Ինձ մի վարժեցուր անանկ բաներու,
որոնցմե հետո պետք է զրկես:
Սիպիլ
-Ես այդպես էլ գլուխ չհանեցի, բաժակիս մեջ սուրճի՞, թե՞ արվեստի չափաբաժինն էր գերակշռողը, այս երկարավիզ գավն ինձ գինի՞, թե՞ հպանցիկ ու տրփախեղդ սեր պարգևեց։ Փորձում եմ համից գուշակել, ձեր մատուցած բառերը համբույրո՞վ էիք տապակել, թե՞․․․ Իսկ թեյի երանգավորումը կտավներից փախցրած ստվերի՞ փայլից էր, թե՞ խառնել էիք այգացողի նրբահամին․․․
Ապա այստեղ նայեք՝ առաստա՜ղը, պատե՜րը․․․ ձեր արվեստանոցում քիվերն անգամ վարագույրներին չեն խեղդում, ինչպես բոլորիս պատուհանագլխին է, այլ փաթաթվել են քնքշորեն, նրբիկ ու մեղմ՝ արևին ճամփա բացելով։
-Մեր հաճախորդներն արվեստասեր լինելուց զատ՝ արևասեր հոգիներ են, սիրելի՛ Տաթև՛, մենք ամեն գնով փորձում ենք արևին երկար պահել մեզ մոտ։
-Եվ ի՞նչ, ստացվո՞ւմ է։
-Ստացվում է։
-Իսկ ո՞րն է գաղտնիքը։
-Հոգու լույսը, բառի խաղը, մեղեդու թրթիռը․․․մի՞թե այդ ամենի նոտագրումն արևի ծնունդ չէ։
-Սեդա՛, իսկ ձեզ մոտ միայն գրքերի քննարկում-ընթերցումնե՞ր եք կազմակեպում։
-Ֆիլմերի ցուցադրության երեկոներ նույնպես ունենում ենք, գրքերի շնորհանդեսներ՝ ևս, պատահում է՝ հեղինակային երգի երեկոներ։ Տարածքը մեծ է, փորձ ենք անում նաև փոքրիկ ներկայացումներ բեմադրել։
-Իսկապե՞ս, իսկ պիեսները դասակա՞ն գործերից եք ընտրում։
-Ոչ միայն, հիմա աշխատում ենք ժամանակակից դրամատուրգ Խաչունցի պիեսներից մեկի բեմադրության վրա։
-Խաչունցի՞․․․
-Կարդացե՞լ եք իր գործերը։ Համեստ մարդ է, վերջերս այդքան շատ չի տպագրվում, մամուլն էլ, կարծես, մոռացել է իրեն։ Գրիչն իր հրաշք է կերտում։ Դե, մեզ մոտ ի՞նչ, մեծ թատրոնները պետք է բեմադրեն վարպետի գործերը։
Հեռուներից հասած հիշողությունը մեկեն սքողեց Տաթևի՝ մինչ այդ փայլփլող աչքերը։ Աշնան տուտին ապրող նռնենուց ընկած հասուն նռան նման ճայթեց աղջկա դեմքի կարմիրը՝ այտերին քսելով քրտինքի ու բոսորի մի թանձր խառնուրդ։
-Խաչունցին ճանաչում եմ, ճանաչում եմ ու շատ լավ, ճանաչում եմ․․․ ու ոչ միայն իրեն․ տղաներից մեկը քանդակագործ է, մյուսը՝ արդեն ճանաչված ու սիրված դերասան։
Թվաց՝ Տաթևը մենախոսում է՝ հին օրացույցի մաշված ու ջոկջոկած օրերն իրար կպցնելով։
-Հա՛, իսկապես Հայկը շատ լավ է խաղում, հատկապես վերջին ներկայացման գլխավոր դերը։ Ռեժիսիորը տիպիկ ընտրություն է կատարել․ կերպարն ուղղակի եփվում է Հայկի մեջ։
Տաթև՛, հինգշաբթի՝ ժամը յոթին համեցեք մեր ներկայացմանը։ Ենթադրում եմ՝ մեզ մոտ մի սովորական օր էլ կդարձնեք գեղեցիկ հիշողություն։
-Ե՞ս․․․գու՞ցե․․․տեսնեմ, միգուցե ստացվի՞, թերև՞ս․․․եթե քաղաքում լինե՞մ սիրով, բայց․․․
-Հաճելի կլինի ձեր ներկայությունը, սիրելի՛ Տաթև, հավանաբար, Խաչունցի տղաներն էլ այստեղ կլինեն։ Դե քանի որ ծանոթներ եք, մեր մենեջերին կխնդրեմ ձեզ միասին նույն սեղանի շուրջ տեղ ամրագրի։
Հատակը երերում էր Տաթևի ոտքերի տակ։ Կասկածս փարատելու համար հատակի ամրությունը ստուգեցի, իմ ոտքերը՝ նույնպես։ Մեզ մոտ ամեն ինչ կարգին էր, իսկ Տաթևը տեղում կանգնած փախչում էր, փախչում հևիհև, փախչում խոր քնից վարգող երազի նման, փախչում․․․տեսնես ումի՞ց, ինչի՞ց․․․
-Լա՛վ, Սեդա ջան, շնորհակալ եմ, իսկապես անդրանիկ գիրքս նման քննարկման ու գանահատանքի չէր արժանացել, ինչն արեցիք ու պարգևեցիք ինձ։ Դե ես գնամ, տաքսին արդեն․․․
-ՈՒ՞ր եք գնում, Տաթև՛։
-Տուն։
-Բայց դա մեր պահարանի դուռն է։
-Ա՛խ, ճիշտ է, կներեք։
-Տաթև՛, չասցի՞ք, այդ օրը ձեզ նույն սեղանի շուրջ հարմա՞ր․․․․
***
-Առանց հարցնելու դուռը բացում ես, հա՞։ Բա որ․․․․ասենք՝ ես գող լինեի։
-․․․ու եկել էիր․․․ ասենք՝ ինձ գողանալու, չէ՞։
-Մի՛ ծիծաղիր, ճիշտ եմ ասում։ Պաչիկ։
-Սառել ես։
-Հա՛, անձրևը գնալով սկսել է խելքը թռցնել։
-Տո՛ւր անձրևանոցդ։
-Ինչ անուշ է դարչինի հոտը, Հա՛յկ, չլինի՞ արդեն խմորեղե՞ն, պատարստել-մատրաստե՞լ․․․
-Չէ՛ մի, ես էդքան տաղանդ ունենայի հիմա աղջիկներն ինձ թռցրել էին։
-Չասե՛ս, ուրեմն թող գուշակեմ՝ ինչ ենք խմելու։
-Ապա՞․․․
-Թեյը՝ դարչինով, մեջը՝ մեկ-երկու մեխակի հատիկ, հետո ավելացրել ես կիտրոն։
-Այսչափ հմտացել ես, հա՞, սրճարանի՛ տիրուհի։ Իսկ միգուցե, տիկի՛ն Սեդա, գուշակե՞ք՝ կիտրոնը բարա՞կ շերտերով է կտրված։
-Տիկի՞ն․․․
-Հա՛, ի՞նչ, վստա՞հ ես, որ սխալվում եմ։
-Ծիծաղդ Արաբստան հասավ, Հա՛յկ, մի բաժակ թեյի համար կարո՞ղ է մի երկու ժամ դռան մոտ պահած՝ քննես։
-Նստի՛ր, թեյը լցնեմ, գամ։
-Պատմիր տեսնեմ, ի՞նչ կա գործերիցդ, Հա՛յկ։
-Մուրաբա, Սե՛դ, հաղարջի․․․
-Էդ ո՞րն է, սմառոդինա՞ն․․․կարելի է։
-Դե իսի՞մ, Սե՛դ, պատկերացրու, բեմը դեռ դիմանում է ինձ։
-Չլինի՞ սիրահարվել է քեզ, Հա՛յկ ջան։
-Մտքինը դեռ լրիվ չեմ հասկանում, բայց որ իմ աչքն իր վրան է, է՛դ հաստատ։
– Իրար հետ պաչվել-մաչվել, բան-ման, դեռ դրան չե՞ք հասել։
-Բա առանց դրա, Սե՛դ։
-Խեղճ բեմ, պատկերացնում եմ հոգին ո՞նց ես ուտում․․․Գիտե՞ս, էդ բեմն ի՛նչ մեծություններ է տեսել։
-Էդ մենք էլ մժեղներն ենք, հա՞, Սեդա աղջիկ։
-Հա՛յկ, իրոք, հանդիսատեսը քարանում է քո խաղից։ Լսի՛ր, էդ Էդսոնի մենախոսության դրվագից առաջ ճիշտ կլինի հանդիսատեսին անձեռոցիկներ բաժանեք, մարդկանց հոգին լրիվ տակնուվար ես անում։
-Ես ո՞վ, Սեդ ջան, հեղինակին ու ռեժիսիորին գովիր։
-Հա՛յկ, գոնե դու շատ լավ գիտես, թե ինչպիսի հրաշք պիեսներ են տապալվում դերասանի ոչ ճիշտ խաղի պատճառով։
-Դե գիտե՞ս, բեմը ստիպում է․․․
-Հա՛յկ, մոռացել եմ պատմել, երեկ քեզանից, ավելի ճիշտ, ձեր ընտանեկան դինաստիայից ենք խոսել։
-Եվ ու՞մ հետ։
-Մեր արվեստանոցում նոր լույս տեսած մի գրքի քննարկում էինք կազմակերպել, հեղինակը մի անուշիկ ու տաղանդավոր աղջիկ էր։ Պարզվեց, Տաթևը ձեզ շատ լավ ճանաչում է։
-Ո՞վ է Տաթևը, Սե՛դ։
-Հովակիմյան, բանաստեղծուհի է, թեպետ դեռ իրեն արժանի չի համարում այդ կոչմանը։
-Տաթև Հովակիմյա՞նը․․․
-Գիտե՞ս, հետաքրքիր գիր ունի․ սենտիմենտալ ուրույն լուծումներով պատկերներին կյանք ու հոգի է տալիս, ապրված է նրա ամեն մի բառը։ Հիշո՞ւմ ես, քննարկել ենք պոեզիայում հաճախ հանդիպող տառապած ու մերժված սիրերգության մասին, բայց այս աղջկա նկարագրած սերը նման է էն գործերին, որոնք կենդանի են, անկեղծ։ Թվում է՝ մեզանից յուրաքանչյուրն այդ գրքում իր սիրուց գոնե մի պատառ կենսագրական ունի։
-Ի՞նչ էր ասում մեր մասին, Սեդա՛, պատմի՛ր, ինձնից ի՞նչ ասաց։
-Դե ի՞նչ պետք է ասեր, Հա՛յկ։ Ասաց․․․ճանաչում է ձեզ, հետո լռեց․․․
Հա՛յկ, շաքարավազն ինչո՞ւ լցրիր իմ թեյի մեջ, ես առանց շաքարավազի եմ խմում։ Լսի՛ր, քեզ ի՞նչ եղավ։
-Կներես, Սե՛դ։
-Հաաաա՜յկ․․․խոսի՛ր, Տաթևի հետ կապված ի՞նչ կա, ո՞վ է Տաթևը։
-Տաթևն իմ ընկերուհին է եղել, Սե՛դ, խելացնոր ու ապրված սերերիցս միակը։
-Տա՞թևը, ընկերուհի՞դ․․․ապրված սե՞րդ․․․
-Խելագար սերս։
Ախ Տաթև, ա՛յ, թե ինչու Հայկի անունը լսելիս աշխարհը գլխիդ փուլ եկավ։
-Լսի՛ր, իսկ դու գիտեի՞ր, որ Տաթևն ամուսնացել է։
-Գիտեի։
-Իսկ սե՞րդ։
-Գիտե՞ս, գալիս է մի պահ, երբ կնոջ անմնացորդ սիրո նվիրումը որոշ ժամանակ հետո տղամարդու համար դառնում է ձանձրալի ու նյարդայնացնող։ Ես Տաթևին սիրել եմ, այո՛, սիրել եմ անկեղծ ու անվերապահորեն, բայց պահ է լինում սկսում ես ատել իր ներկայությունը, գնալով իր տված չափից ավել հոգածությունն ու ուշադրությունն անտանելի ու հոգնեցնող է դառնում։
-Բա սե՞րը, Հա՛յկ․․․ստեղծածդ սերն այդքան հեշտ ու հանգիստ թաղեցի՞ր, հա՞․․․
-․․․առանց հոգեհանգստի ․․․
-Սի-րաս-պան․․․
-Քեզ ի՞նչ եղավ, լացո՞ւմ ես, Սե՛դ։ Լսի՛ր, հո գիժ չե՞ս, իմ ու Տաթևի սերը քո համար ի՞նչ, սրբի՛ր արցունքներդ, ամոթ է։
-Դու սիրասպանն ես, ատում եմ քեզ, Հա՛յկ։
-Չգիտեի, որ էդքան նրբազգաց ես։ Էդ նրանից է, ի՛մ խուճուճիկ պուդել, որ ուշ-ուշ ես սիրահարվում։ Միշտ եմ ասել՝ աղջիկ ընկերներ ունենալը հայտնություն է, հրա՜շք, ի՛մ աղջիկ․․․
-Հանգիստ թող ինձ, Հա՛յկ։ Ձեր նմաններին պետք է դատեն, պատժեն, փակեն խցերում․․․ Մարդասպանները երկրի երեսից մարմինն են անէացնում, իսկ դուք՝ հոգին, սե՛րը․․․․սե՛րը․․․սե՛րը․․․ ձեր իսկ ծնած սե՛րը։ Խե՜ղճ Տաթև․․․
-Ես ուզում եմ Տաթևը երջանիկ լինի։
-ՈՒ ի՞նչ, երջանի՞կ է, հա՞, երջանի՞կ է, խոսի՛ր։
-Տաթևն իմ նման ոչ մեկի չի սիրի, երբե՛ք, հավատա՛։
-Իսկ դո՞ւ։
-Ես՝ նույնպես։ Գիտե՞ս, տանս բոլոր ժամացույցներն ինքն է գնել, իրենց տանը՝ ես։ «Հաստլիկ սլաքը դու ես, Հա՛յկ, -ամեն անգամ ժամացույցին նայելով՝ կրկնում էր,-բարալիկը՝ ես, վայրկյանը՝ մեր սերը»։ Խելքահան էր լինում վայրկյանի ներդաշնակ արագաշարժությունից։
-Բայց վայրկյանը կանգ չի առել, Հա՛յկ, նայի՛ր, շարժվում է՝ արագ, համաչափ․․․
-Սերը՝ նույնպես։
-Ատում եմ տղամարդու ձեր տեսակը, ատում․․․ Ձերը միայն գեղեցիկ ու խելագար սեր արարելն է, պահելը ձերը չէ։ Դուք սեր խնամել չգիտեք, թաղելն է ձերը։ Գիտե՞ս ինչ դաժան է սիրավառ հոգում սեր թաղելը, գիտե՞ս, մտածե՞լ ես երբևէ։ Ձեզ պետք է խաբեն, շորթեն, կեղծեն, ծաղրեն, որ հասկանաք սիրո գինն ու արժեքը, որ սովորեք վազել սիրո հետևից։ Կանայք սիրելով մոռանում են անգամ իրենց իսկ սեփական անձը, իսկ դուք ձեզ սկսում եք է՛լ ավելի շատ սիրել։ Կինը սիրո բագինի առջև իրեն ինքնազոհել գիտի, իսկ դուք՝ ինքնագնահատանքից արբենալ։ Այդ չե՞ք․․․
-Կողքիդ փոքրիկ տուփը կբացե՞ս։
-Եվ․․․
-Բացի՛ր։
-Մարտկոցներ են, հետո ի՞նչ, ինչո՞ւ այսքան շատ։
-Որ ոչ մի վայրկյան տանս ժամացույցները կանգ չառնեն։
– Վստահ եմ, Տաթևը հիմա պատերից պոկել ու գրողի ծոցն է ուղարկել գնածդ ժամացույցները։
-Չէ՛, Սե՛դ, չհավատա՛ս, ինձ թվում է, Տաթևն էլ, բոլորից թաքուն ու գաղտնի, մարտկոցներ է գնում։
-Սի-րաս-պան․․․
-Քեզ թեյ ավելացնե՞մ։
-Չէ՛, գնում եմ՝ ևս մեկ անգամ համոզվելով տղամարդկանց կրած բիրտ ու անսիրտ դիմակների ամրության հարցում։
-Լսի՛ր, հերիք է մեզ պախարակես, վերջը քեզ ամուսնացնելո՞ւ ենք, թե՞մենաստան մուտք գործելու քարտ ես շահել։
-Դե, իհա՛րկե, ձեզ ի՞նչ է եղել որ․․․ կասեք, կխոսեք, կծիծաղեք, նորից կժամադրվեք, ավելի գեղեցիկ ու համոզիչ սեր կխոստանաք, նորից ժամացույցներ կգնեք․․․
-Լա՛վ, Սե՛դ, մոռացիր։ Չասացիր, ձեր արվեստանոցի ներկայացումը ո՞ր օրն է։
-Հինգշաբթի։
-Ժա՞մը․․․․
-Յոթին։
-Դե կգամ։
-Չգա՛ս։
-Կգա՛մ։
-Չգա՛ս, Հա՛յկ։
-Քեզ սպիտակ խոլորձներ կբերեմ, խուճու՛ճս։
-Էդ ծաղկի անունը որտեղի՞ց հիշեցիր, չլինի՞ Տաթևի սիրած ծաղիկն է։
-․․․նաև՝ վերնագիրը գրքի։
-«Խոլորձի ճյուղը»․․․ իսկապես, Հա՛յկ։
-Անձրևանոցդ չմոռանաս, վերցրու։
***
Անձրևը, լափելով տաք ասֆալտի գոլորշին, սկսեց հանգիստ ու անխռով տեղավորվել մազերիս մացառուտում։ Քայլերս դանդաղեցրի՝ տրորելով մայթերի եզերքին սփռված անձրևածեծ ու մաշկազերծ տերևների կանաչ ժապավենը։ Բուսահոտը խառնվել էր օդի խոնավությանը։ Օդը դեղահաբից էլ դառը թվաց։ Հաճելի էր դառնությունն այդ։
Գլուխս բարձրացրի։ Առջևիցս քայլող աղջկա ծաղկեփնջից խոլորձի ճյուղն ինձ էր ժպտում, ես էլ ժպտացի։ Տղան անհանգիստ ու հապշտապ աղջկա մազերին խառնված տերևներն էր մաքրում՝ մոռանալով ձեռքի՝ արդեն ամբողջովին թրջված տուփի գոյության մասին։ Անհանգստացա, երանի ժամացույց չլիներ։
Կանգառում հավաքվածներն աշխուժացան։ Ավտոբուսը շարժվեց, օրը՝ նույնպես։