Զավեն Բեկյան | Խեցգետնի խմբերգը ուշ իրիկնաժամին

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ ՈՒՇ ԻՐԻԿՆԱԺԱՄ – ՈՐՍԱԺԱՄԻՆ

Ով Լու՜յս,
որ իջնում ես Ամենայնի երդիկից՝
թանձրածո՜ր, տարտամորեն վետվետո՜ւն,
նրբաճողփյու՜ն, ինքնագրավ-առինքնո՜ղ ․․․
Լո՜ւյս Անսահման բժժանքների, ով դու
Լո՜ւյս անդառնալի կլանող,
Լո՜ւյս խորահմա,
դեպ-առ Ամենավերինի
եզրերը անխարխափ տանող ․․․—

Չանչակարկա՜ռ, բոլորանվեր, աներկբայամիտ
Քո՜նն ենք, նվիրյալներն ենք Քո և Տեղափոխվողը,
անմնացորդ տրվողը քո տեսանելի դարձրած
հեռաստաններին ․․․ — տա՛ր քո հյութեղ հղացման
հոսքերի մեջ, տա՛ր առ Անդորր, առ երանավետ
Այլակեցություններ, տա՛ր, Քո՛նն ենք մենք
վտառ առ վտառ,
շնչասպառ ու
համակ չանչակարկառ,
տա՛ր ․․․

Ծ․ Հ․ — Խեցգետինների որսը կատարվում է մթանը, հզոր լապտերների
լույսի հոսք ուղղելով ջրի խորքերը, երբ խեցգետիններն՝ ասես լույսից
հմայված, հոծ խմբերով ջրի հատակից շարժվում են դեպի լույսի աղբյուրը։
Այդպես Լուչաֆերի( Լյուցիֆերի)՝ Անկյալ Հրեշտակի քաղցր ու մահահոտ
լույսի վրա են գնում, ավաղ, շատ մահկանացուներ ․․․

 

ԼՅՈՒՑԻՖԵՐ ԿԱՄ ԱՆԿՅԱԼ ՀՐԵՇՏԱԿ

Փառաբանման շուրջպար-պտույտ,
հրեշտակներ ան «Ես» ճախրող —
հանց թիթեռներ՝ մի ծաղկի շուրջ,
նույն բույրի շուրջ մերձող, ախորժ ․․․

Շուրջպար-պտո՜ւյտ փառաբանման՝
ի շուրջ Լուսո Հոծ Կենտրոնի,
ուր ամեն մի զատ հրեշտակ
չէր կարծում, որ իր լույսն ունի ․․․

Զի ամենքի լույսն զգեցյալ
անդրադարձն էր Հոծ Կենտրոնից
բխյալ լույսի — էմանացիան
անսպառ ու աննվազ Իր։

Բայց ահա մեկը նրանցից
լուսոլորտը իր նկատեց՝
լուսաօղակն էլիպսածիր –
«Ես – զա՛տ – ԵՍ եմ»,- այսպես դատեց․․․

Եվ տատանվեց խոտորընթաց
և թերացավ փառատրության
խմբերգի մեջ — ու մթնդած
ձայնարկությամբ լլկեց շղթան․․․

Ապա զրկված Կենտրոնաձիգ
պահող ուժից՝ պոկվեց ծիրից
Արարչական ու վընգոցով
վա՜ր շպրտվեց Դասից Վերին ․․․

 

ՊՈԵԶԻԱՅԻ ԱՎԻԱԼԱՅՆԵՐԸ

Բուն՝ դասական առումով
նախկիններում պոեզիան մի ավիալայներ էր,
երևացած դեռևս Ադամի ցնորքում,
երբ նա մոլորված կանգնած էր
թզենու տերևի հանդիման՝
իբրև մի անպտուղ թզենի
և բոլորովին չգիտեր իր անելիքը,-
բայց փոթորկված էր անհայտ մի տենդով,
ինչպես հիշատակված ավիալայները՝
իր թռիչքուղու սկզբնամասում ․․․

Հետո այդ ավիալայների վրա
հրաշալի ավիակոնստրուկտորներ աշխատեցին՝
Հոմերոսից մինչև Շեքսպիր
( նույնիսկ մի կին նախագծող կար՝
Սաֆոն հեռավոր Լեսբոս կղզուց,
ուր աներևույթ, ցնորական ինքնաթիռներ էին իջնում,
բայց Սաֆոյին տեսնելուց հետո
այլևս հրաժարվում էին օդ բարձրանալ ․․․ )։

Բայց հիմա դժվարացել է պոեզիայի բանը,
բանը բանից անցել է՝ կարելի է ասել,
որովհետև Բանը բանադրվել է
պրագմատիկ, սթափ,․․․ բորտմեխանիկ
կղերականների ձեռամբ,որոնք տղերք են ռացիոնալ,
որոնք այլևս չեն նայում պոեզիայի լայներին
լայն բաց արած աչքերով՝ առաջվա պես ․․․

Հիմա տերուտիրական են երկնքում
Ստիխիյա-տարերային պոեզիայի ԱԹՍ-ները,
որոնք թռչում են գետնին կիպ ցածրությունների վրա,
և նույնիսկ հակաօդային պաշտպանության
քննադատների ռադարները նրանց չեն հայտնաբերում ․․․
Դրանք՝ այդ ԱԹՍ-ները, վըզզալով մտնում են
սրտի ամեն մի ծակուծուկ ու շաղափում
ուզած ուղղությամբ, թեմաներով զգլխիչ
ու ներգործում շեշտակի, բառապաշարով
հետնախորշերում տարտղնված գարեջրատների,
որ կեսգիշերվա մեջ ամայություն են ․․․ բխկում ․․․

 

* * *

Աշուն, դու աղջիկ ես
թափառաշրջիկ մի,
մի դեղին չղջիկ՝ իր
կրծքին դաջած,

որ արևի խաչման
հանդեսից է գալիս՝
անվրդո՜վ — Պիղատոսի
դստեր նման ․․․

Պչրո՜տ, շորորընթա՜ց,
և շուրթերդ թաց են
լուսնի պաչ-համբույրից
մահահմա։

Շրջազգեստդ խշշում է
ամեն մի քայլից քո։
Աղջի՜կ, դեմքիդ քաշած
մահվան մութ քող ․․․

Աշուն, դշխո՜ անգութ,
որ ճեմում ես՝ ոտքդ՝
ծառուղու հանգուցյալ
տերևներին,

խամրած ու սևեռուն
աչքերդ դեմքիս հառած՝
ասես գույժ ես բերել
Վերևներից ․․․

 

ՍԱԼՈՄԵԻ ՊԱՐԸ

Քառասուն երկարուբարակ օր
օազիս ու աղբյուր չտեսած
բեդվինի հայացքով պապակ
Հերովդեսը զննում է
անախորժ տրոփող,
խորշելի
ամեն մի խորշը
գրեթե հոլանի մարմնի,
որ սամումի,
ավազե պտտահողմի պես է
ոլորվում ( Հերովդեսի աչքերը ․․․
ծամում են այդ սամումն ու ․․․
անմարսողական՝ մոլորվում ․․․)։
Ամեն մի խորշը՝
խորշակ
ու կիրք տոթ
(Հերովդիան
խանդում է դստերը,
վրդով ․․․)։
Սալոմեի
մատների մեջ
սինին է՝ հատված
գլխով Հովհաննես Մկրտիչի։ —
Հոգևարքի ճիչը
լռել է՝
հատելուց ՝ ցավից կծկված
իր շուրթերի վրա,
որ սեղմված են ու նման են
կիսալուսնի՝
կեսգիշերին,
Մեռյալ ծովի վրա․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Ինչպես կիսալուսինը —
և ասում են՝
ամեն ինչ սին է, սի՜ն ․․․

 

ԲԵՅԼԵՐՅԱՆ ՀՐԱՉԻՆ ՝ ԿԱՐՈՏՈՎ ․․․

Հրաչ, ընկերս, ողջու՛յն։
Հը՞, ինչ կա Այդ Կողմերում,
էլի խմո՞ւմ ես, թե արդեն անցել ես
զվարթունների ըմպելիքին նեկտար․․․

Այս Կողմերում բան չկա,
քո գիտեցած նույնն է։
Միայն աքսորականի քո Գողթանիկ գյուղը
մերը չի այլևս, թուրքի բաժին դարձավ․․․

Էլի նույնն է, ապրում ենք
Մացառախոզի դարաշրջանում —
ամենուր փշեր են
սուրում ․․․ Անմահականը
մի փոքր տառասխալով
դարձել է Անհամական․․․

Բանաստեղծությո՛ւնդ քիչ առաջ դրեցի
ֆեյսբուքի իմ էջում։
Մեկ-մեկ անում եմ էդ բանը․․․
Մենք էլ որ իրար չհիշենք՝ ո՜վ է հիշելու մեզ․․․
Դու Այդտեղ երբևէ հիշու՞մ ես ինձ ․․․
Դե լավ, մի նեղացիր՝ բան էր՝ հարցրեցի․․․

Գրել-մրելուց ի՞նչ ասեմ․․․-
Հիմա քեզ, Մեծարենցին,
Աշոտին Ավդալյան․․․(ինձ էլ՝ ձեզ հետ)-
քի՛չ կարդացող կա։— Զի հիմա
էլ նուրբ գինու մուշտարի չկա, կամ
կում-կում խմելիք պոետիկ ազնվական կոնյակի՝
քո պես ազնվական տղերքի գրած․․․
Զի՛— և հավիտյանս հավիտենից՝ վասնզի․․․
Այսինքն՝ Տեր, կեցո՛ զ(վ )ոտանավորս հայոց ․․․

Հիմա քուչի հայհոյախառն պտուղներից թորած ցքի,
կցկտուրաբարբառ, պոեզիայի տեղ քաշած
արաղ են քաշում գլուխներին,
որ խմողի վզից միանգամից բռնում․․․
ու զըխկըցնում է չոր հատակին ․․․

Ի՞նչ ասեմ, Հրաչ ջան։
Այսքանը։ Առայժմ․․․

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Արդյոք սա այն կա՞վն է,
կամ Այն Կավից մասն ունի՞,
որից ծեփեալ էր զմարմինն ադամորդվոյ,
սա՝ Արարատյանը ,փռված ղզլբաշի
ոտատակին,թաթարական հեծելազորի
դարավոր թրիքներով շաղախված ․․․

Քանաքեռի բարձունքից
երևում է սամումը էրիվանյան,
երբ կավափոշու պտտահողմը,
կավաշեն խրճիթների դուռը փակ գտնելով,
ուզում է վեր համբարձվել, ծեփել
երկնայինների քիթուբերանը —
թե՝ այստեղ ե՛ս եմ տերուտիրականը,
ու չի՛ լինելու, ո՛չ եղիցի լույս
այստեղերանք, հանց կղերականների
գլուխների մեջ ։ — Անհո՜ւյս ․․․

Բայց ահավորը տգիտության խառնարանն է,
որ բեհեղզեբուղական բլթբլթոցով
բանսարկություն ու բամբասանք է ժայթքում։
Կղերը, պրիստավը, դուքանչին,
վարժապետն ու թուղթ մրոտողն առհասարակ,
մրթմրթում են․ «Խաչատուր՝ ասել է թե
խաչին տուր ․․․ »։ «Հայ-հարա՜յ, ա՛յ խալխ,
սա էն սրբապիղծը չի՞, որ ոտք դրեց
Սուրբ Լեռան գագաթին ․․․ Սա մոլորեցնու՜մ է
մեր երեխաներին՝ տարածելով աստ և անդ
գաղափարներ մոլագար, անաստված․․․»։ Խանդ
ու քեն է տարածում ծույլ ոգին նաիրյան ․․․

Երազում էր, եկավ տողը՝
գրեց սրտդողած․
«Օրհնվի էն սհաթը,
որ ռուսի օրհնած ոտը ․․․»—
ու դեռ չէր դրել վերջակետը՝
բարձրացավ ռուսի փեշի տուտը,
ու երևաց, որ ո՜վ սարսափ, այդ փեշի տակ,
ոչ թե ոտք, այլ ․․․ կճղա՜կ է առհասարակ ․․․
Ու մի պոչ էլ է տարուբերվում ՝
նեռի բուրվառի պես մթասերիչ ․․․
Եվ վեր թռավ երկյուղած ու քրտնաթոր
ճակատն, արտասվելով, հպեց բարձին ․․․
«Խաչատուրին՝ ի խա՜չ» աղաղակ էր
հնչում հեռուներում խավարացյալ ․․․

 

ՍՈԿՐԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ

Սոկրատը՝ խոհակալած փիլիսոփա
ադամորդին, ծառի տակ նստած՝
ի տըտրոզումն ամենայն մտաց,
փիքր էր անում հերթական դժվարամարս
պոստուլատի վրա, մինչև որ կգային
Պլատոնը և մյուսները՝ խելք սովորելու։

Ճաղատը փայլում էր կեսօրվա արևի տակ
բարկ՝ ստորև հախուռն գալարվող մտքերից
տեղը տեղին քրտնամխած ։ Մտքերն անողոք
թանձրանում էին, ծայրը չէր երևում։
Քիչ հեռվում Քսանտիպան երևաց,
մի գա՜լ էր՝ որ գալիս էր, կոնքերը ճոճելով
առատաբար, բայց անմիտ՝ ըստ Սոկրատեսի ․․․
Քսանտիպան՝ Եվայի դուստրն ու շառավիղը ․․․
ՈՒ շփոթվեց Սոկրատը արթնացած
այն օձի խլրտոցից, որ չենք ասի, թե այդ պահին
ինչ տեղանքում էր սողում․․․ Սոկրատը
խեղդված շշնջաց․ «Քսանտիպա, այդ ի՞նչ
հյութ ես բերում»։ Սա թե՝ «Խնձորի է , ամուսի՜նս,
խնձորի հյութ չե՞ս սիրում, ջանիկս․․․ »,
ու շողոմ եկավ նստեց մոլորված Սոկրատի կողքին․․․

Սոկրատին հայտնի չէր, իհարկե, Գիրքը, պատմությունը
Արգելված Պտղի օձաընծա, ոչ էլ վասն Ադամի ու Եվայի
ասքը կողակցական և սրտաճմլիկ, բայց
աղոտ մի կռահմամբ զգում էր նա ամեն ինչ
և ի տըտրոզումն մտաց շարունակեց իր փիքրը,
մինչև որ կգային Պլատոնը և մյուսները ․․․
Եվ նայելով կողքին նստած Քսանտիպայի
հետին մտքերից, մղումներից խոնավացած
աչքերին՝ խորհում էր․ «In sofi veritas, in vino, in․․․? »,-
այսինքն թե՝ «Որտե՞ղ է ճշմարտությունը՝ մտքի՞, գինու՞ մեջ, թե ․․․»
( լատիներեն թարգմանությունն է հունարենից – Ծ․ Հ․ ):
Խեղճ ծերուկը խճճվել էր կեցության թնջուկի մեջ ․․․

 

ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ , ՆՅՈՒՏՈՆ ԵՎ ԼԵՈՆԱՐԴՈ ․․․

Երեխաներ էին Ադամն ու Եվան դրախտում,
երկու անթև հրեշտակներ։ — Զույգ ձեռքն է՛լ բավական էր
նրանց՝ ավազաբլուրներ սարքելու և ․․․ չարաճճի վարքի համար,
միմյանց մազ քաշելու, շոյելու ․․․ Միայն թե Եվան
անվերջ խորհդավոր մի երազ էր տեսնում,
թե ինչպես է հաճախ ծառից մի խնձոր ընկնում
իր գլխին , այն էլ՝ թթու ( սույնը պարզվում էր համտեսելուց
հետո ) — և այնուհետև տարօրինա՜կ, զարմանալի
տարօրինակ հալյուցինացիաներ էին իջնում մշուշի պես,-
ու Եվայի սրտում մի տարտամ կրակ էր վառվում ասես ․․․
Խնձորի բնույթն է այդպիսին, նրանց ծոռնածոռ
Նյուտոնի գլխին է՛լ՝ ինչ ասես՝ չեկավ էդ պատճառով ․․․

Հետո օրից մի օր երկճյուղանի լեզվասինիի վրա
նրանց մատուցվեց խնձորը՝ այնքա՜ն գեղեցիկ
ու շողշողուն-բուրավետ, որ մոռացան սպառնալիքն
այն չուտելու մասին․․․ — Եվ եդեմը տարօրինակ որոտներով լցվեց,
և արտաքսման փաստաթղթեր եկան եդեմի կառավարիչ
հրեշտակից, և Եվան ճամպրուկները կապեց — սա գիտենք։
Կարևորը՝ որ Ձգողականության ուժն էր ի հայտ եկել,-
և Ադամն ու Եվան՝ ըստ դրա՝ իրարից անբաժան էին
գիշեր թե ցերեկ, քուն թե արթուն ․․․ Նոր եդեմն ավելի լավն էր՝
կարծես թե ․․․ Ձգողականության ու՜ժը, որ նրանց ծոռնածոռ
Նյուտոնը հայտնաբերեց՝ գլխի այտուցման գնով թեկուզ ․․․

Բայց մինչ այդ նրանց մի ուրիշ ծոռնածոռ՝ Լեոնարդո դա Վինչին
գրեց իր տետրակներում, որ եթե Ադամն ու Եվան,
կամ ՝ կինն ու տղամարդը առհասարակ, թե իմանային՝
ինչ քստմնելի տեսք ունեն այն գործողության պահին,
որ կատարվում է անխուսափելիորեն խնձոր ուտելուց հետո,
թե իրենց աչքով, կողքից, դա տեսնեին՝ էլ երբեք չէին անի
այդ բանը․․․ – Այսպես է ասել Լեոնարդոն՝ ըստ առկա
տեղեկությունների ․․․ Լեոնարդոյի հայացքը շատ էր
կտրված երկրայինից ու երկնայիններում էր թափառում,
հորինում զանազան թռչող ապարատներ ․․․ Կամ գուցե
նա այդպես էր ասում, զի ինքը ․․․ կնատյաց էր թունդ
ու այրերի հետ էր՝ ասում են՝ կարճում իր օրը,
գիտության բազմազբաղ, լարված ժամերից հետո ․․․

 

ՏԱՐԻՔ

Հետզհետե մոռանում ես անունները, անվանումները։
Մարդ կա՝ հանդիպելիս բարևում ես ու շփոթվում,
որովհետև հենց այդ պահին մոռացել ես իր անունը ․․․

Նույնիսկ՝ թե օրվադ նախաճաշին ինչ ես կերել՝
դա էլ ես մոռանում ․․․ Երեկվանը չես հիշում,
բայց դրա փոխարեն մանրամասն, լա՜վ հիշում ես
հեռավոր անցյալի մի հիմար ու դատարկ բան ․․․

Հետզհետե ․․․ սափրվելիս շատ մազեր ես թողնում
դեմքիդ։ Հետզհետե մատներդ, անվստահ,
դողում են մի հասարակ գործողություն անելիս ․․․
Գնալով ավելի շատ են արցունքակալում աչքերդ
ինչ-որ դատարկ բանից՝ մի քիչ սրտաճմլիկ։
Աչքերդ, որ առանց այն էլ տեղից խոնավ են քիչ ․․․

Հետզհետե կորցնում էլ ես դու բերանիդ համը՝
․․․ կյանքի համը գուցե ․․․ Քիչ-քիչ կորցնում ես
գրելու հավեսը — հանց ՝ արդեն հոգնել ես
«խուռն-խուռն խաղ հանելեն» ՝ Սայաթ-Նովայի ասած․․․
Հետզհետե վախով ես նայում մայրամուտի արևին,
որ ասես ճեղքված նուռ է մեջտեղից ՝ ըստ Փարաջանովի ․․․

ՈՒ արդեն զարմանում ես, թե այ մարդ, այն քանքարավորը
Պարույր Սևակ անվամբ ( ողորմի իր հոգուն),
այն ո՞նց,ո՞նց էր ասում,թե ՝ էս է՝ ծերանու՜մ ենք,
ծերանու՜մ ենք — ընդամենը ինչ-որ մի քառասունքանի
տարեկանում ․․․ Բա որ մեր պես՝ այսպես, մոլորված լիներ,
մոլորված կանգնած լիներ յոթանասունի ժանգոտ ,
ողբանման ճռռացող ծխնիներով դարպասի մոտ ․․․
(«Վե՛րջ տուր, Զավե՛ն Բեկյան,- մեկն ասում է,- ամոթ է ․․․»)։

 

ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ստալինյան հակամշակութային բուքուբորանի օրերին,
երբ Մանդելշտամին շնչելու օդը չէր հերիքում
և կնոջ հետ նա քաղցած թափառում էր վորոնեժյան տափաստաններում
ու գիշերները չէր քնում ՝ ամեն ժամ սպասելով
ԷՆԿԱՎԵԴԵ-ի ջիգիթների այցին ․․․
Իսկ Պաստեռնակի հաշվով ցուցում էր տրված․
«Հանգի՛ստ թողեք այդ երկնաբնակին»,
որովհետև զվարթնական Բորիսը Ստալինի գլխից ավելի
վերև գտնվող բաների վրա էր նայում ՝ ավելի կարևոր ․․․

Երբ գալիֆեյավոր բոլշևիչ Ժդանովը
իր մոտ կանչեց Շոստակովիչին և իր կաբինետում դրված
դաշնամուրի վրա մի մատով տնկտնկացնելով, ասաց․
«Ահա թե ինչպես է պետք ստեղծագործել, ընկեր Շոստակովիչ,
որպեսզի ժողովուրդը հասկանա»։ Իսկ դրանից մի երկու տարի հետո
Ադոլֆ Հիտլերը պիտի գրքերով խարույկ վառեր հրապարակում ՝
երևի Եվա Բրաունի տրընդեզի համար ․․․ Երբ գեներալ Ֆրանկոն
պիտի անտեր շան պես հրացանազարկ աներ Լորկային,
ինչ է՝ թե բանաստեղծությունը չի բռնում ֆաշիզմի հետ ․․․

Տգիտությունը երբե՛ք չի անցնում, այն հավերժ է,
ինչպես բուն մարդու մեջ ասկարիդի պես գոյատևող
պիտեկանթրոպը մազմզոտ ու իր բնազդները
անհոդաբաշխ մռլտացող ․․․ Տգիտությունը միշտ
անբաժան է կիսագրագետ դիկտատորների էությունից
խարխուլ ու քինախնդիր, որոնք իրենց տգիտության ու
տխեղծության համար վրեժ են լուծում ամեն մի լուսավոր բանից․․․
Եվ նույնիսկ գիշերով իրենց նկատած կայծոռիկին
սրանք սարսափով են նայում, ասես անմեղ այս
լուսատու արարածները նրանց դժոխքի կրակներն են
հիշեցնում վերահաս ․․․ Օ՜, տգիտությունը փակում է
ճանապարհն ամեն աստվածատուր բանի, ավաղ․․․

 

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՈԳԵՆԵՍԻ ՀԵՏ

Մետրոյի Երիտասարդական կայարանի մուտքի մոտ
հանդիպեցի Դիոգենեսին։ Ես իրեն ճանաչեցի
ցնցոտիներից, որ տակառի կծվահոտ էին բուրում,
և ծերունական դողացող մատների մեջ
պահած նավթալամպից։ Ասաց, որ ինքն էլ ինձ
ճանաչել է պոետի իմ ցրիվ եկած հայացքից։

Խուլ հազաց, գանգատվեց թոքաբորբից –
ասաց՝ տակառս խարխլվել է արդեն, ջուր է ներս քաշում։
Փիլիսոփայությամբ էլ չէր զբաղվում ՝ իր ասելով, ասաց՝
բոլոր «իզմերից» իրեն հիմա
մնացել է միայն ․․․ ռևմատիզմը ․․․
Մխիթարեցի, ասացի՝ դուրս արի էդ անտեր տակառից,
ծերանոցի համար կմիջնորդեմ։ Ասացի՝ կարող է՝
մի աշխատանք էլ տան իրեն – մարդահամարի օրեր են՝
ինչքան ուզում ես՝ մա՜րդ փնտրիր շուրջբոլորդ ․․․
Եվ հետո, ասացի, կարգին ստվարացել է մորուքդ,-
եթե գաղափարներից էլ ձեռք ես քաշել՝ մի
պաշտոն անպայման կտան վերևներից ․․․

Դառը ժպտաց, նորից հազաց խուլ՝ գլուխն օրորելով։
Ասաց՝ ժամանակին ինքը նույնիսկ Ալեքսանդր
Մակեդոնացու տված կուտը չի կերել՝ ակադեմիկոսի
կոչում ստանալու հաշվով։ Ասաց՝ մի անտեր ծերուկ եմ,հա,
բայց գիտե՞ս՝ ինչ է նշանակում «Դիոն», որով
սկսվում է իմ անունը,— ասաց՝ Աստված է իմ տերը,
թեև Աստծո հետ է՛լ եմ երբեմն վեճի բռնվում ․․․
Հետո հյուրասիրեցի, մի բաժակ թեյ խմեցինք
(երկուսս էլ ծեր էինք արդեն ալկոհոլի համար ),
ապա վեր կացավ, գնաց՝ Աստված գիտի, թե ուր ․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *