Վերջերս մի աղջկա տեսա, հեռախոսին նայելով՝ ժպտում էր, արագ շարժելով մատները նամակներ էր գրում: Ուզում էի ասել, որ փախչի, որ դա ծուղակ է, որ պետք չէ սկսել որևէ բան, հատկապես սեր: Հետո մտածեցի, թե իմ ի՞նչ գործ ու, գուցե, ինքը հենց նոր իմացել է, որ հորաքույր պիտի դառնա, հը՞: Օրինակ, իմ հորաքույրը հաստատ շատ է ուրախացել իր քույր-եղբայրների երեխաների ծնունդով: Վստահ եմ, որ լուրը իմանալուն պես սկսել է հագնել իր ամենագունեղ զգեստները, շրթներկը համադրել է ձեռնոցների հետ՝առանց դրա զգեստ չէր հագնում՝ նա Դյումա կարդալ շատ էր սիրում: Այդպես, ուրեմն՝ վերցնում էր մի փունջ ծաղիկ, գրպանում անպայման ունենում էր թաշկինակ, պայուսակում՝ կտրած սոխ: Այս ամենը նրան պետք կգա ավելի լավ հորաքույր լինելու հարցում, ու՞մ աչքը չի մտնի հուզվող կինը, ով նույնիսկ չի ափսոսում փչացնել իր թարթիչաներկը: Հորաքույրս ինձ շատ բանով է օգնել, հատկապես խորհուրդներով: Միշտ ասում էր՝ ինձ անունով կդիմես, չմտածեն, թե մեծ եմ: Հաճախ խորհուրդ էր տալիս իրեն չանհանգստցնել, մանավանդ, երբ հայելու առաջ կանգնած էր, գուցե մեր ձայնային ամպլիտուդները իր տեսողությունը վատացնեն ու ինքը չտեսնի կնճիռների արանքում թաքնված բշտիկը: Նա նույնիսկ չէր ընդունում, որ կնճռոտվում է:
Հորաքույրս իր չորս հարսների սկեսուրն էր: Նա սկսում էր փոքրին քնից հանելով՝ կինն էդքան կքնի՞, հո ի՞նքը չի եղբորը աշխատանքի ճանապարհելու: Հետո չորսից էլ թեյ էր ուզում, ստուգում էր տաքությունը, քաղցրությունը, բաժակի ձևը՝ հյուրերի առաջ մի օր իրեն խայտառակ չանեն: Լոգանք ընդունելու օրերին հորաքույրս թղթի վրա գրում էր ժամերը, տղամարդկանց ասում, որ պիտի տանից դուրս գան մի քանի ժամով: Եղբայրների հետ նա միշտ շատ հանգիստ էր զրուցում, երբեք ցույց չէր տալիս իր իշխանությունը. իմաստուն էր, գիտեր, որ տղամարդը պիտի մտածի, թե տան տերն ինքն է, որ հանգիստ ապրի, թե չէ ընդվզող տղամարդուց ավելի մեծ գլխացավանք նա չէր պատկերացնում: Հորաքույրս հարսների համար ջուր էր եռացնում, բոլորինը առանձնացնում տարբեր դույլերի մեջ, սառը ջրով հովացնում ու փոքրիկ բաժակով դնում տաշտերի կողքն ու ինքն էլ գնում իր սենյակ՝ թեյելու: Տան ամենափոքր քառակուսին իրենն էր՝ մայրն էր քնել այդտեղ: Կյանքի վերջին օրերին մոր կողքին լինելուց հետո ոչ էլ դուրս էր եկել սենյակից, էլ ու՞ր: Կան արմատներ, որ հողից դուրս բերելը իզուր է: Նա նստում էր անկողնուն, մեջքով հենվում սառը պատին, բայց նրա ժակետների թվաքանակը չէր թողնում, որ մեջքը սառչի: Գլխի վերևում մոր և հոր միասին միակ լուսանկարն էր, նկարի շրջանակի արանքում մի քանի նամակ էր խցկած՝ տատս էր գրել բանակում գտնվող պապիս: Պապս էդ ժամանակ էլ, երևի, հասկացել է, որ տատս սիրում է իրեն, թե չէ նա՞, այդ ազնվազարմ տիկի՞նը, ժամանակ տրամադրեր ու գրե՞ր, ինչ-որ մեկի՞ն՝ չլսված բան է: Հորաքույրս թեյելու ժամանակ լռություն էր պահանջում, ընդհանրապես նա պահանջկոտ էր, հատկապես մեռած հարազատներից: Քնելուց առաջ աղոթելիս քթի տակ ասում էր՝ «այդ աշխարհից մեզ հսկեք, օրհնեք ձեր ուժով», հորաքույր, հարցնում եմ, էդ ո՞նց պիտի օրհնեն, եթե չկան, ես չեմ հասկանում, ձեռքը դնում էր գլխիս ու ասում, որ մի օր, երբ ինքը չլինի, անպայման կօրհնի ինձ, իսկ ես, մեկ է՝ չէի հասկանում:
Հորաքույրս եղունգները կարմիր էր ներկում, ձեռքերն արդեն դողում էին, ասում էր, որ օգնենք իրեն: Ամեն առավոտ գցում էր մորից մնացած վզնոցը, որի վրա Մարիամ Աստվածածինն էր, կախում էր ականջօղերը, ցանում օծանելիքը, որը շատ քիչ էր մնացել: Երեխեքով գրազ էինք գալիս, թե՝ օծանելիքը ավելի շուտ կվերջանա, թե՞ հորաքրոջս կյանքի օրերը:
Ամուսնական մատանին երբեք չէր հանում:
Մնացածը արդեն չեմ հիշում, բայց հիշում եմ, որ փոքր հարսը շատ լաց եղավ, երբ բռնելով հորաքրոջս ձեռքը՝ զգաց սառնության աստիճանը: Ասացի. «Կլինի՞՝ ես էլ բռնեմ, -ասաց,- չէ, ասաց, հետո չես մոռանա»: Հորաքույրս հիշում էր բոլոր մեռածներին ու մեկ-մեկ էլ՝ ողջերին: Ու՞ր գնացիր, հարցնում եմ. չի նայում ինձ, չի լսում ու անգամ չի ասում՝ քեզ օրհնելու:
Բոլորը լաց էին լինում, իսկ ես ուշադիր նայում էի նրա անկենդան ձեռքերին, որոնց ջերմություն էր հաղորդում եղունգների կարմիր ներկը ու ամուսնական մատանին:
Ես վեր կացա ու դուրս եկա գնացքից, առանց ասելու այն աղջկան, որ պետք է փախչել: Չէ՞ որ կան լաբիրինթներ, որոնք պետք է մենակ անցնել: