Մանուկ Նիգոյան | Խաչիկին խաչեցին

Խաչիկ անունով մի դասընկեր ունեինք, որը  դպրոցն ավարտելուց հետո մյուս տղա դասընկերների պես համալսարան ընդունվելու փոխարեն՝ ոտքը մի քիչ կախ գցեց, ու երբ 18-ը լրացավ, գնաց բանակ:
Խելոք, գլուխը կախ, առանց ավելորդ արկածախնդրությունների, առանց բանակից խուսափելու ելքեր մտմտալու, ամեն օր ճիշտ ժամը 9-ին դպրոց եկող պարտաճանաչ աշակերտի պես հրաժեշտ տվեց ընկերներին, բարեկամներին, ծնողներին ու ճիշտ ժամը 9-ին գնաց կենտրոնական զինվորական հավաքակայան, քաշեց իր բաժին ուղեգիրն ու գնաց բանակ:
Ամիսներ անց, դասարանով հավաքվեցինք, խոսեցինք բոլոր ներկաներից, հետո հիշեցինք բոլոր բացականերին, նաև բանակում ծառայողներին, նաև Խաչիկին, կոկորդներիս չորացած պարտքի պես մի քիչ գիտակցված, մի քիչ անգիտակից խմեցինք սահմանի խաղաղության, բոլոր զինվորների անվտանգության կենացը, ծառայող մեր դասընկերների կենացը:
Մի օր էլ, մեր դասընկերներից մեկը՝ Անահիտը, ով մեր դասընկերը լինելուց բացի նաև Խաչիկենց հարևանն էր, ընդհանուր չատ բացեց ու գրեց, որ Ղարաբաղում լարված ա, կրակոցներ ա, ու ամենաթեժ կետն էնտեղ ա, որտեղ Խաչիկը պոստ ա պահում, ու մինչև դասրանի բոլոր 25 աշակերտներս կհասցնեինք բացել ու կարդալ նախորդ նամակը, Անահիտը գրեց հաջորդը՝ երեխեք, Խաչիկը ոնց որ վիրավորա: Անահիտն, իհարկե, էդպես մտածելու ոչ մի պատճառ չուներ բացի նրանից, որ Խաչիկենց տնից լացի ձայներ էր լսել: Տղերքով որոշեցինք զանգել Խաչիկենց տուն, հարցնել ինչ նորություն ունեն, Անահիտին խնդրեցինք ճշտել Խաչիկի հոր համարը, իսկ Անահիտը համար ճշտելու փոխարեն մի քայլ առաջ ընկավ ու անեկդոտը կեսից հարամ անողների պես գրեց հաջորդ նամակը՝ երեխեք, հա՛, Խաչիկը պոստում վիրավորվել ա, ու հիվանդանոցի ճամփին մահացել ա, թաղման օրն իմանամ, կգրեմ, հավաքվենք, մի պսակ առնենք, գնանք թաղմանը:
Էդ չատում հետո որևէ նամակ այլևս չգրվեց, Անահիտի նամակին 25 աշակերտներից ոչ մեկս չպատասխանեցինք, որովհետև պատասխանելու բան էլ չկար, որովհետև պատասխանում են, որ պատմությունները շարունակեն, իսկ Խաչիկի պատմությունն ավարտվել էր, ու մենք անզոր էինք դա շարունակել, ու Անահիտը, որ ամբողջ կյանքում էդպես էլ հայերեն ուղղագրություն ու կետադրություն չսովորեց, կյանքում առաջին անգամ նամակը հերիք չի հայատառ էր գրել, մի բան էլ վերջում վերջակետ էր դրել, ու Անահիտի դրած էդ վերջակետով էլ մենք վերջակետեցինք Խաչիկի մասին խոսելը:
Հետո բոլորս իրարից անկախ գնացինք Խաչիկի թաղմանը, ես վերև չբարձրացա, ոչ թե որովհետև վախենում էի, կամ որովհետև դիակներին նայել չէի սիրում, այլ որովհետև գիտեի, որ մեռած մարդկանց մոտենալը նրանց հրաժեշտի լուռ ակտ ա, իսկ ես Խաչիկին հրաժեշտ տալուն պատրաստ չէի, փոխարենը հիշում էի, թե ոնց էր ընդամենը 4 տարի առաջ փորձում կմկմալով պատասխանել Նժդեհի մասին պատմության դասը, ու թե ոնց մի երեք րոպե կմկմալուց հետո խոստովանեց, որ դասը չի սովորել, ու որ ընդհանրապես Նժդեհն իրեն չի էլ հետաքրքրում: Էդ տարիներին նման խոստովանությունը պատմական արարողություն էր իհարկե, որովհետև ամեն օր Նժդեհի գաղափարներով կերակրված սերունդը ոչ մի կերպ չէր պատկերացնում, թե ոնց որևէ մեկը կարող է նման վերաբերմունք ունենալ Նժդեհի նկատմամբ: Ու միայն ի շնորհիվ Խաչիկի էր, որ մեր դասարանը, հետո նաև դպրոցը սկսեց մի քիչ հակասական վերաբերվել Նժդեհին ու նրա գաղափարախոսությանը:
Խաչիկի թաղման օրն իմացանք, որ նույն պոստում, կրակոցներից ևս երկու զինվոր է մահացել: Ծաղկեպսակների ու մի երկու զինվորի ուղեկցությամբ Խաչիկին իջեցրին իրենց 5-րդ հարկի բնականարնից, 7 շրջան արեցին շենքի բակում ու տարան: Հաջորդ օրն իմացանք, որ մի սպա այցելել է Խաչիկի ծնողներին, Նժդեհի դիմաքանդակով մի մեդալ է հանձնել ու Խաչիկին շնորհել հերոսի հետմահու կոչում, որովհետև երբ բացահայտվել էին հանգամանքները, պարզվել էր, որ Խաչիկը պոստում իրեն իսկական հերոսի պես էր պահել, ու միայն իր շնորհիվ էր, որ հակառակորդը չէր կարողացել ներխուժել հենակետ ու սպանել մյուս զինվորներին և գրավել պոստը: Էս մեր հետմահու հերոսը իրենից առաջ զոհված երկու զինակիցներին տեսնելուն պես վազել էր դեպի հակառակորդի դիվերսիոն խումբը, քաշել էր նռնակի կալցոն, ու պայթել, իր հետ էն աշխարհ տանելով 3 ազերի դիվերսանտներին, ու տենց մենք ու ազերիները քվիթ էինք եղել, երեք զինվոր երեք զինվորի դիմաց: Ես, իհարկե, հետո երկար մտածեցի, թե ոնց են տղերքը երկինք համբառնել, իրար թևանցու՞կ, ձեռք ձեռքի բռնա՞ծ, թե՞ հրմշտոցով, ինձ այնուամենայնիվ թվում է, որ գոնե երկնքում նրանք երկար խորհել էին արածների ու չարածների մասին, իրարից ներողություն էին խնդրել պատահածի համար ու Խաչիկից բացի մյուս երկու հայերը երկար ափսոսացել էին Նժդեհին կյանքում գեթ մեկ անգամ չհակառակվելու համար, ազերի տղերքն էլ հիշել էին իրենց փայ նժդեհին ու հետո երկար երկար լռել էին․․․
Հետո իհարկե, հեռուստացույցով ամեն օր մեր դասընկերոջ լուսանկարն էր, ֆեյսբուքում հազարավոր աղջիկներ փոխել էին իրենց գլխավոր նկարն ու փոխարենը դրել Խաչիկի զինվորական կամուֆլյաժով նկարը: Խաչիկը, որն իրականում մեր դասարանի, նույնիսկ դպրոցի սիմպոն էր, էդ կամուֆլյաժով էդքան էլ համակրելի չէր, բայց ,միևնույնն ա, բոլոր մահացած զինվորների մեջ ամենասիրունն ինքն էր, ու միայն հանուն դրա էր, որ արժանացավ ավելի մեծ փառքի, քան մնացած բոլորը, ովքեր բոլորն էլ ստացել էին Նժդեհի դիմաքանդակով նույն մեդալը, և հերոսի նույ կոչումը:
Խաչիկն արդեն իր տեղն էր գրավել արևի տակ, հեռուստատեսությունը շարունակում էր ճռճռան խոսքեր շռայլել, հետո, իհարկե, նոր զոհեր ունեցանք, ու նախորդները մոռացվեցին, Խաչիկի անունը դանդաղորեն հետ սահեց հերոսների թոփ եռյակից, հետո տասնյակից, մենք բոլորս համակերպվեցինք այն մտքի հետ, որ էլ երբեք մեր երազածի պես ամբողջ դասարանով հավաքվել չենք կարող ո՛չ հիմա, ո՛չ մեկ տարուց, ո՛չ էլ այն ժամանակ, երբ բոլորս ամուսնացած կլինենք ու մեր կանանց, ամուսինների ու երեխաների հետ աշխարհի տարբեր ծայրերից մի օր կթռնենք կգանք Երևան, կհավաքվենք դպրոցում ու կհիշենք մանկության ուրախ և տխուր օրերն ու պատմությունները, որովհետև ինչքան էլ բոլորով լինենք, միևնույնն է, Խաչիկի բացակայությունը թույլ չէր տալու ասել, թե բոլորով ենք:
Ու երբ կորստի ցավն արդեն բթացել էր, երբ մեր դասարանի Անահիտը Խաչիկենց տնից լացի ձայներ այլևս չէր լսում, այն ժամանակ, երբ ֆեյսբուքում աղջիկներն իրենց գլխավոր նկարները նորից փոխել ու Խաչիկի փոխարեն իրենց սիրելի տղամարդկանց նկարներն էին դրել, լռությունը խախտվեց տարօրինակ աղմուկով․ Խաչիկենց բակի Դավոն, ով նաև իր ամենամոտ ընկերն էր, բակում հայտարարել էր, թե պարզել ա, որ Խաչիկը գյոթ ա: Դավոն, ով գիտեր Խաչիկի ֆեյսբուքի էջի լոգինը, մեյլով վերականգնել էր նաև գաղտնաբառը, մտել էր Խաչիկի էջ, ու կարդացել նամակները, տեսել էր Խաչիկի ու ինչ-որ տղայի նամակարգրություն, որտեղ Խաչիկն ու այդ տղան իրար սեր էին խոստովանել, էլի ինչ-որ բաներ էին խոսել, մի քանի նկարներ էին իրար ուղարկել, և մնացած ողջ ընթացքը Դավոն այլևս չէր կարդացել, որովհետև իր փնտրած սեռական բնույթի նամակների փոխարեն աննդհատ տեսել էր ինչ-որ լիրիկական նամակներ սիրո մասին: Էդպես, Դավոյի թեթև ձեռքով ամբողջ քաղաքը տեսավ Խաչիկի նամակագրության սքրինշոթերը, մի քանի կայք աննախադեպ վերնագրերով հրապարակեցին այդ նամակագրությունները, իսկ մեր դասարանի Անահիտը դասարանի չաթում խախտեց լռությունն ու գրեց, որ Խաչիկենց տնից նորից լացի ձայներ են լսվում, և որ Խաչիկի հայրն անվերջ գոռում է, թե ինքը տղա չունի, չի էլ ունեցել:
Ֆեյսբոքում մի քանի ակտիվիստներ էջ բացեցին և ստորագրահավաք կազմակերպեցին, որպեսզի պաշտպանության նախարարությունը Խաչիկի ծնողներից հետ վերցնի հերոսի կոչումն ու Նժդեհի դիմաքանդակով մեդալը, որովհետև մեր ազգին նման հերոսներ պետք չէին: Ֆեյսբուքում մի մեծ ու ընդգրկուն ֆլեշմոբ սկսվեց, ու հեշթեգ հայտնվեց՝ #մեզ_պետք_չեն_գյոթ_հերոսներ:
Երեք օր հետո, սպան, ով Խաչիկի հորը հանձնել էր հետմահու մեդալը, նորից եկավ Խաչիկենց տուն․ խնդրեց հետ հանձնելը իրենց որդուն տրված մեդալը: Խաչիկի հայրը հայտարարեց, որ ինքը որդի չի ունեցել, և որ այդ մեդալն իրենց պետք չէ, ու մեդալը նետեց սպայի վրա:
Հետո Խաչիկի նկարն իրենց էջում դրած աղջիկներն իրենց ֆեյսբուքի էջերի արխիվից ջնջեցին Խաչիկի նկարը, հայրենասերներներն, ովքեր Խաչիկի մահվան օրը պատմություններով ու հերոսական տիտղոսներով զարդարել էին Խաչիկի անունը, գտան իրենց գրառումներն ու ջնջեցին իրենց էջերից: Սև, մեծ խաչ քաշեցին Խաչիկի անվան վրա, որպես հայու գենը պախարակող թշնամի, և բոլոր-բոլորը, ժամացույցի սլաքները հետ պտտեցին, վերադարձան Խաչիկի մահվան օրվան, և սկսեցին խնամքով խմբագրել պատմությունը, այդպիսով զոհված զինվորների անունների ցանկում Խաչիկի անունից հետք անգամ չթողնելով:
Այդ օրերին մեր դասարանի չաթում իրար հերթ չտալով հայտնվեց՝ left the chat հաղորդագրությունը, սկզբում մեր դասարանի տղերքը, հետո նաև մի քանի աղջիկներ դուրս եկան չաթից ու լուռ համաձայնությամբ այլևս երբեք չխոսեցին Խաչիկի մասին:
Հետո մենք դասարանով էլի հանդիպեցինք, էլի խմեցինք, խմեցինք նաև սահմանի խաղաղության կենացը, կենդանի և զոհված հերոսների կենացը, իսկ մեր դասարանի Անդոն, կանգնեց, առաջ մեկնեց բաժակն ու խրոխտ ձայնով հայտարարեց՝ ախպերներ, խմենք կարգին զինվորների կենացը, աղջկերք ջան, մեր տղերքը Ձեր համար են կռվում, ու Ձեր համար են մեռնում, թե չէ մնացածը հեչ բան ա ձեր ցավը տանեմ:
Ես հիմա էլ հիշում եմ Խաչիկին, նույնքան գեղեցիկ, որքան դպրոցական տարիներին էր, հետո նույնքան տղամարդկային, որքան զինվորական հագուստով էր՝ հավասարակշիռ և համաարձակ, այնքան համարձակ, որքան այն օրը, երբ խոստովանեց, որ Նժդեհի ցեղակրոն գաղափարների հետ էդքան էլ համաձայն չի: Խաչիկն ինձ համար կրկնակի հերոս էր, որովհետև բացի ֆիզիկական սահմանների պահպանումից, իր մահով և հետո հաջորդած պատմությամբ ցույց տվեց, որ մենք ունենք հանդուրժողականության սահմանների ընդլայնման կարիք, որ հոգեբանական սահմաններն ավելի կարևոր են, այն սահմանները, որոնք մենք այդքան փոքրացրել էինք, այն սահմանները, որից այն կողմ գտնվող ամեն ինչ մեզ խորթ էր ու արգահատելի, այն սահմանները, որից դուրս կանգնած մարդկանց մենք ատում ենք այնքան, որ նույնիսկ նրանց հերոսություններն ենք պատրաստ խմբագրել:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *