Օրը չկիսված հինգ կիլո մեղր է ծախել: Քիչ է մնում ուրախությունից տրտինգ տա: Մայթի վրա գնաց-եկավ, ուզում է ուրախ կատակներ անի անցորդների հետ: Մեծ մասը իրեն գիտեն: Թեև ոչ մեկը անունը կարգին չի կարողանում տալ. ասում են՝ «Շոգիկ»: (Շողիկ անունը մնաց Հայստանում): Մի լավ բան ուզեց ասել աղբի իր անբաժան սայլակով մոտեցող Պետյային, ասաց. «Ա՛յ կազյոլ, էդ ինչի՞ իմ տված պալտոն չես հագնում: Իմ ողորմածիկից լավն ե՞ս: Հեսա էրկու ժամ հետո լակած ընկնելու ես էս ցրտին, սառես, սատկես»: «Մի՛ նեղանա, Շոգիկ Գագոևնա: Վաղը Ռոբերտ Սարկիսովիչի զիբիլն եմ տանելու: Էսօր հագնեի, կարող ա վրեն բան-ման թափվեր»: «Ռոբերտ Սարկիսովիչի զիբիլը դու ես տանու՞մ,-էլ ավելի հալվեց Շողիկը,-դե որ էտենց է, պինիցիլինի շիշդ բե՛ր, մեղր տամ»: «Կորցրել եմ»,- վիզը ծռեց Պետյան, ձևացրեց, թե հիմա ուր որ է կլացի, բայց բուռը բացած, վիզը ծուռ մոտեցավ Շողիկի փոքրիկ շերեփին: «Վաղը ձեռներդ մի կարգին տաք ջրով կլվաս»: Շողիկը Պետյայի բուռը ծորացրեց կես շերեփ մեղր: Պետյան մի երկու ժամ կլպստի ձեռքը ու դեռ ամբողջ օրն էլ սիրտը կխառնի էդ քաղցր բույրից: Լավ չէ՞ր լինի Շոգիկը մի պուճուր կտոր երշիկ տար, էն անգամվա նման կամ էլ թողներ մի կես ժամով տաքանալ իր փափուկ ծոցում, հետո թող քացով տար, դուրս գցեր՝ ուղիղ ձյան վրա: «Պետյա,-հանկարծ մտերմացավ Շողիկը,-իսկ ի՞նչ կա էդ պրաֆեսորի զիբիլի մեջ»: «Ոչ մի ուտելու բան, Շոգի’կ Գագոևնա, բայց նենց տուփեր կան, խելքդ կեթա: Ամեն ինչ էնքան լավ ա լպստում, որ իսկի հոտն էլ չմնա: Դե մենակ մարդ ա, ստացածն էլ գրքի – մրքի ա տալիս: Ա’յ, էն Կուրոպատկինները հալալ են: Համ էլ, լավն էն է՝ ոչ շուն ունեն, ոչ կատու: Էրեխեքի կծած դեն գցածը լրիվ մեզ ա մնում»: «Դուք ո՞վ եք, է, խի դու մենակ չե՞ս»,- թեև կյանքում աղբ թափողի, էն էլ ռուսի, էն էլ հարբեցողի հետ մի քայլ էլ չի անի Շողիկը, բայց դե, Պետյան իրեն խոսեցնողներից մեկն է, չիմանա՞՝ հո կնիկ-մնիկ չկա՞, որ վարակի բույն դարձնի էս խեղճի փտած ծակուռը: «Մե՞նք,-զարմացավ Պետյան,-մենքը հենց ես եմ»: Շողիկը տանել չի կարող Պետյայի ու ցանկացած տղամարդու ատամների բացակայությունը, մանավանդ՝ առջևի: Երբ իր մարդուն դանակահարողների վրա հարձակվեց, տվին իր բերանին, արյունը ֆշշաց, Շողիկին թվաց, թե բերանում էլ ատամ չի մնացել: Լավ է, թուհ, թուհ, թուհ, ատամներին բան չեղավ: «Ամա՜ն, հանկարծ ատամներիս բան չպատահի, կգժվեմ»,- ինքն իրեն խոսում է Շողիկը, երբ հեռվից, «դիպլոմատը»ժ» ձեռքին երևում է պրոֆեսոր Ռոբերտ Սարկիսովիչը: Պետյան արդեն իր սայլակով անցել է դիմացի մայթը ու չի տեսնում, թե ոնց պրոֆեսորը կանգնեց Շողիկի հենց դիմացն ու ասաց. «Շոգիկը դու՞ք եք»: «Ես եմ»,-Շողիկը ռուսավարի գլխին ուղղեց իր կարած մորթե փափախն ու մտքում փառք տվեց Աստծուն, որ հենց էս առավոտ կարկատել էր ձեռնոցի ցուցամատի ծակը: Ու լավն ինչ էր. նույն կանաչ գույնի թել էր ճարվել տանտիրուհի Մարինայի խառը-խշտիկ տրցակում: «Դուք հայ եք, ես էլ եմ հայ, ափսոս հայերեն չգիտեմ: Լսել եմ, դուք մի ժամանակ մկնդեղ դնող եք եղել»: «Այո՛, ես սանէպիդկայանի տեսուչ էի Երևանում: Տասնհինգ օբյեկտ ունեի: Տասնհինգ տարի էդ գործի վրա եմ եղել»: «Հիմա կարո՞ղ է մի քիչ մնացած լինի այդ մկնդեղից: Տունս մկնանոց է դարձել»: Մեղա Աստծո: Շողիկը որտեղի՞ց մկնդեղ ճարի, հազիվ մեղր է ճարում էս քամբախտ երկրում, բայց ո՞նց պրոֆեսորին մկնդեղի տեղ մեղր առաջարկի: Գլուխ չի հանում: «Եթե ձեր տան մկների հարցը այդքան լուրջ է, մի բան կանենք,-վերջապես քոքոզացավ Շողիկը,-իսկ մեղր ձեզ պետք չի՞: Ուղիղ իմ ու ձեր հանճարեղ ազգակցի՝ Հովհաննես Այվազովսկու քաղաքից է՝ Թեոդոսիայից, իմ լավ բարեկամն է բերում: Հայ է, ասում է՝ հենց մեծ ծովանկարչի խոհարարի ծոռներից է: Կարող է պատահել, չէ՞: Մեծ աշխարհ է»: Վերջին մասը էնպես ձևակերպեց, որ և՛ սուտ չխոսի, և՛ ազդեցիկ լինի: Էդ իր լավ բարեկամը ոչ թե իրեն, այլ էս կից խանութի տիրոջն էր բերում մեղրը: «Ե՞րբ կանցնեք: Ահա իմ հասցեն»: Շողիկը նույնիսկ հարկ չհամարեց ձեռքը գրպանից հանել ու վերցնել այցետոմսը: «Ձեր տան տեղն էլ գիտենք, ձեր աշխատավայրն էլ գիտենք»: Բայց հիշեց, որ ձեռնոցի մատը կարկատված է, նորից փառք տվեց Աստծուն, ձեռքը գրպանից հանեց ու գրեթե թռցրեց այցետոմսը, երբ արդեն պրոֆեսորը ետ՝ գրապանն էր դնում: Պետյային ցույց կտա: Եվ ոչ միայն Պետյային: Դրանից հետո էլի երեք կիլո մեղր ծախեց, բայց ուրախանալ ոնց որ պետք է, չի կարողանում: Մտքերի մեջ է: Պրոֆեսորին ո՞վ է ասել, թե ինքը մինչև Եվպատորիա տեղափոխվելը ինչով է զբաղվել: Ոչ մի կերպ չի հասկանում: Որևէ մեկին իր կյանքն էստեղ չի պատմել: Երբ արդեն մեղրը լրիվ ծախել էր, իր հասանելիքը դրել ծոցագրպանը, այսինքն՝ կրծկալի մեջ, մտավ խանութ, որ տեղավորի դատարկ բիդոնն ու հանձնի փողը: Խանութի հավքարարուհուն ի միջի այլոց հարցրեց. «Էստեղ դուք մկնդեղ դնու՞մ եք»: «Չէ՛: Խի՞, մուկ – բան ե՞ս տեսել»,-վախեցավ Ֆրոնյան: «Չէ՛, չէ՛, հանգստացի՛: Ինձ պրոստո մի քիչ մկնդեղ ա պետք»: «Էդ բանը չանե՛ս,- աղերսանքով նրա թևքից կախվեց Ֆրոնյան,-քո ի՞նչն ա պակաս: Տեղը տեղին կնիկ ես:- Հետո հանկարծ մի կողմ քաշվեց,-Չլինի՞ ուրիշին, հը՞,- ու մատը կծած, ոչ մի արդարացում չխոստացող հայացքով նայեց ուղիղ Շողիկի աչքերի մեջ:- Գործ չունես էդ վիժվածքների հետ: Մեկ է, մարդուդ հետ չես բերի: Գո՛հ եղի, որ քեզ հըլը չեն կպել, թողում են հանգիստ առուտուրդ անես: Համ էլ, որ ճիշտը խոսենք, մարդդ էլ քեզ սազական չէր: Միշտ ուզում եմ հարցնեմ. էդ դագաղի գլխին խի՞ էիր քեզ կոտորում: Չէ՛, ես քո համար թույն ճարողը չեմ»: Շողիկի քրքջոցը միամտացրեց նրան: Ու էստեղ պետք եկավ պրոֆեսորի այցետոմսը: «Պրաֆեսորին մկները անհանգստացնում են: Իմ ազգակիցն ա: Ուզում եմ օգնած լինեմ: Դու էլ, հո մտքեր չունես, ա՛յ Ֆրոնյա: Բա ես մկնդեղ ուտողի նմա՞ն եմ: Ուրիշներին կերցրել եմ, բայց էդ ուրիշները մկներ են եղել»: «Դե որ էդպես է,- խաղաղվեց Ֆրոնյան,-ես քեզ կասեմ: Էս կողքի անասնաբուժարանը գիտե՞ս: Ես էնտեղ էլ եմ մաքրում: Էնտեղ տեսել եմ: Տեղն էլ կասեմ: Բայց ինքս էդ բանը չեմ անի: Ես ձեռքից մաքուր եղել եմ, էտենց էլ ուզում եմ մայր հողի ծոցը մտնեմ»: «Այ գրողի ծո՛ցը մտնես, Ֆրո՛նյա»:
Շողիկը ժամանակ կորցնել չի սիրում: Մի քիչ գարի խնդրեց խանութի վաճառողից: Նա էլ գարի չուներ, մի երկու լիքը բուռ ցորեն տվեց: Շողիկը մտավ անասնաբուժարան, պահակին ցույց տվեց ցորենով ցելոֆանի տոպրակը. «Էկել եմ, մկնդեղը թարմացնեմ»,- բացատրություն տվեց նրան ու իր ուրախ ժպիտի պատասխանն ստանալով՝ մտավ այն բոլոր տեղերը, ուր Ֆրոնյայի ասած մկնդեղի կույտերն էին: Հավաքեց իր ցելոֆանե տոպրակի մեջ, փոխարենը ամեն տեղ թողնելով մաքուր ցորենը:
Երեկոյան, երբ մկների ճաշելու ժամն էր, նրանք կերան ցորենը, բայց չկշտացան: Ավրորան՝ հայր մուկը հայտարարեց, թե գնում են ազգականներին հյուր: Նրանց ազգականնները պրոֆեսորի տանը ծնված, մեծացած մկներն էին, որոնք հենց այդ պահին ագահորեն խժռում էին մկնդեղով խառն գարին: Երբ Ավրորան իր ընտանիքով առոք-փառոք քաղաքի տակ՝ իր բրիգադով վերջերս բացած գետնուղիներով հասավ պրոֆեսորի մկների բնակարանը, նրանք արդեն ճոճվում էին ու թուլացած ընկնում այսուայնկողմ: Ավրորան գիտեր, որ իր ազգակիցների մեջ հարբեցողությունն առայժմ տարածում չի գտել: Բացի այդ, քանի որ սրանք պրոֆեսորի մի շարք գրքեր կերած մկներ էին, Ավրորան մեծ ակնածանքով էր վերաբերում նրանց ամբողջ ընտանիքին: Գիտեր նաև, որ գիրք կրծելը, կուլ տալն ու մարսելը ամեն մկան գործ չի: Ինքն էլ էր մի անգամ ստիպել փոքրիկ Ավրորոչկային արևածաղկի սերմն ուտելուց հետո գրքի ձագարաձև փաթաթված էջն էլ ուտել, բայց դե նախօրոք գիտեր, որ իրենց տոհմի մկները գրի ու գրականության հետ սեր չունեն: Ընտանիքով ապշահար կանգնել սպասում էին, որ պրոֆեսորական մկներն անցնեն հյուրերին դիմավորելու պատշաճ ծղրտոցներին, բայց շուտով հասկացան, որ նրանք արդեն իրենց սեփական ուրվականների հետ են ողջագուրվում, ու այս աշխարհը արդեն իրենցը չէ: Մինչև պրոֆեսորի գալը Ավրորայի ամբողջ ընտանիքը տարբեր սենյակներից լացելով հավաքեց բոլոր մկների դիակները, դարձրեց կույտ: Բայց չհասցրին հուղարկավորել:
Պրոֆեսորն այս կույտը տեսնելով շլդիկացավ: Չէր լսել, որ մկնդեղից սատկելուց հետո մկներն այսպես սիրուն շարքով դասավորվեն իրար վրա: Հաշվելն էլ է հեշտ՝ 12 մուկ: Այսքանով փչացրել էին իր ամբողջ Յունգն ու Հեգելը, նոր ուղիներ էին փորում դեպի պահարանում ամուր փակված հին հունական, հին հնդկական, հին հռոմեական փիլիսոփաները:
«Շոգիկ ջա՛ն, շատ լավ դեղ էիք տվել: Շատ շնորհակալ եմ: Եվ մեկ էլ մի կիլո մեղր կգնեմ»: Շողիկը լավ գիտի մարդկանց, գիտեր, որ պրոֆեսորը շնորհակալություն կհայտնի ու մեղր կգնի իրենից, դրա համար էլ, տնական խալաթով աշխատանքի գալու փոխարեն, մի քանի ժամով իր տանտիրուհի Մարինայի կապույտ կուրտկան էր խնդրել: Ոչ միայն ամեն ինչ ճիշտ ու ճիշտ իր հաշվարկածի պես կատարվեց, այլև Ռոբերտ Սարկիսովիչը խնդրեց մեկ-մեկ իր տունը կարգի բերել, իհարկե՝ որոշ վճարով: «Որոշ» բառը Շողիկին դուր չեկավ, «վճարովը» լավ էր, «իհարկեն» էլ վատ չհնչեց: Բայց՝ «Օրինակ ինչքանով» ասելու փոխարեն, իր միջից մի ինչ-որ ուրիշ Շողիկ թռչնիկի ձայնով ճռվողեց. «Ի՞նչ եք ասում, Ռոբերտ Սարկիսովիչ, ի՜նչ վճար, ազգակիցների միջև կարո՞ղ են էդքան մանր-մունր հաշիվներ լինել: Կարծես գործերս հելել թափվում են գլխիցս»: «Հելելը» լավ չհնչեց, պետք չէր: «Հելելը» ո՞րն է: Երևի տեղին օգտագործեց «մանավանդ» բառը. «Մանավանդ որ երեկոները մենակությունից քիչ է մնում գայլի պես ոռնամ»: Պրոֆեսորի աչքերի ուղղությունը կոնկրետացավ, թե չէ՝ մի տեսակ, կարծես թափառում էին մեղրի բիդոնի, խանութի դռան, ծռմռված աղբամանի կողմերը: Նայեց ուղիղ Շողիկի խոսող բերանին, երևի ճշտում էր՝ այս բառերը՝ գայլի ու ոռնալու մասին կապվու՞մ են կարմիր շրթներկած շրջանագծի հետ: Գուցե պետք չէ՞ր գայլի ու ոռնոցի անուն տալ: Իհարկե, պետք չէր: «Չհավատա՛ք: Կյանքումս ոռնացած չկամ: Նույնիսկ երբ մարդուս խփեցին, անասունները»: Արդեն պրոֆեսորի փոխարեն անհարմարությունից նեղվում էր, որ նրա նման փառավոր մարդու՝ կանգնել, իր նման մեղր ծախողի հետ խոսելը երկարում է: «Լսել եմ՝ Մարդուդ խփե՞լ են: Էստե՞ղ»: Շողիկին վիրավորեց պրոֆեսորի «դու»-ի անցնելը. գուցե ուզում է օտար, բայց ազգակից կնոջ սրտի ցավն իր մտերմության փոքրիկ ցույցով մեղմե՞լ: «Էստե՛ղ: Հիմա կոպեկ-կոպեկ հավաքում եմ, որ ճամփի փող դզեմ, գնամ Ամերիկա»: Պրոֆեսորի աչքերը ճակատին թռան.«Հա՛, էլ Հայաստանն ինձ չի ընդունի: Նրա տված ամեն ինչը ծախել, փոխել ենք: Մարդուս հետ ուզում էինք մի քիչ ճամփու ծախս հավաքել, հետ գնալ: Չհասցրինք»:
Ավրորայի ընտանիքն առոք-փառոք տեղավորվեց պրոֆեսորի տանը: Էստեղ տաքուկ էր: Որոշեցին այնպես ապրել, որ պրոֆեսորը գլխի չընկնի իրենց գոյությունը: Հայր մուկ Ավրորան նույնիսկ հայտարարեց. «Ուրիշ տեղերից կհայթայթենք մթերքը, եթե կարողացանք, մի բան էլ պրոֆեսորին օգուտ կբերենք»: Հենց առաջին օրն ամբողջ ընտանիքով մի ամբողջ ցելոֆանե տոպրակ բրինձ կրեցին: Մայր Ավրորան նույնիսկ մեկիկ-մեկիկ մաքրեց բրինձը, որ Շողիկը շատ չտանջվի:
Շողիկը, առանց որևէ բան կասկածելու, փլավ պատրաստեց բրնձից: Պրոֆեսորը նրան գովեց, մտածեց, որ Շողիկն իր գրպանից է ծախսել բրնձի փողը, բայց որոշեց առայժմ ձայն չհանել: Իսկ Շողիկն էլ համոզված, որ պրոֆեսորն է բերել բրինձը, մի բան էլ գովեց. «Հիմիկվա բրինձները շատ լավն են, մեջը ոչ մի քարի հատիկ չես գտնի»: Պրոֆեսորը կարծեց, թե Շողիկն ակնարկում է բրնձի գումարը տալ, բայց որոշեց դեռ սպասել:
Հայր Ավրորան երեք հատ սկումբրիա բերեց: Մեկը մի քիչ հին էր: Թարմերը դրեց խոհանոցի սեղանին, մնացածով ամբողջ ընտանիքը կուշտ կշտացավ:
Շողիկը չորացրած թարխուն ուներ տանը, վազեց բերեց: Երբ պրոֆեսորը տուն մտավ ու առավ թարխունով եփվող ձկան հոտը, քիչ մնաց Շողիկին հարազատ քրոջ նման գրկի: Բայց զսպեց իրեն: «Ընտիր ձուկ է»,-Շողիկին թվում էր, թե պրոֆեսորի ճաշակն է գովում: Իսկ պրոֆեսորին թվաց, թե ձկան գինն է ակնարկվում ու նույնիսկ՝ թանկացվում: Որոշեց մի քիչ էլ սպասել: Կերավ: Շատ համեղ էր: Շողիկին հարցրեց.«Ինչքա՞ն վարձ ես տալիս քո Մարինային»: Իմանալուց հետո ասաց. «Եթե այդ գրիվնիներդ պահես, գաս այստեղ ապրես, Ամերիկա մեկնելուդ փողը ավելի շուտ կհավաքվի»: Շողիկը երեխա չի, հասկանում է, որ էսպիսի լավությունները հենց էնպես չեն արվում: Նայում է պրոֆեսորի ճաղատացող գլխին, բարի աչքերին, տեսնում է՝ բոլոր ատամները տեղն են, թեև մի քիչ փչացած ատամի հոտ է առնում, նայում է գրապահարաններին ու ճռվողում. «Եթե դուք էդպես հարմար եք գտնում…»: Բայց Պրոֆեսորը տեղնուտեղը հավելում է. «Այն փոքրիկ սենյակում կքնես, առավոտներն էլ կգնաս մեղրդ վաճառելու»: «Լավ»,-ճռվողեց իր մեջ նստած ինչ-որ մի անհայտ Շողիկ: Իսկ ինքը համարում էր, որ Երևանում տունը ծախելուց ու օդանավի տոմս գնելուց ու մանավանդ ամուսնու դաժան մահից հետո իր համար էլ երբեք չի ընդհատվելու ռիսկի դիմելու ամենօրյա խաղը:
Հաջորդ օրը հայր Ավրորան մի տուփ մակարոն քարշ տվեց ու հևալով հասցրեց մինչև խոհանոցի սեղանը: Պատահաբար տոպրակը ծակվել էր: Ինչ որ ճանապարհին թափվեց, Ավրորան խնամքով կրեց իրենց բույնը: Առոք-փառոք կշտացան:
Շողիկի մտքով էլ չանցավ թափթփված համարել պրոֆեսորին, շատ-շատ՝ անզգույշ, որ առնելուց չի նկատել տոպրակի ծակ լինելը: Թե իմանար էլ, որտեղից է առել, չէր տանի տա ծախողի գլխովը: Նա էլ մարդ է, տուն է պահում: Ամեն ծակ տոպրակից մի քիչ վերցնի, տունը մի օր կուշտ կքնի, իսկ էդ մի քիչով իրենցը չի պակասի: Պրոֆեսորը մտածում էր՝ մակարոնը, ձուկը, բրինձը մի մեծ բան չէ, բայց որ կնոջ ձեռք է դիպչում, արդեն ճաշ է դառնում. մտածում էր՝ միանգանից մի լավ գումար կտա Շողիկին, բայց դեռ ժամանակ կա:
Ավրորան ու իր ընտանիքը շատ գոհ ու երջանիկ էին ապրում, գիշերներն էլ աշխատում էին կուշտ փորով քնել, որպեսզի այսուայնկողմ ընկնել, ուտելու բան ճարել, խրթխրթացնել չլինի: Մայր մուկը գոհ էր, որ ամուսինը իսկական տղամարդ է դարձել. կարելի է ասել՝ հիմա երկու ընտանիք է պահում, եթե խորը մտածենք, նույնիսկ՝ երեք: Հայր մուկ Ավրորան այնքան էլ շատ չէր տանջվում: Միայն փնտրտուքներն էին ժամանակ խլում, մեկ էլ թակարդը կամ մեկի հարվածի տակ ընկնելու վտանգը կար: Բայց հիմա աշխարհում կա՞ մի կատարելապես ապահով անկյուն: Նա շատ զգույշ էր, շատ իմաստուն, թեև ոչ մի գիրք էլ չէր կրծել և չէր համտեսել: Զզվում էր գրքի հոտից: Ձվերը գլդորելու այդ օրը իր ընտանիքին էլ մոբիլիզացրեց: Գործը գիշերով արեցին պրծան: Նախ խոհանոց քարշ տվին ձվի ստվարաթղթե տուփը, հետո երեսուն ձու հարևանի տան խոհանոցից կրեցին-դասավորեցին արկղի մեջ: Հետո ամեն մեկը վերցրեց իր ձուն, մտավ իրենց բույնը, կերավ թե խմեց ու քնեց խաղաղ:
Առավոտյան ձվերը սառնարանում տեղավորելիս՝ Շողիկը իսկի մտքով չանցկացրեց, թե տուփը ինչու՞ է կիսատ: Երկու հոգու համար տասնհինգ ձուն լիուլի էր: Ամենահետաքրքիրն այն էր, որ այստեղ գալուց հետո Շողիկը դեռ ոչ մի գիշեր սոված անկողին չի մտել: Ռոբերտ Սարկիսովիչն իր հետ շատ քնքուշ էր վերաբերվում, ինչպես կվերաբերվեր, ասենք՝ թանկ արժեցող, բայց էժան գնով ձեռք բերված փոշեկուլին, ամաններ լվանալու սարքին, լվացքի մեքենային: Մանավանդ որ այդ ամենը մի տուփի, այսինքն՝ Շողիկի մեջ էր ու շատ տեղ չէր զբաղեցնում բնակարանում: Շողիկը հավաքում, հավաքում էր նրա տված գրիվնիները, մեղրի վաճառքից ու միայն իրեն հայտնի էլի որոշ բաներից ստացածները, վեր էր ածում կանաչ դոլլարների: Ու մի օր էլ մեկնեց Ամերիկա…
Հայր Ավրորան այդ օրը բանից անտեղյակ հավի բուդ էր դրել խոհանոցի սեղանին:
Պրոֆեսորը նայեց, հոտոտեց, գցեց աղբամանը:
Հայր Ավրորան չգիտեր ինչ անի: Եթե աղբարկղից վերցներ, տաներ իր բույնը, կարող է պրոֆեսորի մեջ կասկածներ արթնանային, թե տանը էլի գող մկներ են հայտնվել: Որոշեց էլ ոչինչ չդնել պրոֆեսորի սեղանին, այլ միայն իր տունը կրել ձեռքն ընկածը, իր երեխաներին, թոռներին ու կնոջը պահել: Բայց հենց որ Ավրորոչկան հայտնաբերվեց պրոֆեսորի կոշիկի մեջ (վերջերս հանկարծ կորչելու սովորություն էր ձեռք բերել), քիչ մնաց ճխլտվեր ու ընտանիքը զրկվեր նրանից, պրոֆեսորն արդեն սկսեց մտածել այն մկնդեղի մասին, որ Շողիկը հայթայթել, պահել ու տեղն ասել էր: Հաջորդ անգամ զույգ տղա մկնիկները չէին դիմացել, մի քիչ կրծմրծել էին խոհանոցում դրված պանրի կտորը: Թե ասա, սառնարան ունես, ինչու՞ չես մեջը պահում, ա՛յ պրոֆեսոր:
Եվ ահա եկավ Ավրորայի ու նրա ընտանիքի մահապատժի օրը: Նրանք այդ օրը ամբողջ ընտանիքով նույնքան ուրախ էին, որքան նախորդ օրերին: Պատրաստվում էին կուշտ ուտելուց ու պրոֆեսորի խռմփոցը լսելուց հետո դուրս գալ, պարել, երգել, համերգ տալ: Բայց պարը չէր ստացվում. նրանք ամեն քայլափոխի տապալվում էին: Մայր Ավրորան տեսնում էր, որ իր ընտանիքի անդամներն արդեն մահվան հետ են պարում, իսկ դա տխուր, շատ տխուր պար էր: Միայն չէր հասկանում, թե ինչու՞ է մեռնող հայր Ավրորայի բեղերի տակ սառչող ժպիտը մի տեսակ խորամանկ: Հայր Ավրորան միայն ինքը գիտեր, որ հղի Ավորորոչկան, որին նա գրեթե բռնի խցկել էր Շողիկի ձեռքի պայուսակի մեջ, հիմա արդեն Ամերիկայում է:
Ալիս Հովհաննիսյան