Լևոն Բաշալյանը գեղագետի իր յուրօրինակ դիտողունակությամբ և իրողությունը հասարակական ընդհանուր պատկերից առանձնացնելու կարողությամբ կանգնած է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արևմտահայ գրականության անցումային շրջանի զարկերակին: Ժամանակների արագընթաց զարգացման արդյունքում գրական ասպարեզ էր գալիս նոր սերունդը: «Գրական սերունդ» հասկացությունը արևմտահայ գրականության համար պայմանականորեն է ընդունելի: Հատկանշական է, որ հիշյալ ժամանակահատվածում իրապաշտ գրողը դառնում էր պակաս պահանջված, բայց այդ ուղղության թողած ավանդները շարունակում էին զբաղեցնել գրական շրջանակների ուշադրությունը: Սա նշանակում է, որ արևմտահայ գրականությունը գնում էր ամբողջացման ճանապարհով:
Հեղինակի առաջին իսկ նորավեպերն ապացուցում էին, որ այս նորահայտ գրողը ճիշտ է ըմբռնել ժամանակաշրջանի գաղափարագեղարվեստական յուրահատկությունները: Այս իմաստով Արփ. Արփիարյանը իրավացիորեն նկատել է. «Լեւոն Բաշալեան ընդհանուր ուշադրութիւն սկսած էր գրաւել: Իր առաջին նորավէպն, որ հրատարակուեցաւ ընդհատուած չորս Մասիսներուն մէջ, հրապարակ հանած էր դիտող, զգացող գրագէտ մը»[1]*:
Խնդրո առարկա նորավեպը, որն առաջին անգամ լույս է տեսել «Մասիսում» 1890 թվականին, մարդու հոգեբանության մեջ տեղի ունեցող բեկումնային փոփոխությունների արծարծումների իմաստով նոր և տեսակի մեջ եզակի ստեղծագործություն է, որովհետև Գր. Զոհրապից դեռ երկու տարի առաջ Բաշալյանն արդեն գեղարվեստականացրել էր խաչախճու (այինկաճու՝ ծխախոտի մաքսանենգի) ազգային, դիմացկուն և մարտնչող հոգեբանությունը: «Ուրիշ պատերազմներու նախազգացությամբ ալ մտահոգ` իր պատմվածքներովը ազգին մարմնական կորովը կը պանծացներ ու կը սիրցներ»[2], – գրել է Արփ. Արփիարյանը:
Ակնհայտ է, որ խնդրո առարկա ստեղծագործությունում դրված է «փախստեայ ծխախոտի» մաքսանենգության խնդիրը: Զուգահեռներ անցկացնելով այս և Գր. Զոհրապի «Այինկա» նորավեպի միջև` առաջին հայացքից թվում է` չկա որևէ տարբերություն, բայց ուսումնասիրությունն ի հայտ է բերում հեղինակների տարաբևեռ մեկնակետերը: Լ. Բաշալյանը հայտնաբերում է կենսական պայմաններում գուցեև չդրսևորվող, բայց բացառիկ իրադրություններում ի հայտ եկող բնատուր, անխառն, ազգային, անխաթար հոգեկերտվածքը, իսկ Գր. Զոհրապը գնում է հոգեբանական այն փոփոխությունների ճանապարհով, որին ենթարկվում է մարդն իր կայացման ընթացքում: Այլ խոսքով` եթե Զոհրապը հայտնաբերում է հոգեբանական աննկատ, բայց մեծ տեղաշարժերի արդյունքում ձևավորվող հոգեբանությունը, ապա Բաշալյանը` անհատի աղավաղվող, բայց չանհետացող հոգեկերտվածքը:
Լ. Բաշալյան նորավիպագիրը մի փոքր տարբերվում է արևմտահայ մյուս նորավիպագիրներից: Նա ընդհանուր համապատկերի մեջ առանց ընդգծված երանգների ստեղծում է այնպիսի կերպարներ, որոնք իրենց հոգեբանությամբ հակադրելի են արևմտահայ իրողություններին: Տվյալ դեպքում` Համբարձում Քիրէճեանի («Խաչախճին») կերպարը հակադրելի է Հակոբոսի և Սահակի («Այինկա») կերպարներին: Զոհրապն իր նորավեպում ավելի շատ շեշտադրում է միմյանց հակադրվող հոգեբանությունները (եղբայրներից մեկը այինկաճի է, մյուսը` րեժի, իսկ Պերճուհին` այինկաճու դուստր): Ակնհայտ է, որ արևմտաեվրոպական նորավիպագրության մեջ լայն տարածում գտած սիրային եռանկյունին ընդունված էր արևմտահայ համապատասխան ժանրում, որովհետև այդ հեշտ ճանապարհով կարելի էր ստեղծել դրամատիկական իրավիճակ և կերպարներից մեկի ճակատագրի հանգուցալուծմամբ ավարտին հասցնել այդ դրամատիզմը: Այս իմաստով համոզիչ է Հ. Օշականի այն տեսակետը, ըստ որի` գործողության արագությունը տիրապետող է նորավեպում[3]:
Անհամեմատ ավելի դժվար է, երբ այդ եռանկյունին չկա, և մարդու հոգեբանության մեջ են տեղի ունենում բախումները: Լ. Բաշալյանը, չունենալով հերոսին և նրա հուզաշխարհը դիտարկելու զոհրապյան նրբություններն ու հմտությունները, իր այս նորավեպով զարմանալի հայտնագործություններ է կատարում մարդկային հոգու «տիեզերագիտության» մեջ: «Եթէ Զոհրապ նորավէպի իշխանն է, Բաշալեան` գեղարուեստական արձակի Կի Տը Մոբասանն է»[4], – գրում է Հ. Պարիկյանը:
Գր. Զոհրապի Հակոբոսն այինկաճի է, և սա նրա ինքնությունն ու հպարտությունն է: Հեղինակն իր նորավեպում չի խորացնում թվացյալ հպարտության տակ թաքնված ցավի և հիասթափության, զգացողության և վայելքի դրսևորումները: Նա նույնիսկ չի խոսում Հակոբոսի և Պերճուհու սիրո մասին, որովհետև աղջիկը թեև հասարակական հանգամանքների պարտադրանքով նշանվել էր Հակոբոսի հետ, այնուամենայնիվ սիրում էր Սահակին: Մեծ փորձության առկայության պայմաններում սերն իր իր ամբողջությամբ գիտակցվում է. «…իմ սէրս ամուր է աս երկաթին պէս, քուկդ… ծառի մը ոստին պէս ամեն դի կը ծռի, պզտիկ եղբօրմէն մեծ եղբօրը, Սահակէն Յակոբոսին կը դառնայ»[5]:
Սահակի այս դատումը կարող էր լինել արթնացման ազդակ, ինչի շնորհիվ Պերճուհին չէր ամուսնանա Հակոբոսի հետ, եթե անգամ չլիներ եղբայրների ընդհարումը: Զոհրապի նորավեպի փոքր-ինչ թուլացումը պայմանավորված է հենց այս ընդհարման ու Սահակի սպանության հետ: Ըստ էության, փոքր եղբայրն իր խոսքով ու մահով վերջնականապես գիտակցության բերեց երջանկության և դժբախտության ամբողջ փիլիսոփայությունը: Ճիշտ է, հեղինակը փորձում է բացահայտել այս առեղծվածային պատմությունը, սակայն վերջինս նորավեպի վերջում էլ մնում է չբացահայտված, որովհետև՝ «Պերճուհին սեւեր հագնող աղջիկ մըն է որ չամուսնանար. իր նշանը ետ եղաւ առանց պատճառը հասկցուելու»[6]։
Ի հակադրություն Զոհրապի` Լ. Բաշալյանը` հանձին Համբարձումի, ցույց է տալիս այինկաճու (խաչախճու)` արտաշխարհում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում ի հայտ եկող հոգեբանության դրսևորման կերպերը: Տղայի հայրը մահացել է, իսկ ընտանիքը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Լ. Բաշալյանը, սոցիալական կյանքի խնդիրներն ու թշվառությունը դիտարկելով իբրև միջոց, ցույց է տալիս, թե ինչպիսին է մարդու հոգեբանությունը` պարտվո՞ղ, թե մարտնչող: Համբարձումը հանգամանքների բերումով կանգնում է մաքսանենգության ճանապարհի վրա. «Այդ միջոցին էր որ իր դպրոցական ընկերներէն մին, որ ետքէն իր սէթրի բանդալոնը ապա բոթուռի փոխած էր եւ որուն ինչպէս ապրիլը ոչ ոք գիտէր, իրեն առաջարկեց փախստեայ ծխախոտ վաճառել…»[7]:
Ի պատիվ Բաշալյանի` այս նորավեպում չի քննադատվում թուրքական իրականությունն ու նրա օրենքները, որովհետև հեղինակը գիտի, որ աշխարհում, առավել ևս Թուրքիայում, արդարացի օրենքներ չեն լինում, համենայն դեպս` մարդու ընկալումների սահմաններում: Ուղղակիորեն չխոսելով իր ժամանակաշրջանի քաղաքական կյանքի անցուդարձերի մասին` գեղարվեստական նրբին եղանակների միջոցով նորավեպում աննշան ակնարկ կա Ֆրանսիայի նկատմամբ, որովհետև ծխախոտի մաքսանենգությունը Թուրքիա են բերել ֆրանսիացիները. «Ծխախոտ փախցնելը, Րէժիի դէտերուն խիստ հսկողութեան տակ, դիւրին գործ չէ»[8]:
«Փախստեայ ծխախոտի» տեղափոխման հերթական գիշերը Համբարձումի համար ճակատագրական է դառնում: Ի տարբերություն Գր. Զոհրապի` Լ. Բաշալյանը, շատ լավ իմանալով պարտադրանքի խորհուրդը, իր հերոսին չի տանում օրենքներին հակադրվելու ճանապարհով: Երբ «րէժիի դէտերը» նրան շրջափակում են, տղան իրեն սպառնացող վտանգի հետ մեկտեղ հիշում է նաև իր անցկացրած թշվառ ու կիսասոված կյանքը, մոր տառապանքները: Ըստ էության, սա էր «մահը», որի միջով տղան արդեն անցել էր: Հիմա նրան նորից մղում են դեպի «մահ»: Համբարձումն զգում է, որ այսպես մահանալն ավելի հեշտ է, քան սովամահ լինելը: Խաչախճին իր մարտնչող հոգեբանությամբ կռահում է, որ ինքը գնալու է մահվան ծանր ճանապարհով, եթե, իհարկե, չհաղթահարի այս «թեթև» Գողգոթան: Կյանքի և մահվան սահմանագծին հայտնված մաքսանենգի հոգում տեղի է ունենում հոգեբանական կայծակնային փոփոխություն. մինչ այդ ճանապարհներին վախեցող և թաքնվող խաչախճին կյանքի օրհասական պահին դրսևորում է մարտնչողի հոգեբանություն. նա կրակում է հսկիչներից մեկին, իսկ երկրորդ զարկը գետին է գլորում հենց խաչախճուն:
Այս նորավեպում հեղինակը ցույց է տալիս խաչախճու տեսակի հոգեբանական մաքրությունը: Անկախ ունեցվածքի տեսակից, քանակից և ձեռք բերելու ճանապարհից՝ մարդն իր մեջ ունի մի տեսակ, որը զուտ մարդկային է: Լ. Բաշալյանը ոչ թե գնացել է դասի և դասակարգի խնդիրները քննելու, այլ դրանցում տեղի ունեցող հոգեբանական ազդակները բացահայտելու ճանապարհով: Այս իմաստով անհամոզիչ է Ս. Մանուկյանի առաջադրած տեսակետը, ըստ որի` հեղինակը դատապարտում է սոցիալական կարգերը որպես չարիքների աղբյուր[9]:
Ընդհանրացնելով վերոգրյալը` կարելի է ասել, որ արևմտահայ նորավիպագրության համար առանցքային դարձած հոգեբանական դրսևորումների արծարծումները այս հեղինակի խնդրո առարկա նորավեպում ձեռք են բերում բոլորովին այլ շեշտադրումներ: Լ. Բաշալյանն իր այս նորավեպում գեղարվեստի նյութ է դարձրել մարդու դիմացկուն, մարտնչող, բնատուր և անխառն հոգեբանության դրսևորումները: Թեև նորավեպում հեղինակը խոսում է զենքի գործածության, քաջության և համարձակության մասին, այդուհանդերձ դա չի եղել նրա գերխնդիրը: Համբարձումը, լինելով իր նախաստեղծ և անխառն վիճակի մեջ, թեկուզև կյանքի գնով, երբեք չի պարտվում: Թույլ բնազդներ ունեցող մարդիկ հեշտ են կարողանում հարմարվել հասարակական կեցության օրենքներին: Այդ բնազդները ոչ թե նրանց թուլությունն են, այլ տեսակի տարբերությունը: Մեկը օրինապաշտ քաղաքացի է, մյուսը` ո´չ: Խնդիրը բնավ առաջինի խելացիության կամ երկրորդի անգիտության մեջ չէ, այլ մարդկանց տարաբնույթ բնազդների: Մարդկային էութենականությունները երբեք չեն կրկնվում: Ըստ հեղինակի գեղագիտության` մարդն իր բնույթով հակված է հաղթահարել կյանքի պարտադրած ցանկացած արգելանք:
[1] Արփ. Արփիարյան, Մասիս 1884-1893, Գ, «Հայրենիք», Կ. Պոլիս, 1893, թիվ 356:
*Այս և հետագա մյուս բոլոր մեջբերումների ուղղագրությունն ու կետադրությունը հեղինակային է:
[2] Բանբեր գրականութեան եւ արուեստի, գիրք Բ, 1904, էջ 175:
[3] Տե´ս Օշական Հ., Համապատկեր արևմտահայ գրականութեան, հ.6, Արուեստագետ սերունդ, Պէյրութ, Տպ. «Համազգային», 1968, էջ 255:
[4] Պարիկեան Հ., Լեւոն Բաշալեան, Հալէպ, 1970, էջ 122:
[5] Զօհրապ Գր., Երկերի ժողովածու չորս հատորով, հատոր Ա, Գեղարուեստական երկեր նորավէպեր, դիմանկարներ, աշխատասիրութեամբ Ալ. Շարուրեանի, Երեւան, ԳԱԹ հրատ., 2001, էջ 138:
[6] Նույն տեղում, էջ 140:
[7] Բաշալեան Լ., Երկեր, Անթիլիաս, Տպարան Կիլիկիոյ կաթողիկոսութեան, 1994, էջ 54:
[8] Նույն տեղում, էջ 54:
[9] Տե´ս Հայ նոր գրականության պատմություն, հ. 4, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1972, էջ 486: