտությունը:
– Ամեն մարդ պիտի մեկ օր բանտում անցկացնի,- կասի իմ ընկեր Սահակը:
– Իհարկե, գաղափարի համար կարելի է նաև մեռնել,- կհաստատեմ ես:
– Դե մինչև առավոտ հանգիստ խաղացեք, գուցե կշտանաք,- կավելացնի մեր ռոմանտիկ ընկեր էդուարդը, սկիզբ դնելով մտքի փիլիսոփայական փայլատակումների մի անվերջանալի շարքի:
– Կյանքը թղթախաղ է:
– Թղթախաղը պատերազմ է:
– Պատերազմն ուղղակի զինադադար է խաղաղության երկար ձգձգվող ժամանակի ծիրում:
– Զինադադարը մի պատուհան է մարդու հրեշավոր ծրագրերն ի չիք դարձնելու համար:
– Դե բաժանեք, բաժանեք խաղաթղթերը, անիմաստ ժամանակ եք սպանում ձեր հիմար մտքերով, – կեզրափակեմ ես,- արագացրեք, ձեռքերս արդեն քոր են գալիս:
– Տվեք ասեմ,- կասի Գավառցի Սոսը ու կես լիտր պարունակությամբ շիշը մեկ շնչով ցմրուր կպարպի:
– Պետք չէ ցմրուր պարպել, կարելի է կում առ կում, պատառ առ պատառ վայելել կյանքի նեկտարը,- կփիլիսոփայի Էդուարդը:
– Երբ չես խաղում,- փիլիսոփայելն ավելի հեշտ է,- կխրատի Սահակը,- երբ չես խաղում, ապուշանում ես։
Բաժանի: Խոսա: Կապույտ: Քուանշ: Սրի: Ահա այն մոգական բառերը, որոնց շուրջ պտտվում, պտտվում ու մի փակ շրջանագիծ էր գծում ուսանողության մեր աստվածը: Ինքներդ համոզվեցիք, որ ոչինչ չէր գուժում, թե մի օր կդառնանք դասական երաժշտության մոլեռանդ երկրպագու:
Իսկ ամեն ինչ սկսվեց քիմիական լսարանի կողպված դռնակից, երբ ժամանակի ավելցուկն ու այլընտրանքի իսպառ բացակայությունը մեզ բերեց մի հանճարեղ մտքի: Երրորդ հարկի պատուհանից իջնող մի ինչ-որ ժանգոտած լարով ավելորդ տարրերին ճանապարհելուց հետո մենք մի փոքր խորհրդակցություն անցկացրեցինք և միահամուռ եզրակացրեցինք, որ ճակատագրի հեգնանքը հուշում է մեզ այդ օրը լուսացնել քիմիականի այդ հարազատ եզերքում: Նույն հեգնանքը հուշում է նաև, որ մի հրաշալի հնարավորություն է ստեղծվել ավելի հետաքրքիր դարձնելու մեր այդքան միօրինակ առօրյան, ինչպես կասեր մեծ կոմբինատորը: Գրազ: Ճաշկերույթ քաղաքի լավագույն ռեստորանում՝ Կռակովում: Չկա չարիք առանց բարիք: Պատվածքի սկզբում իմ չեմպիոնության մասին բացված փակագծերն արդեն նախանշում են գրազի ելքը: Այնպես որ գոտիներդ ձգեք սիրելի սանիկ Ադամ, սիրելի գավառցի Սոս, վերջ տվեք սահմաններին զոհվող մեր հայրենակիցների մասին սրտաճմլիկ պատմություններին, միևնույն է՝ չեք կարող ազդել մեր սրտի զգայուն թելերի վրա, մենք անդրդվելի ենք մնալու, ու հետևողականորեն հորդորելու ենք Ձեզ մի կարգին, տնական սեղան գցել քաղաքի լավագույն ռեստորանում՝ Կռակովում: Հոգ չէ, թե դատարկ սրահում կլինենք միայն մենք ու քիչ հեռու նստած բարի դեմքով ծերունին:
– Ոնց որ Խաչի Կառոլը լինի, – ապա մի նայեք,- կասի Գավառցի Սոսը:
– Այնքան ես ցմրուր պարպել շիշը ու բլոտ խաղացել, որ այս ազնվական մորուսով սփյուռքահայ մարդը քո բթացած զգայարաններին պատկերանում է խաղաքարտի տեսքով,- կկշտամբի մեր սանիկ Ադամը:
– Ապա մի տեսեք, թե ինչպիսի հանդարտությամբ է ըմբոշխնում սուպը,- ուշադրությունը նրա վրա կհրավիրի Սահակը:
– Տվյալ դեպքում ոչ թե սուպ, այլ՝ արգանակ,- կուղղեմ ես:
– Այդ դեպքում՝ Խաչի Թագավոր,- բառախաղը կշարունակի Սոսը:
Մինչ մենք պայքարում էին ռեստորանում տեր ու տնօրինություն հաստատած Եվրոպական արատավոր բարքերի դեմ ու մի կերպ հաղթահարում դանակ-պատառաքաղի մարտահրավերը, պարզվեց մի հետաքրքիր բան: Եթե մենք թիրախ էինք ընտրել սրահում գտնվող միակ այցելուին՝ Խաչի Թագավորին, պարզվեց նա էլ մեզ էր թիրախ ընտրել: Այլապես, արգանակը ըմբոշխնելուց հետո չէր մոտենա մեզ ու հանդարտ ասի․
– Տղաք, դուք ազգի, սերուցքն եք, այսօր ես եմ Ձեզ հյուրասիրում։
Իրադարձությունների նման զարգացումը մեր ամենավարդագույն կանխատեսումների մեջ չէր տեղավորվում ու մինչ ապշահար փորձում էինք որևէ ողջամիտ պատասխան մոգոնել, Խաչի Թագավորը համբուրեց բոլորիս ճակատը ու հանդարտ հեռացավ: Երախտագիտություն էլ չհասցրեցինք հայտնել։
Առատաձեռն սփյուռքահայ ծերունու հեռանալուց հետո ինչ-որ բան փոխվեց, օդում կախված մնաց խորհրդավորության ու առեղծվածի մի զգացողություն, որ այցելում էր մեզ թղթախաղի հազվադեպ դադարների արանքում: Մենք սկսեցինք խորհել, թե ինչն այնուամենայնիվ դրդեց այդ մարդուն մոլեխաղությամբ տառապող հիվանդներիս տեսնել ազգի սերուցքի երանելի ներկապնակում: Խորհեցինք, խորհեցինք ու հայտնվեցինք փակուղում։ Երբ փորձեցինք փակուղուց դուրս գալ, հասկացանք, որ մի ենթագիտակցական մղումով դեպի Կռակով տանող մեր հաճախակի այցելություններով բնազդաբար փնտրում ենք նրան: Թղթախաղի սիրահարները լավ գիտեն, թե ինչ բան է ազարտը։ Իրականում, թերևս ազգի սերուցք դառնալու, թե կուզեք՝ փրկության ճանապարհն էինք փնտրում: Ու մի օր բախտը մեզ ժպտաց՝ փարատելով բոլորիս տվայտանքներն ու չարչարանքներիս ապաշխարանք բերելով։ Այսինքն, եթե ավելի արդար լինենք, պետք է խոստովանենք, որ ոչ թե բախտը, այլ Խաչի Թագավորը Օպերայի և Բալետի ազգային թատրոնի հսկայական գովազդային ցուցապաստառից մեզ ժպտաց ու ցույց տվեց երանելի ճանապարհը:
– Տղաք, ես գիտեի, որ դուք կգաք,- համերգի վերջում հազարավոր երկրպագուներին թողած մեզ մոտեցավ աշխարհահռչակ նվագավարը,- դուք ազգի սերուցքն եք:
Ասաց, համբուրեց ճակատներս ու հեռացավ:
Ավելորդ է ասել, որ մենք դարձանք վարպետի դասական երաժշտության համերգների հարգելի հաճախորդ ու չար լեզուներն ասում են, որ թե մեկ օր չէինք գնում, մեր հարևանությամբ գրանցված ակնոցավոր աղջիկը անհանգստության տագնապ էր ապրում։ Պիտի մխիթարությամբ խոստովանեմ, որ կարողանում էինք թղթախաղը հաջողությամբ համատեղել դասական երաժշտության հետ: Համենայնդեպս, վատ չէր ստացվում: Բայց ինչպես մի օր իմացանք, երկիրը փոքր է գտնվել Խաչի Թագավորի համար, ոտքերը խրվել են հողի մեջ, ու ինքն էլ թողել հեռացել է օտար ափեր, ազգի սերուցք հունցելու անշնորհակալ առաքելությունը թողնելով աստծո ողորմածությանը:
Խաչի Թագավորը հիմա չկա, թղթախաղով էլ հազվադեպ եմ զբաղվում, բայց ճակատիս դրոշմված նրա համբույրը ամբողջ կյանքում ուղեկցելու է ինձ: Ամեն անգամ, երբ բացելու եմ խաղաքարտերի տրցակը, փնտրելու եմ նրա բարի ժպիտը: Կասկած չունեմ, խաչի թագավորի խաղաքարտը ինձ միայն հաջողություն է բերելու։ Երազում, թե արթմնի հաճախ իմ ձեռքին է հայտնվելու նվագավարի կախարդական փայտիկը: Ես փայտիկն ուղղելու եմ առաջ ու ցույց տալու ազգի սերուցք դառնալու ճիշտ ճանապարհը: Փայտիկի հրաշագործության ներքո հայտնված նվագախումբը լսելու է այս պատմությունը, ընթացքում ծամածռելու է դեմքի մկանունքը, բարձրացնելու է ունքերը, ժպտալու է, ծիծաղելու է, հետո լաց է լինելու ու վերջում միաբերան հնչեցնելու է.
– Բայց Խաչի Թագավորը ոչ մի նվագավարի փայտիկ էլ չի գործածել: Չէ որ նրան անվանում էին խոսուն ձեռքերի մաեստրո:
Հ․Գ․պատմվածքը նվիրում եմ Օհան Դուրյանի հիշատակին
Պարզապես հրաշալի էր
Շատ լավն էր, պարզապես հրաշալի